Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ ԵՔԴ 0763/02/08
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևանի քաղաքացիական դատարանը հետևյալ կազմով`
03.12.2008թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
քարտուղարությամբ` ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայցվորի ներկայացուցիչ` ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

դռնբաց դատական նիստում, դատարանում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Վարդան Օհանյանի (անձնագիր` ....) ընդդեմ Կարեն Մանուկյանի (անձնագիր` ....)` փոխառության գումարի բռնագանձման պահանջի մասին

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Նկարագրական մաս

1. Դատավարական նախապատմությունը.


Հայցվորի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը 23.07.2008թ. դիմել է դատարան ընդդեմ Կարեն Մանուկյանի` փոխառության գումարի բռնագանձման պահանջի մասին, որը 25.07.2008թ. որոշմամբ ընդունվել է վարույթ: Նույն որոշմամբ դատարանը, բավարարելով հայցվորի միջնորդությունը, հետաձգել է պետական տուրքի վճարումը` այն վճռով լուծելու համար: Դատարանի 25.07.2008թ. որոշմամբ հայցվորի միջնորդության համաձայն ձեռնարկվել է հայցի ապահովման միջոց, համաձայն որի հայցագնի` 8.892.000 դրամի չափով արգելանք է դրվել Կարեն Մանուկյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա: Գործի քննությունն իրականացվել է նախապատրաստական փուլով: Գործի դատաքննությունը նախապատրաստելու փուլում հայցվորի ներկայացուցիչը 23.10.2008թ. դիմումով նվազեցրել է բռնագանձվող գումարի չափը և խնդրել է պատասխանող Կարեն Մանուկյանից բռնագանձել 5.800.00 դրամ, որից 3.800.000 դրամ` պարտավորության գումար և 2.000.000 դրամ գումար` նվազեցման տուգանքի գումար: Իսկ 04.11.2008թ. մուտք եղած դիմումով փոփոխել է վերը նշված դիմումի պահանջը և հայցել պատասխանող Կարեն Մանուկյանից բռնագանձել 6.004.000 դրամ, որից 3.800.000 դրամ` չվճարված պարտավորության գումար, յուրաքանչյուր կետանցի օրվա համար վճարման ենթակա տուգանք` 0.2 տոկոս` 7.600 դրամ`/տուգանքը հաշվարկվում է 27.06.2006թ.-ից մինչև 27.12.2006թ.-ը` 6 ամիս` 180 օր/ ընդհանուր գումար` 1.368.000 տուգանքի գումար, 3.800.000 դրամ պարտավորության գումարին հաշվարկվող ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տարեկան 12 տոկոսի բռնագանձման գումար` /բանկային տոկոսը հաշվարկվում է` 27.12.2006թ.-ից մինչև 27.10.2008թ.-ը/ 836.000 դրամ տոկոսի գումար, ինչպես նաև չվճարված պարտավորության գումարին` 3.800.000 դրամին, ևս բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի պահանջի համաձայն բանկային տոկոսներ` 2008թ. հոկտեմբերի 28-ից մինչև նշված գումարի վճարելու օրը` համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսի չափով: Պատասխանողը չի ներկայացրել պատասխան, չի ներկայացել ոչ նախնական նիստերին, ոչ էլ դատաքննությանը:

 

Հայցվորի դիրքորոշումը.

 

Հայցվորը հայտնել է, որ Կարեն Մանուկյանը 27.01.2006թ. կնքված փոխառության գումարի ստացականի համաձայն իրենից ստացել է 3.800.000 դրամ գումար` ամսական 1.5 տոկոսով, 27.06.2006թ. վերադարձման պայմանով: Փոխառության գումարի ստացման փաստը հաստատվում է 27.01.2006թ. Կարեն Մանուկյանի կողմից փոխառության գումարի ստացականի ստորագրմամբ, ինչպես նաև նույն թվականին այդ գումարը վերջինիս հանձնելու մասին Կարեն Մանուկյանի կողմից տրված գումարի ստացականով: Վերջինիս կողմից գումարն անհիմն կերպով ետ չվերադարձնելու պատճառով իրեն պատճառվել է նյութական վնաս, բացի այդ համաձայն փոխառության գումարի ստացականի 8-րդ կետի` պարտքի յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար պատասխանողը պարտավորվել է վճարել տուգանք` 0.2 տոկոս գումարի չափով: Խնդրել է պատասխանող Կարեն Մանուկյանից բռնագանձել 6.004.000 դրամ, որից 3.800.000 դրամ չվճարված պարտավորության գումար, յուրաքանչյուր կետանցի օրվա համար վճարման ենթակա տուգանք 0.2 տոկոս 7.600 դրամ` ընդհանուր գումար` 1.368.000 տուգանքի գումար, 3.800.000 դրամ պարտավորության գումարին հաշվարկվող ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տարեկան 12 տոկոսի բռնագանձման գումար 836.000 դրամ տոկոսի գումար, ինչպես նաև չվճարված պարտավորության գումարին` 3.800.000 դրամին, ևս բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի պահանջի համաձայն բանկային տոկոսներ` 2008թ. հոկտեմբերի 28-ից մինչև նշված գումարի վճարելու օրը` համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսի չափով:

 

Գործի փաստերը.


Վարդան Օհանյանը 27.01.2006 թվականին կազմած ստացականի համաձայն Կարեն Մանուկյանին տվել է 3.800.000 ՀՀ դրամ, ամսական 1.5 տոկոս տոկոսադրույքով, որը Կարեն Մանուկյանը պարտավորվել է վերադարձնել 27.06.2006 թվականին: Չվճարված պարտավորության դիմաց յուրաքանչյուր կետանցի օրվա համար սահմանվել է տուգանք 0.2 տոկոսի չափով: Փոխառության պայմանագրով ստացված գումարը պատասխանող Կարեն Մանուկյանը չի վերադարձրել հայցվոր Վարդան Օհանյանին: ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքը 22.10.2008թ. դրությամբ կազմել է 12 տոկոս:

 

Վերլուծություն.

 

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878 հոդվածի` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հաստատող այլ փաստաթուղթ: Նույն օրենսգրքի 877 հոդվածի համաձայն փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880, 881 հոդվածների` փոխառուն պարտավոր է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը: Եթե փոխառուն սահմանված ժամկետում չի վերադարձնում փոխառության գումարը, ապա փոխառության պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ, սկսած այն օրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչև գումարը փոխատուին վերադարձնելու օրը: Հետևաբար, վերը նշված նորմերի ուժով դատարանը գտավ, որ հայցվոր Վարդան Օհանյանի պահանջը հիմնավոր է և ենթակա բավարարման:

 

Ամփոփում

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73, 118, 130-132, 134, 1494 հոդվածներով դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

 

Հայցը բավարարել. Պատասխանող Կարեն Մանուկյանից հօգուտ հայցվոր Վարդան Օհանյանի բռնագանձել 6.004.000 դրամ, որից 3.800.000 դրամ որպես չվճարված պարտավորության գումար, 1.368.000 դրամ որպես տուգանքի գումար, իսկ 836.000 դրամ գումարը որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով հաշվարկված տոկոսներ, բռնագանձումը շարունակելով մինչև պարտավորության դադարումը: Պատասխանող Կարեն Մանուկյանից հօգուտ հայցվոր Վարդան Օհանյանի բռնագանձել 46.000 դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցում, իսկ հօգուտ պետական բյուջեի բռնագանձել` 74.080 դրամ: Սույն դատական ակտը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ընթացքում: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով պարտապանի հաշվին:

 

ԴԱՏԱՎՈՐ` Ս. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ծանոթություն` Վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

ԴԱՏԱՎՈՐ` Ս. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ