Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Քաղաքացիական գործ Տ-1636 2006թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը հետևյալ կազմով`
09.06.2006թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ
քարտուղարությամբ` Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ հայցվոր` "Դավիթ առևտրի տուն"ՓԲԸ-ի /ներկայացուցիչ` Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ/
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
Պատասխանող` "Հայկաբել"ԲԲԸ-ի /ներկայացուցիչ` Գ. ԱՐԱԲՅԱՆ/

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի "Դավիթ առևտրի տուն " ՓԲԸ-ի ընդդեմ "Հայկաբել"ԲԲԸ-ի` 66.752 ԱՄՆ դոլարի համարժեք դրամ հիմնական պարտքը և 13.920.000 դրամ վնասը բռնագանձելու պահանջի մասին

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայցվոր "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի ներկայացուցիչը 09.06.2006թ. դատական նիստում հայտնեց, որ կողմերը ցանկանում են հաշտության համաձայնություն կնքել և դատարանին ներկայացրեց հաշտության համաձայնության գրավոր տեքստը` ստորագրված "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի և "Հայկաբել" ԲԲԸ-ի տնօրենների կողմից ու վավերացված ընկերության կնիքներով: Ծանոթանալով ներկայացրած հաշտության համաձայնությանը և քննարկելով հայցվորի ներկայացուցչի միջնորդությունն այն հաստատելու վերաբերյալ, դատարանը գտնում է, որ միջնորդությունը պետք է բավարարել, իսկ գործի վարույթը` կարճել, հետևյալ պատճառաբանությամբ: ՀՀ քաղ. դատ. օր-ի 33-րդ հոդվածի համաձայն կողմերն իրավունք ունեն կնքել հաշտության գրավոր համաձայնություն, որը և արվել է տվյալ գործով "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի և "Հայկաբել" ԲԲԸ-ի կողմից: Նկատի ունենալով, որ հաշտության համաձայնությունը համապատասխանում է ներկայացված պահանջներին, չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, ուստի այն պետք է հաստատել, իսկ համաձայն ՀՀ քաղ.դատ.օր-ի 109 հոդվածի 7-րդ կետի գործի վարույթը կարճել: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 33, 73, 109 հոդվածի 7-րդ կետով, 110, 130-133, 138, 2213, 2214, 2216 հոդվածներով, դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

Հաստատել ըստ հայցի "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի ընդդեմ "Հայկաբել" ԲԲԸ-ի` 66.752 ԱՄՆ դոլարի համարժեք դրամ հիմնական պարտքը և 13.920.000 դրամ վնասը բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի և "Հայկաբել" ԲԲԸ-ի միջև կնքված հետևյալ հաշտության համաձայնությունը.

 

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

ք. Երևան 09 հունիսի 2006թ.


Մենք` ներքոստորագրյալներս, "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ն, ի դեմս տնօրեն Ռ. Օհանյանի, որը գործում է իր կանոնադրության հիման վրա և "Հայկաբել" ԲԲԸ-ն, ի դեմս տնօրեն Վ. Հարությունյանի, որը գործում է իր կանոնադրության հիման վրա, կնքեցինք սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին: Կողմերն ընդունում են, որ "Հայկաբել" ԲԲԸ-ի պարտքը "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի կազմում է 66.752 ԱՄՆ դոլարի համարժեք դրամ:

1. "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ն հրաժարվում է 13.920.000 դրամ վնասի փոխհատուցման պահանջից:

2. "Հայկաբել" ԲԲԸ-ն պարտավորվում է հաշտության համաձայնությունը ստորագրելուց հետո մեկ ամսվա ընթացքում "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ին փոխանցել 8000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

3. 13.548 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ "Հայկաբել" ԲԲԸ-ն պարտավորվում է վճարել մինչև 2006թ. նոյեմբերի 30-ը:

4. Մնացյալ 45.204 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը "Հայկաբել" ԲԲԸ-ն պարտավորվում է վճարել հետևյալ կերպ. 2007թ. փետրվարին` 3564 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2007թ. մարտին` 4164 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2007թ. ապրիլին` 4164 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2007թ. մայիսին` 4164 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2007թ. հունիսին` 4164 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2007թ. հուլիսին` 4164 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2007թ. օգոստոսին` 4164 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2007թ. սեպտեմբերին` 4164 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2007թ. հոկտեմբերին` 4164 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2007թ. նոյեմբերին` 4164 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2007թ. դեկտեմբերին` 4164 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

5. Հաշտության համաձայնությունով նախատեսված ժամկետների խախտման դեպքում մնացյալ ամբողջ գումարը ենթակա է բռնագանձման, ինչպես նաև ՀՀ քաղ. օր-ի 411 հոդվածով նախատեսված բանկային տոկոս` հաշվարկված մինչև պարտավորության դադարման օրը, նախա- տեսված ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափերով:

6. Կողմերը, ՀՀ քաղ. դատ. օր-ի 109 հոդվածի 7-րդ կետի պահանջով, դիմում են դատարանին հաստատելու կնքված հաշտության համաձայնությունը: Հայցվոր` "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ Տնօրեն Ռ. Օհանյան ստորագրություն, կնիք Պատասխանող` "Հայկաբել" ԲԲԸ Տնօրեն Վ. Հարությունյան ստորագրություն, կնիք "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի ընդդեմ "Հայկաբել"ԲԲԸ-ի` 66.752 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հիմնական պարտքը և 13.920.000 դրամ վնասը բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործի վարույթը կարճել: "Հայկաբել"ԲԲԸ-ից հօգուտ "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի բռնագանձել 33.500 դրամ վճարված պետական տուրք: "Հայկաբել"ԲԲԸ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 817 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պետական տուրք: "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 244.900 դրամ և 667 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պետական տուրք: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց տասնհինգ օր հետո և կարող է բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատին: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով պարտապանի հաշվին:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ռ. ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ քաղ. դատ օր-ի 2214 հոդվածով սահմանված ժամկետում վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ` Ռ. ՍԱՐԳՍՅԱՆ

* * *


Քաղաքացիական գործ թիվ Տ-2290/2006թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը հետևյալ կազմով`
26.10.2006թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
քարտուղարությամբ` Է. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ
մասնակցությամբ հայցվոր` "Հայկաբել"ԲԲԸ-ի Մ. ԵՓՐԵՄՅԱՆ) /ներկայացուցիչ` Մ. ԵՓՐԵՄՅԱՆ/
Պատասխանող` "Դավիթ առևտրի տուն"ՓԲԸ-ի /ներկայացուցիչ`Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ/
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
երրորդ անձ` "Հայթուրթրեյդ"ՓԲԸ-ի/ներկայացուցիչ` Հ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ/

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի "Հայկաբել" ԲԲԸ- ի (պետական գրանցման 02 Ա 050616; ՀՎՀՀ 02205697) ընդդեմ "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի (ՀՎՀՀ 00000834) (ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ պատասխանողի կողմում "Հայթուրթրեյդ" ՓԲԸ)` հայցվորի և պատասխանողի միջև 13.12.1996թ. կնքված պայմանագիրը, "Ֆինանսական խնդիրների կարգավորման վերաբերյալ" 31.12.1996թ. թիվ 566 ակտն անվավեր ճանաչելու և որպես անվավեր` առոչինչ գործարքի հետևանք, կողմերի միջև ստորոգրված բոլոր համաձայնագրերը, ժամանակացույցերը, փոխարդարձ ակտերն անվավեր ճանաչելու պահանջների մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայցվորը, դիմելով դատարան հայտնել է, որ "Հայկաբել" ՓԲԸ-ի և "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի միջև 13.12.1996 թ. ստորագրվել է պայմանագիր, ըստ որի պատասխանողը պարտավորվել էր հայցվորին վճարել 1996թ. ՀՀ պետական բյուջեին հասանելիք 50.000.000 դրամ կամ ՀՀ Կենտրոնական Բանկի հաշվարկային փոխարժեքի համաձայն` 113.700 ԱՄՆ դոլար, իսկ հայցվորը պարտավորվել էր պատասխանողին վաճառել 50.000.000 դրամի կաբելային արտադրանք: Հետագայում պատասխանողը, հայցվորին ներկայացնելով "Հայթուրթրեյդ" ՊՁ-ի կողմից "Հայկաբել" ՓԲԸ-ին 50.000.000 դրամի չափով կատարված վճարումը հաստատող 19.12.1996թ. թիվ 56 վճարման համաձայնագիրը, (վճարումը նախատեսված է եղել հայցվորի և պատասխանողի միջև 13.12.1996թ. կնքված պայմանագրի 1.1 կետով), մոլորության մեջ է դրել "Հայկաբել" ՓԲԸ-ի ղեկավարությանը և ստիպել է կազմել 31.12.1996թ. թիվ 566 ակտը, որն ինքնին առոչինչ է, քանի որ թիվ 56 վճարման համաձայնագրում որևէ հղում չկա երրորդ կողմի` "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ- ի վերաբերյալ` որպես գործառնությանը մասնակցող կողմի: Բացի այդ, "Հայթուրթրեյդ" ՊՁ-ի կողմից թիվ 56 վճարման համաձայնագրով "Հայկաբել" ՓԲԸ-ին վճարված 50.000.000 դրամը վճարվել է որպես 20.03.1996թ.-ի թիվ ԱՏ-01/03 կոնտրակտի` ապրանքներ մատակարարելու դիմաց: Մինչդեռ, ՀՀ կառավարության 02.05.1996թ. թիվ 147 որոշմամբ հաստատված "ՀՀ հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին" կանոնադրության 2-րդ կետի համաձայն` տնտեսական գործառնությունների փաստաթղթավորումը և դրանց արտացոլումը հաշվապահական հաշվառման մատյաններում կատարվում է սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա, որոնցում պարտադիր պետք է նշվեն տնտեսական գործառնության բովանդակությանը, գործառնության մասնակիցների անվանումները (կողմերը) և այլն: Ինչ վերաբերում է հաշվանցմանը, ապա այն պետք է իրականացվեր ՀՀ Ֆինանսների նախարարության և ՀՀ հարկային տեսչության 20.03.1996թ.-ի համատեղ հրամանով հաստատված "ՀՀ հանրապետական բյուջեի և ձեռնարկությունների միջև փոխադարձ պարտքերի հաշվանցման նպատակով հարկերի և այլ պարտադիր վճարների վերաբերյալ անհրաժեշտ ներկայացման" Կարգի 8-րդ կետի համաձայն, ըստ որի, եթե հաշվանցմանը մասնակցող ձեռնարկությունը այլ ձեռնարկությունների հետ կազմած հաշվարկների ակտերի և համապատասխան հարկային տեսչության կողմից տրվող տեղեկանքի առկայության դեպքում կարող է նրանց փոխարեն կատարել ուղղակի փոխանցումներ պետական բյուջե, այդ դեպքում կատարված վճարման մասին ներկայացվում է ամփոփագիր նաև մյուս ձեռնարկություններին, որը չի ներկայացվել: Այսպիսով, "Ֆինանսական խնդիրների կարգավորման վերաբերյալ" 31.12.1996թ. թիվ 566 եռակողմ ակտի 4-րդ կետի համաձայն, ակտով կարգավորված խնդիրների վերաբերյալ կողմերը պետք է կատարեին համապատասխան հաշվապահական ձևակերպումներ, իսկ միայն վերը նշված փաստաթղթերի հիման վրա հաշվապահական ձևակերպումներ հնարավոր չէ: Միաժամանակ, ՀՀ Ֆինանսների նախարարության 30.09.1996թ. թիվ 423 հրամանով հաստատվել է ՀՀ Ֆինանսների նախարարության "Ձեռնարկությունների միջև փոխադարձ պարտքերի բազմաքայլ հաշվանցման վերաբերյալ" 17.09.1996թ. թիվ 17-5/58 պարզաբանումը, ըստ որի`

1. Փոխադարձ հաշվարկների ժամանակ, այն դեպքում, երբ երկուսից ավելի ձեռնարկություններ իրականացնում են փոխադարձ պարտքերի բազմաքայլ հաշվանցում, մասնակից կողմերն իրենց պարտքերը պետք է համարեն վճարված (մարված)` պարտքի այն նվազագույն գումարի չափով, որն առկա է հաշվանցմանը մասնակցող բոլոր կողմերի հետ: "Ֆինանսական խնդիրների կարգավորման վերաբերյալ" 31.12.1996թ. թիվ 566 ակտում "Հայկաբել" ՓԲԸ-ի և "Հայթուրթրեյդ" ՊՁ- ի և "Հայկաբել" ՓԲԸ-ի ու "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի միջև ընդհանրապես պարտք գոյություն չունի:

2. Այն դեպքում, երբ անհրաժեշտությունից ելնելով, փոխադարձ պարտքերի հաշվանցմանը երկուսից ավելի մասնակցող երկու մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ մեկն ընդունում է երրորդ կողմի պարտքը, իսկ մյուսը վճարումը, ապա երրորդ կողմի մոտ առաջանում է իրացման շրջանառություն, իսկ առաջին երկուսի մոտ իրացման շրջանառություն և պարտքի մարում չի առաջանում: "Ֆինանսական խնդիրների կարգավորման վերաբերյալ" 31.12.1996թ. թիվ 566 ակտում չի երևում այն կողմը, որն ընդունում է երրորդ կողմի պարտքը, ինչպես նաև այն կողմը, որն ընդունում է մյուս կողմի վճարումը: Ընդհանրապես ձեռնարկությունների միջև փոխադարձ պարտքերի բազմաքայլ հաշվանցման տրամաբանությունը ենթադրում է ընդհանուր ֆինանսական դաշտում եղած մասնակիցների թվի նվազում կամ խնդիրների լուծման պարզեցում: Տվյալ պարագայում թիվ 566 ակտը ոչ միայն հակասում է գործող օրենսդրությանը, այլև ֆինանսական խնդիրների կարգավորման տրամաբանությանը: Նշված փաստարկները հիմնավորվում են նաև պատասխանողի 16.06.1997թ. թիվ 80 գրությամբ, որտեղ վերջինս մեկ անգամ ևս փաստարկում է 13.12.1996թ. պայմանագրով իր կողմից "Հայկաբել" ՓԲԸ-ի ՀՀ պետական բյուջեի նկատմամբ պարտավորության մարումը: Ելնելով վերոգրյալից` հայցվորը խնդրեց դատարանին ՀՀ քաղ. դատ. օր-ի 306 հոդվածի առաջին մասով անվավեր ճանաչել հայցվորի և պատասխանողի միջև 13.12.1996թ. կնքված պայմանագիրը և նույն օրենսգրքի 306 հոդվածի երկրորդ մասով անվավեր ճանաչել նաև "Ֆինանսական խնդիրների կարգավորման վերաբերյալ" 31.12.1996թ. թիվ 566 ակտը, իսկ որպես անվավեր`առոչինչ գործարքի հետևանք, անվավեր ճանաչել նաև կողմերի միջև ստորագրված բոլոր համաձայնագրերը, ժամանակացույցերը, փոխադարձ ակտերը, մասնավորապես` ա) "Հայկաբել" ԲԲԸ-ի` "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի նկատմամբ 113.700 ԱՄՆ դոլար պարտքի գումարի մարման վերաբերյալ" 12.09.2002թ. ժամանակացույցը, բ) Առ 01.01.2003թ. փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, գ) "12.09.2002թ. "Հայկաբել" ԲԲԸ-ի 113.700 ԱՄՆ դոլար պարտքի գումարի մարման ժամանակացույցի վերաբերյալ" 06.05.2005թ. համաձայնագիրը, դ) Առ 01.02.2006թ. փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, ե) 09.06.2006թ. հաշտության համաձայնագիրը: Դատաքննությամբ պնդելով հայցը` հայցվորի ներկայացուցիչը խնդրեց հայցը բավարարել: Պատասխանողը հայցի դեմ առարկեց` դատարանին ներկայացնելով հետևյալ պատճառաբանությունները: Համաձայն գործարքի պահին գործող 1964թ. ՀՀ քաղ. դատ. օր-ի 180-րդ հոդվածի` փոխադարձ պարտականություններն ըստ պայմանագրի պետք է կատարվեն միաժամանակ, եթե օրենքից, պայմանագրից կամ պարտավորության էությունից այլ բան չի բխում: Տվյալ դեպքում, 31.12.1996թ-ին կողմերը կնքել են թիվ 566 ակտը, որի 36-րդ կետի համաձայն ակտը ստորագրելուց հետո "Հայկաբել" ՓԲԸ-ն պարտք է մնում "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ին 114.924 ԱՄՆ դոլար: Փաստորեն, նշված հոդվածի համաձայն, կողմերի փոխադարձ պարտականությունները պետք է կատարվեին միաժամանակ, քանի որ այլ բան չի բխում օրենքից, այդ ակտից, ինչպես նաև պարտավորություն կատարելուց: Այն, որ հայցվորը տեղյակ է եղել այդ ակտից, ընդունել է այն, ապացուցվում է "Հայկաբել" ԲԲԸ-ի նախագահի 1997թ. մարտի գրությամբ` ուղղված "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ին, որով խնդրում է պայմանագրի իր պարտավորության ժամկետը երկարացնել մինչև 01.06.1997թ.: Նույն հայցվորը, ի պատասխան 16.06.1997թ. թիվ 80 գրության, կրկին պարտավորություն է ստանձնել մինչև 1997թ. վերջը կատարելու իր պարտավորությունները, որը սակայն չի կատարել: Ավելին, հայցվորն ըստ էության ընդունելով իր կողմից պարտավորության չկատարումը, 12.09.2002թ.-ին կնքում է ժամանակացույց և ըստ ժամանակացույցի կատարում իր պարտավորությունները, որը հետագայում 06.05.2005թ. համաձայնագրով փոփոխվում է, իսկ 09.06.2006թ. կողմերի միջև կնքվում է հաշտության համաձայնագիր, որը հաստատվում է օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով: Ելնելով վերոգրյալից` պատասխանողը խնդրեց հայցը մերժել: Բացի այդ, դատարանին ներկայացնելով գրավոր միջնորդություն` հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, հայցվորը խնդրեց հայցը մերժել նաև այդ հիմքով: Դատարանի կողմից պատասխանողի կողմում որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավված "Հայթուրթրեյդ" ՓԲԸ-ն հայցի դեմ առարկեց, նշելով, որ 31.12.1996թ.-ին երրորդ անձի կողմից կատարված գործարքը կատարվել է օրենքի սահմաններում և կողմերի հանդեպ "Հայթուրթրեյդ" ՓԲԸ-ն ոչ մի պարտավորություն չունի:

Լսելով կողմերի ներակայացուցիչների բացատրությունները, հետազոտելով և գնահատելով գրավոր ապացույցները, դատարանը եզրակացրեց, որ հայցը ենթակա է մերժման ամբողջությամբ, հետևյալ պատճառաբանությամբ. Գործի նյութերով պարզվեց, որ "Հայկաբել" ՓԲԸ-ի (ներկայումս "Հայկաբել" ԲԲԸ, որը հանդիսանում է "Հայկաբել" ՓԲԸ-ի իրավահաջորդը, համաձայն "Հայկաբել" ԲԲԸ-ի բաժնետերերի 27.05.2002թ. կայացած տարեկան ընդհանուր ժողովում հաստատված և ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված "Հայկաբել" բաց բաժնետիրական ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրության 1.1 կետի) և "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի միջև 13.12.1996թ. ստորագրվել է պայմանագիր, ըստ որի պատասխանողը պարտավորվել էր հայցվորին վճարել 1996թ. ՀՀ պետական բյուջեին հասանելիք 50.000.000 դրամ կամ 113.700 ԱՄՆ դոլար` ՀՀ Կենտրոնական Բանկի հաշվարկային փոխարժեքի համաձայն, իսկ հայցվորը պարտավորվել էր պատասխանողին վաճառել 50.000.000 դրամի կաբելային արտադրանք: 19.12.1996թ. "Հայթուրթրեյդ" ՊՁ-ի կողմից (ներկայումս "Հայթուրթրեյդ" ՓԲԸ) թիվ 56 վճարման հանձնարարագրով "Հայկաբել" ՓԲԸ-ին է փոխանցվել 50.000.000 դրամ և "Հայթուրթրեյդ" ՊՁ-ի, "Հայկաբել" ԲԲԸ-ի, "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի միջև` միմյանց պարտքերը մարելու հետ կապված ֆինանսական խնդիրների կարգավորման նպատակով, 31.12.1996թ. կազմվել է թիվ 566 ակտը: Նշված ակտի 1-ին կետի համաձայն "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ն մարված է համարել "Հայթուրթրեյդ" ՊՁ-ի պարտքը` 41.666.667 դրամ, 20 տոկոս ավելացված արժեքի հարկ` 8.333.333 դրամ, ընդամենը` 50.000.000 դրամ, որը ՀՀ Կենտրոնական բանկի 31.12.1996թ. հաշվարկային փոխարժեքով համապատասխանաբար կազմել է 95.770 ԱՄՆ դոլար, 20 տոկոս ԱԱՀ` 19.154 ԱՄՆ դոլար, ընդամենը` 114.924 ԱՄՆ դոլար, 2-րդ կետի համաձայն ակտը ստորագրելուց հետո "Հայթուրթրեյդ" ՊՁ-ն պարտք է մնացել "Հայկաբել" ՓԲԸ-ին 41.666.667 դրամ, 20 տոկոս ավելացված արժեքի հարկ` 8.333.333 դրամ, ընդամենը` 50.000.000 դրամի չափով, իսկ 3-րդ կետի համաձայն ակտը ստորագրելուց հետո "Հայկաբել" ՓԲԸ-ն պարտք է մնացել "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ին 114.924 ԱՄՆ դոլար: Ինչպես երևում է հայցադիմումի եզրափակիչ մասում նշված հայցապահանջների ձևակերպումից, հայցվորը խնդրել է "Հայկաբել" ՓԲԸ-ի և "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի միջև 13.12.1996թ. կնքված պայմանագիրն անվավեր ճանաչել ՀՀ քաղ. դատ. օր-ի 306-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես կեղծ գործարք, իսկ "Ֆինանսական խնդիրների կարգավորման վերաբերյալ" 31.12.1996թ. թիվ 566 ակտը ՀՀ քաղ.դատ.օր-ի 306-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով` որպես շինծու գործարք: Մինչդեռ, 31.12.1996թ. պայմանագրի կեղծ լինելու և 31.12.1996թ. թիվ 566 ակտի շինծու լինելու վերաբերյալ հայցվորն ընդհանրապես որևէ փաստարկ դատարանին չներկայացրեց: Իր բացատրություններով հայցվորը միայն նշեց, որ պատասխանողը, հայցվորին ներկայացնելով "Հայթուրթրեյդ" ՊՁ-ի թիվ 56 վճարման հանձնարարագիրը` որպես "Հայկաբել" ՓԲԸ-ի և "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի միջև 13.12.1996թ. կնքված պայմանագրի 1.1 կետով նախատեսված վճարում, "մոլորության մեջ է դրել" "Հայկաբել" ՓԲԸ-ի ղեկավարությանը և "ստիպել է կազմել 31.12.1996թ. թիվ 566 ակտը": Նշվածից երևում է, որ հայցվորի կողմից բերված փաստարկները (որոնք ներկայացվեցին առանց հիմնավորման) վերաբերում են ակտը մոլորության ազդեցության տակ կնքված կամ ստիպողաբար կազմված լինելու դեպքերին, որոնց անվավեր ճանաչելու պահանջները նախատեսված են ՀՀ քաղ. օր-ի այլ հոդվածներով: Նման պայմաններում դատարանը չի կարող համարել, որ "Հայկաբել" ՓԲԸ-ի և "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագիրը կեղծ է, իսկ դրա հիման վրա "Հայթուրթրեյդ" ՊՁ-ի, "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի միջև կնքված 31.12.1996թ. թիվ 566 ակտը` շինծու: Այսպիսով, "Հայկաբել" ԲԲԸ-ի հայցն ընդդեմ "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի` հայցվորի և պատասխանողի միջև 13.12.1996 թ. կնքված պայմանագիրը, "Ֆինանսական խնդիրների կարգավորման վերաբերյալ" 31.12.1996թ. թիվ 566 եռակողմ ակտն անվավեր ճանաչելու պահանջների մասին, անհիմն է և ենթակա է մերժման: Իսկ նշված գործարքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցը մերժելու պարագայում հայցվորի կողմից հայցադիմումում մատնանշված գործարքները (համաձայնագիրը, ժամանակացույցերը, փոխադարձ ակտերը) չեն կարող համարվել որպես անվավեր` առոչինչ գործարքի հետևանքներ: Դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է մերժման նաև հայցվորի կողմից հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելու հիմքով, հետևյալ պատաճառաբանությամբ: Համաձայն "ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին" ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի, ներկայումս գործող քաղաքացիական օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության ժամկետները կիրառում են այն հայցերի նկատմամբ, որոնց նախկինում գործող օրենսդրությամբ նախատեսված ներկայացման ժամկետները չեն լրացել մինչև 01.01.1999թ.: Նախկինում գործող`1964 ՀՀ քաղ. դատ. օր-ի 78-րդ հոդվածի համաձայն, հայցվորը մեկ տարվա հայցային վաղեմության ժամկետի ընթացքում պետք է իրականացներ իր իրավունքների պաշտպանությունը: Նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն, հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսում է հայցի իրավունքի ծագման օրվանից, հայցի իրավունքը ծագում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պարտավոր էր իմանալ իր իրավունքի խախտման մասին: Տվյալ դեպքում, հայցվորն իմացել է իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին ("ենթադրյալ խախտման", քանի որ դատաքննությամբ չհիմնավորվեց, որ գործարքները կեղծ և շինծու են), առնվազն 31.12.1996թ, երբ "Հայթուրթրեյդ" ՊՁ-ի, "Հայկաբել" ՓԲԸ-ի, "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի միջև կնքվել է "Ֆինանսական խնդիրների կարգավորման վերաբերյալ" 31.12.1996թ. թիվ 566 եռակողմ ակտը, իսկ "Հայկաբել" ՓԲԸ-ի իրավահաջորդ "Հայկաբել" ԲԲԸ-ի հայցը ՀՀ տնտեսական դատարան է մուտքագրվել 15.08.2006թ., այսինքն` հայցային վաղեմության ժամկետի բաց թողնմամբ, որը, համաձայն 1964թ. ՀՀ քաղ.դատ.օր-ի 87 հոդվածի, հիմք է հանդիսանում հայցը մերժելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ.օր-ի 73-րդ, 130-132-րդ, 221.1,- 221.4-րդ, 221.6-րդ հոդվածներով, դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

 

"Հայկաբել" ԲԲԸ-ի հայցը ընդդեմ "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի` հայցվորի և պատասխանողի միջև 13.12.1996 թ. կնքված պայմանագիրը, "Ֆինանսական խնդիրների կարգավորման վերաբերյալ" 31.12.1996թ. թիվ 566 ակտն անվավեր ճանաչելու և որպես անվավեր` առոչինչ գործարքի հետևանք, կողմերի միջև ստորագրված բոլոր համաձայնագրերը, ժամանակացույցերը, փոխադարձ ակտերն անվավեր ճանաչելու պահանջների մասին, մերժել: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 15 օր հետո և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատին:

 

ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Վճիռը սահմանված կարգով չի բողոքարկվել և, համաձայն ՀՀ քաղ. դատ. օր-ի 221.4-րդ հոդվածի, մտել է օրինական ուժի մեջ:

ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ