Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Քաղաքացիական գործ Տ-2843/2007թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը հետևյալ կազմով`
16.11.2007թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ
քարտուղարությամբ` Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
մասնակցությամբ հայցվոր` "Դավիթ առևտրի տուն"ՓԲԸ-ի /ներկայացուցիչ` Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ/
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի ընդդեմ "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի` 26.031.400 դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայցվորը հայտնեց, որ պատասխանող ընկերության հետ 15.03.2006թ. կնքվել է համաձայնագիր և կազմվել է ժամանակացույց 16.06.1998թ. թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին, որը պատասխանողը թերի է կատարում: Մասնավորապես, ըստ ժամանակացույցի առ 2007թ.-ի սեպտեմբերի 30-ը ներառյալ պետք է վճարեր 27.000.000 դրամ, սակայն վճարել է 10.000.000 դրամ: Այն, որ պատասխանող ընկերությունը պարտավորություն է ստանձնել "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ին վճարելու գումար, ապացուցվում է 16.06.1998թ. թիվ 8093/Q պայմանագրով, նրան կից ժամանակացույցով, փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով: Այն, որ պատասխանող ընկերությունն իր ստանձնած պարտավորությունները կատարել է, սակայն կատարել է թերի, ապացուցվում է վերջինի կողմից կատարված վճարումներով: Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 347-րդ հոդվածի` օրենսդիրը պարտադիր պայման է դիտում, որ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորություններին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան: Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 408-րդ հոդվածի պահանջի` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ կատարելը: Վերոշարադրյալը հիմք ընդունելով խնդրում է պատասխանողից բռնագանձել 17.000.000 դրամ: Դատաքննության ընթացքում հայցվորը դատարանին ներկայացրեց դիմում հայցային պահանջների չափն ավելացնելու մասին հետևյալ պատճառաբանությամբ: Ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 32 հոդվածի պահանջով, հաշվի առնելով, որ պատասխանողի գործողությունների հետևանքով ընկերությունը վնաս է կրել, ՀՀ քաղ. օր-ի 17 հոդվածի 1-ին կետի հիման վրա, ավելացնում է հայցային պահանջների չափը 9.031.400 դրամի չափով և հայցում է, որպես վնասների հատուցում, պատասխանողից բռնագանձել 9.031.400 դրամ, ընդհանուր բռնագանձել 26.031.400 դրամ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված պատասխանողը չէր ներկայացել դատական նիստին: Դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 118-րդ հոդվածի 2-րդ կետով գործը քննեց պատասխանողի բացակայությամբ: Լսելով հայցվորի բացատրությունը, վերլուծելով գործի հանգամանքները և գնահատելով ներկայացված գրավոր ապացույցները դատարանը եկավ այն եզրահանգման, որ հայցապահանջը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ: "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի և "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի միջև 15.03.2006թ. կնքվել է համաձայնագիր և կազմվել է ժամանակացույց 16.06.1998թ. թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին, ըստ որի "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ն պարտավորվել է ընդհանուր պարտքի գումարից 2007թ. սեպտեմբերի 30-ը ներառայալ վճարել 27.000.000 դրամ` հետևյալ համամասնությամբ` 2007թ. հունվարին` 3.000.000 դրամ, 2007թ. փետրվարին` 3.000.000 դրամ, 2007թ. մարտին` 3.000.000 դրամ, 2007թ-ի ապրիլին` 3.000.000 դրամ, 2007թ. մայիսին` 3.000.000 դրամ, 2007թ. հունիսին` 3.000.000 դրամ, 2007թ. հուլիսին` 3.000.000 դրամ, 2007թ. օգոստոսին` 3.000.000 դրամ, 2007թ. սեպտեմբերին` 3.000.000 դրամ: Դատաքննությամբ պարզվեց, որ վերը նշված ժամանակացույցին համապատասխան պատասխանողը վճարել է 10.000.000 դրամ, որպիսի հանգամանքը հաստատվում է 30.03.2007թ. թիվ 7033000161829, 10.05.2007թ. թիվ 7051000184668, 16.05.2007թ. թիվ 7051600188282, 20.08.2007թ. թիվ 7082000245625, 17.08.2007թ. թիվ 7081700244634 վճարման հանձնարարականներով, սակայն չի վճարել 17.000.000 դրամը, որի արդյունքում պարտքը կազմել է 17.000.000 դրամ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նույն օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը: Տվյալ դեպքում 17.000.000 դրամ հիմնական գումարը բռնագանձելու հայցվորի պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման, քանզի այն բխում է վերը նշված օրենքի ու "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի և "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի միջև 15.03.2006թ. կնքված համաձայնագրի ու նրա անբաժանելի մաս կազմող ժամանակացույցի պահանջներից: Հիմնավոր է նաև 9.031.400 դրամ վնասը բռնագանձելու հայցվորի պահանջը հետևյալ պատճառաբանությամբ: "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի և "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" ՓԲԸ-ի միջև 17.05.2006թ. կնքվել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն Կատարողը` "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" ՓԲԸ-ն, պարտավորվում է Պարտվիրատու` "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի հանձնարարությամբ կապված Պատվիրատուի իրավունքները "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի կողմից ոտնահարելու և 53.157.000 դրամ պարտքի գումարը ի նպաստ պատվիրատուի գանձելու նպատակով, պաշտպանել վերջինիս շահերը պետական և ոչ պետական ատյաններում, ընդհուպ դատական ատյաններում և կատարել հետևյալ ծառայությունները` խորհրդատվություն, հայցադիմումի և դրա հետ կապված փաստաթղթերի նախապատրաստում և ձևակերպում, հայցի հիմնավորում, պաշտպանում, ինչպես նաև գործի վարում ՀՀ տնտեսական և ՀՀ վճռաբեկ դատարաններում, գործի վարում վերաքննության ժամանակ և այլն: Պայմանագրի 3.1 կետի համաձայն պայմանագրի գինը կազմել է 8.859.500 դրամ, և 1.771.900 դրամ ԱԱՀ, ընդամենը 10.631.400 դրամ, 3.2 կետի համաձայն պայմանագիրը կնքելուց հետո տասն օրվա ընթացքում պատվիրատուն վճարում է 1.600.000 դրամ կանխավճար, իսկ 3.3 կետի համաձայն մնացած գումարը, որը կազմում է 9.031.400 դրամ, պատվիրատուն վճարում է կատարողին յուրաքանչյուր հօգուտ իրեն գանձված գումարի 60 տոկոսի չափով, մինչև ծառայության համար սահմանված գումարի մարումը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Վնասներն են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որը նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը /իրական վնաս/, ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի 2-րդ կետի համաձայն պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և օրենսգրքում նշված այլ հիմքերից: Դատաքննությամբ պարզվեց, որ "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ն, համաձայն "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի և "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" ՓԲԸ-ի միջև 17.05.2006թ. կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի, ծառայության դիմաց կատարողին վճարել է պայմանագրի 3.2 կետով սահմանված 9.031.400 դրամը, որպիսի հանգամանքը հաստատվում է 28.08.2006թ. թիվ 72, 19.09.2006թ. թիվ 20, 09.10.2006թ. թիվ 20, 28.11.2006թ. թիվ 20 և 08.12.2006թ. թիվ 20 վճարման հանձնարարականներով: Տվյալ դեպքում ակնհայտ է, որ "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ն իր խախտված իրավունքը վերականգնելու համար կատարել է 9.031.400 դրամի ծախս, հետևաբար "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ն պարտավոր է լրիվ հատուցել "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ին պատճառված վնասը, ուստի նման պայմաններում 9.031.400 դրամ վնասը բռնագանձելու հայցվորի պահանջը նույնպես հիմնավոր է և ենթակա բավարարման, քանզի այն բխում է վերը նշված օրենքի պահանջներից: Այսպիսով, վերը նշված փաստարկներով դատարանը հաստատված է համարում, որ հայցվորի պահանջը հիմնավոր է, քանզի այն բխում է վերը նշված օրենքների, "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի և "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի միջև 15.03.2006թ. կնքված համաձայնագրի և նրա անբաժանելի մաս կազմող ժամանակացույցի պահանջներից, հետևաբար "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ից հօգուտ "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի ենթակա է բռնագանձման 26.031.400 դրամ, այդ թվում` 17.000.000 դրամ հիմնական պարտք և 9.031.400 դրամ վնաս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73, 130-132, 134, 2213, 2214, 2216 հոդվածներով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

"Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի հայցապահանջը բավարարել` "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ից հօգուտ "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի բռնագանձել 26.031.400 դրամ, այդ թվում` 17.000.000 դրամ հիմնական պարտք և 9.031.400 դրամ վնաս, ինչպես նաև 19.800 դրամ վճարված պետական տուրք: "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 500.828 դրամ պետական տուրք: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 15 օր հետո: Վճիռը կարող է բողոքարկվել վճռաբեկության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատին: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ` Ռ. ՍԱՐԳՍՅԱՆ

* * *

 

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ Տ-2843/2007թ.

Նախագահող դատավոր` Ռ. Սարգսյան

Քաղաքացիական գործ թիվ 3-59/ՏԴ/ 2008թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը /այսուհետ`Վճռաբեկ դատարան/ հետևյալ կազմով`
01.02.2008թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ
մասնակցությամբ դատավորներ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Վ.ԱԲԵԼՅԱՆ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ

2008 թվականի փետրվարի 01-ին դռնբաց դատական նիստում, քննելով "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի /այսուհետ` Ընկերություն/ վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 16.11.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի /այսուհետ` Կազմակերպություն/ ընդդեմ Ընկերության` 26.031.400 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան`Կազմակերպությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 26.031.400 ՀՀ դրամ, այդ թվում` 17.000.000 ՀՀ դրամ որպես պայմանագրային հիմնական պարտավորության կատարում և 9.031.400 ՀՀ դրամ որպես վնասների փոխհատուցում: ՀՀ տնտեսական դատարանի /այսուհետ` Տնտեսական դատարան/ 16.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը: Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը: Վճռաբեկ բողոքի պատասխանին լրացուցիչ վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

2.Վճռաբեկ բողոքի հիմքերը ,հիմնավորումները և պահանջները.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 20-րդ հոդվածները, "Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին" եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը: Բողոք բերած անձը նշված պնդումը պաճառաբանում է հետևյալ փաստարկներով. 31.10.2007 թվականի դատական նիստի ընթացքում Կազմակերպությունը, ներկայացնելով վնասի հատուցման պահանջը, կատարել է հայցապահանջի էական փոփոխություն: Այդ կապակցությամբ Տնտեսական դատարանը հետաձգել է գործի քննությունը մինչև 08.11.2007 թվականը: Դատարանում ընկերության շահերի պատշաճ ներկայացում ապահովելու նպատակով 08.11.2007 թվականին Ընկերությունը դիմել է Դատարան` խնդրելով գործի քննությունը նշանակել երկու օր հետո` նիստին իրավաբան-ներկայացուցչի ներկայությունն ապահովելու համար: Մինչդեռ, Տնտեսական դատարանը, առանց դիմումի քննարկման արդյունքների մասին Ընկերությանը իրազեկելու, նույն օրը` 08.11.2007 թվականին, ավարտել է գործի քննությունը:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր: Բողոքը բերած անձը նշված պնդումը պաճառաբանում է հետևյալ փաստարկներով. Տնտեսական դատարանը լրիվ, բազմակողմանի և օբեկտիվ չի հետազոտել Ընկերության և Կազմակերպության միջև 17.05.2006 թվականին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը /այսուհետ` Պայմանագիր/, ինչի արդյունքում Ընկերության նկատմամբ հաշվարկվել է 9.031.400 ՀՀ դրամ լրացուցիչ պարտավորություն` որպես հիմնական պարտավորությունը չկատարելու հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում: Մինչդեռ, Տնտեսական դատարանը սխալ է հաշվարկել գանձվելիք գումարը: Այսպես, Պայմանագրի 3.3 կետով սահմանված է, որ Կազմակերպությունը Պայմանագրով ծառայության համար վճարում է գանձվող գումարից: Այսինքն, անգամ հայցվող ամբողջ 17.000.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման դեպքում` Պայմանագրով ծառայությունների մատուցման գումարը կկազմեր ընդամենը 2.888.308 ՀՀ դրամ: Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 16.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

Անհիմն է բողոք բերած անձի պաճառաբանությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 20-րդ հոդվածների, "Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին" եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման մասով, քանի որ բողոք բերած անձը տեղեկացված է եղել դատական նիստի մասին, սակայն չի ներկայացել, ինչից հետո հետաձգվել է դատական նիստը, նշանակվել է նիստի նոր օր, որին էլ նույնպես Ընկերությունը չի ներկայացել` փոխարենը ներկայացրել է դատական նիստը ևս երկու օրով հետաձգելու միջնորդություն:

2.2 Պատասխանին վճռաբեկ բողոքի լրացմամբ բերված փաստարկները.

01.01.2008 թվականին ուժի մեջ մտած "ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին" ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն`դատական ծախս է համարվում նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը: Մինչդեռ, տվյալ դեպքում փաստաբանի վարձատրությունը կազմում է հայցվորի հիմնական գումարի 53 տոկոսը, ինչը վերոհիշյալ նորմի իմաստով չի կարող խելամիտ համարվել:

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Տնտեսական դատարանի 11.10.2007 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Գործի քննությունը նշանակվել է 31.10.2007 թվականին:

2) 31.10.2007 թվականի դատական նիստի ժամանակ հայցվորը ներկայացրել է հայցային պահանջների չափն ավելացնելու մասին դիմում, որի պաճառով գործի քննությունը հետաձգվել է մինչև 08.11.2007 թվականը:

3) 08.11.2007 թվականին Ընկերությունը միջնորդություն է ներկայացրել Տնտեսական դատարան դատական նիստը հետաձգելու և այն 10.11.2007 թվականից հետո նշանակելու մասին:

4) Տնտեսական դատարանը 08.11.2007 թվականին քննել է և հայտարարել վճռի հրապարակման օրը:

5) 08.11.2007 թվականին քաղաքացիական գործը քննվել և վճիռ է կայացվել Ընկերության բացակայությամբ:

4. Վճռաբեկ դատարանի պաճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում`Վճռաբեկ դատարանը գտնում է,որ`

1) Բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր որոշմամբ արդեն անդրադարձել է նշված իրավական հարցի գնահատականին /ՀՀ ԿԱ ՀՊԾ ընդդեմ Արմեն Խուդինյանի, քաղաքացիական գործ թիվ3-1822/ՏԴ / գումարի բռնագանձման պահանջով/ /: Սակայն, կարևորելով սույն բողոքի հիմքում ընկած իրավական հարցադրումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործի փաստերը տարբեր են վկայակոչված փաստերից, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցին: ՀՀ Սհմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: "Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին" եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից անձի ողջամիտ ժամկետում գործի հրապարակային քննության իրավունքը: Ւ ապահովումն նշված նորմերի իրացվելիության` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի առաջին և երրորդ կետերով սահմանված է, որ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պաճենները, ինչպես նաև ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը /այսուհետ` եվրոպական դատարան/ քաղաքացիական իրավունքների և պարտականությունների առնչությամբ ծագած վեճերով արդար դատաքննության իրավունքի ապահովման տեսանկյունից իր նախադեպային իրավունքում առանձնացնում և պարզաբանում է այդ իրավունքի կարևոր բաղադրիչների` կողմերի հավասարության և մրցակցային դատավարության պահանջների էությունը: Այսպես, Եվրոպական դատարանը /Ռաֆիներիս Գրեկ Ստրան է Ստրատիս Անդրեադիսն ընդդեմ Հունաստանի, 09.12.1994/ գործով նշել է, որ դատական քննության ընթացքում կողմերի հավասարությունը նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմի պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը /ներառյալ` ապացույցները/ այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ: Եվրոպական դատարանն իր պրակտիկայում արձանագրել է նաև, որ Կոնվենցիան կոչված է ապահովելու ոչ թե իրավունքի տեսական առկայությունը, այլ դրա պրակտիկ կիրառությունը և արդյունավետությունը /Իմբրիոսիան ընդդեմ Շվեյցարիայի, գործ N 13972/88, 24.11.1993 թվական/: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ: Այս հիմքով դատարանի կողմից գործի քննությունը հետաձգելը դատարանի իրավունքն է և ոչ պարտականությունը, և դատարանն իր այդ իրավունքն իրականացնում է հայեցողական իրավազորությամբ` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից /տես` ՀՀ ՀՊԾ ընդդեմ Արմեն Խուդինյանի, քաղաքացիական գործ թիվ 3-1822/ՏԴ /գումարի բռնագանձման պահանջով/ /: Հաշվի առնելով Դատարանի կողմից բողոք բերած անձին ապացույցների ներկայացման և իրավական կազմակերպման համար ողջամիտ ժամկետի տրամադրման անհրաժեշտությունը`Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով գործի քննությունը հետաձգելու անհըրաժեշտությունն առկա էր: Փաստորեն, մերժելով գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ բողոք բերած անձի միջնորդությունը, Դատարանը խախտել է վերջինիս`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգըրքի 28-րդ հոդվածի առաջին մասի 1-ին և 3-րդ կետերով երաշխավորված գործի նյութերին ծանոթանալու, քաղվածքներ անելու, դրանց պատճենները ստանալու, ապացույցներ ներկայացնելու և դրանց հետազոտմանը մասնակցելու իրավունքները, ինչպես նաև "Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին" եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը: Ավելին սույն քաղաքացիական գործի դատական քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերության համաձայն` հայցադիմումը ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում պատասխանողը պարտավոր է դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ` դրան կցելով հայցի դեմ իր առարկությունները հաստատող փաստաթղթեր կամ ներկայացնել հիմնավորված միջնորդություն` մինչև երկու շաբաթ տևողությամբ լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ: Թեև վերը նշված հոդվածով հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելը պատասխանողի դատավարական պարտականությունն է, սակայն միառժամանակ դա վերջինիս դատավարական իրավունք է, քանի որ դատավարական այդ ինստիտուտը պատասխանողի դատավարական պաշտպանության եղանակներից մեկն է: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությամբ սահմանված հայցադիմումին պատասխան ներկայացնելը դիտում է որպես դատավարական կարևոր իրավունք: Վերոգրյալից հետևում է, որ դատարանը պարտավոր է դատավարությունը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովվի պատասխանողի այս իրավունքի իրականացումը: Փաստորեն, Տնտեսական դատարանը, դատական նիստը 31.10.2007 թվականին հետաձգելով և գործի քննությունը 08.11.2007 թվականին նշանակելով, հնարավորություն չի տվել պատասխանողին օգտվելու ոչ միայն օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետում հայցադիմումին պատասխան ներկայացնելու իր իրավունքից, այլև իր գործը և ապացույցները այնպիսի պայմաններում ներկայացնելու իրավունքից, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենգրքի 228-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալը կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող է հանգեցնել գործի սխալ լուծման: Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդար դատաքննության իրավունքի ամբողջ ծավալով իրականացնելու օբյեկտիվ հնարավորությունների բացակայությունը կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Պատասխանում առկա փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոհիշյալ պաճառաբանություններով:

2. վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ կողմի /կողմերի/ փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձել` կողմի դատավարական իրավունքների սահմանափակման արդյունքում: Հետևաբար, նման իրավիճակում այդ պաճառաբանությունները Վճռաբեկ դատարանում չեն քննարկվում: Նույն պաճառաբանությամբ Վճռաբեկ դատարանում չեն քննարկվում նաև Պատասխանի և վճռաբեկ բողոքի լրացման`նյութական նորմերի խախտման և խախտման բացակայութան վերաբերյալ փաստարկները: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով`Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1.Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 16.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան`նոր քննության:

2.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահությամբ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ

մասնակցությամբ դատավորներ`

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Վ.ԱԲԵԼՅԱՆ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

 

* * *


գործ ԵՔԴ/0282/02/2008թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևանի քաղաքացիական դատառանը հետևյալ կազմով`
16.11.2007թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Խ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ
քարտուղարությամբ` Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ հայցվոր` "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ /ներկայացուցիչ Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
Պատասխանող` "Դվին կոնցեռն" ՓԲԸ /ներկայացուցիչ Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

2009 թվականի հունվարի 20-ին, դատարանում, դռնբաց դատական նիստում քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին:

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի 2007 թվականի նոյեմբերի 16-ի թիվ Տ-2843 վճռով "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի հայցապահանջը բավարարվել է` վճռվել է "Դվին կոնցեռն" ՓԲԸ-ից հօգուտ "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի բռնագանձել 26.031.400 դրամ, այդ թվում` 17.000.000 դրամ հիմնական պարտք և 9.031.400 դրամ վնաս, ինչպես նաև 19.800 դրամ վճարված պետական տուրք: "Դվին կոնցեռն" ՓԲԸ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 500.828 դրամ պետական տուրք: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 2008 թվականի փետրվարի 1-ի թիվ 3-59(ՏԴ) որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է: Բեկանվել է ՀՀ տնտեսական դատարանի 16.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկվել է Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Հայցադիմումի շարադրանքը.

Հայցվոր "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերությունը` ի դեմս ընկերության ներկայացուցիչ Լ.Բաղդասարյանի, դիմելով դատարանին, հայտնել է, որ պատասխանող ընկերության հետ 2006 թվականի մարտի 15-ին կնքվել է համաձայնագիր և կազմվել է ժամանակացույց 1998 թվականի հունիսի 16-ի 8093/Q պայմանագրում փոփոխություններ մտցնելու մասին, որը պատասխանողը թերի է կատարում: Մասնավորապես, ըստ ժամանակացույցի առ 2007 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ պետք է վճարեր 27.000.000 դրամ, սակայն վճարել է 10.000.000 դրամ: Այն, որ պատասխանող ընկերությունը պարտավորություն է ստանձնել "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերությանը վճարելու գումար, ապացուցվում է 1998 թվականի հունիսի 16-ի 8093/Q համաձայնագրով, նրան կից ժամանակացույցով, փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով: Այն, որ պատասխանող ընկերությունն իր ստանձնած պարտավորությունները կատարել է, սակայն կատարել է թերի, ապացուցվում է վերջինի կողմից կատարված վճարումներով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 347 հոդվածի համաձայն` օրենսդիրը պարտադիր պայման է դիտում, որ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ, պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան: Նույն օրենսգըրքի 408 հոդվածի պահանջի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ կատարելը: Դատարանին խնդրել է պատասխանող ընկերությունից բռնագանձել 17.000.000 դրամ: Հայցվոր "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերությունը` ի դեմս ընկերության ներկայացուցիչ Լ.Բաղդասարյանի, 2007 թվականի հոկտեմբերի 31-ին հայցային պահանջների չափն ավելացնելու մասին դիմում է ներկայացրել դատարանին, հայտնելով, որ ավելացնում է հայցապահնջի չափը 9.031.400 դրամի չափով և խնդրել է, որպես վնասների հատուցում, պատասխանողից բռնագանձել 9.031.400 դրամ: Հայցվոր "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերությունը` ի դեմս ընկերության տնօրեն Ռ.Օհանյանի, 2008 թվականի ապրիլի 14-ին հայցային պահանջների չափը փոփոխելու վերաբերյալ դիմում է ներկայացրել դատարանին, հայտնելով, որ ավելացնում է հայցային պահանջի չափը և խնդրում է բռնագանձել պատասխանող ընկերությունից 1998 թվականի հունիսի 16-ի 8093/Q պայմանագրով, պայմանագրի բաղկացուցիչ մաս համարվող 2006 թվականի մարտի 15-ի համաձայնագրով և ժամանակացույցով նախատեսված, սակայն չվճարված 8.157.000 դրամ գումար ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի պահանջով, պատասխանող ընկերությունից բռնագանձել նաև բանկային տոկոսներ, սկսած 2008 թվականի հունվար ամսից:

3. Հայցադիմումի պատասխանի շարադրանքը.

Պատասխանող "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերությունը` ի դեմս ընկերության ներկայացուցիչ Ա.Աբրահամյանի, դատարանին ներկայացրել է հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխան-առարկություն, համաձայն որի առարկում են "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության գումարի բռնագանձման պահանջի և վնասի հատուցման պահանջի դեմ: Գտնում է, որ հայցադիմումը մասամբ ենթակա է մերժման, հետևյալ պատճառաբանությամբ: Հայցվորի կողմից ներկայացված պահանջն, այն մասին, որ 2008 թվականի հունվար ամսից պետք է հաշվարկվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի համաձայն բանկային տոկոսներ, անհիմն է, քանի որ հայցվորի և պատասխանողի միջև 1998 թվականի հունիսի 16-ին կնքված թիվ 8093/Q պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող 2006 թվականի մարտի 15-ի "1998 թվականի հունիսի 16-ին կնքված թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին" համաձայնագիրը վիճարկվել է դատական ատյաններում "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության կողմից: Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը միայն 2008 թվականի հոկտեմբերի 30-ին է կայացրել որոշում այդ վեճի կապակցությամբ, ինչը սույն գործով պատասխանողի կողմից բողոքարկվել է վճռաբեկության կարգով: Սակայն եթե նույնիսկ մի պահ ընդունեն, որ սույն գործով պատասխանողի վճռաբեկ բողոքը չբավարարվի, ապա տվյալ դեպքում ևս Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի հիմքով հաշվարկը պետք է կատարվի ոչ թե 2008 թվականի հունվար ամսից, այլ 2008 թվականի նոյեմբեր ամսից: Հայցվորի պահանջը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17 հոդվածի 1-ին մասի հիման վրա ևս անհիմն է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17 հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասի լրիվ հատուցում, եթե հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 68 հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից: Սույն գործով հայցվորի կրած վնասներ կարող է հանդիսանալ այն, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար որպես փաստաբան, խելամիտ վարձատրության ձևով: Այդ իսկ պատճառով հայցվորի պահաջը 9.031.400 դրամի չափով, որպես վնասի հատուցում չունի որևէ պատճառաբանված հիմնավորում: Ինչ վերաբերում է հիմնական հայցապահանջին` գումարի բռնագանձման հայցին, ապա այն, որ առկա է վճռաբեկ բողոք` սույն քաղաքացիական գործով կողմեր հանդիսացող "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության և "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության միջև ըստ հայցի "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության` կապված "1998 թվականի հունիսի 16-ին կնքված թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին" համաձայնագրում և համաձայնագրին կից կազմված 2006 թվականի մարտի 15-ի ժամանակացույցում փոփոխություններ կատարելու հետ, գտնում են, որ մինչև տվյալ հարցի վերջնական լուծումը հնարավոր չի սույն վեճի լուծումը: Ելնելով վերոգրյալից, դատարանին խնդրել է "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության հայցապահնջը վնասի փոխհատուցման և բանկային տոկոսի մասով մերժել:

4. Գործի քննության նշանակություն ունեցող փաստերը.

1) Հայցվոր "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության և պատասխանող "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության միջև 1998 թվականի հունիսի 16-ին կնքվել է թիվ 8093/Q պայմանագիր (այսուհետև` թիվ 8093/Q պայմանագիր), որի անբաժան մաս հանդիսացող հավելվածի համաձայն` հայցվորը վճարել է, իսկ պատասխանողը գնել է 3.800 հատ բրեզենտե կոստյում, 58.064 զույգ բրեզենտե ձեռնոցներ, 2.000 հատ տղամարդու տաք բաճկոն, 4.6 կգ էմալապատ հողորդալար, 0.99 հատ կոճեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 164.290 (հարյուր վաթսունչորս հազար երկու հարյուր իննսուն) ԱՄՆ դոլար:

2) Հետագայում` 1999 թվականի սեպտեմբերի 20-ին, 2002 թվականի հուլիսի 1-ին, 2003 թվականի սեպտեմբերի 1-ին, 2005 թվականի հուլիսի 26-ին հայցվոր "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության և պատասխանող "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել են թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր, որոնցով սահմանվել են պարտքի չափը և այն վճարելու կարգն ու ժամկետները:

3) Հայցվոր "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության և պատասխանող "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության միջև 2006 թվականի մարտի 15-ին կնքվել է 1998 թվականի հունիսի 16-ի թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրերը, որի 1.1 կետի համաձայն` թիվ 8093/Q պայմանագրի 5.1 ենթակետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ` "Պայմանագրի շրջանակներում գործունեության արդյունքում առ 15.03.2006թ.-ի դրությամբ "Դվին" Կոնցեռն ՓԲԸ-ի պարտքը Առևտրի Տուն "Դավիթ" ՓԲԸ-ին կազմում է 53.157.000 /հիսուներեք միլիոն հարյուր հիսունյոթ հազար/ դրամ": Իսկ համաձայնագրի 1.2 կետի համաձայն` "գնորդը" վճարումները կատարում է մինչև 2008թ.-ի հունվարի 1-ը /համաձայն հավելված թիվ 1, 15.03.2006թ.-ի "Դավիթ" Առևտրի Տուն ՓԲԸ-ի հանդեպ "Դվին" Կոնցեռն ՓԲԸ-ի պարտքի մարման ժամանակացույցի: Նշված ժամանակացույցի 2 կետի համաձայն` "Դվին" Կոնցեռն ՓԲԸ-ն պարտավորվել է 53.157.000 դրամ պարտքը "Դավիթ" Առևտրի Տուն ՓԲԸ-ին վճարել հետևյալ կտրվածքներով` 2006թ.-ի ապրիլին 2,0 մլն. դրամ, մայիսին 2,0 մլն. դրամ, հունիսին 2,0 մլն. դրամ, հուլիսին 2,0 մլն. դրամ, օգոստոսին 2,0 մլն. դրամ, սեպտեմբերին 2,0 մլն. դրամ, հոկտիմբերին 2,0 մլն. դրամ, նոյեմբերին 2,0 մլն. դրամ, դեկտեմբերին 2,0 մլն. դրամ, 2007թ.-ի հունվար ամսին 3.0 մլն. դրամ, փետրվարին 3.0 մլն. դրամ, մարտին 3.0 մլն. դրամ, ապրիլին 3.0 մլն. դրամ, մայիսին 3.0 մլն. դրամ, հունիսին 3.0 մլն. դրամ, հուլիսին 3.0 մլն. դրամ, օգոստոսին 3.0 մլն. դրամ, սեպտեմբերին 3.0 մլն. դրամ, հոկտեմբերին 3.0 մլն. դրամ, նոյեմբերին 3.0 մլն. դրամ, դեկտեմբերին 2,157 մլն. դրամ:

4) Հայցվոր "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության և պատասխանող "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության միջև 2006 թվականի մարտի 15-ին կնքված փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի համաձայն` 2006 թվականի մարտի 15-ի դրությամբ "Դվին" Կոնցեռն ՓԲԸ-ի պարտքը "Դավիթ" Առևտրի Տուն ՓԲԸ-ին կազմում է 53.157.000 /հիսուներեք միլիոն հարյուր հիսունյոթ հազար/դրամ:

5) 2006 թվականի մարտի 15-ին կնքված 1998 թվականի հունիսի 16-ի թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրով և հավելված թիվ 1, 2006 թվականի մարտի 15-ի "Դավիթ" Առևտրի Տուն ՓԲԸ-ի հանդեպ "Դվին" Կոնցեռն ՓԲԸ-ի ունեցած պարտքի մարման ժամանակացույցով ստանձնած իր պարտավորությունները պատասխանող "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերությունը կատարել է ոչ պատշաճ և 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրա պարտքը "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերությանը կազմում է 25.157.000 /քսանհինգ միլիոն հարյուր հիսունյոթ հազար/ դրամ գումար, որը մինչև օրս չի վճարել:

6) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 30-ի ԵՔԴ/0043/02/08 քաղաքացիական գործով որոշման համաձայն` Երևանի քաղաքացիական դատարանի 19.06.2008 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է, մերժվել է "Դվին" Կոնցեռն ՓԲԸ-ի պահանջն իր և "Դավիթ" Առևտրի Տուն ՓԲԸ-ի միջև կնքված "1998 թվականի հունիսի 16-ի թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին" համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին: Որոշումն օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

7) Հայցվոր "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության և "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում փակ բաժնետիրական ընկերության միջև 2006 թվականի մայիսի 17-ին կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, որի համաձայն "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվել է "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության հանձնարարությամբ, կապված "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության իրավունքները "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության կողմից ոտնահարման հետ և 53.157.000 դրամ պարտքի գումարը ի նպաստ "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության գանձելու նպատակով, պաշտպանել վերջինիս շահերը պետական և ոչ պետական ատյաններում, ընդհուպ դատական ատյաններում: Պայմանագրի գինը կազմել է 8.859.500 դրամ և ԱԱՀ 1.771.900 դրամ, ընդամենը 10.631.400 դրամ: Սույն պայմանագիրը կնքելուց հետո տասն օրվա ընթացքում "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերությունը "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" փակ բաժնետիրական ընկերությանը վճարել է 1.600.000 դրամ կանխավճար, իսկ մնացած 9.031.400 դրամը վճարել է 28.08.2006թ. թիվ 72, 19.09.2006թ. թիվ 20, 09.10.2006թ. թիվ 20, 28.11.2006թ. թիվ 20 և 08.12.2006թ. թիվ 20 վճարման հանձնարարականներով:

5. Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Գնահատելով գործի դատաքննությամբ հետազոտված ապացույցները, դատարանը գտնում է, որ ներկայացված հայցապահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման, սակայն մասնակիորեն, հետևյալ պատճառաբանությամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 347 հոդվածի համաձայն, պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, մինչդեռ, 2006 թվականի մարտի 15-ին կնքված 1998 թվականի հունիսի 16-ի թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրով և հավելված թիվ 1, 2006 թվականի մարտի 15-ի "Դավիթ" Առևտրի Տուն ՓԲԸ-ի հանդեպ "Դվին" Կոնցեռն ՓԲԸ-ի ունեցած պարտքի մարման ժամանակացույցի համաձայն պատասխանող "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերությունը 53.157.000 /հիսուներեք միլիոն հարյուր հիսունյոթ հազար/ դրամ գումարը "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերությունը վճարելու մասին իր պարտավորությունը կատարել է մասնակի և 2008 թվականի հունավարի 1-ի դրությամբ "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերությունը չի վճարել "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերությանը 25.157.000 /քսանհինգ միլիոն հարյուր հիսունյոթ հազար/ դրամ գումար: Հետևաբար, դատարանը գտնում է, որ պատասխանող "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ հայցվոր "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության պետք է բռնագանձել 25.157.000 /քսանհինգ միլիոն հարյուր հիսունյոթ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ: Միաժամանակ, դատարանը գտնում է, որ 25.157.000 /քսանհինգ միլիոն հարյուր հիսունյոթ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ գումարի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսներ վճարելու վերաբերյալ հայցվորի պահանջը բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի 1-ին մասի պահանջներից, համաձայն որի դրամական միջոցներն ապօրին պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքներով, ուստի այդ պահանջը նույնպես ենթակա է բավարարման: Ինչ վերաբերում է պատասխանող կողմի այն պատճառաբանությանը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի հիմքով տոկոսների հաշվարկը պետք է կատարվի ոչ թե 2008 թվականի հունվար ամսից, այլ 2008 թվականի նոյեմբեր ամսից, ապա դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի 1-ին մասի համաձայն` տոկոսները վճարվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքների, իսկ տվյալ պարագայում պարտավորության կետանցի օրը 2008 թվականի հունվարի 1-ն է և 2006 թվականի մարտի 15-ի "1998 թվականի հունիսի 16-ի 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին" համաձայնագիրը դատական կարգով վիճարկվելու հանգամանքը որևիցե ձևով չի կարող փոխել պարտավորության կետանցի օրը: Դատարանը գտնում է, որ որպես վնասի հատուցում 9.031.400 դրամ գումարի բռնագանձման հայցվորի պահանջը պետք է բավարարել մասնակիորեն, հետևյալ պատճառաբանությամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն, անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասի լրիվ հատուցում: Վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ): Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դիմումատուին տրամադրվում է իր ծախսերի և ծախքերի փոխհատուցում միայն այն դեպքերում, երբ ցույց է տրվում, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և իրենց ծավալով ողջամիտ են: Չնայած այն հանգամանքին, որ հայցվոր կողմը ներկայացրել է իր և "Լեվ Գրուպ իրավատնտեսական միավորում" փակ բաժնետիրական ընկերության միջև 2006 թվականի մայիսի 17-ին կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը և դրան համապատասխան իրականում կատարվել է վճարումները, սակայն դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից իր իրավունքը վերականգնելու համար կատարված այդ ծախսը` 10.631.400 դրամի չափով, իր ծավալով ողջամիտ և անհրաժեշտ չէր, քանի որ հայցվոր կողմը դատարանին չի ներկայացրել ապացույցներ այն մասին, որ "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" փակ բաժնետիրական ընկերությունը 10.631.400 դրամի դիմաց կոնկրետ ինչ ծավալի գործողություններ և ծառայություններ է մատուցել հայցվոր "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերությանը: Հետևաբար, դատարանը գտնում է, որ ծառայությունների վճարովի մատուցման 2006 թվականի մայիսի 17-ի պայմանագրի առկայությունը և դրան համապատասխան վճարումներ կատարելու հանգամանքը դեռևս բավարար հիմք չէ վնասի փոխհատուցման պահանջն ամբողջ ծավալով բավարելու համար: Դատարանը, կատարելով իր հաշվարկը և գործելով արդարացիության, ողջամտության սկզբունքներին համապատասխան, գտնում է, որ վնասի փոխհատուցման ողջամիտ չափը պետք է կազմի 2.515.700 (երկու միլիոն հինգ հարյոր տասնհինգ հազար յոթ հարյուր) դրամ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 1-ին մասի համաձայն, դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համապատասխան: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայցվոր "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերությունը նախապես վճարել է 19.800 (տասնինը հազար ութ հարյուր) դրամ պետական տուրքի գումար, իսկ Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության միջնորդությունը պետական տուրքի չվճարված մասի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ` բավարարվել է, ուստի դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանող "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ հայցվոր "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության պետք է բռնագանձել 19.800 (տասնինը հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ "Պետական տուրքի մասին" Հայաստանի Հանրապետւթյան օրենքի 9 հոդվածի համաձայն` պատասխանող "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պետք է բռնագանձել 533.654 (հինգ հարյուր երեսուներեք հազար վեց հարյուր հիսունչորս) դրամ, որպես չվճարված պետական տուրքի գումար: Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132, 134 և 1494 հոդվածներով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Հայցը բավարարել մասնակիորեն` "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 27.672.700 (քսանյոթ միլիոն վեց հարյուր յոթանասուներկու հազար յոթ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 25.157.000 (քսանհինգ միլիոն հարյուր հիսունյոթ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որպես հիմնական պարտք, իսկ 2.515.700 (երկու միլիոն հինգ հարյուր տասնհինգ հազար յոթ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամը որպես վնասի հատուցում: 25.157.000 (քսանհինգ միլիոն հարյուր հիսունհյոթ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի համար 2008 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև պարտավորության դադարման օրը "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել տոկոսագումար` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքներին համապատասխան: "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 19.800 (տասնինը հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 533.654 (հինգ հարյուր երեսուներեք հազար վեց հարյուր հիսունչորս) դրամ, որպես չվճարված պետական տուրքի գումար: Վճիռը կամովին չկատարելու դեպքում, դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապան հաշվին: Վճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան` այն հրապարակվելուց մեկ ամսյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ` Խ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

* * *


Երևանի քաղաքացիական դատարանի վճիռ քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ 0282-02-08

նախագահող դատավոր Խ.Բաղդասարյան

Քաղաքացիական գործ ԵՔԴ 0282-02-08/2009թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը /այսուհետ`վերաքննիչ դատարան/, հետևյալ կազմով`
17.04.2009թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Տ.ՍԱՀԱԿՅԱՆ
քարտուղարությամբ` Դ.ԱՂԱՆՅԱՆ
դատավոր` Կ.ՀԱԿՈԲՅԱՆ, Տ.ՆԱԶԱՐՅԱՆ
մասնակցությամբ հայցվոր` "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ /ներկայացուցիչ Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

Երևան քաղաքում, դռնբաց դատական նիստում քննելով "Դվին կոնցեռն" ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Ռ.Սարգսյանի և "Դավիթ առևտրի տուն" ՓԲ ընկերության տնօրեն Ռ.Օհանյանի վերաքննիչ բողոքները Երևանի քաղաքացիական դատարանի 20.01.2009 թվականի թիվ ԵՔԴ 0282-02-08 վճռի դեմ` ըստ հայցի "Դավիթ առևտրի տուն" ՓԲ ընկերության ընդդեմ "Դվին կոնցեռն" ՓԲ ընկերության`գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` հայցվոր "Դավիթ առևտրի տուն" ՓԲ ընկերության լիազորված անձ Լևոն Բաղդասարյանը խնդրել է պատասխանող ընկերությունից բռնագանձել 17.000.000 դրամ: Այնուհետև ավելացնելով հայցային պահանջի չափը` խնդրել է որպես վնասների հատուցում պատասխանողից բռնագանձել նաև 9.031.400 դրամ, ընդհանուրը բռնագանձել 26.031.400 դրամ: ՀՀ տնտեսական դատարանը /նախագահությամբ`դատավոր Ռ.Սարգսյանի /16.11.2007թ. թիվ Տ-2843 վճռով հայցը բավարարել է: ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008թ որոշմամբ "Դվին կոնցեռն" ՓԲ ընկերության վճռաբեկ բողոքը բավարարվել է և բեկանվել ՀՀ տնտեսական դատարանի 16.11.2007թ. վճիռը և գործն ուղարկվել Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության: "Դավիթ առևտրի տուն" ՓԲ ընկերության լիազորված անձ Լևոն Բաղդասարյանը միջնորդել է ավելացնել հայցային պահանջի չափը և պատասխանող ընկերությունից բռնագանձել 16.06.1998թ. թիվ 8093/Q պայմանագրով, պայմանագրի բաղկացուցիչ մաս համարվող 15.03.2006թ. համաձայնագրով և ժամանակացույցով նախատեսված, սակայն չվճարված 8.157.000 դրամ գումար, ինչպես նաև պատասխանող ընկերությունից բռնագանձել բանկային տոկոսներ`սկսած 2008թ.հունվարի ամսից: Երևանի քաղաքացիական դատարանը որոշել է միջնորդությունը բավարարել: Երևանի քաղաքացիական դատարանի 20.01.2009թ. թիվ ԵՔԴ 0282-02-08 վճռով հայցը բավարարվել է մասնակի: Քաղաքացիական գործով հայցվոր "Դավիթ առևտրի տուն" ՓԲ ընկերության տնօրեն Ռ.Օհանյանը 20.02.2009թ., պատասխանող "Դվին կոնցեռն" ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Ռ.Սարգսյանը 18.02.2009թ. վերոհիշյալ վճռի դեմ ներկայացրել են վերաքննիչ բողոքներ: Վերաքննիչ դատարանը 04.03.2009թ որոշմամբ "Դվին Կոնցեռն" ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Ռ.Սարգսյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է: Պատասխանող "Դվին կոնցեռն" ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Ռ.Սարգսյանը վերացնելով վերաքննիչ բողոքում առկա թերությունները 17.03.2009թ. բողոքը կրկին ներկայացրել է դատարան: Վերաքննիչ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:

2.Ստորադաս դատարանի կողմից հաստատված և վերաքննիչ բողոքի քննության համար էա կան նշանակություն ունեցող փաստեր.

1) Հայցվոր "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության և պատասխանող "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության միջև 1998 թվականի հունիսի 16-ին կնքվել է թիվ 8093/Q պայմանագիր /այսուհետև` թիվ 8093/Q պայմանագիր/, որի անբաժան մաս հանդիսացող հավելվածի համաձայն`հայցվորը վաճառել է, իսկ պատասխանողը գնել է 3.800 հատ բրեզենտե կոստյում, 58.064 զույգ բրեզենտե ձեռնոց, 2.000 հատ տղամարդու տաք բաճկոն, 4.6 կգ էմալապատ հաղորդալար, 0.99 հատ կոճ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 164.290 /հարյուր վաթսունչորս հազար երկու հարյուր իննսուն/ ԱՄՆ դոլար:

2) Հետագայում`1999 թվականի սեպտեմբերի 20-ին, 2002 թվականի հուլիսի 1-ին, 2003 թվա կանի սեպտեմբերի 1-ին, 2005 թվականի հուլիսի 26-ին հայցվոր "Դավիթ առևտրի տուն" փակ բաժ նետիրական ընկերության և պատասխանող "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել են թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագ րեր, որոնցով սահմանվել են պարտքի չափը և այն վճարելու կարգն ու ժամկետները:

3) Հայցվոր "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության և պատասխանող "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության միջև 2006 թվականի մարտի 15-ին կնքվել է 1998 թվականի հունիսի 16-ի թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին վերջին համաձայնագիրը, որի 1.1 կետի համաձայն` թիվ 8093/Q պայմանագրի 5.1 ենթակետը շա րադրվել է հետևյալ խմբագրությամբ`"Պայմանագրի շրջանակներում գործունեության արդյունքում առ 15.03.2006թ. դրությամբ "Դվին" Կոնցեռն ՓԲԸ-ի պարտքը Առևտրի տուն "Դավիթ" ՓԲԸ-ին կազմում է 53.157.000 /հիսուներեք միլիոն հարյուր հիսունյոթ հազար/ դրամ": Իսկ համաձայնագրի 1.2 կետի համաձայն`"գնորդը" վճարումները կատարում է մինչև 2008թ. հունվարի 1-ը /համաձայն հավելված թիվ 1/, 15.03.2006թ. "Դավիթ" Առևտրի Տուն ՓԲԸ-ի հանդեպ "Դվին" Կոնցեռն ՓԲԸ-ի պարտքի մարման ժամանակացույցի:

4) Հայցվոր "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության և պատասխանող "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության միջև 2006 թվականի մարտի 15-ին կազմված փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի համաձայն` 2006 թվականի մարտի 15-ի դրությամբ "Դվին" Կոնցեռն ՓԲԸ-ի պարտքը "Դավիթ" Առևտրի Տուն ՓԲԸ-ին կազմում է 53.157.000 /հիսունե րեք միլիոն հարյուր հիսունյոթ հազար/ դրամ:

5) 2006 թվականի մարտի 15-ին կնքված 1998 թվականի հունիսի 16-ի թիվ 8093/Q պայմանագ րում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրով և հավելված թիվ 1, 2006 թվականի մարտի 15-ի "Դավիթ" Առևտրի Տուն ՓԲԸ-ի հանդեպ "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի ունեցած պարտքի մարման ժամանակացույցով ստանձնած իր պարտավորությունները պատասխանող "Դվին Կոն ցեռն" փակ բաժնետիրական ընկերությունը կատարել է ոչ պատշաճ և 2008 թվականի հունվարի 1ի դրությամբ նրա պարտքը "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերությանը կազմում է 25.157.000 /քսանհինգ միլիոն հարյուր հիսունյոթ հազար/ դրամ գումար, որը մինչև օրս չի վճար վել:

6) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 30-ի ԵՔԴ/0043/02/08 քաղաքացիական գործով որոշման համաձայն` Երևանի քաղա քացիական դատարանի 19.06.2008 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է, մերժ վել է "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի պահանջն իր և "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի միջև կնքված "1998 թվականի հունիսի 16-ի թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին" համա ձայնագրում փոփոխություններ կատարելու մասին: Որոշումն օրինական ուժի մեջ է մտել հրապա րակման պահից:

7) Հայցվոր "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության և "Լեվ Գրուպ իրա վա-տնտեսական միավորում" փակ բաժնետիրական ընկերության միջև 2006 թվականի մայիսի 17ին կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, որի համաձայն "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվել է "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության հանձնարարությամբ, կապված "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության իրավունքները "Դվին Կոնցեռն" փակ բաժնե տիրական ընկերության կողմից ոտնահարման հետ և 53.157.000 դրամ պարտքի գումարը ի նպաստ "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության գանձելու նպատակով, պաշտպանել վերջինիս շահերը պետական և ոչ պետական ատյաններում, ընդհուպ դատական ատյաններում: Պայմանագրի գինը կազմել է 8.859.500 դրամ և ԱԱՀ 1.771.90 դրամ, ընդամենը 10.631.400 դրամ: Սույն պայմանագիրը կնքելուց հետո տասն օրվա ընթացքում "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնե տիրական ընկերությունը "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" փակ բաժնետիրական ըն կերությանը վճարել է 1.600.000 դրամ կանխավճար, իսկ մնացած 9.031.400 դրամը վճարել է 28.08.2006թ. թիվ 72, 19.09.2006թ-ի թիվ 20, 09.10.2006թ. թիվ 20, 28.11.2006թ. թիվ 20 և 08.12.2006թ. թիվ 20 վճարման հանձնարարականներով:

3.Վերաքննիչ բողոքների հիմքերը, փաստարկները և պահանջները

Ըստ բողոքաբեր "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Ռ.Սարգսյանի` Երևանի քաղաքացիական դատարանի վճռով խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 68-րդ հոդվածի պահանջները: Վերոգրյալը բողոքաբերը հիմնավորել է հետևյալ փաստարկներով. Սույն գործով հայցվորի կրած վնասներ կարող էր հանդիսանալ այն, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար փաստաբանի խելամիտ վարձատրության ձևով: Դատարանն ապացուցված է համարել այն, որ հայցվորը Դատարանին չի ներկայացրել կոնկրետ ինչ ծավալի գործողություններ և ծառայություններ է մատուցել, իրականացրել է իր հաշվարկները`սահմանելով վնասի փոխհատուցման ողջամիտ չափ: Խնդրել է վնասի հատուցման մասով բեկանել Երևանի քաղաքացիական դատարանի 20.01.2009թ. թիվ ԵՔԴ 0282-02-08 քաղաքացիական գործով կայացված վճիռը: Ըստ բողոքաբեր "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ռ.Օհանյանի` դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները, 437-րդ հոդվածի 1-ին մասը: Նշված պնդումը բողոքաբերը հիմնավորել է հետևյալ փաստարկներով. Պաճառված վնասների լրիվ հատուցման պահանջ ներկայացնելու իրավասությունը օրենսդրի կողմից թողնվել է կոնկրետ անձի հայեցողությանը: Տվյալ պարագայում, դատարանի կողմից իրավունքի սահմանափակման վերաբերյալ վիճարկվող ակտում չի նշվել որևիցե իրավական նորմ/նորմեր և դրանց պաճառաբանություններն ու հիմնավորումները, որոնց առկայության պարագայում դատական ակտը կարող էր համարվել օրինական: Վճռի պաճառաբանական մասում նշվել է, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դիմումատուին տրամադրվում է իր ծախսերի և ծախքերի փոխհատուցում միայն այն դեպքերում, երբ ցույց է տրվում, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և իրենց ծավալով ողջամիտ են: Ըստ բողոքաբերի`դատարանի նման պաճառաբանությունը տեղին չէ, չի կարող դիտվել որպես իրավական հիմնավորում և ընդունելի կիրառության համար, հետևյալ պաճառաբանությամբ. Նման պաճառաբանությունը նշելուց բացի դատարանը պետք է ներկայացներ նաև հենց մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերից մեկը` դրա կիրառման անհրաժեշտության պաճառաբանություններով և իրավական հիմնավորումներով: Դատարանն ընդունել է, որ հայցվորի և "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" փակ բաժնետիրական ընկերության միջև 2006 թվականի մայիսի 17-ին կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր և դրան համապատասխան իրականում կատարվել է վճարումներ` 10.631.400 ՀՀ դրամ: Դատական գործում առկա է ծառայությունների մատուցման պայմանագիր, որտեղ նշվել է կատարման ողջ բնույթը: Սույն գործի ողջ ընթացքում հայցվորի շահերը և իրավունքները պաշտպանվել է ներկայացուցչի միջոցով` կատարելով իրավաբանական բնույթի անհրաժեշտ և բազմաթիվ գործողություններ: Տվյալ պարագայում, դատարանի նման դիրքորոշումն անընդունելի է, քանի որ և հայցվոր կողմը, և ծառայություններ մատուցող կողմն իրավասու են եղել ինքնուրույն կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր, որոշել ծառայության բնույթը, ծառայության ծավալը և վերջապես մատուցվող ծառայության դիմաց վճարման արժեքը: Նշվածը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգըրքի 3-րդ հոդվածի պահանջից: Ըստ բողոքաբերի`անհիմն է նաև դատարանի հետևյալ պաճառաբանությունը և եզրահանգումը`"...դատարանը գտնում է, որ ծառայությունների վճարովի մատուցման 2006 թվականի մայիսի 17-ի պայմանագրի առկայությունը և դրան համապատասխան վճարումներ կատարելու հանգամանքը դեռևս բավարար հիմք չէ վնասի փոխհատուցման պահանջն ամբողջ ծավալով բավարարելու համար: Դատարանը, կատարելով իր հաշվարկը և գործելով արդարացիության, ողջամտության սկզբունքներին համապատասխան, գտնում է, որ վնասի փոխհատուցման ողջամիտ չափը պետք է կազմի 2.515.700 /երկու միլիոն հինգ հարյուր տասնհինգ հազար հարյուր/ դրամ": Տվյալ պարագայում, դատարանը նման պաճառաբանություն և եզրահանգում կատարելիս, պարտավոր էր ներկայացնել իրավական հիմնավորումները, թե ինչի հիման վրա է կատարել իր հաշվարկը, որն է եղել հաշվարկի կատարման հիմքը, որն է եղել արդարացիության և ողջամտության չափորոշիչը` 2.515.700 ՀՀ դրամ սահմանելու համար: Դատարանի նման մոտեցմամբ խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգըրքի 132-րդ հոդվածի 4-րդ պարբերության պահանջը: Խնդրել է մասնակի բեկանել Երևանի քաղաքացիական դատարանի 20.01.2009թ. կայացված վճիռը` հայցապահանջի չբավարարված մասը և այն փոփոխել, այն է ներկայացված հայցապահանջը` պատասխանողից բռնագանձել 9.031.400 դրամ, որպես վնասի հատուցում, ամբողջությամբ բավարարել, վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

4.Վերաքննիչ դատարանի պաճառաբանությունները և եզրահանգուները.

Նշված հիմքերի սահմաններում քննելով վերաքննիչ բողոքները` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք ենթակա են մերժման հետևյալ պաճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այս հոդվածի տրամաբանությունից բխում է, որ իր ներքին համոզմանը համապատասխան, դատարանն է որոշում ապացույցների արժանահավատությունը և դրանց թույլատրելիությունն ու վերաբերելիությունը այս կամ այն փաստի գոյությունն ապացուցելու հարցում: Ցանկացած ապացույց, թեկուզև այն առաջին հայացքից հեղինակավոր կամ անհամոզիչ թվա, կարող է գործի փաստական հանգամանքներից ելնելով, ընդունվել կամ մերժվել դատարանի կողմից: Այսպիսով, այն հարցը, թե դատական նիստում հետազոտված ապացույցներից որն է հիմնավոր, հավաստի, թույլատրելի, վերաբերելի կամ ոչ, դատարանը որոշում է իր ներքին համոզմամբ, որը ձևավորվում է բոլոր ապացույցների ամբողջական հետազոտման և գնահատման արդյունքում: Վիճարկվող պարագայում հայցվոր կողմը որպես վնասի հատուցում պահանջել է որպես վնասների հատուցում պատասխանողից բռնագանձել 9.031.400 դրամ, որից Դատարանը ողջամիտ է համարել 2.515.700 ՀՀ դրամը և միայն այդ չափով բավարարել վնասի հատուցման պահանջը: Քանի որ Դատարանն ապացուցված է համարել այն, որ հայցվորը Դատարանին չի ներկայացրել կոնկրետ ինչ ծավալի գործողություններ և ծառայություններ է մատուցել "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" փակ բաժնետիրական ընկերությունը, դատարանը վնասի հատուցման ողջամիտ չափ է համարել 2.515.700 ՀՀ դրամ: Վիճարկվող դատական ակտով պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձման ենթակա գումարը կազմում է 25.157.000 ՀՀ դրամ, իսկ որպես վնասի հատուցում բռնագանձման հայցապահանջի բավարարված մասի`2.515.700 ՀՀ դրամի 10-ը տոկոսն է կազմում, այսինքն դատարանի կողմից վնասի հատուցման ողջամիտ չափը որոշվել է գործարար շրջանառության սովորույթների հիման վրա: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն` գործարար շրջանառության սովորույթ է համարվում ձեռնարկատիրական գործունեության որևէ բնագավառում ձևավորված և լայնորեն կիրառվող օրենսդրությամբ չնախատեսված վարքագծի կանոնը, անկախ դրա`որևէ փաստաթղթում ամրագրման հանգամանքից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից: Նշված նորմի մեկնաբանության համաձայն` փաստաբանի վարձատրությունը պետք է լինի խելամիտ: Վիճարկվող պարագայում հաշվի առնելով կողմերի միջև կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով սահմանված գինը, վճռով բավարարման ենթակա գումարի չափը` Դատարանն իրավացիորեն վճռել է որպես վնասի հատուցում բռնագանձել 2.515.700 ՀՀ դրամ: Վերոգրյալի հիման վրա վերաքննիչ դատարանը "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Ռ.Սարգսյանի վերաքննիչ բողոքը համարում է անհիմն: Նույն պատճառաբանություններով Վերաքննիչ դատարանն անհիմն է համարում նաև "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ռ.Օհանյանի վերաքննիչ բողոքը` հարկ համարելով սակայն ավելացնել նշված բողոքի մերժման պաճառաբանությունները: Վերաքննիչ դատարանը "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ռ.Օհանյանի վերաքննիչ բողոքի փաստարկն առ այն, որ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս /ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդված/, համարում է հիմնավոր, սակայն Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կամքի ինքնավարության և պայմանագրի ազատության ուժով իրավաբանական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կողմերը` պատվիրատուն և կատարողը, կարող են սահմանել ծառայությունների վճարման ցանկացած չափի գումար, բայց այդ գումարի վճարման փաստը դեռևս հիմք չի կարող հանդիսանալ որպես վնաս համարելու համար, առավել ևս վիճահարույց իրավահարաբերությունների հիմքով ծագած քաղաքացիական գործերով կողմերից բռնագանձելու համար: Քաղաքացիական իրավունքում վնաս պաճառելու հետևանքով ծագած պարտավորությունների ինստիտուտը պայմանավորված է վնասի առաջացման և վնաս պաճառած անձի գործողությունների պաճառահետևանքային կապի և, որ ամենակարևորն է, մեղքի առկայությամբ: Ընդ որում չի կարող դիտվել որպես մեղքի առկայություն ֆիզիկական կամ իրավաբանական անձի պաշտպանության իրավունքի իրականացումը, այն է դատարան դիմելը, դատական ակտի վերաքննության կամ վճռաբեկության կարգով բողոքարկումը: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանի դիրքորոշումը վնասի բռնագանձման մասով հիմնավոր է և իրավաչափ, այն բխում է ՀՀ քաղաքացիական օրենսդրության սկզբունքներից, տվյալ պարագայում կողմերն իրենց ռիսկով իրականացրել են գործունեություն` սահմանելով պայմանագրի նման գին, ուստի այս պարագայում օրենսդիրը չի սահմանել գումարը որպես վնաս ամբողջությամբ բռնագանձելու իմպերատիվ պահանջ, յուրաքանչյուր դեպքում Դատարանին հնարավորություն ընձեռելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` կոնկրետ գործի փաստական հանգամանքների հետազոտման հիման վրա ներքին համոզմամբ որոշումը կայացնել: Դատարանը որպես վնասի հատուցում 9.031.400 դրամ գումարի բռնագանձման հայցվորի պահանջը բավարարել է մասնակիորեն` հայցվորի կողմից իր իրավունքը վերականգնելու համար կատարված 10.631.400 դրամ ծախսն իր ծավալով ողջամիտ և անհրաժեշտ չհամարելով, քանի որ հայցվոր կողմը դատարանին չի ներկայացրել ապացույցներ այն մասին, որ "Լեվ Գրուպ իրավատնտեսական միավորում" փակ բաժնետիրական ընկերությունը 10.631.400 դրամի դիմաց կոնկրետ ինչ ծավալի գործողություններ և ծառայություններ է մատուցել հայցվոր "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերությանը: Դատարանի նման դիրքորոշումը Վերաքննիչ դատարանը համարում է հիմնավոր: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ, 220-րդ, 221-րդ, 2211-րդ հոդվածների պահանջներով` վերաքննիչ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերաքննիչ բողոքները մերժել:

2. Երևանի քաղաքացիական դատարանի 20.01.2009 թվականի թիվ ԵՔԴ 0282-02-08 վճիռը թողնել անփոփոխ: 3. Հօգուտ պետական բյուջե "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերությունից բռնագանձել 75.000 /յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ, իսկ "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերությունից`260.942 /երկու հարյուր վաթսուն հազար ինը հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ` որպես վերաքննիչ դատարանի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարներ:

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Նախագահ դատավոր` Տ.ՍԱՀԱԿՅԱՆ

դատավոր` Կ.ՀԱԿՈԲՅԱՆ

դատավոր` Տ.ՆԱԶԱՐՅԱՆ

* * *


ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0282/02/08 Նախագահող դատավոր` Տ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դատավորներ` Կ. ՀԱԿՈԲՅԱՆ Տ. ՆԱԶԱՐՅԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0282/02/08/2009թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
17.06.2009թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
մասնակցությամբ դատավորներ` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

քննարկելով ըստ հայցի "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ դատարանի 17.04.2009 թվականի որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան Ընկերությունը հայտնել է, որ 16.06.1998 թվականի թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ մտցնելու մասին, Կազմակերպության հետ 15.03.2006 թվականին կնքվել է համաձայնագիր և կազմվել է ժամանակացույց: Պատճառաբանելով , որ Կազմակերպությունն իր ստանձնած պարտավորությունները թերի է կատարում, պահանջել է բռնագանձել Կազմակերպությունից 25.157.000 ՀՀ դրամ, ինչպես նաև որպես վնասների հատուցում` 9.031.400 ՀՀ դրամ, և սկսած 2008 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ: Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 20.01.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 27.672.700 ՀՀ դրամ, որից 25.157.000 ՀՀ դրամը` որպես հիմնական պարտք, 2.515.700 ՀՀ դրամը` որպես վնասի հատուցում բռնագանձելու և 25.157.000 ՀՀ դրամի նկատմամբ 01.01.2008 թվականից մինչև պարտավորության դադարման օրը տոկոսագումար բռնագանձելու պահանջների մասով: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.04.2009 թվականի որոշմամբ Ընկերության և Կազմակերպության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 20.01.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի խախտման հիմքերով: Բողոքում պատճառաբանվել է, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 1058-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի և 68-րդ հոդվածի պահանջները: Բողոք բերած անձը սույն վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը պատճառաբանում է հետևյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, ինչպես նաև բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար: Բողոք բերած անձը նշված հիմնավորումները պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Սույն գործով Ընկերության կրած վնասը կարող էր հանդիսանալ այն ծախսը, որը նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար` փաստաբանի վարձատրության խելամիտ ձևով: Ընկերության կողմից ապացուցված չէ, թե "Լեվ Գրուպ իրավատնտեսական միավորում" ՓԲԸ-ի կողմից ինչ ծավալի գործողություններ և ծառայություններ են մատուցվել, հետևաբար ինչ չափի վնաս է հասցվել իրեն: Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով, որ ծառայությունների վճարման ցանկացած չափի գումարը կամ գումարի վճարման փաստը դեռևս հիմք չի կարող հանդիսանալ վնասի բռնագանձման համար, ինչպես նաև այն, որ Ընկերությունը չի ներկայացրել ապացույցներ այն մասին, որ իր և "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակներում վերջինս ինչ ծավալի գործողություններ և ծառայություններ է մատուցել, Կազմակերպության վրա դրել է ոչ իրավաչափ պարտավորություն` 2.515.700 ՀՀ դրամի չափով` որպես վնասի հատուցում: Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանը, քննարկելով վճռաբեկ բողոք բերած անձի հիմնավորումները` բողոքը քննության ընդունելու մասին, գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 231-րդ հոդվածի և 234-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234 հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերի համաձայն` վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի մասին բողոք բերած անձի հիմնավորումը հերքվում է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված պատճառաբանություններով: Այսպես, Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է. "քանի որ Դատարանն ապացուցված է համարել այն, որ հայցվորը Դատարանին չի ներկայացրել կոնկրետ ինչ ծավալի գործողություններ և ծառայություններ է մատուցել "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" ՓԲԸ-ն, Դատարանը վնասի հատուցման ողջամիտ չափ է համարել 2.515.700 ՀՀ դրամը": Այնուհետև Վերաքննիչ դատարանը պատճառաբանելով, որ վիճարկվող դատական ակտով Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձման ենթակա գումարը կազմում է 25.157.000 ՀՀ դրամ, իսկ 2.515.700 ՀՀ դրամը որպես վնասի հատուցում, բռնագանձման հայցապահանջի բավարարված մասի 10 տոկոսն է կազմում, գտել է, որ "դատարանի կողմից վնասի հատուցման ողջամիտ չափը որոշվել է գործարար շրջանառության սովորույթների հիման վրա": Վերաքննիչ դատարանը պատճառաբանում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի մեկնաբանության համաձայն` փաստաբանի վարձատրությունը պետք է լինի խելամիտ, որի արդյունքում եկել է եզրահանգման, որ "վիճարկվող պարագայում հաշվի առնելով կողմերի միջև կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով սահմանված գինը, վճռով բավարարման ենթակա գումարի չափը Դատարանն իրավացիորեն վճռել է որպես վնասի հատուցում բռնագանձել 2.515.700 ՀՀ դրամ": Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելով դատական ակտը, հիմնվելով Դատարան ներկայացված ապացույցների վրա, իրավացիորեն Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժել է: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը "Մելտեքս" ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 32283/04) գործով 17.06.2008 թվականի վճռով` ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության վերաբերյալ, արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ "վճռաբեկ դատարանի իրավասությունը սահմանափակվում էր միայն իրավունքի հարցերի ուսումնասիրությամբ: Նման հանգամանքներում չի կարելի ասել, որ Վճռաբեկ դատարանը չէր նշել հիմնավորում միայն այն պատճառով, որ այն հաստատել էր ավելի ցածր ատյանի դատարանի եզրահանգումները և ներառել էր դրանք իր որոշումների մեջ": Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձը չի հիմնավորել օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի սույն գործով որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, նոր երևան եկած կամ նոր հանգամանքները: Նման պայամաններում վճռաբեկ բողոքը քննության ընդունելու վերաբերյալ բողոք բերած անձի հիմնավորումները` դատական սխալի առկայության և օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի սույն գործով որոշման էական նշանակություն ունենալու մասին, անհիմն են, քանի որ տվյալ դեպքում հիմնավորված չէ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտման առկայությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234 հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերի պահանջներին: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն, այն ենթակա է վերադարձման: Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ և 234-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

1.Վերադարձնել թիվ ԵՔԴ/0282/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.04.2009 թվականի որոշման դեմ "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի բերած վճռաբեկ բողոքը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

դատավորներ`

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ