Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ ԵՔԴ/0548/02/2008թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևանի քաղաքացիական դատարանը հետևյալ կազմով`
03.07.2008թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
քարտուղարությամբ` Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հայցվորի ներկայացուցիչ` Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ /"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

դռնբաց դատական նիստում, Երևան քաղաքում, 2008 թվականի հուլիսի 03-ին, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Վարդան Օհանյանի ընդդեմ Զավեն Բեյբությանի` գումարի բռնագանձման պահանջի մասին

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը:


Վարդան Օհանյանը /այսուհետ` հայցվոր/ 12.05.2008թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Զավեն Բեյբությանի /այսուհետ` պատասխանող, միասին` կողմեր/` գումարի բռնագանձման պահանջի մասին: Հայցադիմումը վարույթ է ընդունվել 13.05.2008թ.: Հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:

 

2. Հայցվորի իրավական դիրքորոշումը:


Հայցվորի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը դատաքննության ընթացքում հայցը պնդելով հայտնեց հետևյալը: Կողմերի միջև 15.01.2007թ. կնքված փոխառության պայմանագրով հայցվորը պատասխանողին տվել է 20.800.000 դրամ գումար, ամսական 1,2% տոկոսադրույքով, մինչև 15.04.2007թ. վերադարձնելու պայմանով: Փոխառության գումարը ստանալու փաստը հաստատվում է նշված պայմանագրի կնքմամբ և նույն օրը պատասխանողի կողմից տրված ստացականով: Պատասխանողը մինչ օրս չի վճարել փոխառության պայմանագրով նախատեսված գումարը, որի հետևանքով իրեն անհիմն կերպով պատճառվել է նյութական վնաս: ՀՀ քաղաքացիական օրենսգըրքի 880 հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառուն պարտավոր է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը: Նույն օրենսգրքի 347 հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան…: Նույն օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ /կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ/ կատարելը: Դատարանից խնդրեց պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 20.800.000 դրամ` որպես չվերադարձված փոխառության գումար:

 

3. Պատասխանողի իրավական դիրքորոշումը:


Պատասխանող Զավեն Բեյբությանը, համաձայն Երևանի Էրեբունի թաղային համայնքի ղեկավարի գրության, իր վերջին հայտնի բնակության վայրում չի բնակվում. դատարանը ստացել է համայնքի ղեկավարի կողմից վերջինիս ծանուցման փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն: Դատարանի որոշմամբ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94 հոդվածի համաձայն, գործը քննվեց պատասխանողի բացակայությամբ:

 

4. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը և դրանք հաստատող ապացույցները:

 

Գործում գտնվող 15.01.2007թ. փոխառության պայմանագրի համաձայն` հայցվորը պատասխանողին տրամադրել է 20.800.000 դրամ գումար, ամսական 1,2% տոկոսադրույքով, մինչև 15.04.2007թ. վերադարձնելու պայմանով: Պատասխանողը հենց պայմանագրում ստացականով հավաստել է նշված գումարը ստանալու փաստը, իսկ գումարը հայցվորին վերադարձնելու վերաբերյալ ապացույցներ չկան:

 

5. Դատարանի իրավական վերլուծությունները:

 

Լսելով հայցվորի ներկայացուցչին և ուսումնասիրելով գործի նյութերը, դատարանը գտնում է, որ հայցը հիմնավոր է, բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 408-րդ, 880-րդ հոդվածների պահանջներից և ենթակա է բավարարման հետևյալ պատճառներով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան…: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ /կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ/ կատարելը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880 հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառուն պարտավոր է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը: Տվյալ դեպքում գործում գտնվող վերոհիշյալ փոխառության պայմանագրով և ստացականով հիմնավորված է պատասխանողի` 20.800.000 դրամ փոխառությամբ վերցրած գումարի պարտքի առկայությունը հայցվորին, պարտավորությունը պետք է կատարվեր մինչև 15.04.2007թ., սակայն չի կատարվել: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132, 1493, 1494 հոդվածներով, դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

 

Հայցը բավարարել: Պատասխանող Զավեն Բեյբությանից հօգուտ հայցվոր Վարդան Օհանյանի բռնագանձել 20.800.000 /քսան միլիոն ութ հարյուր հազար/ դրամ` որպես 15.01.2007թ. փոխառությամբ ստացած գումար: Պատասխանող Զավեն Բեյբությանից հօգուտ հայցվոր Վարդան Օհանյանի բռնագանձել 4.000 /չորս հազար/ դրամ` որպես վերջինիս վճարված պետական տուրքի գումար: Պատասխանող Զավեն Բեյբությանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 412.000 /չորս հարյուր տասներկու հազար/ դրամ` որպես պետական տուրքի գումար : Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

Սույն վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

 

ԴԱՏԱՎՈՐ` Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Վճիռը 04.08.2008թ. մտել է օրինական ուժի մեջ:

ԴԱՏԱՎՈՐ` Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ