Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
ԳՈՐԾ ԹԻՎ 2/1975-07թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը կազմով `
20.11.2007թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Գ. ԿԱՐԱԽԱՆՅԱՆ
քարտուղարությամբ` Ա. ՍԱՅԱԴՅԱՆ
Հայցվորի ներկայացուցիչ` ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ /"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
Պատասխանողի ներակայացուցիչ` Ա. ԵՂԻԿՅԱՆ

Երևան քաղաքում, դռնբաց դատական նիստում քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի Հովհաննես Գալաջյանի և Գեղամ Գրիգորյանի ընդդեմ ՍԻՄ կուսակցության` "հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վնասի հատուցում վճարելու և զբաղեցրած պաշտոններին վերականգնելու պահանջների մասին" և ըստ հակընդդեմ հայցի "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության /ՍԻՄ/ ընդդեմ Հովհաննես Արտաշեսի Գալաջյանի և Գեղամ Զավենի Գրիգորյանի` "աշխատանքային պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին"

 

Դիմելով դատարան հայցվորները հայտնել են, որ Հովհաննես Գալաջյանը և Գեղամ Գրիգորյանը սկսած 01.08.1989թ.-ից և 04.01.1996թ.-ից աշխատել են "Իրավունք" թերթի խմբագրությունում, զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Մինչև աշխատանքից ապօրինի ազատման պահը` 21.02.2007թ. Հովհաննես Գալաջյանը զբաղեցրել է "Իրավունք" թերթի խմբագրության գլխավոր խմբագրի պաշտոնը, իսկ Գեղամ Գրիգորյանը զբաղեցրել է "Իրավունք" թերթի տնօրենի պաշտոնը: Աշխատանքից ազատման մասին տեղեկացել են "Իրավունք" թերթի 13 համարից: Տարիների ընթացքում իրենց վստահված աշխատանքն իրենց կողմից կատարվել է բարեխղճորեն: 07.03.2007թ. պատվիրված նամակով դիմել են "Իրավունք" թերթի ղեկավարությանը, որպեսզի իրենց տրամադրվի աշխատանքից ազատման որոշման օրինակը, որն ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի` ընկերությունը պարտավոր էր տրամադրել, որի արդյունքում պարզ կլիներ աշխատանքից ազատման պատճառները, սակայն մինչ օրս այդ որոշման օրինակն իրենց չի տրամադրվել, ինչպես նաև չի կատարվել վերջնահաշվարկ: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածում հստակ նշվում է, թե որ դեպքում է թույլատըրվում աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ: Տվյալ դեպքում աշխատանքից ազատումը եղել է անօրինական, քանի որ չկա ոչ մի հիմնավոր պատճառ, որը թույլ կտար գործատուին ազատել իրենց աշխատանքից: Համաձայն նույն օրենսգրքի 115 հոդվածի պահանջի` գործատուն պարտավոր է աշխատանքային պայմանագիրը լուծելիս նախապես այդ մասին գրավոր ծանուցել աշխատողին, ավելին` նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ նշում են աշխատանքից ազատելու հիմքը և պատճառը, աշխատանքից ազատելու տարին, ամիսը, ամսաթիվը: Պատասխանողների կողմից իրենց նման ծանուցում չի եղել: Հ. Գալաջյանը և Գ. Գրիգորյանը հակընդդեմ հայցի վերաբերյալ հայտնել են, որ հակընդդեմ հայցադիմումն իրավազուրկ է հետևյալ պատճառաբանությամբ: Հայցվորներն աշխատանքային հարաբերությունների մեջ են եղել 1993-ից: Իրավահարաբերությունների ծագման պահին գործել է 1972թ.-ի հունիսի 16-ի ՀՀ աշխատանքային օրենսգիրքը: Համաձայն Աշխ. օր-ի 18 հոդվածի 1-ին մասի` աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել բանավոր կամ գրավոր: Նույն հոդվածի երրորդ մասի ուժով փաստորեն աշխատանքի անցնելու թույլտվությունը համարվում է աշխատանքային պայմանագրի կնքում, անկախ այն բանից, աշխատանքի ընդունումը ձևակերպվել է պատշաճ կարգով, թե` ոչ: Սույն դրվագով մեկ այլ գործով որպես նախադեպ առկա է նաև Բարձր ատյանի, այն է` ՀՀ Վճռաբեկ դատարանի 26.10.2006թ.-ի /քաղ. գործ 3-2039/ՎԴ/ որոշումը: Այն, որ հայցվորներն աշխատանքի են անցել դեռևս 1993 թվականից և կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, ապացուցվում են գործում առկա փաստաթղթերով, ուստի անգամ այն հանգամանքը, որ իբր նշված պայմանագիրը պետք է ստորագրվեր այլ անձի կողմից, չի կարող հիմք հանդիսանալ հայցը մերժելուն, քանի որ հայցվորները դեռևս 1993 թվականից աշխատել են գործատուի մոտ, իսկ պատասխանողի այն պնդումը, որ աշխատանքային պայմանագիրը գործատուի կողմից պատշաճ չի ստորագրվել, անգամ եթե այդպես էլ է, ապա դա գործատուի թերացումն ու պարտավորությունն է, որը չի կարող ազդել հայցվորների իրավունքների սահմանափակմանը: Դատաքննության ժամանակ հայցվորների ներկայացուցիչը պնդեց նույնը, ավելացնելով, որ Հովհաննես Գալաջյանը 20.06.2000թ. նշանակվել է "Իրավունք" շաբաթաթերթի խմբագրի պաշտոնակատար /հիմք` 19.06.2000թ. ՍԻՄ նախագահության որոշում/, իսկ 23.09.2000թ.-ից, անցնելով եռամսյա փորձաշրջանը, հաստատվել է որպես թերթի խմբագիր /հիմք` ՍԻՄ նախագահության 23.09.2000թ. որոշումը/: "ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին" ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի հիման վրա վերջինիս հետ 01.10.2000թ. կնքվել է աշխատանքային պայմանագիր, որի 1.3 կետով Հ. Գալաջյանի վրա դրվել է "Իրավունք" թերթի և նրա հավելվածների խմբագրի պարտականությունները և մինչև 2007թ. փետրվարի 20-ը կատարել է իր պարտականությունները: Գեղամ Գրիգորյանը 11.01.1993թ. ընդունվել է "Իրավունք" պաշտոնաթերթում աշխատանքի` որպես կառավարչի պաշտոնակատար, իսկ 04.01.1996թ. հաստատվել է կառավարչի պաշտոնում /հիմք` ՍԻՄ համակարգիչ խորհրդի 04.01.1996թ. որոշում/: 21.01.2007թ. "Իրավունք" թերթի 13 համարից իր վստահորդները տեղեկացվել են, որ ազատվել են աշխատանքից: 07.03.2007թ. չկարողանալով ստանալ աշխատանքից ազատման հրամանը և վերջնահաշվարկը, պատվիրված նամակով դիմել են գործատուին, որպեսզի վերջիններիս տրամադրի աշխատանքից ազատման օրինակը, սակայն առ այսօր այն չի տրամադրվել: Գտնում է, որ ՍԻՄ նախագահության 2007թ. փետրվարի 20-ի որոշումն իր վստահորդներին աշխատանքից ազատելու հետ կապված իրավազուրկ է, քանի որ ՍԻՄ կուսակցության կանոնադըրության /Գլուխ 3, կետ 3.1/ ամրագրված է, որ ղեկավար անդամների թիվը պետք է լինի 9 հոգի, իսկ 3.5 կետով ամրագրված է, որ նախագահության նիստը վավերական է, եթե մասնակցում են նախագահության անդամների առնվազն 2/3 /վեց հոգի/, սույն նախագահության նիստը տեղի է ունեցել 4 հոգով: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38 հոդվածի 3-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի, 115 հոդվածի, 265 հոդվածի, ՀՀ քաղ. դատ. օր-ի 30 հոդվածի, 87 հոդվածի պահանջներով, խնդրել է վերականգնել Գ. Գրիգորյանին և Հ. Գալաջյանին զբաղեցրած պաշտոններում և պարտավորեցնել պատասխանողին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վնասների հատուցում վճարելու` հիմք ընդունելով "Իրավունք" թերթի հաստիքային աշխատողների ցուցակով ամրագրված աշխատավարձի չափը, գլխավոր խմբագրին` 45000, իսկ տնօրենին` 40000 դրամի չափով: Պատասխանող "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության ներկայացուցիչը առարկել է հայցի դեմ, ներկայացրել է հակընդդեմ հայց` հայտնելով, որ հայցվորների ներկայացուցչի կողմից դատարան ներկայացրած աշխատանքային պայմանագրերն անվավեր են հետևյալ հիմնավորմամբ: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով երկու օրինակից, աշխատանքային պայմանագիրը ստորագրում են գործատուն կամ նրա ներկայացուցիչը և աշխատողը: Նշված պայմանագրերը պետք է ստորագրվեին "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության /ՍԻՄ/ նախագահ Հրանտ Խաչատրյանի կողմից: "Կուսակցությունների մասին" ՀՀ օրենքի 18 հոդվածի 2-րդ մասը սահմանում է. "կուսակցության կանոնադրության համապատասխան` կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինը կուսակցության անունից իրականացնում է նրա, որպես իրավաբանական անձի, լիազորությունները", իսկ "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության /ՍԻՄ/ կանոնադրության 3.7. կետի բ/ ենթակետի համաձայն` կուսակցության նախագահը վարում է բանակցություններ, կնքում է համաձայնագրեր, պայմանագրեր, այդ թվում և աշխատանքային: 3.7. կետի գ/ ենթակետի համաձայն` ղեկավարում է կուսակցության գործունեությունը նախագահության նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում, իսկ նույն կետի դ/ ենթակետը սահմանում է, որ կուսակցության նախագահը գործադիր խորհրդի նախագահն է, ուստի աշխատանքային պայմանագիրը պետք է կնքվեր կուսակցության նախագահի կողմից, իսկ համաձայն "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության /ՍԻՄ/ պետական գրանցման թիվ 03 Ա 062958 վկայականի ներդիր 001-ի` "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության /ՍԻՄ/ նախագահ է հանդիսանում Հրանտ Խաչատրյանը, այլ ոչ թե Հայկ Բաբուխանյանը, ինչպես նշված է վերը նշված աշխատանքային պայմանագրում: Վերը նշված աշխատանքային պայմանագիրը ստորագրվել է Հայկ Բաբուխանյանի կողմից, որպես "Իրավունք" թերթի խմբագրական խորհրդի նախագահ` մարմին, որի գոյությունը հավաստող ապացույց հայցվորի կողմից չի ներկայացվել դատարան, եթե նույնիսկ ընդունեն, որ նման մարմին գոյություն ունեցել է, ապա այդ "մարմնի նախագահը" կարող էր կնքել վերը նշված աշխատանքային պայմանագիրը միայն անմիջականորեն լիազորված լինելու դեպքում, այն է. ունենար "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության /ՍԻՄ/ նախագահ Հրանտ Խաչատրյանի անունից իրեն տրված պատշաճ ձևակերպված գրավոր լիազորություն` լիազորագիր` ստորագըրելու վերը նշված պայմանագիրը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը սահմանում է այն պայմանները, որոնք պարտադիր կերպով պետք է ներառվեն աշխատանքային պայմանագրում: Այդ պայմաններից մեկն աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվն է: Գեղամ Գրիգորյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կազմելիս չի պահպանվել նաև աշխատանքային օրենսգրքի այդ պահանջը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305 հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահնջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ: Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպանական և այլ հատուկ օրենսդըրությամբ: ՀՀ քաղ. օր-ի 304 հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: 08.01.2007թ. հաստատված հաստիքացուցակը ևս չի կարող սույն գործով դիտվել հայցվորների և պատասխանողի միջև աշխատանքային հարաբերությունները հավաստող ապացույց, քանի որ ստորագրված է Հայկ Բաբուխանյանի` որպես "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության /ՍԻՄ/ նախագահի կողմից, սակայն կուսակցության նախագահ է հանդիսանում Հրանտ Խաչատրյանը, ինչպիսի հանգամանքը հավաստում է "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության /ՍԻՄ/ պետական գրանցման թիվ 03 Ա 062958 վկայականի ներդիր 001-ով: 14.01.1998թ. թիվ 37 պայմանագիրը գործի համար նշանակություն չունի, քանի որ դրանից որևէ կերպ չի երևում Գեղամ Գրիգորյանի և ՍԻՄ կուսակցության միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունը: Ինչ վերաբերում է հայցվոր կողմի ներկայացրած այլ փաստաթղթերին` հայցվորների աշխատանքային գրքույկների պատճեններ, "Սահմանադրական իրավունք միություն" համակարգիչ խորհրդի նիստի արձանագրության քաղվածք, 1996թ. հաստիքացուցակ, դրանք նախ լրացված են հայցի հիմք հանդիսացող պայմանագրից ժամանակային առումով բավականին վաղ, բացի այդ Հրանտ Խաչատրյանի անվան տակ ստորագրել է Հայկ Բաբուխանյանը, որը վերոնշյալ հիմնավորմամբ իրավասու չէր ստորագրելու այն: Եթե նույնիսկ ընդունեն, որ "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության /ՍԻՄ/ և հայցվորների միջև մինչև ՀՀ աշխատանքային օրենսգրքի ընդունումն առկա են եղել աշխատանքային իրավահարաբերություններ, ապա ՀՀ աշխատանքային օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո հայցվորների կարգավիճակը պետք է վերանայվեր, քանի որ "ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին" օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից հետո 1 տարվա ընթացքում գործատուները պարտավոր են առանց աշխատանքային պայմանագրի աշխատանքային հարաբերությունների մեջ մտած աշխատողների հետ կնքել աշխատանքային պայմանագիր` օրենսգրքով սահմանված կարգով, ինչպիսի հանգամանքը հավաստող ապացույց հայցվորի կողմից չի ներկայացվել: Եթե աշխատանքային պայմանագրեր չեն կնքվել, նշանակում է դադարել են աշխատանքային հարաբերությունները, նույնիսկ եթե դրանք եղել են: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Հայցվորի կողմից չեն ներկայացվել իրենց աշխատանքային պայմանագրերը կամ այլ ապացույցներ, որով կհավաստվեր նրանց և պատասխանողի միջև աշխատանքային իրավահարաբերությունների առկայությունը, իսկ դատարանին ներկայացված Հ. Գալաջյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, որը հայցվորի կողմից ներկայացվում է որպես աշխատանքային իրավահարաբերության հիմք, ըստ էության անվավեր է: Չկան աշխատանքային պայմանագրեր, հետևաբար չկան նաև աշխատանքային իրավահարաբերություններ և չի կարող լինել աշխատանքային վեճ, ուստի հարկադիր պարապուրդի վճարման և աշխատանքում վերականգնման մասին խոսք լինել չի կարող: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասը, 304 հոդվածի 1-ին մասը, 305 հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84, 85 հոդվածները, ՀՀ քաղ. դատ. օրենսգրքի 2-րդ, 87, 88, 96 հոդվածները, դատարանին խնդրել է բավարարել հակընդդեմ հայցն ամբողջությամբ` անվավեր ճանաչել հայցվոր կողմից դատարանին ներկայացված Հովհաննես Գալաջյանի և Գեղամ Գրիգորյանի հետ "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության /ՍԻՄ/ անունից կնքված աշխատանքային պայմանագրերը և մերժել Հովհաննես Գալաջյանի և Գեղամ Գրիգորյանի հայցն ընդդեմ "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության /ՍԻՄ/` հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար վնասների հատուցում վճարելու և զբաղեցրած պաշտոններում վերականգնելու պահանջների մասին: Դատարանը լսելով կողմերին, ուսումնասիրելով գործի նյութերը և յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա, գտնում է, որ հայցը պետք է բավարարել, իսկ հակընդդեմ հայցը մերժել հետևյալ պատճառաբանությամբ. Դատաքննությամբ հիմնավորվեց, որ հայցվորները 1992 և 1993 թվականներին աշխատել են "Իրավունք" թերթի խմբագրությունում, զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Հովհաննես Գալաջյանը 19.06.00թ. ՍԻՄ նախագահության որոշմամբ նշանակվել է "Իրավունք" շաբաթաթերթի խմբագրի պաշտոնակատարը: Եռամսյա փորձաշրջանի ավարտից հետո հաստատվել է խմբագրի պաշտոնում, իսկ հետո զբաղեցրել է գլխավոր խմբագրի պաշտոնը: Գեղամ Գրիգորյանը տնօրենի պաշտոնում նշանակվել է 1998 թվականին: Այն փաստը, որ հայցվորները զբաղեցրել են վերը նշված պաշտոնները, չի հերքում նաև պատասխանողի ներկայացուցիչը, նշելով, որ պաշտոնը զբաղեցնելու պահից թերթում հրապարակվել է Հովհաննես Գալաջյանի անունը որպես գլխավոր խմբագիր: 01.10.06թ. հայցվորների հետ անորոշ ժամանակով կնքվել է աշխատանքային պայմանագիր, համաձայն որի Հովհաննես Գալաջյանը նշանակվել է գլխավոր խմբագրի պաշտոնում, ամսական 45000 դրամ աշխատավարձով, իսկ Գեղամ Գրիգորյանը նշանակվել է գործադիր տնօրենի պաշտոնում, ամսական 40000 դրամ աշխատավարձով: Որպես գործատու` պայմանագրի կողմ հանդես է եկել ՍԻՄ կուսակցության և "Իրավունք" թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը: ՀՀ քաղ. գործերով վերաքննիչ դատարանի 31.01.07թ. վճռով "ՍԻՄ կուսակցության 16.09.06թ. 17-րդ համաժողովի կողմից ընտրված կուսակցության նախագահության և վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունները համարվել է չկայացած: ՍԻՄ կուսակցության նախագահության 20.02.07թ. որոշմամբ հայցվորներն ազատվել են աշխատանքից, որի մասին նրանք իմացել են "Իրավունք" թերթի 13-րդ համարից: Դատարանի պահանջով ներկայացված որոշման քաղվածքից պարզվել է, որ Հովհաննես Գալաջյանը և Գեղամ Գրիգորյանը ազատվել են կուսակցական պաշտոններից երկարատև խմբակային հակականոնադրական գործունեություն իրականացնելու և "Իրավունք"-ի հերթական համարի լույս ընծայումը միտումնավոր խափանելու ուղղված քայլերի համար: Պատասխանողի կողմից խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113, 115, 121, 123 և 130 հոդվածների պահանջները: Պատասխանողի ներկայացուցիչը որևէ հիմք չներկայացրեց դատարանին որոշման մեջ նշված պատճառաբանություններն ապացուցելու համար: Իսկ ՀՀ քաղ. դատ օր-ի 48 հոդվածի համաձայն գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Համաձայն "ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին" ՀՀ օրենքի 2րդ հոդվածի` մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը ծագած աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, և դրանց կատարմամբ կիրառվում են օրենսգրքի դրույթները: Հետևաբար, նշված հոդվածի ուժով շարունակվել են Հովհաննես Գալաջյանի և "Իրավունք" թերթի միջև առկա աշխատանքային հարաբերությունները: Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, գործատուները պարտավոր են առանց աշխատանքային պայմանագրի աշխատանքային հարաբերությունների մեջ մտած աշխատողների հետ կնքել աշխատանքային պայմանագրեր` օրենքով սահմանված կարգով: Տվյալ պարագայում գործատուի, Հովհաննես Գալաջյանի և Գեղամ Գրիգորյանի միջև 01.10.2006թ. կնքվել են աշխատանքային պայմանագրեր: Նշված աշխատանքային պայմանագրերով նախատեսված է, որ պայմանագրերը լուծվում են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգով: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածով նախատեսված է աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ: Իսկ նույն օրենսգրքի 115 հոդվածը նախատեսում է գործատուի պարտականությունը` ծանուցել աշխատողին աշխատանքային պայմանագրի լուծման մասին:

Համաձայն նշված հոդվածի 3-րդ մասի` աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ նշվում են`

1) աշխատանքից ազատելու հիմքը և պատճառը.

2) աշխատանքից ազատելու տարին, ամիսը, ամսաթիվը: Տվյալ պարագայում գործատուի կողմից հայցվորները չեն ծանուցվել աշխատանքից ազատվելու պատճառների և հիմքի մասին:

Պատասխանողի այն պատճառաբանությունը, որ նրանք աշխատել են, սակայն աշխատավարձ չեն ստացել` հասարակական հիմունքներով են աշխատել, անհիմն է, քանի որ դատարան է ներկայացվել 2004-2005թթ աշխատողների կողմից աշխատավարձի մի մասը ստանալու վերաբերյալ աշխատողների ցուցակի մի մասը, որից երևում է, որ հայցվորներն աշխատավարձ են ստացել: Մյուս պատճառաբանությունը, որ հայցվորների հետ աշխատանքային պայմանագիր չի կնքվել, իսկ կնքված պայմանագիրը կնքվել է Հայկ Բաբուխանյանի կողմից, որը նման իրավունք չի ունեցել, դարձյալ հայցը մերժելու և հակընդդեմ հայցը բավարարելու հիմք հանդիսանալ չի կարող, քանի որ անհերքելի փաստ է, որ Հովհաննես Գալաջյանն աշխատել է որպես խմբագիր, իսկ Գեղամ Գրիգորյանը, որպես տնօրեն, այն տպագրվել է բոլոր թերթերում: ՀՀ քաղ. դատ. օր-ի 52 հոդվածի 1ին կետի համաձայն դատարանի կողմից հանրահայտ ճանաչված հանգամանքներն ապացուցման կարիք չունեն: Բացի այդ որևէ էական նշանակություն չունի, թե հայցվորների հետ 2006 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը ում կողմից է ստորագրվել, քանի որ հայցվորները մինչ այդ էլ աշխատել են "Իրավունք" պաշտոնաթերթում` Հովհաննես Գալաջյանը որպես խմբագիր, Գեղամ Գրիգորյանը որպես տնօրեն և եթե նույնիսկ այդ աշխատանքային պայմանագիրը կնքված չլիներ կողմերի միջև, դարձյալ նրանք համարվել են աշխատողներ, քանի որ կողմերի միջև իրավահարաբերություններն առաջացել են 1992 թվականից, երբ գործել է նախկին աշխատանքային օրենսգիրքը: Այդ հանգամանքը հաստատվում է նաև ՍԻՄ նախագահի 19.06.2000թ. նիստի որոշումից, ինչպես նաև աշխատանքային գրքույկների պատճեններից: Տվյալ աշխատանքային պայմանագիրը ստորագրվել է հայցվորների և գործատուի միջև, քանի որ "ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին" ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, գործատուները պարտավոր են առանց աշխատանքային պայմանագրի աշխատանքային հարաբերությունների մեջ մտած աշխատողների հետ կնքել աշխատանքային պայմանագիր` օրենքով սահմանված կարգով: Բացի այդ հայցվորները որևէ մեղք չունեն, որ ՍԻՄ կուսակցության համաժողովը ընտրություններ է կատարել և այդ ընտրություները ՀՀ քաղ. գործերով վերաքննիչ դատարանի 31.01.07թ. վճռի հիման վրա չեղյալ է համարել 2006թ. սեպտեմբերի 16-ին ՍԻՄ 12-րդ համաժողովից հետո ձևավորված ինքնակոչ նախագահության և դրա անդամների մասնակցությամբ ՍԻՄ ներկայացուցիչների խորհրդի կողմից ընդունված բոլոր որոշումները և դրանց հիման վրա կատարված գործարքները: Այսինքն` ՍԻՄ կուսակցության նախագահի փոփոխությունները չի կարող ազդել հայցվորների աշխատանքային հարաբերությունների վրա: Այն հանգամանքը, որ 13.09.07թ. ՍԻՄ կուսակցության նախագահությունը 05.02.2007թ. նիստի արձանագրությամբ հենվելով ՀՀ քաղ. գործերով վերաքննիչ դատարանի 31.01.07թ. վճռի հիման վրա չեղյալ է համարել 2006թ. սեպտեմբերի 16-ին ՍԻՄ 12-րդ համաժողովից հետո ձևավորված ինքնակոչ նախագահության և դրա անդամների մասնակցությամբ ՍԻՄ ներկայացուցիչների խորհրդի կողմից ընդունված բոլոր որոշումները և դրանց հիման վրա կատարված գործարքները, ինչպես նաև ապօրինի և չեղյալ են ճանաչվել Հ. Բաբուխանյանի` որպես ՍԻՄ նախագահ ներկայանալու արդյունքում արված հայտարարություններն ու գործարքները, չի կարող հիմք հանդիսանալ հայցի մերժման համար, քանի որ, եթե անգամ պատասխանողը չի ցանկացել աշխատանքային պայմանագիր կնքել հայցվորների հետ, այս դեպքում նույնպես նրանց կողմից պետք է պահպանվեր աշխատանքային օրենսգրքի պահանջները: Պատասխանողի կողմից ներկայացված ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Կենտրոն-1 տարածքային կենտրոնի, ինչպես նաև ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Արաբկիրի տարածքային կենտրոնի այն գրությունները, որ հայցվորների վերաբերյալ սոցիալական ապահովագրության վճարումների տեղեկատվություն տրամադրել չեն կարող և անհատական հայտ և հաշվետվություն չի ներկայացվել, դարձյալ հայցի մերժման համար հիմք հանդիսանալ չի կարող, քանի որ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին հաշվետվություն և հայտ ներկայացնելու պարտականությունը գործատուինն է, այլ ոչ թե աշխատողներինը: Ինչ վերաբերում է պատասխանողի ներկայացուցչի մյուս պատճառաբանությանը, որ հայցվոր կողմը գրավոր ապացույցներ չի ներկայացրել աշխատանքի ընդունման հրամանների, աշխատավարձի ցուցակների և այլնի վերաբերյալ, հերքվել է իր իսկ կողմից ներկայացված ԴԱՀԿ ծառայության կողմից կազմված արձանագրությամբ, որ ֆիքսվել է հարկադիր կատարողի կողմից, այն մասին, որ ՀՀ քաղ. գործերով վերաքննիչ դատարանի վճռի հիման վրա կնիքը, ֆինանսական բոլոր փաստաթղթերը պետք է հանձնել մինչև 2006թ. սեպտեմբերի 16-ը գործող ՍԻՄ կուսակցության նախագահությանը, սակայն արձանագրվել է, որ դրանք բացակայում են: ՀՀ աշխ. օր-ի 114 հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պահանջ չի կարող համարվել …համոզմունքները կամ տեսակետները, կուսակցություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելը: Իսկ նույն օրենսգրքի 265 հոդվածի համաձայն` եթե պարզվում է, որ աշխատանքային պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները կարող են վերականգնվել: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար…: Պատասխանողի ներկայացուցչի մյուս պատճառաբանությունը, որ հայցվորները աշխատավարձ չեն ստացել և իրենց մոտ որևէ հիմք չի պահպանվել նրանց ստացած աշխատավարձի մասին, հերքվում է հենց իրենց կողմից ներկայացված հաստիքացուցակներով, համաձայն որի նախատեսված է աշխատավարձ "Իրավունք" թերթի խմբագրության բոլոր աշխատողների համար, այդ թվում գլխավոր խմբագրի և տնօրենի: Այսինքն` եթե այսօր նույն թերթի աշխատակիցներին վճարվում է աշխատավարձ, հետևաբար նախկին աշխատակիցներին նույնպես տրվել է աշխատավարձ: Ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 130-132 հոդվածներով

 

Վ Ճ Ռ Ե Ց

Հայցը բավարարել: Հովհաննես Գալաջյանին վերականգնել "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության "Իրավունք" պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնում, իսկ Գեղամ Գրիգորյանին վերականգնել "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության "Իրավունք" պաշտոնաթերթի տնօրենի պաշտոնում` վճարելով նրանց միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

Հակընդդեմ հայցը մերժել:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան հրապարակման օրվանից 15 օրյա ժամկետում:

 

ԴԱՏԱՎՈՐ` Գ. ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

 

* * *

Գործ թիվ 08-21
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը կազմով `
04.02.2008թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
քարտուղարությամբ` Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆ
Դատավորներ` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ; Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հայցվոր ` Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ; Հ. ԳԱԼԱՋՅԱՆ /ներակայացուցիչ` ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
Պատասխանողի ներակայացուցիչ` Ա. ԵՂԻԿՅԱՆ

Վերաքննիչ դատարանը, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Հովհաննես Գալաջյանի, Գեղամ Գրիգորյանի ընդդեմ ՍԻՄ կուսակցության` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վնասի հատուցում վճարելու և զբաղեցրած պաշտոններին վերականգնելու պահանջների մասին և ՍԻՄ կուսակցության հակընդդեմ հայցն ընդդեմ Հովհաննես Գալաջյանի և Գեղամ Գրիգորյանի` աշխատանքային պայմանագըրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց


Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 20.11.2007թ.-ի վճռով հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցը` մերժվել: Վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցությունը: Գործի կրկնակի քննության ընթացքում հայցվորների ներկայացուցիչը պնդեց հայցի հիմքում դրված փաստարկները, առաջին ատյանի դատարանում տված բացատրությունները և հայտնեց, որ Հովհաննես Գալաջյանը և Գեղամ Գրիգորյանը սկսած 01.08.1989թ.-ից և 04.01.1996թ.-ից աշխատել են "Իրավունք" թերթի խմբագրությունում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Սկսած 01.08.1989թ.-ից և 04.01.1996թ.-ից մինչև աշխատանքից ապօրինի ազատման պահը` 21.02.2007թ. /Հովհաննես Գալաջյանը զբաղեցրել է "Իրավունք" թերթի խմբագրության գլխավոր խմբագրի պաշտոնը, իսկ Գեղամ Գրիգորյանը զբաղեցրել է "Իրավունք" թերթի տնօրենի պաշտոնը/, որի մասին տեղեկացել են <Իրավունք> թերթի 13 համարից, տարիների ընթացքում իրենց վստահված աշխատանքը իրենց կողմից կատարվել է բարեխղճորեն: 07.03.2007թ. պատվիրված նամակով դիմել են "Իրավունք" թերթի ղեկավարությանը, որպեսզի իրենց տրամադրվի աշխատանքից ազատման որոշման օրինակը, որն ըստ աշխատանքային օրենսգրքի` ընկերությունը պարտավոր էր տրամադրել, որի արդյունքում պարզ կլիներ աշխատանքից ազատման պատճառները, սակայն մինչ օրս այդ որոշման օրինակն իրենց չի տրամադրվել, ինչպես նաև կատարել վերջնահաշվարկ, որը չի կատարվել: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածում հստակ նշվում է, թե որ դեպքում է թույլատըրվում աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ: Տվյալ դեպքում աշխատանքից ազատումը եղել է անօրինական, քանի որ չկա ոչ մի հիմնավոր պատճառ, որը թույլ կտար գործատուին ազատել իրենց աշխատանքից: Համաձայն նույն օր-ի 115 հոդվածի` գործատուն պարտավոր է աշխատանքային պայմանագիրը լուծելիս նախապես այդ մասին գրավոր ծանուցել աշխատողին, ավելին` նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ նշում են`1. աշխատանքից ազատելու հիմքը և պատճառը, 2. աշխատանքից ազատելու տարին, ամիսը, ամսաթիվը: Պատասխանողների կողմից իրենց նման ծանուցում չի եղել: Առարկելով հակընդդեմ հայցի դեմ հայտնեց, որ իրավահարաբերությունների ծագման պահին գործել է 1972թ.-ի հունիսի 16-ի ՀՀ աշխատանքային օրենսգիրքը: Համաձայն այդ աշխատանքային օրենսգիրքի 18 հոդվածի 1-ին մասի` աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել բանավոր կամ գրավոր: Նույն հոդվածի երրորդ մասի ուժով փաստորեն աշխատանքի անցնելու թույլտվությունը համարվում է աշխատանքային պայմանագրի կնքում, անկախ այն բանից, աշխատանքի ընդունումը ձևակերպվել է պատշաճ կարգով, թե` ոչ: Սույն դրվագով մեկ այլ գործով որպես նախադեպ առկա է նաև բարձր ատյանի, այն է` ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006թ.-ի /քաղ. գործ 3-2039/ՎԴ/ որոշումը: Այն, որ հայցվորներն աշխատանքի են անցել դեռևս 1993թ.-ից և կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, ապացուցվում են գործում առկա փաստաթղթերով, ուստի անգամ այն հանգամանքը, որ իբր նշված պայմանագիրը պետք է ստորագրվեր այլ անձի կողմից, չի կարող հիմք հանդիսանալ հայցը մերժելուն, քանի որ հայցվորները դեռևս 1993թ.-ից աշխատել են գործատուի մոտ, իսկ պատասխանողի այն պնդումը, որ աշխատանքային պայմանագիրը գործատուի կողմից պատշաճ չի ստորագրվել, անգամ եթե այդպես էլ է, ապա դա գործատուի թերացումն ու պարտավորությունն է, որը չի կարող ազդել հայցվորների իրավունքների սահմանփակմանը: Խնդրում է հայցը բավարարել, հակընդդեմ հայցը մերժել: Պատասխանող կողմի ներկայացուցիչը, պնդելով հակընդդեմ հայցը և առարկելով հայցի դեմ, խնդրեց հիմք ընդունել հակընդդեմ հայցի հիմքում դրված փաստարկները և տված բացատրություններն այն մասին, որ հայցվորների հետ կնքած աշխատանքային պայմանագրերն անվավեր են հետևյալ հիմնավորմամբ: ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթղթի կազմելու միջոցով, երկու օրինակից: Աշխատանքային պայմանագիրը ստորագրում են գործատուն կամ նրա ներկայացուցիչը և աշխատողը: Նշված պայմանագրերը պետք է ստորագրվեին "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության /ՍԻՄ/ նախագահի կողմից, իսկ պետական գրանցման թիվ 03Ա062958 վկայականի ներդիր 001-ի` "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության /ՍԻՄ/ նախագահ է հանդիսանում Հրանտ Խաչատրյանը, քանի որ "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության /ՍԻՄ/ կանոնադրության 3.7. կետի բ ենթակետի համաձայն "կուսակցության նախագահը վարում է բանակցություններ, կնքում է համաձայնագրեր, պայմանագրեր", այդ թվում և աշխատանքային, այլ ոչ թե Հայկ Բաբուխանյանի կողմից, որը լիազորված չէր ստորագրելու նման պայմանագիր: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը սահմանում է այն պայմանները, որոնք պարտադիր կերպով պետք է ներառվեն աշխատանքային պայմանագրում: Այդ պայմաններից մեկն աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվն է /կետ 9/: Գեղամ Գրիգորյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կազմելիս չի պահպանվել նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի այդ պահանջը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` "Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ": Իսկ ՀՀ Ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպանական և այլ հատուկ օրենսդրությամբ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` "Անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ": Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով երկու օրինակից, աշխատանքային պայմանագիրը ստորագրում են գործատուն կամ նրա ներկայացուցիչը և աշխատողը: Նշված պայմանագրերը պետք է ստորագրվեին "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության /ՍԻՄ/ նախագահ Հրանտ Խաչատրյանի կողմից: "Կուսակցությունների մասին" ՀՀ օրենքի 18 հոդվածի 2-րդ մասը սահմանում է. "կուսակցության կանոնադրության համապատասխան` կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինը կուսակցության անունից իրականացնում է նրա` որպես իրավաբանական անձի լիազորությունները", իսկ "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության /ՍԻՄ/ կանոնադրության 3.7. կետի բ/ ենթակետի համաձայն` կուսակցության նախագահը վարում է բանակցություններ, կնքում է համաձայնագրեր, պայմանագրեր, այդ թվում և աշխատանքային: 3.7. կետի ա/ ենթակետի համաձայն` ղեկավարում է կուսակցության գործունեությունը նախագահության նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում, իսկ նույն կետի դ/ ենթակետը սահմանում է, որ կուսակցության նախագահը գործադիր խորհրդի նախագահն է, ուստի աշխատանքային պայմանագիրը պետք է կնքվեր կուսակցության նախագահի կողմից, իսկ համաձայն "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության /ՍԻՄ/ պետական գրանցման թիվ 03 Ա 062958 վկայականի ներդիր 001-ի` "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության /ՍԻՄ/ նախագահ է հանդիսանում Հրանտ Խաչատրյանը, այլ ոչ թե Հայկ Բաբուխանյանը, ինչպես նշված է վերը նշված աշխատանքային պայմանագրերում: Վերը նշված աշխատանքային պայմանագիրը ստորագրվել է Հայկ Բաբուխանյանի կողմից, որպես "Իրավունք" թերթի խմբագրական խորհրդի նախագահ` մարմին, որի գոյությունը հավաստող ապացույց հայցվորի կողմից չի ներկայացվել դատարան, եթե նույնիսկ ընդունեն, որ նման մարմին գոյություն ունեցել է, ապա այդ "մարմնի նախագահը" կարող էր կնքել վերը նշված աշխատանքային պայմանագիրը միայն անմիջականորեն լիազորված լինելու դեպքում, այն է` ունենար "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության /ՍԻՄ/ նախագահ Հրանտ Խաչատրյանի անունից իրեն տրված պատշաճ ձևակերպված գրավոր լիազորություն` լիազորագիր` ստորագրելու վերը նշված պայմանագիրը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը սահմանում է այն պայմանները, որոնք պարտադիր կերպով պետք է ներառվեն աշխատանքային պայմանագրում: Այդ պայմաններից մեկն աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվն է: Գեղամ Գրիգորյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կազմելիս չի պահպանվել նաև աշխատանքային օրենսգրքի այդ պահանջը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305 հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ: Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպանական և այլ հատուկ օրենսդրությամբ: ՀՀ քաղ. օր-ի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: 08.01.2007թ. հաստատված հաստիքացուցակը ևս չի կարող սույն գործով դիտվել հայցվորների և պատասխանողի միջև աշխատանքային հարաբերությունները հավաստող ապացույց, քանի որ ստորագրված է Հայկ Բաբուխանյանի` որպես "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության /ՍԻՄ/ նախագահի կողմից, սակայն կուսակցության նախագահ է հանդիսանում Հրանտ Խաչատրյանը, ինչպիսի հանգամանքը հավաստվում է "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության /ՍԻՄ/ պետական գրանցման թիվ 03 Ա 062958 վկայականի ներդիր 001-ով: 14.01.1998թ. թիվ 37 պայմանագիրը գործի համար նշանակություն չունի, քանի որ դրանից որևէ կերպ չի երևում Գեղամ Գրիգորյանի և ՍԻՄ կուսակցության միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունը: Ինչ վերաբերում է հայցվոր կողմի ներկայացրած այլ փաստաթղթերին, այն է` հայցվորների աշխատանքային գրքույկների պատճեններին, "Սահմանադրական իրավունք միություն" համակարգիչ խորհրդի նիստի արձանագրության քաղվածքին, 1996թ. հաստիքացուցակին, դրանք նախ լրացված են հայցի հիմք հանդիսացող պայմանագրից ժամանակային առումով բավականին վաղ, բացի այդ Հրանտ Խաչատրյանի անվան տակ ստորագրել է Հայկ Բաբուխանյանը, որը վերոնշյալ հիմնավորմամբ իրավասու չէր ստորագրելու այն: Եթե նույնիսկ ընդունվի, որ "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության /ՍԻՄ/ և հայցվորների միջև մինչև ՀՀ աշխատանքային օրենսգրքի ընդունումն առկա են եղել աշխատանքային իրավահարաբերություններ, ապա ՀՀ աշխատանքային օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո հայցվորների կարգավիճակը պետք է վերանայվեր, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից հետո 1 տարվա ընթացքում, գործատուները պարտավոր են առանց աշխատանքային պայմանագրի աշխատանքային հարաբերությունների մեջ մտած աշխատողների հետ կնքել աշխատանքային պայմանագիր` օրենսգրքով սահմանված կարգով, ինչպիսի հանգամանքը հավաստող ապացույց հայցվորի կողմից չի ներկայացվել: Եթե աշխատանքային պայմանագրեր չեն կնքվել, նշանակում է դադարել են աշխատանքային հարաբերությունները, նույնիսկ եթե դրանք եղել են: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Հայցվորի կողմից չեն ներկայացվել իրենց աշխատանքային պայմանագրերը կամ այլ ապացույցներ, որով կհավաստվեր նրանց և պատասխանողի միջև աշխատանքային իրավահարաբերությունների առկայությունը, իսկ դատարանին ներկայացված Հ. Գալաջյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, որը հայցվորի կողմից ներկայացվում է որպես աշխատանքային իրավահարաբերության հիմք, ըստ էության անվավեր է: Չկան աշխատանքային պայմանագրեր, հետևաբար չկան նաև աշխատանքային իրավահարաբերություններ և չի կարող լինել աշխատանքային վեճ, ուստի հարկադիր պարապուրդի վճարման և աշխատանքում վերականգնման մասին խոսք լինել չի կարող: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ քաղ. օր-ի 1-ին հոդվածի 4-րդ մասը, 304-րդ հոդվածի 1-ին մասը, 305-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ, 85-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատատավարության օրենսգրքի 2-րդ, 87-րդ, 88-րդ, 96-րդ հոդվածները, խնդրում է բավարարել հակընդդեմ հայցն ամբողջությամբ` անվավեր ճանաչել հայցվոր կողմից դատարանին ներկայացված Հովհաննես Գալաջյանի և Գեղամ Գրիգորյանի հետ <Սահմանադրական իրա- վունք միություն> կուսակցության /ՍԻՄ/ անունից կնքված աշխատանքային պայմանագրերը և մերժել Հովհաննես Գալաջյանի և Գեղամ Գրիգորյանի հայցն ընդդեմ ՍԻՄ կուսակցության` հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար վնասների հատուցում վճարելու և զբաղեցրած պաշտոններում վերականգնելու պահանջների մասին: Լսելով կողմերի բացատրությունները, հետազոտելով հայցադիմումը, հակընդդեմ հայցը, գործում եղած գրավոր ապացույցները և գնահատելով դրանք, դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման, հակընդդեմ հայցը` մերժման, հետևյալ պատճառաբանությամբ. Գործի քննությամբ պարզվեց, որ կողմերի միջև աշխատանքային իրավահարաբերությունները ծագել են 1992-1993թթ.-ից: Հայցվորները աշխատելով "Իրավունք" շաբաթաթերթում, զբաղեցրել են տարբեր պաշտոններ: Նրանցից Հովհաննես Գալաջյանը 19.06.00թ. ՍԻՄ նախագահության որոշմամբ նշանակվել է "Իրավունք" շաբաթաթերթի խմբագրի պաշտոնակատարը, այնուհետև եռամսյա փորձաշրջանի ավարտից հետո հաստատվել խմբագրի պաշտոնում, որից հետո զբաղեցրել է <Իրավունք> պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը, որպիսի հանգամանքը հաստատված է գործում առկա Հովհաննես Գալաջյանի գործունեության մասին տեղեկություններ պարունակող աշխատանքային գրքույկից արված քաղվածքներով /գթ-31-33/ և ՍԻՄ նախագահության 19.06.00թ. որոշմամբ /գթ-34/: Հայցվոր Գեղամ Գրիգորյանը, համաձայն ՍԻՄ Համակարգիչ խորհըրդի 04.01.1996թ. նիստի արձանագրությունից արված քաղվածքի, նշանակվել է կառավարչի պաշտոնում, 14.01.98թ.-ից հաստատվել է տնօրենի պաշտոնում /հիմք աշխատանքային գրքույկից քաղվածքը և 14.01.98թ. թիվ 37 պայմանագիրը գթ-37,38/: Հայցվորների կողմից վերը նշված պաշտոնները զբաղեցնելու հանգամանքը չի ժխտել նաև պատասխանող կողմի ներկայացուցիչը, հայտնելով որ տվյալ պաշտոնները զբաղեցնելու պահից պաշտոնաթերթում հրապարակվել է, որպես գլխավոր խմբագիր, Հովհաննես Գալաջյանի անունը: Կողմերի միջև ծագած իրավահարաբերությունների պահին գործել է 1972թ.-ի հունիսի 16-ի Աշխատանքային օրենսգրքի դրույթները: Համաձայն նշված օրենսգրքի 18-րդ հոդվածի` աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել բանավոր կամ գրավոր: Նույն հոդվածի 3-րդ պարբերության` փաստորեն աշխատանքի անցնելու թույլտվությունը համարվում է աշխատանքային պայմանագրի կնքում, անկախ այն բանից` աշխատանքի ընդունումը ձևակերպվել է պատշաճ կարգով, թե` ոչ: Այսինքն` օրենսդիրը փաստացի աշխատանքի անցնելու թույլտվությունը համարում է աշխատանքային պայմանագրի կնքում, անկախ այն հանգամանքից, թե աշխատանքի ընդունումը պատշաճ ձևակերպվել է, թե` ոչ: Տվյալ պարագայում, ելնելով օրենսդրության հիշյալ պահանջերից, հայցվորները համարվել են անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերով հիմնական աշխատողներ` տվյալ պաշտոնաթերթում զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Հետևաբար անհիմն է պատասխանողի այն փաստարկը, որ վերոհիշյալ ապացույցները, այդ թվում նաև 08.01.2007թ. հաստատված հաստիքացուցակը, չեն կարող սույն գործով դիտվել հայցվորների և պատասխանողի միջև աշխատանքային իրավահարաբերությունները հավաստող ապացույցներ, քանի որ դրանք ստորագրված են տվյալ իրավասությունը չունեցող անձի` Հայկ Բաբուխանյանի` որպես "Սահմանդրական իրավունք միություն" /ՍԻՄ/ նախագահի կողմից, մինչդեռ կուսակցության նախագահ է հանդիսանում Հրանտ Խաչատրյանը: Դատարանը պատասխանողի պատճառաբանությունն անհիմն է համարում նաև այն առումով, որ տվյալ փաստաթղթերը կնքվել են ՍԻՄ հասարակական քաղաքական կազմակերպության կնիքով, իսկ Հովհաննես Գալաջյանի աշխատանքային գրքույկը և 04.01.96թ. արձանագրությունը ստորագրված է ՍԻՄ նախագահի կողմից, այսինքն դրանով հաստատվում է, որ ՍԻՄ կուսակցության նախագահը իրազեկ է եղել հայցվորների զբաղեցրած պաշտոնների մասին: Համաձայն "ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին" ՀՀ օրենքի 4րդ հոդվածի` օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, գործատուները պարտավոր են առանց աշխատանքային հարաբերությունների մեջ մտած աշխատողների հետ կնքել աշխատանքային պայմանագրեր` օրենսգրքով սահմանված կարգով: Պատասխանողը` ի դեմս "ՍԻՄ" կուսակցության և "Իրավունք" թերթի խմբ. խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանի /այսուհետ գործատու/, 01.10.06թ. աշխատանքային պայմանագրեր է կնքել հայցվորների հետ: Համաձայն հիշյալ պայմանագրերի 1.1 կետի` գործատուն աշխատողին տրամադրում է աշխատանք, որի նկարագրությունը բերված է սույն պայմանագրի 1.3 կետում և պարտավորվում է վճարել նրա կատարած աշխատանքի համար, իսկ աշխատողը պարտավորվում է կատարել Գործատուի հանձնարարած աշխատանքը սույն պայմանագրով սահմանված պայմաններով` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահական կանոնները: Պայմանագրի 1.2 կետով հայցվորներից Հովհաննես Գալաջյանը հաստատվել է գլխավոր խմբագրի պաշտոնում, իսկ Գեղամ Գրիգորյանը` գործադիր տնօրենի: Պայմանագրերը կնքվել են անորոշ ժամկետով /8.2 կետ/: Պայմանագրերով Հովհաննես Գալաջյանի աշխատանքի վարձատրության ամսական չափը սահմանվել է 45.000 դրամ, իսկ Գեղամ Գրիգորյանինը` 40.000 դրամ: Պայմանագրի 7.2 կետի համաձայն` պայմանագրերը կարող են լուծվել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգով և դեպքերում: Պայմանագրերը կնքված են ՍԻՄ հասարակական-քաղաքական կազմակերպության կնիքով: Ինչ վերաբերում է պատասխանողի պատճառաբանությանը, որ վերը նշված աշխատանքային պայմանագրերը ստորագրվել է Հայկ Բաբուխանյանի կողմից, որի իրավասությունը վերջինս չի ունեցել, հետևաբար այդ պայմանագրերը, որպես օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարք, անվավեր են և չեն առաջացնում իրավական հետևանքներ, որ այդ պայմանագրերում չի պահպանվել նաև ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները, այն է` չի նշվել աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, ապա դատարանը գտնում է, որ պատասխանողի վկայակոչած փաստարկը որևէ էական նշանակություն չունի, թե 01.10.06թ. կնքած աշխատանքային պայմանագրերը կազմակերպության որ պաշտոնյան է ստորագրել, քանի որ նախ` պայմանագրերը կնքված են ՍԻՄ հասարակական քաղաքական կազմակերպության կնիքով, բացի այդ պայմանագրերը կնքվել են հայցվորների հետ աշխատանքային հարաբերությունները համապատասխանեցնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներին: Սակայն անհերքելի փաստ է, որ հայցվորները նշված ժամանակահատվածից զբաղեցնում են տվյալ պաշտոնները, որը հայտնի էր նաև ՍԻՄ կուսակցության նախագահին: Հետևաբար, տվյալ պարագայում այդ պայմանագրերը համապատասխանում են օրենքի պահանջներին և բացակայում են այդ պայմանագրերի անվավերության հիմքերը: 20.02.2007թ. "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության նախագահության որոշմամբ` Հովհաննես Գալաջյանին և Գեղամ Գրիգորյանին ազատել են "ՍԻՄ" կուսակցության "Իրավունք" պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի /խմբագրի/ կուսակցական պաշտոնից "Երկարատև խմբակային հակականոնադրական գործունեություն իրականացնելու և "Իրավունք"-ի հերթական համարի լույս ընծայումը միտումնավոր խափանելու ուղղված քայլերի համար": Որոշումը հրապարակվել է "Իրավունք" թերթի 13-րդ համարում, որտեղից էլ հայցվորները տեղեկացել են զբաղեցրած պաշտոններից ազատման մասին: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված է աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը, նշված հոդվածի 4-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել նաև գործատուի նախաձեռնությամբ: Նույն օրենսգրքի 113-րդ հոդվածը սահմանում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման կարգը, իսկ 114-րդ հոդվածով նախատեսված են այն արգելքները, որոնց պայմաններում արգելվում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը: Դիմելով դատարան` հայցվորների ներկայացուցիչը պահանջել է հայցվորներին վերականգնել նախկին պաշտոններում և բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակաշրջանի գումարը, պատճառաբանելով, որ հայցվորների հետ աշխատանքային պայմանագրերը գործատուի նախաձեռնությամբ դադարեցվել է առանց օրինական հիմքերի և օրենսդրությամբ սահմանված կարգի կոպիտ խախտումներով, որի արդյունքում խախտվել է հայցվորների` Սահմանադրությամբ երաշխավորված աշխատանքային իրավունքները: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված է աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման կարգը:

Ըստ հիշյալ հոդվածի 3-րդ կետի` աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ նշվում են`

1) աշխատանքից ազատելու հիմքը և պատճառը.

2) աշխատանքից ազատելու տարին, ամիսը, ամսաթիվը: Փաստորեն, սույն գործով հաստատված է, որ պատասխանողը չի ծանուցել հայցվորներին աշխատանաքային պայմանագըրերը լուծելու մասին, այսինքն խախտել է օրենքով նախատեսված ծանուցման կարգը, ընդունելով աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու մասին որոշում, որի մասին հայցվորներին հայտնի է դարձել որոշման ընդունումից հետո, թերթի հրապարակումից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշպանությունն իրականացվում է` մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով, ինչպես նաև վնասներ հատուցելով: Տվյալ պարագայում պատասխանողի ընդունած որոշմամբ խախտվել են հայցվորների իրավունքները, որոնք ենթակա են վերականգման: Ավելին, պատասխանողը դատաքննության ընթացքում չի ներկայացրել այն հիմնավորումները, որոնք շարժառիթ են հանդիսացել տվյալ որոշման ընդունման համար, այսինքն, ելնելով գործի փաստական հանգամանքներից, ըստ էության պետք է եզրակացնել, որ հայցվորներին զբաղեցրած պաշտոններից ազատելու որոշումն ըստ էության զուրկ է իրավական հիմքերից, իսկ որոշումը հիմնավորող ապացույցներ պատասխանողը չի ներկայացրել, միչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Պատասխանողի այն պատճառաբանությունը, որ հայցվորներն աշխատել են, սակայն աշխատավարձ չեն ստացել` հասարակական հիմունքներով են աշխատել, անհիմն է, քանի որ գործում է գտնվում 2004-2005թթ. աշխատողների աշխատավարձից մաս ստանալու վերաբերյալ աշխատողների ցուցակի մի մասը, որից երևում է, որ հայցվորներն աշխատավարձ են ստացել: Ինչ վերաբերում է պատասխանողի այն պատճառաբանությանը, որ ՍԻՄ կուսակցության համաժողովն ընտրություններ է կատարել և այդ ընտրություները ՀՀ քաղ. գործերով վերաքննիչ դատարանի 31.01.07թ. վճռի հիման վրա չեղյալ է համարել 2006թ. սեպտեմբերի 16-ին ՍԻՄ 12-րդ համաժողովից հետո ձևավորված ինքնակոչ նախագահության և դրա անդամների մասնակցությամբ ՍԻՄ ներկայացուցիչների խորհրդի կողմից ընդունված բոլոր որոշումները և դրանց հիման վրա կատարված գործարքները, դարձյալ անհիմն է և հիմք չէ հակընդդեմ հայցը բավարարելու համար, քանի որ ՍԻՄ կուսակցության նախագահի փոփոխությունները չեն կարող ազդել հայցվորների աշխատանքային հարաբերությունների վրա, հաշվի առնելով, որ այդ դեպքում նույնպես պետք է պահպանվեր աշխատանքային օրենսդրության պահանջները: Իսկ պատասխանողի վկայակոչած այն փաստարկները, որ ՀՀ սոցիալական ապահովագըրության պետական հիմնադրամի Կենտրոն-1 տարածքային կենտրոնի, ինչպես նաև ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Արաբկիրի տարածքային կենտրոնի գրությունները, որ հայցվորների վերաբերյալ սոցիալական ապահովագրության վճարումների մասին տեղեկատվություն տրամադրել չեն կարող, քանի որ անհատական հայտ և հաշվետվություն չի ներկայացվել, դարձյալ հայցի մերժման համար հիմք չէ, քանի որ սոցիալական վճարները հաշվարկելու և սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին հաշվետվություն ներկայացնելու պարտականությունն օրենքով դրված է գործատուի վրա, իսկ տվյալ դեպքում գործատուի թերացումների համար հայցվորները պատասխանատվություն չեն կրում: Պատասխանողի ներկայացուցչի մյուս պատճառաբանությանը, որ հայցվոր կողմը գրավոր ապացույցներ չի ներկայացրել աշխատանքի ընդունման հրամանների, աշխատավարձի ցուցակների և այլնի վերաբերյալ, հերքվել է իր իսկ կողմից ներկայացված ԴԱՀԿ ծառայության կողմից կազմված արձանագրությամբ, որում հարկադիր կատարողը նշել է, որ ՀՀ քաղ. գործերով վերաքննիչ դատարանի վճռի հիման վրա կնիքը, ֆինանսական բոլոր փաստաթղթերը պետք է հանձնել մինչև 2006թ. սեպտեմբերի 16-ը գործող ՍԻՄ կուսակցության նախագահությանը, սակայն արձանագրվել է, որ դրանք բացակայում են: Պատասխանողի ներկայացուցչի մյուս պատճառաբանությանը, որ հայցվորներն աշխատավարձ չեն ստացել և իրենց մոտ որևէ հիմք չի պահպանվել նրանց ստացած աշխատավարձի մասին, հերքվում է հենց իրենց կողմից ներկայացված հաստիքացուցակներով, համաձայն որոնց նախատեսված է աշխատավարձ "Իրավունք" թերթի խմբագրության բոլոր աշխատողների համար, այդ թվում` գլխավոր խմբագրի և տնօրենի: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի` եթե պարզվում է, որ աշխատանքային պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները կարող են վերականգնվել: Այսպիսով, դատարանը վերոհիշյալ ապացույցների գնահատման արդյունքում եզրակացնում է, որ հայցվորների հետ պատասխանողի կողմից աշխատանքային պայմանագրերը լուծվել են ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներով, ինչի արդյունքում խախտվել են հայցվորների իրավունքները, որոնք տվյալ դեպքում ենթակա են վերականգնման, իսկ հակընդդեմ հայցն անհիմն է և ենթակա մերժման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածով վերաքննիչ դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

Հայցը բավարարել: Հովհաննես Գալաջյանին վերականգնել "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության "Իրավունք" պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնում, իսկ Գեղամ Գրիգորյանին վերականգնել "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության` "Իրավունք" պաշտոնաթերթի տնօրենի պաշտոնում` վճարելով նրանց միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

Հակընդդեմ հայցը մերժել:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հարապարակման պահից:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

 

Նախագահող դատավոր` Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

դատավոր` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

դատավոր` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ