Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Քաղ. գործ թիվ ԵԿԴ-1958/02/2009թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով `
30.03.2010թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Կ. Պետրոսյանի
քարտուղարությամբ` Ս. Բաղդասարյանի
Մասնակցությամբ Հայցվոր ` Հրայր Խաչատրյանի /ներկայացուցիչ /Արկադի Սահակյան
Պատասխանող` "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության
/ներկայացուցիչ /Լևոն Բաղդասարյանի
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Հրայր Խաչատրյանի /անձնագիր…/ ընդդեմ <<Սահմանադրական իրավունք միություն>> կուսակցության (գրանցման վկայական -------)` զբաղեցրած պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարման և վնասի հատուցման պահանջի մասին, և ըստ <<Սահմանադրական իրավուք միություն>> կուսակցության հակընդդեմ հայցի ընդդեմ Հրայր Խաչատրյանի` վերջնահաշվարկը հաշվանցելու և գումարի բռնագանձման պահանջի մասին.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Հայցվորը, դիմելով դատարան հայտնել է, որ 26.02.2007 թվականին <<Սահամանադական իրավունք միություն>> կուսակցության հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, համաձայն որի կուսակցությունում անցել է վճարովի աշխատանքի որպես աձնակազմի և տարածքային ստորաբաժանումների կառավարման բաժնի պետ:

07.01.2008թ. երկարացվել է պայմանագիրը մեկ տարի ժամկետով` ամսական 78000 ՀՀ դրամ աշխատավարձով: 2008 թվականի ապրիլի 17-ին իր և կուսակցության գործող ղեկավարության առջև փակվել են կուսակցության դռները, որից հետո որևէ պաշտոնական տեղեկություն չունի ՍԻՄ կուսակցության հետ իր աշխատանքային հարաբերությունների մասին: Մինչև օրս ինքը չունի կուսակցության կողմից իր հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծելու մասին որևէ պաշտոնական փաստաթուղթ, չի կատարվել վերջնահաշվարկ:

<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ի և <<Սահմանադրական իրավունք միություն>> կուսակցության միջև 10.07.2007թ. կնքված վճարային պլաստիկ քարտերի տրամադրման թիվ ՊՔ-369 պայմանագրի հիման վրա որպես կուսակցության աշխատակից աշխատավարձ ստանալու նպատակով իրեն տրամադրվել է ԱՐՔԱ վճարային պլաստիկ քարտ մինչև 2012թ. ժամկետով: Հետագայում կուսակցության միջնորդությամբ և իր կողմից 13.11.2007թ. տրված դիմումի հիման վրա պլաստիկ քարտի թիվ 8362150 հաշվին 2007-2008թ բացվել է 234000 ՀՀ դրամ գումարի չափի վարկային գիծ տարեկան 20 տոկոսի տոկոսադրույքի չափով: 2008 թվականի ապրիլ ամսից աշխատանք չունենալու պատճառով չի կարողացել կատարել պայմանագրային պարտավորությունները, և մասամբ մուծումներից հետո բանկին մնացել է պարտք` 203403 ՀՀ դրամի չափով: Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 13.08.2009թ. վճռով իրենից հօգուտ <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ի վճռվել է գանձել 305769 ՀՀ դրամ, որից 203403 ՀՀ դրամ` որպես հիմնական վարկի գումար, 26527 ՀՀ դրամ` հաշվարկված տոկոսների գումար, 71839 ՀՀ դրամ` հաշվարկված տույժերի գումար,  4000 ՀՀ դրամ` քարտի տարեկան սպասարկման վարձ և 6116 ՀՀ դրամ` որպես բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար: Այսպիսով, աշխատանքից ապօրինի զրկվելու պատճառով կրել է 108482 ՀՀ դրամ վնաս: Հաշվի առնելով վերոգրյալը հայցվորը դատարանին խնդրել է  պատասխանողից բռնագանձել 974592 ՀՀ դրամ` որպես  հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի և բանկի կողմից ներկայացված տուգանքների գումար:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2009 թվականի որոշմամբ Հրայր Խաչատրյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործը նախապատրաստվել դատաքննության:

06.11.2009 թվականի որոշմամբ գործով նշանակվել է դատաքննություն:

02.12.2009 թվականին <<Սահմանադրական իրավունք միություն>> կուսակցությունը դատարան է ներկայացրել հակընդդեմ հայց` հետևյալ բովանդակությամբ.

ՍԻՄ կուսակցության նախագահությամբ 03.04.2006 թվականի որոշմամբ Հրայր Խաչատրյանին տրվել է անտոկոս փոխառություն 1000 ԱՄՆ դոլարի չափով 1,5 տարի ժամկետով: Պարտքը պետք է վերադարձվեր 03.10.2007 թվականին, սակայն Հրայր Խաչատրյանը գումարը չի վերադարձրել:

Նկատի ունենալով վերոգրյալը հակընդդեմ հայցվորը խնդրել է 1000 ԱՄՆ դոլարից հաշվանցել 90.3 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որպես Հրայր Խաչատրյանի վերջնահաշվարկի գումար, Հրայր Խաչատրյանից բռնագանձել 909,7 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսներ 03.10.2007 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

04.12.2009 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել <<Սահմանադրական իրավունք միություն>> կուսակցության հակընդդեմ հայցն ընդդեմ Հրայր Խաչատրյանի` վերջնահաշվարկը հաշվանցելու և գումարի բռնագանձման պահանջի մասին:

30.03.2010 թվականին հրավիրված դատական նիստի ընթացքում հայցվոր Հրայր Խաչատրյանը, նրա ներկայացուցիչ Արկադի Սահակյանը դատարան ներկայացրած միջնորդությամբ հրաժարվեցին հայցից, իսկ հակընդդեմ հայցվոր <<Սահմանադրական իրավունք միություն>> կուսակցության ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը հրաժարվեց հակընդդեմ հայցից և խնդրեց կարճել գործի վարույթը:

Քննելով հայցից հրաժարվելու հայցվորի և հակընդդեմ հայցվորի /ներկայացուցչի/ միջնորդությունները` դատարանը գտավ, որ դրանք ենթակա են բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի` հայցվորը կարող է հայցից հրաժարվել մինչև դատաքննության ավարտը:

Ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ կետի` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից:

Տվյալ դեպքում հայցվորը և հակընդդեմ հայցով հայցվորը /ներկայացուցիչները/ հայցից հրաժարվել են գործի դատաքննության փուլում, որպիսի հանգամանքը հիմք է քաղաքացիական գործի վարույթը կարճելու համար:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայցից հրաժարվելու պայմաններում նախապես չվճարված պետական տուրքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի կարգով ենթակա էր բռնագանձման հայցվորից, իսկ վերջինս <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի ե/ ենթակետի համաձայն ազատված է պետական տուրքի վճարումից, դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 73-րդ; 130-րդ; 131-րդ; 132-րդ; 140-րդ հոդվածներով, 109-րդ հոդվածի 6-րդ կետով, դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

 

Ըստ հայցի Հրայր Խաչատրյանի ընդդեմ <<Սահմանադրական իրավունք միություն>> կուսակցության` զբաղեցրած պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարման և վնասի հատուցման պահանջի մասին, և ըստ <<Սահմանադրական իրավունք միություն>> կուսակցության հակընդդեմ հայցի ընդդեմ Հրայր Խաչատրյանի` վերջնահաշվարկը հաշվանցելու և գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործի վարույթը կարճել:

Պետական տուրքի հարցը համարել լուծված:

Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել միայն վերաքննության կարգով:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

 

 

ԴԱՏԱՎՈՐ`

Կ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ծանոթություն. Սույն վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

 

ԴԱՏԱՎՈՐ`

Կ. ՊԵՏՐՈՍՅԱՆ