Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/1303/02/16





Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

15-ը մայիսի 2017 թվական քաղաք Մասիս


ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը`

Նախագահությամբ դատավոր` Ս. Սահակյանի


Մասնակցությամբ`
հայցվորի ներկայացուցիչներ` Լ. Բաղդասարյանի , Թ. Ալեքսանյանի

ԼԵՎ ԳՐՈւՊ փաստաբանական գրասենյակ

պատասխանողի ներկայացուցիչ` Ա. Սահակյանի

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ջամալ Թեմուրի Քյալաշյանի ընդդեմ <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1.Գործի դատավարական նախապատմությունը.
Ջամալ Քյալաշյանը 07.12.2016թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Սահակյանի 08.12.2016թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

2.Հայցադիմումի հակիրճ բովանդակությունը.
Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ 16.10.2015թ. Լուսակնի գյուղապետ Տ. Պողոսյանի կողմից տրվել է տեղեկանք այն մասին, որ վերջինս Արագածոտնի մարզի Լուակն գյուղում ունի 1100 գլուխ սեփական գառներ, որը տանում են վաճառելու:
Արագածոտնի մարզի Լուսակն գյուղի անասնաբուժական սպասարկման կետի կողմից 16.10.2015 թվականին Ջամալ Քյալաշյանին տրվել է թիվ 001347 անասնաբուժական վկայականը, որում առկա տվյալների համաձայն վերջինս իր 1100 գլուխ գառները տեղափոխում է Արարատի մարզի Մասիսի սպանդանոց վաճառքի: Համաձայն նույն վկայականի` կենդանիները կլինիկապես առողջ են:
16.10.2015 թվականին Ջամալ Թեմուրի Քյալաշյանի և <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ի միջև կնքվել է մատակարարման պայմանագիր:
Պայմանագրի համաձայն Ընկերությունը մատակարար Ջամալ Քյալաշյանից գնում է անասուններ և պարտավորվել է դրա դիմաց վճարել նույն պայմանագրի 4 կետով սահմանված ժամկետներում:
21.10.2015թ. <<Ոսկե Կացին>> ՍՊԸ-ի և Ջամալ Թեմուրի Քյալաշյանի միջև կազմվել է գնման ակտ, որի համաձայն Ջամալ Թեմուրի Քյալաշյանը <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ին վաճառել է 229 գլուխ գառ` ընդհանուր 7199531 ՀՀ դրամ արժողությամբ:
29.10.2015թ. <<Ոսկե Կացին>> ՍՊԸ-ի և Ջամալ Թեմուրի Քյալաշյանի միջև կազմվել է գնման ակտ, որի համաձայն Ջամալ Թեմուրի Քյալաշյանը <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ին վաճառել է 700 գլուխ գառ` ընդհանուր 22007300 ՀՀ դրամ արժողությամբ:
<<Ոսկե կացին>> ՍՊԸ-ի կողմից չի վճարվել գնված ապրանքների դիմաց և թույլ է տրվել Պայմանագրի 4 գլխով սահմանված դրույթների կետանց:
Ելնելով վերոգրյալից խնդրել է <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ից հօգուտ Ջամալ Քյալաշյանի բռնագանձել ընդհանուր 29203831 ՀՀ դրամ, ինչպես նաև խնդրել է 15.11.2015թ. մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ուրիշի դրամական միջոցները ապօրինի պահելու համար բռնագանձել օրենքով սահմանված տոկոսները: 
Գործի քննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ ընդունում են այն հանգամանքը, որ հայցվորը չի ստորագրել մատակարարման պայմանագիրը, մինչդեռ գտնում է, որ գործում առկա գնման ակտերը արդեն իսկ վկայում են կողմերի միջև գործարքի առկայության վերաբերյալ:
Հետագայում հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ հայցվորն իրականում ստորագրել է պայմանագրերը և գնման ակտերը, ուղղակի, չունենալով նեղ մասնագիտական գիտելիքներ, քրեական գործի քննության ընթացքում կասկած է հայտնել դրանցում առկա ստորագրությունների՝ իր կողմից կատարված լինելու հանգամանքի վերաբերյալ:
Միաժամանակ հայտնել է, որ պատասխանողի կողմից դուրս են գրվել դրամարկղային մուտքի օրդերներ, որոնք հավաստում են կողմերի միջև առկա քաղաքացիաիրավական հարաբերությունների առկայությունը:

3.Պատասխանողի դիրքորոշումը
Պատասխանողի ներկայացուցիչը ներկայացված հայցադիմումի պատասխանով հայտնել է, որ հայցվորը 21.11.2015թ. դիմել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն:
Հայցվորը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ ինքը չի ստորագրել թիվ 24 մատակարարման պայմանագիրը, դրա հիման վրա տրված 16.10.2015 և 21.10.2015թթ. գնման ակտերը: Հայցվորը հայտնել է, որ այդ փաստաթղթերը կեղծված են:
Այդ իսկ պատճառով 29.03.2016թ. հայցվորից վերցվել են նրա ստորագրության փորձարկման նմուշները:
30.03.2016թ. նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն՝ պարզելու համար պատասխանողից վերցված փաստաթղթերում` դրամարկղային ելքի օրդերներում <<ստացող>> նշումի դիմաց, <<հանձնող>> նշումի դիմաց, գնման ակտերում և մատակարարման պայմանագրում հայցվորի անվան ներքո դրված ստորագրությունները կատարված են հայցվորի, թե մեկ այլ անձի կողմից:
29.05.2016 թվականին տրվել է թիվ 12901601 փորձաքննության եզրակացությունը :
Համաձայն եզրակացության հնարավոր չէ պարզել, թե կատարված ստորագրությունները Ջամալ Քյալաշյանի կողմից են կատարվել, թե՝ ոչ, քանի որ հետազոտելի ստորագրությունները պարզ և կարճ կատարման, ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության պատճառով :
Հայցվորը թիվ 44126215 քրեական գործում ցուցմունք է տվել այն մասին, որ նույն գործի համար հիմք հանդիսացող փաստաթղթերը չեն ստորագրվել իր կողմից և կեղծված են, իսկ մյուս կողմից դիմում է դատարան` պահանջելով գումարի բռնագանձում պատասխանողից՝ այն հիմքով, որ հայցվորի և պատասխանողի միջև կնքվել է թիվ 24 պայմանագիրը և գնման ակտերը, որի հիման վրա պատասխանողի համար առաջացել է վճարման պարտավորություն:
Գտել է, որ հայցվորը սույն գործով է հայտնել ոչ իրականությանը համապատասխանող տեղեկություններ կամ քրեական գործով : Հաշվի առնելով այն, որ քրեական գործով հայցվորը ստորագրել է սուտ ցուցմունք տալու և նրա քրեական պատասխանատության մասին հայտարարություն, ուստի կարելի է եզրակացնել, որ իր կողմից կեղծ ստորագրությունը համապատասխանում է իրականությանը :
Միաժամանակ նշել է, որ 16.10.2015թ. հայցվորի և Սամվել Սարգսյանի միջև կնքվել է պայմանագիր: Այդ պայմանագրի համաձայն`Սամվել Սարգսյանը հայցվորից գնել է 1040 հատ գառներ՝ 32000 ՀՀ դրամով, ընդհանուր գառների միջին քաշը մորթված վիճակով կկազմի 16-17 կգ և ավել : Գառները պետք է հանձնվեն հայցվորի փաստթղթերով, օրենքով սահմանված կարգով: Հայցվորը ոչ մի իրավունք չունի առանց Սամվել Սարգսյանի ներկայության մուտք գործել սպանդանոց և գումար պահանջել: Այս պայմանագիրը ստորագրվել է հայցվորի, Սամվել Սարգսյանի և ոմն վկայի կողմից: Այս պայմանագրի դարձերեսին, հայցվորը նշել է, որ ինքը Ջամալ Քյալաշյանը Սամվել Սարքիսյանին պարտք է մնում 1000000 ՀՀ դրամ, որի համար ստորագրում է: Այն ստորագրվել է նաև Սամվել Սարգսյանի կողմից:
Նշել է, որ հայցվորը մի կողմից կնքում է պայմանագիր ոմն Սամվել Սարգսյանի հետ, իր գառները վաճառելու մասին, այն նույն ամսաթվին, որը համընկնում է պատասխանողի հետ կնքված մատակարարման պայմանագրի ամսաթվի հետ: Հայցվորի ստորագրության նմուշը իր և Սամվել Սարգսյանի միջև կնքված պայմանագրում կեղծ չէ, քանի որ այդ մասին հայցվորը ցուցմունք չի տվել քրեական գործով և միայն հայտնել է պատասխանողի մոտ գտնվող փաստաթղթերի վերաբերյալ:
Գտել է, որ պատասխանողը չի կարող համարվել պատշաճ պատասխանող, քանի որ բացակայում է որևէ փաստական հիմք:
Ելնելով վերոգրյալից խնդրել է հայցը մերժել ամբողջությամբ:
Գործի քննության ընթացքում պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է, որ կողմերի միջև պայմանագիր չի կնքվել, քանի որ հայցվորը պայմանագիր չի ստորագարել, իսկ գառները ստացել են Սամվել Սարգսյանից:

4.Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
1. Լուսակնի գյուղապետի 16.10.2015թ. տրված տեղեկանքի համաձայն` Ջամալ Թեմուրի Քյալաշյանը Արագածոտնի մարզի Լուսակն գյուղում ունի 1100 գլուխ սեփական գառներ, որ տանում են վաճառելու,
2. Արագածոտնի մարզի Լուսակն գյուղի Լուսակնի անասնաբուժական սպասարկման կետի 16.10.2015թ. թիվ 001347 անասնաբուժական վկայականի համաձայն` վկայականը տրվել է Ջամալ Քյալաշյանին 1100 գլուխ գլուխ տեղափոխելու համար: Կենդանինները տեղափոխվում են Արագածոտնի մարզի Լուսակնից Արարատի մարզ, Մասիսի սպանդանոց վաճառքի նպատակով:
3. <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ի` որպես գնորդ և Ջամալ Թեմուրի Քյալաշյանի` որպես մատակարար, միջև 16.10.2015թ. կնքված թիվ 24 ապրանքների մատակարարման պայմանագրի՝ պայմանագրի առարկան կետի 1-ին նախադասության համաձայն` մատակարարը պարտավորվել է գնորդից գնել գյուղ նշանակության ապրանքներ` անասուններ, որի քանակը և ժամկետները որոշվում է ամեն հերթական առաքման համար համաձայն բանավոր պայմանավորվածության,
4. պայմանագրի առարկան կետի 2-րդ և 3-րդ պարբերությունների համաձայն` մատակարարը պարտավորվում է ապրանքները գնորդին հանձնել իր հետ եղած բոլոր փաստաթղթերով, պայմանագրով նախատեսված ապրանքների հանձնումը գնորդին կատարվում է գնորդի արտադրամասում` ք. Մասիս, Արդյունաբերական հանգույց, Էջմիածնի խճ թիվ 3 հասցեում,
5. պայմանագրի վճարման կարգը և ժամկետները կետի համաձայն` առաքվող ապրանքների համար վճարումը կատարվում է կանխիկ կամ փոխանցումով, այն գնորդի ընդունման պահի ամսի 01-10-ից ձեռք բերված անասունների համար վճարման օր սահմանել նույն ամսվա 20-22-ը, 11-21-ից` հաջորդող ամսվա 2-4-ը և 22-30-31-ից հաջորդող ամսվա 11-12-ը ժամանակահատվածի ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ գրավոր պայմանավորվածությամբ: Գնորդի կողմից նույն պայմանագրի 4.1 կետով սահմանված կարգով վճարումը չկատարելու կամ ոչ լրիվ կատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվակվում է տույժ` չփոխանցված կամ պակաս փոխանցված գումարի 0.15 տոկոսի չափով,
6. 21.10.2015թ. վաճառող Ջամալ Թեմուրի Քյալաշյանի և գնորդ <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ի միջև կնքված գնման ակտի համաձայն` գնվել է 229 գլուխ գառ, 31439 ՀՀ դրամ գնով և ընդհանուր արժեքը կազմում է 7199531 ՀՀ դրամ,
7. 29.10.2015թ. վաճառող Ջամալ Թեմուրի Քյալաշյանի և գնորդ <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ի միջև կնքված գնման ակտի համաձայն` գնվել է 700 գլուխ գառ, 31439 ՀՀ դրամ գնով և ընդհանուր արժեքը կազմում է 22007300 ՀՀ դրամ,
8. թիվ 44126215 քրեական գործով վկա Անահիտ Մակարյանի 21.11.2015թ. բացատրության համաձայն` ինքը հանդիսանում է <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ի հաշվապահը և վարում է հաշվառումը, ներկայացնում է հաշվետվություններ, ինչպես նաև ընդունում է քաղաքացիների գառների հաշվարկները և վճարում է գումարները:
Քաղաքացիների հետ կնքվում է պայամանգիր, այնուհետև ձեռքբերման համար կազմվում է գնման ակտ: Ներկայացնում են գյուղապետարանից տեղեկանք գառների քանակի վերաբերյալ, անձնագրի պատճեն, անասնաբուժական հսկողության վերաբերյալ տեղեկանք, որը ներկայացնում է գառը բերող քաղաքացին : Գումարը ստանալուց եթե հանդես է գալիս այլ քաղաքացի ներկայացնում է լիազորագիր կամ այլ փաստաթուղթ և ինքը գումարը վճարում է լիազորագիրը կամ այլ փաստաթուղթը ներկայացնելուց հետո, 
9. թիվ 44126215 քրեական գործով վկա Անահիտ Մակարյանի 23.11.2015թ. լրացուցիչ բացատրության համաձայն` 2015թ. հոկտեմբերի 16-ին իր մոտ է եկել մի տղամարդ և հայտնել է, որ գառներ է բերել, բերել էր նաև անհրաժեշտ փաստաթղթեր` որոնց թվում է եղել Ջամալ Քյալաշյանի տվյալներով անձնագրի շատ վատ որակի պատճեն, որի մեջ շատ վատ էր երևում լուսանկարը և քանի որ բոլոր փաստաթղթերը Քյալաշյան Ջամալի անունով էին տրված ինքը ի սկզբանե կարծել է, որ այդ անձնավորությունը հենց Ջամալն է, հետագայում այդ անձը ներկայացել է որպես Ջամալ և գումարներ ստացել,
10. Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ս. Հովհաննիսյանի 04.12.2015թ. զննություն կատարելու վերաբերյալ կազմված արձանագրության համաձայն՝ զննության են ենթարկվել <<Ոսկե Կացին>> ՍՊԸ-ից 21.11.2015թ. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 1-ին բաժնի ավագ օպեր-լիազոր Տ. Սարգսյանի կողմից վերցված հետևյալ փաստաթղթերը՝
- Ջամալ Թեմուրի Քյալաշյանի AF0265210 անձնագրի պատճենը, որը համաձայն զննություն կատարելու վերաբերյալ արձանագրության պատճենահանված է վատ որակի, իսկ տվյալները հազիվ տեսանելի են,
- Լուսակնի գյուղապետի կողմից տրված 16.10.2015թ. տեղեկանքի, Լուսակնի անասնաբուժական կետի անասնաբուժական թիվ 001347 վկայականի պատճենը՝ 4 թերթից,
- <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ի անցակետի հյուրերի հաշվառման գրանցամատյան, որի 1-ին էջին 16.10.2015թ. թվագրությամբ առկա է Քյալաշյան Ջամալ 10:40-16:30 գրառումը,
- <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ի աշխատակից Արմեն Գրիգորյանի նոթատետրը, որի 10-րդ թերթում` ստորին հատվածում, առկա է կարմիր գրիչով կատարված ձեռագիր գրառում` 16.10.2015թ. Քյալաշյան Ջամալ 380հ գառ, որը նույն գրիչով ջնջված է, 16-րդ թերթում առկա է կարմիր գրիչով կատարված ձեռագիր գրառում` 17.10.2015թ. Քյալաշյան Ջամալ 335 հատ գառ, որը նույն գրիչով ջնջված է և 19-րդ թերթի դարձերեսին առկա է 19.11.2015թ. թվագրությամբ կապույտ գրիչով ձեռագիր հետևյալ գրառումը` Ջամալ 149 հատ գառ, 
- <<Ոսկե Կացին>> ՍՊԸ-ի 16.10.2015թ. դրամարկղային ելքի օրդերի համաձայն` գառների դիմաց կանխավճար տալու նպատակով Ջամալ Քալաշյանի անվամբ դուրս է գրվել 1500000 ՀՀ դրամ, ստացող տողում առկա է ստորագրություն,
- <<Ոսկե Կացին>> ՍՊԸ-ի 17.10.2015թ. դրամարկղային ելքի օրդերի համաձայն` գառների դիմաց կանխավճար տալու նպատակով Ջամալ Քալաշյանի անվամբ դուրս է գրվել 200000 ՀՀ դրամ, ստացող տողում առկա է ստորագրություն,
- <<Ոսկե Կացին>> ՍՊԸ-ի 12.10.2015թ. դրամարկղային ելքի օրդերի համաձայն` գառների դիմաց կանխավճար տալու նպատակով Ջամալ Քալաշյանի անվամբ դուրս է գրվել 300000 ՀՀ դրամ, ստացող տողում առկա է ստորագրություն,
- <<Ոսկե Կացին>> ՍՊԸ-ի 30.10.2015թ. դրամարկղային ելքի օրդերի համաձայն` գառների դիմաց կանխավճար տալու նպատակով Ջամալ Քալաշյանի անվամբ դուրս է գրվել 400000 ՀՀ դրամ, ստացող տողում առկա է ստորագրություն,
- <<Ոսկե Կացին>> ՍՊԸ-ի 05.11.2015թ. դրամարկղային ելքի օրդերի համաձայն` գառների դիմաց կանխավճար տալու նպատակով Ջամալ Քալաշյանի անվամբ դուրս է գրվել 7000000 ՀՀ դրամ, ստացող տողում առկա է ստորագրություն,
- <<Ոսկե Կացին>> ՍՊԸ-ի 10.11.2015թ. դրամարկղային ելքի օրդերի համաձայն` գառների դիմաց կանխավճար տալու նպատակով Ջամալ Քալաշյանի անվամբ դուրս է գրվել 6250000 ՀՀ դրամ, ստացող տողում առկա է ստորագրություն,
- <<Ոսկե Կացին>> ՍՊԸ-ի 13.11.2015թ. դրամարկղային ելքի օրդերի համաձայն` գառների դիմաց կանխավճար տալու նպատակով Ջամալ Քալաշյանի անվամբ դուրս է գրվել 10022835 ՀՀ դրամ, ստացող տողում առկա է ստորագրություն,
- <<Ոսկե Կացին>> ՍՊԸ-ի 19.10.2015թ. դրամարկղային մուտք օրդերի համաձայն` մատակարար Ջամալ Քալաշյանից <<Ոսկե Կացին>> ՍՊԸ-ն ստացել է 513 հատ գառ 7258 կգ քաշով, որը հանձնել է Սամվելի կողմից,
11. ՀՀ <<Փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի 16.05.2016թ. թիվ 12901601 փորձագիտական եզրակացության համաձայն` Ջամալ Քյալաշյանի, թե մեկ այլ անձի կողմից են կատարվել փորձաքննությանը տրամադրված <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ի կողմից 17.10.2015թ., 20.10.2015թ., 30.10.2015թ., 05.11.2015թ., 10.11.2015թ., 13.11.2015թ. դրամարկղային ելքի օրդերների ներքևի աջ` գումարը ստացողի հատվածում, ինչպես նաև 19.10.2015թ. մուտքի օրդերի միջնամասում` <<Հանձնեց>> տպագիր գրառման դիմաց, <<ստորագրությունը>> տողագծի վրա տեղավորված ստորագրությունները, պարզել հնարավոր չէ` հետազոտելի ստորագրությունների պարզ և կարճ կատարման, ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության պատճառով:
Ջամալ Քյալաշյանի, թե մեկ այլ անձի կողմից է կատարվել փորձաքննությանը տրամադրված <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ի 16.10.2015թ. դրամարկղային ելքի օրդերի ներքևի աջ` գումարը ստացողի հատվածում տեղավորված ստորագրությունը, պարզել հնարավոր չէ` հետազոտելի ստորագրության պարզ և կարճ կատարման, ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության պատճառով:
Ջամալ Քյալաշյանի, թե մեկ այլ անձի կողմից են կատարվել փորձաքննությանը տրամադրված Ջամալ Թեմուրի Քալաշյանի և <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ի միջև 16.10.2015թ. կնքված ապրանքների մատակարարման թիվ 24 պայմանագրի դարձերեսի <<մատակարար>> հատվածում, Ջամալ Թեմուրի Քալաշյանի և <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ի միջև 21.10.2015թ. և 29.10.2015թ. կնքված գյուղատնտեսական արտադրանքի գնման թվով երկու ակտերի միջնամասի ձախ` <<Վաճառող>> հատվածում <<Ստորագրություններ>> տողագծի վրա տեղավորված ստորագրությունները, պարզել հնարավոր չէ` հետազոտելի ստորագրությունների պարզ և կարճ կատարման, ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության պատճառով:


5.Կիրառելի իրավունքը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 521-րդ, 347-րդ, 408-րդ, 411-րդ հոդվածներ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդված:

6.Դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանությունները և եզրահանգումը.
Գործում առկա յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, Դատարանը գալիս է հետևյալ եզրահանգմանը.
Տվյալ դեպքում, պատասխանողը վիճարկում է 16.10.2015թ. կնքված թիվ 24 ապրանքների մատակարարման պայմանագիրը և գնման ակտերը հայցվորի կողմից ստորագրված լինելու հանգամանքը և որպես նշվածի հիմնավորում վկայակոչում է այն, որ թիվ 44126215 քրեական գործով հայցվոր Ջամալ Քյալաշյանը լրացուցիչ բացատրություններ է տվել այն մասին, որ մատակարարման պայմանագրի, գնման ակտերի վրա իր ստորագրությունը չկա, պայմանագրի և գնման ակտերի վրա առկա ստորագրությունները նմանեցվել են իր ստորագրությանը, սակայն թե ում կողմից են կատարված, չգիտի, միաժամանակ քրեական գործով նշանակված փորձաքննության արդյունքում հնարավոր չի եղել պարզել դրանք հայցվորի ստորագրված լինելու կամ չլինելու հանգամանքը:
Գործի քննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ հայցվորն իրականում ստորագրել է պայմանագրերը և գնման ակտերը, ուղղակի, չունենալով նեղ մասնագիտական գիտելիքներ, քրեական գործի քննության ընթացքում կասկած է հայտնել դրանցում առկա ստորագրությունների՝ իր կողմից կատարված լինելու հանգամանքի վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Տվյալ դեպքում, ներկայացվել է մատակարարման պայմանագիր և գնման ակտեր, որոնցում առկա հայցվորի ստորագրության դեմ առարկել է պատասխանողը, ուստի կրում է իր առարկությունների հիմքում ընկած փաստերի ապացուցման պարտականությունը, միաժամանակ նկատի ունենալով, որ հայցվորը թիվ 44126215 քրեական գործով ցուցմունք է տվել փաստաթղթերում իր ստորագրության բացակայության վերաբերյալ, իսկ սույն գործի քննության ընթացքում հերքել է այն և հայտնել է, որ ստորագրությունները կատարվել են իր կողմից, ինչպես նաև քրեական գործի շրջանակներում կատարված փորձաքննությամբ հնարավոր չի եղել պարզել ստորագրությունները Ջամալ Քյալաշյանի կողմից կատարված լինելու կամ չլինելու հանգամանքը, դատարանը գտնում է, որ պայմանագիրը Ջամալ Քյալաշյանի կողմից ստորգրված չլինելու փաստի վիճելի լինելու պարագայում դրա բացասական հետևանքները պետք է կրի պատասխանողը:
Ավելին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը: 
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կնքվում են բանավոր կամ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձևով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործարքը, որը կարող է կնքվել բանավոր, համարվում է կնքված նաև այն դեպքում, եթե անձի վարքից ակնհայտ է գործարք կնքելու նրա կամքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքը, որի համար օրենքով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձև, կարող է կնքվել բանավոր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բանավոր կարող են կնքվել կնքման պահին կատարվող բոլոր գործարքները, բացառությամբ այն գործարքների, որոնց համար սահմանված է նոտարական ձև, և այն գործարքների, որոնց հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրանց անվավերության, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից: Երկկողմ (բազմակողմ) գործարքները կարող են կնքվել նույն օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված եղանակներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքի հաuարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաuտատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, uակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագրերի նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքի 18-րդ գլխում նախատեսված երկկողմ և բազմակողմ գործարքների մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանը 17.07.2015թ. թիվ ԵԿԴ/1013/02/13 որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է:
Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը 07.04.2017թ. թիվ ԵԿԴ/0556/02/14 որոշմամբ հարկ է համարել արձանագրել, որ պայմանագիրը՝ որպես գործարք, կարող է կնքվել բանավոր կամ գրավոր ձևով: Պայմանագրի ձևի վերաբերյալ օրենսդրական կարգավորման նպատակը պայմանագրի հիման վրա ծագող հարաբերություններն ավելի հստակ դարձնելն է, քաղաքացիական շրջանառության կայունությունն ապահովելը, պայմանավորված պայմանագրի տվյալ տեսակի բնույթով՝ ապագայում հնարավոր վեճերի կանխումը: Մասնավորապես՝ պայմանագրի կնքման բանավոր ձև նախատեսելու միջոցով քաղաքացիական շրջանառությունը չի ծանրաբեռնվում (օրինակ՝ կնքման պահին կատարվող գործարքները, որոնց համար հատուկ կարգավորում նախատեսված չէ, կարող են կնքվել բանավոր ձևով): Ինչ վերաբերում է գրավոր ձևով կնքվող գործարքներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործարքների որոշ տեսակների համար հստակ նախատեսելով գրավոր ձև՝ օրենսդիրը կարևորել է այդ պայմանագրերը կնքված համարվելու համար որոշակի պահանջների պահպանումը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետ, 450-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետեր): Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ սահմանելով գործարքի կնքման գրավոր ձև՝ օրենսդիրը նախատեսել է այդ ձևը չպահպանելու երկու հնարավոր հետևանք.
1) գործարքի հաuարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաuտատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու իրավունքից՝ չզրկելով գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից,
2) օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:
Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ օրենսդրի կողմից պայմանագրի տվյալ ձևի համար սահմանված է գրավոր ձև՝ առանց ձևը չպահպանելու հետևանքները նշելու (օրինակ՝ կապալի պայմանագիր, հանձնարարության պայմանագիր, կոմիսիայի պայմանագիր և այլն), ապա գործում է վերը նշված 1-ին կանոնը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ վերը նշված իրավական հետևանքը կիրառվում է բացառապես վեճի առկայության դեպքում: Այսինքն՝ այն դեպքերում, երբ տվյալ գործարքը կնքված լինելու փաստը կողմերի կողմից չի վիճարկվում, ապա գործարքի հասարակ գրավոր ձևը պահպանված չլինելու հանգամանքն ինքնին որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում: Հետևաբար նշված հետևանքը դատավարական բնույթի է: Այն դեպքերում, երբ օրենքով կամ պայմանագրով հստակ նախատեսված է, ապա պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է անվավերության (օրինակ՝ փոխառության պայմանագիր, վարկային պայմանագիր, բանկային ավանդի պայմանագիր և այլն):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը՝ որպես այն կնքող անձանց համաձայնեցված կամքի արտահայտություն, ուղղված է որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործունեություն իրականացնելու արդյունքում քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն: Նկատի ունենալով, որ օրենսդիրն այս պայմանագրի համար սահմանել է գրավոր ձևով կնքելու պահանջ, ծառայությունների վճարովի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր գործարքին ներկայացվող պահանջներին համապատասխան: Այն դեպքերում, երբ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի գրավոր ձևը չի պահպանվում, ապա կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կանոնը, այն է՝ կողմերը զրկվում են ի հաuտատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու իրավունքից՝ այդուհանդերձ պահպանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով սահմանված այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքը, որոնք ենթակա են գնահատման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կանոններով:
Տվյալ դեպքում, Լուսակնի գյուղապետի 16.10.2015թ. տրված տեղեկանքի համաձայն` Ջամալ Թեմուրի Քյալաշյանը Արագածոտնի մարզի Լուսակն գյուղում ունի 1100 գլուխ սեփական գառներ, որ տանում են վաճառելու:
Արագածոտնի մարզի Լուսակն գյուղի Լուսակնի անասնաբուժական սպասարկման կետի 16.10.2015թ. թի 001347 անասնաբուժական վկայականի համաձայն` վկայականը տրվել է Ջամալ Քյալաշյանին 1100 գլուխ գլուխ տեղափոխելու համար: Կենդանինները տեղափոխվում են Արագածոտնի մարզի Լուսակնից Արարատի մարզ, Մասիսի սպանդանոց վաճառքի նպատակով:
Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ս. Հովհաննիսյանի 04.12.2015թ. զննություն կատարելու վերաբերյալ կազմված արձանագրության համաձայն՝ զննության են ենթարկվել <<Ոսկե Կացին>> ՍՊԸ-ից 21.11.2015թ. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 1-ին բաժնի ավագ օպեր-լիազոր Տ. Սարգսյանի կողմից վերցված հետևյալ փաստաթղթերը՝
- Ջամալ Թեմուրի Քյալաշյանի AF0265210 անձնագրի պատճենը, որը համաձայն զննություն կատարելու վերաբերյալ արձանագրության պատճենահանված է վատ որակի, իսկ տվյալները հազիվ տեսանելի են,
- Լուսակնի գյուղապետի կողմից տրված 16.10.2015թ. տեղեկանքի, Լուսակնի անասնաբուժական կետի անասնաբուժական թիվ 001347 վկայականի պատճենը՝ 4 թերթից,
- <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ի անցակետի հյուրերի հաշվառման գրանցամատյան, որի 1-ին էջին 16.10.2015թ. թվագրությամբ առկա է Քյալաշյան Ջամալ 10:40-16:30 գրառումը,
- <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ի աշխատակից Արմեն Գրիգորյանի նոթատետրը, որի 10-րդ թերթում` ստորին հատվածում առկա է կարմիր գրիչով կատարված ձեռագիր գրառում` 16.10.2015թ. Քյալաշյան Ջամալ 380հ գառ, որը նույն գրիչով ջնջված է, 16-րդ թերթում առկա է կարմիր գրիչով կատարված ձեռագիր գրառում` 17.10.2015թ. Քյալաշյան Ջամալ 335 հատ գառ, որը նույն գրիչով ջնջված է և 19-րդ թերթի դարձերեսին առկա է 19.11.2015թ. թվագրությամբ կապույտ գրիչով ձեռագիր հետևյալ գրառումը` Ջամալ 149 հատ գառ, 
- <<Ոսկե Կացին>> ՍՊԸ-ի 16.10.2015թ. դրամարկղային ելքի օրդերի համաձայն` գառների դիմաց կանխավճար տալու նպատակով Ջամալ Քալաշյանի անվամբ դուրս է գրվել 1500000 ՀՀ դրամ, ստացող տողում առկա է ստորագրություն,
- <<Ոսկե Կացին>> ՍՊԸ-ի 17.10.2015թ. դրամարկղային ելքի օրդերի համաձայն` գառների դիմաց կանխավճար տալու նպատակով Ջամալ Քալաշյանի անվամբ դուրս է գրվել 200000 ՀՀ դրամ, ստացող տողում առկա է ստորագրություն,
- <<Ոսկե Կացին>> ՍՊԸ-ի 12.10.2015թ. դրամարկղային ելքի օրդերի համաձայն` գառների դիմաց կանխավճար տալու նպատակով Ջամալ Քալաշյանի անվամբ դուրս է գրվել 300000 ՀՀ դրամ, ստացող տողում առկա է ստորագրություն,
- <<Ոսկե Կացին>> ՍՊԸ-ի 30.10.2015թ. դրամարկղային ելքի օրդերի համաձայն` գառների դիմաց կանխավճար տալու նպատակով Ջամալ Քալաշյանի անվամբ դուրս է գրվել 400000 ՀՀ դրամ, ստացող տողում առկա է ստորագրություն,
- <<Ոսկե Կացին>> ՍՊԸ-ի 05.11.2015թ. դրամարկղային ելքի օրդերի համաձայն` գառների դիմաց կանխավճար տալու նպատակով Ջամալ Քալաշյանի անվամբ դուրս է գրվել 7000000 ՀՀ դրամ, ստացող տողում առկա է ստորագրություն,
- <<Ոսկե Կացին>> ՍՊԸ-ի 10.11.2015թ. դրամարկղային ելքի օրդերի համաձայն` գառների դիմաց կանխավճար տալու նպատակով Ջամալ Քալաշյանի անվամբ դուրս է գրվել 6250000 ՀՀ դրամ, ստացող տողում առկա է ստորագրություն,
- <<Ոսկե Կացին>> ՍՊԸ-ի 13.11.2015թ. դրամարկղային ելքի օրդերի համաձայն` գառների դիմաց կանխավճար տալու նպատակով Ջամալ Քալաշյանի անվամբ դուրս է գրվել 10022835 ՀՀ դրամ, ստացող տողում առկա է ստորագրություն,
- <<Ոսկե Կացին>> ՍՊԸ-ի 19.10.2015թ. դրամարկղային մուտք օրդերի համաձայն` մատակարար Ջամալ Քալաշյանից <<Ոսկե Կացին>> ՍՊԸ-ն ստացել է 513 հատ գառ 7258 կգ քաշով, որը հանձնել է Սամվելի կողմից:
Թիվ 44126215 քրեական գործով վկա Անահիտ Մակարյանի 21.11.2015թ. բացատրության համաձայն` ինքը հանդիսանում է <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ի հաշվապահը և վարում է հաշվառումը, ներկայացնում է հաշվետվություններ, ինչպես նաև ընդունում է քաղաքացիների գառների հաշվարկները և վճարում է գումարները :
Քաղաքացիների հետ կնքվում է պայամանգիր, այնուհետև ձեռքբերման համար կազմվում է գնման ակտ: Ներկայացնում են գյուղապետարանից տեղեկանք գառների քանակի վերաբերյալ, անձնագրի պատճեն, անասնաբուժական հսկողության վերաբերյալ տեղեկանք, որը ներկայացնում է գառը բերող քաղաքացին: Գումարը ստանալուց եթե հանդես է գալիս այլ քաղաքացի ներկայացնում է լիազորագիր կամ այլ փաստաթուղթ և ինքը գումարը վճարում է լիազորագիրը կամ այլ փաստաթուղթը ներկայացնելուց հետո:
Նույն քրեական գործով վկա Անահիտ Մակարյանի 23.11.2015թ. լրացուցիչ բացատրության համաձայն` 2015թ. հոկտեմբերի 16-ին իր մոտ է եկել մի տղամարդ և հայտնել է, որ գառներ է բերել, բերել էր նաև անհրաժեշտ փաստաթղթեր` որոնց թվում է եղել Ջամալ Քյալաշյանի տվյալներով անձնագրի շատ վատ որակի պատճեն, որի մեջ շատ վատ էր երևում լուսանկարը և քանի որ բոլոր փաստաթղթերը Քյալաշյան Ջամալի անունով էին տրված ինքը ի սկզբանե կարծել է, որ այդ անձնավորությունը հենց Ջամալն է, հետագայում այդ անձը ներկայացել է որպես Ջամալ և գումարներ ստացել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 521-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գնորդը (ստացողը) պարտավոր է կատարել պայմանագրին համապատասխան մատակարարված ապրանքների ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):
Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն պարագրաֆով նախատեսված դրույթները կիրառվում են առուվաճառքի պայմանագրի առանձին տեսակների (մանրածախ առուվաճառք, ապրանքների մատակարարում, ապրանքների մատակարարում պետական կարիքների համար, էներգամատակարարում, անշարժ գույքի վաճառք) նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրի այդ տեսակների նկատմամբ սույն օրենսգրքի կանոններով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 502-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար այն վաճառողից ստանալուց անմիջապես առաջ կամ հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից:
Փաստերի նման դասավորվածության պարագայում և նկատի ունենալով, որ մատակարարման պայմանագրի ձևի համար սահմանված է գրավոր ձև՝ առանց ձևը չպահպանելու հետևանքները նշելու՝ դատարանն արձանագրում է, որ գառների տեղափոխումը, դրանց հանձնումը, ընդունումը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև դրամարկղային ելքի և մուտքի օրդերները <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ից վերցված լինելու հանգամանքը և վերը նշված՝ մնացած այլ փաստերը հավաստում են կողմերի միջև առկա մատակարարման հարաբերությունների առկայությունը:
Նման պայմաններում և վերոգրյալ ապացույցները համակցության մեջ գնահատելու և 16.10.2015թ. ապրանքների մատակարարման պայմանագրի, 21.10.2015թ. և 29.10.2015թ. գյուղատնտեսական արտադրանքի գնման ակտերի համադրման արդյունքում ևս դատարանը հաստատված է համարում, որ կողմերի միջև կնքվելէ գառների մատակարարման գործարք և պատասխանողը ստացել է Ջամալ Քյալաշյանին պատկանող գառները:
Վերոգրյալը հաստատված համարելու պարագայում և պատասխանողի կողմից գառների արժեքը հայցվորին չվճարելը չվիճարկելու պայմաններում դատարանը միաժամանակ հաստատված է համարում, որ պատասխանողը հայցվորին չի վճարել մատակարարված գառների արժեքը:
Ինչ վերաբերում է պատասխանողի այն դիրքորոշմանը, որ մատակարարման պայմանագրի կնքման օրը հայցվորը պայմանագիր է կնքել նաև ոմն Սամվել Գեղամի Սարգսյանի հետ՝ թվով 1040 հատ գառ վաճառելու վերաբերյալ, ապա դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որով կնույնացվեին պատասխանողի մատնանշած պայմանագրի և կողմերի միջև 16.10.2015թ. կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի առարկան կազմող գառները, ավելին ոմն Սամվել Սարգսյանի և Ջամալ Քյալաշյանի միջև կնքված պայմանագրով նախատեսվել է 1040 հատ գառի առուվաճառք, մինչդեռ <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ի և Ջամալ Քյալաշյանի միջև կնքված գնման ակտերի համաձայն` հայցվորը մատակարարել է 929 գլուխ գառ, ինչի պայմաններում ակնհայտ է, որ նշված պայմանագրերը չեն նույնացվում: Բացի այդ, կողմերի միջև մատակարարման հարաբերությունների փաստը հաստատված լինելու պայմաններում ոմն Սամվել Սարգսյանի և Ջամալ Քյալաշյանի միջև կնքված պայմանագիրը որևէ նշանակություն ունենալ չի կարող սույն գործով կողմերի միջև կնքած գործարքից բխող իրավունքների և պարտականությունների նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
Նույն օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին: 
Նույն օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը: 
Ելնելով վերոգրյալից դատարանը գտնում է, որ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման և պետք է <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ից հօգուտ Ջամալ Քյալաշյանի բռնագանձել 29203831 ՀՀ դրամ:
Անդրադառնալով ուրիշի դրամական միջոցները ապօրինի պահելու համար սկսած 15.11.2015թ.-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ հաշվարկելու և բռնագանձելու հայցվորի պահանջին, դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 502-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`եթե գնորդը ժամանակին չի վճարել առուվաճառքի պայմանագրին համապատասխան հանձնված ապրանքի համար, վաճառողն իրավունք ունի պահանջել վճարելու ապրանքի համար և տոկոսներ` նույն օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն՝ ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
Ելնելով վերոգրյալից դատարանը գտնում է, որ պատասխանողը ընդունելով հայցվորի մատակարարած ապրանքները և ստանձնելով դրա դիմաց վճարելու պարտավորություն՝ չի կատարել այն և հայցվորի հաշվին անհիմն խնայել է վերջինիս դրամական միջոցները, ինչի պայմաններում հայցվորի պահանջը հիմնավոր է, ենթակա է բավարարման և պետք է 29203831 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ՝ սկսած 15.11.2015թ.-ից մինչև պարտավորության դադարման օրը, և այդ գումարը պատասխանողից բռնագանձել հօգուտ հայցվորի:

Անդրադառնալով դատական ծախսերի փոխհատուցմանը և գործին մասնակցող անձանց միջև դրանց բաշխելուն` Դատարանը գալիս է հետևյալ եզրահանգմանը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
Նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: 
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ հայցվորը նախապես վճարել հայցադիմումի համար օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարի մի մասը` 10000 ՀՀ դրամի չափով, իսկ մնացած մասի` 574077 ՀՀ դրամի վճարումը դատարանի 08.12.2016թ. որոշմամբ հետաձգվել է և նկատի ունենալով, որ հայցը բավարարվում է, դատարանը գտնում է, որ պատասխանողից հօգուտ հայցվորի պետք է բռնագանձել 10000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ հօգուտ ՀՀ պետական բյուջե՝ 574077 ՀՀ դրամ, որպես չվճարված պետական տուրքի գումար: 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցագնի մեջ մտնում են նաև հայցադիմումում նշված տուժանքի (տուգանքի, տույժի) գումարները:
Հիմք ընդունելով վերոնշյալը` դատարանը գտնում է նաև, որ պատասխանողից որպես պետական տուրք Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետք է բռնագանձել նաև սկսած 15.11.2015թ.-ից բռնագանձվելիք տոկոսների գումարի 2%-ը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ նախադասության համաձայն՝ հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը:
Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ 08.12.2016թ. որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը` 29203831 ՀՀ դրամի չափով պատասխանողին պատկանող գույքի վրա դրված արգելանքը պետք է պահպանել մինչև վճռի կատարումը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով` Դատարանը

ՎՃՌԵՑ

Ջամալ Թեմուրի Քյալաշյանի հայցն ընդդեմ <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել:
<<Ոսկե կացին>> ՍՊԸ-ից հօգուտ Ջամալ Քյալաշյանի բռնագանձել 29203831 ՀՀ դրամ:
29203831 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 15.11.2015թ.-ից մինչև պարտավորության դադարման օրը հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ, և այդ գումարը բռնագանձել <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ից հօգուտ Ջամալ Քյալաշյանի:
<<Ոսկե կացին>> ՍՊԸ-ից հօգուտ Ջամալ Քյալաշյանի բռնագանձել 10000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար :
<<Ոսկե կացին>> ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 574077 ՀՀ դրամ` որպես չվճարված պետական տուրքի գումար:
<<Ոսկե կացին>> ՍՊԸ-ից որպես պետական տուրք ՀՀ պետական բյուջե բռնագանձել 15.11.2015թ.-ից սկսած բռնագանձվելիք տույժերի գումարի 2%-ը:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2016թ.-ի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը պահապանել մինչև վճռի կատարումը:
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:



ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ