2009 թվականի նոյեմբերի 13-ին քաղաք Երևանում, դռնբաց դատական նիստում քննելով Ռոբերտ Այվազյանի վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 27.10.2006թ. թիվ 2-2336 վճռի դեմ`
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Ստեփան, Զիրավարդ, Նաիրա, Ամալյա, Արմեն և Արմինե Սարգսյանները, Մարիամ և Հերմինե Շողոյանները (օրինական ներկայացուցիչ` Զիրավարդ Սարգսյան), դիմելով Դատարան, խնդրել են Էլֆրիդա Աբրահամյանի մահից հետո ճանաչել իրենց ժառանգությունն ընդունած ժառանգներ և ճանաչել նրանց յուրաքանչյուրի սեփականության իրավունքը Երևանի Ռիգայի փողոցի թիվ 5 տան Աբրահամյանի բաժնեմասի նկատմամբ, տիրազուրկ ճանաչել տանը կից` դիմողների կողմից փաստացի օգտագործվող հողամասը և դրա նկատմամբ ճանաչել իրենց սեփականության իրավունքը: Գործով ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ Արմեն Հարությունյանը, դիմելով Դատարան, խնդրել է ձեռքբերման վաղեմության ուժով իրեն ճանաչել Երևանի Ռիգայի փողոցի թիվ 5 տան 420քմ օրինական հողամասից 30.1քմ հողամասի և այդ հողամասով ծառնարաբեռնված օրինական շինության սեփականատեր: Դատարանը (դատավոր` Ա. Առաքելյան) 27.10.2006թ. վճռել է Ստեփան, Զիրավարդ, Նաիրա, Ամալյա, Արմեն և Արմինե Սարգսյանների, Մարիամ և Հերմինե Շողոյանների (օրինական ներկայացուցիչ` Զիրավարդ Սարգսյան) դիմումը և Արմեն Հարությունյանի դիմումը բավարարել: Գործին մասնակից չդարձված անձ Ռոբերտ Այվազյանի կողմից վերոնշյալ վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք: Ստեփան և Ամալյա Սարգսյանների կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան:
2. Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող և Դատարանի կողմից հաստատված փաստերը.
1. 1937-1938թթ. Ավետիք Ղազարյանին անհատական կարգով բնակարան կառուցելու համար հատկացվել է հողամաս` Ն.Արաբկիրի թիվ 5 հասցեում` 420քմ մակերեսով:
2. 11.02.1991թ. հատակագծի համաձայն` նշված հողատարածքի չափերը կազմել են 12.0մ լայնություն և 35.0մ երկարություն, որպես սեփականատեր նշված է Հայկ Բաբուխանյանը:
3. Կողմերի տված բացատրությունների և 05.02.1968թ. նոտարական կարգով չվավերացված առուվաճառքի պայմանագրի համաձայն` Ստեփան Սարգսյանը Հայկ Բաբուխանյանի կողմից գնել է բնակելի տան մի մասը, իսկ Արմեն Հարությունյանի հայր Ալբերտ Հարությունյանը` 32քմ բնակելի տարածք:
4. Ս. Սարգսյանի կողմից գնված կառույցները Երևանի քաղաքապետի 30.12.1998թ. թիվ 1247 որոշմամբ համատեղ սեփականության իրավունքով հատկացվել են Ս.Սարգսյանի ընտանիքի անդամ հանդիսացող վեց դիմողներին, նրա հանգուցյալ կնոջը` Էլֆրիդա Աբրահամյանին և երկու թոռներին` Մարիամ և Հերմինե Շողոյաններին:
5. Վերջիններիս իրավունքը նշված կառույցների նկատմամբ գրանցվել է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-իի կողմից:
6. Էլֆրիդա Աբրահամյանի մահից հետո փաստացի տիրապետման եղանակով նրա բաժնեմասը ժառանգել են ամուսինը` Ս. Սարգսյանը և երեխաները` Զիրավարդ, Նաիրա, Ամալյա, Արմեն և Արմինե Սարգսյանները, ովքեր 10 տարուց ավել բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ օգտագործում են ըստ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիրի տարածքային ստորաբաժանման 02.10.2006թ. եզրակացության` օրինական հողատարածքի սահմաններում գտնվող 22.3քմ և 7.8քմ մակերեսներով օրինական շինությունները և դրանցով զբաղեցված հողատարածքը:
3. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ բողոքում ներկայացվել են հետևյալ փաստարկները. Երևանի Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը կայացվել է դատավարական իրավունքի նորմերի պահանջների խախտումներով, որոնք կայանում են հետևյալում. Ըստ բողոքաբերի` 27.10.2006թ. թիվ 2-2336 վճիռը կայացվել է բողոքաբերի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, քանի որ նշված գործի քննությանը Դատարանը բողոքաբերին որպես կողմ չի ներգրավել, որի արդյունքում վերջինիսի պատկանող գույքի նկատմամբ կայացվել է դատական ակտ` զրկելով իրեն այն գույքից: Դատարանը դատական ակտում գործի քննության ժամանակ հաստատել է հետևյալը. Դատարանին է ներկայացվել 11.02.1991թ. հատակագիծ, որի համաձայն նշված հողատարածքի չափերը կազմել են 12մ լայնություն և 35մ երկարություն, որպես սեփականատեր է նշված Հայկ Բաբուխանյանը□: Հայկ Բաբուխանյանը հանդիսացել է Ռոբերտ Այվազյանի պապը: Միչդեռ, նույնիսկ այս պարագայում Դատարանը որևէ գործողություն չի իրականացրել պարզելու համար` ձեռքբերման վաղեմության ուժի հիմքով ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ կան այլ անձինք, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է այս գործը: Ըստ բողոքաբերի` այն հանգամանքը, որ վերը նշված հասցեի անշարժ գույքն իր կողմից է տիրապետվում, հաստատվում է հետևյալ փաստաթղթերով. - 30.10.1997թ. թիվ 121 Արաբկիրի թաղապետի որոշմամբ, որում նշվել է հետևյալը … □Այժմ հանգուցյալի թոռը` Ռոբերտ Այվազյանը, դիմել է թաղապետարան և խնդրում է պապի փոխարեն վարձակալ ճանաչել իրեն: Ուսումնասիրությունից պարզվել է, որ դիմողը ծնվել է այդ տանը, այնտեղից մեկնել է բանակ և զորացրվելուց հետո` 1987թ. վերագրանցվել ու ընտանիքի չորս անձով` ինքը, կինը` գրանցված 1987թ., երկու երեխան ծնված` 1986թ., 1991թ., բնակվում են վերը նշված հասցեում, զբաղեցնելով 20.5քմ բնակելի և 33.1քմ ընդհանուր մակերեսով 2 սենյակ /հիմք` 19 թաղային կոմիտեի կողմից տրված տեղեկանքները, □Արաբկիր-5□ ՓԲԸ-ի զեկուցագիրը և չափագրման տեղեկանքը/□: - 18.05.1988թ. տրված Երևան քաղաքի 26 Կոմիսարների անվան շրջանային սովետի գործկոմի բնակարանային տնտեսության արտադրական վարչության բնակարանային շահագործման տեղամասի թիվ 28/5 տեղեկանքով, ըստ որի այն տրվել է քաղ. Վարսենիկ Բաբուխանյանին, որ նա իր բնակավայրից` Երևանի Ռիգայի փողոցի թիվ 5 տուն, դուրս է գրվել 27.04.1988 թվականից` մշտական բնակության ԱՄՆ մեկնելու կապակցությամբ: Այդ նույն հասցեում բնակվում է իր թոռը` Ռոբերտ Այվազյանն իր ընտանիքով: - 29.03.2009թ. թիվ 17 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից տրված տեղեկանքով, ըստ որի` ք. Երևան Ռիգայի թիվ 5 հասցեի 20.5քմ բնակելի և 33.1քմ ընդհանուր մակերեսով երկու սենյականոց տունը և նրա դիմացի բակային մասում 1955 թվականից բնակվել և այն պատկանել է Հայկ Բաբուխանյանին, որի մահից հետո նշված հասցեի վարձակալ է հանդիսանում նրա թոռը` Ռոբերտ Այվազյանը: - 22.07.2009թ. ՀՀ Երևանի քաղաքապետի թիվ 6876-Ա որոշմամբ, որով որոշվել է`
1. Վերականգնել Ռիգայի փողոցի հ.5 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռոբերտ Այվազյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 80.46քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 80.46քմ մակերեսով հողամասի և նրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
2. Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիրի տարածքային ստորաբաժանման կողմից:
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով:
4. Ք. Երևան, Ռիգայի փողոցի հ. 5 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե` □Ռիգայի փողոցի հ. 5 տուն□:
5. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիր տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ռոբերտ Այվազյանի սեփականության իրավունքը` ամրագրված հողամասի և շենք-շինության նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական` լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները…: Մինչդեռ, առանց բողոքաբերին դատավարությանը մասնակից դարձնելու, Դատարանը բավարարել է դիմումներով ներկայացված պահանջները և կայացրել նրա իրավունքներին և պարտավորություններին առնչվող դատական ակտ, որով խախտվել են վերջինիս իրավունքները: Նշվածը կայանում է նրանում, որ Դատարանի կողմից վճիռ կայացնելիս, և նախքան դա, բողոքաբերը բնակվել է նշված հասցեում: Վերոգրյալը հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և □Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշպանության մասին□ եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջների խախտման: Փաստորեն, խախտելով նշված իրավանորմերը, Դատարանը, քննելով սույն գործը, բողոքաբերին չի ներգրավել գործի քննությանը, այն էլ այն պարագայում, երբ հաստատել է փաստ առ այն, որ ներկայացվել է 11.02.1991թ. հատակագծի համաձայն` նշված հողատարածքի չափերը կազմել են 12մ լայնություն և 35մ երկարություն, որպես սեփականատեր է նշված Հայկ Բաբուխանյանը: Ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ խախտվում են իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքները, որոնք ամրագրված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով: Տվյալ գործի քննությանը բողոքաբերին ներգրավելու անհրաժեշտությունը կայանում էր նրանում, որ ունենալով անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ, ընդ որում, դիմումի պահանջը վերաբերում էր հենց անշարժ գույքի այն մասին, որի նկատմամբ բողոքաբերն ունի իրավունքներ, ՀՀ օրենսդրությամբ իրավունք է վերապահված դատական գործի քննության ընթացքում կատարել որոշակի գործողություններ, մասնավորոպես, ներկայացնել առարկությունները` այս կամ այն հարցի, փաստարկի կամ դիրքորոշման վերաբերյալ, գործով կողմին հարցեր տալ, ներկայացնել գրավոր ապացույցներ և այլն: Միչդեռ, գործին մասնակից չդարձնելու արդյունքում, ըստ բողոքաբերի, ինքը զրկվում է իրեն օրենքի ուժով պատկանող անշարժ գույքից: Ավելին, Դատարանը, հաստատելով վերը նշված փաստը, պարտավոր էր ղեկավարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի պահանջով, մինչդեռ, Դատարանը փաստելով այլ անձի իրավունքի առկայությունը տվյալ գործում, դիմումները չի թողել առանց քննության, ինչով թույլ է տվել հիշյալ իրավունքի պահանջի խախտում: Ավելին, Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (Վճռաբեկ դատարանի 18.05.2007թ. թիվ 3-881 քաղաքացիական գործով և 17.11.2006թ. թիվ 3-2343/ՎԴ քաղաքացիական գործով կայացված որոշումներ): Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ, 209-211-րդ հոդվածների պահանջները, 221-րդ հոդվածի պահանջները` բողոքաբերը խնդրել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 27.10.2006թ. թիվ 2-2336 վճիռն ամբողջությամբ բեկանել և դիմումները թողնել առանց քննության: 4. Վերաքննիչ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները. Վերաքննիչ բողոքի փաստարկն առ այն, որ 11.02.1991թ. հատակագծի համաձայն` վիճելի հողամասի չափերը կազմել են 12մx35մ և որպես դրա սեփականատեր նշված է Հայկ Բաբուխանյանը, որը կարող է հանդիսանալ բողոքաբերի պապը, հիմնավոր է, սակայն դատական ակտը չի զրկել բողոքաբերին իրեն չպատկանող և իր տիրապետման ներքո չգտնվող գույքից: 02.10.2006թ. փաստացի չափագրումից հստակ երևում է, որ Ռիգայի 5 հասցեի 400քմ հողատարածքը բաժանված է 3 ընտանիքների միջև, որոնք փաստացի, բացահայտ և անընդմեջ տիրապետում են իրենց կողմից զբաղեցրած տարածքները: Եթե նշվածը բավարար ապացույց չի հանդիսանում Դատարանի համար, ապա տեղազննությամբ կարող է պարզվել, թե բողոքաբերը Ռիգայի 5 հասցեի շրջանակներում կոնկրետ որտեղ է բնակվում: Վերաքննիչ բողոքին կից ներկայացված մյուս տեղեկանքը ձեռք է բերվել խաբեության միջոցով: Նշված կեղծ ապացույցների միջոցով բողոքաբերը փորձում է իրավական առումով հերքել սույն գործով դիմողների կողմից փաստացի, բացահայտ և անընդմեջ 10 տարուց ավելի վիճելի գույքի տիրապետման փաստը և դեռ ավելին, իր պապիկի օտարած տարածքները, քանի որ դեռևս 1962թ. օգոստոսի 24-ին Հայկ Բաբուխանյանի շենքը վարկը չմուծելու պատճառով պետականացվել է: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Ստեփան և Ամալյա Սարգսյանները խնդրել են վերաքննիչ բողոքը մերժել: 5. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Քննելով վերաքննիչ բողոքը դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը: Նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերի համաձայն` դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին, սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը: Ստեփան, Զիրավարդ, Նաիրա, Ամալյա, Արմեն և Արմինե Սարգսյանները, Մարիամ և Հերմինե Շողոյանները (օրինական ներկայացուցիչ` Զիրավարդ Սարգսյան), դիմելով Դատարան, խնդրել են Էլֆրիդա Աբրահամյանի մահից հետո ճանաչել իրենց ժառանգությունն ընդունած ժառանգներ և ճանաչել նրանցից յուրաքանչյուրի սեփականության իրավունքը Երևանի Ռիգայի փողոցի 5 տան` Է. Աբրահամյանի բաժնեմասի նկատմամբ, տիրազուրկ ճանաչել տանը կից` դիմողների կողմից փաստացի օգտագործող հողամասը և դրա նկատմամբ ճանաչել իրենց սեփականության իրավունքը: Գործով ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ Արմեն Հարությունյանը, դիմելով Դատարան, խնդրել է ձեռքբերման վաղեմության ուժով իրեն ճանաչել Երևանի Ռիգայի փողոցի թիվ 5 տան 420քմ օրինական հողամասից 30.1քմ հողամասի և այդ հողամասով ծանրաբեռնված օրինական շինության սեփականատեր: Դատարանը, բավարարելով նշված պահանջները, գործը ըստ էության քննել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերի հիմքով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին: Նույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման արդյունքով վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցը ամբողջովին կամ դրա մի մասը: Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացված որոշումներով անրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով դիմումն առանց քննության թողնելու հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ հատուկ վարույթի կարգով քննվող գործերն այն գործերն են, որտեղ պետք է բացակայի նյութաիրավական վեճը: Հատուկ վարույթի հիմնական տարբերությունը հայցային վարույթից կայանում է հենց իրավունքի մասին վեճի բացակայության մեջ: Դատարանը, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, վեճի առկայության կամ բացակայության հարցը պետք է պարզի` ելնելով տվյալ գործի փաստերից, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներից: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունը ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյո՞ք գործի փաստերից ելնելով առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյո՞ք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա: Նման կապի, ինչպես նաև այդ փաստի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի բացակայության դեպքում իրավունքների մասին վեճի վերաբերյալ հայտարարությունն ինքնին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի իմաստով հայցն առանց քննության թողնելու հիմք չէ: Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին (Տես` □Ֆիրմա ՄՄ□ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի թիվ 3-445(Ա) գործով 02.03.2007 թվականի որոշումը): Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքաբեր Ռոբերտ Այվազյանի և սույն գործով դիմողներ Ստեփան, Զիրավարդ, Նաիրա, Ամալյա, Արմեն և Արմինե Սարգսյանների, Մարիամ և Հերմինե Շողոյանների (օրինական ներկայացուցիչ` Զիրավարդ Սարգսյան), Արմեն Հարությունյանի միջև վեճ է ծագել գույքի` ժառանգական զանգվածի մեջ մտնող գույքի ժառանգման վերաբերյալ և ձեռքբերման վաղեմության ուժով այդ գույքի տիրապետման վերաբերյալ, հետևաբար, սույն վեճը հատուկ վարույթի կանոններով քննարկման ենթակա չէ, և հատուկ վարույթի կարգով ներկայացված դիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով պետք է թողնել առանց քննության: Վերը նշված պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն վերաքննիչ բողոքը պետք է բավարարել` բեկանելով դատական ակտը և սույն գործով ներկայացված դիմումները թողնել առանց քննության: Նմանատիպ դիրքորոշում ամրագրված է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 16.10.2009թ. թիվ ԱՎԴ2/0387/02/08 որոշմամբ: Անդրադառնալով պետական տուրքի հարցին` Վերաքննիչ դատարանն այն համարում է լուծված: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիկական դատավարության օրենսգրքի 219-րդ, 220-րդ, 221-րդ և 2211 –րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ռոբերտ Այվազյանի վերաքննիչ բողոքը բավարարել:
2. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 27.10.2006թ. թիվ 2-2336 վճիռը բեկանել և Ստեփան, Զիրավարդ, Նաիրա, Ամալյա, Արմեն և Արմինե Սարգսյանների, Մարիամ և Հերմինե Շողոյանների (օրինական ներկայացուցիչ` Զիրավարդ Սարգսյան), Արմեն Հարությունյանի դիմումները թողնել առանց քննության:
3. Պետական տուրքի հարցը համարել լուծված:
4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և այն կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան` օրենքով սահմանված ժամկետներում և կարգով:
Նախագահող դատավոր` Կ. ՀԱԿՈԲՅԱՆ
Դատավոր` Տ. ՍԱՀԱԿՅԱՆ
Դատավոր` Տ. ՆԱԶԱՐՅԱՆ
|
|