Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

15.02.2018թ.

<<ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ>> օրաթերթ


ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՓԱՍՏԱԲԱՆ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ


ՆՄԱՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵԼ

 

-Ինչպե՞ս կգնահատեք Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած սկանդալային միջադեպը «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների մասնակցությամբ։
-Զերծ մնալով կողմերից մեկին դատապարտելուց կամ չդատապարտելուց, զուտ իրավական տեսանկյունից ներկայացնեմ իմ դիտարկումը:

Նախ՝ եթե իրականում 25 տարի է, ինչպես ասում էին ԵԾ անդամները, այդ կոյուղաջրերը լցվում են մարդկանց բակերը, ապա, կարծում եմ, քաղաքային իշխանությունը վաղուց պետք է այդ հարցով զբաղվեր ու պարզեր, թե ի՞նչն է պատճառը, որ քաղաքացիներն ապրում են նման պայմաններում: Այսօր բավականաչափ խնդիրներ կան քաղաքում, որոնք պետք է լինեն քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում:

Սակայն անընդունելի է «Երկիր ծիրանիի» անդամների քայլը. դա դիտում եմ որպես շատ վատ PR ակցիա եւ ոչ թե Նուբարաշենի բնակիչների խնդիրը լուծելու տարբերակ: Եթե ԵԾ անդամները շահագրգռված էին տվյալ հարցի լուծմամբ, ապա նրանք ոչնչով կաշկանդված չէին դրան հասնելու համար։ Կարող էին գրավոր հարցում անել, ավագանու նիստի օրակարգում հարցը քննարկելու, ինչու ոչ, նաեւ հասնել նրան, որ համայնքի բյուջեից գումար հատկացվեր, որպեսզի այդ խնդիրը իրոք լուծվեր:

Բայց նման կերպ մտնել դահլիճ ու տարաների պարունակությունը՝ կոյուղաջուրը, դնել քաղաքային իշխանության առաջ, դիտում եմ ոչ միայն ոչ իրավաչափ, այլեւ ոչ կոռեկտ քայլ:
-Հարկ է արձանագրել, որ ԵԾ անդամների նման պահվածքը դարձավ քաշքշուկի պատճառ: 
-Այո, դրան հաջորդեց քաշքշուկ, քանի որ երբ անձին փորձում են ոչ համարժեք պահվածքով ցնցել, ապա նրա մեջ առաջանում է ինքնապաշտպանվելու ցանկություն՝ դրանից բխող բացասական հետեւանքներով: Դահլիճում կային մի քանի տասնյակ մարդիկ, յուրաքանչյուրն իր մտածողությամբ ու նման իրավիճակներում որոշակի քայլեր անելու հակվածությամբ: Եվ տեղի ունեցավ այն, ինչ եղավ: Կարծում եմ, որ նման կերպ հարցեր լուծելն ու նման նախադեպեր ստեղծելը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ մեր երկրի համար: 
-Եթե տղամարդը կնոջ սանձարձակ քայլը կանխելու նպատակով ու դահլիճում ստեղծված իրավիճակը հանդարտեցնելու համար այդ կնոջը գրկած դուրս է բերում ու դրանով նպաստում լարվածության թուլացմանը, սա սեռական բռնությո՞ւն է տվյալ կնոջ հանդեպ, ինչպես պնդում են ոմանք։

 

-Կարծում եմ, որ նկատի ունեք Գոռ Վարդանյանի քայլը: Բայց հարց է առաջանում, Գոռ Վարդանյանն ինչո՞ւ դիմեց նման գործողության, ի՞նչը դրդեց նրան այդ քայլին: Այստեղ շատ կարեւորում եմ պատճառահետեւանքային կապը: Պետք է մտածել, եթե նման արտակարգ իրավիճակում Վարդանյանը չաներ այդ գործողությունը, արդյոք ավելի վատ բաներ չէի՞ն կատարվի: Կրկնում եմ, հարկավոր է հաշվի առնել պատճառահետեւանքային կապը: Անթույլատրելի եմ համարում կնոջ վրա ձեռք բարձրացնելը, բայց նաեւ անթույլատրելի եմ համարում, որ կինն իրեն թույլ է տալիս նման գործողություն:
Իրավունքում կա դիմադրության իրավունք ըմբռնումը: Եթե մեկը հարձակվում է դիմացինի վրա ինչ-որ հեղուկ ձեռքին, որը կարող է այդ անձի համար լինել վտանգավոր, ու դա նրա համար կարող է ունենալ կործանարար հետեւանքներ, ապա արդարացված է մյուս անձի կամ անձանց կողմից դիմադրություն ցույց տալը: Այսինքն՝ հեղուկը արագ հեռացնելը, թափելը, այդ մարդու ձեռքերը ոլորելը:

 

Գիտեք, մեր երկրում, ցավոք ագրեսիա շատ կա: Եթե մեր հասարակության մեջ գերակշռեր սերը, ապա այս դեպքը տեղի չէր ունենա։ Ավագանու անդամը կգրեր գրություն՝ քաղաքակիրթ ձեւով այն կդներ քաղաքապետի սեղանին, հարցը կքննարկվեր ավագանու նիստում ու իրոք կլուծվեր: Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք:

-Բոլորը խոսում են մարդու իրավունքներից, մի տեսակ սկսում ենք ծայրահեղանալ։ Դուրս է գալիս, որ մարդը կարող է հասարակության մեջ, պետական կառույցներում, հանրային տարբեր վայրերում իրեն ամեն ինչ թույլ տալ՝ վատ արարքից մինչեւ վտանգավորը, ու իր քայլերն արդարացնել, ասելով, որ դա իր իրավունքն է: Սա նորմա՞լ երեւույթ է: 
-Սա շատ լուրջ խնդիր է, որը, ցավոք, կա մեզանում: Շատ հաճախ գերակա համարելով իրավունքը, անձը մոռանում է, որ իր գործողություններով ինքը դիմացինի իրավունքն է խախտում: Սա շատ կարեւոր հանգամանք է: Ամեն ոք պետք է գիտակցի հետեւյալը՝ իմ իրավունքը վերջանում է այնտեղ, որտեղ խախտվում է դիմացինի իրավունքը: Ցավոք, մեզ մոտ այդ ընկալումը, այս մշակույթը բացակայում է: 
Որպեսզի նման իրավիճակ չլինի, պետք է խստորեն գործի պետական լիազոր մարմնի «մահակը», ինչպես պետական մարմինների նկատմամբ, այնպես էլ ոչ ճիշտ պահվածք դրսեւորած քաղաքացիների: Եթե այդ «մահակը» իրավաչափորեն գործի, վստահ եղեք, որ ամեն ինչ իր տեղում կլինի:

-Քաղաքապետի հրահանգով այժմ փնտրվում են լուծումներ ավագանու անդամների անվտանգությունը ապահովելու համար: Սրա կարիքը կա՞:

-Մեր պետական օրենքները թույլ են տալիս որեւէ ենթադրյալ անօրինականության դեմն առնել: Պետությունն անզոր չէ, օրենքը գործում է, ամեն մեկն իր արածի համար պիտի պատասխան տա: Եթե կա անվտանգության հետ կապված խնդիր ու ավագանու մյուս անդամներն իրենց, մեղմ ասած, հարմարավետ չեն զգում, ուրեմն օրենքով սահմանված կարգով պետք է խստացումներ լինեն: Չէի ցանկանա, որ Հայաստանը դառնար Սիցիլիա կամ ԱՄՆ, որտեղ կարող են մտնել դպրոց կամ հանրային մեկ այլ տարածք ու մարդկանց գնդակահարել: 
Փառք Աստծո, Հայաստանում նման մթնոլորտ չկա: Բայց այս կարգի միջադեպերը պետք է բացառվեն օրենքի ողջ խստությամբ: Եթե այս դրվագը չարժանանա համապատասխան գնահատականի, ապա նույնը վաղը կարող է լինել խանութում։ Գնորդը կարող է ասել՝ անորակ ապրանք ես վաճառել ու ինչ-որ քայլեր անել վաճառողի հանդեպ, կամ դպրոցում ծնողը կարող է ասել՝ քո տղան իմ տղային թարս է նայել, ու քայլերի դիմել: Աստված մի արասցե, որ սա խրոնիկ բնույթ ստանա:

 

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ