Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

09.11.2017 թ.

<<advocates.am>> կայք

 

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ


2017 թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում անց է կացվել ՀՀ դատական և ՀՀ քրեական նոր օրենսգրքերի նախագծերի քննարկման ակումբի նիստ։ Նիստը վարել է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: 
Արա Զոհրաբյանը, ներկայացնելով ՀՀ դատական օրենսգրքի՝ սանկցիային վերաբերող փոփոխությունները, նշել է, որ դրանցով առաջարկվում է այսօր գոյություն ունեցող 4 դատական սանկցիայի փոխարեն սահմանել 3-ը՝ հանվում է փաստաբանի կամ դատախազի վարքագծի վերաբերյալ համապատասխան կառույցին դիմելու դատական սանկցիան, այսուհետ հնարավոր է համարվելու փաստաբանին նաև տուգանել: Մինչև հարցի քննարկմանն անցնելը նա վիճակագրական տվյալներ է ներկայացնել: 
2015 թվականին դատական սանկցիաների հիմքով հարուցվել է 6 կարգապահական վարույթ, 2016-ին՝ 21, 2017-ի նոյեմբերի 1-ի դրությամբ՝ 80: 2015-ին ՓՊ խորհուրդը քննել է 5 գործ, 2016-ին՝ 16, իսկ 2017-ին՝ 21 գործ: 2015 թվականին խորհուրդը քննված 5 գործից 4-ը կարճել է, 2016 թվականին քննված 16 գործերից 13-ը կարճվել է, իսկ 2017-ին քննված 21 գործերից կարճվել է 16-ը: 
Պալատի նախագահը նշել է, որ օրենսդրական այս դրույթի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորված չէ: Ինչու է օրենսդիրը որոշել փաստաբանի նկատմամբ անմիջականորեն կիրառել տուգանքը, որպես դատական սանկցիա, երբ գոյություն ունի փաստաբանի վարքագծի հարցը բարձրացնելու հստակ հնարավորություն՝ փաստաբանների պալատի միջոցով: Ընդ որում, դատական սանկցիան պարտադիր հիմք է կարգապահական վարույթ հարուցելու համար:
Ելույթ են ունեցել ներկա փաստաբանները, այդ թվում՝ Սեդրակ Ասատրյանը, Հենրիկ Մաղաքյանը, Լևոն Սահակյանը, Սոս Քարամյանը, Սամվել Միրզոյանը, Էդուարդ Չինարյանը, Լևոն Բաղդասարյանը, Սեյրան Գրիգորյանը, Վահան Հովհաննիսյանը, Գայանե Դեմիրչյանը, Միհրան Մինասյանը, Բաբկեն Մարտոյանը և Ռոման Ահարոնյանը:

Ներկաները մտահոգություն են հայտնել նշելով, որ տուգանքը կարող է կաշկանդել փաստաբանին պաշտպանության իրականացման գործում, իսկ գործող իրավակարգավորումը, ըստ որի միջնորդավորված կարգով է փաստաբանի վարքագծի հարցը բարձրացվում փաստաբանների պալատի խորհրդի առջև, իրավական երաշխիքներ է տալիս փաստաբանին ակնկալել օբյեկտիվ լուծում: 
Փաստաբանները հայտնել են իրենց վճռականությունը և միասնականությունը ծայրահեղ միջոցների գնալու հարցում, եթե պետական մարմինները առողջ և կառուցողական քննարկումից և լուծումներից խուսափեն:
Ակումբի նիստի օրակարգային երկրորդ՝ ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի մասով, Արա Զոհրաբյանը ներկայացրել է այն հատվածները, որոնք վերաբերում են իրավաբանական անձի պատասխանատվությանը և փաստաբանների որոշ արարքների քրեականացնելուն: Քրեական օրենսգրքի՝ փաստաբանների գործունեությանը վերաբերող որոշ դրույթներ նույնպես փաստաբանների անկախությունը վնասելու ռիսկ են պարունակում: 
Փաստաբանները օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտողությունները գրավոր ներկայացնելու են փաստաբանների պալատին՝ դրանք համակարգված արդարադատության նախարարությանը ներկայացնելու համար: