Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
ԳՈՐԾ ԹԻՎ ԵԱԴԴ 0359/02/09
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով`
28.08.2009թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` ԱՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ
քարտուղարությամբ` ՍՈՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
Հայցվորի ներկայացուցիչներ` ՍԵՐԳԵՅ ՄԿՐՏՉՅԱՆ
Պատասխանողի ներկայացուցիչ` ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի "ԷԳԱ" ՍՊԸ-ի /ներկայացուցիչ Սերգեյ Մկրտչյան/ ընդդեմ "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի` "պարտավորությունը խախտելու հետևանքով պատճառված վնասները հատուցելու պահանջի մասին",

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Դատավարական նախապատմությունը


"ԷԳԱ" ՍՊԸ-ի հայցադիմումն ընդդեմ "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի` "պարտավորությունը խախտելու հետևանքով պատճառված վանասները հատուցելու պահանջի մասին", ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մխիթարյանի 06.05.2009թ. որոշմամբ ընդունվել է վարույթ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22.2 գլխի կանոնների համաձայն գործը նախապատրաստվել է դատաքննության: Պատասխանողը հայցադիմումի վերաբերյալ պատասխան է ներկայացրել: Հակընդդեմ հայց չի հարուցվել: Դատավարության այլ մասնակիցներ չեն ներգրավվել:

 

2. Հայցվորի դիրքորոշումը

 

Հայցվորը հայտնել է, որ 30.10.2009թ. իրենց ընկերությունը Երևանի քաղաքապետարանի "Ջրային կառույցներ" պետական փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել է պայմանագիր, ըստ որի "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ն պարտավորվել է 2007թ. դեկտեմբեր, 2008թ. հունվար, փետրվար, մարտ և դեկտեմբեր, 2009թ. հունվար, փետրվար և մարտ ամիսներին` Երևանի "Կարապի լիճ" սահադաշտի գործունեության ժամանակահատվածի համար, այդ սահադաշտի շուրջը, իրենց ընկերությանը տրամադրել 40քմ մակերեսով տարածք, արտաքին գովազդի նպատակով ծառայեցնելու համար: Կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի ընդհանուր գումարը սահմանվել է 520000 դրամ: Իրենց ընկերությունը պարտավորվել է սահմանված կարգով և ժամկետում վճարել գումարը և տարածքն օգտագործել միայն գովազդի նպատակով: Ստանձնած պարտավորություններին համապատասխան իրենց ընկերությունը 2007-2008թթ. համար վճարել է պայմանագրով սահմանված 260000 դրամը և հատկացված տարածքն օգտագործել է ըստ նպատակային նշանակության: Այն է` երրորդ անձանց հետ կնքված պայմանագրերի համաձայն տեղադրել է վերջիններիս պատվիրած գովազդները, ստացել է եկամուտ և բարեխղճորեն կատարել է պետ. բյուջեի հանդեպ ունեցած հարկային պարտավորությունները: 2008թ. դեկտեմբեր, 2009թ. հունվար-մարտ ամիսների համար իրենց ընկերությունը նոր պայմանագիր է կնքել "Էլիպս ՋԻ Էյ" ՍՊԸ-ի հետ թվով 60 գովազդային պաստառներ տեղադրելու համար: Այդ պայմանագրի համաձայն նախապես պատրաստվել են գովազդային վահանակներն ու պաստառները, սակայն տեղադրելուց ընդամենը 6 օր առաջ պատասխանողը 20.11.2008թ. թիվ ՋԿ75 գրությամբ իրենց հայտնել է, որ կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն "ձմեռային սեզոնի "Կարապի լիճ" սահադաշտում գովազդի համար տարածքը տրամադրելն այս տարի հնարավոր չէ, որի պատճառով պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցնում է": Թեև պատասխանողը չի պատճառաբանել, թե պայմանագրի որ կետի համաձայն կամ ինչ հիմքով է միակողմանի հրաժարվում պարտավորությունը կատարելուց, սակայն փաստ է, որ առկա չի եղել որևէ անհաղթահարելի ուժի գործոն: 2008թ. դեկտեմբեր ամսից սահադաշտը նախկինի պես գործել է և նույն տարածքը, որն ըստ պայմանագրի հատկացվել էր իրենց ընկերությանը, հանձնվել է մեկ այլ անձի` նույն գովազդային նպատակով շահագործելու համար: ՀՀ քաղ. օր. 347 հոդվածի համաձայն պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ պարտավորության պայմաններին, օրենքին կամ այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան: ՀՀ քաղ. օր. 348 հոդվածի 1-ին մասի համաձայն պարտավորությունը և դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվելը` կապված դրա կողմերի ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ և նման պարտավորության պայմանների միակողմ փոփոխելը թույլատրվում է նաև պայմանագրով նախատեսված դեպքերում, եթե այլ բան չի բխում օրենքից կամ պարտավորության պայմաններից: Կողմերի միջև 30.10.2007թ. պայմանագրով պարտավորության կատարումից հրաժարվելու կամ միակողմ դադարեցնելու պայման չի սահմանվել: Այդ պայմանագրի 5.1 կետով սահմանվել է, որ պայմանագրի վաղաժամկետ լուծելու դեպքում գովազդային տարածքները հանձնվում են 10 օրացույցային օրվա ընթացքում: Պատասխանողը ոչ պայմանագրի, և ոչ էլ որևէ իրավական ակտի ուժով իրավունք չուներ, առանց օրենքով սահմանված հիմքերի, միակողմանիորեն դադարեցնել պարտավորության կատարումը: Պատասխանողի կողմից պարտավորությունը խախտելու պատճառով իրենց ընկերությունը կրել է ինչպես 4443000 դրամի նյութական վնաս, այնպես էլ դրա պատճառով իրենց ընկերությունն իր հերթին չկարողանալով կատարել երրորդ անձանց առջև ստանձնած պարտավորությունները, նրանց մոտ կորցրել է վստահությունը` կրելով գործարար համբավի անվերականգնելի վնաս: "Էլիպս ՋԻ Էյ" ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի համաձայն պատվիրատուն պարտավորվել է իրենց ընկերությանը վճարել 4.500.000 դրամ` ներառյալ ԱԱՀ-ի 20%-ը` պայմանագրով սահմանված պարտավորություններից հրաժարվելու դեպքում սահմանվել է տուգանք` այդ գումարի 35 տոկոսի չափով: ՀՀ քաղ. օր. 409 հոդվածի համաձայն պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառված վնասները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վնասները որոշվում են ՀՀ քաղ. օր. 17 հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան: ՀՀ քաղ. օր. 17 հոդվածի համաձայն վնասներ են իրավունքը խախտած անձի ծախսերը, որը նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա կորուստը կամ վնասվածքը` /իրական վնաս/, ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր /բաց թողնված օգուտ/: Երրորդ անձի հետ կնքված պայմանագրի համաձայն իրենց ընկերությունը վճարման ենթակա 4500000 դրամից ավելացված արժեքի ու մյուս հարկային պարտավորությունների գործով պետք է պետ բյուջե վճարեր 1.372.000 դրամ: Պատասխանողին պետք է վճարեր 260 հազար դրամ, իսկ մնացած գումարը` 2868000 դրամը կազմում է իրենց ընկերության բաց թողնված օգուտը: Պատասխանողի մեղքով չկարողանալով կատարել երրորդ անձի առջև ստանձնած պարտավորությունը և կրելով 4500000 դրամի 35 տոկոսը կամ 1575000 դրամ տուգանք վճարելու պարտավորություն, այդ չափով իրենց ընկերությունը կորցնում է իր գույքը, կրելով իրական վնաս: Այսպիսով պատասխանողի մեղքով իրենց կրած վնասը կազմում է 4443000 դրամ, որն էլ ենթակա է հատուցման: Ելնելով վերոգրյալից խնդրել են սույն հայցադիմումն ընդունել դատարանի վարույթ և քննության արդունքում հայցը բավարարել լրիվ ծավալով: Այն է` պատասխանող "Ջրային կառույցներ" ՊՓԲ ընկերությունից հօգուտ իրենց ընկերության բռնագանձել 4443000 /չորս միլիոն չորս հարյուր քառասուներեք հազար/ դրամ որպես պատճառված վնասի հատուցում: Միաժամանակ հայցվորի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` խնդրելով հետաձգել պետական տուրքի վճարման ժամկետը, որը ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մխիթարյանի 06.05.2009թ. որոշմամբ բավարարվել է: Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչները պնդեցին հայցապահանջը և խնդրեցին պատասխանող "Ջրային կառույցներ" ՊՓԲ ընկերությունից հօգուտ իրենց ընկերության բռնագանձել 4443000 /չորս միլիոն չորս հարյուր քառասուներեք հազար/ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում:

 

3. Պատասխանողների դիրքորոշումը

 

Պատասխանողը հացադիմումի վերաբերյալ պատասխան է ներկայացրել, հայտնելով, որ հայցվոր "ԷԳԱ" ՍՊԸ-ի հայցապահանջն ընդդեմ Ջրային կառույցներ ՊՓԲԸ-ի հենվում է կողմերի միջև 30.10.2007թ. պայմանագրի ոչ լիարժեք ընկալման և դրանից բխող հետագա ընթացքների կամայական մեկնաբանման վրա: Այն հիմնավորված չէ և մերժելի է լրիվ` հետևյալ պատճառներով: Նշված պայմանագրի 5.1 կետով սահմանված դրույթը կողմերի համար անառարկելի սահմանում է"Պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում գովազդային տարածքները հանձնվում են 10 օրացուցային օրվա ընթացքում": Տվյալ դրույթը ոչ մի կերպ չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսդրությանը: Տվյալ դրույթը սպառիչ կերպով ցուցում է պարունակում այն մասին, որ պայմանագիրը վաղաժամկետ կարող է լուծվել ոչ միայն ֆորս-մաժորային իրավիճակների հետ կապված, առավել ևս, որ դրան ուղղված պայմանագիրը պարունակում է հստակորեն առանձնացված դրույթ, այլև սոսկ պատասխանողի նախաձեռնությամբ: Ավելորդ է ասել, որ հակառակ դեպքում իմաստազուրկ կլիներ պայմանագրի վաղաժամկետ լուծման հետ հայցվորի կողմից տարածքները հանձնելու 10-օրյա ժամկետի կապակցումը: Տվյալ դրույթը, իր ողջ հրամայականությամբ հանդերձ, պայմանագիրը ստորագրելիս պարտադիր պայման է եղել պատասխանողի` որպես տնտեսական ճգնաժամային իրավիճակի սթափ գնահատող տնտեսվարող սուբյեկտի համար: Պետք է ակնկալվեր պայմանագրային սթափ մոտեցում նաև հայցվորի կողմից, առավել ևս, որ շարադրված հանգամանքների ուժով կարող է կտրուկ վատթարանալ կամ բարելավել տնտեսվարող սուբյեկտի իրավիճակը և փոփոխություններ կրել նրա գործարքային հարաբերությունների բնույթն ու շրջանակը: Բացի այդ, ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447 հոդվածի պահանջից, միանշանակ է, որ պայմանագրի մեկնաբանման առումով այդ դեպքում արդեն այլ բնույթ են ստանում գործարար շրջանառության սովորույթները: Տարակուսանք է հարուցում, որ շարադրված գործոններն ու դրանց հետ հիմնավորապես առնչվող պայմանագրային նշված դրույթը սկզբունքորեն չնկատելու փորձ է կատարում հայցվորն այն դեպքում, երբ նրա կողմից, որպես հայցապահանջի հիմնավորում բերվող "Էլիպս ՋԻ Էյ"ՍՊԸի հետ 15.11.2008թ. կնքված պայմանագիրը 4.2 կետով վերոգրյալից սկզբունքային համարժեք դրույթ է պարունակում իր նախաձեռնությամբ պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ: Իսկ համարվող առարկությունները` ուղղված ինչ-ինչ տուգանքների ու վնասների ներկայացմանն ու դրանց հատուցման պահանջներին, մերժելի են: Ելնելով վերոգրյալից, հայցվորն իրավաբանորեն ազատ էր պատասխանողի հետ կնքված պայմանագրին պատշաճ կամ համարժեք վերաբերմունք ունենալու, այլ ոչ անհամաչափ պահանջներ ներկայացնելու ուղղված փաստաթղթերի փաթեթ նախապատրաստելու գործում, քանի որ սույնով ներկայացվող պայմանագիրն առնչվելով երրորդ անձանց հետ հարաբերություններին, նա պետք է հնարավոր կորուստների ռիսկը կապակցեր միմիայն նշված պայմանագրին իր ոչ լիարժեք կամ չկշռադատված մոտեցումների հետ: Հայցվորի կողմից երրորդ անձանց հղումը տեղին չէ, էական չէ ամենևին: Միաժամանակ, վերոգրյալի պարզաբանման նպատակով չեն կարող չանրադառնալ նաև հայցվորի այն փաստարկմանը, որ կողմերի միջև կնքված պայմանագրի առարկա հանդիսացող տարածքը պայմանագրի վաղաժամկետ լուծումից մոտ 3 ամիս անց "նույն գովազդի նպատակով շահագործելու համար հանձնվել է մի այլ անձի": Նման իրավիճակ կարող էր առաջանալ միայն վերոհիշյալ տնտեսական հանկարծահաս հանգամանքների բերումով, այլապես, ոչ միայն լիովին անիմաստ էր դառնում գործարքի կողմին համարժեք կողմով փոխարինելը, այլև ի հայտ էր գալու առավել անբարենպաստը, այն է` սեփական գործարար համբավի անկումը: Իսկ թե որոնք էին այդ հանգամանքները, բացահայտմանն ուղղված հնարավոր հարցերը տեղին չեն կարող գնահատել, քանի որ առնչվելու են առևտրային գաղտնիքին և գործարար համբավին: Այս առումով անհրաժեշտ և բավարար են գնահատում վերոգրյալի հետ կապված այն մոտեցումը, որ ամիսների ընդմիջումից հետո դարձյալ նույն անձի /հայցվորի/ հետ չեն վերսկսել հարաբերությունը: Բնական է, որ դրա պատշաճ իրացմանն արդեն կարող էր խոչընդոտել համագործակցության հեռանկարի որոշակի անորոշության ընկալումից բխող անվստահությունը: Միաժամանակ լրացուցիչ հիմնավորումներ են ներկայացրել հայցադիմումի պատասխանին, հայտնելով, որ գտնում են, որ հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջն անհիմն է, զուրկ իրավական հիմնավորումներից, և հետևաբար, ենթակա մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Ներկայացված հայցադիմումով հայցվորն ակնհայտորեն փորձում է չարաշահել ՀՀ օրենսդըրությամբ անձին տրված դատարան դիմելու իրավունքը, ինչն էլ անթույլատրելի է: Նշվածը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12 հոդվածի պահանջներից, ըստ որի օրենսդիրը հստակ սահմանել է` /1-ին կետ/ քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողությունները, որոնք իրականացվում են բացառապես այլ անձի վնաս պատճառելու մտադրությամբ, ինչպես նաև իրավունքն այլ ձևով չարաշահելը չի թույլատրվում: Նույն հոդվածով սահմանվել է նաև հետևյալը` /2-րդ կետ/ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջները չպահպանելու դեպքում դատարանը կարող է մերժել անձին նրան պատկանող իրավունքի պաշպանության հարցում: Տվյալ պարագայում, հայցվոր կողմը, ներկայացնելով այն, որ կողմերի միջև կնքած պայմանագիրը 20.11.2008թ. գրությամբ միակողմանի դադարեցվել է, անտեսում է այն կարևոր փաստը, որ այդ գրությունից հետո վերջինս 21.11.2008թ. գրավոր տեղեկացրել է, որ պայմանագիրը միակողմանի դադարեցնելն ընկերության կողմից չի կարող ընդունվել, ինչպես նաև վերջինս շարունակվել է պայմանագրի պարտավորությունների կատարումը: Դեռ ավելին, նշված գրությունից հետո կողմերի կնքած պայմանագիրը չի լուծվել: Նշվածը կայանում է նրանում, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468 հոդվածով սահմանվել է պայմանագրի փոփոխման և լուծման կարգ, որը կայանում է հետևյալում` պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչպես պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից: Հոդվածի 2-րդ կետով սահմանվել է, որ կողմը կարող է պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին պահանջը դատարան ներկայացնել միայն պայմանագրի փոփոխման կամ լուծման առաջարկի վերաբերյալ մյուս կողմի մերժումն ստանալուց կամ այդ առաջարկը նշված ժամկետում պատասխանը չստանալուց հետո, իսկ դրա բացակայության դեպքում` երեսնօրյա ժամկետում: Հետևապես, անվիճելի փաստ է, որ կողմերի միջև կնքված պայմանագիրը չի լուծվել, քանի որ կնքած պայմանագրի նկատմամբ որևէ պայմանագրի գործողության լուծման մասին համաձայնություն ձեռք չի բերվել և նման համաձայնություն չի կնքվել: Դրա պարտադիր կատարումն էլ բխում է վերը նշված իրավանորմի պահանջից, այն է` պայմանագիրը լուծվում է այն ձևով ինչով կնքվել է: Դեռ ավելին, պայմանագրի լուծման պահանջով նույնիսկ "Ջրային կառույցներ" ՊՓԲԸի կողմից դատարան հայց երբևէ չի ներկայացվել: Ավելին, այն, որ պայմանագրի գործողությունը չի դադարեցվել, հաստատվում է հենց հայցվորի կողմից 25.11.2008թ. Երևանի քաղաքապետին ուղղված գրությամբ, ըստ որի հայցվորը հստակ հայտնել է, որ "ԷԳԱ" ՍՊԸ-ն չի ընդունում միակողմանի դադարեցման փաստը և շարունակում է պայմանագրային պարտավորությունների կատարումը: Նման պայմաններում, երբ կողմերի միջև առկա չէ որևէ փաստագրված պայմանագրի լուծման համաձայնություն և առկա է հայցվորի կողմից պայմանագրի գործողության շարունակական փաստ, վնասների պատճառման մասին խոսք լինել չի կարող, քանի որ "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ն, ըստ հայցվոր կողմի վկայակոչած քաղաքացիական օրենսգրքի 347 հոդվածի պահանջի, որևէ գործողություն չի կատարել, որոնք կարող են դիտվել պարտավորությունների պատշաճ կատարման պայմանների, օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան խախտում, ինչն էլ հաստատվում է վերը նշված պատճառաբանությամբ: Ուստի այդ իրավանորմի և նույն օրենսգրքի 348 հոդվածի պահանջները չեն կարող կիրառվել հայցը բավարարելու համար: Հետևապես, վերը նշվածով, ինչպես նաև այն անվիճելի փաստով, որ կողմերի միջև կնքված պայմանագրի գործողությունը շարունակվել է, քանի որ առկա չէ որևէ համաձայնագիր` պայմանագրի գործողության դադարման մասին, և նրանով, որ հայցվորը ինքն է իր գրությամբ հայտնել պայմանագրի գործողության շարունակման և չդադարեցման մասին իր դիրքորոշումը, գտնում է, որ հայցվորը չի կարող ներկայացնել վնասների հատուցման պահանջ, կամ ներկայացնելու դեպքում էլ գտնում է, որ այն չի կարող բավարարվել, քանի որ "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի կողմից որևէ գործողություն չի իրականացվել, որոնք կհանգեցնեին վնասների պատճառման: Նշված հիմքով գտնում է, որ հայցվորի կողմից վկայակոչված վնասի հատուցման վերաբերյալ իրավանորմի պահաջները կիրառվելի չեն սույն վեճի նկատմամբ և հայցի բավարարման իրավական հիմք չեն կարող լինել, այն էլ այն դեպքում, երբ հայցվոր կողմը, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի պահանջի, չի ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի գործողությունների հիմքով է իբր հայցվորին պատճառվել վնաս: Հետևապես, ներկայացված լրացուցիչ հիմնավորումներով և հայցվորի կողմից պայմանագրի գործողության շարունակման փաստով, որն ի դեպ, վերջինս է փաստել, գտնում է, որ պատճառված վնասի, ընդ որում, չստացված եկամուտի մասին, այն պարագայում, երբ հայցվորի իրավունքները "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի կողմից չեն խախտվել, խոսք լինել չի կարող, և հետևապես, գտնում է, որ նման պահանջն իրավազուրկ է և ենթակա մերժման: Նշել է նաև, որ հայցվորը չի ներկայացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87 հոդվածի 2-րդ մասի պահանջով, ըստ որի հայցադիմումում պետք է նշվեն բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը, սահմանված հաշվարկ, որի հիման վրա վերջինս այդ հոդվածի պահանջը խախտել է: Ինչ վերաբերում է վնասներին, ապա հայցվոր կողմը չի ներկայացրել ապացույց կատարված ծախսերի վերաբերյալ, ինչպես նաև չի ներկայացրել ապացույց այն ծախսերի վերաբերյալ, որը պետք է կատարեր խախտված իրավունքները վերականգնելու համար: Ավելին, հայցվորի կողմից ներկայացվել է միայն որպես վնասների հատուցում չստացված եկամուտները, որը նա իբր պետք է ստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում առանց համապատասխան հիմնավորման: Դեռ ավելին, Եվրոպական կոնվենցիայի նախադեպային իրավունքում չկա գոնե մեկ նախադեպ, որտեղ վնասները հատուցվեն այդ հիմքով: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով վերը հիշատակված իրավանորմերի պահանջները, հայցել է հայցվորի կողմից ներկայացված հայցն ընդդեմ "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի` պարտավորությունները խախտելու հետևանքով պատճառված վնասները հատուցելու պահանջի մասին, գտնել ամբողջությամբ անհիմն և մերժել: Դատաքննության ժամանակ պատասխանողի ներկայացուցիչն առարկեց հայցի դեմ և խնդրեց հայցը մերժել:

 

1. Գործի փաստերը Չվիճարկվող փաստեր

 

"Ջրային կառույցներ" ՓԲԸ-ի, ի դեմս տնօրեն Հ. Խաչատրյանի, և "ԷԳԱ" ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն Է. Գասպարյանի, միջև, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի 29.05.2007թ. թիվ 16/01-8414Հ գրությունը, 30.10.2007թ. կնքվել է պայմանագիր, որի համաձայն`"Ջրային կառույցներ" ՓԲԸ-ն "ԷԳԱ" ՍՊԸ-ի ժամանակավոր շահագործմանն է հանձնում սահադաշտի 40քմ տարածք, տեղաբաշխված սահադաշտի շուրջ: "ԷԳԱ" ՍՊԸ-ն պատվերի առարկությունից ելնելով, տարածքը ծառայեցնում է արտաքին գովազդի նպատակով և սույն պայմանագրով սահմանված կարգով վճարում է "Ջրային կառույցներ" ՓԲԸ-ին: Պայմանագրի 1.1.1 և 1.2.1 կետերի համաձայն` "Ջրային կառույցներ" ՓԲԸ-ն պարտավորվում է սույն պայմանագրի համաձայն տրամադրել "ԷԳԱ" ՍՊԸ-ին 40քմ տարածք, տեղաբաշխված սահադաշտի շուրջը: "ԷԳԱ" ՍՊԸ-ն պարտավորվում է համաձայն սույն պայմանագրի ապահովել պայմանագրային գումարը: Պայմանագրի 3.1 կետով սահմանված են պայմանագրի ժամկետները, համաձայն որի սույն պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է 2007թ. դեկտեմբերի ու 2008թ. հունվար, փետրվար, մարտ ամիսներին և 2008թ. դեկտեմբեր ու 2009թ. հունվար, փետրվար, մարտ ամիսներին` սահադաշտի գործունեության ժամանակահատվածում: Պայմանագրի 5.1 կետի համաձայն` պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում գովազդային տարածքները հանձնվում են 10 օրացույցային օրվա ընթացքում: Պայմանագրի 6.1 և 6.2 կետերի համաձայն` սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով` համաձայն ՀՀ օրենքներին: Պայմանագրի պայմանները չկատարելու դեպքում համապարտ պատասխանատվություն են կրում ստորագրող կողմերը: "Էլիպս ՋԻ Էյ" ՍՊԸ-ի, /այսուհետ` "Պատվիրատու"/ ի դեմս տնօրեն Ա.Զաքարյանի, որը գործում է կանոնադրության հիման վրա, մի կողմից, և "ԷԳԱ" ՍՊԸ-ի /այսուհետ` "Կատարող"/, ի դեմս տնօրեն Է. Գասպարյանի, որը գործում է կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, միջև 15.11.2008թ. կնքվել է պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի կողմից ներկայացված թվով 60 գովազդային պաստառները տեղադրել "Կարապի լիճ" սահադաշտի շուրջ` համաձայն "ԷԳԱ" ՍՊԸ-ի և "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի միջև 30.10.2007թ. կնքված պայմանագրի` 2008թ.-ի դեկտեմբերի և 2009թ. հունվար, փետրվար, մարտ ամիսներին սահադաշտի գործունեության ժամանակահատվածում: Պայմանագրի 3.1 կետի համաձայն` սույն պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 4500000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ 20%-ը: Իսկ պայմանագրի 4.3 կետի համաձայն` Կատարողի կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու դեպքում, Կատարողը վճարում է տուգանք` չկատարված պարտավորությունների գումարի 35%-ի չափով: Համաձայն ՀՀ Երևանի քաղաքապետարանի "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենի 20.11.2008թ. թիվ 16/ՋԿ-75 գրության`"Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ն հայտնել է "ԷԳԱ" ՍՊԸ-ի տնօրենին, որ 30.01.2007թ. "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի և "ԷԳԱ" ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն` ձմեռային սեզոնին "Կարապի լիճ" սահադաշտում գովազդի համար տարածք տրամադրելն այս տարի հնարավոր չէ, որի պատճառով պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է /հիմք` ՀՀ Երևանի քաղաքապետարանի "Ջրային կառույցների" ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենի 20.11.2008թ. թիվ 16/ՋԿ-75 գրությունը/: "ԷԳԱ" ՍՊԸ-ն 21.11.2008թ. դիմել է "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենին հայտնելով, որ հիմք ընդունելով "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի և "ԷԳԱ" ՍՊԸ-ի միջև կնքված, սահադաշտի 40քմ արտաքին գովազդի նպատակով տարածքի ժամանակավոր հանձնման պայմանագիրը, "ԷԳԱ" ՍՊԸ-ն 2008թ. դեկտեմբերի և 2009թ. հունվար, փետրվար ամիսներին գովազդային ծառայություն մատուցելու նպատակով պատվիրատու կազմակերպությունների հետ կնքել է պայմանգրեր և ունի պարտավորություններ այդ կազմակերպությունների նկատմամբ: 20.11.2008թ. 16/ՋԿ-75 գրության`"Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի կողմից ուղղված գրությամբ պայմանագիրը միակողմանի դադարեցնելը ընկերության կողմից չի կարող ընդունվել, քանի որ իրենց ընկերությունը վերը նշված տարածքում գովազդային ծառայություն չմատուցելու դեպքում կրում է այլ պայմանգրերով նախատեսված տուգանքներ, որն ընկերությունը ստիպված կլինի դատական կարգով գանձել մեղավոր կողմից: "Կարապի լիճ" սահադաշտում գովազդի համար նախատեսված տարածքի այս տարի չտրամադրելու "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի միակողմանի որոշումը չի կարող հիմք հանդիսանալ իրենց միջև կնքված պայմանագրի վաղաժամկետ լուծմանը: Երկկողմանի համաձայնության գալու համար անհրաժեշտ կլինի "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի կողմից կատարել իրենց ընկերությանը հասցրած վնասների փոխհատուցումը, հակառակ դեպքում այն կարող է լուծվել միայն պայմանագրով նախատեսված վեճերի լուծման կարգի 6.1 և 6.2 կետերի համաձայն: Սպասում են "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի պատասխանին և այդ ժամանակահատվածում խնդրում են ձեռնպահ մնալ այլ հակաօրինական գործողություններից և այլ անձանց հետ պայմանավորվածություններից /հիմք` "ԷԳԱ" ՍՊԸ-ի տնօրենի 21.11.2008թ. գրությունն` ուղղված "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենին/: "ԷԳԱ" ՍՊԸ-ն 25.11.2008թ. դիմել է Երևանի քաղաքապետին, հայտնելով, որ "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի և "ԷԳԱ" ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, իրենց ընկերության ժամանակավոր շահագործմանն է հանձնվել "Կարապի լիճ" սահադաշտի գովազդային տարածքից 40քմ տարածքը` արտաքին գովազդի տեղադրելու նպատակով: Հիմք ընդունելով` "ԷԳԱ" ՍՊԸն 2008թ. դեկտեմբեր և 2009թ. հունվարփետրվար ամիսներին գովազդային ծառայություններ մատուցելու նպատակով պատվիրատու կազմակերպությունների հետ կնքել է պայմանագրեր, որոնց համաձայն վերջիններիս հանդեպ ունի պարտավորություններ: 20.11.2008թ. "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի կողմից իրենց է հասցեագրվել թիվ 16/ՋԿ-75 գրությունը, որում նշվում է, որ "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ն միակողմանիորեն վաղաժամկետ դադարեցնում է պայմանագիրը, քանի որ սահադաշտի գովազդային տարածքն այս տարվա ձմեռային սեզոնին տրամադրել հնարավոր չէ: Վերջինիս գործողությունները հակասում են ՀՀ գործող օրենսդրությանը, քանի որ իրենց ընկերությունների միջև կնքված պայմանագիրը հանդիսանում է հատուցելի պայմանագիր, տվյալ դեպքում "ԷԳԱ" ՍՊԸ-ն "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի միակողմանի և ոչ բարեխիղճ գործողությունների արդյունքում կրում է մեծ վնասներ: Ելնելով վերոգրյալից խնդրել են Երևանի քաղաքապետի անմիջական միջամտությունը տվյալ գործին, որպեսզի կանխվեն նմանօրինակ գործողությունները ՀՀ Երևանի քաղաքապետարանին պատկանող "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի կողմից: "ԷԳԱ" ՍՊԸ-ն չի ընդունում միակողմանի դադարեցման փաստը և շարունակում է պայմանագրային պարտավորթյունների կատարումը և անհրաժեշտության դեպքում ստիպված կլինի դիմել ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված և չարգելված բոլոր հնարավոր միջոցների` իրենց ընկերությանը պատճառված բոլոր վնասները փոխհատուցելու համար /հիմք` "ԷԳԱ" ՍՊԸ-ի 25.11.2008թ. գրությունը Երևանի քաղաքապետին/:

 

Ապացուցման ենթակա փաստեր

 

"ԷԳԱ" ՍՊԸ-ի տնօրենը 30.11.2008թ. դիմել է Կենտրոն համայնքի ղեկավարին` համայնքի տարածքում "Կարապի լիճ" սահադաշտի շուրջ 40քմ մակերեսով թվով 60 հատ գովազդներ տեղադրելու համար գործող կարգի համաձայն թույլտվություն տալու համար: Համաձայն ՀՀ Երևանի Կենտրոն թաղապետի տեղակալի 11.12.2008թ. թիվ 23/22-128/2168 գրության` "Կենտրոն" թաղային համայնք է դիմել "Վավան" ՍՊԸ-ն 04.12.2008թ. գրությամբ "Կարապի լիճ" սահադաշտի շուրջ արտաքին գովազդ տեղադրելու նպատակով` ներկայացնելով "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի հետ կնքված պայմանագիրը համապատասխան չափի տեղական տուրքի վճարման անդորրագիրը և տեղադրվելիք գովազդային նյութի ուրվանկարը, որոնց հիման վրա "Վավան" ՍՊԸ-ին տրամադրվել է արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն /հիմք` ՀՀ Երևանի Կենտրոն թաղապետի տեղակալի 11.12.2008թ. թիվ 23/22-128/2168 գրությունը/: Համաձայն "Էլիպս ՋԻ Էյ"ՍՊԸ-ի 15.01.2009թ. գրության` ուղղված "ԷԳԱ" ՍՊԸ-ի տնօրենին, իրենց ընկերությունների միջև կնքված 15.11.2008թ. պայմանագրի` գովազդային ծառայությունների կատարման մասով, "ԷԳԱ" ՍՊԸ-ի կողմից չեն կատարվել ստանձնած պարտավորությունները, ուստի առաջարկում են սեղմ ժամկետում վճարել 15.11.2008թ. պայմանագրի 4.3 կետով նախատեսված տուգանքը, որից հետո համաձայն 4.2 կետի, լուծել վերը նշված պայմանագիրը /հիմք`"Էլիպս ՋԻ Էյ" ՍՊԸ-ի 15.01.2009թ. գրությունը` ուղղված "ԷԳԱ" ՍՊԸ-ի տնօրենին/:

 

2. Կիրառելի իրավունքը

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466, 468 հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածը:

 

3. Իրավական խնդիր

 

Արդյո՞ք պատասխանող "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ն պարտավոր է "ԷԳԱ" ՍՊԸ-ին հատուցել "ԷԳԱ" ՍՊԸ-ի կրած վնասները` հայցվորի կողմից դատարան ներկայացված ապացույցների պարագայում:

 

4. Վերլուծություն

 

Դատարանն ապացուցված է համարում այն հանգամանքը, որ "Ջրային կառույցներ" ՓԲԸ-ի, ի դեմս տնօրեն Հ. Խաչատրյանի, և "ԷԳԱ" ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն Է. Գասպարյանի, միջև, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի 29.05.2007թ. թիվ 16/01-8414Հ գրությունը, 30.10.2007թ. կնքվել է պայմանագիր /այսուհետ` Պայմանագիր/, որի համաձայն "Ջրային կառույցներ" ՓԲԸ-ն "ԷԳԱ" ՍՊԸ-ի ժամանակավոր շահագործմանն է հանձնում սահադաշտի 40քմ տարածք, տեղաբաշխված սահադաշտի շուրջ: "ԷԳԱ" ՍՊԸ-ն պատվերի առկայությունից ելնելով, տարածքը ծառայեցնում է արտաքին գովազդի նպատակով և սույն պայմանագրով սահմանված կարգով վճարում է "Ջրային կառույցներ" ՓԲԸ-ին: Պայմանագրի 1.1.1 և 1.2.1 կետերի համաձայն` "Ջրային կառույցներ" ՓԲԸ-ն պարտավորվում է սույն պայմանագրի համաձայն տրամադրել "ԷԳԱ" ՍՊԸ-ին 40 քմ տարածք, տեղաբաշխված սահադաշտի շուրջը: "ԷԳԱ" ՍՊԸ-ն պարտավորվում է համաձայն Պայմանագրի ապահովել պայմանագրային գումարը: Պայմանագրի 3.1 կետով սահմանված է, որ Պայմանագրի գործողության ժամկետը, սահմանվում է 2007թ. դեկտեմբեր ու 2008թ. հունվար, փետրվար, մարտ ամիսներին և 2008թ. դեկտեմբեր ու 2009թ. հունվար, փետրվար, մարտ ամիսներին` սահադաշտի գործունեության ժամանակահատվածում: Պայմանագրի 5.1 կետի համաձայն` Պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում գովազդային տարածքները հանձնվում են 10 օրացույցային օրվա ընթացքում: Պայմանագրի 6.1 և 6.2 կետերի համաձայն` Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով` համաձայն ՀՀ օրենքների: Պայմանագրի պայմանները չկատարելու դեպքում համապարտ պատասխանատվություն են կրում ստորագրող կողմերը: Տվյալ պարագայում դատարանը փաստում է, որ Պայմանագրով նախատեսված է Պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում հետևանքների վերաբերյալ դրույթ, մինչդեռ վաղաժամկետ լուծման որևէ կարգ Պայմանագրով սահմանված չէ: Դատարանն ապացուցված է համարում նաև, որ ՀՀ Երևանի քաղաքապետարանի "Ջրային կառույցների" ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենն իր 20.11.2008թ. գրությամբ հայտնել է "ԷԳԱ" ՍՊԸ-ի տնօրենին, որ 30.01.2007թ. "Ջրային կառույցների" ՊՓԲԸ-ի և "ԷԳԱ" ՍՊԸ-ի միջև կնքված Պայմանագրի համաձայն` ձմեռային սեզոնին "Կարապի լիճ" սահադաշտում գովազդի համար տարածք տրամադրելն այս տարի հնարավոր չէ, որի պատճառով պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է /հիմք` ՀՀ Երևանի քաղաքապետարանի "Ջրային կառույցների" ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենի 20.11.2008թ. թիվ 16/ՋԿ-75 գրությունը/: Այսինքն` Պայմանագրի կողմերից մեկը` "Ջրային կառույցների" ՊՓԲԸ-ն, մյուս կողմին` "ԷԳԱ" ՍՊԸ-ին, հայտնել է Պայմանագրի վաղաժամկետ դադարեցման իր մտադրության մասին: Ի պատասխան վերոնշյալ գրության "ԷԳԱ" ՍՊԸ-ի տնօրենը 21.11.2008թ. դիմել է "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենին, հայտնելով, որ հիմք ընդունելով "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի և "ԷԳԱ" ՍՊԸ-ի միջև կնքված, սահադաշտի 40քմ արտաքին գովազդի նպատակով, տարածքի ժամանակավոր հանձնման պայմանագիրը, "ԷԳԱ" ՍՊԸ-ն 2008թ. դեկտեմբեր և 2009թ. հունվար, փետրվար ամիսներին գովազդային ծառայություններ մատուցելու նպատակով պատվիրատու կազմակերպությունների հետ կնքել է պայմանագրեր և ունի պարտավորություններ այդ կազմակերպությունների նկատմամբ: 20.11.2008թ. 16/ՋԿ-75 "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի կողմից ուղղված գրությամբ պայմանագիրը միակողմանի դադարեցնելը ընկերության կողմից չի կարող ընդունվել, քանի որ իրենց ընկերությունը վերը նշված տարածքում գովազդային ծառայություն չմատուցելու դեպքում կրում է այլ պայմանագրերով նախատեսված տուգանքներ, որն ընկերությունը ստիպված կլինի դատական կարգով գանձել մեղավոր կողմից: "Կարապի լիճ" սահադաշտում գովազդի համար նախատեսված տարածքի այս տարի չտրամադրելու "Ջրային կառույցների" ՊՓԲԸ-ի միակողմանի որոշումը չի կարող հիմք հանդիսանալ իրենց միջև կնքված պայմանագրի վաղաժամկետ լուծմանը: Երկկողմանի համաձայնության գալու համար անհրաժեշտ կլինի "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի կողմից ընկերությանը հասցրած վնասների փոխհատուցումը, հակառակ դեպքում այն կարող է լուծվել միայն պայմանագրով նախատեսված վեճերի լուծման կարգի 6.1 և 6.2 կետերի համաձայն: Սպասում են "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի պատասխանին և այդ ժամանակահատվածում խնդրում են ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններից և այլ անձանց հետ պայմանավորվածություններից /հիմք` "ԷԳԱ" ՍՊԸ-ն 21.11.2008թ. գրությունն` ուղղված "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենին/: Այսինքն` "ԷԳԱ" ՍՊԸ-ն առարկել է պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեմ, ինչի արդյունքում առաջացել է վեճ, որի կարգավորման եղանակները սպառիչ նախատեսված են Պայմանագրով, այն է` Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով` համաձայն ՀՀ օրենքների: Ի հավաստումն Պայմանագրի վաղաժամկետ դադարեցնելու առաջարկը չընդունելու փաստի` "ԷԳԱ" ՍՊԸ-ն դիմել է Երևանի քաղաքապետին, հայտնելով, որ "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի և "ԷԳԱ" ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, իրենց ընկերության ժամանակավոր շահագործմանն է հանձնվել "Կարապի լիճ" սահադաշտի գովազդային տարածքից 40քմ տարածքը` արտաքին գովազդ տեղադրելու նպատակով: Հիմք ընդունելով` "ԷԳԱ" ՍՊԸ-ն 2008թ. դեկտեմբեր և 2009թ. հունվար-փետրվար ամիսներին գովազդային ծառայություններ մատուցելու նպատակով պատվիրատու կազմակերպությունների հետ կնքել է պայմանագրեր, որոնց համաձայն վերջիններիս հանդեպ ունի պարտավորություններ: 20.11.2008թ. "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի կողմից իրենց է հասցեագրվել թիվ 16/ՋԿ-75 գրությունը, որում նշվում է, որ "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ն միակողմանիորեն վաղաժամկետ դադարեցնում է պայմանագիրը, քանի որ սահադաշտի գովազդային տարածքն այս տարվա ձմեռային սեզոնին տրամադրել հնարավոր չէ: Վերջինիս գործողությունները հակասում են ՀՀ գործող օրենսդրությանը, քանի որ իրենց ընկերությունների միջև կնքված պայմանագիրը հանդիսանում է հատուցելի պայմանագիր, տվյալ դեպքում "ԷԳԱ" ՍՊԸ-ն "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի միակողմանի և ոչ բարեխիղճ գործողությունների արդյունքում կրում է մեծ վնասներ: Ելնելով վերոգրյալից խնդրել է Երևան քաղաքապետի անմիջական միջամտությունը տվյալ գործին, որպեսզի կանխվեն նմանօրինակ գործողությունները ՀՀ Երևանի քաղաքապետարանին պատկանող "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի կողմից: "ԷԳԱ" ՍՊԸ-ն չի ընդունում միակողմանի դադարեցման փաստը և շարունակում է պայմանագրային պարտավորությունների կատարումը և անհրաժեշտության դեպքում ստիպված կլինի դիմել ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված և չարգելված բոլոր հնարավոր միջոցների` իրենց ընկերությանը պատճառված բոլոր վնասները փոխհատուցելու համար /հիմք` "ԷԳԱ" ՍՊԸ-ի 25.11.2008թ. գրությունը Երևանի քաղաքապետին/: Այսպիսով, դատարանը փաստում է, որ "ԷԳԱ" ՍՊԸ-ի կողմից չի ընդունվել "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին առաջարկը: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466 հոդվածի 1-ին մասի` պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն օրենսգրքի 468 հոդվածի 1-ն մասի համաձայն` պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից: Տվյալ պարագայում դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Պայմանագրով այն վաղաժամկետ լուծելու որևէ կարգ սահմանված չէ, արձանագրում է նաև, որ Կողմերի միջև առկա չէ գրավոր ձևով կնքված համաձայնություն` 30.10.2007թ. Պայամանագիրը լուծելու մասին, ինչպես նաև օրենքով և վերոնշյալ պայմանագրով նախատեսված չէ պայմանագրի լուծման այլ ձև: Այսպիսով, վերոգրյալի հիման վրա, դատարանն ապացուցված չի համարում այն հանգամանքը, որ "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի կողմից միակողմանի լուծվել է 30.10.2007թ. "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի և "ԷԳԱ" ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագիրը: Միևնույն ժամանակ դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից դատարան չի ներկայացվել որևէ պատշաճ ապացույց առ այն, որ պատասխանողի կողմից չեն կատարվել կողմերի միջև 30.10.2007թ. Պայմանագրով ստանձնված պարտավորությունները, մասնավորապես, պատասխանող կազմակերպության կողմից հայցվոր կազմակերպությանը չի տրամադրվել 30.10.2007թ. "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի և "ԷԳԱ" ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով նախատեսված տարածքը: Ինչ վերաբերում է հայցվորի կողմից որպես վերոնշյալ փաստական հանգամանքը հիմնավորող ապացույց վկայակոչած ՀՀ Երևանի Կենտրոն թաղապետի տեղակալի 11.12.2008թ. թիվ 23/22128/2168 գրությանն առ այն, որ "Կենտրոն" թաղային համայնք է դիմել "Վավան" ՍՊԸ-ն 04.12.2008թ. գրությամբ "Կարապի լիճ" սահադաշտի շուրջն արտաքին գովազդ տեղադրելու նպատակով` ներկայացնելով "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի հետ կնքված պայմանագիրը համապատասխան չափի տեղական տուրքի վճարման անդորրագիրը և տեղադրվելիք գովազդային նյութի ուրվանկարը, որոնց հիման վրա "Վավան" ՍՊԸ-ին տրամադրվել է արտաքին գովազդի տեղադըրման թույլտվություն, ապա դատարանն արձանագրում է, որ "Վավան" ՍՊԸ-ին տրամադրված արտաքին գովազդի տեղադրման թույլտվությունը դեռևս չի նշանակում, որ "Վավան" ՍՊԸ-ին հատկացվել է այն տարածքը, որը նախատեսված է եղել 30.10.2007թ. "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի և "ԷԳԱ" ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, ինչպես նաև "Վավան" ՍՊԸ-ին արտաքին գովազդի տեղադրման թույլտվության տրամադրումը չի նշանակում, որ "ԷԳԱ" ՍՊԸ-ին չի հատկացվել 30.10.2007թ. "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի և "ԷԳԱ" ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով նախատեսված տարածքը, ինչի հետևանքով "ԷԳԱ" ՍՊԸ-ն հնարավորություն չի ունեցել կատարելու "Էլիպս ՋԻ Էյ" ՍՊԸ-ի և "ԷԳԱ" ՍՊԸ-ի միջև 15.11.2008թ. կնքված պայմանագրով իր կողմից ստանձնված պարտավորությունները, որի պատճառով "ԷԳԱ" ՍՊԸ-ն կրել է վնասներ` իրական վնասի և բաց թողնված օգուտի տեսքով: Այսպիսով, դատարանը մեկ անգամ ևս արձանագրում է, որ հայցվոր կազմակերպության կողմից դատարան չի ներկայացվել որևէ պատշաճ ապացույց առ այն, որ պատասխանող կազմակերպության կողմից հայցվոր կազմակերպությանը չի տրամադրվել, "ԷԳԱ" ՍՊԸ-ին չի հատկացվել 30.10.2007թ. "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի և "ԷԳԱ" ՍՊԸ-ի միջև կնքված պայամանագրով նախատեսված տարածքը, ինչի հետևանքով հայցվոր կազմակերպությունը կրել է վնասներ` իրական վնասի և բաց թողնված օգուտի տեսքով: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգըրքի 48 հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Ուստի վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 130-132 հոդվածներով դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

 

"ԷԳԱ" ՍՊԸ-ի հայցն ընդդեմ "Ջրային կառույցներ" ՊՓԲԸ-ի` "պարտավորությունը խախտելու հետևանքով պատճառված վնասները հատուցելու պահանջի մասին", մերժել: Հայցվոր "ԷԳԱ" ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 88860 /ութսունութ հազար ութ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:

 

ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ծանոթություն: Սույն վճռի դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացվել, և վճիռը մտել է օրինական ուժի մեջ 28.09.2009թ.:

ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ