Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

05.12.2017 թ

«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»


ՉՆԱՅԱԾ ԲԱՑԱՀԱՅՏ ՓԱՍՏԻՆ` ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱՆՑԵԼ Է ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ

 

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող աղմկահարույց Նորք-Մարաշի զինված խմբի գործով հերթական դատական վերջին նիստում  հրապարակվեց խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի, Վահան Շիրխանյանի եւ գործից անջատված մասով` որպես մեղադրյալ անցնող Լիլիթ Թ.-ի մասնակցությամբ մի խոսակցության ձայնագրության վերծանում: Ըստ ներկայացվածի` զրույցը տեղի է ունեցել Շիրխանյանի տանը:

Ձայնագրության բովանդակությունն անգամ սկանդալային համարելը մեղմ կլիներ: Այսինքն, ըստ դրա, ստացվում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ոչ միայն տեղյակ է եղել զինված խմբի կազմակերպած հեղաշրջման ծրագրերից, այլ այդ ամբողջ պատմության մեջ նա իր առանձնահատուկ դերն է ունեցել: Այն է, պետք է ապահովեր, որ բանակը չմիջամտեր հեղաշրջմանը: Վերջապես, հաջորդ ելքի դեպքում, ինչպես ձայնագրության մեջ է Շիրխանյանն ասում. «Ամեն ինչ անցնում ա Սեյրանի ձեռքը, նա միանգամից կշարժվի մեր ասածով...»: 
Այսպիսով՝ Արթուր Վարդանյանի խումբը Ս.Օհանյանի համա՞ր էր դեպի իշխանություն տանող ճանապարհը բացում: Ի՞նչ է մտածում այս ձայնագրության մասին Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Հարցի հետ կապված պարոն Բաղդասարյանի պատասխանն էլ իր հերթին է մտորումների տեղիք տալիս. «Քրեական գործի նյութերում տվյալ անձնավորության հետ կապված բացարձակ նման բան չկա: Ավելին, ոչ մի ապացույց չկա, որ ինքը տեղյակ է եղել կամ իր հովանավորչության տակ է գտնվել այդ ամենը»:
Այսինքն` ի՞նչ է ստացվում, ՀՀ պաշտպանության երբեմնի փոխնախարար Շիրխանյանը բաց տեքստով հեղաշրջման փորձը կապում է նախկին պաշտպանության նախարար Օհանյանի հետ, իսկ նախաքննական մարմինը, թեկուզեւ այս ձայնագրության հետ կապված, նրան անգամ վկա՞ չի հրավիրել: Տարօրինակ պատկեր է ստացվում, որից դեռ կփորձենք առաջիկայում գլուխ հանել:
Իսկ մինչ այդ, պարոն Բաղդասարյանի հետ մեր զրույցը շարունակեցինք դատարանում տեղի ունեցած մեկ այլ աղմկոտ թեմայով: Հիշեցնենք՝ վերջին նիստում Լեւոն Բաղդասարյանը նիստը նախագահող դատավորին միջնորդություն էր ներկայացրել՝ մեղադրանքը պաշտպանող դատախազ Գեւորգ Սարգսյանի նկատմամբ կարգապահական սանկցիա կիրառելու մասին: Բանն այն է, որ դատական վերջին նիստերից մեկի ժամանակ ապացույցները ներկայացնելիս` մեղադրողը, մատնանշելով զոհված ազատամարտիկ Վալերիկ Վարդանյանի՝ Եռաբլուրում գտնվող գերեզմանի նկարը, երկու անգամ շեշտեց, որ Ա. Վարդանյանը նկարվել է «ինչ-որ «Շռամ» Վալերիկի» գերեզմանի մոտ՝ առանց դատարանին իրազեկելու, որ Վալերիկը զոհված ազատամարտիկ է եւ Արթուր Վարդանյանի հայրը: Նման հարցադրմանը Ա.Վարդանյանն արձագանքեց. «Ինչ-որը դու ես», որի համար մեկ ժամով հեռացվեց դահլիճից: Մինչդեռ մեղադրող դատախազը, դիմելով Վարդանյանին, ասել էր. «Ականջներդ կկտրեմ», ինչը սակայն նախագահող դատավորի կողմից չարժանացավ համապատասխան գնահատականի: Մեկնաբանելով տեղի ունեցածը` ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸնկատեց.

-  Այո, մեղադրողը, ներկայացնելով զոհված ազատամարտիկ Վալերիկ Վարդանյանի՝ Եռաբլուրում գտնվող գերեզմանի նկարը, երկու անգամ, ըստ իս՝ միտումնավոր ներկայացրեց, թե իմ պաշտպանյալը նկարվել է «ինչ-որ «Շռամ» Վալերիկի» նկարի մոտ, առանց դատարանին ներկայացնելու, որ այդ ինչ-որ «Շռամ» Վալերիկը զոհված ազատամարտիկ է եւ Արթուր Վարդանյանի հայրն է: Տպավորությունն այնպիսին էր, որ ինչ-որ բառակապակցությամբ համեմված «Շռամ» Վալերիկը թաղային հեղինակություն է կամ՝ մականունավոր հանցագործ, որի գերեզմանի մոտ նկարվել է պաշտպանյալս: Մի կողմ թողնելով, թե այդպես մանրակրկիտ երկու անգամ դատարանին ներկայացված այդ ապացույցը ինչ կապ ուներ սույն քրեական գործի հետ, մեղադրողի նմանօրինակ ձեւակերպումն ուղղակի աղերս ուներ Արթուր Վարդանյանի պատվի եւ արժանապատվության հետ, որը տեղիք տվեց նրա տեղից արձագանքելուն՝ «Ինչ-որը դու ես»: Դա էլ հիմք հանդիսացավ՝ նախագահող դատավորի կողմից Ա.Վարդանյանին դիտողություն անելուն եւ նիստերի դահլիճից մեկ ժամով հեռացնելուն: Իսկ մեղադրողի կողմից` «ականջներդ կկտրեմ» արտահայտությունը, ուղղված Ա. Վարդանյանին, նախագահող դատավորի կողմից չարժանացավ համապատասխան գնահատականի: Ես միջնորդություն էի ներկայացրել, որ մեղադրող դատախազին կարգապահական տույժի ենթարկեն իր պահվածքի հետ կապված, սակայն դատարանը քննեց այդ միջնորդությունը եւ մերժեց:
- Վերադառնանք Ձեր պաշտպանյալի եւ Վահան Շիրխանյանի միջեւ խոսակցության վերծանմանը, որտեղ խոսք էր գնում նախագահի ինքնաթիռը պայթեցնելու եւ այլ նմանատիպ ահաբեկչական գործողությունների մասին: Ի՞նչ կասեք այս առումով:
Նախ, տվյալ խոսակցության հետ կապված դատարանը դեռ պետք է գնահատական տա, թե որքանո՞վ է այդ ապացույցը արժանահավատ: Ավելին, որքանով կարող է տեղ գտնել այս քրեական գործում՝ որպես ապացույց: Ինչ վերաբերում է հրապարակված խոսակցությանը, ապա տեղեկացնեմ, որ անգամ մտադրության բացահայտումը չի կարող դիտվել հանցագործություն:
Ինչ վերաբերում է ինքնաթիռ պայթեցնելուն եւ այլ նմանատիպ գործողություններին, միանշանակ գտնում եմ, որ դա հեքիաթի ժանրից է, շինծու եւ հնարովի: Ավելին, աշխարհի պրակտիկայում ավտոմատով ինքնաթիռ խոցվել է մեկ անգամ, որի հեղինակը եղել է Ռեմբոն՝ կինոյում: Իսկ երկրորդը, ըստ մեղադրողների, պետք է լիներ Արթուր Վարդանյանը: Երբ ուսումնասիրում ես քրեական գործի նյութերը, պաշտպանյալիս գործունեությունը, ապա նաեւ քրեական գործով անցնող այլ անձանց գործողությունները, ակնհայտ է դառնում, որ բացարձակ ոչ մի աղերս չի եղել նմանօրինակ գործառույթներ իրականացնելու հետ:
Մեկ կարեւոր հանգամանքի եւս պետք է ուշադրություն դարձնել. նույն այդ վերծանման մեջ երեւում է, որ ձայնագրիչը դրված է ինչ-որ անշարժ տեղ՝ Վ. Շիրխանյանի տանը. վերծանողը Արթուր Վարդանյանի եւ Լիլիթի դուրս գալու հատվածից հետո գրում է` ձայնը հեռացավ: Բայց չգիտես ինչու հետագայում նախաքննության մարմինը հրապարակում է նյութեր, ըստ որոնց՝ այդ ձայնագրությունը գտնվել է Լիլիթի համակարգչի մեջ: Տարօրինակ է՝ ինչպե՞ս է ձայնագրությունը հետագայում հայտնվել Լիլիթի համակարգչի մեջ: Դրանք բոլորը հարցեր են, որոնց պատասխանները, կարծում եմ, մեղադրվող կողմը պարտավոր է տալ:
- Արդեն տեւական ժամանակ է, ինչ ընթանում է սույն գործով դատավարությունը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք, ինչպե՞ս այն կավարտվի:
Անկեղծ ասած, հակված չեմ կարծելու, որ արդար դատաքննություն է ընթանալու: Բայց արդար դատաքննության արդյունքում ավելի քան վստահ եմ, որ ոչ միայն չեն ապացուցվի պաշտպանյալիս մեղսագրվող մեղադրանքները, այլ նաեւ կապացուցվի, որ ի դեմս մասնավորապես Արթուրի, մենք գործ ունենք հայրենասերի հետ:

 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ