դռնբաց դատական նիստում Երևան քաղաքում, 2009թ. ապրիլի 14-ին քննեց գործն ըստ հայցի Քրիստինե Վեզիրյանի ընդդեմ "Շենգավիթ" բժշկական կենտրոն ՓԲԸ-ի` 2007թ. հոկտեմբերի 23-ից մինչև օրս փաստացի ծավալված նույն պայմաններով իր հետ անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին
Հայցվոր Քրիստինե Վեզիրյանը /անձնագիր` .... / հայց է ներկայացրել դատարան ընդդեմ "Շենգավիթ" բժշկական կենտրոն ՓԲԸ-ի` հայտնելով, որ աշխատանքի ընդունվելու համար 27.10.2007թ. "Շենգավիթ" բժշկական կենտրոն ՓԲԸ-ին է ներկայացրել ՀՀ օրենսդրությամբ անհըրաժեշտ փաստաթղթերն ու նույն օրն անցել աշխատանքի` կատարելով մանկաբարձ-գինեկոլոգի աշխատանքային պարտականությունները` ամսական 200.000 դրամ, իսկ 2008թ. հունվար ամսից սկսած` 260.000 դրամ և ավելի` կապված գործարքային վճարման հետ, աշխատավարձով: Ըստ պատասխանող ընկերության գործադիր ղեկավարության խոսքերի` իր աշխատանքի անցնելու փաստն իբրև ձևակերպվել էր հրամանով և իր աշխատանքային գրքույկում համապատասխան գրառումով: Սակայն 2008թ. հուլիս ամսին պարզվել է, որ աշխատանքային գրքույկում պատասխանողի մոտ աշխատելու մասին որևէ գրառում չի արվել: Մինչև օրս չի ստացել աշխատանքի ընդունվելու մասին հրամանի և աշխատանքային պայմանագրի օրինակները: Իր և պատասխանող ընկերության միջև ծավալված աշխատանքային հարաբերությունները պարբերական ու կայուն բնույթ են կրել և պետք է շարունակվեին անորոշ ժամկետով: 2008թ. դեկտեմբերի 5-ին և 12-ին արդեն ստիպված գրավոր դիմել է "Շենգավիթ" բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենին` խախտումները վերացնելու, այն է` փաստացի աշխատանքային հարաբերությունները փաստաթղթորեն ամրագրելու խնդրանքով, սակայն 2 գրություններն էլ մնացել են անպատասխան: Ավելին, 26.12.2008թ. իրեն բանավոր հայտարարվել է, որ այլևս բժշկական կենտրոնում չպետք է աշխատի: Չնայած դրան, շարունակվել է աշխատանքային պարտականությունների կատարումը մինչև 14.01.2009թ.: Այն, որ իր և պատասխանող ընկերության միջև 2007թ. հոկտեմբեր ամսից ծավալվել են փաստացի աշխատանքային հարաբերություններ, ապացուցվում են բազմաթիվ գրավոր փաստաթղթերով, մասնավորապես` գ հայցադիմումին կից դատարան ներկայացված հիվանդի հիվանդության պատմությունից /լուսապատճենը/ քաղվածքը, որով հիմնավորվում է իր կողմից տվյալ հիվանդի պարբերաբար սպասարկելու փաստը` իր և փոխտնօրենի ստորագրություններով, գ իր կողմից "Շենգավիթ" բժշկական կենտրոն ՓԲԸ-ի անունից հիվանդին "Պրոմ-Տեստ" ՍՊԸ հետազոտման ուղարկելու փաստաթղթի և վերջինիս պատասխանի լուսապատճենները, գ աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում, կրելու նպատակով, պատասխանողի կողմից իրեն տրամադրված անվանաքարտի լուսապատճենը: Բացի վերոհիշյալ ապացույցներից կարող է իր և պատասխանող ընկերության միջև ծավալված փաստացի աշխատանքային հարաբերությունների փաստը հիմնավորող այլ ապացույցներ ներկայացնել: Վերը շարադրված պատճառաբանությամբ և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85 հոդվածի 2րդ մասի, 90 հոդվածի 2-րդ մասի, 95 հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին և 461 հոդվածների իրավական հիմքով էլ հայցվոր Քրիստինե Վեզիրյանը խնդրել է պարտավորեցնել պատասխանողին` իր հետ կնքել անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր` իրենց միջև առայսօր փաստացի ծավալված նույն պայմաններով` որպես հարաբերությունների ծագման սկիզբ ամրագրելով 2007թ. հոկտեմբերի 23-ը: Ի պատասխան հայցադիմումի` պատասխանող հանդիսացող "Շենգավիթ" բժշկական կենտրոն ՓԲԸ-ն ներկայացրել է առարկություններ` հայտնելով, որ հայցն իրավազուրկ է, խեղաթյուրված են գործի փաստական հանգամանքները: Այսպես. հայցվորը պնդում է, որ 23.10.2007թ.-ից անցել է աշխատանքի "Շենգավիթ" բժշկական կենտրոնում` կատարելով մանկաբարձ-գինեկոլոգի աշխատանքային պարտականություններ և ստացել 200.000 դրամ աշխատավարձ, այնուհետև` 01.01.2008թ.-ից` 260.000դրամ աշխատավարձ: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, աշխատանքի և դրա հետ անմիջականորեն կապված հարաբերությունների կարգավորումն իրականացվում է աշխատողների, գործատուների միջև կնքված կոլեկտիվ և աշխատանքնային պայմանագրի միջոցով: Նույն օրենսգրքի 14 հոդվածի համաձայն` աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա: Նշված օրենսդրական դրույթներով, ինչպես նաև նույն օրենսգրքի 17-18 հոդվածների պահանջներով օրենսդիրը պարտադիր պայման է դիտում գործատուի և աշխատողի միջև աշխատանքային պայմանագրի առկայությունը, առանց որի գոյության բացառում է աշխատանքային հարաբերությունները կողմերի միջև` բխող բոլոր իրավական հետևանքներով: Ըստ հայցի տրամաբանության` վերջինս աշխատել է բժշկական կենտրոնում մեկ տարուց ավելի, ավելին. աշխատանքային պայմանագիր չի ունեցել, անգամ իր հասանելիք արձակուրդից չի օգտվել: Ինչ վերաբերում է աշխատավարձը ստանալուն, ապա հայցվորը կենտրոնից աշխատավարձ չի ստացել: Ավելին` կենտրոնում մանկաբարձ-գինեկոլոգների աշխատավարձը 30.000-60.000 դրամ է, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178 հոդվածի պահանջներով աշխատավարձն աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է: Հայցվորի այն փաստարկմանը, որ իր կողմից պարբերաբար հիվանդ է սպասարկվելու, ինչպես նաև կենտրոնում աշխատանքային այլ գործողություններ կատարելու մասին, ապա դրանք չեն կարող դիտվել կենտրոնում հրամանագրված կամ աշխատանքային պայմանագիր ունեցող աշխատող համարվողի հիմք` հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը հնարավորություն է ընձեռում կողմերին առանց աշխատանքային պայմանագիր կնքելու կատարել որոշակի ծառայություններ: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777 հոդվածով բժշկական կենտրոնը 23.10.2007թ. ցանկացել է օգտվել հայցվորի որոշակի ծառայություներից և վերջինիս հետ կնքել է ծառայություն մատուցելու մասին պայմանագիր, որը պատշաճ ստորագրվել և կնքվել է գլխավոր տնօրենի կողմից: Այդ պայմանագիրը հիմք է տվել հայցվորին` կատարելու մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտական խորհրդատվություն, ինչը և վերջինիս կողմից կատարվել է: Ուստի որոշ փաստաթղթերի տակ, որպես մանկաբարձգինեկոլոգի, դրված է նաև հայցվորի ստորագրությունը: Ավելին, "Մալաթիա" բժշկական կենտրոն" ՓԲԸ-ի տնօրենի 08.07.2008թ. թիվ 224 հրամանով` հայցվորն աշխատանքի է ընդունվել այդ ընկերությունում, որպես մանկաբարձ-գինեկոլոգ, որը մեկ անգամ ևս ապացուցում է, որ հայցվորը կենտրոնում չի աշխատել, չէր կարող աշխատել, քանի որ այդ ժամանակ աշխատել է այլ ընկերությունում, որպես մանկաբարձ-գինեկոլոգ: Հիշատակված պատճառաբանությամբ էլ "Շենգավիթ" բժշկական կենտրոն ՓԲԸ-ն խնդրել է հայցը մերժել: Հայցվոր Քրիստինե Վեզիրյանն ու նրա ներկայացուցիչ Արգամ Նազանյանը հայցադիմումում նշված հիմնավորմամբ պնդեցին հայցը: Հայցվորի ներկայացուցիչը դատարանին տեղեկացրեց, որ մինչև քաղաքացիական իրավունքների պաշպանության հայցով դատարան դիմելը հայցվոր Քրիստինե Վեզիրյանը դիմել է ՀՀ Աշխատանքային պետական տեսչություն, որի կողմից կատարվել է ուսումնասիրություն և 04.02.2009թ. վերջինիս պատասխանվել, որ սույն գործով կողմերի միջև առկա է եղել ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական հարաբերություններ: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7 հոդվածի 6-րդ մասի համաձայն` "եթե դատական կարգով հաստատված է, որ գործատուի և աշխատողի միջև կնքված քաղաքացիա-իրավական բնույթի պայմանագրով փաստացի կարգավորվում են աշխատանքային հարաբերություններ, ապա նման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները": Այսինքն, Քրեստինե Վեզիրյանի և գործատուի միջև փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով հայցադիմում ներկայացնել դատարան: Միաժամանակ հայցվորը դատարանին ներկայացրեց թվային տեսաերիզ` տեղեկացնելով, որ տեսաձայնագրության մեջ ակնհայտ երևում է իր կողմից վիրահատության կատարելու ողջ պրոցեսը, ինչը մեկ անգամ ևս վկայում է "Շենգավիթ" բժշկական կենտրոնում որպես մանկաբարձ-գինեկոլոգի փաստացի աշխատանքային պարտականությունների կատարման մասին: /Դատական նիստի արձանագրություն/ Պատասխանող "Շենգավիթ" բժշկական կենտրոն ՓԲԸ-ի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանն ու Էդիտա Սահակյանը հայցադիմումի պատասխանում շարադրված հիմքերով առարկեցին հայցի դեմ` կրկին անգամ փաստելով, որ կողմերի միջև աշխատանքային պայմանագիր չի կնքվել, որպիսի պարագայում նրանց միջև աշխատանքային հարաբերությունների և դրանից բխող բոլոր իրավական հետևանքների առաջացման մասին խոսք լինել չի կարող: Հայցվոր Քրիստինե Վեզիրյանը "Շենգավիթ" բժշկական կենտրոնում իրականացրել է ընդամենը մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտական խորհրդատվություն: Այդ կապակցությամբ 23.10.2007թ. կնքվել է ծառայություն մատուցելու մասին պայմանագիր, ինչը սակայն ինչ-ինչ պատճառներով չի ստորագրվել "կատարող" Քրիստինե Վեզիրյանի կողմից, չնայած որ վերջինս 2007թ. հոկտեմբեր-2009թ. հունվար ժամանակահատվածում "Շենգավիթ" բժշկական կենտրոնում որպես մանկաբարձ-գինեկոլոգ փաստացի իրականացրել է մասնագիտական խորհրդատվություն: Եթե հայցվորը "Շենգավիթ" բժշկական կենտրոն" ՓԲԸ-ում մանկաբարձ-գինեկոլոգ աշխատած լիներ, ապա, ինչպես ինքն է վկայում, անպայման աշխատավարձերի վճարման փաստաթըղթերում կլիներ նրա անուն-ազգանունն ու ստորագրությունները: Մինչդեռ 2007թ. հոկտեմբեր-2009թ. հունվար ամիսներին աշխատավարձերի վճարային տեղեկանքներում Քրիստինե Վեզիրյանի, որպես մանկաբարձ-գինեկոլոգի, աշխատավարձի մասին որևէ տեղեկություն չկա և չէր կարող լինել: /Դատական նիստի արձանագրություն/ Պատասխանող ընկերության ներկայացուցիչների կողմից ներկայացված փաստարկների կապակցությամբ հայցվոր Քրիստինե Վեզիրյանը բացատրեց, որ պատասխանող ընկերությունում աշխատավարձ ստանալու վերաբերյալ պահում են տարբեր ցուցակներ և այդ պատճառով է, որ աշխատավարձի վճարման պաշտոնական փաստաթղթերում իր վերաբերյալ տեղեկություններ չկան: Ինչ վերաբերում է "ծառայությունների մատուցման պայմանագիր" կոչված փաստաթղթի առկայությանը, ապա այն պայմանագիր համարվել չի կարող, որովհետև այնտեղ բացակայում է իր ստորագրությունը: Մինչև 2007թ. հոկտեմբեր ամսից "Շենգավիթ" բժշկական կենտրոնում մանկաբարձ-գինեկոլոգի աշխատանքային պարտականությունների կատարմանն անցնելը, ընկերության տնօրինությունն իրեն հավաստիացրել է, որ 3 ամիս ժամկետով մանկաբարձ-գինեկոլոգի աշխատանքի փորձաշրջան անցնելուց հետո, պրոֆեսիոնալ կարողությունների դրսևորմամբ պայմանավորված, վերջնականապես պարզ կդառնա, թե իր հետ հիմնական աշխատանքային պայմանագիր կկնքեն, թե` ոչ: 2008թ. մայիսի վերջերին կամ հունիսի սկզբներին, իր հետագա աշխատանքային գործունեության իրականացման հետ կապված, փորձել է պարզել բժշկական կենտրոնի տնօրինության դիրքորոշումը: Փոխտնօրենն իրեն հավաստիացրել է, որ որևէ խնդիր չկա և, որ համարվում է հիմնական աշխատող: /Դատական նիստի արձանագրություն/ Լսելով գործին մասնակցող անձանց և ուսումնասիրելով գործի առկա փաստական տվյալները` դատարանը պարզեց և հաստատված համարեց հետևյալը. Քրիստինե Յուրիկի Վեզիրյանը 2007թ. հոկտեմբեր ամսին ցանկություն է հայտնել աշխատանքի անցնել "Շենգավիթ" բժշկական կենտրոն ՓԲԸ-ում, որպես մանկաբարձ-գինեկոլոգ: Այդ նպատակով նա հանդիպել է ընկերության տնօրենին: Վերջինս, ծանոթ չլինելով Քրիստինե Վեզիրյանի պրոֆեսիոնալ և գործնական կարողություններին, հայտնել է, որ անհրաժեշտ է որոշակի ժամկետ անհրաժեշտության դեպքում հետագա աշխատանքային հարաբերությունների ծագման, փոփոխման և իրականացման կարգի սահմանման առումով: Դրանից հետո Քրիստինե Վեզիրյանը տեղեկացվել է, որ վերջինս բժշկական կենտրոնում ունենալու է մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտական խորհրդատվություն իրականացնողի կարգավիճակ և, որ կարող է լիարժեք կատարել մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտական խորհրդատվություն, այն է` ներկայացնել մասնագիտական առաջարկություններ, եզրակացություն` յուրաքանչյուր հաճախորդի կամ դեպքի վերաբերյալ, ինչի համար բժշկական կենտրոնը պարտավորվել է ստեղծել պատշաճ պայմաններ, վճարել նախատեսված վճարները: Այդ կապակցությամբ "Շենգավիթ" բժշկական կենտրոն ՓԲԸ-ի և Քրիստինե Վեզիրյանի միջև կնքվել է ծառայությունների մատուցման /մասնագիտական խորհրդատվական/ իրականացնելու մասին պայմանագիր, որը սակայն Քրիստինե Վեզիրյանի կողմից չի ստորագրվել /պայմանագիրը ստորագրվել է միայն ընկերության գլխավոր տնօրենի կողմից, Քրիստինե Վեզիրյանի կողմից պայմանագիրը չստորագրելու հանգամանքները գործի քննությամբ չի պարզվել/: 2007թ. հոկտեմբերի 23-ից սկսած Քրիստինե Վեզիրյանը որպես մանկաբարձ-գինեկոլոգ ազատ ելումուտ է արել "Շենգավիթ" բժշկական կենտրոն ՓԲԸ-ում` իրականացնելով մանկաբարձգինեկոլոգի մասնագիտական խորհրդատվություն, այն է` պարբերաբար սպասարկել հիվանդներին, անհրաժեշտ մասնագիտական առաջարկություններ ներկայացրել, յուրաքանչյուր հաճախորդի կամ դեպքի վերաբերյալ տվել եզրակացություն, մանկաբարձության բաժանմունքի և բուժ. գծով փոխտնօրենի գիտությամբ ու համաձայնությամբ ինքնուրույն կատարել բժշկական ծառայություններ, հիվանդների բժշկական փաստաթղթերում լրացումներ և արտագրումներ կատարել: 2008թ. հունիս ամսին Քրիստինե Վեզիրյանը փորձել է ընկերության գլխավոր տնօրենի բուժ. գծով փոխտնօրենի միջոցով պարզել իր հետագա անելիքները "Շենգավիթ" բժշկական կենտրոնում և հստակեցնել իր կարգավիճակի հարցը: Ըստ Քրիստինե Վեզիրյանի` իրեն բուժ. գծով փոխտընօրենը հավաստիացրել է, որ վերջինս համարվում է հիմնական աշխատող /բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ/ և որ սահմանված կարգով կողմերի միջև կկնքվի աշխատանքային պայմանագիր, իսկ համաձայն պատասխանող կողմի պնդումների` Քրիստինե Վեզիրյանը քաջատեղյակ է եղել, որ հիմնական աշխատող չէ և որ պետք է շարունակի իրականացնել մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտական խորհրդատվությունը, այդ պատճառով էլ կողմերի միջև աշխատանքային պայմանագիր չի կնքվել և բնականաբար Քրիստինե Վեզիրյանը շարունակել է նման ձևով ծառայությունների մատուցումը: 08.07.2008թ.-ից Քրիստինե Վեզիրյանն աշխատանքային պայմանագիր է կնքել /թիվ 531/ "Մալաթիա" բժշկական կենտրոն ՓԲԸ-ի հետ և մանկաբարձական բաժանմունքում աշխատանքի անցել մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնում: Այդ մասին համապատասխան գրառում է կատարվել նրա աշխատանքային գրքույկում: Չնայած այդ հանգամանքին` Քրիստինե Վեզիրյանը շարունակել է հաճախել "Շենգավիթ" բժշկական կենտրոն և իրականացրել վերը նշված գործառույթները: 2008թ. դեկտեմբերի սկզբներին ինչ-ինչ պատճառներով սրվել են Քրիստինե Վեզիրյանի և "Շենգավիթ" բժշկական կենտրոնի տնօրինության փոխհարաբերությունները և միայն այդ ժամանակ` 05.12.2008թ. և 12.12.2008թ. Քրիստինե Վեզիրյանը գրավոր կարգով դիմել է պատասխանող ընկերության տնօրենին` խնդրելով 2007թ. իրեն տալ աշխատանքի նշանակվելու մասին հրամանի օրինակը, աշխատանքային պայմանագրի օրինակը, աշխատանքային գրքույկում կատարել իր աշխատանքային գործունեության վերաբերյալ համապատասխան գրառում և գրքույկն ընդունել ի պահ: Հայցվորը միաժամանակ ներկայացրել է նաև աշխատանքային գրքույկը: Վերը նշված գրավոր դիմումներին ընկերության տնօրինությունը չի պատասխանել և, արդյունքում, 2009թ. հունվարի սկզբներին Քրիստինե Վեզիրյանը դադարել է հաճախել "Շենգավիթ" բժշկական կենտրոն և կատարել որևէ գործառույթ: Գնահատելով գործի ապացույցները` դատարանը գտնում է, որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման` հետևյալ փաստարկմամբ. Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին կետի` աշխատանքային օրենսդրությանը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան` աշխատանքային և դրա հետ անմիջականորեն կապված հարաբերությունների կարգավորումն իրականացվում է աշխատողների և գործատուների կնքած կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի միջոցով: Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14 հոդվածի` աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 17 հոդվածի համաձայն` աշխատողը ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 18 հոդվածը սահմանում է, որ գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա և /կամ/ օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83 և 85 հոդվածների` աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի ծառայություններ` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ: Աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով: Աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից: Աշխատանքային պայմանագիրը ստորագրում են գործատուն կամ նրա ներկայացուցիչը և աշխատողը: Ստորագրված աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը տրվում է աշխատողին, մյուսը պահվում է գործատուի մոտ: Աշխատանքային պայմանագիրը նույն օրը գրանցվում է գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում: Գործատուն աշխատողին թույլատրում է անցնել աշխատանքի միայն աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո: Աշխատանքային պայմանագիրը պատշաճ կազմելու պատասխանատվությունը կրում է գործատուն: Աշխատանքի ընդունման ժամանակ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին ստորագրությամբ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին /դրա առկայության դեպքում/, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին: Աշխատողը պարտավոր է պայմանագիրը կնքելու հաջորդ օրն անցնել աշխատանքի, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 90 հոդվածի` աշխատանքային գրքույկը աշխատողի աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ ներառող հիմնական փաստաթուղթն է: Գործատուն պարտավոր է հիմնական աշխատավայրում աշխատող բոլոր աշխատողների համար վարել աշխատանքային գրքույկ: Վիճահարույց պարագայում` հաշվի առնելով, որ Քրիստինե Վեզիրյանի և "Շենգավիթ" բժշկական կենտրոն ՓԲԸ-ի միջև աշխատանքային հարաբերությունները պետք է ծագեին ու կարգավորվեին նրանց միջև կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա, ըստ որի Քրիստինե Վեզիրյանն անձամբ որոշակի վարձատրությամբ պետք է կատարեր մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտությամբ աշխատանքային գործառույթներ` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատու հանդիսացող "Շենգավիթ բժշկական կենտրոն" ՓԲԸ-ն ապահովեր օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված աշխատանքային պայմանները, ինչի համար անհրաժեշտ էր կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագրի առկայություն և, որ նրանց միջև գրավոր ձևով` կողմերի ստորագրությամբ, մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով նման պայմանագիր չի կնքվել, որը բնականաբար չի գրանցվել գործատուի աշխատանքային պայմանագրի գրանցամատյանում, Քրիստինե Վեզիրյանը գործատուի լիազորված անձի կողմից չի ծանոթացել աշխատանքի պայմաններին, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին, որպիսի հանգամանքներում "Շենգավիթ բժշկական կենտրոն" ՓԲԸ-ն չէր կարող Քրիստինե Վեզիրյանի աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ ներառող հիմնական փաստաթուղթ համարվող աշխատանքային գրքույկ վարել /պահանջվող անհրաժեշտ տվյալների ներառմամբ` աշխատողի անուն, ազգանուն, աշխատելու ժամանակահատվածը և այլն/, դատարանը գտնում է, որ կողմերի միջև աշխատանքային հարաբերությունների ծագման, փոփոխման, դադարման ու իրականացման կարգի մասին խոսք լինել չի կարող: Տվյալ դեպքում` նկատի ունենալով, որ Քրիստինե Վեզիրյանը 2007թ. հոկտեմբեր-2009թ. հունվար ժամանակահատվածում "Շենգավիթ բժշկական կենտրոն" ՓԲԸ-ում իրականացրել է մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտական խորհրդատվություն /դրա վերաբերյալ առկա պայմանագիրը ստորագրվել է միայն պատվիրատու համարվող "Շենգավիթ բժշկական կենտրոն" ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի կողմից, իսկ Քրիստինե Վեզիրյանի կողմից չի ստորագրվել/, ապա դատարանը գտնում է, որ կողմերի միջև կարող է առաջանալ այլ քաղաքացիական վեճ` կապված վերը նշված պայմանագրի վավերության, ինչպես նաև այդ պայմանագրից բխող պարտավորությունների կատարման հետ: Ինչ վերաբերում է հայցվորի այն պնդմանը, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7 հոդվածով նախատեսված կարգով, եթե դատական կարգով հաստատված է համարվում, որ գործատուի և աշխատողի միջև կնքված քաղաքացիա-իրավական բնույթի պայմանագրով փաստացի կարգավորվում են աշխատանքային հարաբերություններ, ապա նման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են աշխատանքային օրենսդրության ու աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթներ, ապա պատասխանողի կողմից ներկայացված հանձնարարության պայմանագրով /թեկուզև այն չի ստորագրվել Քրիստինե Վեզիրյանի կողմից/ փաստացի աշխատանքային հարաբերություններ չեն կարգավորել:
Շարադրվածն ընդունելով հիմք և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության 130132 հոդվածներով` դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Քրիստինե Վեզիրյանի հայցն ընդդեմ "Շենգավիթ բժշկական կենտրոն" ՓԲԸ-ի` 2007թ. հոկտեմբերի 23-ից մինչև օրս փաստացի ծավալված նույն պայմաններով իր հետ անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել: Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ քաղաքացիական դատարան` մեկ ամսում:
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ի. ԲԱՐՍԵՂՅԱՆ
|