2003թ. նոյեմբերի 14-ին դատարանում դռնբաց դատական նիստում քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի Աշոտ Գասպարյանի և Արման Կարագյոզյանի ընդդեմ "Ինֆայնայթ Թեքնոլոջիս քորփորեյշն" ընկերության հայաստանյան մասնաճյուղի` չվճարված աշխատավարձի պարտքի գումարի բռնագանձման պահանջի մասին
Դատաքննությամբ դատարանը պարզեց հետևյալը. Հայցվորները, դիմելով դատարան, հայտնել են, որ 01.12.2000թ. իրենց և պատասխանող ընկերության միջև կնքվել են աշխատանքային պայմանագրեր, որոնց համաձայն իրենք աշխատել են նշված կազմակերպության հայաստանյան մասնաճուղում որպես ինժեներներ: 05.11.2002թ. համաձայն իրենց դիմումների իրենք ազատվել են աշխատանքից և իրենց հետ կատարվել է վերջնահաշվարկ: Հայցվորները նշել են նաև, որ վերջնահաշվարկ կատարելով, պատասխանողն առ այսօր չի վճարել 2002թ. սեպտեմբեր ամսվա աշխատավարձը, յուրաքանչյուրին` 520 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ընդամենը` 1040 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Հայցվորները դատարանին խնդրել են պատասխանող " Ինֆայնայթ Թեքնոլոջիս քորփորեյշն" ընկերության հայաստանյան մասնաճյուղից հօգուտ իրենց բռնագանձել 2002թ. սեպտեմբեր ամսվա աշխատավարձը, յուրաքանչյուրին` 520 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ընդհամենը` 1040 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Դատաքննության ժամանակ հայցվորներ Ա.Գասպարյանը, Ա.Կարագյոզյանը և նրանց ներկայացուցիչ Գ.Լեգրյանը հայցապահանջը պնդեցին: Պատասխանողը պատշաճ կարգով ծանուցվել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին, սակայն նրա ներկայացուցիչը չի ներկայացել:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հ. 2-րդ կետով, որոշեց գործը քննել պատասխանողի ներկայացուցչի բացակայությամբ: Լսելով հայցվորների և նրանց ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով գործում եղած նյութերը և գնահատելով դրանք, դատարանը գտավ, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ. Գործի քնությամբ պարզվեց, որ հայցվորները 01.12.2000թ-ից աշխատել են պատասխանող " Ինֆայնայթ Թեքնոլոջիս քորփորեյշն" ընկերության հայաստանյան մասնաճյուղում որպես ինժեներ և 05.11.2003թ. համաձայն իրենց դիմումի, ազատվել են աշխատանքից:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 103 հոդվածով ու "Աշխատանքի վարձատրության մասին" ՀՀ օրենքի 8 հոդվածի 1-ին և 7-րդ կետերով, գտնում է, որ հայցվորների պահանջը 2002թ սեպտեմբեր ամսվա չվճարված աշխատավարձի պարտքի պահանջի մասին ենթակա է բավարարման: Նկատի ունենալով, որ "Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքի համաձայն հայցվորներն ազատված են պետական տուրքի վճարումից և նրանց հայցը ենթակա է բավարարման,դատարանը գտնում է, որ պետական տուրքի գումարը հօգուտ բյուջեի պետք է բռնագանձել պատասխանողից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 հոդվածներով, դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Աշոտ Գասպարյանի և Արման Կարագյոզյանի հայցը բավարարել: "Ինֆայնայթ Թեքնոլոջիս քորփորեյշն"ընկերության հայաստանյան մասնաճյուղից հօգուտ Աշոտ Գասպարյանի և Արման Կարագյոզյանի բռնագանձել 2002թ սեպտեմբեր ամսվա աշխատավարձի պարտքի գումարները` յուրաքանչյուրին 520 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:
"Ինֆայնայթ Թեքնոլոջիս քորփորեյշն" ընկերության հայաստանյան մասնաճյուղից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 21 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ որպես պետական տուրքի գումար:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով`պատասխանողի հաշվին:
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանին հրապարակման օրվանից 15 օրվա ընթացքում:
ԴԱՏԱՎՈՐ Վ.ԼԱԼԱՅԱՆ
|