Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 

05.05.2017 թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»


«ԽՂՃԻ, ԿՐՈՆԻ, ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԴԱՎԱՃԱՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՇԱՀԵՐԸ»


2017 թ. ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը որոշում կայացրեց՝ ՌԴ-ում Եհովայի վկաների կողմից օգտագործվող բոլոր իրավաբանական անձանց լուծարման վերաբերյալ: Մասնավորապես՝ «Եհովայի վկաների Վարչական կենտրոն Ռուսաստանում» կրոնական կազմակերպությունը մտցրել են այն հանրային եւ կրոնական միավորումների ցուցակում, որոնց գործունեությունը դադարեցվել է ծայրահեղականության պատճառով:Ընդդեմ Եհովայի վկաների՝  ՌԴ Գերագույն դատարանի կայացված որոշման համաձայն, այսուհետ նրանց կողմից դավանանքի ցանկացած դրսեւորում կդիտվի որպես քրեորեն դատապարտելի արարք: Նշենք, որ նախկինում ՌԴ-ում մի քանի անգամ դատավարություն է անցկացվել «Եհովայի վկաների» համայնքների դեմ, որոնք գործում է այդ երկրում 1991-ից, եւ որոնց մշտապես մեղադրել են ծայրահեղական գործունեության համար:
Իրավական տեսանկյունից ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի մի օր «Եհովայի վկաների» գործունեությունը արգելվի նաեւ Հայաստանում, փորձեցինք հետաքրքրվել «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ: Անդրադառնալով մեր երկրում Եհովայի վկաների գործունեությանը` փաստաբանը նախ նկատեց.
- Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված է կրոնի ազատությունը: Այսինքն, յուրաքանչյուր անձ ազատ է որոշելու իր դավանանքը: Բայց, միաժամանակ, դա չպետք է հակասի ՀՀ Սահմանադրությանը եւ գործող օրենքներին: Այսինքն, եթե տվյալ կազմակերպության գործունեությունը պետական լիազոր մարմնի կողմից դիտվում է հակաօրինական, հակաիրավական, ապա այդ մարմինը օրենսդրորեն կաշկանդված չէ իրականացնելու որոշակի գործառույթներ: Այդ թվում` այն, որը կատարեց Ռուսաստանի Դաշնությունը:

«ԴԱ ԴԵՌ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ»

-Արդյոք հակաօրինական չի՞ կարող համարվել, երբ կրոնական կազմակերպության ներկայացուցիչներն օրվա տարբեր ժամերի թակում են բնակարանների դռներ եւ անհանգստացնում քաղաքացիներին: Կամ, երբ փողոցով անցնող մարդուն կանգնեցնում եւ սկսում են քարոզել իրենց դավանանքը:

- Դա դեռ բավարար չէ, որպեսզի տվյալ կազմակերպության գործունեությունը կասեցնեն: Եթե հակաօրինական որոշակի գործառույթներ են իրականացնում, ապա նախ կարող է գործել «Վարչական իրավախախտման մասին» օրենքը: Կամ, եթե առերեւույթ առկա է հանցագործություն, ապա «Քրեական օրենսգրքով» նախատեսված գործառույթներ պետք է իրականացվեն:
Ինչ վերաբերում է առհասարակ «Եհովայի վկաներ» կազմակերպությանը, ես եւս, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ականատես եմ եղել որոշակի գործառույթների: Մասնավորապես՝ նրանց կողմից իրականացվող քարոզչությանը՝ Հայոց բանակում չծառայելու հետ կապված: Նման քարոզչությունն ինքս դիտում եմ ոչ ճիշտ եւ հակաիրավական: Բայց, կրկնում եմ, մեր Սահմանադրությամբ կրոնի ազատությունը գործում է, եւ միայն բացառիկ դեպքերում կարող է արգելվել որեւէ կրոնական կազմակերպության գործունեություն: Մասնավորապես, եթե նրա գործառույթների հետեւանքով պետական անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կարող են առաջանալ եւ հանգեցնել հակաիրավական հետեւանքների:
- Իսկ գուցե օրենսդրական փոփոխություննե՞ր են անհրաժեշտ:

- Միգուցե, բայց այդ հարցի հասցեատերը արդեն ես չեմ: