Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ 06-1416/2006թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ քաղ.գործերով վերաքննիչ դատարանը հետևյալ կազմով`
14.04.2006թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Կ.ՀԱԿՈԲՅԱՆ
քարտուղարությամբ` Գ.ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Դատավորներ Վ.ԱՎԵՏԻՍՅԱՆ, Դ.ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայցվորի ներկայացուցիչ` Մ.ԿԱԼԵՋՅԱՆ
Պատասխանողներ` Գ.ԽԱՄՈՅԱՆ, Լ.ԱՎԵՏԻՍՅԱՆ/ներկայացուցիչ` Լ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ/
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
Վերաքննիչ բողոք բերող Լ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

2006թ. ապրիլի 14-ին Երևանում, դռնբաց դատական նիստում, Երևանի Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի /դատ. Մ.Կարապետյան/ 23.01.2006թ. կայացած վճռի դեմ Լ. Ավետիսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա, վերաքննության կարգով քննեց քաղ. գործն ըստ հայցի "Արմենտել" ՀՁ ՓԲԸ ընդդեմ Լուսինե Ավետիսյանի և Գառնիկ Խամոյանի` գումարի պահանջի մասին: Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք համայնքի առաջին ատյանի դատարանը վճռել է. "Հայցը բավարարել: Լուսինե Ավետիսյանից և Գառնիկ Խամոյանից հօգուտ "Արմենտել" ՀՁ ՓԲ ընկերության համապարտության կարգով բռնագանձել 5.004.408 /հինգ միլիոն չորս հազար չորսհարյուր ութ դրամ/ ՀՀ դրամ, որից 4.906.282 դրամը պարտքի գումար, իսկ 98.126 դրամը որպես հայցվորի կողմից վճարված պետական տուրքի հատուցում": Հայցվորը, դիմելով դատարան հայտնել է, որ Լուսինե Ավետիսյանը, հանդիսանալով 43-55-92 հեռախոսահամարի բաժանորդ, ընկերության կողմից իրեն հատուցված հեռախոսակապի ծառայությունների դիմաց չի վճարել, ինչի հետևանքով նրա դրամական պարտավորությունները "Արմենտել" ՀՁ ՓԲԸ հանդեպ կազմում է 4.906.282 ՀՀ դրամ: Վերոնշյալ պարտավորությունները չկատարելու հետևանքով հայցվորը 31.08.2003թ. դադարեցրել է պատասխանատուին հեռախոսակապի ծառայությունների մատուցումը: Նշված պարտքագումարը վճարելու նպատակով 2004թ. մարտի 16-ին "Արմենտել" ՀՁ ՓԲԸ և քաղաքացի Գառնիկ Խամոյանի միջև կնքվել է թիվ 9-088/04 համաձայնագիրը, որով վերջինս ստանձնել է ըստ սահմանված ժամանակացույցի պարտքը մարելու պարտավորությունը, սակայն մինչև օրս այն չի կատարվել: Հայցվորը խնդրել է պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ "Արմենտել" ընկերության բռնագանձել 4.906.282 ՀՀ դրամ պարտքը և 98.126 ՀՀ դրամ պետական տուրք: Հայցվորի ներկայացուցիչ Մ. Կալեջյանը պնդելով հայցը, առաջին ատյանի դատարանում տված բացատրությունները, խնդրեց այն բավարարել լրիվ ծավալով: Պատասխանող Լ. Ավետիսյանի ներկայացուցիչ Լ. Բաղդասարյանը, առարկելով հայցի դեմ, հայտնեց, որ համաձայն հեռախոսի պատկանելիության տեղեկանքի 43-55-92 հեռախոսահամարի բաժանորդը Լ. Աետիսյանն է, ինչը չի համապատասխանում իրականությանը: Լ. Ավետիսյանը 43- 55-92 բջջային հեռախոսահամարի պայմանագրային բաժանորդ չի հանդիսացել, իսկ հետագայում իմացել է, որ ըստ "Արմենտել"-ի հետ կնքած համաձայնագրի հեռախոսահամարի փաստացի օգտագործող է հանդիսացել գործով մյուս պատասխանող Գառնիկ Խամոյանը, որն էլ պարտավորվել է հեռախոսակապից օգտվելու դիմաց ծագած վարձավճարը մարել անձամբ: "Արմենտել" ՓԲԸ-ի կողմից համապատասխան ճշգրտումներ կատարելուց հետո 2004թ. ապրիլի 7-ին Լ. Ավետիսյանը տեղեկացվել է, որ որևէ պարտավորություն չունի 43-55-92 հեռախոսահամարի վարձավճարների հետ կապված: Պատասխանող Լ. Ավետիսյանի ներկայացուցիչ Լ. Բաղդասարյանը խնդրեց "Արմենտել" ՀՁ ՓԲ-ի հայցը Լ. Ավետիսյանի մասով մերժել: Պատասխանող Գ. Խամոյանը ընդունեց հայցապահանջը, դատարանին հայտնելով, որ 43- 55-92 բջջային հեռախոսահամարի բաժանորդը հանդիսացել է ինքը և "Արմենտել" ՓԲԸ-ի կողմից հատուցված ծառայությունների դիմաց չվճարված վարձավճարը գոյացել է իր կողմից հեռախոսահամարից օգտվելու հետևանքով: Լսելով կողմերի ներկայացուցիչներին, վերլուծելով գործի նյութերը, ներկայացված փաստարկները, դատարանը գտավ, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պառճառաբանությամբ: Գործով հիմնավորված է, "Արմենտել" ընկերության կողմից 07.04.2004թ. տրված ԻՎ/609 տեղեկանքի համաձայն Լ. Ավետիսյանի անվամբ գրանցված 43-55-92 բջջային հեռախոսահամարի փաստացի օգտագործող է հանդիսացել Գառնիկ Խամոյանը, իսկ Լ. Ավետիսյանը 43-55-92 բջջային հեռախոսակապի հետ կապված որևէ պարտավորություն չի ունեցել: Ըստ 16.03.2004թ. Գառնիկ Խամոյանի և "Արմենտել" ՓԲԸ-ի միջև կնքած համաձայնագրի, Գառնիկ Խամոյանը ստանձնել է 43-55-92 բջջային հեռախոսակապից օգտվելու դիմաց ծագած վարձավճարի մարման պարտավորությունը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 779 հոդվածի 1-ին կետի համաձայն պատվիրատուն պարտավոր է իրեն մատուցված ծառայությունների համար վճարել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրում նշված ժամկետներում և կարգով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406 հոդվածի 1-ին կետի համաձայն պարտապանը կարող է իր պարտքն այլ անձի փոխանցել միայն պարտատիրոջ համաձայնությամբ: Դատարանը վերլուծելով գործով և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները, գտավ, որ հայցվորի կողմից մատուցված հեռախոսակապի ծառայությունների դիմաց պարտքը առաջացել է պատասխանող Գ. Խամոյանի մեղքով: Վերջինս ընդունելով վերը նշված հանգամանքը, չի կատարել 16.03.2004թ. ստանձնած պարտավորությունը պարտքը մարելու վերաբերյալ: Դատարանը գտավ, որ պահանջը հիմնավոր է, բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 779 հոդվածի1-ին կետի և 406 հոդվածի 1-ին կետի դրույթներից և այն ենթակա է բավարարման, հայցվորի կողմից վիճարկվող գումարը պետք է բռնագանձել պատասխանող Գ. Խամոյանից: Լ. Ավետիսյանի մասով հայցը ենթակա է մերժման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218 հոդվածով վերաքննիչ դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

Հայցը բավարարել: Գառնիկ Խամոյանից հօգուտ "Արմենտել" ՀՁ ՓԲ ընկերության բռնագանձել 5.004.408 /հինգ միլիոն չորս հազար չորսհարյուր ութ դրամ/ ՀՀ դրամ, որից 4.906.282 դրամը պարտքի գումար, իսկ 98.126 դրամը որպես առաջին ատյանի դատարանում հայցվորի վճարած պետական տուրքի հատուցում, ինչպես նաև Գ. Խամոյանից հօգուտ պետբյուջեի բռնագանձել պետտուրքի գումարը վերաքննիչ դատարանի մասով: Լուսինե Ավետիսյանի մասով պահանջը մերժել: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղ. և տնտ. պալատին 15 օրվա ընթացքում:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ`

ԴԱՏԱՎՈՐ`

ԴԱՏԱՎՈՐ`

28 ապրիլի 2006թ. վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Կ.ՀԱԿՈԲՅԱՆ