Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Սույն  քաղաքացիական գործով, ըստ հայցի Սերժիկ Ավագյանի ընդդեմ Սամմի Դարյանի, երրորդ անձ Վազգեն Մեսրոպյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ Սամմի Դարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Սերժիկ Ավագյանի, երրորդ անձ Վազգեն Մեսրոպյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,  հացվորի՝  Սերժիկ Ավագյանի շահերը  ներկայացնում է Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի  փաստաբան  ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

Վերոնշյալ գործով 11.09.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:  Վճռի դեմ հայցվորի ներկայացուցչի կողմից /Սերժիկ Ավագյանի անունից/ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան:

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 07.02.2020թ. վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և փոփոխել:

 

Գործ թիվ ԵԿԴ/5610/02/15



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

07 փետրվարի 2020 թվական  ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով`


Նախագահող դատավոր` Նաիրա Մարգարյան
Դատավոր` Անի Մխիթարյան
Դատավոր` Արթուր Սմբատյան


Մասնակցությամբ՝
Բողոք բերած անձի ներկայացուցիչ` Լևոն Բաղդասարյան

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակ


Սկզբնական հայցով պատասխանողի ներկայացուցիչ՝ Հակոբ Ճարոյան

դռնբաց դատական նիստում քննելով Սերժիկ Ավագյանի (այսուհետ նաև` Բողոքաբեր) անունից բերված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) թիվ ԵԿԴ/5610/02/15 քաղաքացիական գործով 2019թ. սեպտեմբերի 11-ի վճռի դեմ, ըստ հայցի Սերժիկ Ավագյանի ընդդեմ Սամմի Դարյանի, երրորդ անձ Վազգեն Մեսրոպյան` գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Սամմի Դարյանի ընդդեմ Սերժիկ Ավագյանի, երրորդ անձ՝ Վազգեն Մեսրոպյան` գումարի բռնագանձման պահանջի մասին,


Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Սերժիկ Ավագյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Սամմի Դարյանի, երրորդ անձ Վազգեն Մեսրոպյան` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝
- 18.12.2015թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
- 22.07.2016 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, իսկ գործի վարույթը կասեցվել է;
- 23.12.2016 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:
- 22.09.2017 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Սամմի Դարյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Սերժիկ Ավագյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի՝ 06.03.2018 թվականի որոշմամբ նշանակվել է դատաքննություն:
Դատարանի՝ 11.09.2019թ. վճռով սկզբնական և հակընդդեմ հայցերը մերժվել են:
Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել սկզբնական հայցով հայցվոր Սերժիկ Ավագյանը:
Դատավոր Ն. Կարապետյանի հերթական ամենամյա արձակուրդում գտնվելու հիմքով դատական կազմում ընդգրկվել է դատավոր Ա. Սմբատյանը:
Վերաքննիչ դատարանի՝ 06.11.2019թ. որոշմամբ բավարարվել է Սերժիկ Ավագյանի միջնորդությունը` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու և այդ հարցը դատական ակտով կարգավորելու վերաբերյալ և վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Վերաքննիչ դատարանի՝ 2019թ. դեկտեմբերի 9-ի որոշմամբ վերաքննիչ բողոքի քննությունն իրականացվել է դատական նիստում:
Վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2.Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և բողոք բերած անձի պահանջը.
Ներկայացնելով գործի դատավարական նախապատմությունը և վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները` Բողոքաբերը գտել է, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ, 700-րդ, 709-րդ, 738-րդ, 744-րդ և 751-րդ հոդվածները, նախկին խմբագրությամբ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 130.1-րդ և 1498-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշել է, որ կապալի պայմանագիրը կնքված է համարվում կողմերի միջև համաձայնություն ձեռք բերելու պահից՝ հետևաբար համարվում է կոնսենսուալ պայմանագիր, ըստ որի՝ կապալառուի՝ աշխատանքներ կատարելու պարտականությունն առաջանում է համաձայնությունը կնքելու պահից: Տվյալ դեպքում կողմերի միջև ձեռք չի բերվել պայմանավորվածություն աշխատանքները սկսելու օրվա կապակցությամբ: Կողմերը սահմանել են ոչ թե աշխատանքներն սկսելու ժամանակահատվածը, այլ կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն աշխատանքները ավարտին հասցնելու օրվա կապակցությամբ:
Կողմերը համաձայնություն ձեռք չեն բերել նաև կապալառուի վարձատրության վերաբերալ, հետևաբար՝ կապալառուն ոչ միայն չստանալով նախատեսված գումարը մինչ աշխատանքները սկսելը, այլ նաև այն կատարելով, չի ստացել Պատվիրատուից իր կատարած աշխատանքների դիմաց փոխհատուցում: Բողոքաբերը գտել է նաև, որ անկախ նախնական գումարը պատվիրատուի կողմից փոխանցվել է, թե ոչ, կապալառուի պարտականությունն է կնքված պայմանագրով ձեռք բերված պարտականությունը կատարելը:
Բողոք բերած անձը գտել է նաև, որ կապալառուն հանդիսանում է այն անձը, ով պայմանագրով նախատեսված կարգով պետք է իրականացնի որոշակի աշխատանքներ: Այսինքն՝ սույն գործի փաստերը համադրելով, որևէ այլ ապացույցով չէր հերքվում Հայցվորի՝ որպես կապալառու հանդիսանալու և սահմանված կարգով շինարարական աշխատանքներ կատարելու հանգամանքը: Ավելին պատասխանողի կողմից նշված փաստը չի վիճարկվել: Այն, որ Հայցվորի կողմից են կատարվել շինարարական աշխատանքները, հանդիսանում է անվիճելի փաստ: Բացի այդ, Դատարանը այդ մասով ապացուցման բեռ չի բաշխել: Պատասխանողի կողմից Հայցվորի և Պատասխանողի միջև ձեռք բերված համաձայնությամբ նախատեսված աշխատանքներն այլ անձի հանձնարարելու մասին ապացույց չի ներկայացվել: 
Բողոքաբերի պնդմամբ՝ Դատարանին ներկայացված յուրաքանչյուր ապացույց հավաստել է Հայցվորի կողմից իր պարտավորությունները լիարժեք կատարելու հանգամանքը:
Դատարանը հաշվի չի առել, որ հանձնման-ընդունման ակտի առկայությունը պարտադիր է, եթե դա նախատեսված է պայմանագրով: Բացի այդ, նշված փաստի մասով կողմերի միջև չի բաշխվել ապացուցման պարտականություն, իսկ հայցվորի կողմից դատարանին ներկայացվել է պատասխանողին ուղղված գրություն-նախապահանջ, որով հավաստվում է Պատասխանողի կողմից շինության ընդունումն իրականացնելու կամահայտնության հանգամանքը:
Սույն գործով մինչ աշխատանքի արդյունքի ընդունումն իրականացնելը Պատասխանողի կողմից Հայցվորը պետք է վարձատրվեր, հետևապես, հանձնման-ընդունման ակտին պետք է նախորդեր Պատասխանողի կողմից Հայցվորին 16.079.134 ՀՀ դրամ գումարի փոխանցումը, որը կրկին ապացուցում է, որ սույն գործով որևէ էական նշանակություն ունենալ չէր կարող հանձնման-ընդունման ակտի ստորագրումը Պատասխանողի կողմից Հայցվորին նախատեսված գումարը փոխանցելու հանգամանքը, քանի որ Կողմերի միջև չի նախատեսվել համաձայնություն աշխատանքի արդյունքը Պատասխանողի կողմից ընդունվելու պահից սահմանված գումարը փոխանցելու կապակցությամբ: Ընդհակառակը՝ Պատասխանողի կողմից Հայցվորին նախատեսված գումարը պետք է փոխանցվեր մինչև աշխատանքի արդյունքի պատրաստ լինելը:
Ելնելով վերոգրյալից Բողոքաբերը խնդրել է բեկանել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/5610/02/15 քաղաքացիական գործով 05.02.2019 թվականի վճիռը՝ սկզբնական հայցը բավարարել ամբողջությամբ:

3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 
Դատարանի կողմից հաստատվել և վերաքննիչ բողոքում չի վիճարկվել փաստն այն մասին, որ.
1) ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի` Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական Մ5-1 մատյանի 000028 համարի տակ գրանցված է ք.Երևան, Նորք- Մարաշ համայնք, Ամառանոցային փողոց 53 տան նկատմամբ Սամմի Դարյանի սեփականության իրավունքը /հիմք` 20.10.2015 թվականի թիվ 2114661 սեփականության վկայական/:
2) Ք.Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան փողոցի 53 տան երկկողմանի ստորագրված վերջնահաշվարկում նշված է. «նախնական աշխատանքների արժեքը` 133.300.563 ՀՀ դրամ, բոլոր լրացումների և հանումների արժեքը` 37.048.863 ՀՀ դրամ, ընդամենը աշխատանքների արժեքը` 170.349.426 ՀՀ դրամ, կապալառուի կողմից ստացված նվազագույն գումարները, վճարում 1. - 25.000.000 ՀՀ դրամ, վճարում 2. - 14.896.547 ՀՀ դրամ, վճարում 3. - 23668.250 ՀՀ դրամ, վճարում 4.- 28.210.834 ՀՀ դրամ, վճարում 5. - 22.085.383 ՀՀ դրամ, վճարում 6. - 11.243.469 ՀՀ դրամ, վճարում 7. - 11.495.509 ՀՀ դրամ, վճարում 8. - 2.197.800 ՀՀ դրամ, գումարի մնացորդը` 31.551.634 ՀՀ դրամ:
Հետևյալ աշխատանքները դեռ ավարտված չեն և դրանց դիմաց նշված գումարները կպահվեն կապալառուի հաշվից` մինչև աշխատանքների վերջնական ավարտը: Փայտե կառուցվածքից տանիք` կերամիկական ծածկով վերջին հարկի վերին մասում` 2.040.000 ՀՀ դրամ, ավտոտնակի ամբողջական պատում` 632.500 ՀՀ դրամ, տան կրող պատերի 2 կողմերի անցքերի փակում առանց արտահոսքի հնարավորության` 3.000.000 ՀՀ դրամ, երրորդ հարկից չորրորդ հարկ տանող աստիճանների փոխարինում` 500.000 ՀՀ դրամ, 1.8 մետր խորությամբ լողավազանի փորում տարածքի չորրորդ հարկում` 250.000 ՀՀ դրամ, դրենաժային գծերի ավարտում և անցքերի բացակայության ստուգում` 1.500.000 ՀՀ դրամ, շահագրգիռ մարմիններից գծագիր և կանոններին համապատասխանաբար «Հաստատման» ձեռք բերում` 7.500.000 ՀՀ դրամ, ընդամենը` 15.472.500 ՀՀ դրամ: Ներկա դրությամբ վճարման ենթակա գումարը կազմում` 16.09.134 ՀՀ դրամ: Եթե 1-ից մինչև 6 կետերում նշված աշխատանքները ավարտին չհասցվեն կապալառուի կողմից վճարման ենթակա գումարը ստանալուն պես երեք շաբաթվա ընթացքում, ապա կապալառուն կտուգանվի 1.000.000 ՀՀ դրամի չափով յուրաքանչյուր շաբաթվա համար` մինչև բոլոր աշխատանքների ավարտը»:
3) Դատարանի 22.07.2016 թվականի որոշմամբ գործով նշանակված դատա-շինարարատեխնիկական փորձաքննությամբ փորձագետներին առաջադրվել են հետևյալ հարցերը` հայցվորի /կատարողի/ կողմից փաստացի կատարված շինարարական աշխատանքներն իրենց բնույթով և օգտագործված շինարարական նյութերի տեսակներով համապատասխանում են արդյոք նախագծահաշվարկային փաստաթղթերով նախատեսված աշխատանքների բնույթներին և շինարարական նյութերի տեսակներին, որքան կկազմի հայցվորի /կատարողի/ կողմից փաստացի կատարված շինարարական աշխատանքների շուկայական արժեքը ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող կարգերի համաձայն հաշվարկելու պայմաններում, ք.Երևան, Արմենակյան փողոց 53 հասցեում կատարվել են արդյոք Սամմի Դարյանի և Սերժիկ Ավագյանի միջև կնքված վերջնահաշվարկով կատարված հետևյալ աշխատանքները. փայտե կառուցվածքից տանիք` կերամիկական ծածկով վերջին հարկի վերին մասում, ավտոտնակի ամբողջական պատում, տան կրող պատերի երկու կողմերի անցքերի փակում արտահոսքի հնարավորության, երրորդ հարկից չորրորդ հարկ տանող աստիճանների փոխարինում, 1.8 մետր խորությամբ լողավազանի փորում տարածքի չորրորդ հարկում, դրենաժային գծերի ավարտում և անցքերի բացակայության ստուգում:
«ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը 14.12.2016 թվականի թիվ 31551607 փորձագիտական եզրակացությամբ արձանագրել է`
1. աշխատանքները կատարվել են փորձաքննությանը տրամադրված նախագծերում առկա լուծումներին համապատասխան:
2. Երևան քաղաքի Արմենակյան փողոցի 53 հասցեում գտնվող շինարարական աշխատանքների կատարման գումարի չափը, իսկ ՀՀ Կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 879-Ն որոշմամբ հաստատված «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման» կարգի, հետազոտվող ժամանակահատվածի համար կարող է կազմել 177.101.870 ՀՀ դրամ :
3. Փայտե կառուցվածքից տանիք` կերամիկական ծածկով վերջին հարկի վերին մասում՝ աշխատանքը փաստացի ամբողջովին իրականացված է, «ավտոտնակի ամբողջական պատում» ամբողջովին իրականացված է, «տան կրող պատերի երկու կողմերի անցքերի փակում արտահոսքի հնարավորության» աշխատանքը իրականացված է, սակայն այստեղ պետք է նշել, որ հետազոտվող հողամասի արտաքին պարագծով իրականացված հենապատում առկա անցքերը` հենապատի վերին որոշ հատվածներում իրականացված չեն: Այս հանգամանքի վերաբերյալ հայցվոր կողմը տվեց բանավոր պարզաբանում, որ չսվաղված հատվածները գտնվում են հետազոտվող հողամասի հարևան հողամասերի հողի նիշից վերև, ուստի չսվաղված անցքերը ըստ պայմանավորվածության պետք չէ սվաղել: ... Տեղում կատարված ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ արտաքին հենապատի վրա առկա չսվաղված անցքերը գտնվում են հարևան հողամասերի հողի նիշից վերև, ուստի նման պայմաններում հարևան հողամասերից ջրի ներհոսք չսվաղված անցքերից հնարավոր չէ: «Երրորդ հարկից չորրորդ հարկ տանող աստիճանների փոխարինում» աշխատանքի վերաբերյալ պետք է նշել, որ այդ աստիճանը, փաստացի իրականացվել են ըստ նախագծի: Հայցվոր կողմը այս հարցի վերաբերյալ հայտարարեց, որ փոփոխությունները վերաբերվում են ոչ թե 3-րդ հարկից դեպի 4-րդ հարկ տանող աստիճանավանդակին այլ 2-րդ հարկից դեպի 3-րդ հարկ տանող աստիճանավանդակին, մասնավորապես` նախագծով նախատեսված է աստիճանավանդակի աստիճանները սկիզբ առնեն նախագծով նշված «Գ» առանցքից 2 աստիճան դեպի «Բ» առանցք: 2-րդ հարկից դեպի 4-րդ հարկ տանող աստիճանավանդակի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ փաստացի կառուցված աստիճանավանդակը 2-րդ հարկում սկիզբ է առնում նախագծով նշված «Գ» առանցքի եզրից: Այսինքն, սա նշանակում է, որ ըստ էության փոփոխության է ենթարկվել 2-րդ հարկից դեպի 3-րդ հարկ տանող աստիճանավանդակը: 1.8 մետր խորությամբ լողավազանի փորում տարածքի չորրորդ հարկում ամբողջովին իրականացված է դրենաժային գծերի ավարտում և անցքերի բացակայության ստուգում աշխատանքները իրականացված են:

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները.
Քննելով վերաքննիչ բողոքը ներկայացված հիմքերի և հիմնավորումների սահմաններում` Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.
(I) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 700-րդ հոդվածի համաձայն՝ կապալի պայմանագրով մի կողմը (կապալառուն) պարտավորվում է մյուս կողմի (պատվիրատուի) առաջադրանքով կատարել որոշակի աշխատանք և դրա արդյունքը սահմանված ժամկետում հանձնել պատվիրատուին, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել աշխատանքի արդյունքը և վարձատրել դրա համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 738-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ կապալառուն, շինարարական կապալի պայմանագրով, պարտավորվում է պայմանագրում սահմանված ժամկետում պատվիրատուի առաջադրանքով կառուցել որոշակի օբյեկտ կամ կատարել շինարարական այլ աշխատանքներ, իսկ պատվիրատուն պարտավորվում է կապալառուի համար ստեղծել աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ պայմաններ, ընդունել դրա արդյունքը և վճարել պայմանավորված գինը:
Շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է շենքի (ներառյալ` բնակելի տան), շինության կամ այլ օբյեկտի շինարարության, ինչպես նաև կառուցվող օբյեկտի հետ անխզելիորեն կապված մոնտաժման, գործարկման, կարգավորիչ և այլ աշխատանքներ կատարելու համար: Շինարարական կապալի պայմանագրի կանոնները կիրառվում են նաև շենքերի և շինությունների հիմնական վերանորոգման աշխատանքների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 744-րդ հոդվածի համաձայն՝ Կապալառուի կատարած աշխատանքը պատվիրատուն վարձատրում է նախահաշվով նախատեսված չափով` շինարարական կապալի պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով: Պայմանագրում համապատասխան ցուցումների բացակայության դեպքում աշխատանքի վարձատրությունը կատարվում է սույն օրենսգրքի 709 հոդվածին համապատասխան:
Շինարարական կապալի պայմանագրով կարող է նախատեսվել աշխատանքի միաժամանակյա և լրիվ ծավալով վարձատրություն` պատվիրատուի կողմից օբյեկտն ընդունելուց հետո:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:
Եթե սույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:
Վճռաբեկ դատարանն անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված՝ պայմանագրի մեկնաբանության կանոններին՝ նշելով, որ վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը` կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե'ս թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով վերաքննիչ բողոքի հիմքերի հիմնավորվածությանը և քննարկման առարկա «Վերջնահաշվարկ» վերտառությամբ փաստաթղթի՝ կողմերի համար վիճելի դրույթը մեկնաբանելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ, ըստ էության, արձանագրվել է կատարման ենթակա, սակայն «Վերջնահաշվարկը» կազմելու պահին դեռևս անավարտ աշխատանքների կատարման վերջնաժամկետը: Մասնավորապես՝ «Վերջնահաշվարկ»-ի լեզվաբանական (բառիմաստային, ձևաբանական և շարահյուսական) մեկնաբանությունից ուղղակի կերպով հետևում է, որ Կապալառուն պարտավորվել է, նույն «Վերջնահաշվարկ» վերտառությամբ համաձայնության 1-6-րդ կետերում նշված աշխատանքներն ավարտին հասցնել վճարման ենթակա գումարը ստանալուց հետո երեք շաբաթվա ընթացքում: Ընդ որում, աշխատանքները սահմանված ժամկետում կատարելու կապալառուի պարտավորությունը, կողմերի փոխադարձ համաձայնությամբ, ապահովվել է տուգանքով:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է՝ ինչպես կողմերի փոխադարձ համաձայնությամբ կազմված «Վերջնահաշվարկ»-ում պարունակվող բառերի և արտահայտությունների բառիմաստային բովանդակությունը, այնպես էլ պայմանի շարահյուսական և քերականական ձևակերպումը վկայում են պատվիրատուի հանձնարարությամբ՝ նույն համաձայնության 1-6 կետերում հիշատակված աշխատանքները կապալառուի կողմից կատարելու կողմերի արտահայտած կամահայտնության մասին: Ասվածը հիմնավորվում է նրանով, որ կողմերը կապալառուի կողմից աշխատանքներն սկսելու ժամանակը որևէ կերպ կախվածության մեջ չեն դրել պատվիրատուի՝ աշխատանքների համար վճարման ենթակա գումարը կապալառուի կողմից ստանալու հանգամանքից: Ավելին, գումարի վճարման հանգամանքն էական է գնահատվել միայն կատարման ենթակա աշխատանքների վերջնաժամկետը որոշելու համար, մասնավորապես՝ կապալառուն պարտավորվել է աշխատանքներն ավարտել ոչ ուշ, քան վճարման ենթակա գումարը ստանալուց հետո երեք շաբաթվա ընթացքում:
Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կապալառուի՝ աշխատանքները կատարելու (սկսելու) պարտավորությունը ծագել է նման համաձայնություն կնքելու փաստի ուժով, իսկ կողմերը փոխադարձ համաձայնություն ձեռք են բերել աշխատանքներն ավարտին հասցնելու վերջնաժամկետի շուրջ, այն պայմանավորելով վճարման ենթակա գումարը կապալառուի կողմից ստանալուց հետո՝ երեքշաբաթյա ժամկետի հոսքի ավարտով: 
Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը բխում է նաև մեկնաբանվող պայմանի ու մյուս պայմանների՝ պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրությունից: Կողմերը «Վերջնահաշվարկ» վերտառությամբ համաձայնությամբ արձանագրելով արդեն իսկ կատարված աշխատանքների ավարտը և դրանց դիմաց վճարման ենթակա գումարների վճարված լինելու հանգամանքը, միաժամանակ փաստել են, որ աշխատանքները դեռ ավարտված չեն՝ հստակ արձանագրելով նաև չավարտված և կատարման ենթակա աշխատանքների հստակ ցանկը և դրանց կատարման համար վճարման ենթակա գումարի չափը, իսկ պահանջվող գումարը վճարված լինելու և դրանից հետո երեքշաբաթյա ժամկետում աշխատանքներն ավարտին չհասցենելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ անհիմն են դատարանի հետևություններն այն մասին, որ կապալային աշխատանքների կատարումը պայմանավորվել է վճարման ենթակա գումարի նախապես վճարմամբ, իսկ տուգանքների վճարումը` վճարման ենթակա գումարը ստանալուն պես երեք շաբաթվա ընթացքում աշխատանքների կապալառուի կողմից ավարտին չհասցնելով: Արդյունքում՝ անհիմն են նաև Դատարանի եզրահանգումներն այն մասին, որ կանխավճարի չվճարմամբ պատվիրատուն իր կամքն է արտահայտել նշված աշխատանքների կատարման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ, որպիսի հանգամանքով պայմանավորված վերջինիս մոտ չի ծագել արդեն իսկ կատարված աշխատանքների դիմաց փաստացի վճարելու պարտավորությունը:
Ընդ որում, Դատարանի եզրահանգումները չեն բխում գործի փաստական հանգամանքներից, քանզի՝ պատասխանողը որևէ փաստ չի վկայակոչել՝ աշխատանքները հայցվորի կողմից կատարված չլինելու կամ պահանջվող գումարի՝ որպես կանխավճարի չվճարմամբ աշխատանքների կատարման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ պատվիրատուի կամքն արտահայտելու վերաբերյալ։ Ավելին, ներկայացված հակընդդեմ հայցով ու դրա փոփոխությամբ պատասխանող/հակընդդեմ հայցվորը պահանջել է Սերժիկ Ավագյանից բռնագանձել «Վերձնահաշվարկ» համաձայնագրով սահմանված՝ շաբաթական 1մլն չափով տուգանքի գումարները՝ այն փաստի վկայակոչմամբ, որ հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվա դրությամբ Կապալառուն Պատվիրատուից ստացել է գումարը, սակայն ,,Վերջնահաշվարկ,,-ի 1-6-րդ կետի աշխատանքները երեք շաբաթվա ընթացքում ամբողջությամբ չի իրականացրել։ 
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել և դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Արդյունքում, Դատարանի հետևությունները՝ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված գումարը չվճարելու միջոցով կատարման ենթակա աշխատանքները կատարելու անհրաժեշտության բացակայության մասին պատվիրատուի կամքն արտահայտելու վերաբերյալ, ոչ միայն չեն բխում վիճարկվող դրույթներում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, մեկնաբանվող պայմանի և մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրությունից, այլև ուղղակի կերպով հակասում են պարտավորությունների պատշաճ կատարման սկզբունքի գործողության կանխավարկածին և պարտավորական հարաբերությունների էությանն ընդհանրապես:
Հետևաբար, «Վերջնահաշվարկ» վերտառությամբ փաստաթղթով սահմանված՝ աշխատանքներ կատարելու և ավարտին հասցնելու վերաբերյալ, բողոքի հիմքը հիմնավոր է։
(II) Ինչ վերաբերում է բողոքի հիմքին ու փաստարկներին՝ աշխատանքները հատկապես կապալառուի կողմից կատարված լինել-չլինելու վերաբերյալ՝ Դատարանի եզրահանգման մասով, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:
Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/0936/02/14 քաղաքացիական գործով 2016թ. ապրիլ 22-ի որոշումը):
Վերոգրյալի լույսի ներքո վերլուծելով սույն որոշմամբ վկայակոչված՝ վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը հաստատող ապացույցների բովանդակային համակցությունն ու փոխադարձ կապը՝ Վերաքննիչ դատարանը նշում է, որ՝ ,,Վերջնահաշվարկ,, փաստաթղթից զատ, նաև՝ փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է՝ ք.Երևան, Նորք-Մարաշ համայնք, Ամառանոցային փողոց 53 տանը փաստացի կատարված շինարարական աշխատանքներն իրենց բնույթով համապատասխանում են նախագծահաշվարկային փաստաթղթերով նախատեսված աշխատանքների բնույթներին: Կատարված աշխատանքները մեծամասամբ համընկնում են Սերժիկ ավագյանի և Սամմի Դարյանի միջև կնքված «Վերջնահաշվարկով» նախատեսված՝ կատարման ենթակա աշխատանքների բնույթին:
Բացի այդ, փորձագետի եզրակացության «Հետազոտութուն» բաժնում արձանագրվել է, որ շինությունում փորձագետների կողմից կատարվել է ակնադիտական տեղազննման, ուսումնասիրության և ստուգիչ չափագրման աշխատանքներ, որոնք իրականացվել են հայցվոր Սերժիկ Ավագյանի և պատասխանող Սամմի Դարյանի ներկայացուցչի ներկայությամբ, որոնք մատնացույց են արել հետազոտվող հասցեում իրականացված շինարարական աշխատանքները և տվել են բանավոր պարզաբանումներ և մեկնաբանություններ աշխատանքների բնույթների և ծավալների վերաբերյալ: Սկզբնական հայցով հայցվորի կողմից փորձաքննության ընթացքում տրվել են բանավոր պարզաբանումներ կատարված շինարարական աշխատանքների վերաբերյալ, որոնք ընդունվել են ի գիտություն և հիմք են հանդիսացել նաև փաստացի կատարված և «Վերջնահաշվարկով» նախատեսված՝ կատարման ենթակա աշխատանքների համապատասխանության գնահատման համար:
Արդյունքում, Վերաքննիչ դատարանը վերոշարադրյալ ապացույցների համակցված վերլուծության և դրանց միջև փոխադարձ կապի պայմաններում՝ գտնում է, որ դրանք բավարար են աշխատանքները սկզբնական հայցով հայցվոր Սերժիկ Ավագյանի կողմից կատարված լինելու փաստը հաստատված համարելու համար: Բացի այդ, վերոգրյալում Վերաքննիչ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ Դատարանի նման եզրահանգումը չի բխում գործի հանգամանքներից՝ հաշվի առնելով նաև հակընդդեմ հայցով վկայակոչված փաստը՝ աշխատանքների կատարման ժամկետի խախտման վերաբերյալ։ 
Հետևաբար, հիմնավոր չէ դատարանի եզրահանգումն առ այն, թե որևէ թույլատրելի ու վերաբերելի ապացույցով չի հիմնավորվել , որ կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվել են հայցվորի կողմից։
Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի նշված հիմքը ևս հիմնավոր է:
(III) Անդրադառնալով հանձնման-ընդունման ակտի բացակայության, հետևաբար նաև կատարված աշխատանքների համար վճարելու պարտավորության վերաբերյալ ստորադաս դատարանի եզրահանգումների մասով՝ բողոքի հիմքին ու փաստարկներին, ՎԵրաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 744-րդ հոդվածի համաձայն՝ Կապալառուի կատարած աշխատանքը պատվիրատուն վարձատրում է նախահաշվով նախատեսված չափով` շինարարական կապալի պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով: Պայմանագրում համապատասխան ցուցումների բացակայության դեպքում աշխատանքի վարձատրությունը կատարվում է սույն օրենսգրքի 709 հոդվածին համապատասխան:
Շինարարական կապալի պայմանագրով կարող է նախատեսվել աշխատանքի միաժամանակյա և լրիվ ծավալով վարձատրություն` պատվիրատուի կողմից օբյեկտն ընդունելուց հետո:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 709-րդ հոդվածի համաձայն՝ պատվիրատուն պարտավոր է պայմանավորված գինը կապալառուին վճարել աշխատանքի արդյունքները վերջնական հանձնելուց հետո, պայմանով, եթե աշխատանքը կատարված է պատշաճ և պայմանավորված ժամկետում կամ ժամկետից շուտ` պատվիրատուի համաձայնությամբ, եթե կատարվող աշխատանքի կամ դրա առանձին փուլերի նախնական վարձատրություն նախատեսված չէ կապալի պայմանագրով:
Սույն պարագայում կողմերը ոչ միայն չեն նախատեսել աշխատանքի միաժամանակյա և լրիվ ծավալով վարձատրություն` պատվիրատուի կողմից օբյեկտն ընդունելուց հետո, այլև աշխատանքները ավարտելու պատվիրատուի պարտավորության կատարման ժամկետի հաշվարկը պայմանավորել են կապալառուի կողմից վճարման ենթակա գումարը ստանալու փաստով, ինչից հետևում է պատվիրատուի՝ կատարման ենթակա աշխատանքների համար նախքան աշխատանքների ավարտը վճարելու պարտականությունը: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կողմերի համաձայնությամբ նախատեսվել է կատարվող աշխատանքի նախնական վարձատրություն, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 709-րդ հոդվածով սահմանված՝ պայմանավորված գինը աշխատանքի արդյունքները վերջնական հանձնելուց հետո կապալառուին վճարելու իրավակարգավորումները սույն պարագայում կիրառելի չեն:
Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել գործի ելք վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի հայցը՝ 16,079,134 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, հիմնավոր է և ենթակա է բավարարման:
Միաժամանակ, մասնակի բավարարման է ենթակա 16,079,134 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու պահանջը հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:
ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը՝ նշելով, որ դրամական պարտավորության չկատարման համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմք է ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելը (տե՛ս, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-502/ՎԴ գործով 26.09.2008 թվականի որոշումը); նաև՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով 22.07.2016 թվականի որոշումը): 
Այսինքն, ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման սկսած կետանցի՝ պարտապանի կողմից պարտավորությունը կատարելու պարտականության ծագման օրվանից մինչև պարտավորության դադարման օրը:
Սույն պարագայում, հայցվորի կողմից պատասխանողին 18.11.2015թ. հասցեագրված նախապահանջով հաստատվում է՝ առնվազն 18.11.2015թ. դրությամբ՝ կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքների կատարումը սկզբնական հայցով հայցվորի կողմից ավարտելու փաստը: Հիմք ընդունելով նաև Վերաքննիչ դատարանի սույն որոշման (I)-ին կետի մեկնաբանությունն այն մասին, որ պատվիրատուն ստանձնել է նախքան աշխատանքների կատարման ավարտը փոխադարձ համաձայնությամբ նախատեսած վճարը կապալառուին վճարելու պարտավորություն՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում առկա են բավարար հիմքեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի 1-ին մասի կիրառման համար, հետևաբար 16,079,134 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 2015թ. նոյեմբերի 18-ից մինչև դրա փաստացի մարումը պետք է հաշվարկել և Սամմի Դարյանից հօգուտ Սերժիկ Ավագյանի բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված տոկոսները:
Ինչ վերաբերում է 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու և այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու վերաբերյալ պահանջներին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործում առկա ապացուցներով չի հաստատվում սկզբնական հայցով հայցվորի կողմից կատարված աշխատանքների դիմաց 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով գումար վճարելու պարտավորության առկայությունը: Ավելին, կողմերի ստորագրությամբ կազմված «Վերջնահաշվարկ» փաստաթղթի համաձայն՝ Ներկա դրությամբ վճարման ենթակա գումարը կազմում` 16.09.134 ՀՀ դրամ:
Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցն այդ մասով անհիմն է և ենթակա է մերժման:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վերաքննիչ դատարանի լիազորությունը՝ հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր քննության անհրաժեշտությունը բացակայում է՝ այնքանով, որքանով Դատարանը գործում առկա ապացույցների հետազոտման արդյունքում հաստատված է համարել փաստեր, որոնք էական նշանակություն ունեցող են ընդունվել նաև Վերաքննիչ դատարանի կողմից՝ շարադրելով դրանք սույն որոշման՝ ,,3․վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը․,, կետում, բացի այդ՝ Դատարանի հետազոտված ապացույցների հիման վրա հաստատվում է փաստն այն մասին, որ Ք.Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան փողոցի 53 տանը Սամմի Դարյանի և Սերժիկ Ավագյանի կողմից երկկողմանի ստորագրված վերջնահաշվարկում շարադրված շինարարական աշխատանքները կատարվել են Սերժիկ Ավագյանի կողմից:
Դատական ակտը փոփոխելիս Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: 
Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մասնակի՝ սկզբնական հայցի մասով, պետք է բեկանել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/5610/02/15 քաղաքացիական գործով 11․09․2019 թվականի վճիռը և փոփոխել հետևյալ կերպ` «Սկզբնական հայցը բավարարել մասնակի։ Սամմի Դարյանից հօգուտ Սերժիկ Ավագյանի բռնագանձել՝
-16,079,134 ՀՀ դրամ։
-16,079,134 ՀՀ դրամ գումարի նկատմամբ սկսած 2015թ. նոյեմբերի 18-ից մինչև դրա փաստացի մարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարը:
Սկզբնական հայցը՝ 3․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի և դրան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների բռնագանձման մասով, մերժել»:

Անդրադառնալով դատական ակտի բեկանման և փոփոխման արդյունքում դատական ծախսերի վերաբաշխման հարցին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` սույն գլխի կանոնների համաձայն: Ըստ նշված կանոնների` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի):
Տվյալ դեպքում, հաշվի առնելով սկզբնական հայցի մասնակի բավարարման ենթակա լինելու, ինչպես նաև այն հանգամանքը, որ Դատարանի՝ 18.12.2015թ. որոշմամբ բավարարվել է սկզբնական հայցով հայցվոր Սերժիկ Ավագյանի միջնորդությունը՝ պետական տուրքի չվճարված մասի վճարումը հետաձգելու վերաբերյալ (պետական տուրք վճարվել է 4,000 ՀՀ դրամի չափով՝ անդորրագիր՝ 151216015783014, հատոր 1, գ.թ. 15), Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պետք է բեկանել սկզբնական հայցով պետական տուրքի բաշխմանը վերաբերող՝ բողոքարկվող վճռի եզրափակիչ մասի երրորդ պարբերությունը և փոփոխել՝ հաշվի առնելով, որ․
-Պատասխանող Սամմի Դարյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի ենթակա է բռնագանձման 16,079,134 ՀՀ դրամի 2 տոկոսը=321,582.68-4,000 ՀՀ դրամ=317,582,68 ՀՀ դրամ, ինչպես նաև 16,079,134 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 2015թ. նոյեմբերի 18-ից մինչև 16.12.2015թ. (հայցադիմումը դատարան ներկայացնելու օր)ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսների հանրագումարի 2 տոկոսը՝ որպես սկզբնական հայցի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար: Միաժամանակ՝ սկզբնական հայցով պատասխանող Սամմի Դարյանից հօգուտ Սերժիկ Ավագյանի ենթակա է բռնագանձման 4,000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
-Հիմք ընդունելով սկզբնական հայցը՝ 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և այդ գումարի նկատմամբ 2015թ. նոյեմբերի 18-ից մինչև դրա փաստացի մարումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկման և բռնագանձման պահանջի մասով, մերժման ենթակա լինելու հանգամանքը, Սերժիկ Ավագյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի ենթակա է բռնագանձման 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի 2 տոկոսը, ինչպես նաև 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ 2015թ. նոյեմբերի 18-ից մինչև 16.12.2015թ. (հայցադիմումը դատարան ներկայացնելու օր)ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսների հանրագումարի 2 տոկոսը՝ որպես սկզբնական հայցի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:

5.Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն ու եզրահանգումը վերաքննիչ բողոքով դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
Անդրադառնալով վերաքննիչ բողոքով դատական ծախսերի բաշխման հարցին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն կազմված է միայն պետական տուրքի գումարներից:
Նկատի ունենալով, որ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարանի՝ 2019թ. նոյեմբերի 6-ի որոշմամբ բավարարվել է Սերժիկ Ավագյանի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգվել է և որոշվել է այդ հարցը կարգավորել դատական ակտով, ինչպես նաև վերաքննիչ բողոքի մասնակի բավարարման հանգամանքը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սկզբնական հայցով պատասխանող Սամմի Դարյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի ենթակա է բռնագանձման 16,079,134 ՀՀ դրամի 3 տոկոսը=482,374,02 ՀՀ դրամ, ինչպես նաև 16,079,134 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 2015թ. նոյեմբերի 18-ից մինչև 16.12.2015թ. (հայցադիմումը դատարան ներկայացնելու օր)ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսների հանրագումարի 3 տոկոսը՝ որպես վերաքննիչ բողոք համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:
Վերոգրյալի հիման վրա, ինչպես նաև հիմք ընդունելով սկզբնական հայցը մասնակի՝ 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, ինչպես նաև 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ 2015թ. նոյեմբերի 18-ից մինչև դրա փաստացի մարումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկման և բռնագանձման պահանջի մասով, մերժման ենթակա լինելու հանգամանքը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սկզբնական հայցով հայցվոր Սերժիկ Ավագյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի ենթակա է բռնագանձման 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի 3 տոկոսը, ինչպես նաև 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ 2015թ. նոյեմբերի 18-ից մինչև 16.12.2015թ. (հայցադիմումը դատարան ներկայացնելու օր)ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսների հանրագումարի 3 տոկոսը՝ որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:
Վերոգրյալների հիմքով և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ, 374-րդ, 376-րդ, 380-րդ, 381-րդ, 386-րդ և 387-րդ հոդվածների դրույթներով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. Սերժիկ Ավագյանի վերաքննիչ բողոքը մասնակի բավարարել: Մասնակի՝ սկզբնական հայցի մասով, բեկանել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/5610/02/15 քաղաքացիական գործով 11․09․2019 թվականի վճիռը՝ եզրափակիչ մասի առաջին և երրորդ պարբերությունները, և փոփոխել հետևյալ կերպ.
«Սկզբնական հայցը բավարարել մասնակի։ 
Սամմի Դարյանից հօգուտ Սերժիկ Ավագյանի բռնագանձել՝
-16,079,134 ՀՀ դրամ։
-16,079,134 ՀՀ դրամ գումարի նկատմամբ սկսած 2015թ. նոյեմբերի 18-ից մինչև դրա փաստացի մարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարը:
Սկզբնական հայցը՝ 3․000ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի և դրան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների բռնագանձման մասով, մերժել:
Սամմի Դարյանից հօգուտ Սերժիկ Ավագյանի բռնագանձել 4,000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրքի գումար։ 
Սամմի Դարյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 317,582,68 ՀՀ դրամ, նաև՝ 16,079,134 ՀՀ դրամ գումարի նկատմամբ սկսած 2015թ. նոյեմբերի 18-ից մինչև 16.12.2015թ. (հայցադիմումը դատարան ներկայացնելու օր) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսների հանրագումարի 2 տոկոսը՝ որպես հայցադիմումի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:
Սերժիկ Ավագյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի 2 տոկոսը, նաև՝ 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ 2015թ. նոյեմբերի 18-ից մինչև 16.12.2015թ. (հայցադիմումը դատարան ներկայացնելու օր)ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսների հանրագումարի 2 տոկոսը՝ որպես հայցադիմումի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար»:
2. Սամմի Դարյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 482,374,02 ՀՀ դրամ, նաև՝ 16,079,134 ՀՀ դրամ գումարի նկատմամբ սկսած 2015թ. նոյեմբերի 18-ից մինչև 16.12.2015թ. (հայցադիմումը դատարան ներկայացնելու օր) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսների հանրագումարի 3 տոկոսը՝ որպես վերաքննիչ բողոքի բավարարված մասով վճարման ենթակա պետական տուրքի գումար:
2․1․Սերժիկ Ավագյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի 3 տոկոսը, նաև՝ 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ 2015թ. նոյեմբերի 18-ից մինչև 16.12.2015թ. (հայցադիմումը դատարան ներկայացնելու օր)ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսների հանրագումարի 3 տոկոսը՝ որպես վերաքննիչ բողոքի մերժված մասով վճարման ենթակա պետական տուրքի գումար:
2․2․Վերաքննիչ բողոքով դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
3.Որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամովին չկատարելու դեպքում կկատարվի հարկադիր կարգով՝ պարտապանի հաշվին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` ՀՀ վճռաբեկ դատարան:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ՝ ՆԱԻՐԱ  ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

ԴԱՏԱՎՈՐ՝ ԱՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐ ՝ ԱՐԹՈՒՐ  ՍՄԲԱՏՅԱՆ