Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ N 2-593 2002թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով`
30.04.2002թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
քարտուղարությամբ` Մ. ՍԱՄՍՈՆՅԱՆԻ
հայցվոր`
(հակընդդեմ հայցով պատասխանողի)
ներկայացուցիչ` Լ. Բաղդասարյան
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
պատասխանող`
(հակընդդեմ հայցով հայցվորի)
ներկայացուցիչ` Ռ. ԴԱՎԹՅԱՆԻ

2002թ. ապրիլի 30-ին դռնբաց դատական նիստում քննեց գործն ըստ հայցի` Հ.Ֆ.Ն. Վան Էֆֆերինքսի ընդդեմ` Լիաննա Քերոբյանի` գոումար բռնագանձելու պահանջի մասին, ինչպես նաև ըստ հակընդդեմ հայցի` Լիաննա Քերոբյանի ընդդեմ Հ.Ֆ.Ն. Վան Էֆֆերինքսի` փոխառության պայմանագրում գումարի չափի փոփոխման պահանջի մասին



Հայցվորի ներկայացուցիչը դիմելով դատարան հայտնեց, որ հայցվորի և պատասխանողի միջև 19.04.2000թ. կնքվել է փոխառության պայմանագիր, համաձայն որի պատասխանողը հայցվորից ստացել է 22000 ԱՄՆ դոլար կամ 11660000 դրամ` պարտավորվելով մինչև 01.05.2001թ. վերադարձնել 22000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Սահմանված ժամկետում պատասխանողը հայցվորին վերադարձրել է 1700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` մինչև օրս չվերադարձնելով 20300 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը: Հայտնեց նաև, որ 3900 ԱՄՆ դոլարը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի համաձայն 11 ամսվա համար ամսեկան 1,75 տոկոսով հաշվարկված գումարն է, իսկ 1300000 դրամը նույն օրենսգրքի 17 հոդվածի համաձայն` որպես պատճառված վնասի հատուցում, հաշվարկված գումարն է, որպիսի գումարի չափով պայմանագիր է կնքվել Լ. Քերոբյանի կողմից "Լև Գրուպ իրավա-տնտեսական միավորում" ՓԲԸ-ի իրավունքները նաև դատական ատյաններում պաշպանելու նպատակով: Հայտնեց նաև, որ դատական ծախսերը չեն մտնում վնասների մեջ, սակայն պայմանագիրը կնքելիս, ըստ էության, նախատեսվել է նաև վնասի հատուցումը: Ավելացնելով հայցագինը` խնդրեց պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 24200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և 1300000 դրամ:

 

Հակընդդեմ հայցի վերաբերյալ առարկեց և հայտնեց, որ Լ. Քերոբյանը չի վիճարկել փոխառության պայմանագրով նախատեսված գումարը, այլ այն ընդունել է և ավելին` վերադարձրել 1700 ԱՄՆ դոլար գումարը:

Պատասխանողի ներկայացուցիչը հայցապահանջի վերաբերյալ առարկեց մասնակի և պնդելով հակընդդեմ հայցը հայտնեց, որ կողմերի միջև կնքված փոխառության պայմանագրում գումարը ենթակա է փոփոխման, քանի որ Լ. Քերոբյանը պայմանագիրը կնքելիս ստացել է կանխիկ 7000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարը Հ.Ֆ.Ն. Վան Էֆֆերինքսը պարտավորվել է ուղարկել բանկի միջոցով: Շուրջ մեկ ամիս անց Լ. Քերոբյանը ստացել է 8520 ԱՄՆ դոլար, որից հետո ոչ մի գումար չի ստացել: Այսինքն, Լ. Քերոբյանն ընդհանուր գումարով ստացել է ընդամենը 15520 ԱՄՆ դոլար, և համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882 հոդվածի 3 կետի պայամանագիրը կնքված պետք է համարել հենց ստացված գումարի չափով: Լ. Քերոբյանը նշված գումարից վերադարձրել է 1700 ԱՄՆ դոլարը, և ներկա դրությամբ նրա պարտքը կազմում է 13780 ԱՄՆ դոլար: Հայտնեց նաև, Հ.Ֆ.Ն. Վան Էֆֆերինքսի ներկայացուցչի պահանջները կապված տոկոսագումարի և պատճառված վնասի հատուցման հետ, անհիմն են և չեն բխում ՀՀ օրենսդրությունից, քանի որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17 հոդվածի 1 կետի անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ սահմանված չէ օրենքով կամ պայմանագրով: Իսկ կողմերի միջև կնքված փոխառության պայմանագրով փոխառուն համաձայնվել է հատուցել միայն դատական ծախսերը, որի մեջ չի մտնում Հ.Ֆ.Ն. Վան Էֆֆերինքսի ներկայացուցչի վկայակոչված վնասի հատուցումը: Լսելով կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, հետազոտելով գործով ձեռք բերված այլ ապացույցները` դատարանը գտավ, որ հայցապահանջը ենթակա է բավարարման, իսկ հակընդդեմ հայցը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ: Գործի քննությամբ պարզվեց, որ Հ.Ֆ.Ն. Վան Էֆֆերինքսի և Լիաննա Քերոբյանի միջև 19.04.2000թ. կնքվել է փոխառության պայմանգիր, համաձայն որի հայցվորի կողմից պատասխանողին տրամադրվել է 22000 ԱՄՆ դոլար գումար մինչև 2001 թ. մայիսի 1-ը հետ վերադարձնելու պայմանով: Պատասխանողը վերը նշված պայմանագրով ստանձնած իր պարտավորությունը կատարել է մասնակի` հայցվորին վերադարձնելով միայն 1700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այժմ, հայցվորը հայց է ներկայացրել դատարան պատասխանողից ինչպես մնացած 20300 ԱՄՆ դոլրարին համարժեք դրամը, այնպես էլ 3900 ԱՄՆ դոլար գումարը որպես տոկասագումար, իսկ 1300000 դրամը որպես պատճառված վնասի հատուցման գումար բռնագանձելու պահանջի մասին: Դատարանը գտնում է, որ հայցվորի պահանջը` 20300 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը բռնագանձելու մասով հիմնավոր է, քանի որ այն բխում է ՀՀ քաղ. օրենսգրքի 877 և 880 հոդվածների բովանդակությունից: Ինչ վերաբերում է պատասխանողից, հօգուտ հայցվորի ևս 1300000 դրամ գումար` որպես վնասի հատուցում բռնագանձելու, ապա այդ մասով հայցապահանջն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ համաձայն ՀՀ քաղ. օրենսգրքի 17 հոդվածի 1 կետի` հայցվորը նշված գումարը, պատճառված վնասի հատուցում, կարող էր պահանջել, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չլիներ կողմերի միջև կնքված վերը նշված պայմանագրով:Մինչդեռ, այդ պայմանագրի 6 կետի համաձայն` պատասխանողն իր պարտավորությունը չկատարելու դեպքում համաձայնվել է հատուցել միայն դատական ծախսերը, որին համաձայնվել է նաև հայցվորը` ստորագրելով նշված պայմանագիրը: Իսկ համաձայն ՀՀ քաղ. դատ. օրենսգրքի 68 հոդվածի` դատական ծախսերը կազմված չեն վնասը հատուցելու համար գումարներից: Ինչ վերաբերում է պատասխանողի ներկայացուցչի` հայցապահանջի վերաբերյալ առկայությունների հիմքում դրված այն հանգամանքներին, թե հայցապահանջը ենթակա է մերժման նաև ինչպես փոխառության գումարից 4780 ԱՄՆ դոլար գումարի, այնպես էլ ՀՀ քաղ. օրենսգրքի 411 հոդվածի համաձայն հաշվարկված 3900 ԱՄՆ դոլար տոկոսագումարի մասերով, ապա դրանք հայցապահանջը մերժելու հիմք հանդիսանալ չեն կարող հետևյալ պատճառաբանությամբ: Հայցվորի պահանջը կապված 3900 ԱՄՆ դոլարը որպես տոկոսագումար բռնագանձելու հետ, բխում է ՀՀ քաղ. օրենսգրքի 411 հոդվածի բովանդակությունից: Իսկ պատասխանողի ներկայացուցիչը, համաձայն ՀՀ քաղ. օրենսգրքի 880 հոդվածի 1 կետի, իրավունք չունի վիճարկելու կողմերի միջև կնքված փոխառության պայմանագիրը, քանի որ չապացուցեց, ոչ պատասխանողն իրականում հայցվորից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով գումար, որը նա պարտավոր էր ապացուցել համաձայն ՀՀ քաղ. դատ. օրենսգրքի 48 հոդվածի: Նշված պատճառաբանությամբ էլ և ենթակա է մերժման Լ. Քերոբյանի հակընդդեմ հայցը:

Դատարանը, քննության առնելով կողմերի միջև դատական ծախսերի բաշխման հայցը, գտավ, որ, Լ. Քերոբյանից հօգուտ Հ.Ֆ.Ն. Վան Էֆֆերինքսի, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 1 կետի, ենթակա է բռնագանձման 228000 դրամ` որպես բավարարվելիք հայցագնի չափին համամասն վերջինիս կողմից վճարված պետ. տուրքի գումար, Լ. Քերոբյանից հօգուտ պետ. բյուջեի ենթակա է բռնագանձման 78 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ Հ.Ֆ.Ն. Վան Էֆֆերինքսից հօգուտ պետ. բյուջեի 26000 դրամ` համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70 հոդվածի 2 կետի` որպես ավելացված հայցագնին համապատասխան պետ. տուրքի գումար: Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 և 134 հոդվածներով` դտարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Հ.Ֆ.Ն. Վան Էֆֆերինքսի հայցապահանջը բավարարել մասնակի: Լիաննա Քերոբյանից հօգուտ Հ.Ֆ.Ն. Վան Էֆֆերիքսից բռնագանձել 24200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 20300 ԱՄՆ դոլարը հիմնական պարտքի գումարն է, 3900 ԱՄՆ դոլարը տոկոսի գումարն է: Մնացած` 1300000 դրամը բռնագանձելու մասով հայցապահանջը մերժել: Լիաննա Քերոբյանի հակընդդեմ հայցը ընդդեմ Հ.Ֆ.Ն. Վան Էֆֆերինքսի փոխառության պայմանագրում գումարի չափի փոփոխման պահանջի մասին`մերժել: Լիաննա Քերոբյանից հօգուտ Հ.Ֆ.Ն. Վան Էֆֆերինքսից բռնագանձել 228000 դրամ` որպես վերջինիս կողմից վճարված պետ. տուրքի գումար: Լիաննա Քերոբյանից հօգուտ պետ. բյուջեի բռնագանձել 78 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` որպես պետ. տուրք: Հ.Ֆ.Ն. Վան Էֆֆերինքսից հօգուտ պետ. բյուջեի բռնագանձել 26000 դրամ` որպես պետ. տուրք: Վճիռը կարող է բողոքարկվել քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` հրապարակվելու օրվանից տսնհինգօրյա ժամկետում: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

ԴԱՏԱՎՈՐ` Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տեղեկանք. Սույն վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

ԴԱՏԱՎՈՐ` Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

* * *


Գործ N 2-1425 2002թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով`
28.10.2002թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
քարտուղարությամբ` Մ. ՍԱՄՍՈՆՅԱՆԻ
հայցվորի ներկայացուցիչներ` Լ. Բաղդասարյան, Գ. Լեգրյան
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
պատասխանող` ԼԵՎՈՆ ՔԵՐՈԲՅԱՆԻ

2002թ. հոկտեմբերի 28-ին դռնբաց դատական նիստում քննեց գործն ըստ հայցի` Հ.Ֆ.Ն. Վան Էֆֆերինքսի ներկայացուցիչներ Լ. Բաղդասարյանի և Գ. Լեգրյանի ընդդեմ` Լիաննա և Լևոն Քերոբյանների ու երրորդ անձ Հրանուշ և Արշակ Քերոբյանների` ընդանուր գույքից բաժին առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին Հայցվորի ներկայացուցիչ Գ. Լեգրյանը դիմելով դատարան հայտնել է, որ 2002թ. ապրիլի 30- ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքի առաջին ատյանի դատարանը մասնակի բավարարել է Վան Էֆֆերինքսի պահանջը և Լիաննա Քերոբյանից հօգուտ Վան Էֆֆերինքսի պետք է բռնագանձվեր 24200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչպես նաև 228000 դրամ` որպես վերջինիս կողմից վճարված պետ. տուրքի գումար: Նշված քաղ. գործով վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Որպես հայցի ապահովման միջոց 25.03.2002թ. արգելանք է դրվել Լիաննա Քերոբյանի գույքի, այդ թվում` Բաղրամյան պողոտայի 70 շենքի թիվ 84 հասցեում գտնվող բնակարանի և դրամական միջոցների վրա: Քանի որ գործի դատաքննության ժամանակ վերը նշված բնակարանի մյուս համասեփականատերերը` պատասխանող Լևոն Քերոբյանը և երրորդ անձինք ցանկություն հայտնեցին Լիաննա Քերոբյանի պարտքը մարելու համար շուկայական գնով գնել նրա բաժինը, ուստի ինքը փոխում է հայցապահանջը և խնդրում Լևոն, Հրանուշ և Արշակ Քերոբյաններից հօգուտ հայցվորի բռնագանձել 3875 ԱՄՆ դոլար:

Պատասխանող Լևոն Քերոբյանը և երրորդ անձ Հրանուշ ու Արշակ Քերոբյանները հայտնեցին, որ իրենք համաձայն են Լիաննա Քերոբյանի պարտքը մարելու համար շուկայական գնով գնել նրա բաժինը:

Պատասխանող Լիաննա Քերոբյանը, ներկայանալով նախորդ դատական նիստին հայտնել է, որ ինքը համաձայն չէ իր բաժնի վրա բռնագանձում տարածելուն, քանի որ իր ամուսինը և երկու երեխաները ցանկանում են գնել իր բաժինը:

Լսելով հայցվորի ներկայացուցիչ Գ. Լեգրյանի և պատասխանողների ու երրորդ անձանց բացատրությունները, հետազոտելով հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, ինչպես նաև գործով ձեռք բերված այլ ապացուցները` դատարանը գտավ, որ հայցապահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ: Գործի քննությամբ պարզվեց, որ Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 30.04.2002թ. վճռով Հ.Ֆ.Ն. Վան Էֆֆերինքսի հայցապահանջը բավարարվել է մասնակի և վճռվել Լիաննա Քերոբյանից հօգուտ Հ.Ֆ.Ն. Վան Էֆֆերինքսի բռնագանձել 24200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչպես նաև 228000 դրամ որպես հայցվորի կողմից վճարված պետ. տուրքի գումար: Նշված վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: Կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ Լիաննա Քերոբյանի գույքը բավարար չէ հայցվորի հանդեպ ունեցած պարտքը մարելու համար և միևնույն ժամանակ` որ Լ. Քերոբյանը հանդիսանում է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 70 շենքի թիվ 84 բնակարանի համասեփականատեր: Այդ իսկ պատճառով, Հ.Ֆ.Ն. Վան Էֆֆերինքսի ներկայացուցիչներ Լ. Բաղդասարյանը և Գ. Լեգրյանը հայց էին հարուցել դատարան` ընդանուր գույքից Լ. Քերոբյանից բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու մասին: Արաբկիրի շրջխորհրդի գործկոմի 12.01.95թ. որոշման հետազոտմամբ պարզվեց, որ վերը նշված բնակարանը սեփականաշնորվել է Լևոն Քերոբյանի անվամբ որպես նրա կնոջ` Լիաննա Քերոբյանի և զավակներ Հրանուշ ու Արշակ Քերոբյանների ընդանուր համատեղ սեփականություն: Այսպիսով, դատարանը հաստատված համարեց այն հանգամանքը, որ պատասխանող Լիաննա Քերոբյանը հանդիսանում է այդ բնակարանի 1/4-րդ բաժնի սեփականատերը: Ինչպես պարզվեց գործի քննությամբ, 1/4-րդ բաժինն անհնար է բնեղենով առանձնացնել` ի նկատի ունենալով բնակարանի ինչպես բնակելի, այնպես էլ օժանդակ մակերեսները: Բացի այդ, մյուս համասեփականատերերը ցանկություն հայտնեցին Լիաննա Քերոբյանի պարտքը մարելու համար շուկայական գնով գնելու վերջինիս բաժինը, որի արժեքը, ինչպես պարզվեց "Ա.Վ.ԲՈՒՐՍԱ"-ի կողմից 18.10.2002թ.տրված անշարժ գույքի շուկայական գնահատման ակտի հետազոտմամբ, կազմում է 3875 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Նման պայմաններում դատարանը գտնում է, որ փոխված հայցապահանջը հիմնավոր է, քանի որ այն բխում է ՀՀ քաղ. օր-գրքի 200 հոդվածի բովանդակությունից: Ինչ վերաբերում է վերը նշված բնակարանի նկատմամբ Լիաննա Քերոբյանի սեփականության իրավունքին, ապա այն ենթակա է դադարման Հ.Ֆ.Ն. Վան Էֆֆերինքսի կողմից վերը նշված գումարը ստանալու պահից:

Դատարանը, քննության առնելով կողմերի միջև դատական ծախսերի բաշխման հարցը, գտավ, որ այն պետք է համարել լուծված` նկատի ունենալով այն հանգամանքը, որ պատասխանող Լևոն Քերոբյանը մինչ վճիռ կայացնելը` "Ա.Վ. ԲՈՒՐՍԱ"-ին արդեն իսկ վճարել է վերը նշված բնակարանի գնահատման ծառայության դիմաց գումարը: Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 և 134 հոդվածներով` դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Հ.Ֆ.Ն. Վան Էֆֆերինքսի ներկայացուցիչներ Լ. Բաղդասարյանի և Գ. Լգրյանի հայցապահանջը բավարարել: Հ.Ֆ.Ն. Վան Էֆֆերինքսի հանդեպ Լիաննա Քերոբյանի ունեցած պարտքը մարելու համար Լևոն, Հրանուշ և Արշակ Քերոբյաններից հօգուտ Հ.Ֆ.Ն. Վան Էֆֆերինքսի համապարտության կարգով գռնագանձել 3875 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` գումարը ստանալու պահից դադարեցնելով Լիաննա Քերոբյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 70 շենքի թիվ 84 բնակարանի նկատմամբ: Վճիռը կարող է բողոքարկվել քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան հրապարակվելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով պարտապանի հաշվին:

 

ԴԱՏԱՎՈՐ` Գ.ՀԱԿՈԲՅԱՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Սույն վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր Գ. ՀԱԿՈԲՅԱՆ