Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
ԵԱՔԴ/1267/02/09
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով`
01.12.2009թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ս. ՂԱԶԱՐՅԱՆ
քարտուղարությամբ` Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ
Հայցվորի ներկայացուցիչ` Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

դռնբաց դատական նիստում քննության առնելով թիվ ԵԱՔԴ/1267/02/09 քաղ. գործն ըստ հայցի Անդրանիկ Ալեքսանյանի ընդդեմ "ՉԱՓԱՆԻՇ" ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց


I. Գործի նախապատմությունը.


Անդրանիկ Ալեքսանյանի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը 2009թ.-ի հունիսի 26-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ "ՉԱՓԱՆԻՇ" ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, որն ընդունվել է վարույթ և նշանակվել է դատաքննություն:

 

II. Հայցվորի պահանջը.

 

Անդրանիկ Ալեքսանյանի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը դիմելով դատարան, և դատաքննության ընթացքում պնդելով հայցը, հայտնել է, որ 16.10.2008թ. "ՉԱՓԱՆԻՇ" ՍՊԸ-ի` որպես կատարողի և իր` որպես պատվիրատուի, միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն պայմանագրի 1.1 կետի կատարողը ստանձնել է պատրաստել և տեղադրել խոհանոցի կահույք` պայմանագրի ժամկետի և հաստատված գծագրի համապատասխան: Պայմանագրի 1.2 կետի համաձայն արտադրանքի հանձնման ժամկետ է սահմանվել մինչև 20.12.2008թ.: Ստանձնած պարտավորության համաձայն, որպես պատվիրատու, իր կողմից կատարվել է կանխավճար` 1.500.000 ՀՀ դրամի չափով, որի համար տրվել է դրամարկղային մուտքի օրդեր, ինչպես նաև վճարվել է խոհանոցի կահույքի համար ձեռք բերվող լվացարանի գումարը` 50.000 ՀՀ դրամ, որի համար ևս տրվել է դրամարկղային մուտքի օրդեր: Մինչդեռ պատասխանող ընկերությունը մինչ օրս իր ստանձնած պարտականությունները չի կատարել, որի պատճառով իրեն պատճառվել է վնաս: 25.05.2009թ. դրությամբ պատասխանողին տեղեկացվել է ստանձնած պարտականության չկատարման և դրանից բխող իրավական հետևանքների առաջացման մասին, և նույն գրությամբ վերջինիս առաջարկվել է եռօրյա ժամկետում ետ վերադարձնել իր կողմից վճարված կանխավճարը կամ ներկայացնել խնդրի լուծման հետ կապված առաջարկներ: Մինչդեռ ընկերության կողմից մինչ օրս ետ չի վերադարձվել վճարված կանխավաճարի գումարը և որևէ առաջարկ չի ներկայացվել: Պատասխանողի կողմից պարտավորության չկատարման օր է հանդիսացել պայմանագրով սահմանված վերջնաժամկետը` 20.12.2008թ.: Խնդրել են պատասխանող "ՉԱՓԱՆԻՇ" ՍՊԸ-ից հօգուտ հայցվորի բռնագանձել 1.500.000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված կանխավճար, 50.000 ՀՀ դրամ, որպես խոհանոցի կահույքի համար ձեռք բերվող լվացարանի վճարված գումար, ինչպես նաև ՀՀ քաղ.օր-ի 411 հոդվածի համաձայն բռնագանձել տոկոսներ 21.12.2008թ.-ից մինչև պարտավորության ամբողջական կատարման օրը: Պատասխանողից բռնագանձել նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը: Այնուհետև, հայցվոր կազմակերպության ներկայացուցիչը միջնորդել է դատարանին կարճել քաղ. գործի վարույթը և հաստատել կողմերի միջև ձեռքբերված հաշտության համաձայնությունը:

 

III. Պատասխանողի դիրքորոշումը.

 

համաձայն իրենց միջև կնքված պայմանագրի` իրենք պատրաստել են կահույքը և ուղարկել պատվիրատուին: Պատվիրատուն հրաժարվել է այն ընդունել, պատճառաբանելով, որ կահույքը ներկված չէ այն գույնով, որը իրենք են պահանջել: Պատվիրատուն հրաժարվել է ընդունել կահույքը, հետ է ուղարկել ավտոմեքենան և առաջարկել է հետ վերադարձնել ամբողջ գումարը: Առարկել է նաև հայցվորի հայցի հիմքում ընկած այն հանգամանքի առնչությամբ, համաձայն որի ընկերությունը մինչև օրս հրաժարվում է կատարել ստանձնած պարտավորությունները: Ընկերությունը համաձայնվել է սեփական միջոցներով վերացնել կահույքի նախկին գույնը և կահույքը ներկել պատվիրատուի նախընտրած գույնով, բացի այդ բազմիցս պատվիրատուին առաջարկվել է գալ արտադրամաս և համաձայնեցնել կահույքի գույնը:

 

IV. Գործի փաստերը.

 

16.10.2008թ. "ՉԱՓԱՆԻՇ" ՍՊԸ-ի որպես կատարողի և Անդրանիկ Ալեքսանյանի` որպես պատվիրատուի, միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն պայմանագրի 1.1 կետի կատարողը ստանձնել է պատրաստել և տեղադրել խոհանոցի կահույք` պայմանագրի ժամկետի և հաստատված գծագրի համապատասխան: Պայմանագրի 1.2 կետի համաձայն արտադրանքի հանձման ժամկետ է սահմանվել մինչև 20.12.2008թ.: Ստանձնած պարտականության համաձայն, որպես պատվիրատու, Անդրանիկ Ալեքսանյանի կողմից կատարվել է կանխավճար` 1.500.000 ՀՀ դրամի չափով, որի համար տրվել է դրամարկղային մուտքի օրդեր, ինչպես նաև վճարվել է խոհանոցի կահույքի համար ձեռք բերված լվացարանի գումարը` 50.000 ՀՀ դրամ, որի համար ևս տրվել է դրամարկղային մուտի օրդեր: Ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի` պատասխանողները պարտավորվել են կահույքն ուղարկել պատվիրատուին: Պատասխանողն հրաժարվել է այն ընդունել, պատճառաբանելով, որ կահույքը ներկված չէ այն գույնով, որը ինքն է պահանջել: Պատվիրատուն հրաժարվել է ընդունել կահույքը, հետ է ուղարկել ավտոմեքենան և առաջարկել է հետ վերադառձնել ամբողջ գումարը: Պատասխանող ընկերությունը համաձայնվել է սեփական միջոցներով վերացնել կահույքի նախկին գույնը և կահույքը ներկել պատվիրատուի նախընտրած գույնով, բացի այդ բազմիցս պատվիրատուին առաջարկվել է գալ արտադրամաս և համաձայնեցնել կահույքի գույնը:

 

V. Կիրառելի իրավունք.

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33 հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: Կողմերի միջև կայացած հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

 

VI. Դատարանի եզրահանգումը և պատճառաբանությունները.

 

Դատարանը հետազոտելով գործով ձեռք բերած ապացույցներն իրենց համակցության մեջ, տալով դրանց իրավական գնահատական, ղեկավարվելով օրենքով, իրավագիտակցությամբ և ներքին համոզմամբ հանգում է այն հետևության, որ հայցապահանջը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ. Սույն քաղաքացիական գործով դատարան է ներկայացվել գրավոր հաշտության համաձայնություն և կողմերը միջնորդել են դատարանին հաստատել իրենց միջև կնքված հաշտության համաձայնությունը: Համաձայն ՀՀ քաղ. դատ օր-ի 33 հոդվածի 1-ին կետի, կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են կնքել հաշտության համաձայնություն: Դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը չի հակասում օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին և չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ օր-ի 33, 130-132 հոդվածներով` դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

 

Քաղաքացիական գործն ըստ հայցի Անդրանիկ Ալեքսանյանի ընդդեմ "ՉԱՓԱՆԻՇ" ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին` կարճել, հաստատելով կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.

 

"ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ"

01.12.2009թ. ք. Երևան


Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԱՔԴ/1267/02/09 քաղ. գործը /ըստ հայցի Անդրանիկ Ալեքսանյանի ընդդեմ "ՉԱՓԱՆԻՇ" ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին/ հաշտությամբ ավարտելու նպատակով կնքվել է հաշտության համաձայնություն հետևյալի մասին

1. Կողմերի միջև 16.10.2008թ-ին կնքված պայմանագրով պատրաստված խոհանոցի կահույքը մնում է "ՉԱՓԱՆԻՇ" ՍՊԸ-ի սեփականությանը, իսկ "ՉԱՓԱՆԻՇ" ՍՊԸ-ն պարտավորվում է վերադարձնել Անդրանիկ Ալեքսանյանին վերջինիս կողմից վճարված 1.550.000 ՀՀ դրամը:

2. "ՉԱՓԱՆԻՇ" ՍՊԸ-ն վերադարձնում է Անդրանիկ Ալեքսանյանին 1.550.000 ՀՀ դրամ պարտքը հետևյալ կերպ. ա/ 200.000 ՀՀ դրամը տրվում է մինչև 23.11.2009թ.: բ/ Մնացած 1.350.000 ՀՀ դրամը վերադարձվում է սկսած 2009թ-ի դեկտեմբեր ամսից մինչև 2010թ-ի մայիս ամիսը` յուրաքանչյուր ամիս 225.000 ՀՀ դրամ: Գումարները վերադարձվում են մինչև ընթացիկ ամսվա վերջին օրը: գ/ Սկսած 2010թ-ի փետրվար ամսից "ՉԱՓԱՆԻՇ" ՍՊԸ-ն Անդրանիկ Ալեքսանյանին վճարում է նաև տոկոսներ` յուրաքանչյուր ամիս չվերադարձված գումարի 1%-ի չափով:

3. Կողմերը հայտարարում են, որ տեղյակ են ՀՀ քաղ. դատ. օր-ի 33 հոդվածով սահմանված այն իրավական հետևանքներին, որոնք առաջանում են հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելուց և օրինական ուժ ստանալուց հետո:

4. Սույն հաշտության համաձայնագրի պահանջները կողմերի կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերը համաձայնվում են, որ այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով` օրենքով սահմանված կարգով:

5. Սույն հաշտության համաձայնությունը կազմված է 3 օրինակից:

 

ԿՈՂՄԵՐ ՍՏՈՐՈԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Պատասխանող` "ՉԱՓԱՆԻՇ" ՍՊԸ-ից բռնագանձել 27.000 ՀՀ դրամ պետական տուրք հօգուտ պետ. բյուջե: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով, պարտապանի հաշվին: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, այն հրապարակելուց հետո մեկամսյա ժամկետում:

 

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՂԱԶԱՐՅԱՆ