Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ ԵԿԴ-2881/02 2008թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երեվան քաղաքի Կենտրոն եվ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով `
28.04.2009թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Գ. ԿԱՐԱԽԱՆՅԱՆ
քարտուղարությամբ` Ա. ՍԱՅԱԴՅԱՆ
Մասնակցությամբ Հայցվոր ` Ս. ՂԱՆԹԱՐՋՅԱՆ /ներկայացուցիչ / ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
Պատասխանողի ներկայացուցիչ` Ա. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` Սարգիս Ղանթարջյանի /անձնագիր` .... / ընդդեմ "Երևանի Պետական Համալսարանի" ՊՈԱԿ-ի` աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար վնասի հատուցման պահանջի մասին

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը

Հայցադիմումը մուտք է եղել 26.09.2008 թվականին, նախագահի կողմից մակագրվել է 29.09.2008 թվականին, վարույթ է ընդունվել 02.10.2008 թվականին: 23.10.2008 թվականին ներկայացվել է հայցադիմումի պատասխան: Դատարանը իր 05.12.2008 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցրել է և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106 հոդվածի 2-րդ կետի համաձայն դիմել է Սահմանադրական դատարան: 02.03.2009 թվականին ստացվել է ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի փետրվարի 24-ի ՍԴՈ-792 որոշման պատճենը:

Հայցվորի դիրքորոշումը

Հայցվորը դիմելով դատարան հայտնել է, որ 2003 թվականի մարտ ամսից մրցույթի արդյունքում զբաղեցրել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի "Կառավարման և գործարարության" ամբիոնի վարիչի պաշտոնը: Իր հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամանակով: 2008 թվականի մարտի 20-ին նույն ֆակուլտետի ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում ինքը կրկին ճանաչվել է հաղթող և "ԵՊՀ ամբիոնների վարիչների ընտրությունների ընթացակարգով" սահմանված կարգի համաձայն ԵՊՀ ռեկտորի և իր միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր, որով աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարացվել է 5 տարով` մինչև 20.03.2013 թվականը: Երևանի պետական համալսարանի ռեկտորի 28.08.2008 թվականի հրամանով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով, իրեն ազատել են ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի "Կառավարման և գործարարության" ամբիոնի վարիչի պաշտոնից: Հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 10-րդ, 11-րդ, 114 հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը, "Պետական կենսաթոշակների մասին" ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, նույն օրենքի 31 հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347 հոդվածը, խնդրել է վերացնել ԵՊՀ ռեկտորի 28.08.2008թի աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամանը, իրեն վերականգնել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի "Կառավարման և գործարարության" ամբիոնի վարիչի զբաղեցրած պաշտոնում: Վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին ախշատավարձի գումար: Հայցվորը և նրա ներկայացուցիչը պնդելով հայցն ավելացրել են նաև, որ հայցը ենթակա է բավարարման, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանի 24.02.2009թ. որոշմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114 հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը` "բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողը ձեռք է բերել ծերության կենսաթոշակ ստանալու իրավունք կամ ստանում է այդ կենսաթոշակը" բառակապակցությամբ մասով ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1 և 32 հոդվածներին հակասող և անվավեր:

Պատասխանողի դիրքորոշումը

Պատասխանողի ներկայացուցիչը դատաքննությամբ հայտնել է, որ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի կողմից 24.02.2009թ. ընդունված որոշման առկայությունը, ԵՊՀ ռեկտորի 28.08.2008թ. թիվ 157/21 հրամանը` Սարգիս Ղանթարջյանի մասով անվավեր ճանաչելու և նրան իր նախկին աշխատանքում վերականգնելու հարցի լուծումը, պատասխանողը թողնում է դատարանի հայեցողությանը: Ինչ վերաբերում է հայցադիմումում հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար որպես վնասի հատուցում նրա միջին աշխատավարձը վճարելու պահանջին, ապա իրենց դիտարկմամբ դատարանի կողմից պետք է գնահատական տրվի հետևյալ հանգամանքին. Մինչև Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, ինչպես նաև 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը` "բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողը ձեռք է բերել ծերության կենսաթոշակ ստանալու իրավունք կամ ստանում է այդ կենսաթոշակը" բառակապակցության մասով ՀՀ Սահմանադրության 14.1 և 32 հոդվածների հակասող և անվավեր ճանաչելը, օրենքի նշված կետով գործատուին տրված իրավունքի իրականացումը` այն է լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև դրա գործողության ժամկետի ավարտն աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով, եղել է իրավաչափ: Հետևաբար այդ ժամանակահատվածում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265–րդ հոդվածի 1-ին մասի իմաստով Երևանի Պետական համալսարանի ռեկտորի հրամանը չի համարվել անօրինական: Միայն Սահմանադրական դատարանի որոշումից հետո է, որ ի հայտ են եկել ԵՊՀ ռեկտորի հրամանն անվավեր ճանաչելու հիմքերը: Հետևաբար դատարանին խնդրել են Սարգիս Ղանթարջյանին իր նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում քննարկել հատուցման ենթակա ժամանակահատվածը ոչ թե հայցվորի աշխատանքից ազատելու, այլ Սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելու պահից հաշվարկելու հարցը: Լսելով կողմերին, հետազոտելով գործում առկա ապացույցները և գնահատելով դրանք, դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ:

Դատաքննությամբ հաստատված փաստերն են.

Դատաքննությամբ հիմնավորվեց, որ հայցվորը 2003 թվականի մարտ ամսից զբաղեցրել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի "Կառավարման և գործարարության" ամբիոնի վարիչի պաշտոնը: Նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: 2008 թվականի մարտի 20-ին նույն ֆակուլտետի ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի համար անցկացրած մրցույթում հայցվորը կրկին ճանաչվել է հաղթող և "ԵՊՀ ամբիոնների վարիչների ընտրությունների ընթացակարգով" սահմանված կարգի համաձայն ԵՊՀ ռեկտորի և հայցվորի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր, որով աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարացվել է 5 տարով` մինչև 20.03.2013 թվականը: Երևանի պետական համալսարանի ռեկտորի 28.08.2008 թվականի հրամանով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով, հայցվորին ազատել են ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի "Կառավարման և գործարարության" ամբիոնի վարիչի պաշտոնից: Գտնելով, որ վեճը լուծելու համար կիրառման ենթական օրենքի դրույթները` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը` որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի դեպքում, ինչպես նաև 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի` "բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողը ձեռք է բերել ծերության կենսաթոշակ ստանալու իրավունք, կամ ստանում է այդ կենսաթոշակը" բառերը հակասում են ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածի դրույթներին, դատարանը կասեցնելով գործի վարույթը դիմել է Սահմանադրական դատարան:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը իր 24.02.2009թ. որոշմամբ որոշել է`

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը` այնքանով, որքանով չի երաշխավորում հավասար և ոչ խտրական իրավապայմանագըրային հարաբերություններ աշխատողի և գործատուի միջև, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1 և 32 հոդվածներին հակասող և անվավեր:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 114 հոդվածի 4-րդ մասի 5 կետը` "բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողը ձեռք է բերել ծերության կենսաթոշակ ստանալու իրավունք, կամ ստանում է այդ կենսաթոշակը" բառակապակցության մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1 և 32 հոդվածներին հակասող և անվավեր:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Դատարանի իրավական վերլուծությունները

ՀՀ Սահանադրության 100 հոդվածի 1-ին կետի համաձայն` Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի, կառավարության, վարչապետի, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը: "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանարապետության Սահմանադրությունն ամրագրում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրավական կարգավորման սկզբունքները: Հայաստանի Հանրապետության Սահմանադըրությունն ունի բարձրագույն իրավական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Նույն օրենքի 24 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և սույն օրենքով սահմանված` առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերի գերակայության սկզբունքի հիման վրա: Իսկ 50 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից` "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նույն դրույթն է ամրագրված "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 64 հոդվածում: Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի 24.02.2009թ. որոշումը և վերը նշված հոդվածների դրույթները դատարանը գտնում է, որ Սարգիս Ղանթարջյանի հայցը ենթակա է բավարարման: Պատասխանողի ներկայացուցչի այն պատճառաբանությունը, որ միայն Սահմանադրական դատարանի որոշումից հետո է, որ ի հայտ են եկել ԵՊՀ ռեկտորի հրամանն անվավեր ճանաչելու հիմքերը և հետևաբար դատարանին խնդրել են Սարգիս Ղանթարջյանին իր նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում քննարկել հատուցման ենթակա ժամանակահատվածը ոչ թե հայցվորի աշխատանքից ազատելու, այլ Սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելու պահից հաշվարկելու հարցը, անհիմն է, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265 հոդվածի 1ին կետի համաձայն` աշխատողի խախտված իրավունքները վերականգնվելու դեպքում գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Օրենքը վերապահումներ չի նախատեսում: Առաջնորդվելով վերոգրյալ պատճառաբանությամբ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

Հայցը բավարարել: Վերացնել Երևանի Պետական Համալսարանի ռեկտորի 28.08.2008թ.-ի թիվ 157/21 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը` Սարգիս Ղանթարջյանի մասով և նրան վերականգնել Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի "Կառավարման և գործարարության" ամբիոնի վարիչի զբաղեղրած պաշտոնում` վճարելով միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Պետական տուրքի հարցը համարել լուծված: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Սույն դատական ակտը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

 

ԴԱՏԱՎՈՐ` Գ. ԿԱՐԱԽԱՆՅԱՆ