Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 

24.03.2017 թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»


ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ ՕՐԵՆՔԻ ՄԱՄԼԻՉԸ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՐԻՐ ՉԵՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննություն է սկսել Հայաստանի դատարանի կողմից «աղանդ» բառի մեկնաբանության վերաբերյալ, որի հիմքում «Իրավունք-Հետաքննություն» շաբաթաթերթի հրապարակումն է: Դիմումատուներն են «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը եւ կազմակերպության առաջնորդ Արթուր Սիմոնյանը: Իսկ Եվրոպական դատարանում նրանց շահերը ներկայացրել է փաստաբան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արա Ղազարյանը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ներպետական ատյաններում վերոնշյալ դատական գործընթացի ժամանակ թերթի ներկայացուցիչ, «Լեվ գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ: Փաստաբանը նախ ընդգծեց, որ «Կյանքի խոսքի» հետ կապված այս դատական գործընթացի վերաբերյալ լուրջ իրավական գործառույթներ են իրականացվել ներպետական դատարաններում:

- Այնքանով, որքանով ես էի տիրապետում այդ ժամանակ տեղեկատվությանը, «Կյանքի խոսքը» շատ հզոր կրոնական կազմակերպություն էր, որի արմատները տարածված էին ԱՊՀ բոլոր երկրներում (Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան եւ այլն): Եվ ուսումնասիրելով վերջինիս գործունեությունը` պարզեցի, որ դատական ատյաններում վերջիններս բացարձակ որեւէ անգամ պարտություն չեն կրել: Ավելին` գործի հետ կապված մեր դատապրոցեսների ընթացքում իրենց եզրակացությունը տվեցին մի քանի պրոֆեսորներ, դոկտորներ, կրոնի մասնագետներ, այդ թվում եւ «Կյանքի խոսքի» անդամներից: Իսկ խնդիրը հետեւյալն էր` ՀՀ  հիմնական օրենքով` Սահմանադրությամբ, ակնհայտ է, որ կա կրոնի ազատություն եւ բացարձակ խոչընդոտ չէ ինչպես «Կյանքի խոսքի», այնպես էլ այլ կրոնական կազմակերպությունների համար Հայաստանում գործունեություն ծավալելը: Բայց երբ այդ կրոնական կազմակերպությունը կատարում է մի գործառույթ, որը լուսաբանում է չորրորդ իշխանությունը, սա չի նշանակում, որ վերջիներս պետք է փշերով ընդունեն այն եւ փորձեն իրենց ֆինանսական, իշխանական լծակներով ազդեցություն ունենալ մամուլի խոսքի ազատության վրա: Նաեւ տեղեկացնեմ, որ դատական պրոցեսների ընթացքում ինձ` որպես ԶԼՄ ներկայացուցչի, փորձել են մեծ դրամական հոնորար առաջարկել, որպեսզի դատական գործընթացից դուրս գամ: Ընդ որում` բավականին մեծ, որից հետո փորձել են նաեւ իշխանական օղակներում աշխատող անձինք առաջարկել, որպեսզի ընդհանրապես դուրս գամ գործընթացից: Ինչու սա հատկապես շեշտեցի, որովհետեւ այն, որ տվյալ կրոնական կազմակերպությունն ունի ֆինանսական լծակներ կամ իշխանական բուրգում իր մարդկանց, դեռ չի նշանակում, որ սվիններով պետք է դիմավորի ազատ խոսքը: 
Ըստ էության, մենք ունեցանք հետեւյալ պատկերը` ազատ խոսք մամուլում, որն, այո՛, իր խոսքն ասելու, ինչու ոչ, նաեւ ցնցելու իրավունք ուներ` առերեւույթ բացասականը տեսնելով տվյալ կազմակերպությունում: Արդյունքում շատ արդար դատաքննություն իրականացվեց, եւ դատարանը պարզեց, որ եղել է ընդամենը քննադատություն: Ի դեպ, հետաքրքիրն այն էր, որ «Իրավունք» թերթը տվյալ դեպքում քննադատել էր այդ կրոնական կազմակերպությանը` ցույց տալով վերջինիս գործունեությունը, մասնավորապես այն, որ ամուսնացնում է մարդկանց, ՔԱԳԿ թղթեր է տալիս, սանհանգույցում նստած կրոնական քարոզ է կարդում եւ այլ գործողություններ է իրականացնում, որոնք, ուղղակի, հարիր չեն այն մշակույթին, որի կրողն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը: Ընդամենը դրա մասին էր բարձրաձայնվել թերթում:

– «Կյանքի խոսքը» եւ Արթուր Սիմոնյանը, գտնելով, որ «աղանդ» բառի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածին, դեռեւս 2013 թվականի հուլիսին դիմել էին ՄԻԵԴ` պահանջելով սահմանել, որ ազգային դատարանի կողմից «աղանդ» բառի մեկնաբանության արդյունքում խախտվել է կազմակերպության` կրոնական համոզմունքներ արտահայտելու իրավունքը: Ի՞նչ կասեք այս մասին:

 

– Եվրոպական դատարանը, այո՛, շատ հարգելի բարձր ատյան է եւ իր ուրույն դերակատարությունն ունի ներպետական ատյաններում` ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ եվրոպական շատ երկրներում կատարվող որոշակի անարդար դատաքննությունների հետ կապված: Բայց, եկեք չմոռանանք նաեւ Եվրոպական դատարանի կրկնակի ստանդարտների մասին, մասնավորապես` հոլոքոստի հետ կապված վերջինիս դիրքորոշումն այն է, որ դրա ցանկացած մերժումը քրեորեն հետապնդելի արարք է: Բայց, չգիտես ինչու, Հայոց ցեղասպանության հետ կապված, վերջինիս դիրքորոշումն է մերժել-չմերժելը դիտել որպես ազատ խոսքի իրավունք:

Առաջ անցնելով նաեւ ասեմ, որ այսօր շատ իրավապաշտպաններ սերտում են երկու-երեք հոդված ու նախադեպ եւ իրենց դնում են իրական իրավապաշտպանի տեղ, բայց այդպես չէ: Նման դեպքում պետք է գնալ դեպի արմատները: Իրավունքը ոչ միայն գիտություն է բարու եւ արդարի մասին, այլ իրավունքի արմատները հասնում են մինչեւ երկինք: Դրանք աստվածային իրավանորմեր են եւ պետք է կարողանալ արմատապես հասկանալ ու տարանջատել իրավունքն օրենքից: Իմ խորին համոզմամբ` իրավունքը երկնքում ամրագրված աստվածային օրենքն է, եւ երկրի վրա գտնվող անձինք, երբ օրենքներ են սկսում հնարել, ուղղակի, պետք է այն համաձայնեցնեն իրավունքի հետ: Հակառակ պարագայում` կա՛մ այդ օրենքը չի գործի, կա՛մ կործանարար կլինի տվյալ երկրի, տարածաշրջանի համար, ինչին մենք այսօր ականատես ենք լինում:

Մասնավորապես` ի՞նչը նկատի ունեք:

– Այսօր ժողովրդավարության եւ ազատ խոսքի անվան տակ գործող այդ հոմոսեքսուալիստներին, աղանդներին եւ մնացած բոլոր այլ աղբերին: Ինձ վերջերս նաեւ տեղեկացրեցին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախադեպային որոշում է կայացրել, որ «հոմոսեքսուալիստ», «գոմիկ», «արվամոլ» պետք է չասել այդ կատերգորիայի մարդկանց, որովհետեւ դրանով դու ատելություն ես հրահրում: Այլ դրա փոխարեն պետք է ասել` «նույնասեռական»: Պատկերացնո՞ւմ եք, ու սա շրջանառության մեջ է դնում նույն ՄԻԵԴ-ը: Նման դեպքերում ես վերջիններիս խորհուրդ եմ տալիս գնալ հասնել մինչեւ Աստվածաշունչ, բացել այն եւ կարդալ հետեւյալ կարեւոր իրավանորմը` Աստված Ադամին տվեց Եվա: Վերջիվերջո, Աստված Ադամին չտվեց Պողոս, այսինքն` Աստված իր օրենքով ամրագրեց, որ Ադամին հասանելի է որպես կին հակառակ սեռի ներկայացուցիչ: Այնպես որ, ինչ վերաբերում է նրան` ասել հոմոսեքսուալիզմ, թե նույնասեռականություն, պետք է նորից բացել աստվածաշնչյան իրավանորմը եւ, ուղղակի, կարդալ, որ այնտեղ գրված է` «արվամոլ», ինչի մասին Սուրբ գրքում շատ բացասական կարծիք է արտահայտված:

Վերադառնալով ՄԻԵԴ-ում քննվող գործին` հետաքրքիր է Ձեր դիտարկումն այն մասին, որ փաստաբան Արա Ղազարյանը նշել է, թե «Իրավունքն» առանց որեւէ փաստական հիմքի, դերասանուհի Անժելա Սարգսյանի անունը կապել է «Կյանքի խոսքի» հետ...

– Տվյալ անձնավորության ասածի հետ կապված ասեմ, որ բացարձակ ոչ մի վատ բան չեմ տեսնում ինչ-որ մի կրոնական կազմակերպության անդամ դառնալու մեջ: Ինչ վերաբերում է Ա. Սարգսյանին, ապա այն ժամանակ մենք ապացույց ներկայացրել ենք դատարանին, որտեղ այդ կրոնական կազմակերպության ղեկավարներից մեկը ներկայացնում էր տվյալ անձնավորությանը` որպես իրենց լավագույն անդամներից մեկին: Ավելին` տեսանյութ է ներկայացվել դատարանին, որտեղ «Կյանքի խոսքի» դահլիճում նստած էր այդ անձնավորությունը: Նորից եմ կրկնում` այստեղ բացարձակ որեւէ վիրավորական բան չեմ տեսնում, որ ինչ-որ մեկն այդ կազմակերպության անդամ է: Այլ խնդիր է, թե հետագայում ինչպես են փորձում իրենք ներկայացնել իրենց իրավունքները:

Ըստ Ձեզ, ի՞նչ հանգուցալուծում կունենա ՄԻԵԴ-ում սկսված քննությունը:

– Ահավասիկ, եթե «Կյանքի խոսքի» հետ կապված համարձակություն ունենա Եվրոպական դատարանը եւ գտնի, որ խախտում է տեսնում տվյալ հոդվածի հետ կապված, ապա սա դեռ չի նշանակում, որ իրավունքի խախտումն ակնհայտ է: Խնդիրը հետեւյալն է` Հայաստանի Հանրապետությունում ե՛ւ կրոնի ազատությունն է բացարձակ, ե՛ւ մնացած բոլոր ժողովրդավարության անվան տակ գործող իրավունքներն են ամրագրված սահմանադրության մեջ: Բայց երբ դու սկսում ես արդեն քո պահանջները ներկայացնել հասարակությանը, թե գիտես` պետք է «գոմիկ» չասես, այլ «նույնասեռական», կամ ես պետք է իրավունք ունենամ սանհանգույցում նստել եւ քարոզել, ապա թերթն էլ իրավունք պետք է ունենա` քննադատելու: Եվ այստեղ պետք է օրենքով սահմանված կարգով ԶԼՄ-ն քննադատության ենթարկի: Այո՛, պետք է գործի օրենքի մամլիչը, որովհետեւ նման գործառույթները հարիր չեն քրիստոնեական Հայաստանին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ