Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Քաղաքացիական գործ թիվ Տ-2818/2004թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսկան դատարանը հետևյալ կազմով`
12.11.2004թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Կ.ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
քարտուղարությամբ` Ք.ԴԵՄՈՒՐՃՅԱՆ
մասնակցությամբ հայցվորի `

"ՍԻՄ" կուսակցություն/ներկայացուցիչ Գ.ԼԵԳՐՅԱՆ 
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

Պատասխանող` "Կոնտակտ-Մամուլ" ՓԲ ընկերություն /ներկայացուցիչ` Հ.ՔԱՐԱՄՅԱՆ/

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի "ՍԻՄ" կուսակցության ընդդեմ "Կոնտակտ-Մամուլ" ՓԲ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց

28.09.2004թ. ՀՀ Տնտեսական դատարան ներկայացված հայցադիմումում վկայակոչելով ՀՀ քաղ.օր-ի 347 հոդվածը և պնդելով, որ "Իրավունք" պաշտոնաթերթի իրացման կապակցությամբ առաջացած և կողմերի միջև փոխադարձ հաշվարկների ստուգման 08.05.2004թ. ակտով ամրագրված 4.9393186 դրամ պարտքը "Կոնտակտ-Մամուլ" ՓԲ ընկերության կողմից չի վճարվել, "ՍԻՄ" կուսակցությունը խնդրել է պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել նշված գումարը: Հայցադիմումին կից ներկայացվել է դրանում հիշատակված ակտը: Դատաքննության ընթացքում հայցվորը ոչ միայն պնդեց իր պահանջը, այլև ավելացրեց դրա չափը և դատարանին ներկայացնելով իր և "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" ՓԲ ընկերության միջև 17.05.2004թ. կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը, խնդրեց ՀՀ քաղ.օր-ի 17-րդ հոդվածի հիման վրա պատասխանողից բռնագանձել նաև իր խախտված իրավունքների վերականգնման նպատակով կնքված այդ պայմանագրի գինը` 1.234.800 դրամ, որպես պատասխանողի մեղքով իրեն պատճառված վնասի հատուցում: Պատասխանողը հայցն ընդունեց մասնակի` հիմնական պարտքի 4.804.860 դրամ կազմող մասով և վնասի գումարի 50.000 դրամ կազմող մասով, պատճառաբանելով, որ իր կողմից 2004թ-ի ապրիլ-հոկտեմբեր ամիսների ընթացքում հայցվորին առաքված թերթերի 134.326 դրամ կազմող արժեքը հայցվորի կողմից վճարված չլինելու հիմքով հիմնական պարտքի գումարը ենթակա է նվազեցման այդ գումարի չափով, իսկ վնասի չափն ակնհայտորեն ուռճացված է: Ի հիմնավորումն իր վերջին փաստարկի, պատասխանողը վկայակոչեց 2000թ. ի վեր իր կողմից պարտքի մարմանն ուղղված պարբերական վճարումների կատարման և հայցի առարկան կազմող պարտքի բռնագանձման պահանջով հայց հարուցելու վաղեմության ժամկետը լրացված լինելու պայմաններում իր կողմից 08.05.2004թ. փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը բարեխղճորեն ստորագրելու փաստերը, ինչպես նաև հիմնական պարտքի մասով ներկայացված պահանջի դեմ իր կողմից առարկությունների իսպառ բացակայության հանգամանքը, որպիսի պայմաններում հայցվորի և "Լեվ Գրուպ իրավա-տնտեսկան միավորում" ՓԲ ընկերության միջև 17.05.2004թ. կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի գինը հայցվորի համար էլ ի սկզբանե անհամարժեք է եղել դատական կարգով իր իրավունքի վերականգնման համար ողջամտորեն անհրաժեշտ իրավաբաանական գործողությունների բնույթին և ծավալին: Պնդելով, որ իր կողմից վճարման ենթակա գումարը հիմնական պարտքի մասով կազմում է 4.804.860 դրամ, իսկ վնասի մասով` 50.000 դրամ, պատասխանողը խնդրեց այդ գումարները գերազանցող մասով հայցը մերժել: Ծանոթանալով 2004թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսների ընթացքում պատասխանողի կողմից 134.326 դրամ արժեքով թերթերի առաքման փաստը հավաստող 08.11.2004թ. թիվ 377 հաշիվ-ֆակտուրային, հայցվորը դրանում նշված գումարի չափով նվազեցրեց հիմնական պարտքի մասով իր պահանջի չափը, իսկ վնասի հատուցման պահանջը պնդեց նույնությամբ` 1.234.800 դրամի չափով: Լսելով կողմերի բացատրությունները, հետազոտելով ներկայացված գրավոր ապացույցները և դրանցից յուրաքանչյուրը գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմունքով, դատարանը եզրակացրեց, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի` հետևյալ պատճառաբանությամբ: Դատաքննությամբ հաստատվեց, որ հիմնական պարտքի ճշտված գումարի մասով կողմերի միջև վեճ չկա, և հայցվորը, և պատասխանողն ընդունեցին, որ բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 4.804860 դրամ, և որ այդ գումարի բռնագանձման պահանջի մասով հայցը ենթակա է բավարարման, համաձայն ՀՀ քաղ.օր-ի 347 հոդվածի և 14-րդ հոդվածի 9-րդ կետի: Դատաքննությամբ հաստատվեց նաև, որ վնասի առկայության և այն հատուցման ենթակա լինելու հարցում նույնպես կողմերի միջև վեճ չկա: Վեճը վերաբերում է միայն վնասի հատուցման չափին: Հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները և գնահատելով վնասի առաջացման հարցում կողմերից յուրաքանչյուրի մեղքի աստիճանը, դատարանը եզրակացրեց, որ հայցվորի և "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" ՓԲ ընկերության միջև 17.05.2004թ. կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի 1.234.800 դրամ գինը հայցվորի խախտված իրավունքը դատական կարգով վերականգնելու համար ողջամտորեն անհրաժեշտ իրավաբանական գործողությունների բնույթին և ծավալին ակնհայտորեն անհամարժեք է, ընդ որում, այդ անհամարժեքությունը հայցվորի համար ողջամտորեն ակնհայտ պետք է լիներ հենց պայմանագիրը կնքելիս: Հետևաբար, պայմանագրի գինն ակնհայտորեն բարձր սահմանելով, հայցվորը ցուցաբերել է կոպիտ անզգուշություն, ինչով էլ նպաստել է վնասի մեծացմանը: ՀՀ քաղ.օր-ի 1076 հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե տուժողի կոպիտ անզգուշությունը նպաստել է վնասի առաջացմանը կամ մեծացմանը, հատուցման չափը պետք է նվազեցվի`կախված տուժողի և վնաս պատճառողի մեղքի աստիճանից: Ինչ վերաբերում է տվյալ գործով պատասխանողի մեղքով հայցվորին պատճառված վնասի հատուցման չափին, ապա դատարանը եզրակացրեց, որ այն պետք է նվազեցվի` կազմելով 150.000 դրամ, որը ողջամիտ գին կարող է լինել պատասխանողի մեղքով հայցվորի խախտված իրավունքի դատական պաշտպանության իրականացմանն ուղղված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ.դատ.օր-ի 73-րդ, 130-132-րդ, 134-րդ, 2213-րդ և 2214-րդ հոդվածներով, դատարանը

Վ ՃՌ Ե Ց

 

Հայցը բավարարել մասնակի` "Կոնտակտ-Մամուլ" ՓԲ ընկերությունից հօգուտ "ՍԻՄ" կուսակցության բռնագանձել 4.804.860 դրամ հիմնական պարտքի գումարը և 150.000 դրամ` որպես պատճառված վնասի հատուցման գումար, ընդամենը` 4.954.860 դրամ: Մնացած մասով հայցը մերժել: "Կոնտակտ-Մամուլ" ՓԲ ընկերությունից հօգուտ "ՍԻՄ" կուսակցության բռնագանձել 98.800 դրամ պետական տուրքի վճարված գումարը: "Կոնտակտ-Մամուլ" ՓԲ ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 297 դրամ պետական տուրք: Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց տասնհինգ օր հետո և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական պալատին: Օրինական ուժի մեջ մտնելուց հետո վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

 

Նախագահող դատավոր` Կ.ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

2005թ. մարտի 4-ին վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Նախագահող դատավոր` Կ.ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

* * *

 

ՀՀ Տնտեսական դատարան ՀՀ Վճռաբեկ դատարան դատավոոր`` Կ.ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
Քաղաքացիական գործ N 3-129 (ՏԴ) 2005թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատը հետևյալ կազմով`
04.03.2005թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Գ. ՍԱՐԳՍՅԱՆ
Դատավորներ` Ս.ԱՆՏՈՆՅԱՆ
Հ.ԳԵՎՈՐԳՅԱՆ
Վ.ԱԲԵԼՅԱՆ

դռնբաց դատական նիստում քննեց "Կոնտակտ-Մամուլ" ՓԲ ընկերության /այսուհետ` ընկերություն/ վճռաբեկ բողոքը ՀՀ Տնտեսական դատարանի 12.11.2004թ-ի վճռի դեմ ըստ "ՍԻՄ" կուսակցության /այսուհետ` կուսակցություն/ հայցի ընդդեմ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին:

Դիմելով դատարան, կուսակցությունը հայտնել է, որ փոխադարձ հաշվարկների ստուգման 08.05.2004թ. ակտի համաձայն ընկերության պարտքը կազմում է 4.939.186 դրամ: Պատճառաբանելով, որ ընկերությունը հրաժարվում է վճարել նշված գումարը, խնդրել է բռնագանձել հիմնական գումարը և վնասները: ՀՀ Տնտեսական դատարանի 12.11.2004թ-ի վճռով հայցը բավարարվել է մասնակի: Վճռաբեկ բողոքը բերվել է նյութական իրավունքի խախտման հիմքով: Բողոքում պատճառաբանվել է, որ Տնտեսական դատարանը խախտել է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1058 և 1076 հոդվածների պահանջները: Բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ Տնտեսական դատարանի 12.11.2004թ. վճիռը և գործն ուղարկել նոր քննության: Պալատը, վերանայելով դատարանի վճիռը, վերլուծելով գործի նյութերը և բողոքի փաստարկները, գտավ, որ ՀՀ Տնտեսական դատարանի 12.11.2004թ. վճիռը պետք է թողնել անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման հետևյալ պատճառաբանությամբ: Գործի քննությամբ պարզվեց, որ Տնտեսական դատարանը, պարզելով գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները և գնահատելով գործում առկա ապացույցները, վճիռ կայացնելիս պատճառաբանել է, որ "հիմնական պարտքի ճշտված գումարի մասով կողմերի միջև վեճ չկա, և հայցվորը, և պատասխանողը ընդունեցին, որ բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 4.804860 դրամ, և որ այդ գումարի բռնագանձման պահանջի մասով հայցը ենթակա է բավարարման, համաձայն ՀՀ քաղ.օր-ի 347 հոդվածի և 14-րդ հոդվածի 9-րդ կետի", " Դատաքննությամբ հաստատվեց նաև, որ վնասի առկայության և այն հատուցման ենթակա լինելու հարցում նույնպես կողմերի միջև վեճ չկա: Վեճը վերաբերում է միայն վնասի հատուցման չափին: Հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները և գնահատելով վնասի առաջացման հարցում կողմերից յուրաքանչյուրի մեղքի աստիճանը, դատարանը եզրակացրեց, որ հայցվորի և "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" ՓԲ ընկերության միջև 17.05.2004թ. կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի 1.234.800 դրամ գինը հայցվորի խախտված իրավունքը դատական կարգով վերականգնելու համար ողջամտորեն անհրաժեշտ իրավաբանական գործողությունների բնույթին և ծավալին ակնհայտորեն անհամարժեք է, ընդ որում, այդ անհամարժեքությունը հայցվորի համար ողջամտորեն ակնհայտ պետք է լիներ հենց պայմանագիրը կնքելիս: Հետևաբար, պայմանագրի գինն ակնհայտորեն բարձր սահմանելով, հայցվորը ցուցաբերել է կոպիտ անզգուշություն, ինչով էլ նպաստել է վնասի մեծացմանը: ՀՀ քաղ.օր-ի 1076 հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե տուժողի կոպիտ անզգուշությունը նպաստել է վնասի առաջացմանը կամ մեծացմանը, հատուցման չափը պետք է նվազեցվի` կախված տուժողի և վնաս պատճառողի մեղքի աստիճանից: Ինչ վերաբերում է տվյալ գործով պատասխանողի մեղքով հայցվորին պատճառված վնասի հատուցման չափին, ապա դատարանը եզրակացրեց, որ այն պետք է նվազեցվի` կազմելով 150.000 դրամ, որը ողջամիտ գին կարող է լինել պատասխանողի մեղքով հայցվորի խախտված իրավունքի դատական պաշտպանության իրականացմանն ուղղված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի համար": Նման պայմաններում հիմնավոր չեն նյութական իրավունքի խախտման մասին վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները, քանի որ դրանք մանրամասն հերքված են Տնտեսական դատարանի վճռում նշված փաստարկներով: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239 հոդվածներով, պալատը

Ո Ր Ո Շ Ե Ց

 

ՀՀ Տնտեսական դատարանի 12.11.2004թ. վճիռը թողնել անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` ստորագրություն

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` ստորագրություններ

* * *


ԳՈՐԾ 2-945/2006թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով`
20.06.2006թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Քարտուղարությամբ` Ա. ԲԱԴԱԼՅԱՆ
Հայցվորի ներկայացուցիչ` Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ /"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

Դռնբաց դատական նիստում 2006թ. հունիսի 20-ին քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի ՍԻՄ կուսակցության ընդդեմ Հայկազունի Քարամյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին: Դիմելով դատարան, հայցվորի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը պնդեց հայցը և հայտնեց, որ համաձայն 12.11.2004թ. ՀՀ տնտեսական դատարանի վճռի, որը 04.03.2005թ. մտել է օրինական ուժի մեջ, "Կոնտակտ-մամուլ" ՓԲԸ-ից պետք է բռնագանձվեր 5.078.042 դրամ գումար: 05.05.2005թ. ՍԻՄ կուսակցության, "Կոնտակտ-մամուլ" ՓԲԸ և պատասխանողի միջև կնքվել է համաձայնագիր-ժամանակացույց, որի համաձայն "Կոնտակտ-մամուլ" ՓԲԸ –ն միանվագ վճարում է 2.000.000 դրամ, իսկ մնացյալ 3.078.042 դրամը վճարում է 2005թ. հունիս-նոյեմբեր ամիսներին` յուրաքանչյուր ամսվա համար 500.000 դրամ, ընդամենը 3.000.000 դրամ, իսկ 2005թ. դեկտեմբեր ամսին` 78.042 դրամ: Վերը նշված վճռով և համաձայնագիր-ժամանակացույցով 5.078.042 դրամ պարտքի գումարից "Կոնտակտ-մամուլ" ՓԲԸ-ն վճարել է 2.500.000 դրամ և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կատարողական գործողությունների արդյունքում իրացված գույքի արժեքը` 57.770 դրամ, ընդամենը` 2.557.770 դրամ, պարտք մնալով 2.520.272 դրամ: Ամբողջ ժամանակահատվածում պատասխանողն իրացրել է "Կոնտակտ-մամուլ" ՓԲԸ պատկանող գույքը և ստացված գումարը չի վճարել ըստ համաձայնագիր-ժամանակացույցով որոշված պարտավորությունների: Նշված հանգամանքները հաստատվում են` 16.11.2004թ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից գույքագրված և պարտապանի գույքի վրա արգելանք դնելու ակտի և ակտին կից հիմնական միջոցների ցանկով, համաձայն որի հիմնական միջոցների արժեքը կազմել է 60.900.072 դրամ 18.11.2004թ. պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումներով, ինչպես նաև 19.01.2006թ. բռնագանձված գումարների բաշխման մասին որոշումով, որի ընթացքում բռնագանձվել է 51.796 դրամ գումար: Վերոգրյալից ակնհայտորեն երևում է, որ պատասխանողը "Կոնտակտ-մամուլ" ՓԲԸ պատկանող գույքը օտարել, ինչպես նաև սպառել է դրամական միջոցները, հետևաբար խուսափում է մնացած գումարը վճարելու պարտավորությունից: Ըստ համաձայնագիր-ժամանակացույցի 3-րդ կետի դրույթների` պատասխանողը կրում է համաձայնագիր-ժամանակացույցի կատարման պարտավորությունն իր ամբողջ անձնական գույքով, եթե դրա կատարման ընթացքում ի հայտ գա "Կոնտակտ-մամուլ" ՓԲԸ գույքի կամ դրամական միջոցների անբավարարություն: Հայցվորի ներկայացուցիչ Վ. Հովհաննիսյանը դատարանից խնդրեց հայցը բավարարել` պատասխանող Հայկազունի Քարամյանից հօգուտ ՍԻՄ կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանի բռնագանձել 2.520.272 դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով բռնագանձվող գումարին հաշվել տոկոսներ, բռնագանձումը սկսելով 2005թ. հուլիս ամսից մինչև գումարի փաստացի մարումը: Պատասխանող Հայկազունի Քարամյանը պատշաճ կարգով ծանուցված լինելով դատական նիստի վայրի մասին, դատական նիստին չէր ներկայացել: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի պահանջներով` դատարանը որոշեց գործը քննել պատասխանողի բացակայությամբ: Լսելով հայցվորի ներկայացուցչի բացատրությունները, ուսումնասիրելով և գնահտելով ներկայացված ապացույցները գտնում է, որ հայցը հիմնավոր է, բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345, 347, 411 հոդվածների պահանջներոից և ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ. Դատաքննությամբ և գործի փաստական հանգամանքներով դատարանը հաստատված համարեց, որ համաձայն 12.11.2004թ. ՀՀ տնտեսական դատարանի վճռի, որը 04.03.2005թ. մտել է օրինական ուժի մեջ, "Կոնտակտ-մամուլ"ՓԲԸ-ից պետք է բռնագանձել 5.078.042 դրամ գումար: 05.05.2005թ. ՍԻՄ կուսակցության. "Կոնտակտ-մամուլ" ՓԲԸ և պատասխանողի միջև կնքվել է համաձայնագիր-ժամանակացույց, որի համաձայն "Կոնտակտ-մամուլ" ՓԲԸ-ն միանվագ վճարում է 2.000.000 դրամ, իսկ մնացյալ 3.078.042 դրամը վճարում է 2005թ. հունիս-նոյեմբեր ամիսներին`յուրաքանչյուր ամսվա համար 500.000 դրամ, ընդամենը 3.000.000 դրամ, իսկ 2005թ. դեկտեմբեր ամսին` 78.042 դրամ: Վերը նշված վճռով և համաձայնագիր-ժամանակացույցով 5.078.042 դրամ պարտքի գումարից "Կոնտակտ-մամուլ" ՓԲԸ-ն վճարել է 2.500.000 դրամ և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կատարողական գործողությունների արդյունքում իրացված գույքի արժեքը` 57.770 դրամ, ընդամենը` 2.557.770 դրամ, պարտք մնալով 2.520.272 դրամ: Ամբողջ ժամանակահատվածում պատասխանողն իրացրել է "Կոնտակտ-մամուլ" ՓԲԸ պատկանող գույքը և ստացված գումարը չի վճարել ըստ համաձայնագիր-ժամանակացույցով որոշված պարտավորությունների: Նշված հանգամանքները հաստատվում են 16.11.2004թ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից գույքագրված և պարտապանի գույքի վրա արգելանք դնելու ակտի և ակտին կից հիմնական միջոցների ցանկով, համաձայն որի հիմնական միջոցների արժեքը կազմել է 60.900.072 դրամ 18.11.2004թ. պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումներով, ինչպես նաև 19.01.2006թ. բռնագանձված գումարների բաշխման մասին որոշումով, որի ընթացքում բռնագանձվել է 51.796 դրամ գումար: Վերոգրյալից ակնհայտորեն երևում է, որ պատասխանողը "Կոնտակտ-մամուլ" ՓԲԸ պատկանող գույքը օտարել, ինչպես նաև սպառել է դրամական միջոցները, հետևաբար խուսափում է մնացած գումարը վճարելու պարտավորությունից: Ըստ համաձայնագիր-ժամանակացույցի 3-րդ կետի դրույթների` պատասխանողը կրում է համաձայնագիր-ժամանակացույցի կատարման պարտավորությունն իր ամբողջ անձնական գույքով, եթե դրա կատարման ընթացքում ի հայտ գա "Կոնտակտ-մամուլ" ՓԲԸ գույքի կամ դրամական միջոցների անբավարարություն: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի 1-ին կետի` պատասխանատվության ուժով մի անձը /պարտապանը/ պարտավոր է մեկ այլ անձի /պարտատիրոջ/ օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունները: Նույն օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսների չափը որոշվում է դրամական պարտավորության կամ դրա համապատասխան մասի կատարման օրվա բանկային տոկոսի հաշվային դրույքով: Վերոգրյալի հիման վրա դատարանը գտնում է, որ հայցը պետք է բավարարել և պատասխանող Հայկազունի Քարամյանից հօգուտ հայցվոր ՍԻՄ կուսակցության հախագահ Հրանտ Խաչատրյանի բռնագանձել 2.520.272 դրամ, նշված գումարին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի համաձայն հաշվարկել տոկոսներ` սկսած 2005թ. հուլիս ամսից մինչև գումարի փաստացի մարումը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ.օր-ի 130-132 հ.հ., դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

 

Հայցը բավարարել` պատասխանող Հայկազունի Քարամյանից հօգուտ հայցվոր ՍԻՄ կուսակցության բռնագանձել 2.520.272 դրամ, նշված գումարին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի համաձայն հաշվարկել տոկոսներ` սկսած 2005թ. հուլիս ամսից մինչև գումարի փաստացի մարումը: Պատասխանող Հայկազունի Քարամյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 50.400 դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված բռնագանձվող տոկոսի գումարի 2%-ը, որպես պետական տուրքի գումար: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանին 15 օրվա ընթացքում:

 

Դատավոր` Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ծանոթություն: Սույն վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Դատավոր` Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ