Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ հ. 2-1291/2002թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով`
09.07.2002թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Վ. ԼԱԼԱՅԱՆԻ
քարտուղարությամբ` Ա. ԲԱԼԱԲԵԿՅԱՆԻ
հայցվորի ներկայացուցիչներ`
Գ. ԼԵԳՐՅԱՆԻ, Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
/ "Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
պատասխանող`
Ա. ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

2002թ. հուլիսի 9-ին դատարանում դռնբաց դատական նիստում քննեց քաղ. գործն ըստ հայցի Կարեն Գրիգորյանի ընդդեմ Ասյա Ալեքսանյանի` գումարի պահանջի մասին:

Դատաքննությամբ դատարանը պարզեց հետևյալը. Հայցվորը, դիմելով դատարան հայտնել է, որ 1996թ. սեպտեմբեր ամսին պատասխանողի խնդրանքով նրան պարտքով տվել է 2300 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որի դիմաց պատասխանողը գրել է ստացական, որով պարտավորվել էր պարտքի գումարը վերադարձնել 1998թ. փետրվար ամսին:

 

Հայցվորը հայտնել է, որ 2300 ԱՄՆ դոլար պարտքի գումարից պատասխանողը վերադարձրել է միայն 600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, պարտք մնալով 1700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որի վերաբերյալ 12.02.2002թ. գրել է ստացական:

Հայցվորը դատարանին խնդրել է պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 1700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարտքի և իր կողմից մուծված պետտուրքի գումարը: Դատաքննության ժամանակ հայցվորի ներկայացուցիչները պնդելով հայցվորի հայցը և ավելացնելով հայցագինը խնդրեցին դատարանին պատախանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 1700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարտքի գումարը և ՀՀ քաղ.օր-ի 411 հոդվածի հիման վրա նաև 1060 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ տոկոսների գումարը, ինչպես նաև հայցվորի և "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" ՓԲԸ-ի միջև 09.04.2002թ. կնքված պայմանագրի և ՀՀ Քաղ.օր-ի 17 հոդվածի հիման վրա ընկերության կողմից սույն քաղ. գործով հայցվորին մատուցած իրավաբանական ծառայությունների համար 500.000 դրամ գումար: Պատասխանողն ընդունեց միայն 1700 ԱՄՆ դոլարի պարտքի գումարի մասով, իսկ հայցվորի ներկայացուցիչների հայցապահանջները չընդունեց, հայտնելով, որ պարտքի հիմնական գումարի դիմաց ինքը հայցվորին վճարել է բավականին գումարի տոկոսներ, սակայն այդ գումարների վճարման համար որևէ գրավոր փաստաթուղթ ինքը հայցվորից չի վերցրել: Լսելով կողմերի բացատրությունները, հետազոտելով գործում եղած գրավոր ապացույցները և գնահատելով դրանք, դատարանը գտավ, որ հայցվորի պահանջը` 1700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ բռնագանձելու մասին, ենթակա է բավարարման ամբողջովին, իսկ տոկոսների և իրավաբանական ծառայության մատուցման համար գումարների պահանջի մասով ենթակա է բավարարման մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ. Դատարանը պարզեց, որ 12.02.2002թ. պատասխանող Ա.Ալեքսանյանը հայցվոր Կ.Գրիգորյանին ստացական է տվել այն մասին, որ ինքը նրանից վերցրել է 2300 ԱՄՆ դոլար և այն գումարի մի մասը վերադարձնելուց հետո պարտք է մնացել նրան 1700 ԱՄՆ դոլար ու պարտավորվում է այն հայցվորին վերադարձնել առաջին իսկ հնարավորության դեպքում մաս-մաս կամ ամբողջությամբ: ՀՀ Քաղ. օր-ի 877 հ. 1-ին կետի և 878 հ. հիման վրա դատարանը վերոհիշյալ ստացականը դիտում է որպես փոխառության պայմանագիր և պատասխանողը պարտավոր է հայցվորին վերադարձնել 1700 ԱՄՆ դոլարին համարժեք փոխառության գումարը: Ուստի, պատասխանողից հօգուտ հայցվորի պետք է բռնագանձել 1700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը: Նկատի ունենալով, որ ստացականով, այսինքն փոխառության պայմանագրով, սահմանված չէ պատասխանողի կողմից հայցվորին փոխառության գումարը վերադառձնելու ժամկետը, դատարանը գտնում է, որ ՀՀ քաղ.օր-ի 880 հ. 1-ին և 881 հ.1-ին կետերի համաձայն, հայցվորի ներկայացուցիչների պահանջը` 411 հ. հիման վրա 1700 ԱՄՆ դոլար պարտքի գումարին մինչև վճռի կայացման օրը տոկոսներ հաշվարկելու և բռնագանձելու մասին, անհիմն է և այդ պատճառով ենթակա չէ բավարարման: Սակայն դատարանը գտնում է, որ ՀՀ Քաղ.օր-ի 411 հ. համաձայն վճռի կայացման հաջորդ օրվանից սկսած պատասխանողից հօգուտ հայցվորի պետք է հաշվարկել և բռնագանձել 1700 ԱՄՆ դոլար պարտքի գումարին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված տարեկան 20 տոկոս համարժեք դրամ, մինչև 1700 ԱՄՆ դոլար պարտքի գումարի բռնագանձման մասով վճռի կատարման օրը: Հայցվորի ներկայացուցիչների մյուս պահանջը հայցվորի և "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" ՓԲԸ-ի միջև 09.04.2002թ. կնքված պայմանագրով ընկերության կողմից հայցվորին սույն քաղ. գործով մատուցած իրավաբանական ծառայությունների համար ՀՀ Քաղ.օր-ի 17 հ. հիման վրա որպես նրա խախտված իրավունքը վերականգնելու համար ծախսերի գումար պատասխանողից հօգուտ հայցվորի 500.000 դրամ բռնագանձելու մասին դատարանը գտնում է, որ այն ենթակա է բավարարման մասնակիորեն 100.000 դրամի չափով, քանի որ 500.000 դրամի չափով հայցվորի խախտված իրավունքի վերակագման համար վերոհիշյալ պայմանագրով սահմանված վճարման ենթակա 500.000 դրամ գումարը իրական ու համաչափ չէ ընկերության կողմից սույն քաղ. գործով կատարված իրավաբանական ծառայությունների դիմաց: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Քաղ.դատ.օր-ի 130-132 հ.հ. դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Հայցվորի հայցը բավարարել մասնակիորեն: Ասյա Ալեքսանյանից հօգուտ Կարեն Գրիգորյանի բռնագանձել 1700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքի գումարը և 19700 դրամ որպես հայցվորի կողմից պետական բյուջե մուծած պետական տուրքի գումար, ինչպես նաև 100000 դրամ որպես հայցվորի կողմից իրավաբանական ծառայություն ստանալու համար կատարված ծախսերի գումար: Ասյա Ալեքսանյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 2000 դրամ որպես պետական տուրքի գումար: Սկսած 2002թ. հուլիսի 10-ից պատասխանողից հօգուտ հայցվորի հաշվարկել և բռնագանձել 1700 ԱՄՆ դոլար պարտքի գումարին տարեկան 20 տոկոս համարժեք դրամ մինչև 1700 ԱՄՆ դոլար պարտքի գումարի բռնագանձման մասով վճռի կատարման օրը: Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանին հրապարակման օրվանից 15 օրվա ընթացքում:

 

ԴԱՏԱՎՈՐ` Վ. ԼԱԼԱՅԱՆ

Վճիռը ստացել է օրինական ուժ:

ԴԱՏԱՎՈՐ` Վ. ԼԱԼԱՅԱՆ

* * *


Գործ հ. 2-1722/2002թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով`
26.07.2002թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Վ. ԼԱԼԱՅԱՆԻ
քարտուղարությամբ` Ա. ԲԱԼԱԲԵԿՅԱՆԻ
հայցվոր` Վ.ՍԱՀԱԿՅԱՆ
պատասխանողներ` 1. ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման հարկադիր կատարող Հ.ՍԱՐԳՍՅԱՆ
2. Ա.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
3. Կ.Գրիգորյանի ներկայացուցիչ Հ.ՀԱԿՈԲՅԱՆ

2002թ. հուլիսի 26-ին դատարանում դռնբաց դատական նիստում քննեց քաղ. գործն ըստ հայցի Վարդան Սահակյանի ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման, Ասյա Ալեքսանյանի և Կարեն Գրիգորյանի` հարկադիր կատարողի կողմից գույքի վրա արգելանք դնելու մասին կազմված ակտը մասնակիորեն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքն արգելանքից հանելու պահանջի մասին:

Դատաքնությամբ դատարանը պարզեց հետևյալը.

Հայցվորը, դիմելով դատարան հայտնել է, որ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Հ.- Սարգսյանը 21.05.2002թ. որոշում է կայացրել պարտապան Ասյա Ալեքսանյանի գույքի վրա արգելանք դնելու մասին և արգելանք է դրել Երևանի Մ.Խորենացու 47 շենքի թիվ 123 բնակարանում եղած 14 անվանում գույքի վրա, որոնցից հեռուստացույցը` 25.000 դրամ արժողությամբ, հյուրասենյակի կահույքը` 8 կտոր` 80.000 դրամ արժողությամբ, հյուրասենյակի 1 սեղանը և 4 հատ աթոռը` 9.000 դրամ արժողությամբ, 1 հատ բազմոցը` 9.000 դրամ արժողությամբ, 2 հատ բազկաթոռը` 10.000 դրամ արժողությամբ, 1 հատ փոշեկուլը` 20.000 դրամ արժողությամբ, պատի մեկ գորգը` 15.000 դրամ արժողությամբ, հեռուստացույցի տակդիրը` 10.000 դրամ արժողությամբ, պատկանում են ոչ թե Ասյա Ալեքսանյանին, այլ հանդիսանում են իր սեփականությունը: Հայցվորը խնդրել է դատարանին ՀՀ Քաղ.օր-ի 2 հ. և 159 հ. հիման վրա մասամբ անվավեր ճանաչել գույքի վրա արգելանք դնելու մասին հարկադիր կատարողի կողմից կազմված արձանագրությունը և իր սեփականությունը հանդիսացող գույքը հանել արգելանքից: Դատաքննության ժամանակ հայցվորը հայցը պնդեց և հայտնեց, որ պատասխանողներից Ա.Ալեքսանյանն իր մայրն է և բնակվում են համատեղ նույն` Երևանի Մ.Խորենացու 47 շենքի թիվ 123 բնակարանում: Նա նշեց, որ հայցադիմումում նշված ապրանքների մի մասը ինքը գնել է արտասահման մշտական բնակության մեկնող անձանցից և Երևանի տոնավաճառներից, իսկ կահույքը գնել է իր մորից: Նա հայտնեց նաև, որ հայցադիմումում նշված ապրանքներն իր կողմից գնելու մասին որևէ գրավոր փաստաթուղթ ինքը չի վերցրել և այդ պատճառով դատարանին չի կարող ներկայացնել այդ ապրանքներն իրեն պատկանելու վերաբերյալ որևէ ապացույց: Հայցվորը խնդրեց դատարանին մասնակիորեն անվավեր ճանաչել հարկադիր կատարողի կողմից կազմված գույքի վրա արգելանք դնելու մասին ակտը և սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը հանել արգելանքից: Պատասխանող ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման հարկադիր կատարող Հայկ Սարգսյանը հայցը չընդունեց և հայտնեց, որ ստանալով դատարանի կողմից ուղարկված որոշումը և կատարողական թերթը` պատասխանող Ա.Ալեքսանյանի գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելու մասին, 21.05.2002թ. ինքը որոշում է կայացրել պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին: Այդ որոշման հիման վրա ինքը գնացել է պարտապանի` Երևանի Մ.Խորենացու 47 շենքի թիվ 123 բնակարան և արգելանք է դրել բնակարանում եղած պարտապանի գույքի վրա և 21.05.2002թ. կազմել է ակտ պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին: Թեպետև հայցվոր Վ.Սահակյանն այդ ակտի մեջ նշել է, որ արգելանքի տակ գտնվող գույքը պատկանում է իրեն, սակայն նա որևէ գրավոր ապացույց չի ներկայացրել արգելանքի տակ վերցված գույքը սեփականության իրավունքով իրեն պատկանելու մասին: Նա նշեց նաև, որ իր հարցմանն անշարժ գույքի կադաստրից գրավոր հայտնել են, որ Երևանի Մ.Խորենացու 47 շենքի թիվ 123 բնակարանն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է հայցվոր Վ.Սահակյանին և պատասխանող Ա.Ալեքսանյանին: Պատասխանողը հայտնեց նաև, որ իր կողմից 21.05.2002թ. որոշմամբ և ակտով չի խախտել հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով երաշխավորված իրավունքները: Խնդրեց մերժել հայցը: Պատասխանող Կ.Գրիգորյանի լիազորված անձ Հասմիկ Հակոբյանը հայցը չընդունեց և հայտնեց, որ հայցվորն ինչպես հարկադիր կատարողին, այնպես էլ դատարանին չի ներկայացրել որևէ գրավոր ապացույց այն մասին, որ արգելանքի տակ գտնվող գույքը սեփականության իրավունքով պատկանում է նրան: Խնդրեց հայցը մերժել: Լսելով կողմերի բացատրությունները, հետազոտելով գործում եղած գրավոր ապացույցները և գնահատելով դրանք, դատարանը գտավ, որ հայցվորի հայցն անհիմն է և այն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ: Դատաքննությամբ պարզվեց, որ Կարեն Գրիգորյանը հայց էր ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան ընդդեմ Ասյա Ալեքսանյանի` գումարի պահանջի մասին: Հայցվորը միաժամանակ միջնորդել էր դատարանին հայցի ապահովման միջոցներ ձեռնարկել: Դատարանը, բավարարելով հայցվորի միջնորդությունը, 08.05.2002թ. որոշում էր կայացրել հայցագնի չափով արգելանք դնել պատասխանող Ա.Ալեքսանյանի Երևանի Մ.Խորենացու 47 շենքի թիվ 123 բնակարանում գտնվող գույքի վրա և այդ որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը` անհապաղ կատարման: Հարկադիր կատարող Հ.Սարգսյանը, ղեկավարվելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության մասին օրենքով և ՀՀ քաղ.դատ.օրենսգրքով 21.05.2002թ. որոշում է կայացրել պատասխանող /պարտապան/ Ա.Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Մ.Խորենացու 47 շենքի թիվ 123 բնակարանում գտնվող գույքի վրա արգելանք դնելու մասին և նույն օրը նա այցելել է նշված բնակարան և նշված որոշմամբ արգելանք է դրել այնտեղ գտնվող գույքի վրա: Դատարանը, քննելով վերոհիշյալ քաղ.գործը, 09.07.2002թ. վճիռ է կայացրել հայցվոր Կ.Գրիգորյանի հայցը մասնակիորեն բավարարելու մասին: Հայցվոր Վ.Սահակյանի պահանջը ՀՀ Քաղ.դատ.օր-ի 159 հ. հիման վրա հարկադիր կատարողի կողմից 21.05.2002թ. ակտը մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին, դատարանը գտնում է, որ անհիմն է, քանի որ հարկադիր կատարողի գործողությունները համապատասխանում են ՀՀ ԴԱՀԿ-ի մասին օրենքի և ՀՀ քաղ.դատ.օրենսգրքի պահանջներին և նրա այդ գործողություններով չի խախտվել հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով երաշխավորված իրավունքները: ՀՀ քաղ.դատ.օր-ի 48 հ. համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Ելնելով օրենքի այդ պահանջից և նկատի ունենալով, որ դատաքննության ժամանակ հայցվորը որևէ ապացույց չներկայացրեց դատարանին, որ արգելանքի տակ դրված գույքը սեփականության իրավունքով պատկանում է իրեն, դատարանը գտավ, որ հայցվորի մյուս պահանջը` գույքն արգելանքից հանելու մասին, անհիմն է և ենթակա է մերժման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ.դատ.օր-ի130-132 հհ., դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

 

Վարդան Մանվելի Սահակյանի հայցը մերժել, անհիմն լինելու պատճառով: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանին հրապարակման օրվանից 15 օրվա ընթացքում:

ԴԱՏԱՎՈՐ` Վ. ԼԱԼԱՅԱՆ

 

* * *


Գործ 02-1484/2002թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը հետևյալ կազմով`
27.09.2002թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ա.ԱՆՏՈՆՅԱՆ
քարտուղարությամբ` Գ.ԳԵՎՈՐԳՅԱՆ
հայցվոր`
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ
պատասխանող` Կ.Գրիգորյանի լիազորված անձ` Հ. ՀԱԿՈԲՅԱՆ
Դատավորներ`
Գ.ՄԱՏԻՆՅԱՆ, Լ.Գրիգորյան

2002թ. սեպտեմբերի 27-ին դռնբաց դատական նիստում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի /դատավոր` Վ.Լալայան/ 2002թ. հուլիսի 26- ին կայացրած վճռի դեմ սույն քաղաքացիական գործով հայցվորի կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննության կարգով քննության առավ քաղաքացիական գործն ըստ հայցի` Վարդան Սահակյանի ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման, Ասյա Ալեքսանյանի և Կարեն Գրիգորյանի` հարկադիր կատարողի կողմից գույքի վրա արգելանք դնելու մասին կազմված ակտը մասնակիորեն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքն արգելանքից հանելու պահանջի մասին:

Դատաքննությամբ և գործի փաստական հանգամանքներով վերաքննիչ դատարանը պարզեց հետևյալը.

Հայցվորը վերաքննիչ դատարանում պնդեց հայցը, առաջին ատյանի դատարանում տրված բացատրությունները և հայտնեց, որ պատասխանող Ա.Ալեքսանյանն իր մայրն է և բնակվում են համատեղ, նույն` Երևանի Մ.Խորենացու 47 շենքի թիվ 123 բնակարանում: ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Հ.Սարգսյանը 21.05.2002թ-ին որոշում է կայացրել պարտապան Ասյա Ալեքսանյանի գույքի վրա արգելանք դնելու մասին և արգելանք է դրել Երևանի Մ.Խորենացի 47 շենքի թիվ 123 բնակարանում եղած 14 անվանում գույքի վրա որոնցից հեռուստացույցը` 25.000 դրամ արժողությամբ, հյուրասենյակի կահույքը` 8 կտոր` 80.000 դրամ արժողությամբ, հյուրասենյակի 1 սեղանը և 4 հատ աթոռը` 9.000 դրամ արժողությամբ, 1 հատ բազմոց` 8.000 դրամ արժողությամբ, 2 հատ բազկաթոռ` 10.000 դրամ արժողությամբ, 1 հատ փոշեկուլ` 20.000 դրամ արժողությամբ և հատակի 1 գորգ` 15.000 դրամ արժողությամբ, հեռուստացույցի տակդիր` 10.000 դրամ արժողությամբ և հատակի 1 գորգ` 10.000 դրամ արժողությամբ, պատկանում են ոչ թե Ասյա Ալեքսանյանին, այլ հանդիսանում են իր սեփականությունը: Վերը նշված ապրանքներն իր կողմից գնելու մասին որևէ գրավոր փաստաթուղթ չի կարող ներկայացնել, որի պատճառով էլ դատարանին չի կարող ներկայացնել այդ ապրանքներն իրեն պատկանելու վերաբերյալ որևէ ապացույց: Հայցվորը վերաքննիչ դատարանից խնդրեց հայցը բավարարել` մասնակիորեն անվավեր ճանաչել հարկադիր կատարողի կողմից գույքի վրա արգելանք դնելու մասին ակտը և սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը հանել արգելանքից: Պատասխանող Կ.Գրիգորյանի լիազորված անձ Հ.Հակոբյանը վերաքննիչ դատարանում առարկեց հայցի դեմ, պնդեց առաջին ատյանի դատարնում տրված բացատրությունները և խնդրեց հայցը մերժել, քանի որ հայցվորն ինչպես հարկադիր կատարողին, այնպես էլ դատարանին չի ներկայացրել որևէ գրավոր ապացույց այն մասին, որ արգելանքի տակ գտնվող գույքը սեփականության իրավունքով պատկանում է իրեն: Պատասխանող ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման հարկադիր կատարող Հայկ Սարգսյանը 26.09.2002թ.-ին դիմում է ներկայացրել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան, որով խնդրել է գործը քննել իր բացակայությամբ, հիմք ընդունելով իր կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում տրված բացատրությունները: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում պատասխանող` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման հարկադիր կատարող Հայկ Սարգսյանը հայցը չի ընդունել և հայտնել է, որ ստանալով դատարանի կողմից ուղղարկած որոշումը և կատարողական թերթը պատասխանող Ա.Ալեքսանյանի գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելու մասին, այդ որոշման հիման վրա ինքը գնացել է պարտապանի` Երևանի Մ.Խորենացի 47 շենքի թիվ 123 բնակարան և արգելանք է դրել բնակարանում եղած 14 անվանում գույքի վրա և 21.05.2002թ. կազմել է ակտ պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին: Թեպետև հայցվոր Վ.Սահակյանը այդ ակտի մեջ նշել է, որ արգելանքի տակ գտնվող գույքը պատկանում է իրեն, սակայն նա որևէ գրավոր ապացույց չի ներկայացրել արգելանքի տակ վերցրած գույքը սեփականության իրավունքով իրեն պատկանելու մասին: Նշել է նաև, որ իր հարցմանն անշարժ գույքի կադաստրից գրավոր հայտնել են, որ Երևանի Մ.Խորենացի 47 շենքի թիվ 123 բնակարանը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է հայցվոր Վ.Սահակյանին և պատասխանող Ա.Ալեքսանյանին: Հայտնել է նաև, որ իր կողմից 21.05.2002թ. որոշմամբ և ակտով չի խախտվել հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքով երաշխավորված իրավունքները: Խնդրել է հայցապահանջը մերժել: Պատասխանող Ասյա Ալեքսանյանը պատշաճ կարգով ծանուցված լինելով դատական նիստի վայրի և ժամանակի մասին, դատական նիստին չէր ներկայացել: Լսելով կողմերի բացատրությունները, ուսումնասիրելով և գնահատելով գործի փաստական հանգամանքները, վերաքննիչ դատարանը գտավ, որ հայցապահանջն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Դատաքննությամբ պարզվեց, որ Կարեն Գրիգորյանը հայց էր ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան ընդդեմ Ասյա Ալեքսանյանի` գումարի պահանջի մասին: Հայցվորը միաժամանակ միջնորդել էր դատարանին հայցի ապահովման միջոցներ ձեռնարկել: Դատարանը, բավարելով հայցվորի միջնորդությունը, 08.05.2002թ. որոշում էր կայացրել հայցագնի չափով արգելանք դնել պատասխանող Ա. Ալեքսանյանի Երևանի Մ.Խորենացի 47 շենքի թիվ 123 բնակարանում գտնվող գույքի վրա և այդ որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանն անհապաղ կատարման: Հարկադիր կատարող Հ.Սարգսյանը` ղեկավարելով ՀՀ "ԴԱՀԿ մասին" օրենքով և ՀՀ քաղ. դատ. օր-ով, 21.05.2002թ. որոշում է կայացրել պատասխանող /պարտապան/ Ա.Ալեքսանյանի սեփականության իրավունքով պատկանող Երևանի Մ.Խորենացի 47 շենքի թիվ 123 բնակարանում գտնվող գույքի վրա արգելանք դնելու մասին և նույն օրը նա այցելելով նշված բնակարան, արգելանք է դրել գույքի վրա: Դատարանը քննության առնելով վերը նշված քաղաքացիական գործը 09.07.2002թ. վճիռ է կայացրել հայցվոր Կ.Գրիրգորյանի հայցը մասնակիորեն բավարարելու մասին: Հայցվոր Վ.Սահակյանի պահանջը ՀՀ քաղ. դատ. օր-ի 159 հոդվածի հիման վրա հարկադիր կատարողի կողմից 21.05.2002թ. ակտը մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին, դատարանը գտնում է անհիմն, քանի որ հարկադիր կատարողի գործողությունները համապատասխանում են ՀՀ "ԴԱՀԿ մասին" օրենքի և ՀՀ քաղ. դատ. օր-ի պահանջներին և նրա այդ գործողություններով չի խախտվել հայցվորի օրենսդրությամբ երաշխավորված իրավունքները: Հայցվորը դատարանին որևէ ապացույց չներկայացրեց այն մասին, որ արգելանքի տակ գտնվող գույքը սեփականության իրավունքով պատկանում է իրեն, իսկ համաձայն ՀՀ քաղ. դատ. օր-ի 48 հոդվածի` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները, որը հայցվորի կողմից չի արվել: Ելնելով վերոգրյալից և ղեկավարելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 218 հոդվածով վերաքննիչ դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Վարդան Սահակյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման, Ասյա Ալեքսանայնի և Կարեն Գրիգորյանի` հարկադիր կատարողի կողմից գույքի վրա արգելանք դնելու մասին կազմված ակտը մասնակիորեն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքն արգելանքից հանելու պահանջի մասին` մերժել: Դատական ծախսերի հարցը համարել լուծված: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան 15 օրվա ընթացքում:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ս.ԱՆՏՈՆՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐ` Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐ` Գ.ՄԱՏԻՆՅԱՆ

Ծանոթություն` սույն վճիռը "14" հոկտեմբերի 2002թ-ին մտել է օրինական ուժի մեջ:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ս.ԱՆՏՈՆՅԱՆ

* * *


Գործ հ. 2-1122/2003թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով`
02.09.2003թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Վ. ԼԱԼԱՅԱՆԻ
քարտուղարությամբ` Ա. ԲԱԼԱԲԵԿՅԱՆԻ
հայցվորի ներկայացուցիչ`
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
պատասխանող` Վ. ՍԱՀԱԿՅԱՆԻ

2003թ. սեպտեմբերի 2-ին դատարանում դռնբաց դատական նիստում քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի Կարեն Գրիգորյանի ընդդեմ Ասյա Ալեքսանյանի և Վարդան Սահակյանի` առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Դատաքնությամբ դատարանը պարզեց հետևյալը.

Հայցվոր Կ.Գրիգորյանի ներկայացուցիչ Հ.Հակոբյանը, դիմելով դատարան հայտնել է, որ 09.07.2002թ. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, քննելով քաղ. գործն ըստ Կարեն Գրիգորյանի հայցի ընդդեմ Ասյա Ալեքսանյանի` գումարի պահանջի մասին, հայցը բավավարել է մասնակիորեն. Ասյա Ալեքսանյանից հօգուտ Կարեն Գրիգորյանի բռնագանձել 1700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքի գումար, 11970 դրամ պետտուրքի գումար, 100000 դրամ որպես հայցվորի կողմից իրավաբանական ծառայություն ստանալու համար կատարված ծախսերի գումար, ինչպես նաև սկսած 2002թ. հուլիսի 10-ից պատասխանողից հօգուտ հայցվորի հաշվարկել և բռնագանձել 1700 ԱՄՆ դոլար պարտքի գումարին տարեկան 20 տոկոս համարժեք դրամ մինչև 1700 ԱՄՆ դոլար պարտքի գումարի բռնագանձման մասով վճռի կատարման օրը: Նշված վճիռը 25.07.2002թ. ստացել է օրինական ուժ: 21.10.2002թ. կողմերի միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի Ասյա Ալեքսանյանը վճարելու է Կարեն Գրիգորյանին 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, այն է. 300 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը միանգամից, իսկ մնացած գումարը 17 ամսվա ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նշված համաձայնագրի պայմանները կատարվել է Ասյա Ալեքսանյանի կողմից մասնակիորեն. վճարվել է 300 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը և 2002թ. նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը, որից հետո վերջինս հրաժարվել է այն կատարել, որի հիման վրա 30.05.2003թ. Կարեն Գրիգորյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանին` հայցապահանջով ընդհանուր սեփականության գույքը բաժանելու և Ասյա Ալեքսանյանին պատկանող բաժնի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ: Նշված հայցի դատաքննությամբ պարզվեց, որ Մ.Խորենացու 47 շենքի թիվ 123 բնակարանի Ասյա Ալեքսանյանի բաժնեմասը վերջինիս կողմից 28.12.2002թ. վաճառվել է Վարդան Սահակյանին այն դեպքում, երբ Ասյա Ալեքսանյանը ըստ 21.10.2002թ. համաձայնագրի պարտավորվել է պարտքի գումարը վճարելու, ուստի 05.11.2002թ. ՀՀ ԴԱՀԿ օրենքի 41 հոդվածի հիմքերով Կ.Գրիգորյանը խնդրել է ԴԱՀԿ ծառայությանը հարկադիր կարգով գործն ավարտելու, քանի որ առկա էր 21.10.2002թ. համաձայնագիրը, որից օգտվելով և հետագայում հարկադիր կարգով պարտքը վճարելուց խուսափելու համար Ասյա Ալեքսանյանն իր բաժնեմասը վաճառել է որդուն և պատկանում է վերջինիս սեփականության իրավունքով (հիմք` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման 04.06.2003թ. N 982 գրություն): Հաշվի առնելով, որ Մ.Խորենացու 47 շենքի թիվ 123 բնակարանի առուվաճառքը կատարվել է նպատակ ունենալով խոչընդոտել և խուսափել 09.07.2002թ. վճռի կատարումից, այսինքն նշված գործարքը շինծու է, հայցվորի ներկայացուցիչը խնդրել է անվավեր ճանաչել Մ.Խորենացու 47 շենքի թիվ 123 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը: Դատաքննության ժամանակ հայցվորի ներկայացուցիչը պնդելով հայցը, հայտնեց, որ այսօրվա դրությամբ պատասխանող Ա.Ալեքսանյանը 2000 ԱՄՆ դոլար պարտքի գումարից հայցվորին վերադարձրել է 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ մնացած պարտքի գումարը նա տարբեր պատճառաբանություններով չի ցանկանում վերադարձնել: Նա խնդրեց դատարանին անվավեր ճանաչել Մ.Խորենացու 47 շենքի թիվ 123 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայագիրը: Պատասխանող Վ.Սահակյանը հայցը չընդունեց և հայտնեց, որ պատասխանող Ա.Ալեքսանյանն իր մայրն է և բնակարանը նրանից գնել է 3500 դոլարով: Այդ գումարով նա փակել է "Անելիք" բանկին ունեցած պարտքի գումարը: Պատասխանողը նշեց, որ իր մայրը չի խուսափում հայցվորին վերադարձնելու մնացած պարտքի գումարը, սակայն նա այժմ գումար չունի: Իր մայրն աշխատում է և նա կարող է յուրաքանչյուր ամիս հայցվորին վերադարձնել մնացած պարտքի գումարը: Պատասխանող Ա.Ալեքսանյանը պատշաճ ձևով ծանուցվել է դատական նիստի վայրի ու ժամանակի մասին, սակայն նա չի ներկայացել: Դատարանը, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետով, որոշեց գործը քննել պատասխանող Ա.Ալեքսանյանի բացակայությամբ: Լսելով կողմերի բացատրությունները, հետազոտելով գործում եղած գրավոր ապացույցները և գնահատելով դրանք, դատարանը գտավ, որ հայցվորի ներկայացուցիչի հայցը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ: Գործի քննությամբ պարզվեց, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 09.07.2002թ. քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Կարեն Գրիգորյանի ընդդեմ Ասյա Ալեքսանյանի` գումարի պահանջի մասին, վճռել է. "Հայցը բավարարել մասնա- կիորեն` Ասյա Ալեքսանյանից հօգուտ Կարեն Գրիգորյանի բռնագանձել 1700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքի գումար, 11970 դրամ որպես հայցվորի կողմից պետական բյուջե մուծված պետական տուրքի գումար, ինչպես նաև 100000 դրամ որպես հայցվորի կողմից իրավաբանական ծառայություն ստանալու համար կատարված ծախսերի գումար: Սկսած 2002թ. հուլիսի 10-ից պատասխանողից հօգուտ հայցվորի հաշվարկել և բռնագանձել 1700 ԱՄՆ դոլար պարտքի գումարին տարեկան 20 տոկոս համարժեք դրամ մինչև 1700 ԱՄՆ դոլար պարտքի գումարի բռնագանձման մասով վճռի կատարման օրը": Սույն վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: 21.10.2002թ. Կարեն Գրիգորյանի և Ասյա Ալեքսանյանի միջև 09.07.2002թ. վերոհիշյալ վճռի կատարման վերաբերյալ կնքվել է համաձայնագիր, որով Ա.Ալեքսանյանը պարտավորվել է որոշակի ժամանակացույցով Կարեն Գրիգորյանին վերադարձնել 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարտքի գումարը: 28.12.2002թ. Ասյա Ալեքսանյանի և Վարդան Սահակյանի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի Ա.Ալեքսանյանը Երևանի Մ.Խորենացու փող. 47 շենքի թիվ 123 բնակարանի իրեն պատկանող 1/3 բաժինը 2065000 դրամով վաճառել է Վ.Սահակյանին: Պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով: Այդ պայմանագրի հիման վրա ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից 07.01.2003թ. Վարդան Սահակյանի անվամբ տրվել է Երևանի Մ.Խորենացու փող. 47 շենքի թիվ 123 բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայական: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 306 հոդվածի 1-ին կետի համաձայն կեղծ գործարքը դա առերևույթ առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը է, որն առոչինչ է: Դատաքննությամբ պարզվեց, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 09.07.2002թ. վճռով և այդ վճռի կատարման վերաբերյալ հայցվոր Կ.Գրիգորյանի և պատասխանող Ա.Ալեքսանյանի միջև 21.10.2002թ. կնքված համաձայնագրով սահմանված 2000 ԱՄՆ դոլար պարտքի գումարից Ա.Ալեքսանյանը վերադարձրել է Կ.Գրիգորյանին միայն 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը, իսկ մնացած 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարտքի գումարը նա մինչև օրս չի վերադարձրել: Դատարանը գտնում է, որ պատասխանող Ա.Ալեքսանյանը, նկատի ունենալով, որ հայցվոր Կ.Գրիգորյանն իր պարտքի գումարի բռնագանձման նպատակով կարող է դիմել դատարան Երևանի Մ.Խորենացու փող. 47 շենքի 123 բնակարանի նրան պատկանող 1/3 բաժնեմասը առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով, այդ բնակարանի իրեն պատկանող բաժնեմասը 28.12.2002թ. վաճառել է իր որդուն` պատասխանող Վ.Սահակյանին: Նման պայմաններում դատարանը գտնում է, որ պատասխանողների միջև 28.12.2002թ. կնքված վերոհիշյալ պայմանագիրը կեղծ է, քանի որ այն կնքվել է առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության և նպատակ է հետապնդել պատասխանող Ա.Ալեքսանյանին խուսափելու հայցվոր Կ.Գրիգորյանին մնացած պարտքի գումարը վերադարձնելուց: Այդ պայմանագիրն առոչինչ է: Վերոգրյալի հիման վրա ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 306 հ. 1-ին կետով դատարանը գտավ, որ հայցվորի ներկայացուցիչի հայցը հիմնավոր է և այն ենթակա է բավարարման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 հոդվածներով դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

Հայցվորի հայցը բավարարել: Անվավեր ճանաչել պատասխանողներ Ասյա Ալեքսանյանի և Վարդան Սահակյանի միջև 28.12.2002թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից 07.01.2003թ. պատասխանող Վարդան Սահակյանի անվամբ տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը: Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանին հրապարակման օրվանից 15 օրվա ընթացքում:

 

ԴԱՏԱՎՈՐ` Վ. ԼԱԼԱՅԱՆ

Վճիռը ստացել է օրինական ուժ:

ԴԱՏԱՎՈՐ` Վ. ԼԱԼԱՅԱՆ

* * *


Գործ հ. 04-336/2003թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը հետևյալ կազմով`
20.01.2004թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Կ. ՀԱԿՈԲՅԱՆ
քարտուղարությամբ` Գ.ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
հայցվորի ներկայացուցիչ`
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ
պատասխանող վերաքննիչ բողոք բերող` Վ.ՍԱՀԱԿՅԱՆ
Դատավորներ` Ն.ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վ.ԱՎԱՆԵՍՅԱՆ

2004թ. հունվարի 20-ին Երևանում վերաքննիչ դատարանում դռնբաց դատական նիստում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի /դատավոր` Վ.Լալայան/ կայացրած վճռի դեմ սույն քաղաքացիական գործով պատասխանող Վ.Սահակյանից ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննության կարգով քննության առավ քաղաքացիական գործն ըստ հայցի Կարեն Գրիգորյանի ներկայացուցիչ Հասմիկ Հակոբյանի ընդդեմ Ասյա Ալեքսանյանի և Վարդան Սահակյանի` առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 02.09.2003թ. վճռել է. "Հայցվորի հայցը բավարարել: Անվավեր ճանաչել պատասխանողներ Ասյա Ալեքսանյանի և Վարդան Սահակյանի միջև 28.12.2002թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը": Հայցվորը դիմելով դատարան հայտնել է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 09.07.2002թ. վճռով Ասյա Ալեքսանյանից հօգուտ իրեն բռնագանձվել է 1700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որպես պարտքի գումար, 11970 դրամ պետտուրքի գումար, 100000 դրամ որպես հայցվորի կողմից իրավաբանական ծառայություն ստանալու համար կատարված ծախսերի գումար, ինչպես նաև սկսած 2002թ. հուլիսի 10-ից պատասխանողից հօգուտ հայցվորի հաշվարկել և բռնագանձել 1700 ԱՄՆ դոլար պարտքի գումարին տարեկան 20 տոկոս համարժեք դրամ մինչև 1700 ԱՄՆ դոլար պարտքի գումարի բռնագանձման մասով վճռի կատարման օրը: Վերը նշված վճռի կատարման վերաբերյալ կողմերի միջև սահմանված կարգով կնքվել է ժամանակացույց, համաձայն որի Ա.Ալեքսանյանի պարտքը Կ.Գրիգորյանի նկատմամբ ենթակա է վճարման 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Պատճառաբանելով, որ ստանձնած պարտավորությունը չի կատարել, գումարն ամբողջությամբ չի վճարել և պարտքը վճարելուց խուսափելու համար ք. Երևան, Մ.Խորենացու 47 շենք թիվ 123 բնակարանի իր բաժնեմասը շինծու գործարքով օտարել է որդուն` Վարդան Սահակյանին: Խնդրել է դատական կարգով անվավեր ճանաչել պատասխանողների միջև կնքված բնակելի տարածության օտարման գործարքը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայականը: Հայցվորը, նրա ներկայացուցիչ Հասմիկ Հակոբյանը պնդելով հայցապահանջը, առաջին ատյանի դատարանում տված բացատրությունները, խնդրեցին հայցը բավարարել: Պատասխանող Ասյա Ալեքսանյանը պատշաճ կարգով ծանուցվել է դատական նիստի օրվա ու ժամանակի մասին, սակայն դատական նիստի չի ներկայացել: Վերաքննիչ դատարանը համաձայն ՀՀ Քաղ. դատ. օր-ի 118 հոդ. 2-րդ կետի, գործը քննեց վերջինիս բացակայությամբ: Պատասխանող Վարդան Սահակյանը խնդրեց հայցը մերժել այն անհիմն լինելու պատճառաբանությամբ: Լսելով կողմերին, հայցվորի ներկայացուցիչ Հ.Հակոբյանին, վերլուծելով գործի նյութերը և կողմերի փաստարկները, դատարանը գտավ, որ հայցը բավարարվել չի կարող հետևյալ պատճառաբանությամբ: Գործով հիմնավորված է, որ 26.12.2002թ. պատասխանողների միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և դրա հիման վրա ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից 07.01.2003թ. պատասխանող Վարդան Սահակյանի անվամբ տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական: ՀՀ քաղ.օր-ի 163 հոդ. 2կ. համաձայն սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով: Դատարանը գալով այն համոզման, որ պատասխանողների միջև անշարժ գույքի օտարման գործարքը կնքվել է օրենքով սահմանված կարգով, գործարքը կնքելու պահին այն արգելանքի տակ չի գտնվել, գույքը տնօրինելու, տիրապետելու իրավունքը պատկանում է Ասյա Ալեքսանյանին, վերջինս էլ օգտվելով այդ իրավունքից իրեն պատկանող գույքն օտարել է, գտավ, որ հայցը հիմնավոր չէ և բավարարվել չի կարող: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Քաղ. դատ. օր-ի 218 հոդ. վերաքննիչ դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Հասմիկ Հակոբյանի հայցն ընդդեմ Ասյա Ալեքսանյանի և Վարդան Սահակյանի` առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքը անվավեր ճանաչելու մասին մերժել: Դատական ծախսերի հարցը համարել լուծված: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գոր- ծերի պալատին 15 օրվա ընթացքում:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` /ստորագրություն/

ԴԱՏԱՎՈՐ` /ստորագրություն/

ԴԱՏԱՎՈՐ` /ստորագրություն/

* * *


ՀՀ վճռաբեկ դատարան
Քաղաքացիական գործ թիվ 3-87/ՎԴ/ 2004թ.
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան Դատավոր` Կ.Հակոբյան Ն.Հովսեփյան Վ.Ավանեսյան
Քաղաքացիական գործ թիվ 04-336/2004թ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատը հետևյալ կազմով`
12.03.2004թ. ք.Երևան
Նախագահությամբ դատավոր` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Դատավորներ` Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ
Վ.ԱԲԵԼՅԱՆ

2004թ. մարտի 12-ին դռնբաց դական նիստում քննեց Կ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 20.01.2004թ. վճռի դեմ ըստ հայցի Կարեն Գրիգորյանի ներկայացուցիչ Հասմիկ Հակոբյանի ընդդեմ Ասյա Ալեքսանյանի և Վարդան Սահակյանի` բնակարանի առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին: Հայցվորը դիմելով դատարան հայտնել է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 09.07.2002թ. վճռով Կ.Գրիգորյանի հայցն ընդդեմ Ա.Ալեքսանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է մասնակի` 1.700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսների պահանջի մասով: Կողմերի միջև կնքված 21.10.2002թ. համաձայնագրով Ա.Ալեքսանյանը պարտավորվել է Կ.Գրիգորյանին վճարել 2.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 300 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը պետք է վճարվեր միանվագ, իսկ մնացած գումարը` 17 ամսվա ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ա.Ալեքսանյանը վճարել է 300 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և 2002թ. նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների համար 100-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամը, որից հետո հրաժարվել է վճարել մնացած գումարը: Պատճառաբանելով, որ Կ.Գրիգորյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելու և Ա.Ալեքսանյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջով, որի ընթացքում պարզվել է, որ Ա.Ալեքսանյանը 28.12.2002թ. Երևանի Մ.Խորենացու 47 շենքի թիվ 123 բնակարանի մասը վաճառել է որդուն` Վ.Սահակյանին, խնդրել է անվավեր ճանաչել բնակարանի առուվաճառքի պայմանագրիը և սեփականության իրավունքի գրանցման վկայականը: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 02.09.2003թ. վճռով հայցը բավարարվել է: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 20.01.04թ. վճռով հայցը մերժվել է: Վճռաբեկ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի խախտման հիմքերով: Բողոքում պատճառաբանվել է, որ վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163 և 306 հոդվածների պահանջները: Բողոքում պատճառաբանվել է նաև, որ վերաքննիչ դատարանն անտեսել է գործում առկա ապացույցները: Բողոք բերված անձը խնդրել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարնի 20.01.2004թ. վճիռը և գործն ուղղարկել նոր քննության: Պալատը վերանայելով վերաքննիչ դատարանի վճիռը, վերլուծելով գործի նյութերը և բողոքի փաստարկները, գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ: Գործի քննությամբ պարզվեց, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 09.07.2002թ. վճռով Կ.Գրիգորյանի հայցն ընդդեմ Ա.Ալեքսանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է մասնակի: Վճռվել է Ա.Ալեքսանյանից հօգուտ Կ.Գրիգորյանի բռնագանձել 1700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքի գումարը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսները /գ.թ.6/: 21.10.2002թ. համաձայանագրով "մենք, ներքոստորագրյալներս, Կ.Գրիգորյանը և ներկայացուցիչ "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" ՓԲԸ-ն, ի դեմս գլխավոր տնօրեն Լ.Բաղդասարյանի և Ա.Ալեքսանյանը, ի կատարումն Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2002թ-ի հուլիսի 9-ի թիվ 2-1291 քաղ. գործով օրինական ուժի մեջ մտած վճռի, կնքեցինք սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

1. Կողմերը եկան համաձայնության, որ Ա.Ալեքսանյանի պարտքը Կ.Գրիրգորյանի նկատմամբ ենթակա է վճարման 2000/երկու հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:

2. Սույն համաձայանգիրը կնքելուց հետո Ա.Ալեքսանյանը պարտավորվում է հինգօրյա ժամկետում վճարել Կ.Գրիգորյանի 300 /երեք հարյուր/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

3. Կ.Գրիգորյանը պարտավորվում է սույն ժամանակացույցի 2. կետում նշված գումարը ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում ԴԱՀԿ ծառայություն գրություն ներկայացնել կատարողական վարույթը ավարտելու մասին "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 41 հոդվածի 1 կետի պահանջների համաձայն:

4. Մնացյալ 1700 /մեկ հազար յոթ հարյուր/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամը Ա.Ալեքսանյանը վճարում է Կ.Գրիգորյանին 17 ամսվա ընթացքում, ամսեկան 100 /մեկ հարյուր/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, յուրաքանչյուր ամսվա 21-ին, սկսած 2002թ. նոյեմբերի 21-ից:

5. Սույն համաձայնագրի 4 կետի պահանջները Ա.Ալեքսանյանի կողմից խախտվելու դեպքում Կ.Գրիգորյանը իրավունք ունի դիմել ԴԱՀԿ ծառայությանը կատարողական վարույթը վերսկսելու համար "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 41 հոդվածի 3 կետի պահանջների համաձայն /գ.թ.8/ ": 28.12.2002թ. առուվաճառքի պայմանագրի համաձայն Ա.Ալեքսանյանը Երևանի Մ.Խորենացու 47 շենքի թիվ 123 բնակարանի 1/3 մասը վաճառել է Վ.Սահակյանին /գ.թ.13/: Վերաքննիչ դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ "ՀՀ քաղ. օր-ի 163 հոդ. 2 կ. համաձայն սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով: Դատարանը գալով այն համոզման, որ պատասխանողների միջև անշարժ գույքի օտարման գործարքը կնքվել է օրենքով սահմանված կարգով, գործարքը կնքելու պահին այն արգելանքի տակ չի գտնվել, գույքը տնօրինելու, տիրապետելու իրավունքը պատկանում է Ասյա Ալեքսանյանին, վերջինիս էլ օգտվելով այդ իրավունքից իրեն պատկանող գույքն օտարել է": ՀՀ քաղաքացիական օրեսգրքի 347 հոդվածի համաձայն պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան, իսկ 306 հոդվածի համաձայն կեղծ գործարքը, այսինքն` առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքն առոչինչ է: Նման պայմաններում հիմնավոր են նյութական իրավունքի խախտման մասին բողոքի պատճառաբանությունները, քանի որ վերաքննիչ դատարանն անտեսել է ինչպես վերը նշված դրույթները, այնպես էլ իր իսկ կողմից վկայակոչած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163 հոդվածի պահանջն այն մասին, որ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն: Մինչդեռ, Կ.Գրիգորյանի հանդեպ 21.10.2002թ. համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումից խուսափելու նպատակով, Ա.Ալեքսանյանը Երևանի Մ.Խորենացու 47 շենքի թիվ 123 բնակարանի իր բաժինը 28.12.2002թ. վաճառել է որդուն` Վ.Սահակյանին /գ.թ.13/: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12 հոդվածի համաձայն քաղաքացիների այն գործողությունները, որոնք իրականացվում են բացառապես այլ անձի վնաս պատճառելու մտադրությամբ, ինչպես նաև իրավունքն այլ ձևով չարաշահելը չի թույլատրվում: Նման դեպքերում դատարանը կարող է մերժել անձին նրան պատկանող իրավունքի պաշտպանության հարցում: Հիմնավոր են նաև դատավարական իրավունքի խախտման մասին բողոքի պատճառաբանությունները, քանի որ վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսգրքի 53 հոդվածի պահանջներին համապատասխան բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 09.07.2002թ. վճիռը /գ.թ.6/ և կողմերի միջև կնքված 21.10.2002թ. համաձայնագիրը /գ.թ.8/: Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226 և 227 հոդվածների համաձայն վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու հիմք են: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239 հոդվածներով, պալատը

Ո Ր Ո Շ Ե Ց

Վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 20.01.2004թ. վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակաման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` ստորագրություն

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` ստորագրություններ