2007թ. սեպտեմբերի 10-ին, դատարանում, դռնբաց դատական նիստում, քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի Հենրիկ Մանուկյանի /անձնագիր` ---------/, Ազգանուշ Տոնոյանի /անձնագիր` ----------/ և Ֆլորա Աղասարյանի /անձնագիր` -------------/`ընդդեմ Հասմիկ Սուրենի Ասրյանի` բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին:
Դիմելով դատարան հայցվորները հայտնել են, նույնը բացատրեց նաև հայցվորների ներկայացուցիչ Կ. Պետրոսյանը դատաքննությամբ, որ Հենրիկ Մանուկյանը, Ազգանուշ Տոնոյանը և Ֆլորա Աղասարյանը, ինչպես նաև պատասխանող Հասմիկ Ասրյանը հանդիսանում են Երևանի Բաշինջաղյան փողոցի 185 շենքի թիվ 7 բնակարանի համասեփականատերեր, յուրաքանչյուրը` 1/4-րդ բաժնեմասի: Վերջինս դիմել է դատարան հիշյալ բնակարանը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և գումարը կողմերի` նրանց բաժնեմասերին համապատասխան բաշխելու պահանջով: Հիշյալ քաղաքացիական գործի վարույթը ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից կասեցվել է, քանի որ հայցվոր կողմը Հ. Ասրյանի բաժնեմասի սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով հարուցել է հիշյալ հայցը: Խնդրել են փոխհատուցմամբ դադարեցնել Հասմիկ Ասրյանի` Երևանի Բաշինջաղյան փողոցի 185 շենքի թիվ 7 բնակարանի 1/4-րդ մասի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքը:
Պատասխանող Հասմիկ Ասրյանի լիազոր ներկայացուցիչ Վ. Հովհաննիսյանը հայցի դեմ չառարկեց, հայտնելով, որ դեմ չէ, որպեսզի փոխհատուցմամբ դադարեցվի իր վստահորդի սեփականության իրավունքը Երևանի Բաշինջաղյան փողոցի 185 շենքի թիվ 7 բնակարանի` վերջինիս 1/4րդ բաժնեմասի նկատմամբ, փոխհատուցման արժեքը հաշվարկելով "Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն" պետական ոչ առևտրային կազմակերպության համապատասխան փորձագետների կողմից տրված եզրակացության համաձայն:
Լսելով կողմերի բացատրությունները, հետազոտելով և գնահատելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները, դատարանը գտավ, որ հայցը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի պահանջներից և ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ: Դատաքըննությամբ և գործի նյութերով դատարանը հաստատված համարեց, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 185 շենքի թիվ 7 բնակարանը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Հենրիկ Մանուկյանին, Ազգանուշ Տոնոյանին, Ֆլորա Աղասարյանին և Հասմիկ Ասրյանին /հիմք` 15.02.2006թ. տրված թիվ 2113803 սեփականության իրավունքի գրանցման վկայականը/: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով: Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում: Սույն հոդվածի 5-րդ կետի համաձայն փոխհատուցումը ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199 հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում է կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո: Տվյալ դեպքում համատեղ սեփականության ներքո գտնվող բնակարանում Հասմիկ Ասրյանի և հայցվորների բաժինների հարաբերակցությունը կազմում է 1:3 հարաբերությամբ:
Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման կողմից 29.05.2006թ. տրված թիվ Հ-2343 գրության` վիճելի բնակարանը չորս հավասար մասերի բաժանել տեխնիկապես հնարավոր չէ: Ավելին, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 18.01.2007թ. վճռով բավարարվել է Հասմիկ Ասրյանի հայցը և վճռվել Երևանի Բաշինջաղյան փողոցի 185 շենքի թիվ 7 բնակարանը վաճառել հրապարակային սակարկություններով և ստացված գումարը բաժանել հայցվորի և պատասխանողներ Հ. Մանուկյանի, Ա. Տոնոյանի և Ֆ. Աղասարյանի միջև` նրանց բաժիններին յուրաքաչյուրին 1/4-րդ մասին համաչափ: Հիշյալ քաղաքացիական գործի վարույթը վերաքննիչ դատարանում կասեցվել է:
"Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն" պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 10.07.2007թ. տրված թիվ 16310707 եզրակացության համաձայն Երևանի Բաշինջաղյան փողոցի 185 շենքի թիվ 7 հասցեում գտնվող գնահատման ենթակա երեք սենյականոց բնակարանի շուկայական արժեքը` փորձաքննության կատարման ժամանակամիջոցում և առկա ապրանքային վիճակով գնահատվում է` 15.230.000 /տասնհինգ միլիոն երկու հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ:
Հայցվոր կողմը հիմք ընդունելով առկա փորձաքննության եզրակացությունը, պատրաստակամություն դրսևորեց վճարել 3.807.500 ՀՀ դրամ, որպես վերը նշված բնակարանում Հասմիկ Ասրյանին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասի փոխհատուցում, ինչի դեմ պատասխանող կողմը չառարկեց: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերը նշված բնակարանի համատեղ սեփականության մասնակիցներ, հայցվորներ Հենրիկ Մանուկյանը, Ազգանուշ Տոնոյանը, Ֆլորա Աղասարյանը պատրաստ են շուկայական գնով փոխհատուցում վճարել Հասմիկ Ասրյանի բաժնի համար, դատարանը գտավ, որ պետք է Հենրիկ Մանուկյանին, Ազգանուշ Տոնոյանին, Ֆլորա Աղասարյանին թույլատրել 3.807.500 /երեք միլիոն ութ հարյուր յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամով գնել սեփականության իրավունքով պատկանող 1/4-րդ բաժինը:
Միաժամանակ, դատարանը գտավ, որ հիշյալ գումարը վճարելու պահից պետք է դադարեցնել Հասմիկ Ասրյանի սեփականության իրավունքը Երևանի Բաշինջաղյան փողոցի 185 շենքի թիվ 7 բնակարանի 1/4-րդ բաժնեմասի նկատմամբ և այդ բաժնեմասի նկատմամբ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի "Դավթաշենի" տարածքային ստորաբաժանումում հավասար բաժիններով գրանցել Հենրիկ Մանուկյանի, Ազգանուշ Տոնոյանի, Ֆլորա Աղասարյանի սեփականության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 հոդվածներով, դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Հայցը բավարարել:
Հենրիկ Մանուկյանին, Ազգանուշ Տոնոյանին, Ֆլորա Աղասարյանին թույլատրել 3.807.500 /երեք միլիոն ութ հայրուր յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամով գնել Երևանի, Բաշինջաղյան փողոցի 185 շենքի թիվ 7 բնակարանում Հասմիկ Ասրյանին պատկանող 1/4-րդ բաժինը: Հենրիկ Մանուկյանի, Ազգանուշ Տոնոյանի, Ֆլորա Աղասարյանի կողմից 3.807.500 /երեք միլիոն ութ հայրուր յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամը վճարելու պահից դադարեցնել Հասմիկ Ասրյանի սեփականության իրավունքը Երևանի Բաշինջաղյան փողոցի 185 շենքի թիվ 7 բնակարանի 1/4-րդ բաժնի նկատմամբ և այդ բաժնեմասի նկատմամբ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի "Դավթաշենի" տարածքային ստորաբաժանումում հավասար բաժիններով գրանցել Հենրիկ Մանուկյանի, Ազգանուշ Տոնոյանի, Ֆլորա Աղասարյանի սեփականության իրավունքը:
Պետական տուրքի հարցը համարել լուծված:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան, այն հրապարակելուց 15 օրվա ընթացքում:
ԴԱՏԱՎՈՐ ` Ն. ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ Վճիռը չի բողոքարկվել, ստացել է օրինական ուժ:
ԴԱՏԱՎՈՐ` Ն. ԲԱՐՍԵՂՅԱՆ