Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
գործ ԵՔԴ/0043/02/2008թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևանի քաղաքացիական դատարանը հետևյալ կազմով`
18.06.2008թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Խ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
քարտուղարությամբ` Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆ
մասնակցությամբ հայցվոր` "Դվին կոնցեռն"ՓԲԸ/ներկայացուցիչ` Ա.ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ, Հ. ԵԳԱՆՅԱՆ/
Պատասխանող` "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ ներկայացուցիչ` Լ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ/
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

2008 թվականի հունիսի 19-ին, դատարանում, դռնբաց դատական նիստում քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության` պայմանագրում փոփոխություններ կատարելու պահանջի մասին

 

1.Հայցադիմումի համառոտ շարադրանքը.

Հայցվոր "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերությունը` ի դեմս ընկերության ներկայացուցիչներ Ա.Աբրահամյանի, Հ Եգանյանի, դիմելով դատարանին, հայտնել են, որ հայցվորի և պատասխանողի միջև 1998 թվականի հունիսի 16-ին կնքվել է թիվ 8093/Q պայմանագիրը, հիմք ունենալով չինական վարկի հետ կապված մնացորդ ապրանքները Թուրքմենստան առաքելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի 1998 թվականի հունիսի 10-ի թիվ 277 հրամանագիրը: Պայմանագրի 5.1. կետով նախատեսվել է, որ գնորդը, ի դեմս հայցվորի, վճարումներն իրականացնելու է վճարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ԱՄՆ դոլար-Հայաստանի Հանրապետության դրամ հաշվարկային կուրսով: Հետագայում կողմերի միջև կնքվել են համաձայնագրեր պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին: Սակայն 2006 թվականի մարտի 15-ին կնքված վերջին համաձայնագրում կատարվել են վճարման պայմանների էական փոփոխություն, այն է` համեմատական փոխհաշվարկները դոլարայինի փոխարեն վերածվել է դրամայինի: Մինչդեռ պայմանագրով նախատեսված էր վճարումներն իրականացնել վճարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ԱՄՆ դոլար Հայաստանի Հանրապետության դրամ հաշվարկային կուրսով: 2007 թվականի դեկտեմբերի 4-ին դիմել են պատասխանող կազմակերպությանը առաջարկելով 2006 թվականի մարտի 15-ին "1998 թվականի հունիսի 16-ի 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին" համաձայնագրում կատարել համապատասխան փոփոխություն: Խնդրել են գրությունը ստանալու պահից 3 օրյա ժամկետում տալ գրավոր պատասխան, սակայն մինչև օրս որևէ պատասխան չի տրվել: Հայաստանի Հանրապետության քաղաքացական օրենսգըրքի 467 հոդվածի 2-րդ մասի համաձայն շահագրգիռ կողմի պահանջով դատարանը կարող է փոփոխել պայմանագիրը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

1) պայմանագիրը կնքելու պահին կողմերը ելել են այն բանից, որ հանգամանքների նման փոփոխություն տեղի չի ունենա: Հաշվի առնելով, որ պայմանագրի կնքումը կապված է եղել չինական վարկի արդյունքով առաջացած ապրանքների և դրանց արտահանմամբ Թուրքմենստան, կողմերի համար 1998 թվականի հունիսի 16-ին կնքված պայմանագրով վճարման միջոց հանդիսացել է ԱՄՆ դոլարին համարժեք դրամը, ընդունելով, որ վճարումն իրականացվելու է բանկի կողմից սահմանված ԱՄՆ դոլար-Հայաստանի Հանրապետության դրամ հաշվարկային կուրսով:

2) հանգամանքների փոփոխությունն առաջացել է այնպիսի պաճառներով, որոնք շահագրգիռ կողմը չի կարող հաղթահարել դրանք ծագելուց հետո` պայմանագրի բնույթով և շրջանառության պայմաններով նրանից պահանջող հոգատարությամբ և շրջահայացությամբ: ԱՄՆ դոլարի փոխարժեքի նման էական անկումը պայմանավորված է միջազգային տնտեսության իրավիճակի փոփոխմամբ և Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական փոփոխությունների յուրահատկություններով, որոնք կողմերը չէին կարող հաղթահարել դրանք ծագելուց հետո` պայմանագրի բնույթով և շրջանառության պայմաններով նրանցից պահանջվող հոգատարությամբ ու շրջահայացությամբ:

3) պայմանագրի կատարումն առանց դրա պայմանների փոփոխման այնքան կխախտեր կողմերի` պայմանագրին համապատասխանող գույքային շահերի հարաբերակցությունը և շահագրգիռ կողմին այնպիսի վնաս կպաճառեր, որը նրան զգալի չափով զրկեր այն բանից, որին իրավունք ուներ հավակնել պայմանագիրը կնքելիս: Պայմանագրի և համաձայնագրի կատարումն առանց դրա 5.1. կետում սահմանված վճարման պայմանների փոփոխման այնքան կխախտի կողմերի` պայմանագրին համապատասխանող գույքային շահերի հարաբերակցությունը և հայցվորին այնպիսի վնաս կպատճառի, որը նրան զգալի չափով կզրկի այն բանից, որին իրավունք ուներ հավակնել պայմանագիրը կնքելիս: Այլ կերպ ասած ներկա դրությամբ պայմանագրի կատարումը ԱՄՆ դոլարի փոխարժեքի էական փոխարկման տարբերության հետևանքով առաջացած հետևանքներն էական վնաս կպաճառի հայցվորին և էական օգուտ կբերի պատասխանողին: 4) գործարար շրջանառության սովորույթներից կամ պայմանագրի էությունից չի բխում, որ համգամանքների փոփոխության ռիսկը կրում է շահագրգիռ կողմը: Գործարար շրջանառության սովորույթներից չի բխում այն, որ հանգամանքների փոփոխության ռիսկը` մասնավորապես ԱՄՆ դոլար-Հայաստանի Հանրապետության դրամ փոխարժեքով պայմանավորված ռիսկը կրում է պայմանագրի կողմերից որևէ մեկը: Պայմանագրի էությունից նույնպես չի բխում, որ հանգամանքների նման փոփոխության, այսինքն` ԱՄՆ դոլարի փոխարժեքի փոխարկման էական տարբերության ռիսկը կրում է հայցվոր կողմը: Բացի դրանից 1999 թվականի սեպտեմբերի 20-ին, 2002 թվականի հուլիսի 1-ին և 2003 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված համաձայնագրերի հիման վրա վճարման միջոց հանդիսացել է ԱՄՆ դոլարին համարժեք դրամը, ընդունելով, որ վճարումն իրականացվելու է վճարման պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ դոլար-Հայաստանի Հանրապետության դրամ հաշվարկային կուրսով: Այսինքն` գործարար շրջանառության սովորույթների և կողմերի միջև կնքված պայմանագրի և համաձայնագրերի էությունից չի բխում, որ հանգամանքների նման փոփոխության ռիսկը կրում է հայցվոր կողմը: Համաձայնագրով կատարված փոփոխությունը հակասում է պայմանագրի 5.2. կետի պահանջին, ըստ որի "Պայմանագրով նախատեսված հավելվածների ժամկետներում պարտավորություները չկատարելու դեպքում կողմերի պարտքը հաշվարկվում է ԱՄՆ դոլարով հավելվածների ստորագըրման օրվա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսով": Դատարանին խնդրել են 2006 թվականի մարտի 15-ի "1998 թվականի հունիսի16-ի 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին" համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները` համաձայնագրի 1.1. կետի նախադասությունից հանել "53.157.000 /հիսուներեք միլիոն մեկ հարյուր հիսունյոթ հազար/ դրամ" թվերը և բառերը` փոխարենը գրել հետևյալը`"107.287,0 /հարյուր յոթ հազար երկու հարյուր ութսունյոթ/" ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ": Համաձայնագրի 1.1. կետում ավելացնել հետևյալ նախադասությունը`"Վճարումներն իրականացվում են վճարման պահին գործող ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ դոլարՀՀ դրամ հաշվարկային կուրսով": Նախնական դատական նիստին հայցվորի ներկայացուցիչ Ա.Աբրահամյանը դատարանին ներկայացրել է միջնորդություն, որով հայտնել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2006 թվականի մարտի 15-ի "1998 թվականի հունիսի 16-ի 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին" համաձայնագրին կից կազմված է նաև 2006 թվականի մարտի 15-ի ժամանակացույց, ինչը հանդիսանում է այդ համաձայնագրի անբաժանելի մասը, անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն նաև այդ ժամանակացույցում և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետույան քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28 հոդվածով, 32 հոդվածի 1-ին մասով, միջնորդել է դատարանին հայցային պահանջին ավելացնել հետևյալը`"Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության հանդեպ "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության ունեցած պարտքի մարման 2006 թվականի մարտի 15-ի ժամանակացույցի 1-ին և 2-րդ կետերն ամբողջությամբ փոփոխել և շարադրել հետևյալ խմբագրությամբ` "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության պարտքը "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության հանդեպ 2006 թվականի մարտի 15-ի դրությամբ կազմում է 107.287 /հարյուր յոթ հազար երկու հարյուր ութսունյոթ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է սույն ժամանակացույցի առաջին կետում նշված պարտքը "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերությանը վճարել հետևյալ կտրվածքով` 2006 թվականին` ապրիլին -5.000 /հինգ հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, մայիսին 5.000/ հինգ հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, հունիսին 5.000 /հինգ հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, հուլիսին 5.000 /հինգ հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, օգոստոսին 5.000 /հինգ հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, սեպտեմբերին 5.000 /հինգ հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, հոկտեմբերին 5.000 /հինգ հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, նոյեմբերին 5.000 /հինգ հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, դեկտեմբերին 5.000 /հինգ հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 2007 թվականին` հունվարին 6.000 /վեց հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, փետրվարին 6.000 /վեց հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, մարտին 6.000 /վեց հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ապրիլին 6.000 /վեց հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, մայիսին 6.000 /վեց հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, հունիսին 6.000 /վեց հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, հուլիսին 6.000 /վեց հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, օգոստոսին 6.000 /վեց հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, սեպտեմբերին 6.000 /վեց հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, հոկտեմբերին 6.000 /վեց հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, նոյեմբերին 2.287 /երկու հազար երկու հարյուր ութսունյոթ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ընդամենը` 107.287 /հարյուր յոթ հազար երկու հարյուր ութսունյոթ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ":

2.Հայցադիմումի պատասխանների համառոտ շարադրանքը.

2.1.Պատասխանող "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերությունը` ի դեմս ընկերության ներկայացուցիչ Լ.Բաղդասարյանի, դատարանին ներկայացրել է հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխան, համաձայն որի գտնում է, որ հայցադիմումն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ: "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության միջև 1998 թվականի օգոստոսի 16-ին կնքվում է 8093/Ա պայմանագիրը, որի 5.1. կետի համաձայն` "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է պայմանագրով նախատեսված իր վճարման պարտավորությունը կատարելու 180 օրվա ընթացքում, ինչը չի կատարել: Ավելին, նույն պայմանագրի 5.2. կետով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում պարտքը պետք է հաշվարկվեր հավելվածները ստորագրելու պահի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսով, իսկ վճարումները պետք է կատարվեին դրամով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարման օրվա կուրսով: Պետական լիազոր մարմնի տեղեկանքի համաձայն` պայմանագիրը կնքելու պահին այն կազմել է 503.62 դրամ: Այսինքն, եթե հայցվորը ցանկանում է վճարել պարտքն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, ուստի որպես հիմք պետք է դիտել այդ ժամանակաշրջանում գործող ԱՄՆ դոլար-դրամ փոխարժեքը: Ավելին, "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության խնդրանքով, ինչպես նաև ընդառաջելով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության առաջարկությանը` 2003 թվականի սեպտեմբերի 1-ին 1998 թվականի օգոստոսի 16-ի 8093/Q պայմանագրում կատարվել են փոփոխություններ, այն է` կողմերն ընդունում են, որ առ 2003 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ սույն պայմանագրի շրջանակներում "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության պարտքը կազմում է 72.157.000 դրամ: Սույնի հետ կապված կազմվում է ժամանակացույց, որի համաձայն մինչև 2005 թվականի դեկտեմբերի 30-ը "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերությունը պետք է պարտքը մարեր, որը որ կրկին չի կատարվում վերջինիս մեղքով: Սույն փաստերն ապացուցվում են` ա/."Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության 2003 թվականի մայիսի 16-ի 16-01K գրությամբ, որով ընկերությունն առաջարկում է վճարումներն իրականացնել ապրանքների ընդունման օրվա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ԱՄՆ դոլար-դրամ հաշվարկային կուրսով, բ/."Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի 72 գրությամբ` ուղղված "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության նախագահին, որով տեղեկացվում է, որ չնայած 2003 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կնքվել է պարտքի մարման վերաբերյալ նոր համաձայնագիր, այն բարեխղճորեն պարտադիր կատարելու ակնկալիքով, որի արդյունքում ընկերությունը կրել է ավելի քան 11.000.000 դրամի կորուստ, սակայն "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերությունը շարունակում է պարտավորությունները թերի կատարել, գ/."Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության 2004 թվականի հոկտեմբերի 13-ի գրությամբ, ուղարկված "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերությանը, որով վերջինս ընդունելով հանդերձ փոփոխված պայմանագրով, համաձայնագրով, ժամանակացույցով իր կողմից ստանձնած պարտավորության չկատարումը, պատրաստակամություն է ստանձնում այն կատարել 2004 թվականի վերջ, դ/."Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության 2007թի հոկտեմբերի 25-ի գրությամբ, ուղղված "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերությանը, որով վերջինս ընդունելով, որ պարտքի մարումը, համաձայն ժամանակացույցի, չի կարողացել կատարել, առաջարկում է կնքել նոր ժամանակացույց այն դեպքում, երբ այն պետք է արդեն վաղուց կատարված լիներ: Այն որ հայցադիմումում նշված համաձայնագրերը "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության կողմից ընդունվել և կատարվել են որոշակի վճարումներ պարտքի մարման հետ կապված` ապացուցվում են հետևյալ փաստաթղթերով` 2006 թվականի մարտի 15-ի փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով, որով կողմերն ընդունում են, որ 2006 թվականի մարտի 15-ի դրությամբ պարտքը կազմում է 53.157.000 դրամ, 2006 թվականի հուլիսի 14-ի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, որով ապացուցվում է, որ "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության և "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության միջև 1998 թվականի օգոստոսի 16ի 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին կնքվել է համաձայնագիր և ժամանակացույց, որը հայցվորի կողմից թերի է կատարվել, ինչի արդյունքում էլ դատական ակտով "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ "Դավիթ առևտրի տան" փակ բաժնետիրական ընկերության բռնագանձվել է ժամանակացույցով նախատեսված պարտքի գումարը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 347 հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջների համապատասխան, իսկ նույն օրենքի 408 հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը, կամ անպատշաճ կատարելը: Այն, որ հայցվորը պարտականություն է ստանձնել կատարելու պարտավորությունը, բայց պատշաճ չի կատարել, ապացուցվում են իր իսկ կողմից կնքված պայմանագրով, համաձայնագրով, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրնսգրքի 467 հոդվածի 2-րդ մասին կատարված հղմանը, ապա անհիմն է հետևյալ պաճառաբանությամբ` ա/. պայմանագիր կնքելու պահին կողմերը չեն ելել այն բանից, որ հանգամանքների նման փոփոխություն տեղի չի ունենա, բ/. պայմանագիր կնքելու պահին կողմերը չեն ելել այն բանից, որ հանգամանքների նման փոփոխություն տեղի չի ունենա, գ/. հայցվորը չի ներկայացրել ապացույց որ հանգամանքների փոփոխությունն առաջացել է այնպիսի պատճառով, որ շահագրգիռ կողմը չի կարող հաղթահարել, ավելին, հայցվորի գրություններից պարզ է դառնում, որ պարտավորությունը պատշաճ չի կարողանում կատարել իր ֆինանսական միջոցների սղության պատճառով, դ/. պայմանագիրը կնքելիս չգիտես ինչու հայցվորը ստանում է պայմանագրով նախատեսված ապրանքները, իրացնում է, բնականաբար շահույթ է ստանում, պարտավորվում է 180 օրվա ընթացքում այն վճարել, հետագայում ոչ միայն չի վճարում, իր խնդրանքով պայմանագրի մեջ փոփոխություն է մտցնում, իսկ տասը տարի անց կրկին ցանկանում է պայմանագրի մեջ փոփոխություն մտցնել այն դեպքում, երբ սույն դրվագով հայցվորն արդեն իսկ շահույթ էր ստացել, իսկ վնասն այժմ կրում է սույն գործով պատասխանողը: Ելնելով վերոգրյալից, դատարանին խնդրել է "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության հայցն ըննդեմ "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության գտնել անհիմն և մերժել:

2.2. Ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` ի դեմս նախարարության աշխատակազմի ղեկավար Է.Տարասյանի, դատարանին ներկայացրել է հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխան, համաձայն որի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466 հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466,467,468 և 469 հոդվածներից հստակ երևում է, որ պայմանագիրը փոփոխելու դեպքում իրավունքներ և պարտականություններ է առաջանում պայմանագրի կողմ հանդիսացող սուբյեկտների համար: Բացի այդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 436 հոդվածի 3-րդ մասի համաձայն` պայմանագրից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում են պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները, իսկ նույն օրենսգրքի 346 հոդվածի 3-րդ մասում նշված է, որ պարտավորությունը պարտավորություններ չի ստեղծում որպես կողմ չմասնակցող անձանց /երրորդ անձանց/ համար: Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության 1998 թվականի հունիսի 10-ի թիվ 277 հրամանով ստեղծվել է հանձնաժողով չինական վարկով պարտատեր ձեռնարկություններում եղած մնացորդ արտադրանքի և կտորեղենի գնահատման և ընդունման համար: Այդ ժամանակահատվածում նշված գործընթացը կանոնակարգվել է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից: Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը սույն գործի հետ կարող է առնչվել վերը նշված հրամանի շրջանակներում: Ելնելով վերոգրյալից գտնում է, որ խնդրո առարկա հարցը ենթակա է կարգավորման 1998 թվականի հունիսի 16-ին կնքված թիվ 8093/Q պայմանագրով կողմ հանդիսացող իրավաբանական անձանց միջև: Ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` ի դեմս նախարարության աշխատակազմի ղեկավար Է.Տարասյանի, դատարանին ներկայացրել է գրավոր դիմում, որով խնդրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի համաձայն վեճը լուծել իրենց բացակայությամբ:

2.3. Ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` ի դեմս նախարարության աշխատակազմի ղեկավար Ա.Շահնազարյանի, դատարանին ներկայացրել է հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխան, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի թիվ 308-Ա որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության միջև 2004 թվականի ապրիլի 8-ին կնքված N 1-DP-2004 վարկային պայմանագրով կողմերը հաստատել են տրամադրված վարկի գումարի չափը 600.000 ԱՄՆ դոլար` տարեկան 1 տոկոս դրույքաչափով: Պայմանագրի համաձայն` վարկի մարումը պետք է սկսվեր 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հունիսի 30-ը` հավասարաչափ կիսամյակային կտրվածքով, պայմանագրին կից հավելվածում ամրագրված վարկի մարման ժամանակացույցին համապատասխան: Հետագայում նախարարության և ընկերության միջև 2007 թվականի ապրիլի 25-ին կնքված փոխադարձ պարտավորությունների կարգավորման մասին արձանագրությամբ կողմերը հաստատել են պարտքի գումարի չափը 2007 թվականի մարտի 16-ի դրությամբ 617.621.92 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 600.000 ԱՄՆ դոլարը` վարկի մայր գումար և 17.621,92 ԱՄՆ դոլար` 2004 թվականի ապրիլի 8-ից մինչև 2007 թվականի մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում տարեկան 1 տոկոս դրույքով հաշվարկված տոկոսագումար: Նույն արձանագրության 2-րդ և 3-րդ կետերով կողմերը հաստատել են, որ 2007 թվականի մարտի 16-ին կնքված "Հրաժարագին տրամադրելու, ինչպես նաև տարածքի և հողի առուվաճառքի մասին" պայմանագրի համաձայն 2007 թվականի մարտի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արտարժույթի միջին փոխարժեքով հաշվարկված 128.270.000 դրամին համարժեք 355.929,85 ԱՄՆ դոլարի /338.307,93 ԱՄՆ դոլարն ուղղվել է մայր գումարի, իսկ 17.621,92 ԱՄՆ դոլարը`հաշվարկված տոկոսագումարի մարմանը/ չափով երկրորդ կողմի վարկային պարտավորությունը մասնակիորեն համարվել է մարված և մայր գումարի մնացորդը կազմել է 262.370,2 ԱՄՆ դոլար: Կողմերը հաստատել են նաև, որ արձանագրությանը կից հովելվածով սահմանված նոր ժամանակացույցի համաձայն վարկի մայր գումարը կմարվի սկսված 2011 թվականի հունվար ամսից մինչև 2013 թվականի հունիս ամիսը, իսկ մայր գումարի նկատմամբ հաշվարկվելիք տարեկան 1 տոկոս դրույքով տոկոսագումարները` սկսած 2008 թվականի կիսամյակային կտրվածքով յուրաքանչյուր տարվա հունվարհուլիս ամիսների առաջին 3 բանկային օրերին մինչև 2013 թվականի հունիսի 30-ը: Հայտնել է, որ "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության նկատմամբ արտահայտված է ԱՄՆ դոլարով և կազմում է 262.370,2 ԱՄՆ դոլար, ինչը ենթակա է կատարման վերը նշված ժամանակացույցին համապատասխան: Ինչ վերաբերում է հայցադիմումում նշված հայցվորի և պատասխանողի միջև 1998 թվականի հունիսի 16-ին կնքված թիվ 8093/Q պայմանագրից և հետագայում դրանում կատարված փոփոխություններից ծագած հարաբերություններին, ապա այդ գործարքներից ծագած հարաբերությունների հետ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը որևէ կերպ չի առնչվում, քանի որ չի հանդիսանում նշված գործարքի կողմ: Ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` ի դեմս նախարարության աշխատակազմի ղեկավար Ա.Շահնազարյանի, դատարանին ներկայացված մեկ այլ գրությամբ միջնորդել է դատաքննությունը իրականացնել առանց իրենց ներկայացուցչի, նկատի ունենալով, որ նախարարությունը քննվող քաղգործի վերաբերյալ դիրքորոշումը ներկայացրել է իր 17.04.2008թ. թիվ 9/2-479-3984 գրությամբ: Միաժամանակ, ի լրումն նախարարության կողմից վերը նշված գրությամբ ներկայացված դիրքորոշման, հայտնել է, որ հաշվի առնելով, որ "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պարտապան, ուստի, եթե քաղաքացիական գործի քննության արդյունում կայացվի վճիռ` հայցը բավարարելու` պայմանագրում փոփոխություն կատարելու մասին, ապա այդ վճռի կայացման արդյունքում կարող են խախտվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, որպես պահանջատիրոջ իրավունքներն ու շահերը, իսկ եթե դատաքննության արդյունքում կայացվի վճիռ հայցադիմումը մերժելու մասին, ապա նման վճիռ կայացման դեպքում "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության շահերը համընկնում են:

3.Գործի դատավարական նախապատմությունը.

Ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը /նրանց ներկայացուցիչները/ պատշաճ ձևով տեղեկացված լինելով գործի քննության` 2008 թվականի հունիսի 4-ի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, դատական նիստին չեն ներկայացել: Դատարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, գործը քննել է ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց բացակայությամբ:

4.Գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

1) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի 1998 թվականի հունիսի 10-ի թիվ 277 հրամանի 1-ին կետի համաձայն` Չինական վարկերով պարտատեր ձեռնարկություններում եղած մնացորդ արտադրանքի և կտորեղենի գնահատման և ընդունման համար կազմվել է հանձնաժողով, իսկ հրամանի 5-րդ կետի համաձայն` "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի նախագահ պարոն Ռ.Սարգսյանին` արագացնել մնացորդ ապրանքների Թուրքմենստան առաքումը:

2) Հիմք ընդունելով Չինական վարկի հետ կապված մնացորդ ապրանքները Թուրքմենստան առաքելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի 1998 թվականի հունիսի 10-ի թիվ 277 հրամանը, հայցվոր "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության և պատասխանող "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության միջև 1998 թվականի հունիսի 16-ին կնքվել է թիվ 8093/Q պայմանագիր /այսուհետև թիվ 8093/Q պայմանագիր/: Թիվ 8093/Q պայմանագրի 1 կետի համաձայն` պատասխանողը վաճառել է, իսկ հայցվորը գնել է ապրանքներ, որոնց քանակները և տեսականին բերված են պայմանագրի անբաժան մաս հանդիսացող հավելվածներում, իսկ պայմանագրի 2 կետի համաձայն` ապրանքների գները բերված են ԱՄՆ դոլարով` պայմանագրի հավելվածներում: Թիվ 8093/Q պայմանագրի 5.1 կետի համաձայն` գնորդը վճարումները կատարում է ապրանքները ստանալուց հետո 180 օրվա ընթացքում: Վճարման օրը ՀՀ կենտրոնական բանկի դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսով, իսկ պայմանագրի 5.2 կետի համաձայն` պայմանագրով նախատեսված հավելվածների ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում կողմերի պարտքը հաշվարկվում է ԱՄՆ դոլարով հավելվածների ստորագրման օրվա ՀՀ կենտրոնական բանկի դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսով և վճարումները կատարվում են դրամով ՀՀ կենտրոնական բանկի վճարման օրվա կուրսով: Թիվ 8093/Q պայմանագրի անբաժան մաս հանդիսացող հավելվածի համաձայն` պատասխանողը վաճառել է, իսկ հայցվորը գնել է 3.800 հատ բրեզենտե կոստյում, 58.064 զույգ բրեզենտե ձեռնոցներ, 2.000 հատ տղամարդու տաք բաճկոն, 4.6 կգ էմալապատ հաղորդալար, 0.99 հատ կոճեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 164.290 /հարյուր վաթսունչորս հազար երկու հարյուր իննսուն/ ԱՄՆ դոլար:

3) Հայցվոր "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության և պատասխանող "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության միջև 1999 թվականի սեպտեմբերի 20-ին կնքվել է թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր, որի 1.1 կետի համաձայն` թիվ 8093/Q պայմանագրի 5.1 ենթակետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ`"Պայմանագրի շրջանակներում գործունեության արդյունքում առաջացել է 184.489,3 ԱՄՆ դոլարի համարժեք դրամ պարտք Առևտրի տուն "Դավիթ" ՓԲԸ-ի հանդեպ: Գնորդը վճարումները կատարում է մինչև 2000թ. ապրիլի 1-ը` վճարման օրվա ՀՀ Կենտրոնական բանկի դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսով:

4) Հայցվոր "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության և պատասխանող "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության միջև 2002 թվականի հուլիսի 1-ին կնքվել է թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր, որի 1 կետի համաձայն` կողմերը որոշել են պայմանագրում և համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները`"Գնորդը վճարումները կատարում է և պարտքը մարում է ամբողջությամբ միչև 31.12.2003թ. վճարման օրվա ՀՀ Կենտրոնական բանկի դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսով: 1.1.Պայմանագրի 5.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` Պայմանագրի շրջանակներում գործունեության արդյունքում առ 01.07.2002թ.-ի դրությամբ "Դվին" կոնցեռն ՓԲԸ-ի պարտքը "Դավիթ" Առևտրի տուն ՓԲԸ-ին կազմում է 160.000 /մեկ հարյուր վաթսուն հազար/ԱՄՆ դոլար համարժեք դրամ: 1.2."Գնորդը" վճարումները կատարում է մինչև 2003թ.դեկտեմբերի 31-ը վճարման օրվա ՀՀ Կենտրոնական բանկի դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսով, համաձայն հավելված թիվ-1 01.07.2002թ.-ի "Դավիթ" Առևտրի տուն ՓԲԸ-ի հանդեպ "Դվին"Կոնցեռն ՓԲԸ-ի պարտքի մարման 2002թ.-ի ժամանակացույցի, իսկ 2003թ.-ի համար պարտքի մարման ժամանակացույցը կազմել 2002թ.-ի դեկտեմբերի 25-30":

5) Հայցվոր "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության և պատասխանող "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության միջև 2003 թվականի սեպտեմբերի 1-ին կնքվել է թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր, որի 1.1 կետի համաձայն` թիվ 8093/Q պայմանագրի 5.1 ենթակետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ`"Պայմանագրի շրջանակներում գործունեության արդյունքում առ 01.09.2003թ.-ի դրությամբ "Դվին" կոնցեռն ՓԲԸ-ի պարտքը "Դավիթ"Առևտրի տուն ՓԲԸ-ին կազմում է 143.422 /մեկ հարյուր քառասուներեք հազար չորս հարյուր քսաներկու/ ԱՄՆ դոլար ապրանքների հանձնման օրվա ՀՀ կենտրոնական բանկի ԱՄՆ դոլար դրամ հաշվարկային կուրսով, որը կազմում է 72.157.000 /յոթանասուներկու միլիոն հարյուր հիսունյոթ հազար/դրամ":

6) Հայցվոր "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության և պատասխանող "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության միջև 2005 թվականի հուլիսի 26-ին կնքվել է թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր, որի 1.1 կետի համաձայն` թիվ 8093/Q պայմանագրի 5.1 ենթակետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ` "Պայմանագրի շրջանակներում գործունեության արդյունքում առ 26.07.2005թ.-ի դրությամբ "Դվին" Կոնցեռն ՓԲԸ-ի պարտքը "Դավիթ" Առևտրի Տուն ՓԲԸ-ին կազմում է 55.157.000 /հիսունհինգ միլիոն հարյուր հիսունյոթ հազար/ դրամ":

7) Հայցվոր "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության և պատասխանող "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության միջև 2006 թվականի մարտի 15-ին կնքվել է թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր, որի 1.1 կետի համաձայն` թիվ 8093/Q պայմանագրի 5.1 ենթակետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ`"Պայմանագրի շրջանակներում գործունեության արդյունքում առ 15.03.2006թ.-ի դրությամբ "Դվին" Կոնցեռն ՓԲԸ-ի պարտքը Առևտրի տուն "Դավիթ" ՓԲԸ-ին կազմում է 53.157.000 /հիսուներեք միլիոն հարյուր հիսույնյոթ հազար/ դրամ/: Իսկ համաձայնագրի 1.2 կետի համաձայն` "գնորդը" վճարումները կատարում է մինչև 2008թ.-ի հունվարի 1-ը /համաձայն հավելված թիվ 1, 15.03.2006թ.-ի "Դավիթ"Առևտրի Տուն ՓԲԸ-ի հանդեպ "Դվին"Կոնցեռն ՓԲԸ-ի պարտքի մարման ժամանակացույցի: Նշված ժամանակացույցի 2 կետի համաձայն`"Դվին" Կոնցեռն ՓԲԸ-ն պարտավորվել է 53.157.000 դրամ պարտքը "Դավիթ" Առևտրի Տուն ՓԲԸ-ին վճարել հետևյալ կտրվածքներով` 2006թ.-ի ապրիլին 2.0 մլն.դրամ, մայիսին 2.0 մլն. դրամ, հունիսին 2.0 մլն. դրամ, հուլիսին 2.0 մլն. դրամ , օգոստոսին 2.0 մլն. դրամ, սեպտեմբերին 2.0 մլն. դրամ, հոկտեմբերին 2.0 մլն. դրամ, նոյեմբերին 2.0 մլն. դրամ, դեկտեմբերին 2.0 մլն. դրամ, 2007թ.-ի հունվար ամսին 3.0 մլն. դրամ, փետրվարին 3.0 մլն. դրամ, մարտին 3.0 մլն. դրամ, ապրիլին 3.0 մլն. դրամ, մայիսին 3.0 մլն. դրամ, հունիսին 3.0 մլն. դրամ, հուլիսին 3.0 մլն. դրամ, օգոստոսին 3.0 մլն. դրամ, սեպտեմբերին 3.0 մլն. դրամ, հոկտեմբերին 3.0 մլն. դրամ, նոյեմբերին 3.0 մլն. դրամ, դեկտեմբերին` 2,157 մլն. դրամ:

8) "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության նկատմամբ` արտահայտված է ԱՄՆ դոլարով և կազմում է 262.370,2 ԱՄՆ դոլար:

9) "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության և պատասխանող "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված թիվ 8093/Q պայմանագիրը կնքելու պահին` 1998 թվականի հունիսի 16-ին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսը կազմել է 503.62 դրամ, իսկ թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2006 թվականի մարտի 15-ին կնքված համաձայնագրից հետո, ԱՄՆ դոլարի կտրուկ արժեզրկումի հետևանքով, ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսը կտրուկ նվազել է:

10) Հայցվոր "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերությունը 2007 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 04/03K գրությամբ պատասխանող "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերությանը ներկայացրել է թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2006 թվականի մարտի 15-ի համաձայնագրում փոփոխություն կատարելու առաջարկ և խնդրել գրությունը ստանալու պահից երեք օրյա ժամկետում տալ գրավոր պատասխան, սակայն այդ առաջարկին պատասխանողն իր պատասխանը չի ներկայացրել:

5 Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Գնահատելով գործի դատաքննությամբ հետազոտված ապացույցները, դատարանը գտնում է, որ ներկայացված հայցապահանջը հիմնավոր է, բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466, 467, 468 հոդվածների պահանջներից և ենթակա է բավարարման, հետևյալ պաճառաբանությամբ: Դատարանը ապացուցված է համարում հետևյալ փաստերը` 1) հայցվոր "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության և պատասխանող "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության միջև 1998 թվականի հունիսի 16-ին կնքվել է թիվ 8093/Q պայմանագիր`հիմք ընդունելով Չինական վարկի հետ կապված մնացորդ ապրանքները Թուրքմենստան առաքելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի 1998 թվականի հունիսի 10-ի թիվ 277 հրամանը, 2) պայմանագրի համաձայն ապրանքների գները հավելվածներում բերված են եղել ԱՄՆ դոլարով, 3) պայմանագրի 5.1 կետի համաձայն` գնորդը վճարումները պետք է կատարեր ապրանքները ստանալուց հետո 180 օրվա ընթացքում` վճարման օրը ՀՀ Կենտրոնական բանկի դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսով, 4) պայմանագրի 5.2 կետի համաձայն` պայմանագրով նախատեսված հավելվածների ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում կողմերի պարտքը հաշվարկվում է ԱՄՆ դոլարով հավելվածների ստորագրման օրվա ՀՀ կենտրոնական բանկի դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսով և վճարումները կատարվում են դրամով ՀՀ կենտրոնական բանկի վճարման օրվա կուրսով, 5) հայցվոր "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության և պատասխանող "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության միջև 1999 թվականի սեպտեմբերի 20-ին, 2002 թվականի հուլիսի 1-ին կնքվել են թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր, որով կողմերը պայմանագրի 5.1 կետում կատարել են փոփոխություններ, սահմանելով վճարումներ կատարելու նոր կարգ` ֆիքսել են հայցվոր կողմի պարտքի չափը /ԱՄՆ դոլարով/ պատասխանողի հանդեպ և սահմանել վճարումներ կատարելու նոր ժամկետներ, ընդ որում վճարումները պետք է կատարվեին վճարման օրվա ՀՀ Կենտրոնական բանկի դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսով, իսկ 2003 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրով կողմերը պայմանագրի 5.1 կետում կրկին կատարել են փոփոխություններ, սահմանելով վճարումներ կատարելու նոր կարգ` ֆիքսել են պատասխանողի հանդեպ հայցվոր կողմի պարտք չափը և ԱՄՆ դոլարով, և ՀՀ դրամով ու սահմանել վճարուներ կատարելու նոր ժամկետներ, 6) հայցվոր "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության և պատասխանող "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության միջև 2005 թվականի հուլիսի 26-ին, 2006 թվականի մարտի 15-ին կնքվել են թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր, որով կողմերը պայմանագրի 5.1 կետում կատարել են փոփոխություններ, սահմանելով վճարումներ կատարելու նոր կարգ` ֆիքսել են հայցվոր կողմի պարտքի չափը /ՀՀ դրամով/ պատասխանողի հանդեպ և սահմանել վճարումներ կատարելու նոր ժամկետներ` համաձայն ժամանակացույցերի, 7) "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության և պատասխանող "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված թիվ 8093/Q պայմանագիրը կնքելու պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսը կազմել է 503,62 դրամ, իսկ թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2006 թվականի մարտի 15-ին կնքված համաձայնագրից հետո ՀՀ դրամԱՄՆ դոլար հաշվարկային կուրսը կտրուկ նվազել է, որի հետևանքով տեղի է ունեցել հանգամանքների էական փոփոխություն, 8) թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2006 թվականի մարտի 15-ի համաձայնագրի փոփոխման մասին հայցվոր "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության 2007 թվականի դեկտեմբերի 4-ի առաջարկին պատասխանող "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերությունն իր պատասխանը չի ներկայացրել: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 468 հոդվածի 2-րդ մասի համաձայն` կողմը կարող է պայմանագրի փոփոխման մասին պահանջը դատարան ներկայացնել միայն պայմանագրի փոփոխման առաջարկի վերաբերյալ մյուս կողմի մերժումը ստանալուց կամ այդ առաջարկում նշված ժամկետում պատասխանը չստանալուց հետո, իսկ դրա բացակայության դեպքում` երեսունօրյա ժամկետում: Դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 468 հոդվածի համաձայն հայցվոր "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերությունը կարող է պայմանագրի փոփոխման մասին պահանջը ներկայացնել դատարան, քանի որ պայմանագրի փոփոխման առաջարկի վերաբերյալ պատասխանող "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության պատասխանն առաջարկում նշված ժամկետում չի ստացել: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467 հոդվածի 1-ին մասի համաձայն` հանգամանքների, որոնցից ելել էին կողմերը պայմանագիրը կնքելիս, էական փոփոխությունը հիմք է պայմանագրի փոփոխման համար, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ չի բխում դրա էությունից: Հանգամանքների փոփոխությունն էական է համարվում, եթե դրանք այնքան են փոփոխվել, որ եթե կողմերը կարողանային դա ողջամտորեն կանխատեսել, նրանց միջև կկնքվեր էականորեն տարբեր պայմաններով պայմանագիր կամ ընդհանրապես պայմանագիր չէր կնքվի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե կողմերը համաձայնության չեն հասել պայմանագիրն էականորեն փոփոխված հանգամանքներին համապատասխանեցնելու հարցում, պայմանագիրը կարող է սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված հիմքերով` շահագրգիռ կողմի պահանջով փոփոխվել դատարանով` հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությամբ`

1) պայմանագիր կնքելու պահին կողմերը ելել են այն բանից, որ հանգամանքների նման փոփոխություն տեղի չի ունենա.

2) հանգամանքների փոփոխությունն առաջացել է այնպիսի պաճառներով, որոնք շահագրգիռ կողմը չի կարող հաղթահարել դրանք ծագելուց հետո` պայմանագրի բնույթով և շրջանառության պայմաններով նրանցից պահանջվող հոգատարությամբ և շրջահայացությամբ.

3) պայմանագրի կատարումն առանց դրա պայմանների փոփոխման այնքան կխախտեր կողմերի` պայմանագրին համապատասխանող գույքային շահերի հարաբերակցությունը և շահագըրգիռ կողմին այնպիսի վնաս կպաճառեր, որը նրան զգալի չափով կզրկեր այն բանից, որին իրավունք ուներ հավակնել պայմանագիրը կնքելիս.

4) գործարար շրջանառության սովորույթներից կամ պայմանագրի էությունից չի բխում, որ հանգամանքների փոփոխության ռիսկը կրում է շահագրգիռ կողմը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` հանգամանքների էական փոփոխության կապակցությամբ դատարանի վճռով պայմանագրի փոփոխում թույլատրվում է բացառիկ դեպքերում, եթե կողմերին պատճառում է այնպիսի վնաս, որը զգալիորեն գերազանցում է դատարանի կողմից փոփոխված պայմանագրով պայմանագրի կատարման համար անհրաժեշտ ծախսերը: Դատարանը գտնում է, որ հայցվորի պահանջը բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467 հոդվածի պահանջներից, հետևյալ պաճառաբանությամբ: Հայցվոր "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության և պատասխանող "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության միջև թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2006 թվականի մարտի 15-ին կնքված համաձայնագրից հետո ՀՀ դրամԱՄՆ դոլար հաշվարկային կուրսը կտրուկ նվազել է, որի հետևանքով տեղի է ունեցել հանգամանքների էական փոփոխություն, քանի որ նշված համաձայնագրով կողմերը պայմանագրի 5.1 կետում կատարել են փոփոխություններ, սահմանելով վճարումներ կատարելու նոր կարգ` ֆիքսել են պատասխանողի հանդեպ հայցվոր կողմի պարտքի չափը` ՀՀ դրամով, նախկինում եղած ԱՄՆ դոլարի փոխարեն և եթե կողմերը կարողանային ողջամտորեն կանխատեսել ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսի կտրուկ նվազումը, ապա նրանց միջև կկնքվեր էականորեն տարբեր պայմաններով պայմանագիր: Վերը նշված հանգամանքի էական փոփոխությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467 հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմք է պայմանագրի փոփոխման համար, քանի որ ինչպես 1998 թվականի հունիսի 16-ին կնքված թիվ 8093/Q պայմանագրով, այնպես էլ դրանից հետո 1999 թվականի սեպտեմբերի 20-ին, 2002 թվականի սեպտեմբերի 20-ին, 2002 թվականի հուլիսի 1-ին, 2005 թվականի հուլիսի 26-ին, 2006 թվականի մարտի 15-ին կնքված համաձայնագրերով այլ բան նախատեսված չէ: Հայցվոր "Դվին Կոնցեռն" և պատասխանող "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերությունները համաձայնության չեն եկել պայմանագիրն էականորեն փոփոխված հանգամանքներին համապատասխանեցնելու` պարտքի գումարը կրկին ԱՄՆ դոլարով ֆիքսելու հարցում և դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467 հոդվածի 4-րդ մասի համաձայն` համարվում է բացառիկ դեպք, քանի որ նման պայմաններում հայցվոր "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվում է այնպիսի վնաս, որը զգալիորեն գերազանցում է դատարանի կողմից փոփոխվելիք պայմանագրով պայմանագրի կատարման համար անհրաժեշտ ծախսերը, նկատի ունենալով, որ հայցվորի կողմից պատասխանողին վճարվելիք գումարի չափը զգալիորեն գերազանցում է նախկինում պայմանագրով սահմանված ԱՄՆ դոլարով վճարվելիք գումարի չափը, իսկ Չինական վարկով պատասխանող "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության նկատմամբ արտահայտված է ԱՄՆ դոլարով: Փաստորեն, նման իրավիճակում առկա են հետևյալ պայմանները` թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2006 թվականի մարտի 15-ի համաձայնագիրը կնքելու պահին կողմերը ելել են այն բանից, որ ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսի կտրուկ նվազում, այսինքն հանգամանքների նման փոփոխություն տեղի չի ունենա, հանգամանքների փոփոխությունն առաջացել է այնպիսի պատճառներով, որոնք շահագրգիռ կողմը չի կարող հաղթահարել դրանք ծագելուց հետո`պայմանագրի բնույթով և շրջանառության պայմաններով նրանից պահանջվող հոգատարությամբ և շրջահայացությամբ, քանի որ ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսի կտրուկ նվազումը տեղի է ունեցել ոչ իր մեղքով, այլ Հայաստանի Հանրապետության դրամի արժեքավորման հետևանք է, 2006 թվականի մարտի 15-ի համաձայնագրի կատարումն առանց դրա պայմանների փոփոխման այնքան կխախտի հայցվոր "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության` պայմանագրին համապատասխանող գույքային շահերի հարաբերակցությունը և վերջինիս այնպիսի վնաս կպատճառի, որը նրան զգալի չափով կզրկի այն բանից, որին իրավունք ուներ հավակնել համաձայնագիրը կնքելիս, քանի որ հայցվորի կողմից պատասխանողին վճարվելիք գումարի չափը զգալիորեն գերազանցում է նախկինում պայմանագրով սահմանված ԱՄՆ դոլարով վճարվելիք գումարի չափը, և վերջապես հայցվոր ու պատասխանող կողմերի գործարար շրջանառության սովորույթներից, ինչպես նաև նրանց միջև 1998 թվականի հունիսի 16-ին կնքված թիվ 8093/Q պայմանագրի էությունից չի բխում, որ ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսի կտրուկ նվազման ռիսկը կրում է հայցվոր կողմը, նկատի ունենալով, որ պայմանագրի 5.2. կետի համաձայն` պայմանագրով նախատեսված հավելվածների ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում կողմերի պարտքը հաշվարկվում է ԱՄՆ դոլարով հավելվածների ստորագրման օրվա ՀՀ Կենտրոնական բանկի դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսով և վճարումները կատարվում են դրամով ՀՀ կետրոնական բանկի վճարման օրվա կուրսով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466 հոդվածի 2-րդ մասի համաձայն` պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված ` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: Դատարանը գտնում է, որ թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2006թվականի մարտի 15-ի համաձայնագիրը հայցվոր "Դվին Կոնցոեռն" փակ բաժնետիրական ընկերության պահանջով կարող է փոփոխվել դատարանի վճռով, քանի որ նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467 հոդվածով և առկա են նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը և պայմանները: Ինչ վերաբերում է պատասխանող "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված առարկության փաստարկներին, ապա դատարանը գտնում է, որ դրանք չեն կարող հիմք հանդիսանալ հայցապահանջը մերժելու համար, հետևյալ պատճառաբանությամբ: Այն փաստը, որ հայցվոր "Դվին կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերությունը ոչ պատշաճ է կատարել 1998 թվականի օգոստոսի 16-ին կնքված 8093/Q պայմանագրով ստանձնած` ապրանքների արժեքի վճարման պարտավորությունը և որ հետագայում հայցվորի խնդրանքով է կնքվել պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիրը, վերջինիս կողմից չի վիճարկվում և կապ չունի 2006 թվականի մարտի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու հայցապահանջի հետ: Այն, որ կողմերի միջև 1998 թվականի օգոստոսի 16-ին կնքված 8093/Q պայմանագրի 5.2. կետով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում պարտքը պետք է հաշվարկվեր հավելվածները ստորագրելու պահի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամԱՄՆ դոլար հաշվարկային կուրսով, իսկ վճարումները պետք է կատարվեին դրամով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարման օրվա կուրսով, դատարանի կողմից հաստատված փաստը, սակայն պայմանագրի նույն կետի համաձայն` կողմերի պարտքը այնուամենայնիվ պետք է հաշվարկվի ԱՄՆ դոլարով: Անհիմն է պատճառաբանող կողմի այն պատճառաբանությունը, որ եթե հայցվորը ցանկանում է վճարել պարտքն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, ուստի որպես հիմք պետք է դիտել այդ ժամանակաշրջանում գործող ԱՄՆ դոլար-դրամ փոխարժեքը` 503,62 դրամ, քանի որ պայամանգրի 5.2. կետով հստակ սահմանվել է, որ կողմերի պարտքը պետք է հաշվարկվի ԱՄՆ դոլարով և վճարումները պետք է կատարվեն դրամով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարման օրվա կուրսով: Անհիմն են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467 հոդվածի 2-րդ մասի հետ կապված պատճառաբանությունները, քանի որ դրանք հերքվել են դատարանի կողմից վերը նշված եզրահանգմամբ:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132, 136 և 1494 հոդվածներով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Հայցը բավարարել` "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության և պատասխանող "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության միջև 2006 թվականի մարտի 15-ին կնքված թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրում և դրան կից ժամանակացույցում կատարել հետևյալ փոփոխությունը` համաձայնագրի 1.1. կետի նախադասությունից հանել "53.157.000 /հիսուներեք միլիոն մեկ հարյուր հիսունյոթ հազար/ դրամ" թվերը և բառերը`փոխարենը գրել "107.287,0 /հարյուր յոթ հազար երկու հարյուր ութսունյոթ/" ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ": Համաձայնագրի 1.1. կետում ավելացնել հետևյալ նախադասությունը`"Վճարումները իրականացվում են վճարման պահին գործող ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ դոլար-ՀՀ դրամ հաշվարկային կուրսով": "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության հանդեպ "Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության ունեցած պարտքի մարման 2006 թվականի մարտի 15-ի ժամանակացույցի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`"Դվին Կոնցեռն" փակ բաժնետիրական ընկերության պարտքը "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերության հանդեպ 2006 թվականի մարտի 15-ի դրությամբ կազմում է 107.287 /հարյուր յոթ հազար երկու հարյուր ութսունյոթ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: "Դվին Կոնցեռն փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է սույն ժամանակացույցի առաջին կետում նշված պարտքը "Դավիթ առևտրի տուն" փակ բաժնետիրական ընկերությանը վճարել հետևյալ կտրվածքով` 2006 թվականին` ապրիլին 5.000 /հինգ հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, մայիսին 5.000 /հինգ հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, հունիսին 5.000 /հինգ հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, հուլիսին 5.000 /հինգ հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, օգոստոսին 5.000 /հինգ հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, սեպտեմբերին 5.000 /հինգ հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, հոկտեմբերին 5.000 /հինգ հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, նոյեմբերին 5.000 /հինգ հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, դեկտեմբերին 5.000 /հինգ հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2007 թվականին` հունվարին 6.000 /վեց հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, փետրվարին 6.000 /վեց հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, մարտին 6.000 /վեց հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ապրիլին 6.000 /վեց հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, մայիսին 6.000 /վեց հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, հունիսին 6.000 /վեց հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, հուլիսին 6.000 /վեց հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, օգոստոսին 6.000 /վեց հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, սեպտեմբերին 6.000 /վեց հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, հոկտեմբերին 6.000 /վեց հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, նոյեմբերին 2.287 /երկու հազար երկու հարյուր ութսունյոթ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ": Վճիռը կամովին չկատարելու դեպքում, դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով`պարտապանի հաշվին: Վճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան`այն հրապարակվելուց մեկ ամսյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ` Խ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

* * *

 

Երևանի քաղաքացիական դատարանի 19.06.2008 թվականի թիվ ԵՔԴ/0043/02/08 վճիռ
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0043/02/08

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով`
30.10.2008թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` ԷԴՎԱՐԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ
դատավորներ` ՎԱՀԱԳՆ ԹՈՐՈՍՅԱՆ; ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

դռնբաց դատական նիստում քննության առնելով "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը Երևանի քաղաքացիական դատարանի /նախագահությամբ Խ.Բաղդասարյանի/ 19.06.2008 թվականի թիվ ԵՔԴ/0043/02/08 վճռի դեմ, 2008 թվականի հոկտեմբերի 30-ին կայացրեց հետևյալ որոշումը

1.Դատավարական նախապատմությունը

Դատարանն արձանագրեց սույն գործի հետևյալ դատավարական նախապատմությունը. Հայցվոր "Դվին կոնցեռն" ՓԲԸ-ն, 11.12.2007 թվականին դիմելով ՀՀ տնտեսական դատարան ընդդեմ "Դավիթ առևտրի տուն"ՓԲԸ-ի, խնդրել է "Դավիթ առևտրի տուն"ՓԲԸ-ի հետ 15.03.2006 թվականի "16.06.1998 թվականի 8093/Q պայմանագրում (այսուհետ` նաև Պայմանագիր) փոփոխություններ կատարելու մասին" համաձայնագրում կատարել փոփոխություններ: Սույն քաղաքացիական գործը ՀՀ տնտեսական դատարանի 29.12.2007 թվականի գրությամբ, ըստ առարկայական ընդդատության, փոխանցվել է Երևանի քաղաքացիական դատարանին: Նախնական դատական նիստին հայցվորի ներկայացուցիչ Ա.Աբրահամյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել համաձայնագրին կից կազմված 2006 թվականի մարտի 15-ի ժամանակացույցը խմբագրելու վերաբերյալ հայցապահանջն ավելացնելու մասով: Երևանի քաղաքացիական դատարանը 19.06.2008թ. կայացրած վճռով բավարարել է "Դվին կոնցեռն" ՓԲԸ-ի պահանջն ամբողջությամբ: Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել պատասխանող "Դավիթ առևտրի տուն"ՓԲԸ-ն (տնօրեն` Ռ. Օհանյան): Վերաքննիչ բողոքին ներկայացվել է պատասխան, սակայն ներկայացվել է երկշաբաթյա ժամկետի բացթողումով և միջնորդություն չի կատարվել բաց թողած ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ, այդ պատճառով էլ Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում դրա քննությանը:

2.Վերաբերելի փաստերը.

Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը, որոնք հիմնավորվում են առաջին ատյանի դատարանին ներկայացված ապացույցներով`

1. 16.06.1998 թվականին "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ն (Գնորդ) և "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի (Վաճառող) միջև կնքվել է թիվ 8093/Q առուվաճառքի պայմանագիրը, որի համաձայն պատասխանողը վաճառել է, իսկ հայցվորը գնել է ապրանքներ, որոնց գները նշված են ԱՄՆ դոլարով` պայմանագրի հավելվածներում: Նույն Պայմանագրի 5.1-րդ կետի համաձայն գնորդը վճարումները պետք է կատարեր ապրանքները ստանալուց հետո 180 օրվա ընթացքում` վճարման օրը ՀՀ կենտրոնական բանկի ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսով:

2. 1999, 2002, 2003 թվականներին կողմերի միջև կնքվել են թիվ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր, որոնցով վերջիններս Պայմանագրի 5.1-րդ կետում կատարել են փոփոխություններ` սահմանելով վճարումներ կատարելու նոր կարգեր. ամրագրել են պատասխանողի նկատմամբ հայցվորի պարտքի չափը և սահմանել վճարումներ կատարելու նոր ժամկետները:

3. 26.07.2005 և 15.03.2006 թվականներին կնքված համաձայնագրերով Պայմանագրի 5.1-րդ կետում կատարված փոփոխություններով պատասխանողի նկատմամբ հայցվորի պարտքի չափն ամրագրվել է ՀՀ դրամով և սահմանվել են վճարումներ կատարելու նոր ժամկետներ` համաձայն ժամանակացույցերի:

4. 15.03.2006 թվականին կողմերի միջև կազմվել է փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ, ըստ որի 2006 թվականի մարտի 15-ի դրությամբ "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի պարտքը "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի նկատմամբ կազմում է 53.157.000 ՀՀ դրամ:

5. "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ն 04.12.2007 թվականին թիվ 04/03K գրությամբ "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ին ներկայացրել է 15.03.2006 թվականին կողմերի միջև կնքված համաձայնագրում փոփոխություն կատարելու առաջարկ և խնդրել է գրությունը ստանալուց հետո եռօրյա ժամկետում գրավոր պատասխան տալ, սակայն պատասխան չի ներկայացվել:

3.Վերաքննիչ բեղոքի հիմքերը, հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանը, քննելով "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի բողոքը հետևյալ խմբավորված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում, հանգեց ստորև շարադրված եզրակացությունների: Բողոք բերողը պնդում է, որ առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րրդ և 53-րրդ հոդվածները, ինչի արդյունքում սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րրդ, 467-րրդ, 468-րրդ հոդվածները, որի արդյունքում խախտվել են նույն օրենսգրքի 3-րրդ և ՀՀ Սահմանադրության 8-րրդ հոդվածները: Ըստ բողոք բերած անձի, կամքի ազատության և կողմերի ինքնավարության սկզբունքների հիման վրա կողմերի միջև կնքված պայմանագրով յուրաքանչյուրը ձեռք է բերել իրավունքներ և ստանձնել պարտականություններ: "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարման արդյունքը եղել է այն, որ կողմերի միջև բազմաթիվ անգամ կնքվել են համաձայնագրեր, որոնց պայմանները ևս պահանջում էին պատշաճ կատարում: Այդ փաստը դատարանը հաշվի չի առել, հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի պահանջները հիմք չի դիտարկի հայցը բավարարելու համար, քանի որ, եթե հայցվորն իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները նույն օրենսգրքի 347-րդ հոդվածի պահանջների համաձայն կատարեր պատշաճ, պայմանագրում փոփոխություններ, այդ թվում` պարտավորությունը դրամով կատարելու վերաբերյալ, չէր լինի: Իրավացի չէ դատարանի ենթադրությունն առ այն, որ 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2006 թվականի մարտի 15-ի համաձայնագիրը կնքելու պահին կողմերը ելել են այն բանից, որ ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսի կտրուկ նվազում, հանգամանքների այդպիսի փոփոխություն տեղի չի ունենա և այլն: Նման ենթադրությունն անհիմն է, քանի որ տվյալ փաստը հաստատող որևէ ապացույց գործում առկա չէ: Հակառակն են վկայում կողմերի միջև կնքված պայմանագրի բազմակի փոփոխությունները, որոնք կատարվել են հայցվորի պարտավորությունները չկատարելու պատճառով: 04.07.2006 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտն ապացուցում է, որ "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի և "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի միջև 16.08.1998 թվականի 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին կնքվել է համաձայնագիր և ժամանակացույց, որը "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի կողմից թերի է կատարվել, ինչի արդյունքում էլ դատական ակտով "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ից հօգուտ "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի բռնագանձվել է ժամանակացույցով նախատեսված պարտքի գումարը: Բողոք բերողի պնդմամբ "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի կողմից հայցադիմումում նշված համաձայնագրերն ընդունելու և պարտքի մարման հետ կապված որոշակի վճարումներ կատարելու փաստն ապացուցվում է 15.03.2006 թվականի փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով, որով կողմերն ընդունում են, որ 2006 թվականի մարտի 15-ի դրությամբ պարտքը կազմում է 53.157.000 ՀՀ դրամ: Խնդրել է ամբողջությամբ բեկանել Երևանի քաղաքացիական դատարանի թիվ ԵՔԴ/0043/02/08 վճռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

4.Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի հիպոթեզին, որն այս վեճի լուծման իրավական հիմքն է: Օրենսդիրը, պայմանների էական փոփոխության հիմքով բացառիկ դեպքերում դատական կարգով պայմանագրի փոփոխության հնարավորությունը սահմանելով, ի նկատի է ունեցել այնպիսի հանգամանքների էական փոփոխության, "որոնցից ելել են կողմերը պայմանագիր կնքելիս": Ավելին, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն պայմանագիրը կարող է դատական կարգով փոփոխվել, եթե պայմանագիրը կնքելու պահին կողմերը ելել են այն բանից, որ հանգամանքների նման փոփոխություն տեղի չի ունենա: Սույն գործով "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ն պնդում է, որ 1998 թվականի Պայմանագիրը, ինչպես նաև Պայմանագրի փոփոխությանն ուղղված համաձայնագիրը կնքելիս կողմերը չեն նախատեսել, որ հետագայում տեղի կունենա ԱՄՆ դոլարի փոխարժեքի փոփոխություն: Սակայն իրավական նորմի ձևակերպումից ակնհայտ է, որ հայցվորը պետք է ապացուցեր, որ կողմերը " ելել են այն բանից", որ ԱՄՆ դոլարի փոխարժեքի փոփոխություն (արժեզրկում) ՀՀ դրամի նկատմամբ տեղի չի ունենա: Մինչդեռ հայցվորն այս հանգամանքն ապացուցելու համար որևէ ապացույց չի էլ ներկայացրել. ներկայացված Պայմանագիրը, համաձայնագրերը, փոխադարձ հաշվարկի ակտերն ու կողմերի միջև առկա գրագրությունը հաստատում են հակառակ եզրակացությունը ստորև բերված պատճառաբանությամբ: Հանրահայտ է և ապացուցման կարիք չունի (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 52-րդ հոդված, 1-ին կետ) այն հանգամանքը, որ Հայաստանում պարբերաբար տեղի է ունենում արտարժույթի` մասնավորապես ԱՄՆ դոլարի, փոխարժեքի տատանումներ ՀՀ դրամի նկատմամբ: Հանրահայտ է նաև այն հանգամանքը, որ նման տատանումների հնարավորությունը, որը բնութագրվում է որպես "արտարժույթի փոխարժեքի ռիսկ", լայնորեն հայտնի է հասարակությանը, մասնավորապես` գործարար շրջանակներին, ուստի Վերաքննիչ դատարանն առաջնորդվում է այն կանխավարկածով, որ արտաժույթի փոխարժեքի ռիսկի առկայությունը կողմերին պետք է քաջ հայտնի լիներ: Գործում առկա ապացույցների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ ռիսկը կողմերը հաշվի են առել ի սկզբանե. դեռևս 1998 թվականին կնքված Պայմանագրով որոշել են, թե պայմանագրային պարտավորություններն իրականացնելիս որ օրվա դրությամբ պետք է որոշվի ՀՀ դրամԱՄՆ դոլար փոխարժեքը: Պայմանագրով "Դվին կոնցեռն" ՓԲԸ-ն պարտավորվել է վճարումները կատարել ապրանքները ստանալուց հետո 180 օրվա ընթացքում` վճարման օրը ՀՀ կենտրոնական բանկի ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսով: Պայմանագրով ամրագրված այս դրույթն ինքնին փաստում է, որ եթե կողմերը ելնեին այն բանից, որ ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար փոխարժեքն էական փոփոխության չի ենթարկվի, նրանք կարիք չէին ունենա սահմանելու " կուրսի" (այն է `փոխարժեքի) որոշման օրը, հետևաբար կողմերը Պայմանագիրը կնքելիս ենթադրել են փոխարժեքի փոփոխման հավանականության մասին և ըստ էության, միմյանց միջև բաշխել են փոխարժեքի փոփոխման ռիսկը: Նույնը վկայում է նաև կողմերի գրագրությունը, մասնավորապես, "Դվին կոնցեռն" ՓԲԸ-ի 16.05.2003 թվականի 16/01 թվակիր գրության (գ/թ. 32) վերջինս խնդրում է "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ին վերանայել Պայմանագրի 5.1-րդ կետը և սահմանել, որ "վճարումներն իրականացվում են ապրանքների ընդունման օրվա` ՀՀ կենտրոնական բանկի ԱՄՆ դոլար-ՀՀ դրամ հաշվարկային կուրսով հաշվարկված գումարի չափով": Վերոնշյալ գրության բովանդակությունից հետևում է, որ դեռևս 2003 թվականին ցանկացել է վերանայել և, ըստ էության, կողմերի միջև վերաբաշխել արտաժույթի փոխարժեքի փոփոխման ռիսկը` Պայմանագրի նախատեսված վճարման օրվա փոխարժեքը փոխարինելով ապրանքների ընդունման օրվա փոխարժեքով: Հետագայում, սակայն, կողմերի միջև կնքված Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 26.07.2005 և 15.03.2006 թվականների համաձայնագրերով կետանցված պարտավորությունների կատարման ժամկետները վերանայելուց բացի կողմերը պարտքի չափն ամրագրել են ՀՀ դրամով: Դրանով իսկ կողմերն ըստ էության իրենց միջև կրկին բաշխել են փոխարժեքի ռիսկը: Վերաքննիչ դատարանը որպես հանրահայտ հանգամանք է արձանագրում նաև այն, որ ՀՀ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի արժեզրկումն իրականում սկսվել է 2006 թվականից շատ ավելի վաղ` դեռ 2003-2004 թվականներին, երբ 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը 566 դրամից մեկ տարվա ընթացքում նվազեց մինչև 487 դրամի (տես ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայք`htt://www.cba.am): Փոխարժեքի այս անկման մասին կողմերն անիրազեկ լինել չէին կարող, հետևաբար 2006 թվականի մարտի 15-ին համաձայնագիրը կնքելիս չէին կարող ելնել այն բանից, որ դոլարի փոխարժեքի էական փոփոխություն չի լինի: Ուստի ակնհայտ է, որ կողմերը 2006 թվականի մարտի 15-ին համաձայնագիրը կնքելիս երբևէ չեն ելել այն հանգամանքից, որ ՀՀ դրամ-ԱՄՆ դոլարի փոխարժեքն անփոփոխ է մնալու: Հակառակը հայցվորին չի հաջողվել ապացուցել ո՛չ իր փաստարկներով և ո՛չ էլ ներկայացված ապացույցներով, որի արդյունքում նա չի կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իր ապացուցման պարտականությունը: Մինչդեռ առաջին ատյանի դատարանը հակառակ եզրակացության է հանգել, որ "համաձայնագիրը կնքելու պահին կողմերը ելել են այն բանից, որ ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսի կտրուկ նվազում… տեղի չի ունենա" (վճիռ, 12 էջ, 4-րդ պարբերություն): Փաստի մասին նման եզրակացությունը որևէ կերպ չի հիմնավորվել ո՛չ գործում եղած ապացույցներով, ո՛չ էլ փաստարկներով: Առաջին ատյանի դատարանը նաև եզրակացրել է, որ 1998 թվականի "պայմանագրի էությունից չի բխում, որ ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսի կտրուկ նվազման ռիսկը կրում է հայցվոր կողմը", քանի որ Պայմանագրի 5.2-րդ կետի համաձայն "ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում կողմերի պարտքը հաշվարկվում է ԱՄՆ դոլարով հավելվածների ստորագրման օրվա ՀՀ կենտրոնական բանկի ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար հաշվարկային կուրսով և վճարումները կատարվում են ՀՀ դրամով ՀՀ կենտրոնական բանկի կուրսով": Նախ դատարանը Պայմանագրի այս դրույթը դիտարկել է նույն կետի հաջորդ նախադասության համատեքստից դուրս: Վերջինիս համաձայն "Պայմանագրային և վճարման գումարների տարբերությունը կդիտվի որպես տույժ": Հետևաբար Պայմանագրի այս կետը սահմանում է վճարման պարտավորության կետանցի համար նախատեսված տույժի չափի հաշվարկման կարգը, որը բնավ չի կարող մեկնաբանվել որպես կողմի պարտքն անխուսափելիորեն ԱՄՆ դոլարով հաշվարկելու պայմանավորվածության, քանի որ արդեն վերը նշված, կողմերի վարքագծով և կնքված պայմանագրով հակառակն է ապացուցված: Ավելին, դատարանը նման եզրակացության գալով` հաշվի չի առել այն հանգամանքը, որ արդեն 2005 թվականին կողմերի միջև պարտավորության կետանցման պայմաններում կնքված, միանգամայն վավեր համաձայնագրով փոփոխվել է վճարման արժույթը, և պարտքն ամրագրվել է ՀՀ դրամով, ուստի խոսք անգամ լինել չի կարող ԱՄՆ դոլարով ժամկետանց պարտքի չափը որոշելու մասին: Վերոգրյալից ելնելով` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հիմքով բողոքը հիմնավոր է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 2-րդ կետը պահանջում է նույն կետով թվարկված` պայմանագիրը փոփոխելու համար անհրաժեշտ պայմանների միաժամանակյա առկայություն: Հաշվի առնելով, որ թվարկված պայմաններից մեկն արդեն իսկ չի ապացուցվել, Վերաքննիչ դատարանը, առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, 221-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և ելնելով արդարադատության արդյունավետության շահերից, հնարավոր և անհրաժեշտ է համարում մասնակիորեն բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի վճիռը` հայցը մերժելով: Վերաքննիչ դատարանն ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ հայցվորն ընդունել է և չի առարկել, որ 01.09.2003 թվականի դրությամբ իր պարտքը "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի նկատմամբ կազմել է 72.157.000 ՀՀ դրամ, որը պետք է մարվեր մինչև 2005 թվականի դեկտեմբերի 30-ը (գ/թ. 98), ինչը դարձյալ չի կատարվել: Վերջինս նմանապես ընդունել է 2006 թվականի մարտի 15-ի դրությամբ իր պարտքի գումարի չափը, որը կազմել է 53.157.000 ՀՀ դրամ (գ/թ. 38): Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ ըստ սույն գործով ներկայացված ապացույցների 15.03.2006 թվականի Պայմանագրում փոփոխություններ կատարելու համաձայնագիրը կնքվել է հայցվորի կողմից պարտավորությունը ժամանակին պատշաճ չկատարելու հետևանքով, որի պարագայում անարդար կլիներ հայցվորի արտաժույթի փոխարժեքի փոփոխման ստանձնված ռիսկը պայմանագրի մեկ կողմից ամբողջությամբ փոխանցել մյուս կողմին` վերջինիս դնելով անբարենպաստ վիճակի մեջ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ, 220-րդ, 221-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2211-րդ հոդվածով` Վերաքննիչ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերաքննիչ բողոքը բավարարել: Երևանի քաղաքացիական դատարանի 19.06.2008 թվականի վճիռը մասնակիորեն բեկանել և փոփոխել, մերժել "Դվին կոնցեռն" ՓԲԸ-ի պահանջն իր և "Դվին կոնցեռն" ՓԲԸ-ի միջև կնքված "16.06.1998 թվականի 8093/Q պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին" համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին:

2. "Դվին կոնցեռն" ՓԲԸ-ից բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես չվճարված պետական տուրքի գումար:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա է բողոքարկման վճռաբեկության կարգով:

 

ԴԱՏԱՎՈՐ` Է.ՄՈՒՐԱԴՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐ` Վ.ԹՈՐՈՍՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐ` Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

* * *


Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0043/02/08/2008թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը /այսուհետ`Վճռաբեկ դատարան/ հետևյալ կազմով`
12.12.2008թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
դատավորներ` Ե.ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ; Վ.ԱԲԵԼՅԱՆ

քննարկելով ըստ հայցի "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի ընդդեմ "Դավիթ առևտրի տուն" ՓԲԸ-ի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության`պայմանագրում փոփոխություններ կատարելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2008 թվականի թիվ ԵՔԴ/0043/02/08 որոշման դեմ "Դվին Կոնցեռն" ՓԲԸ-ի ներկայացուցիչ Հայկ Եգանյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, պարզեց, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման հետևյալ պաճառաբանությամբ. Բողոք բերած անձը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել քննության, քանի որ Վճռաբեկ դատարանի կողմից կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն`վճռաբեկ բողոքում պետք է նշվեն բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, և դրանց հիմնավորումները, նույն օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի որևէ ենթակետի հիմնավորումները: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերի համաձայն` վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ: Տվյալ դեպքում բողոք բերած անձը, վերը նշված դրույթների պահանջներին համապատասխան, չի հիմնավորել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից թույլ տրված առերևույթ դատական սխալը և օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի սույն գործով որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված խախտումները վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմք են, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն`վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 231-րդ հոդվածի և 234 հոդվածի 1-ին կետի պահանջներին: Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ, 233-րդ և 234-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Վերադարձնել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2008 թվականի թիվ ԵՔԴ/0043/02/08 որոշման դեմ "Դվին Կոնցեռն"ՓԲԸ-ի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը: Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`

Ե.ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Վ.ԱԲԵԼՅԱՆ