Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ0550/02/2008թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևանի քաղաքացիական դատարանը հետևյալ կազմով`
08.07.2008թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Կ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
քարտուղարությամբ` Ս. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հայցվոր ` ՎԱՐԴԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ /ներկայացուցիչ ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ/
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Վարդան Օհանյանի ընդդեմ Մկրտիչ Մարգարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց


1. Գործի դատավարական նախապատմությունը


Երևանի քաղաքացիական դատարանի 13.05.2008թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Վարդան Օհանյանի հայցն ընդդեմ Մկրտիչ Մարգարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին: Երևանի քաղաքացիական դատարանը 26.05.2008թ-ին որոշում է կայացրել գործը դատաքըննության նախապատրաստելու մասին, նույն դատարանի 12.06.2008թ. որոշմամբ գործով նշանակվել է դատաքննություն:

2. Հայցվորի իրավական դիրքորոշումը

Հայցվոր Վարդան Օհանյանը դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ 14.08.2007թ. Մկրտիչ Մարգարյանի հետ կնքել է փոխառության պայմանագիր, որով վերջինիս տվել է 4.330.000 ՀՀ դրամ գումար` ամսական 1,1% տոկոսադրույքով մինչև 14.10.2007թ. վերադարձնելու պայմանով: Սահմանված ժամկետը լրանալուց հետո պատասխանողը չի կատարել իր պարտավորությունները, ինչը ստիպել է հայցվորին դիմել դատարան և պահանջել բռնագանձել 6.350.000 ՀՀ դրամ, որից 4.330.000 ՀՀ դրամ պայմանագրային գումար, 2.020.000 ՀՀ դրամ տույժ: Որպես հայցապահանջը հիմնավորող ապացույց` հայցվորը դատարանին ներկայացրել է Մկրտիչ Մարգարյանի հետ 14.08.2007թ. կնքված փոխառության պայմանագիրը: Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը պնդեց հայցապահանջը և խնդրեց պատասխանողից բռնագանձել 6.350.000 ՀՀ դրամ:

 

3. Պատասխանողի իրավական դիրքորոշումը

 

Պատասխանող Մկրտիչ Մարգարյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված երկշաբաթյա ժամկետում դատարան հայցադիմումի պատասխան չի ուղարկել: Պատշաճ ծանուցված լինելով` 12.06.2008թ. նախնական նիստին չի ներկայացել, չի ներկայացել նաև 26.06.2008թ. նշանակված դատաքննությանը:

 

4. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը

 

14.08.2007թ. Վարդան Օհանյանի (Փոխատու) և Մկրտիչ Մարգարյանի (Փոխառու) միջև կնքվել է փոխառության պայմանագիր, որով Վարդան Օհանյանը Մկրտիչ Մարգարյանին ամսական 1,1% տոկոսադրույքով հանձնել է 4.330.000 ՀՀ դրամ, մինչև 14.10.2007թ. վերադարձնելու պայմանով, իսկ Մկրտիչ Մարգարյանը պարտավորվել է պայմանագրով սահմանված ժամկետում` մինչև 14.10.2007թ. վերադարձնել գումարը: Պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց հետո Մկրտիչ Մարգարյանը վճարումներ չի կատարել: 14.08.2007թ. պայմանագրի 6-րդ կետով նախատեսվել է տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար 10000 ՀՀ դրամ, որը Փոխառուն Փոխատուին է վճարում պայմանագրի 2-րդ կետում նշված պայմանագրային գումարը չվերադարձնելու դեպքում:

 

5. Դատարանի իրավական վերլուծությունները

 

Լսելով հայցվորի ներկայացուցչի ցուցմունքները, հետազոտելով գործում եղած գրավոր ապացույցները` դատարանը գտավ, որ հայցը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880 հոդվածի` Փոխառուն պարտավոր է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով Փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը: Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347 հոդվածի` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան: Ի խախտումն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի` Մկրտիչ Մարգարյանը Վարդան Օհանյանի հետ 14.08.2007թ. կնքած փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում փոխառության գումարը չի վերադարձրել` ապօրինի պահելով հայցվորի դրամական միջոցները, որպիսի պայմաններում պարտավոր է վճարել ինչպես պարտքի գումարը, այնպես էլ յուրաքանչյուր ուշացված օրվա համար փոխառության պայմանագրի 6-րդ կետով նախատեսված տույժերը: Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ կետը` դատարանը Մկրտիչ Մարգարյանի կողմից պատասխան չներկայացնելը գնահատում է որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73, 130, 131, 132, 149.3, 149.4 հոդվածներով, դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

 

Վարդան Օհանյանի հայցն ընդդեմ Մկրտիչ Մարգարյանի` բավարարել ամբողջությամբ: Մկրտիչ Մարգարյանից հօգուտ Վարդան Օհանյանի բռնագանձել 6.350.000 /վեց միլիոն երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, որից 4.330.000 /չորս միլիոն երեք հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ պարտքի գումար, 2.020.000 /երկու միլիոն քսան հազար/ ՀՀ դրամ տույժ: Մկրտիչ Մարգարյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 103.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը: Մկրտիչ Մարգարյանից հօգուտ Վարդան Օհանյանի բռնագանձել 24000 ՀՀ դրամ վճարված պետական տուրքի գումարը: Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել միայն վերաքննության կարգով: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

 

ԴԱՏԱՎՈՐ` Կ.ՊԵՏՐՈՍՅԱՆ