Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ 06-3626 2006թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ `
30.11.2006թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
քարտուղարությամբ` Լ. ԴԱՎԹՅԱՆ
Դատավորներ` Կ. ՀԱԿՈԲՅԱՆ; Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայցվորի ներկայացուցիչ` Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

2006թ. նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում, դռնբաց դատական նիստում, վերստին քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Կարինե Անտոնյանի ընդդեմ Սեյրան և Աստղիկ Անտոնյանների` բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին

 


Պ Ա Ր Զ Ե Ց

 

Հայցվորը, դիմելով դատարան, հայտնել է, որ Սեյրան Անտոնյանն իր եղբայրն է, իսկ Ա.Անտոնյանը` նրա կինը: Պատասխանողի հետ Արարատի մարզի ՆորԽարբերդի 7 փողոցի թիվ 5 տան համասեփականատերեր են: Պատճառաբանելով, որ համատեղ բնակվել անհնար է, խնդրել է բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը բաշխել կողմերի միջև:

Պատասխանողները պատշաճ կարգով ծանուցվել են դատական նիստի օրվա և ժամի մասին, սակայն չեն ներկայացել դատական նիստին: Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածով, գործը քննեց պատասխանողների բացակայությամբ: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 15.06.2004թ. որոշմամբ հայցը թողնըվել է առանց քննության, իսկ 15.06.2004թ. վճռով հակընդդեմ հայցը բավարարվել է: ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 03.09.2004թ. թիվ 3-1467 որոշմամբ բեկանվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 15.06.2004թ. վճիռը և գործն ուղղարկվել է նույն դատարան` այլ կազմով նոր քննության: Լսելով հայցվորի ներկայացուցչին, ծանոթանալով գործի նյութերին, ուսումնասիրելով, վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցները` վերաքննիչ դատարանը գտավ, որ հայցը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ:

Գործի նյութերում գտնվող (գ/թ 18) ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանման 28.11.2003թ. թիվ Ել-3129 գրության համաձայն` "Արարատի մարզի Նոր-Խարբերդ գյուղի 7-րդ փողոցի թիվ 5 սեփական տան բնակիչներ` Սեյրան Անտոնյանի, Սուրեն Գևորգյանի, Աստղիկ, Գոռ, Մարի, Կարինե Անտոնյանների անվամբ համասեփականության իրավունքով գրանցված է 80.4 քմ ընդհանուր մակերեսով բազմաբընակարան բնակելի շենքի բնակարանը": ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 2-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին` վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցմամբ: Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքում երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 5-րդ կետի համաձայն` փոխհատուցում ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից սույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Գործի նյութերով ապացույցներ ձեռք չեն բերվել այն մասին, որ հայցվոր Կարինե Անտոնյանը էական շահ չունի ընդհանուր օգտագործման հարցում, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելը տվյալ դեպքում աննըպատակահարմար է: Հետևաբար վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 6-րդ կետի պահանջները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածով` վերաքննիչ դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

 

Կարինե Անտոնյանի հայցը բավարարել:

Արարատի մարզի Նոր-Խարբերդ 7-րդ փողոցի թիվ 5 տունը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը բաշխել համասեփականատերերի միջև նրանց բաժիններին համաչափ:

Պետական տուրքի հարցը համարել լուծված:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով պարտապանի հաշվին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան

Դատավոր` Կ. Հակոբյան

Դատավոր` Լ. Գրիգորյան