Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Քաղաքացիական գործ Տ-1891/2006թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը հետևյալ կազմով`
14.07.2006թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ
քարտուղարությամբ` Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ հայցվոր` "Դավիթ առևտրի տուն"ՓԲԸ-ի /ներկայացուցիչ` Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ/
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի ընդդեմ "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի` 9.600.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց


Հայցվորի ներակայացուցիչը դատարանին հայտնեց, որ պատասխանող ընկերության հետ 15.03.2006թ. կնքվել է համաձայնագիր և կազմվել է ժամանակացույց 16.06.1998թ. թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին, որն առ 23.05.2006թ. չի կատարում: Վերոգրյալի հիման վրա հայցվորի ներկայացուցիչը դատարանին խնդրեց պատասխանողից բռնագանձել ժամանակացույցով նախատեսված 6 միլիոն դրամը: Հայցվորի ներակայացուցիչը դատարանին ներկայացրեց նաև դիմում այն մասին, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանողը 15.03.2006թ. կնքած համաձայնագրով չի կատարել նաև 2006թ. հուլիս ամսվա պարտավորությունը, որը կազմում է 2.000.000 դրամ, իսկ "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ն կրել է 1.600.000 դրամ վնաս, ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 17. ՀՀ քաղ. դատ. օր-ի 32 հոդվածների պահանջներով, ավելացնում է հայցային պահանջների չափը, այն է` "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ից բռնագանձել ժամանակացույցով նախատեսված 8 միլիոն դրամը և 1.600.000 դրամ, որպես վնասի հատուցում: Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը հայտնեց, որ հրաժարվում է 2006թ. հուլիս ամսվա վճարման ենթակա 2.000.000 դրամը բռնագանձելու պահանջից և պնդում է 6.000.000 դրամ հիմնական պարտքի և 1.600.000 դրամ վնասի գումարները բռնագանձելու պահանջները: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված պատասխանողը չէր ներկայացել դատական նիստին: Դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 118-րդ հոդվածի 2-րդ կետով գործը քննեց պատասխանողի բացակայությամբ: Լսելով հայցվորի բացատրությունը, վերլուծելով գործի հանգամանքները և գնահատելով ներկայացված գրավոր ապացույցները` դատարանը եկավ այն եզրահանգման, որ հայցապահանջը 7.600.000 դրամի մասով ենթակա է բավարարման, իսկ 2.000.000 դրամի մասով քաղ. գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատաճառաբանությամբ: Գործի քննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 23-րդ հոդվածով հրաժարվեց 2.000.000 դրամի բռնագանձման պահանջից: Նկատի ունենալով, որ հայցվորը օգտվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 32-րդ հոդվածով իրեն վերապահված իրավունքից մինչև վճռի կայացնելը հրաժարվում է 2.000.000 դրամ բռնագանձելու հայցապահանջից, դատարանը գտնում է, որ ՀՀ քաղ. դատ. օր-ի 109-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա գործի վարույթը 2.000.000 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասով պետք է կարճել: Ինչ վերաբերում է 7.600.000 դրամ բռնագանձելու պահանջին, ապա այն հիմնավոր է և ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ: "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի և "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի միջև 15.03.2006թ. կնքվել է համաձայնագիր և կազմվել է ժամանակացույց 16.06.1998թ. թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին, ըստ որի "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ն պարտավորվել է ընդհանուր պարտքի գումարից կատարել վճարումներ հետևյալ կարգով` 2006թ. ապրիլին վճարել 2000.000 դրամ, 2006թ. մայիսին` 2.000.000 դրամ, 2006թ. հունիսին` 2.000.000 դրամ, 2006թ. հուլիսին` 2.000.000 դրամ: Դատաքննությամբ պարզվեց, որ վերը նշված ժամանակացույցին համապատասխան պատասխանողը չի վճարել 2006թ. ապրիլ ամսվա 2.000.000 դրամը, 2006թ. մայիս ամսվա 2.000.000 դրամը, 2006թ. հունիս ամսվա 2.000.000 դրամը, որի արդյունքում պարտքը կազմել է 6.000.000 դրամ: ՀՀ քաղ. օր-ի 347-րդ հոդվածի համաձայն պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նույն օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը: Տվյալ դեպքում 6.000.000 դրամ հիմանկան գումարը բռնագանձելու հայցվորի պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման, քանզի այն բխում է վերը նշված օրենքի ու "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի և "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի միջև 15.03.2006թ. կնքված համաձայնագրի ու նրա անբաժանելի մաս կազմող ժամանակացույցի պահանջներից: Հիմնավոր է նաև 1.600.000 դրամ վնասը բռնագանձելու հայցվորի պահանջը հետևյալ պատճառաբանությամբ: "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի և "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" ՓԲԸ-ի միջև 17.05.2006թ. կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, որի համաձայն Պարտվիրատու` "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի հանձնարարությամբ Կատարողը` "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" ՓԲԸ-ն, պարտավորվում է կապված "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի կողմից պատվիրատուի իրավունքները ոտնահարելու և 53.157.000 դրամ պարտքի գումարը ի նպաստ պատվիրատուի գանձելու նպատակով, պաշտպանել վերջինիս շահերը պետական և ոչ պետական ատյաններում, ընդհուպ դատական ատյաններում և կատարել հետևյալ ծառայությունները` խորհրդատվություն, հայցադիմումի և դրա հետ կապված փաստաթղթերի նախապատրաստում և ձևակերպում, հայցի հիմնավորում, պաշտպանում, ինչպես նաև գործի վարում ՀՀ տնտեսական և ՀՀ վճռաբեկ դատարաններում, գործի վարում վերաքննության ժամանակ և այլն: Պայմանագրի 3.2 կետի համաձայն պայմանագիրը կնքելուց հետո տասն օրվա ընթացքում պատվիրատուն վճարում է 1.600.000 դրամ կանխավճար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Վնասներն են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որը նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը /իրական վնաս/, ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր: Դատաքննությամբ պարզվեց, որ "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ն, համաձայն "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի և "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" ՓԲԸ-ի միջև 17.05.2006թ. կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի, ծառայության դիմաց կատարողին վճարել է պայմանագրի 3.2 կետով սահմանված 1.600.000 դրամը, որպիսի հանգամանքը հաստատվում է 26.05.2006թ. թիվ 43 վճարման հանձնարարականով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի 2-րդ կետի համաձայն պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և օրենսգրքում նշված այլ հիմքերից: Տվյալ դեպքում ակնհայտ է, որ "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ն իր խախտված իրավունքը վերականգնելու համար կատարել է 1.600.000 դրամի ծախս, հետևաբար "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ն պարտավոր է լրիվ հատուցել "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ին պատճառված վնասը, ուստի նման պայմաններում 1.600.000 դրամ վնասը բռնագանձելու հայցվորի պահանջը նույնպես հիմնավոր է և ենթակա բավարարման, քանզի այն բխում է վերը նշված օրենքի պահանջներից: Այսպիսով, վերը նշված փաստարկներով դատարանը հաստատված է համարում, որ հայցվորի պահանջը հիմնավոր է, քանզի այն բխում է վերը նշված օրենքների և "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի և "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի միջև 15.03.2006թ. կնքված համաձայնագրի և նրա անբաժանելի մաս կազմող ժամանակացույցի պահանջներից, հետևաբար "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ից հօգուտ "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի ենթակա է բռնագանձման 7.600.000 դրամ, այդ թվում` 6.000.000 դրամ հիմնական պարտքը և 1.600.000 դրամ վնասը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 73, 109 հոդվածի 6-րդ, 110, 130-132, 134, 138, 2213, 2214, 2216 հոդվածներով, դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց


"Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի հայցապահանջը բավարարել` "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ից հօգուտ "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի բռնագանձել 7.600.000 դրամ, այդ թվում` 6.000.000 դրամ հիմնական պարտքը և 1.600.000 դրամ վնասը, ինչպես նաև 30.000 դրամ վճարված պետական տուրքը: "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 122.000 դրամ պետական տուրք: "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ն ընդդեմ "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի` 2.000.000 դրամ բռնագանձելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել: "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 40.000 դրամ պետական տուրք: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց տասնհինգ օր հետո և կարող է բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատին: Վճիռը կամովի չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ռ. ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ քաղ.դատ. օր-ի 2214 հոդվածով սահմանված ժամկետում վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ռ. ՍԱՐԳՍՅԱՆ

* * *


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/ հետևյալ կազմով`
26.09.2006թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Դատավորներ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ
Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

քննարկելով "Դավիթ" առևտրային տուն ՓԲԸ-ի հայցով ընդդեմ "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի` 9.600.00 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ տնտեսական դատարանի 14.07.2006թ. վճռի դեմ "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի կողմից բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, պարզեց, որ այն ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքում պետք է նշվեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2-րդ հոդվածի առաջին մասի որևէ կետի հիմանվորումները: Մինչդեռ սույն վճռաբեկ բողոքում չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-րդ կետի պահանջը, այն է` բողոքում չեն նշվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2-րդ հոդվածի 1-ին մասի որևէ կետի հիմնավորումները: Նման պայմաններում վերը նշված պահնջների խախտումը վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմք է, քանի որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 1-ին մասի` վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 230-րդ հոդվածի և 231.2 հոդվածի 1-ին մասի պահանջներին:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230-րդ, 231.1-րդ և 231.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Վերադարձնել ՀՀ տնտեսական դատարանի 14.07.2006թ. վճռի դեմ "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի կողմից բերված վճռաբեկ բողոքը: Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

դատավորներ`

Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ