Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Քաղաքացիական գործ S-753 2002թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը հետևյալ կազմով`
06.02.2002թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ
քարտուղարությամբ` Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ
Մասնակցությամբ Հայցվոր`

"Հատուկսանտեխմոնտաժ" ՓԲԸ-ի
/ներկայացուցիչներ` Լ. Բաղդասարյան, Գ.ԼԵԳՐՅԱՆ
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

պատասխանող` "Նեյտրոն ԳԱՄ" ՓԲԸ-ի
/ներկայացուցիչներ` Մ.ԱՋԱԲՅԱՆԻ, Վ.ՀԱԿՈԲՅԱՆԻ/

դռնաբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի "Հատուկսանտեխմոնտաժ" ՓԲԸ-ի ընդդեմ "Նեյտրոն ԳԱՄ" ՓԲԸ-ի` 13.931.986 դրամ բռնագանձելու պահանջի մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց


Հայցվորի ներկայացուցիչը հայտնեց, որ "Հատուկսանտեխմոնտաժ" ՓԲԸ-ի և "Նեյտրոն ԳԱՄ" ՓԲԸ-ի միջև 1999թ. հունիսի 16-ի թիվ 7 և նոյեմբերի 9-ի թիվ 9 պայմանագրերի համաձայն հայցվորը պարտավորվել է կատարել ջեռուցման սանտեխնիկայի և շինմոնտաժային աշխատանքներ, իսկ պատասխանողը պարտավորվել էր նշված աշխատանքների փաստացի կատարված աշխատանքային փուլերի համար վճարել: "Հատուկսանտեխմոնտաժ" ՓԲԸ-ն երկու պայմանագրերով փաստացի կատարել է 18.185.528 դրամի աշխատանքներ, որի դիմաց պատասխանողը վճարել է 8.902.760 դրամ և 2000թ. փետրվարի 1-ի դրությամբ հայցվորին պարտք է մնացել 9.282.768 դրամ: Կողմերի միջև կազմվել և ստորագրվել է փոխադարձ ֆինանսական պարտավորությունների մասին ակտ, որի համաձայն 08.02.2002թ. դրությամբ "Նեյտրոն ԳԱՄ" ՓԲԸ-ի պարտքը "Հատուկսանտեխմոնտաժ" ՓԲԸ-ին կազմում է 9.282.768 դրամ: Հայցվորի ներկայացուցիչը հայտնեց, որ պատասխանողից պահանջում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի հիման վրա ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու համար վճռի կայացման օրվա դրությամբ այդ գումարին վճարվող բանկային տոկոսներ, ինչպես նաև նույն օրենսգրքի 17 հոդվածի համաձայն` խախտված իրավունքը վերականգնելու համար կատարված ծախսերը 900.000 դրամ: Հաշվի առնելով վերոգրյալը` հայցվորը դատարանից խնդրեց պատասխանողից բռնագանձել 13.931.986 դրամ, որից 9.282.768 դրամ հիմնական պարտքի գումարը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի համաձայն 2000թ. մարտ ամսից 2002թ. հունվար ամիսը 702 օրվա հաշվարկված 3.749.218 դրամ բանկային տոկոսը` ելնելով վճռի կայացման օրվա բանկային տոկոսի հաշվարկային դրույքից և նույն օրենսգրքի 17 հոդվածի համաձայն խախտված իրավունքը վերականգնելու համար 900.000 դրամ պատճառված վնասը: Պատասխանողի ներկայացուցիչը հայտնեց, որ ընդունում է հայցվորի ներկայացրած 9.282.768 դրամի հիմնական պարտավորությունը, ինչպես նաև խախտված իրավունքը վերականգնելու համար 900.000 դրամի պատճառված վնասի պահանջները, քանի որ իրենց կողմից պատշաճ չի կատարվել պարտավորությունը: Պատասխանողի ներկայացուցիչը հայտնեց, որ պարտավորությունը չեն կարողացել կատարել, քանի որ գործարանը պետական պատվեր է կատարում և հիմնական պատվիրատուները հանդիսանում են պետական բյուջետային հիմնարկները, որոնք էլ իրենց հերթին ֆինանսավորում չեն ստացել պետական բյուջեից, հետևաբար չեն կարողացել իրենց նկատմամբ կատարել ֆինանսական պարտավորությունները: Պատասխանողի ներկայացուցիչը ավելացրեց նաև, որ բանկային տոկոսները չեն ընդունում, քանի որ գոյություն ունի ՀՀ Կառավարության որոշում, համաձայն որի պետական պատվեր կատարող ձեռնարկությունների առաջացած պարտքից տոկոսադրույք չի գանձվում: Լսելով կողմերի բացատրությունները, վերլուծելով գործի հանգամանքները և գնահատելով ներկայացված ապացույցները` դատարանը եկավ եզրահանգման, որ հայցապահանջը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ: "Հատուկսանտեխմոնտաժ" ՓԲԸ-ի և "Նեյտրոն ԳԱՄ" ՓԲԸ-ի միջև 1999թ. հունիսի 16-ի թիվ 7 և նոյեմբերի 9-ի թիվ 9 պայմանագրերի համաձայն հայցվորը պարտավորվել է կատարել ջեռուցման սանտեխնիկայի և շինմոնտաժային աշխատանքներ, իսկ պատասխանողը պարտավորվել էր նշված աշխատանքների փաստացի կատարված աշխատանքային փուլերի համար վճարել: Երկու պայմանագրով նախատեսված է եղել կատարել 26.800.000 դրամի աշխատանքներ, սակայն հայցվորը փաստացի կատարել է 16.114.850 դրամի աշխատանքներ, որը հաստատվում է 2000թ. դեկտեմբեր-հունվար ամիսներին կատարված աշխատանքների վերաբերյալ կազմված կատարողական ակտով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 700 հոդվածի 1-ին կետի համաձայն կապալի պայմանագրով մի կողմը /կապալառուն/ պարտավորվում է մյուս կողմի /պատվիրատուի/ առաջադրանքով կատարել որոշակի աշխատանք և դրա արդյունքը սահմանված ժամկետում հանձնել պատվիրատուին, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել աշխատանքի արդյունքը և վարձատրել դրա համար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 709 հոդվածի համաձայն պատվիրատուն պարտավոր է պայմանավորված գինը կապալառուին վճարել աշխատանքի արդյունքները վերջնական հանձնելուց հետո, պայմանով, եթե աշխատանքը կատարված է պատշաճ և պայմանավորված ժամկետում կամ ժամկետից շուտ` պատվիրատուի համաձայնությամբ, եթե կատարվող աշխատանքի կամ դրա առանձին փուլերի նախնական վարձատրություն նախատեսված չէ կապալի պայմանագրով: "Հատուկսանտեխմոնտաժ" ՓԲԸ-ն պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարել է ամբողջությամբ, որը պատասխանողն ընդունել և մասամբ վճարել է 8.902.760 դրամ` դրամական միջոցների և ապրանքանյութական արժեքների տեսքով: Կողմերի միջև ստորագրված փոխադարձ ֆինանսական պարտավորությունների մասին ակտի համաձայն 08.02.2002թ. դրությամբ "Նեյտրոն ԳԱՄ" ՓԲԸ-ի պարտքը "Հատուկսանտեխմոնտաժ" ՓԲԸ-ին կազմում է 9.282.768 դրամ, որն, ըստ պատասխանողի, չի կարողանում վճարել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Փաստորեն պատասխանողի կողմից պարտավորությունները պատշաճ չեն կատարվել, այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347 հոդվածի համաձայն պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան: Հիմնավոր է նաև հայցվորի պահանջն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու համար այդ գումարին վճարվող բանկային տոկոսների վերաբերյալ, հետևյալ պատճառաբանությամբ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի համաձայն` ուրիշի դրամական միջոցները ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքում այդ գումարին վճարում են տոկոսներ: Պարտքը դատական կարգով բռնագանձելիս դատարանը պարտատիրոջ պահանջը կարող է բավարարել` ելնելով վճռի կայացման օրվա բանկային տոկոսի հաշվարկային դրույքից: Պայմանագրերի 10-րդ կետով սահմանվել է, որ աշխատանքների փուլերի վճարումն իրականացվում է յուրաքանչյուր ամիս փաստացի կատարված ծավալների համար 20-օրյա ժամկետում: Պատասխանողը 8.902.760 դրամի վճարումը կատարել է 2000թ. փետրվար ամսին, իսկ սկսած 2000թ. մարտ ամսից 2002թ. հունվար ամիսը 9.282.768 դրամի դրամական պարտավորությունը չի կատարում և խուսափում է վերադարձնել ուրիշի դրամական միջոցները, հետևաբար այդ գումարին պետք է վճարվի բանկային տոկոսը` վճռի կայացման օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 01.03.2002թ. որոշմամբ սահմանված տարեկան 21 տոկոս հաշվարկային դրույքը, որը 702 օր հաշվարկով կազմում է 3.749.218 դրամ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17 հոդվածի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Ընդ որում վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար: Հայցվորը 08.02.2002թ. ծառայության վճարովի մատուցման պայմանագիր է կնքել "Լեվ Գրուպ իրավատնտեսական միավորում" ՓԲԸ-ի հետ "Նեյտրոն ԳԱՄ" ՓԲԸ-ի կողմից իր խախտված իրավունքը վերականգնելու համար, որի գումարը կազմում է 900.000 դրամ, հետևաբար պատասխանողը պետք է հատուցի նաև հայցվորին պատճառված այդ վնասները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարելով ՀՀ քաղ. դատ օր-ի 73, 130-132, 134, 2213 , 2214, 2216 , հոդվածներով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

"Հատուկսանտեխմոնտաժ" ՓԲԸ-ի հայցն ընդդեմ "Նեյտրոն ԳԱՄ" ՓԲԸ-ի 13.931.986 դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարել: "Նեյտրոն ԳԱՄ" ՓԲԸ-ից հօգուտ "Հատուկսանտեխմոնտաժ" ՓԲԸ-ի բռնագանձել 13.931.986 դրամ, որից 9.282.768 դրամ հիմնական պարտքը, 3.749.218 դրամ բանկային տոկոսը, 900.000 դրամ վնասը և 278.640 դրամ պետական տուրքը: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 15 օր հետո և կարող է բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատին:

 

ԴԱՏԱՎՈՐ` Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ քաղ. դատ օր-ի 2214 հոդվածով սահմանված ժամկետում չի բողոքարկվել և վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

ԴԱՏԱՎՈՐ` Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ