Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3020/02/16


Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

09.10.2017 թվական ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական
շրջանների ընդհանուր իրավասության առաջին
ատյանի դատարանը

Նախագահությամբ դատավոր Հ. ԶԱՐԳԱՐՅԱՆԻ

Քարտուղարությամբ Ա. Սիմոնյանի

Մասնակցությամբ հայցվորի ներկայացուցիչ` Գ.Գևորգյանի


պատասխանողի ներկայացուցիչ` Ժ.Սաֆարյանի

LԵՎ ԳՐՈւՊ փաստաբանական գրասենյակ


Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Թագուհի Թովմասյանի ընդդեմ «Վիրտուալ-Մեդիա» ՍՊԸ-ի` վիրավորանքի համար ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և գումարի փոխհատուցման պահանջների մասին,


ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը 
Թագուհի Թովմասյանը դատարան է ներկայացված հայցադիմում ընդդեմ «Վիրտուալ-Մեդիա» ՍՊԸ-ի ՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և գումարի փոխհատուցման պահանջների մասին:
Դատարանի 09.08.2016 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործը նշանակվել է քննության: Դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:
Դատարանի 21.03.2017 թվականի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության:
Գործի դատաքննությունն ավարտվել է 25.09.2017 թվականին և 09.10.2017 թվականին հայտարարվել է վճռի հրապարակման օր։


2. Հայցվորի փաստարկները և իրավական դիրքորոշումը
Դիմելով Դատարան՝ հայցվոր կողմը հայտնել է, որ www.slaq.am էլեկտրոնային կայքում հրապարակվել է իր վստահորդի «ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am էլեկտրոնային լրատվական կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի անձի վերաբերյալ վիրավորանք և զրպարտություն պարունակող 08.07.2016թ. <<Կույր ատելությունը այս աղջկան կհասցնի հոգեկան խանգարման>> և վիրավորանք պարունակող <<Սեյրան Օհանյանը բացի տաղանդավոր և փորձառու հրամանատար լինելը, նաև բավականին համակրելի տղամարդ է>> վերնագրված հետևյալ համապատասխանաբար հղումներով հոդվածները` http:/www.slaq.am/arm/news/1109565/ և http://www.slaq.am/arm/news/1111436 դրանք Կայքում ներկայացվելով իբրև այլ աբյուրներից վերարտադրողության, մինչդեռ դրանց իրական գոյությունն, որպես անձինք, առնվազն հիմնավոր կասկած է առաջացնում: Միաժամանակ Կայքում հրապարկված 08.07.2016թ. <<Կույր ատելությունը այս աղջկան կհասցնի հոգեկան խանգարման>> վերնագրված հոդվաի ներքո <<Armen Araratyan>> օգտատիրոջ անունից <<8 հուլիս, 2016 7:04>> ժամանակազրմամբ կատարվել է վիրավորական ու զրպարչական գրառում: Ըստ http://abcdomain.am/ համացանցային կայքէջի www.slaq.am կայքէջը գրանցված է «Վիրտուալ-Մեդիա>> ՍՊԸ ի (VIRTUL-MEDIA LLC) անվամբ, որի իրավաբանական հասցեն հանդիսանում է ք.Երևան Ամիրյան փող., 3շ. 20բն. Իսկ ըստ https://www.taxservice.am/OS Taxpayers.aspx/ համացանցային կայքէջում: Հոդվածներում տեղ գտած մտքերը վիրավորանք և զրպարտություն են պարունակում, որոնց միջոցով արատավորվել է հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը:
Հայցվոր կողմը հայտնել է, որ պատասխանողը հոդվածների հրապարակմանը զրպարտել և վիրավորել է հայցվորին, քանի որ հայցվորը հանդիսանալով «ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am էլեկտրոնային լրատվական կայքի գլխավոր խմբագիր (լրագրողի) ունի իր տեղը հասարակությունում, որը պարտավորեցնում է ունենալ անբասիր վարքագիծ և օրինակելի կեցվածք, մինչդեռ Պատասխանողի կողմից ներկայացված Հոդվածներր ոչ հավաստի տեղեկատվություն է հաղորդում երրորդ անձանց և վիրավորում է հայցվորին՝ վտանգեքով վերջինիս, որպես անձի ե խմբագրի նկատմամբ հասարակական վերաբերմունքի օբյեկտին) դրսևոբումր։ Հանրության կողմից Հայցվորի տրվող գնահատականը ունի չափազանց կարևոր գործնական նշանւսկա թյուն, բանի որ բացւսսւսկան գնահատականը նսեմացնում է Հայցվորի, որպես անձի, կնոջ և ավելին որպես խմբագրի հեղինակությունը, խոչընդոտներ է ստեղծում հասարակական ն տնտեսական հարաբերություններին լիարժեք մասնակցելու համար։
Հաշվի առնելով վերոգրյալը նկատի ունենալով հասարակական կյանքում հայցվորի անձը և խմբագրի կարգավիճակը, և նկատի ունենալով այն հանգամանքր, որ վիրավորանքը և զրպարտող տեղեկությունները հրապարակվել են երրորդ անձանց, մասնավորապես դրանք հասու դրձանելով հասարակության լայն զանգվածներին, գտնել է, որ անհրաժեշտ է հերքել զրպարտող հայտարարությունը և հրապարակայնորեն ներողություն խնդրել:
Հայցվոր կողմը խնդրել է <<Վիրտուալ––Մեդիա» ՍՊ ընկերությանը պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Թագուհի Թովմասյանից WWW.SLAQ.AM Համացանցային էլեկտրոնային կայքէջում 08.07.2016թ. <<Կույր ատելությունը այս կհասցնի կհասցնի հոգեկան խանգարման>> և 16.07.2016թ. <<Սեյրան Օհանյանը>> բացի տաղանդավոր և փորձառու հրամանատար լինելը, նաև բավականին համակրելի տղամարդ է>> վերնագրված հոդվածներում Թագուհի Թովմասյանի վերաբերյալ հրապարակված վիրավորանքների համար։ <<Վիրտուալ Մեդիա>> ՍՊ ընկերությունից հօգուտ Թագուհի Թովմասյանի բռնագանձել փոխհատուցում 1.000.000 ՀՀ դրամի չափով, բռնագանձումը տարածելով պատասխանողին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։

2.1. Պատասխանողի փաստարկները և իրավական դիրքորոշումը
Պատասխանողն առարկել է հայցի դեմ ամբողջությամբ և խնդրել է հայցը մերժել` հայտնելով նաև, որ պատասխանողը պահպանել է լրագրողական էթիկայի նորմերը, և հրապարակել նաև Թագուհի Թովմասյանի պատասխանը, սակայն ներողություն խնդրելու մասով առարկել է հայցի դեմ` նշելով, որ հրապարակված հոդվածները չեն պարունակում վիրավորանք:

3.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը հետևյալն են.
1. 08.07.2016 թվականին հրապարակված <<Կույր ատելությունը այս կհասցնի կհասցնի հոգեկան խանգարման>> վերտառությամբ հոդվածում նշվել է, որ <<Թագուհի Թովմասյանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի պահպանի լրատվական դաշտի թիվ մեկ շանտաժիշտի ու մուտիլովչիկի իր առաջատար դիրքը և պատրաստ է հանուն այդ կոչման` դիմել ամենակեղտոտ, սադրիչ և ազգադավ քայլերի: Պետական տարբեր գերատեսչությունների, տարատեսակ պաշտոնյանների վրա շառ անելուց, մարդկանց անհատականի մեջ քիթը անհարկի խոթելուց ու այդ ամենի արդյունքում մշտապես անհաջողության մատնվելուց ու վերջին ձևով խայտառակվելուց հետո, այս անգամ Թովմասյանը իր կարճ խելքով եկել է մի «դարկազմիկ» եզրահանգման որոշելով, որ օրեցոր անկում ապրող և վերջին շրջանում մեր քաղաքացիներին անընդմեջ հիասթափեցնող իր թերթի ու կայքի վարկաբեկված հեղինակության վարկանիշը զրոյից մի փոքր բարձրացնելու համար` ամենահարմար թիրախը ՀՀ ՊՆ-ն է` ի դեմս նախարար Սեյրան Օհանյանի: Տպավորություն է ստեղծվում, որ ՊՆ-ի հանդեպ տածած կույր ատելությունն ու չարդարացված աբիժնիկությունը այս աղջկան ի վերջո հասցնելու են հոգեկան խանգարման: Հարգելի Թագուհի կան ընդունված նորմեր, որոնք խախտելը առնվազն անբարոյականություն է, աշխարհի ցանկացած քաղաքակիրթ երկրում չգրված էտիկետով երբեք հրապարակավ չեն քննադատում տվյալ երկրի ՊՆ նախարարին և այս անժխտելի փաստն առավել ևս պետք է անընդունելի լինի մեր պես պատերազմական վիճակում գտնվող երկրում, իսկ քո դրսևորած անհասկանալի վարքագիծն ու ընտրած ճղճիմ ու որևէ տրամաբանությունից զուրկ գործելաոճը ունի միայն մեկ բացատրություն` ջուր լցնել ազերիների ջրաղացին և վայրահաչելու ու զվարճանալու հերթական շարժառիթ հանդիսանալ: Ես կարծում եմ, որ մեր հասրակության կողմից պետք է խստագույնս դատապարտվի ու պարսավանքի արժանանա` մեր հերոսաբար զոհված քաջերի, ինչպես նաև առողջական և սոցիալական խնդիրներ ունեցող զինվորների անվան վրա կառուցված էժանագին շոուի ցանկացած դեպք: Իսկ եթե Թագուհին իրոք մտահոգ է մեր զինվորների առողջությամբ և կենցաղային պայմաններով, ապա ավելի խելամիտ ու այս պարագայում նաև ընկալելի կլինի, եթե ինքն ու իր աշխատակիցները փորձեն գոնե մեկ անգամ մի փոքրիկ օգնություն և ուշադրություն տրամադրեն նմանատիպ խնդիրներ ունեցող որևէ զինվորի կամ զոհվածի ընտանիքի: Բայց քանի որ նման քայլի հազիվ թե ականատես լինենք, ապա կոչ եմ անում Թագուհուն, որպեսզի չթունավորի մարդկանց կյանքը, իզուր տեղը ոտնատակ չընկնի ու ավելորդ անգամ չվարկաբեկվի: Եվ վերջում տեղյակ պահեմ Թագուհուն, որ ի դեմս մեկ այլ հայտնի շառ անողի` «Հրապարակի» Արմինեի ձեռք բերել շատ կատաղի և վտանգավոր մրցակցի, ով ևս արդեն տևական ժամանակ ա, որ ապարդյուն կերպով ու նույնատիպ ջղաձգումներով փորձում ա գործից «ազատել» Սեյրան Օհանյանին, սակայն Արմինեին կանդրադառնամ հաջորդ անգամ>>:
2. 16.07.2016 թվականին հրապարկված <<Սեյրան Օհանյանը բացի տաղանդավոր և փորձառու հրամանատար լինելը, նաև բավականին համակրելի տղամարդ է>> վերտառությամբ հոդվածի մեջ նշվել է, որ <<Ես ուղղակի զարմանում եմ մարդ ինչքան կարա պադոշ ու թերուս լինի, հատկապես եթե տվյալ անձը կին է և այն էլ «լրագրող»: Ստիպված եմ կրկին անդրադառնալ «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանին, ով կրկին փորձել է իր խղճուկ գոյության մասին հիշեցնել և կրկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի կնոջ միջոցով: Այս անգամ ևս Արմինեն չի փայլել իր օրիգինալությամբ և իր թերթում հրապարակել հերթական զզվելի, անանուն ու անհասցե ապատեղեկատվությունը, որտեղ խոսվում է ինչ որ մտացածին հավաքույթի մասին, որտեղ իբր թե քննարկվել է Ռուզաննա Խաչատրյանի առաջին տիկին դառնալու վաղեմի երազանքի մասին: Հարգելի Արմինե եթե քո նպատակն է, որ նման էժանագին շոուներով ու Ժյուլ Վեռնի նախանձը շարժող քո վառ երևակայությամբ կարողանաս հակասություն կամ որոշակի սառնություն մտցնես երկրի նախագահի և ՊՆ նախարարի արդեն երկար տարիների ընթացքում ձևավորված ջերմ և ընկերական հարաբերություններում, ապա ասեմ ի սկզբանե դատապարտված ես անհաջողության, քանի որ երկրի ղեկավարն ու ՊՆ նախարարը մարտական ընկերներ են, իսկ նրանց կանայք այդ ընկերության անքակտելիության առաջին ջատագովները: Բայց կարող է լինել նաև երկրորդ տարբերակը, քանի որ Սեյրան Օհանյանը բացի տաղանդավոր և փորձառու հրամանատար լինելը, նաև բավականին համակրելի տղամարդ է չի բացառվում, որ այս մոտիվացիան կարող է ընկած լինել քո և մեր լրատվական դաշտի մյուս կրքոտ Աֆրոդիտեի` Թագուհի Թովմասյանի գործողությունների հիմքում: Շտապեմ հիասթափեցնել, որ այս ճակատում ևս ձեզ կատարյալ ձախողում է սպասվում, քանզի Սեյրան Օհանյանը կատարել է իր ընտրությունը և այսօր ունի փոխադարձ սիրո և հարգանքի վրա խարսխված` ամուր, կայուն և ընդօրինակման արժանի ընտանիք: խորհուրդ կտամ` ձեր վհուկների որսն ու կանացի արկածները` ձեզ համար ավելի հասանելի և մատչելի անձանց նկատմամբ կիրառել>>: 
3. 27.07.2016 թվականի գրության համաձայն` <<Վիրտուալ Մեդիա>> ՍՊ ընկերությունի տնօրեն Արտակ Հարությունյանը <<Ժողովուրդ>> օրաթերթի և Arm.Lur.am էլեկտրոնային լրատվական կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի փաստաբան Գևորգ Մկրտչյանին հայտնել է, որ Slaq.am կայքի խմբագրությունը ստացել է գրությունը և կից փաստաթղթերը «Ժողովուրդ» օրաթերթի և Arm.Lur.am էլեկտրոնային լրատվական կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի մասին slaq.am կայքում www.facebook.com սոցիալական կայքից տեղադրված ակտիվ հղումների վերաբերյալ։
Slaq.am կայքի խմբագրությունն առաջնորդվելով հանրությանը բազմակողմանի, ճշմարիտ և ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու իր որդեգրած սկզբունքից և անհրաժեշտությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջներով ամբողջովին 2016 թվականի հուլիսի 27-ին ժամը 12:58 սահմաններում հրապարակել է «ժողովուրդ» օրաթերթի և Arm.Lur.am էլեկտրոնային լրատվական կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյաեի պատասխանը։
Slaq.am կայքի խմբագրությունը կարևորելով ժողովրդավարական հասարակությունում հայտնի «Notice and take down action» միջազգային սկզբունքը և առաջնորդվելով միջազգային համընդհանուր ընդունելի վարքագծով 2016 թվականի հուլիսի 27-ին ժամը 12:00 սահմաններում «Կույր ատելությունը այս աղջկան կհասցնի հոգեկան խանգարման» վերտառությամբ www.facebook.com սոցիալական կայքի «Հայ Օլեգարխ» օգտատերի պատի հրապարակման Slaq.am կայքում տեղադրված հղումի տակ www.facebook.com սոցիալական կայքի «Armen Araratyan» օգտատերի կողմից կատարված մեկնաբանությունը հեռացվեւ Է Slaq.am կայքից։
Ինչպես նաև «ժողովուրդ» օրաթերթի և Arm.Lur.am էլեկտրոնային լրատվական կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի ուշադրություն ենք հրավիրում «Զանզվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին, համաձայն որի. «Պատասխանը չպետք է հակասի սույն օրենքի պահանջներին և պետք է վերաբերի միայն պատասխանի առարկա տեղեկատվության մեջ տեղ գտած փաստացի անճշտություններին։ Այն չպետք է պարունակի պատասխանի առարկա տեղեկատվությունը պատրաստած կամ տարածած անձի, ցանկացած այլ անձի կամ՝ նրանց գործունեության քննադատություն, եթե դա ուղղակիորեն կապված չէ այլ տեղեկատվության հետ։» և չնայած այն հանգամանքին, որ պատասխանը ներկայացվել է վերը նշված օրենսդրական պահանջների խախտմամբ այնուամենայնիվ Slaq.am կայքի խմբագրությունը դրսևորել է բարեխիղճ վարքագիծ ու բարի կամք և հրապարակել է ներկայացված պատասխանը։
Դատարանը, ուսումնասիրելով ներկայացված ապացույցները և գործի հանգամանքները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ հանգում է այն եզրակացության, որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Ա. ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից։ 
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից..., իսկ 2-րդ մասի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:
Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշմամբ նշել է, որ դատարանների հայեցողական լիազորության ճիշտ կենսագործման համար անհրաժեշտ է հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից սահմանված չափորոշիչները խոսքի ազատության իրավունքի և դրա սահմանափակումների վերաբերյալ, մասնավորապես.
1.Խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով,
2. Դրանք պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում,
3. Դրանք պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ,
4. Կիրառված սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին:
Օրենքով նախատեսված լինելու պահանջն առաջին հերթին հանգում է համապատասխան ներպետական օրենքի առկայության: Միաժամանակ որոշակի պահանջներ պետք է նախատեսվեն նաև այդ օրենքի որակական հատկանիշների համար: 
Մասնավորապես այն պետք է լինի ընդհանուր կիրառման ներքին ակտ, պետք է լինի հստակ և յուրաքանչյուրին հասանելի:
Այդ մասին է վկայում նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Այսպես` Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայում նշված «նախատեսված է օրենքով» արտահայտությունը պահանջում է ոչ միայն ներպետական օրենքի առկայություն, այլև այն վերաբերում է օրենքի որակին: Օրենքը պետք է հասանելի և կանխատեսելի լինի, այսինքն` ձևակերպված լինի բավականաչափ հստակ, որպեսզի անհատին հնարավորություն ընձեռի անհրաժեշտության դեպքում կարգավորել իր վարքագիծը (տե´ս Սանդի Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 26.04.1979 թվականի վճիռը, կետ 49, Սանոմա Ուիտգեվերս Բ. Վ.-ն ընդդեմ Նիդերլանդների գործով Եվրոպական դատարանի 14.09.2010 թվականի վճիռը, կետ 81):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը քննարկվել է ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-997 որոշմամբ` ճանաչվելով ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, հետևաբար «նախատեսված է օրենքով» հասկացության որակական պահանջները համապատասխանում են նաև դրանց սահմանադրականության տեսանկյունից:
Արտահայտվելու նկատմամբ կիրառվող սահմանափակումները պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ: Վճռաբեկ դատարանը գտնել է, որ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ գործերով իրավաչափ են այն նպատակները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ կամ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված արժեքների` անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության համար: 
Խոսքի ազատության սահմանափակումները նախատեսված են թե´ ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածում, թե´ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի 3-րդ կետում, թե´ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետում:«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-97-Ն օրենքի ընդունումը, որով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածը շարադրվեց նոր խմբագրությամբ և օրենսգիրքը լրացվեց նոր` 1087.1-րդ հոդվածով, նպատակ ունի ապահովել անձի պատվի և արժանապատվության պաշտպանությունը այլ անձանց ոտնձգություններից, հստակեցնել զրպարտություն և վիրավորանք հասկացությունները, զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատու անձանց շրջանակը և համարժեք դարձնել պատասխանատվությունը:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ դրույթները հետապնդում են իրավաչափ նպատակ, այն է` ապահովել անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների` պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը:
Եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի մեկնաբանմանը, բազմիցս նշել է, որ իրավունքներին միջամտելու անհրաժեշտությունը որոշելու հարցում մասնակից պետություններն օժտված են հայեցողության որոշակի սահմանով, որը, սակայն, ուղեկցվում է եվրոպական կառույցների վերահսկողությամբ, իսկ վերջինիս սահմանները կախված են գործի բնույթից: Բոլոր այն դեպքերում, երբ արձանագրվում է միջամտություն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով երաշխավորված ազատություններին և իրավունքներին, եվրոպական կառույցները պետք է խիստ վերահսկողություն սահմանեն, ինչը պայմանավորված է այդ իրավունքների կարևորությամբ (տե´ս «Աուտրոնիկ» բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 22.05.1990 թվականի վճիռը, կետ 61, «Գրոպպերա ռադիո» բաժնետիրական ընկերությունը և մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 28.03.1990 թվականի վճիռը, կետ 61):
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «անհրաժեշտ» հասկացությունը նշանակում է, որ սահմանափակումն առաջացել է հասարակական կամ սոցիալական կարիքներից և առկա է ճնշող հասարակական կարծիք այդ հարցում: Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ միջոց համարվելու համար միջամտությունը պետք է «բավականաչափ» հիմնավորված լինի, ինչը պարզելու համար հարկավոր է հաշվի առնել տվյալ գործով հանրությանը հուզող յուրաքանչյուր հայեցակետ (տե´ս Սանդի Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 26.04.1979 թվականի վճիռը, կետ 65):
Հետապնդվող իրավաչափ նպատակներին միջամտության համաչափությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև պատասխանատվության միջոցների բնույթն ու խստությունը (տե´ս Տամմերն ընդդեմ Էստոնիայի գործով Եվրոպական դատարանի 04.04.2001 թվականի վճիռը, կետ 69): Պատասխանատվության համար ընտրված միջոցի բնույթը և խստությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ յուրաքանչյուր կոնկրետ գործով դրանք պարզման ենթակա ինքնուրույն հարցեր են:
Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ բոլոր դեպքերում համաչափությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել կիրառված միջոցների պիտանիությունը: Սա ենթադրում է, որ պատասխանատվության միջոցների կիրառման լիազորություն ունեցող սուբյեկտը ընտրում է հնարավոր միջոցներից պիտանին: Պիտանի միջոցների մեկից ավելիի առկայության դեպքում պետք է ընտրվի այն միջոցը, որն անհրաժեշտ է նպատակին հասնելու համար, իսկ պիտանի և անհրաժեշտ միջոցներից միայն նա, որը հնարավորություն է տալիս առավել նվազ ձևով միջամտելով կարծիքն ազատ արտահայտելու իրավունքին ապահովել այլ անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը:
Բ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կանոնակարգումների մասով հարկ է նշել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: 
Վերոնշյալ դրույթից հետևում է, որ վնաս պատճառողն այն անձն է (ֆիզիկական կամ իրավաբանական), ով վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորել է այլ ֆիզիկական անձի պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավը:
Տուժողը (զրպարտության կամ վիրավորանքի ենթարկված անձ) այն ֆիզիկական անձն է, ում պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավն արատավորել է մեկ այլ անձ (ֆիզիկական կամ իրավաբանական) վիրավորանքի կամ զրպարտության միջոցով:
Վիրավորանքի կամ զրպարտության միջոցով վնաս պատճառելու հետևանքով առաջացող հարաբերության սուբյեկտների շրջանակի սահմանափակում օրենսդիրն արդարացիորեն չի նախատեսել, և այդպիսիք կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Ինչպես վնաս կրողի, այնպես էլ վնաս պատճառողի կողմում կարող են հանդես գալ մեկից ավելի անձինք, և այս դեպքում ծագում է անձանց բազմաթվությամբ պարտավորություն: Ըստ այդմ էլ վնաս պատճառողները հանդես կգան որպես համապարտ պարտապաններ, եթե ծագած պարտավորությունը (վնասի հատուցումը) անբաժանելի է, իսկ տուժողները` որպես համիրավ պարտատերեր: Նշված դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին կետի և 1073-րդ հոդվածի կանոնակարգումները: 
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքի իմաստով վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: Սույն օրենսգրքի իմաստով հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:
Վերոնշյալ դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրավորանքը (պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը) կարող է դրսևորվել խոսքով, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, պատկերների միջոցով (նկարներ, տարածական պատկերներ), ձայնի (ինչպես բանավոր խոսքը, այնպես էլ տարբեր հնչերանգների կիրառումը), նշանների միջոցով (ժեստիկուլացիաներ, սիմվոլներ): Օրենսդիրն իրավացիորեն չի սահմանափակել միջոցների շարքը, որոնք կարող են կիրառվել վիրավորանքն արտահայտելիս` հնարավորություն տալով իրավակիրառողին, կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով, որոշել` արդյոք տվյալ միջոցի օգտագործմամբ կատարված արտահայտությունը կարող է որակվել որպես վիրավորանք: Հետևաբար վիրավորանքը կարող է արտահայտվել ցանկացած այլ միջոցի օգտագործմամբ, որը ներառված չէ վերոնշյալ թվարկման մեջ:
Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` վիրավորանք գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ` 
1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը, 
2. արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը:
3. արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը: Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաև այն դեպքում, երբ երրորդ անձը ևս կատարում է արտահայտություններ և ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ` երկու և ավելի անձանց կողմից վիրավորելը): Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով: Այդպիսի արտահայտությունների ներկայացումը հասցեատիրոջը չի կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց:
Մեկնաբանվող հոդվածի կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հայտարարությունը կատարվել է ոչ հրապարակային (անձը վիրավորել է տուժողին առանց երրորդ անձանց ներկայության): 
Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված դրույթում ամրագրված վիրավորանքի սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով: Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումը այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել և ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում: Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տե´ս Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 76): Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տե´ս Ռիզոսը և Դասկասն ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը պարտադիր է արտահայտությունը վիրավորանք գնահատելու համար: Այդուհանդերձ, օրենսդիրն ամրագրել է որոշակի դեպքեր, երբ արտահայտությունը թեև բավարարում է վերոնշյալ պայմաններին, սակայն կոնկրետ իրավիճակում և իր բովանդակությամբ օրենքի ուժով կարող է չհամարվել վիրավորանք: Այդպիսիք են այն դեպքերը, երբ տեղեկատվությունը հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: Օրենսդրական նման ձևակերպումը հիմք է արձանագրելու, որ այդ դեպքերը յուրաքանչյուր կոնկրետ գործով ենթակա են առանձին գնահատման` պարզելու, թե արդյոք տվյալ բովանդակությամբ և տվյալ իրավիճակում ներկայացված արտահայտությունը պարունակում է վիրավորանք, թե ոչ:
Անդրադառնալով «Ստույգ փաստեր» եզրույթին` Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այդպիսիք հանդիսանում են այն փաստերը, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր (ապացուցման անհրաժեշտություն չունեցող): Անհրաժեշտ է ուշադրության դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում գործի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է:» (տե´ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46):
Վերոգրյալից զատ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ գնահատող դատողությունը, դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություններ տարածելու իրավունքի դրսևորում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա: Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև նրանով, որ անդրադառնալով նշված հարցին` Եվրոպական դատարանը նշել է, որ անձնական կարծիքը կարող է չափազանցված համարվել` հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում (տե´ս Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետ 33):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նշել, որ յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյոք ներկայացված փաստացի տվյալները տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ բխել են «Գերակա հանրային շահից», որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով, արդյո՞ք հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, արդյո՞ք հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել է դրանց հետագա հրապարակմանը: «Գերակա հանրային շահը» գնահատելիս վերոնշյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ զանգվածային լրատվության միջոցների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և հարցերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում գաղափարների տարածման պարտականություն: Զանգվածային լրատվության միջոցների այդ գործառույթին (պարտականությանը) զուգորդվում (համապատասխանում) է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը: 
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում:
Հետևաբար, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որպեսզի վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին): 
Նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն` եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նշել, որ վերոնշյալ դրույթները մեկնաբանելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև համակարգային մեկնաբանության սկզբունքը: Այսպես` սույն հոդվածը, ներառված լինելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վնաս պատճառելու հետևանքով ծագող հարաբերությունները կանոնակարգող գլխում, վերաբերում է քաղաքացու պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին վնաս պատճառելու հետևանքով ծագող հարաբերությունների կարգավորմանը: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կանոնակարգումները վերաբերում են բացառապես վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին վնաս պատճառելու հետևանքով առաջացող հարաբերություններին: 
Վերոնշյալ մեկնաբանությունները հիմք ընդունելով և համադրելով դրանք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված պարտավորությունների ծագման հիմքերի հետ` Վճռաբեկ դատարանը գտել է, որ անձին վիրավորելը կամ զրպարտելը առաջացնում են պարտավորական հարաբերություն (պարտավորություն): Պարտավորական հարաբերության դադարման հիմքերին վերաբերող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով: Վիրավորանքի կամ զրպարտության հիմքով ծագած պարտավորությունը ևս դադարում է պարտավորությունների դադարման համար ընդհանուր հիմքերի առկայության դեպքում` հաշվի առնելով այդ հարաբերությունները կարգավորող նորմերի առանձնահատկությունները:
Զրպարտության կամ վիրավորելու հետևանքով ծագող հարաբերությունը դադարում է նաև այն դեպքում, երբ լրատվական գործունեություն իրականացնողը տուժողի պահանջով հրապարակել է հերքում կամ տուժողի պատասխանը: 
Վճռաբեկ դատարանի նշված եզրահանգումը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 10-րդ կետի կանոնակարգումից, որի համաձայն` անձը չի կարող օգտվել սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներից, եթե նա մինչև դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահանջել է հերքում և (կամ) իր պատասխանի հրապարակում, և լրատվական գործունեություն իրականացնողը կատարել է այդ պահանջը:
Վերոնշյալ ընդհանուր և հատուկ հիմքերից բացի օրենսդիրը վիրավորանքի կամ զրպարտության միջոցով վնաս պատճառելու հետևանքով առաջացող հարաբերության դադարման որևէ այլ հիմք չի նախատեսել: 
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետերից հետևում է, որ անձն ազատվում է պատասխանատվությունից երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1. արտահայտված կամ ներկայացված փաստացի տվյալներն անձի հրապարակային ելույթների, պաշտոնական փաստաթղթերի, հեղինակային ստեղծագործությունների, լրատվական գործունեություն իրականացնող ընկերությունների հրապարակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են,
2. տեղեկատվությունը տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին:
Տեղեկատվությունը բառացի կամ բարեխիղճ ներկայացնելու օրենսդրի պահանջը նպատակ է հետապնդում ապահովել բացահայտված աղբյուրում տեղ գտած տեղեկատվության բառացի շարադրանքը կամ հրապարակել այն այնպես, որ չփոխվի ինչպես ամբողջական իմաստը, այնպես էլ կոնկրետ փաստերի վերաբերյալ առկա տեղեկատվությունը: 
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նաև անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետերում ամրագրված «տեղեկատվության աղբյուր» եզրույթին: Նշված դրույթների վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով տեղեկատվության աղբյուրներն անձինք են (ֆիզիկական և իրավաբանական), որոնք տարբեր միջոցներով հրապարակում են տեղեկատվությունը: Տեղեկատվության աղբյուր են հանդիսանում հեղինակները և լրատվական գործակալությունները: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հիշատակված դրույթներում ամրագրված անձի հրապարակային ելույթները, պաշտոնական փաստաթղթերը, հեղինակային ստեղծագործությունները տեղեկատվության աղբյուրների կողմից օգտագործվող միջոցներ են: «Տեղեկատվության միջոց» հասկացությունը մեկնաբանելիս Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադարձ կատարել Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Վերջինիս համաձայն` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի գործողության ոլորտում են գտնվում ոչ միայն այն տեղեկությունները և գաղափարները, որոնք արտահայտվում են գրավոր կամ բանավոր խոսքի միջոցով, այլ նաև տարաբնույթ միջոցներով արտահայտված և տարածվող տեղեկություններն ու գաղափարները: Մասնավորապես` Կոնվենցիայի 10-րդ հոդվածը կիրառելի է գեղարվեստական ինքնարտահայտման միջոցների` նկարների, ֆիլմերի և արվեստի այլ ստեղծագործությունների նկատմամբ, ինչպես նաև հեռարձակման բոլոր միջոցների և էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի նկատմամբ (տեղեկությունների և գաղափարների արտահայտման միջոցների հարցին Եվրոպական դատարանն ի թիվս այլոց անդրադարձել է Մյուլերը և մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի գործով 24.05.1988 թվականի որոշմամբ, կետ 34, Աութրոնիկ ԷյՋի-ն ընդդեմ Շվեյցարիայի գործով 22.05.1990 թվականի որոշմամբ, կետ 47): 
Վերոնշյալ հետևությունը հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ հղում է կատարված տեղեկատվության աղբյուրին, սակայն նույն աղբյուրում տեղ գտած տեղեկատվությունը հրապարակված չէ բառացի կամ բարեխիղճ, այլ կերպ` հրապարակողը փոփոխություններ է մտցրել տեղեկատվության մեջ, ավելացրել է, հանել կամ փոփոխել փաստերը (շարադրանքը կամ դրա առանձին մասերը), ապա հրապարակող անձը չի ազատվում պատասխանատվությունից: Նույն կանոնը գործում է նաև այն դեպքում, երբ տարածողը թեև վերարտադրում է տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ շարադրանքը, այդուհանդերձ հղում է կատարում մի աղբյուրի, որը չի համարվում «տեղեկատվության աղբյուր» ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով, այն է` չի հանդիսանում հեղինակ կամ լրատվական գործակալություն: 
Վերը նշված երկու դեպքերում էլ տեղեկատվություն հրապարակողն ինքն է համարվում զրպարտող կամ վիրավորող: 
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նշել, որ տեղեկատվություն հրապարակողը, եթե նույնիսկ հրապարակել է տեղեկատվության բովանդակությունը բառացի կամ բարեխիղճ և հղում է կատարել աղբյուրին, չի ազատվում պատասխանատվությունից, եթե դատավարության ընթացքում կապացուցվի, որ նա գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` զրպարտություն լինելու մասին, քանի որ նման դեպքում անձի մոտ առկա է զրպարտելու դիտավորությունը: Այս դեպքում ինչպես տեղեկատվությունը կրող աղբյուրը, այնպես էլ այդ տեղեկատվությունը հրապարակողը կրում են համապարտ պատասխանատվություն որպես համատեղ վնաս պատճառողներ:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նաև նշել, որ բովանդակային առումով տեղեկատվության աղբյուրի բացահայտումը պետք է կատարվի տեղեկատվությունը տարածելու հետ միաժամանակ: Տեղեկատվությունը տարածելիս և ոչ թե դրանից հետո աղբյուրի բացահայտումը նպատակ է հետապնդում այդ տեղեկատվության հասցեատերերի մոտ ապահովել տեղեկացվածություն այն մասին, որ զրպարտությունը կամ վիրավորանքը դուրս է գալիս կոնկրետ սուբյեկտից, այլ ոչ թե անմիջական հրապարակողից կամ անորոշ թվով սուբյեկտներից: Աղբյուրի բացահայտումը, կախված աղբյուրի տեսակից, կարող է ազդել հասարակական կարծիքի ձևավորման վրա: Մինչդեռ տեղեկատվության աղբյուրը դատական վարույթի ընթացքում բացահայտելը լիարժեք չի ապահովում զրպարտող կամ վիրավորող սուբյեկտի վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը: 
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Նույն հոդվածի 11-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`
1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը.
2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը:
Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը չպետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասը:
Վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ քննարկման առարկա հարցի շրջանակներում գործ ունենք մի կողմից տեղեկատվություն տարածելու և խոսքի ազատության, մյուս կողմից անձի` իր պատվի, արժանապատվության, գործարար համբավի նկատմամբ հարգանք պահանջելու Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված և երաշխավորված իրավունքների հետ, անհրաժեշտ է համարել նշել, որ փոխհատուցման չափ սահմանելու յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնվի վիրավորանք և զրպարտանք կատարած անձի ֆինանսական վիճակը և բացառվի փոխհատուցման այնպիսի չափերի և ձևերի սահմանումը, որոնք կարող են վճռորոշ նշանակություն ունենալ պատասխանող կողմի համար, առավել ևս, եթե պատասխանող կողմը զանգվածային լրատվության միջոց է` նրա հետագա գործունեությունը շարունակելու առումով:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ վիրավորանքի և զրպարտության համար սահմանվող փոխհատուցման ողջամտության հարցին, որը պետք է համաչափ լինի անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասին, և, միաժամանակ, անհարկի ֆինանսական պարտավորություններ չառաջացնի պատասխանողի համար:
Նախ, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերը հնարավորություն են տալիս անձին նախատեսված մեկ կամ մի քանի միջոցների կիրառմամբ զրպարտող կամ վիրավորող սուբյեկտին պատասխանատվության ենթարկելու պահանջ ներկայացնել: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ դատարանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է անհրաժեշտ գնահատական տան այն հանգամանքին, թե արդյոք կողմերը որևէ փորձ արել են վեճը լուծել «Զանգվածային լրատվության մաuին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված արտադատական կարգով, այն է` արդյոք անձը մինչև դատարան հայց ներկայացնելը դիմել է համապատասխան լրատվամիջոցին հերքում հրապարակելու պահանջով, և այդ պահանջին զանգվածային լրատվության միջոցը որևէ ընթացք տվել է, թե ոչ: Բացի այդ, դատարանները քննարկվող հարցի վերաբերյալ գործեր քննելիս նախ պետք է ջանքեր գործադրեն գործը հաշտությամբ լուծելու ուղղությամբ, այնուհետև գործում առկա բոլոր ապացույցների գնահատմամբ անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք հնարավոր չէ վերականգնել անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը ոչ նյութական փոխհատուցում նշանակելու միջոցով, քանի որ օրենսդիրը մինչև նյութական փոխհատուցում սահմանելը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանել է նաև պատճառված վնասի վերականգնման այլ միջոցների ընտրության և կիրառման հնարավորություն (վիրավորանքի դեպքում` հրապարակային ներողություն խնդրել, եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մաuնակի հրապարակել դատարանի վճիռը, զրպարտության դեպքում` եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաuտացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատաuխանը): 
Նյութական փոխհատուցում նշանակելու դեպքում անհրաժեշտ է, որ դատարանները մեծ ուշադրություն դարձնեն փոխհատուցվող գումարի չափի սահմանմանը, պատասխանողներից պահանջեն նրանց եկամուտների վերաբերյալ պետական իրավասու մարմիններին ներկայացված ֆինանսական և այլ փաստաթղթեր (օրինակ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին ներկայացված հարկային հաշվետվությունները), հակառակ դեպքում մեծ չափով փոխհատուցումները կարող են ծանր հետևանքներ ունենալ վերջիններիս բնականոն գործունեությունը շարունակելու առումով: Ընդ որում, այս հարցի քննարկման ժամանակ դատարանները պետք է ուշադրություն դարձնեն հայցվոր կողմի` նյութական փոխհատուցման պահանջի վերաբերյալ պատասխանող կողմի ներկայացրած փաստարկներին, որոնք, ըստ էության, պետք է պարունակեն նաև տեղեկություններ իրենց բնականոն գործունեության նկատմամբ պահանջվող փոխհատուցման չափի ֆինանսական ազդեցության վերաբերյալ: 
Դրամական փոխհատուցման չափ սահմանելիս դատարանները նախ և առաջ պետք է հաշվի առնեն, թե ինչ միջոցով կամ եղանակով է կատարվել զրպարտությունը կամ վիրավորանքը և ապա վերջիններիս տարածման շրջանակը: Գնահատման առարկա պետք է դառնա օգտագործված միջոցի կամ եղանակի` տեղեկատվության արագ և համընդհանուր տարածման հարցը: 
Այսպես` զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումների տարածումը շատ ավելի արագ է, քան եթե հրապարակումն արվեր անձանց փոքրաթիվ խմբի շրջանակում: Միաժամանակ պետք է հաշվի առնել նաև տեղեկատվությունը տարածելու շրջանակը: Զանգվածային լրատվության միջոցները, որոնք գործում են տեղական մակարդակում (մարզ, քաղաք), ունեն ավելի փոքր տարածման շրջանակ, քան հանրապետության ամբողջ տարածքով հեռարձակվող և տարածվող լրատվամիջոցները:
Դրամական փոխհատուցման չափ սահմանելիս դատարանների կողմից հաշվի առնվող վերոնշյալ հանգամանքները սպառիչ չեն, քանի որ օրենսդիրը սահմանել է դատարանի պարտականությունը` հաշվի առնել կոնկրետ գործի առանձնահատկությունները: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նշել, որ ի թիվս վերոգրյալ հանգամանքների, այն դեպքերում, երբ վիրավորանքը կամ զրպարտությունը շարունակվում են նաև գործի քննության ընթացքում (գործի` դատարանում քննության գտնվելու ողջ ժամանակահատվածում), այդ հանգամանքը դատարանները կարող են հաշվի առնել դրամական փոխհատուցման չափ նշանակելու հարցը լուծելիս:
Ամփոփելով նշվածը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանները պետք է փորձեն գործում առկա ապացույցների գնահատմամբ և վերը նշված միջազգային փաստաթղթերի լույսի ներքո մինչև նյութական փոխհատուցում սահմանելը քննարկման առարկա դարձնել խախտված իրավունքների վերականգնման օրենքով նախատեսված այլ միջոցների կիրառման հնարավորությունը, որը զանգվածային լրատվության միջոցների դեպքում չի խոչընդոտի նրանց հետագա բնականոն գործունեությանը` միաժամանակ բացառելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումը:
Վերը հիշատակված դրույթով սահմանվում է նաև դատարանների պարտականությունը` հաշվի չառնել վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասը, եթե այդպիսին առկա է կամ դրա չափը: Նման կանոնի նախատեսումը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դրամական հատուցումներն իրենցից ներկայացնում են ոչ նյութական վնասի հատուցում և պայմանավորված չեն իրական վնասի կամ բաց թողնված օգուտի առկայությամբ կամ բացակայությամբ: Նշված վնասները, եթե այդպիսիք կան, հատուցման ենթակա են առանձին կարգով` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 12-րդ կետի հիման վրա: Այսպես` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 12-րդ կետի` նույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներն իրականացնելու հետ անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նշել, որ ի տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերում ամրագրված դրամական փոխհատուցման, երբ դատարանը կարող է մերժել դրամական փոխհատուցումը` հիմք ընդունելով պատասխանողի գույքային դրությունը, նույն հոդվածի 12-րդ կետում ամրագրված գույքային վնասը ենթակա է փոխհատուցման ամբողջ ծավալով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` վնասի ինստիտուտը կանոնակարգող նորմերին համապատասխան: Հաշվի առնելով այն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը «վնաս» եզրույթն օգտագործում է իրական վնաս և բաց թողնված օգուտ իմաստներով և օրենսգրքում որևէ այլ տեղ, բացի 1087.1-րդ հոդվածից, չի կիրառվում «գույքային վնաս» եզրույթը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «գույքային վնաս»-ը պետք է մեկնաբանվի որպես անձին պատճառված իրական վնաս և/կամ բաց թողնված օգուտ: Վնասում ներառվում են նաև ողջամիտ դատական ծախսերը, որոնք անձը կատարել է կամ կատարելու է իրավունքները վերականգնելու համար, ինչպես նաև ցանկացած այլ ծախս, որն ուղղակիորեն կատարվել է խախտված իրավունքների վերականգնման համար: 
Դատարանը հարկ է համարում նշել, որ 21.07.2016 թվականին հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումով վերջինս որպես հայցի առարկա է նշել հետևյալը. <<պարտավորեցնել ներողություն խնդրել վիրավորանք և զրպարտություն պարունակող հոդվածներում հայցվորի վերաբերյալ հրապարակված զրպարտության և վիրավորանքների համար, պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում, և պարտավորեցնել պատասխանողին հոդվածքի ներքո կատարված վիրավորական և զրպարտչական գրառումը վերացնել>>:
Նշված հայցադիմումը դատարանի /նախագահությամբ Գ. Մազմանյան/ 22.07.2016 թվականի որոշմամբ վերադարձվել է:
08.08.2016 թվականին կրկին ներկայացված հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ հայցը ներկայացնելուց հետո պատասխանողը հրապարակել է հայցվորի կողմից ներկայացված պատասխանը և վերացրել կատարված գրառումները, սակայն հրաժարվել է ներողություն խնդրել, ուստիև ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջի մասին կրկին ներկայացրել է հայցադիմում, որը Դատարանի 09.08.2016 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ սկզբնական բովանդակությամբ հայցադիմումը դատարան ներկայացնելուց և այն Դատարանի որոշմամբ վերադարձվելուց հետո պատասխանողի կողմից այն ստանալուց հետո պատասխանողը հրապարակել է հայցվորի պահանջը:
Դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ <<Անձը չի կարող օգտվել սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներից, եթե նա մինչև դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահանջել է հերքում և (կամ) իր պատասխանի հրապարակում, և լրատվական գործունեություն իրականացնողը կատարել է այդ պահանջը>>:
Տվյալ դեպքում հայցվորն ընդունել է այն փաստը, որ հայցադիմումը դատարան 21.07.2016 թվականին ներկայացնելուց հետո պատասխանողը հրապարակել է հայցվորի պատասխանը, մինչդեռ Դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 10-րդ կետի կիրառելիության հարցը պարզելիս հարկ է գնահատել հայցվորի կողմից նախքան հայցադիմումը դատարան ներկայացնելը պահանջը լրատվամիջոցին ուղղելու հանգամանքը, մինչդեռ տվյալ դեպքում հայցվորի կողմից Դատարանին չի ներկայացվել որևէ ապացույց առ այն, որ նախքան 21.07.2016 թվականին դատարան հայցադիմում ներկայացնելը հայցվորի կողմից պատասխան հրապարակելու պահանջն ուղղվել է պատասխանողին, ուստիև տվյալ պարագայում պատասխանողի կողմից 27.07.2016 թվականին տրված գրությամբ հայտնվել է, որ նույն օրը հայցվորի կողմից ներկայացված պատասխանը հրապարակվել է պատասխանողի կողմից, ընդ որում, դատարանի՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը հայցվորը ստացել է 04.08.2016 թվականին, հետևաբար նման պայմաններում միայն 08.08.2016 թվականին կրկին հայցադիմում ներկայացնելու և հայցվորի՝ նախքան 21.07.2016 թվականի հայցադիմումը դատարան ներկայացնելը հայցվորի կողմից պատասխանողին պատասխան հրապարակելու մասին պահանջ ներկայացված լինելու մասին ապացույց Դատարանին չներկայացնելու, և 08.07.2016թ. և 16.07.2016 թվականին հրապարակված հոդվածների կապակցությամբ 27.07.2016 թվականին պատասխան հրապարակելու պարագայում Դատարանը հանգում է այն եզրակացության, որ նախքան հայցադիմումը կրկին ներկայացնելը փաստացի դադարած է եղել ենթադրյալ վիրավորանքի հետևանքով ծագած իրավահարաբերությունը, որի ուժով հայցն ինքնին ենթակա է մերժման:
Այդուհանդերձ, գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովման նկատառումից ելնելով Դատարանը հարկ է համարում անդրադառնալ հայցի հիմքում դրված փաստարկներին:
Դատարանը հարկ է համարում նշել, որ հայցվորի կողմից գործի քննության ընթացքում կատարվել է հայցի հստակեցում՝ խնդրելով հոդվածում տեղ գտած արտահայտությունները գնահատել որպես վիրավորանք: 
Տվյալ դեպքում անդրադառնալով կոնկրետ արտահայտության՝ վիրավորանք գնահատելու հանգամանքին, Դատարանը հարկ է համարում նշել, որ հայցվորի կողմից գործի քննության ընթացքում ի պատասխան Դատարանի այն հարցին, թե հրապարակված հոդվածներում կոնկրետ որ արտահայտությունն է հայցվորը համարում վիրավորական, և որ արտահայտությունն է իր համոզմամբ արատավորում իր պատիվ ու արժանապատվությունը՝ հայցվորի ներկայացուցիչը չի նշել կոնկրետ արտահայտությունը՝ խնդրելով հոդվածն ամբողջությամբ գնահատել որպես վիրավորանք, մինչդեռ հարկ է նշել, որ հայցվորն է կրում ինչպես իրեն հասցեագրված կոնկրետ արտահայտության հրապարակային ներկայացված լինելու, այնպես էլ դրա՝ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու փաստերի ապացուցման բեռը, իսկ կոնկրետ արտահայտությունը չմատնանշելու հանգամանքն ինքնին բավարար է հայցը մերժելու համար:
Դատարանը հարկ է համարում նշել նաև ներքոշարադրյալը.
<<Կույր ատելությունը այդ աղջկան կհասցնի հոգեկան խանգարման>> վերտառությունն ինքնին չի կարող գնահատվել որպես վիրավորանք, քանի որ այն գնահատողական դատողության վրա հիմնված անձի բացասական կարծիքն է արտահայտում հայցվորի նկատմամբ, իսկ բացասական կարծիքն ինքնին վիրավորանք չէ, և տվյալ դեպքում հոդվածի ողջ համատեքտում նման վերտառությունը բավարարում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի իրացման՝ Եվրոպական դատարանի կողմից իր նախադեպային իրավունքով արտահայտված թույլատրելիության շրջանակներին: Բացի այդ, հայցվորի կողմից չի հիմնավորվել այն հանգամանքը, որ նման վերտառությունը պատիվ ու արժանապատվությունն արատավորող բնույթ է կրում, և հասարակության մեջ նսեմացնում է անձի արժանիքները, կամ նրան ենթարկում ծաղրուծանակի, կամ ունակ է անձին վերածել ատելության կամ արհամարհանքի առարկայի:
Ինչ վերաբերում է հայցվորի կողմից մատնանշված երկրորդ հոդվածին՝ <<Սեյրան Օհանյանը բացի տաղանդավոր և փորձառու հրամանատար լինելը, նաև բավականին համակրելի տեղամարդ է>> վերտառությամբ, ապա Դատարանը հարկ է համարում նշել, որ հոդվածն իր ողջ բովանդակությամբ և համատեքստով ուղղված չէ հայցվորի դեմ (վերաբերում է <<Հրապարակ>> օրաթերթի խմբագրին), վերջինիս անունը հիշատակված է մեկ նախադասության մեջ միայն՝ համամեմատական վերլուծության շրջանակներում, և տվյալ դեպքում կրկին հայցվորի կողմից չի մատնանշվել այն կոնկրետ արտահայտությունը, որն իր համոզմամբ տվյալ նախադասության համատեքստում արատավորում է իր պատիվն ու արժանապատվությունը:
Նման պայմաններում Դատարանը հանգում է այն եզրակացության, որ հայցվորի կողմից ոչ միայն չի հստակեցվել կոնկրետ այն արտահայտությունների շրջանակը, որոնք ուղղված են իր անձի դեմ և վերաբերում են անձամբ իրեն, այլև չեն հիմնավորվել դրանց վիրավորական լինելու և իր պատիվ ու արժանապատվությունն արատավորելու հանգամանքները, որոնց ապացուցման բացասական հետևանքների ռիսկը պետք է կրի հայցվորը:
Վերոհիշյալ դիրքորոշումներն արդեն իսկ բավարար են հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, ինչպես նաև վիրավորանքի համար փոխահատուցման գումարի բռնագանձման պահանջների մերժման համար:
Դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև պատասխանող լրատվական գործունեության իրականացնող սուբյեկտի գործողություններին՝ ուղղված արտադատական կարգով հայցվորի կողմից ներկայացված պատասխանը հրապարակելու փաստին՝ արձանագրելով, որ «Զանգվածային լրատվության մաuին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով տվյալ դեպքում արտադատական կարգով պատասխանողի կողմից հրապարակվել է հայցվորի պատասխանը (այլ ոչ հերքումը), ինչպես նաև հեռացվել են կայքից կատարված՝ վիճարկվող գրառումները: 
Տվյալ դեպքում Դատարանը գնահատման առարկա է դարձնում պատասխանող լրատվական կայքի գործողությունները, և հանգում է այն եզրակացության, որ արտադատական կարգով հայցվորի պահանջներից մեկը՝ ուղղված գրառումները վերացնելուն, փաստացի կատարվել են, իսկ հայցվորի կողմից ներկայացված պատասխանի տեքստը հրապարակվել է, ուստիև կիրառվել են ողջամիտ և բավարար միջոցներ հայցվորի ենթադրյալ խախտված իրավունքի վերականգնման համար: 
Ինչ վերաբերում է ոչ նյութական պատասխանատվության այնպիսի միջոցի սահմանմանը, ինչպիսին է ներողություն խնդրելուն պարտավորեցնելը, ապա տվյալ դեպքում նման միջոցի կիրառման համար պետք է նախևառաջ հիմնավորվի և ապացուցվի վիրավորանքի առկայության հանգամանքը, որպիսին տվյալ դեպքում հայցվորի կողմից չի կատարվել, ուստիև թե՛ նշված ոչ նյութական, և թե՛ նյութական պատասխանատվության միջոցների կիրառման պահանջներն իրավաչափ չեն:
Ելնելով վերոգրյալից և գործում առկա ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտությունից՝ Դատարանը հանգում է այն եզրակացության, որ հայցը հիմնավորված չէ և ենթակա է մերժման:

Դատական ծախսեր.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։
Համաձայն <<Պետական տուրքի>> մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի` պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ։ Նույն օրենքի 9 հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված կարգով ներկայացված պահանջով հայցադիմումի համար պետական տուրքը կազմում է` գույքային պահանջով` հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, իսկ նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված կարգով ներկայացված պահանջով հայցադիմումի համար պետական տուրքը կազմում է` ոչ գույքային պահանջով` բազային տուրքի քառապատիկի չափով։
Տվյալ դեպքում հայցվոր կողմը նախապես վճարել է պետական տուրքի գումարը, ուստի հայցի մերժման պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ, 73-րդ, 112-րդ, 130-րդ, 1301-132-րդ, 134-րդ, 140-1401-րդ հոդվածներով` Դատարանը

 


Վ Ճ Ռ Ե Ց

1. Թագուհի Թովմասյանի հայցն ընդդեմ «Վիրտուալ-Մեդիա» ՍՊԸ-ի` վիրավորանքի համար ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և գումարի փոխհատուցման պահանջների մասին, մերժել:
2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Վճիռը կարող է բողոքարկվել միայն վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ՝ Հ. ԶԱՐԳԱՐՅԱՆ