2002թ. փետրվարի 6-ին, Երևան քաղաքում, վերաքննիչ դատարանում դռնբաց դատական նիստում Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի /դատավոր Պ.Օհանյան/ 2001թ. դեկտեմբերի 26-ին կայացրած վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքով քննեց գործն ըստ հայցի "Ավտոսիրող Կենտրոն" ՍՊԸ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` պաշտոնատար անձի անգործությունը վիճարկելու պահանջի մասին:
Առաջին ատյանի դատարանը դիմումը մերժել է:
Վերաքննիչ դատարանում, պնդելով հայցը և առաջին ատյանի դատարանում տված բացատրությունը, դիմողի ներկայացուցիչ Լ.Բաղդասարյանը բացատրություն տվեց, որ նախկին ՀԽՍՀ նախարարների խորհրդի 07.03.74թ. թիվ 112 որոշմամբ ստեղծվել է ՀԽՍՀ ավտոսիրողների կամավոր ընկերությունը, որն ունեցել է շրջանային խորհուրդներ` այդ թվումՄյասնիկյանի շրջանային խորհուրդը: 05.10.93թ. ընկերության հրամանով Մյասնիկայանի շրջանային խորհուրդը դառնում է ինքնուրույն տնտհաշվարկային առանձին միավոր, որը Հայաստանում գործող "Ձեռնարկությունների և անավարտ շինությունների մասնավորեցման մասին" ՀՀ օրենքի համաձայն հետագայում ձեռք է բերում ՍՊ ընկերության կարգավիճակ, գրանցվելով ,,Ավտոսիրող Կենտրոն’’ ՍՊ ընկերություն: Ընկերության տնօրինության տակ գտնվող Կիլիկա թաղամասի Սովխոզային 39 հասցեում գտնվող 179.2քմ. տարածքը վարձակալական հիմունքներով օգտագործվում է ,,Ավտոսիրող Կենտրոն’’ ՍՊ ընկերության կողմից: Մինչև 2000թ. կազմակերպության կողմից պատշաճ կարգով կատարվել են հողի վարձակալության պայմանագրային պարտավորությունները, սակայն հետագայում Կենտրոն թաղապետարանից պայամանգիր կնքելու լիազորությունն անցավ Երևանի քաղաքապետարանի իրավասության տակ, Երևանի քաղաքապետարանը հրաժարվեց կնքել հողի վարձակալության պայմանագիր:
Քանի որ 1993թ. ,,Ավտոսիրող Կենտրոն’’ ՍՊ ընկերության կողմից վարձակալական հիմունքներով օգտագործվել է այդ տարածքը և ժամանակին ու պատշաճ կատարվել են պայմանագրային պարտավորությունները, ուստի խնդրում է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին կնքել 179.2քմ. հողի վարձակալության պայմանագիր այն հողի, որի վրա գտնվում է ,,Ավտոսիրող Կենտրոն’’ ՍՊ ընկերությունը:
Պատասխանող կազմակերպության ներկայացուցիչ Գևորգ Մհերյանը հայցը բավարարելու հարցը թողեց դատարանին, հայտնելով, որ Սովխոզային 39 հասցեում վարձակալությամբ հատկացված հողամաս գոյություն չունի, վիճելի հողամասը գտնվում է այդ հասցեի դիմացի հատվածում` ,,Ավտոսիրող Կենտրոն’’ ՍՊ շենքի տակ, շենքի ընդհանուր մակերեսը 179.2քմ. է: Վերաքննիչ դատարանը, վերլուծելով դատաքննության տվյալները, գտնում է, որ դիմումը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ: Դատաքննությամբ պարզվեց, որ ՀԽՍՀ Ավտոմոտոսիրողների ընկերության իրավահաջորդը ,,Հայ Ավտոսիրող’’ հասարակական կազմակերպությունն է, իսկ վերջինիս իրավահաջորդը` ,,Ավտոսիրող Կենտրոն’’ ՍՊԸ: Ընկերությունը զբաղեցնում է 179.2քմ. ընդհանուր մակերեսով տարածք ունեցող շինությունը: Կա շինության տեխնիկական անձնագիրը, սակայն օբյեկտի կառուցման նախահաշվարկը և հողահատկացման որոշումները չեն պահպանվել: Նախկինում մինչև 2000թ. հողի վարձակալության պայամանագիր են կնքել Կենտրոն թաղապետի հետ /տես տեղեկանքը/: Քանի որ հողի վարձակալության պայմանագիր կնքելու իրավունքը վերապահված է Երևանի քաղաքապետարանին, իսկ վերջինս պայմանագիր չի կնքել, ուստի դատարանը գտնում է, որ վեճը լուծելիս դատարանը պետք է ղեկավարվի ՀՀ քաղ. օր-ի 461 հ. պահանջներով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 281 հոդվածով` վերաքննիչ դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Դիմումը բավարարել: Պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին ,,Ավտոսիրող Կենտրոն’’ ՍՊ ընկերության հետ կնքել շինության տակի 179.2քմ. հողի վարձակալության պայմանագիր: Վճիռը կամովին չկատարելու դեպքում կկատարվի ԴԱՀԿ ծառայության կողմից պարտապանի հաշվին: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղ. և տնտ. գործերի պալատին հրապարակումից 15 օրվա ընթացքում:
Նախագահող դատավոր` Ն.ՀՈՎՍԵՓՅԱՆ
դատավոր` Գ.ՄԱՏԻՆՅԱՆ
դատավոր` Վ.ԱՎԱՆԵՍՅԱՆ
ԾանոթությունՍույն վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Նախագահող` Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
|