Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

04.05.2018 թ

«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»


ԱՐԴՅՈՔ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵ՞Ն ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ

 

Վերջին օրերին երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները կաթվածահար էին արել ոչ միայն ճանապարհները, կրթական համակարգը, աշխատանքի գնալու հնարավորությունը, այլեւ հետաձգվել էին դատական նիստերը: Երկրում սպասվող նոր փոփոխությունների եւ սպասվող նոր իշխանությունների հետ կապված` հետաքրքիր է իմանալ, թե ինչպես այն կանդրադառնա աղմկահարույց դատավարությունների վրա: Այս առիթով զրուցեցինք 2015 թվականին նոյեմբերին Նորք -Մարաշում զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի փաստաբան «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

- Պարոն Բաղդասարյան, մեր երկրում, ըստ էության, քաղաքական իրավիճակ է փոխվում, եւ այդ առումով ինչպե՞ս այն կանդրադառնա Ձեր պաշտպանյալի գործի վրա:

- Ստեղծված իրավիճակով, այո, անհարմարություններ էր ստեղծվել դատական պրոցեսների եւ կալանավորներին, զուտ անվտանգության տեսանկյունից, դատարան բերելու մասով: Ինչ վերաբերում է նրան, թե մայիսի 8-ից հետո ինչպես այն կանդրադառնա Նորք-Մարաշի զինված խմբի գործի վրա, ապա փաստեմ հետեւյալը, որ իմ պաշտպանյալը, ըստ էության, ում վրա մեղադրանք է առաջադրվել քաղաքական հոդվածներով` այսինքն հանցախումբ ստեղծելը եւ իշխանափոխություն կատարելը, որը ի սկզբանե իմ պաշտպանյալը հայտնել է, որ դրանք հնարովի մեղադրանքներ են, եւ այն հոդվածով, որով մեղադրում են իմ պաշտպանյալին, այս մի քանի օրերի ընթացքում ամբողջ ժողովրդի ձայնով տեղի ունեցավ համակարգային փոփոխություն, եւ կարծում եմ, որ օրենքով սահմանված կարգով կարժանանա գնահատականի: Բայց միեւնույն ժամանակ ես ավելի կարեւորում եմ ընդհանրապես այդ խմբի հետ կապված խափանման միջոցը փոխելը: Պետք է գիտակցել հետեւյալը, որ շուրջ 2,5 տարի ԱԱԾ-ի մեկուսարանում  կալանքի տակ է գտնվում իմ պաշտպանյալը` իր առողջության համար բավականին բացասական հետեւանքներով: Կարծում եմ, որ խափանման հետ կապված փոփոխություններ կարվեն, եւ լավ կլինի, որ` հնարավորինս շուտ: Ինչ վերաբերում է դատապրոցեսներին, ցանկանում եմ հավատալ, որ ավելի քան օբյեկտիվ քննություն կարվի, եւ կպարզվի այդ հոդվածների շինծու լինելու հանգամանքը, եւ վերջինս անպարտ կճանաչվի:

- Ձեր պաշտպանյալը ո՞ր մեղադրանքի հետ է համաձայն, որն այս պահին մեղսագրվում է իրեն:

- Ըստ էության, ներկայացված է որպես խմբի ղեկավար: Եվ փորձեցին տարածել հանրության մեջ, թե իբրեւ ցանկացել է խոցել նախագահի ինքնաթիռը, բայց նման բան չի եղել: Այ՛ո, իմ պաշտպանյալը գտնում է, որ կարիք կա համակարգի փոփոխման: Իսկ ինչ վերաբերում է այն զենքին, որը հայտնաբերվեց այդ տան մեջ, դրա պատասխանը նա տվել է անմիջապես ձերբակալվելուց հետո, որ մի քանի ամիս հետո լինելու է պատերազմ, եւ փորձելու են որոշակի հողեր տալ եւ կնքելու են խայտառակ հաշտության պայմանագիր, որի հիմքով վերջինս ցանկացել է զենքն օգտագործել ինքնապաշտպանական գործողությունների ժամանակ: Ի դեպ, նկատենք, որ վերջիններս կալանավորվեցին 2015 թվականի նոյեմբերին, իսկ 2016 թվականին տեղի ունեցան ապրիլյան դեպքերը: Եվ պարզվեց, որ իմ պաշտպանյալը ճիշտ էր:

- Իսկ կա՞ն ապացույցներ, որ նա այդ զենքը կուտակում էր պատերազմի, այլ ոչ թե երկրի ներսում ահաբեկչություն իրականացնելու նպատակով:

- Բազմիցս ենք ասել դրա մասին, ինչպես նաեւ զենքը ձեռք բերելու ժամանակ եւս այդ ֆորմատով է դա եղել: Ես` որպես փաստաբան, կարեւորում եմ վերջինիս հայտարարությունը ձերբակալվելուց հետո, իսկ մի քանի ամիս հետո տեղի ունեցան ապրիլյան դեպքերը, որն էլ, ըստ էության, նա կանխատեսել էր:

- Արդյո՞ք նա ունեցել է զենք պահելու թույլտվություն:

- Ինչ վերաբերում է նրան, թե զենքը օրինական էր, թե` ոչ, եւ ումից էր զենքը ձեռք բերել, ինչու էին այդ կառույցները զենք տրամադրել, դա կպարզվի դատաքննության փուլում: Եվ առհասարակ պետք է անձին դատել իր կատարածի համար: Եթե անգամ պայմանական վերցնենք, որ զենքը անօրինական էր, դրա համար նա կկրեր համապատասխան պատիժ: Բայց ոչ այն շինծու մեղադրանքով, որով վերջինիս փորձեցին մեղադրել, որի մեջ իմ պաշտպանյալը բացարձակ չի եղել: Այո, իմ պաշտպանյալը մի քանի անգամ հայտարարություններ է արել, որ դեմ է սահմանադրությանը, թռուցիկներով արտահայտել իր վերաբերմունքը` կապված տվյալ շրջանում որոշ անարդարությունների հետ, բայց երբեւիցե չի ունեցել մտադրություն` զենքով հեղափոխություն անելու:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ