Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

13.11.2017 թ

«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»


«Լիազոր մարմնի ներկայացուցչի միջամտությունը բերելու է ընտանիքի թուլացմանը եւ քանդմանը». փաստաբան 1


Շարունակվում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները: Չնայած չդադարող բացասական կարծիքներին, նախագծի հեղինակները համառորեն պնդում են, որ Հայաստանում կա նմանատիպ օրենքի անհրաժեշտություն: Սակայն բացի կողմ կամ դեմ կարծիքներից, մեկ էական մոտեցում եւս կա` որքանո՞վ է իրավաչափ ՀՀ-ում նման օրենքի կիրառումը: Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր նախագահ, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.

Ըստ էության, մի փոքր ձեռնպահ կմնամ օրենքի նախագծի վերաբերյալ դրական կամ բացասական դիրքորոշում ներկայացնելուց, որովհետեւ այս օենքի կիրառման հետ կապված ավելի կարեւոր խնդիրներ եմ տեսնում, որոնց կցանկանայի անդրադառնալ: Բազմիցս առիթ ունեցել եմ նշելու, որ ՀՀ-ում գործող ոչ մի օրենք չպետք է լինի աննպատակ: Ցանկացած օրենք ոչ թե պետք է համապատասխանեցվի եվրոպական ինչ-ինչ ստանդարտների, այլ պարտադիր կերպով պետք է համապատասխանեցվի իրավունքին: Իսկ իրավունքը ես դիտում եմ որպես երկնային իրավանորմ, եւ եթե երկրային օրենքները չեն համապատասխանեցվելու երկնային օրենքներին, ապա երկրային օրենքը կա՛մ չի գործելու, կա՛մ դառնալու է կործանարար տվյալ երկրի համար:

Կոնկրետ տվյալ օրենքի նախագծի պարագայում, ըստ իս, պետք է ուշադրություն դարձնել աստվածաշնչյան իրավանորմին, որը վերաբերում է ընտանիքին: Ըստ այդմ, ընտանիքը երկու անձանցª տղամարդու եւ կնոջ միություն է: Հաջորդը` ընտանիքն անբաժանելի մասնիկ է: Այս իրավական եզրույթի տակ պետք է հասկանալ, որ հակացուցված է եւ ուղղակիորեն արգելվում է գործառույթներ կատարել, որը կարող է հանգեցնել ընտանիքը բաժանելուն: Եվ եթե ընտանիքի անդամի կողմից կատարվել է ենթադրյալ հանցագործությունը, ապա նա պետք է պատասխանատվության ենթարկվի ներկայիս "Քրեական օրենսգրքով": Հաջորդ աստվածաշնչյան նորմն այն է, որ ընտանիքն ինքնավար հաստատություն է: Այս եզրույթի տակ էլ պետք է հասկանալ, որ ընտանիքը մի անձեռնմխելի ամրոց է անգամ պետական լիազոր մարմնի համար, բացառությամբª օրենքով նախատեսված դեպքերից: Եվ ամենակարեւորըª ընտանիքում պետք է գերիշխի տղամարդու` տեր լինելու եւ կնոջª հնազանդ լինելու հարմոնիան: Սակայն հնազանդ եզրույթը չպետք է հասկանալ ստրուկի կարգավիճակ, այլ` օրինապաշտ լինելու գաղափար:
Մինչդեռ, տվյալ օրենքի նախագծի պարագայում, ոստիկանության տեղամասային տեսուչի կամ այլ լիազոր մարմնի ներկայացուցչի միջամտությունն ընտանիքում, իմ խորին համոզմամբ, բերելու է լիարժեք ընտանիք ասված կառույցի թուլացմանը եւ քանդմանը:
Ինչ վերաբերում է որոշ ընտանիքներում երբեմն նկատվող հակաօրինական գործողություններին, ապա, կարծում եմ, որ «Քրեական օրենսգրքում» անհրաժեշտություն կա խստացնելու ընտանիքում կատարվող բռնությունների հետ կապված պատժաչափերը: Առավել եւս, եթե դրա կատարման կրողը հանդիսանում է տղամարդը: Միեւնույն ժամանակ գտնում եմ, որ սկսած դպրոցական ծրագրերից, վերջացրած բուհական ծրագրերով, ուղղակի անհրաժեշտություն է` մտցնել դասընթաց` տղամարդու-կնոջ եւ երեխաների ներդաշնակ փոխհարաբերությունների առողջ մշակույթի վերաբերյալ: