Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 

07.02.2017 թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»


«ԻՄ ՊԱՇՏՊԱՆՅԱԼՆ ՈՒՆԻ ԱՂԱՂԱԿՈՂ ՓԱՍՏԵՐ՝ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԽԱՂ ԱՌՆԵԼ-ԾԱԽԵԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ»

 

Անցել է մեկ տարուց ավել, երբ հնչեց պաշտոնական հայտարարություն, թե՝ «Ուլիս» ֆուտբոլային ակումբում խաղեր են առնում-ծախում: Այս ամենի հիման վրա ձերբակալվեցին ակումբի մի շարք անդամներ, այդ թվում՝ մարզիչը՝ Գագիկ Սիմոնյանը, ով այնուհետ կալանավորվեց: Եղավ նաեւ հայտարարություն, թե իբր Գագիկ Սիմոնյանը զբաղված է խաղեր առնել-ծախելով, հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ օրենսգրքի 201 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, առաջադրվեց մեղադրանք: Սակայն դեռ այն ժամանակներց սկսած` Գ. Սիմոնյանի պաշտպանյալ «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության ղեկավար, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ բազմիցս հայտարարել է, որ իր պաշտպանյալն ի սկզբանե չի ընդունել մեղադրանքը:Եվ ահա մեզ հետ զրույցում պարոն Բաղդասարյանը հայտնեց, որ թեեւ ավարտվել է նախաքննությունը, սակայն հիմա եւս այն կարծիքին է, որ չկա որեւէ ցուցմունք, ապացույց, որոնք կհիմնավորեն իր պաշտպանյալի մեղավոր լինելը: Ավելին, չկա անգամ փոքր կասկածանք, թե իբրեւ Գ. Սիմոնյանին հանձնարարել են կամ ինքն է սեփական նախաձեռնությամբ որոշել՝ խաղ առնել, կամ ծախել: «Կարծում եմ, որ հերթական անգամ պետության լիազոր մարմնի կողմից մարդու գործարար համբավը արատավորող ինչ-որ հայտարարություններ են կատարվել այն առումով, որ ավարտվում է նախաքննությունը եւ իմ պաշտպանյալի մեղքն ապացուցող որեւէ հիմք, ապացույց չկա: Չնայած դրան, նրա նկատմամբ կիրառված է ստորագրությամբ չհեռանալու որոշումը ընդամենը այն բանի համար, որ կա առաջադրված մեղադրանք»:

 

ԱԿՈՒՄԲԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԱՄԻՍՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ  ՉԵՆ ՍՏԱՑԵԼ

Լ.Բաղդասարյանը նաեւ տեղեկացնում է, որ քրեական գործն ուսումնասիրելով, որոշակի «տարօրինակ» հանգամանքների է բախվել: Այսպես, ըստ գործի, որոշակի տեղեկությունների, երրորդ անձի հեռախոսալսումներից պարզվել է, որ թիմի խաղերի հետ կապված ոմանք մեծ գումարների խաղադրույք են արել: Սակայն այդ ուղղությամբ գործով զբաղվողի վրա պետական լիազոր մարմինը որեւէ գործողություն չի արել: «Սրանից բացի մի հետաքրքիր փաստ արձանագրեմ: Այդ ֆուտբոլային ակումբում վարչական պաշտոնների աշխատել են տարբեր անձինք: Սակայն նրանք ֆուտբոլիստներին ամիսներ շարունակ աշխատավարձեր չեն վճարել: Մինչդեռ մեր պետական լիազոր մարմինները, որոնք պետք է վերահսկողություն սահմանեն գործատու-աշխատող հարաբերություններում խախտումները բացառելու ուղղությամբ, տեղներից նույնիսկ չեն շարժվել: Եվ փոխարեն իրավապահ համակարգը ուշադրություն դարձնի, որ ամիսներ շարունակ ֆուտբոլիստը աշխատում է ու աշխատավարձ չի ստանում ¥ի դեպ, ոչ միայն այդ ակումբում է այդպես¤, իր հերթին է անգործության մատնվել»:«Եվ չմոռանանք, որ գործատուն դա ակումբի սեփականատերն է: Սակայն նա, չգիտես ինչու, գործով չի անցնում եւ նրա նկատմամբ որեւէ քննչական աշխատանքներ չի կատարվել: Եթե հարցին գլոբալ նայենք, ապա ուղղակի, թե անուղղակի սեփականատերը պետք է անցնի այս գործով»:

 

«ԻՄ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԸ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԻ ԱՐԵԼ»

 

-Պարոն Բաղդասարյան, խոսեցիք նախաքննության նյութերում առկա ինչ-որ հեռախոսազանգերի մասին: Դրանք Ձեր պաշտպանյալի մասով ի՞նչ են վկայում:
- Պետք է նշեմ, որ որեւէ ապացույց չկա, որ պաշտպանյալս ինչ-որ մեկի հետ մտել է հանցավոր գործարքի մեջ:

- Այնուամենայնիվ, խոսեցիք հեռախոսային զրույցներից եւ դրանց արդյունքում խաղերի հետ կապված ինչ-ինչ խաղադրույքներ կատարելուց: Ենթադրվում է, որ ինչ-որ մարդիկ ուրիշներին հուշել են, թե ինչ խաղադրույքներ կարող են կատարել, որ շահեն: Եթե մեղավորը Ձեր պաշտպանյալը չէ, ուրեմն կան շահագրգիռ անձ, կամ անձինք, ովքեր մեղքը փորձում են բարդել Գ. Սիմոնյանի վրա՞: Ովքե՞ր են նրանք:
- Ես նման բան չեմ տեսնում, կամ ավելի ճիշտ՝ չեմ ցանկանում տեսնել: Դա քննության պարզելիք հարց է: Ես պարզապես նշում եմ, որ իմ պաշտպանյալը նման բան չի արել. չկա որեւէ ապացույց: Այսինքն, պարզապես ի ցույց է դրվում հայաստանյան արդարադատությունը. հայտարարում են կոնկրետ անձի կողմից կատարված հանցանքի մասին, իսկ հետո, երբ ապացույց չեն գտնում, անսխալականի բարդույթ որդեգրած պետական լիազոր մարմիններն անգամ չեն ցանկանում ընդունել, որ այդ դրվագով, միգուցե, տեղի է ունեցել սխալ: Արդյունքում, տվյալ անձը պարզապես դառնում է քավության նոխազ: Էլ չասած, որ դժվար չէ պատկերացնել, թե անմեղությունը հաստատվելու դեպքում անգամ որքան բացասական է անդրադառնում անձի կենսագրության վրա այս ամենը, երբ հրապարակավ նրան ներկայացնում են` որպես խաղեր առնող-ծախող:
- Այդ դեպքում՝ ի՞նչ հիմքերով են ձերբակալել ձեր պաշտպանյալին: Ի՞նչ ապացույցներ ունեին ի սկզբանե:

- Աշխարհով մեկ տարածված է խաղ առնել-ծախելու գործընթացը: Ահազանգ ստանալով, թե այդ ակումբում տեղի է ունենում նման բան, պետական լիազոր մարմինն օպերատիվ-հետախուզական աշխատանքներ իրականացնելով, մեղադրանք ներկայացրին նաեւ պաշտպանյալիս, որպես ակումբի գլխավոր մարզչի:
- Հիմա ո՞ր փուլում է գտնվում գործը, եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք:
- Ավարտվել է նախաքննությունը, հավանաբար մի քանի օրից գործը կմտնի դատարան: Իմ պաշտպանյալն ունի աղաղակող փաստեր` այլ անձանց կողմից խաղ առնել-ծախելու առումով: Այնպես որ, հետագայում, կարծում եմ, կլինեն այլ բացահայտումներ:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ