2007թ. մարտի 29-ին Երևանում, դռնբաց դատական նիստում, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի (դատ. Ռ.Ներսիսյան) 11.10.2005թ. կայացված թիվ 2-2235 վճռի դեմ հայցվոր Արմեն Միքայելյանի կողմից բերված վերաքննիչ բողոքով քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Միքայելյանի ըննդեմ ՀՀ Կենտրոնական նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի` հայտարարությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին
Առաջին ատյանի դատարանը հայցը մերժել է:
Դիմելով դատարան, հայցվորը հայտնել է, որ 14.10.2004թ. ՀՀ քաղաքացի Մնացական Սուքիասյանը կազմել է կտակ, որով իրեն պատկանող ամբողջ գույքը կտակել է իրեն` Արմեն Միքայելյանին: Կտակը ստորագրվել է կտակարարի կողմից և վավերացվել է ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից: Վերջինիս կողմից վավերացվել է նաև 19.11.2004թ. թվագրված հայտարարություն, որով Մնացական Սուքիասյանի 14.10.2004թ. տրված կտակը համարվել է անվավեր և վերացվել է: Մնացական Սուքիասյանը չէր կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, ինչի մասին վկայում են ներկայացված փաստերը: Մնացական Սուքիասյանը բուժվել է "Արմենիա" ՀԲԿ նյարդաբանական բաժանմունքում 30.09.2004թ. մինչև 13.10.2004թ.: Հիվանդանոցից դուրս է գրվել, որովհետև ստացիոնարային բուժման կուրսն ավարտած է եղել և հիվանդի առողջական վիճակը եղել է կայուն, գիտակցությունը և կողմնորոշումը եղել են պահպանված, համաձայն "Արմենիա" ՀԲԿ-ի տրված գրության: Սակայն հիվանդի վիճակն աստիճանաբար վատացել է: Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ "հայտարարությունը" Մնացական Սուքիասյանի փոխարեն ստորագրել է Թագուհի Սարգսյանը: Այսինքն, ի տարբերություն հիվանդանոցից դուրս գրվելու` 13.10.2004թ. պահին, երբ նա ազատ կերպով կարողանում էր ստորագրություն կատարել, 19.11.2004թ. նա չի կարողացել նույնիսկ իր ձեռքով ստորագրություն կատարել: 2004թ. նոյեմբեր ամսվա ընթացքում Մնացական Սուքիասյանը ենթարկվել է բժշկական հետազոտության, որի արդյունքներով վերջինիս առողջական վիճակը ծանրացած է եղել, գիտակցությունը ոչ պարզ, հարցերին չի կարողացել ճիշտ պատասխանել, ինչը հաստատվում է "Արմենիա" ՀԲԿ-ի նյարդավիրաբուժական բժշկի գրությամբ: Այդ ժամանակ նույնիսկ բժշկի կողմից առաջարկ է արվել հիվանդին կրկին հիվանդանոցային բուժման ներկայացնել, որը սակայն չի կատարվել: Այսինքն` այդ ժամանակահատվածում Մնացական Սուքիասյանը հիվանդության պատճառով ընդունակ չի եղել հասկանալ իր գործողությունների նշանակությունը, ինչը նշանակում է, որ նրա 19.11.2004թ. հայտարարությունը ենթակա է անվավեր ճանաչման: Ինքը հանդիսանում է Մնացական Սուքիասյանի կողմից 14.10.2004թ. արված կտակով նրա ամբողջ գույքի միակ ժառանգորդ: Այդ պատճառով էլ Մնացական Սուքիասյանի 19.11.2004թ. հայտարարությունը` արված այնպիսի վիճակում, երբ նա ընդունակ չի եղել հասկանալ իր գործողությունների նշանականությունը կամ ղեկավարելու դրանք, խախտում են իր` որպես ժառանգի իրավունքները և օրինական շահերը: Նշել է նաև, որ չնայած նրան, որ կտակը վերացնելու հայտարարություն անելիս կտակարարը պարտավոր չէ նշել դրա պատճառները, սակայն որևէ պատճառ չի եղել իրեն կտակից զրկելու համար, քանի որ ինքը զբաղվել է հիվանդի խնամքով, մշտապես ֆինանսական օգնություն է ցուցաբերել նրան, հոգացել է նրա կենցաղային հոգսերը, ինչի մասին վկայում են հարևանները, հիվանդանոցում Մնացական Սուքիասյանի հետ բուժվող անձանց, ծանոթների բացատրությունները: Մնացական Սուքիասյանը մինչև իր մահվան օրը` 16.12.2004թ. իրեն ընդունել է որպես իր հարազատ որդու և ոչ մի ակնարկ չի եղել իր կողմից արված կտակը վերացնելու մտադրության մասին: Խնդրել է անվավեր ճանաչել Մնացական Սուքիասյանի 19.11.2004թ. հայտարարությունը` 14.10.2004թ. թիվ 20512 ռեեստրի տակ կտակն անվավեր և վերացնելու մասին` վավերացված ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից: Վերաքննիչ դատարանում հայցվորի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը հայցը պնդեց և խնդրեց այն բավարարել, ավելացնելով, որ հայցվոր Արմեն Միքայելյանը տասը և ավելի տարիներ շարունակ հոգացել է թե Մնացական Սուքիասյանի, թե նրա կնոջ խնամքը, նրանք հայցվորին համարել են որպես հարազատ: Մնացական Սուքիասյանը տարբեր հիվանդանոցներում ստացել է բուժումներ, գործին կցված փաստաթղթերը և Արմեն Միքայելյանի կատարած մուծումները հաստատում են այդ փաստը: Մնացական Սուքիասյանը, մինչև իր մահը, հոգեպես ի վիճակի չի եղել իր գործողությունները ղեկավարելու և իրեն հաշիվ տալու: Այդ հանգամանքը հաստատում է դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում տրված եզրակացությամբ: Համաձայն փորձագետի եզրակացության` Մնացական Սուքիասյանը 19.11.2004թ. ՀՀ Կենտրոն նոտարական տարածք հայտարարություն տալիս ի վիճակի չէր գիտակցել իր գործողությունները և ղեկավարել դրանք: Այդ փաստը հաստատում է նաև վիճելի հայտարարության բովանդակությամբ, որտեղ մասնավորապես նշված է, որ Մնացական Սուքիասյանի ձեռքի թուլության պատճառով նրա փոխարեն ստորագրել է հարևանուհի Թագուհի Սարգսյանը: Հակառակ դրան` Մնացական Սուքիասյանը բուժում ստանալով և առողջանալուց հետո գնացել է նոտարական գրասենյակ և գրել կտակը: Կտակը գրել և ստորագրել է ինքը` առանց որևէ մեկի օժանդակության, քանի որ "Արմենիա" բժշկական կենտրոնում բուժում ստանալուց հետո նա առողջական լավ վիճակով դուրս է գրվել հիվանդանոցից: Խնդրեց հայցը բավարարել: Պատասխանող նոտարական գրասենյակի պետական նոտար Էմմա Շաբոյանը պատշաճ ձևով ծանուցված լինելով դատական նիստի վայրի և ժամանակի մասին, դատական նիստին չի ներկայացել: Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասով, որոշեց գործը քննել պատասխանողի բացակայությամբ: Լսելով կողմին, ուսումնասիրելով և վերլուծելով դատաքննության տվյալները, դատարանը գտնում է որ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ. Դատաքննությամբ պարզվեց, որ Արմեն Միքայելյանը մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել Մնացական և Էմմա Սուքիասյանների հետ, իր կնոջ օգնությամբ զբաղվել է նաև նրանց խնամքով: Այդ հարաբերությունները սկսվել են նրանց մահվանից շուրջ 10-15 տարի առաջ: 2004թ. մահացել է ինչպես Էմմա Սուքիասյանը, այնպես էլ Մնացական Սուքիասյանը (գ.թ.10): Վերջինս 2004թ. հոկտեմբերի 14-ին գնացել է նոտարական գրասենյակ և կտակով իրեն պատկանող ամբողջ գույքը կտակել է Արմեն Միքյաելյանին: Կտակում Մնացական Սուքիասյանը գրել է իր անուն ազգանունը և ստորագրել այն: 2004թ. հոկտեմբերի 19-ին վերջինիս դուստրը` գործով վկա Լարիսա Սուքիասյանը, իմանալով կտակի մասին, իր հարևանուհի Թագուհի Սարգսյանի հետ Մնացական Սուքիասյանին տարել է նոտարական գրասենյակ, որտեղ տվել է հայտարարություն` կտակն անվավեր ճանաչելու և վերացնելու մասին: Հայտարարության մեջ նշված է, որ Մնացական Սուքիասյանի ձեռքի թուլության պատճառով է նրա փոխարեն ստորագրել Թագուհի Սարգսյանը (գ.թ.7): Արմեն Միքայելյանը վիճարկում է հայտարարությունն այն հիմքով, որ Մնացական Սուքիասյանը, հայտարարությունը տալու ժամանակ չի գիտակցել իր գործողությունները և հոգեպես չի կարողացել ղեկավարել դրանք: Հայցվոր Արմեն Միքայելյանը, որպես հիմնավորում, վկայակոչել է "Արմենիա" բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի կողմից տրված փաստաթուղթը` բովանդակությամբ. "քաղաքացի Մնացական Տիգրանի Սուքիասյանի հիվանդության մասին, հատկապես 2004թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում, հայտնում է, որ մասնավորապես հոկտեմբերի կեսերին հիվանդին դիտել են հիվանդանոցից դուրս գրվելուց հետո: Գիտակցությունը եղել է պարզ, հարցերին պատասխանել է ադեկվատ, նշել է իր գանգատները, կատարվել է էխենցեֆելասկոպիկ (ուլտրաձայնային) և կլինիկական հետազոտություն, կատարվել են համապատասխան դեղամիջոցների նշանակումներ, ախտորոշումը եղել է նույնը, ինչ որ տրված է հիվանդանոցի կողմից ներկայացված էպիկրիզում, հետագայում` նոյեմբերի սկզբներին, հիվանդի վիճակը նորից ծանրացել է, գիտակցությունը պարզ չէր, հարցերին չէր կարող ճիշտ պատասխանել: Առաջարկել է նորից ստացիոնար բուժում, սակայն հիվանդանոց չի բերվել": Փաստորեն, հայտարարությունը տալուց հետո Մնացական Սուքիասյանին դուստրը` Լարիսա Սուքիասյանը, տեղափոխել է ոչ թե հիվանդանոց, այլ իր տուն, որտեղ և մի քանի օր անց Մնացական Սուքիասյանը մահացել է: Հայցվոր կողմի միջնորդությամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում նշանակվեց դատահոգեբուժական փորձաքննություն, որտեղ ներկայացվել են Մնացական Սուքիասյանի հիվանդության ամբողջ փաստաթղթերը: Փորձաքննությունը կատարել է մասնագիտական աշխատանքի 40 տարվա ստաժով "Դիէքս" դատական փորձաքննությունների ինստիտուտի գլխավոր հոգեբույժ-փորձագետ, "Ստրես" հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր կոնսուլտանտ-փորձագետ, ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի ստրեսոլոգիայի ամբիոնի վարիչ, Հայաստանի իրավաբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանը: Փորձագետի եզրակացության համաձայն` Մնացական Սուքիասյանը 19.11.2004թ. ՀՀ Կենտրոն նոտարական տարածքին հայտարարություն տալիս ի վիճակի չէր գիտակցել իր գործողությունները և ղեկավարել դրանք: Կտակ կազմելու հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Մնացական Սուքիասյանի և նրա կնոջ առօրյա խնամքն իրականացրել են Արմեն Միքայելյանը և նրա կինը, վերջինս ստացիոնար բուժվել է մի շարք հիվանդանոցներում և նրա խնամքով նույնպես զբաղվել է Արմեն Միքայելյանը, ինչը հաստատվում է գործին կցված հարևանների և հիվանդանոցում Մնացական Սուքիասյանի հետ բուժվող հիվանդների բացատրություններով, որտեղ Արմեն Միքայելյանին ճանաչել են որպես Մնացական Սուքիասյանի բարեկամ (գ.թ.11-15): Քանի որ վեճն առնչվում է Մնացական Սուքիասյանի միակ ժառանգ Լարիսա Սուքիասյանի շահերին և վերջինս առաջին ատյանի դատարանում որպես կողմ ներգրավված չի եղել, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215 հոդվածը վերաքննիչ դատարանին իրավունք չի վերապահվում որպես կողմ ներգրավելու, ուստի Լարիսա Սուքիասյանը դատարանում բացատրություն տվեց որպես վկա և հայտնեց, որ հայրը և մայրն իրեն չէին ընդունում, բնականաբար նրանց խնամքով զբաղվել է Արմեն Միքայելյանը: Վերջինս իր ծնողների հետ մոտ հարաբերությունների մեջ է գտնվել նրա մահից շուրջ 8 տարի առաջ: Ըստ իրեն` Արմեն Միքայելյանն իր ծնողների տուն է տարել կանանց` ժամանակ անցկացնելու համար: Ծնողներն իրեն նրա պատճառով չէին ընդունում: Ինքը չի կարող ասել, թե հայրը` Մնացական Սուքիասյանը, որ հիվանդանոցում է բուժվել և ովքեր են եղել նրան բուժող բժիշկները: Նոտարական գրասենյակում հայտարարություն տալուց հետո Լարիսա Սուքիասյանը հորը հիվանդանոց չի տեղափոխել: Փաստորեն նա խուսափել է հորը բուժելուց, ծանր վիճակում նրան տեղափոխել է իր տուն, որտեղ նա մահացել է: Այդ փաստը հաստատվում է նաև "Արմենիա" ՀԲԿի կողմից տրված փաստաթղթով (գ.թ.8): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311 հոդվածի 1-ին մասի համաձայն` գործունակ, սակայն կնքման պահին այնպիսի վիճակում գտնվող քաղաքացու կնքած գործարքը, երբ նա ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք, դատարանով կարող է անվավեր ճանաչել այդ քաղաքացու կամ այն անձանց հայցով, որոնց իրավունքները և օրենքով պաշպանվող շահերը խախտվել են այդ գործարքը կնքելու հետևանքով: Վերը նշվածը հաշվի առնելով, վերաքննիչ դատարանը գտնում է, որ Մնացական Սուքիասյանը 2004թ. նոյեմբերի 19-ին` հայտարարությունը տալու ժամանակ չի գիտակցել իր գործողությունները և հոգեպես ի վիճակի չի եղել գիտակցել դրանք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածով, վերաքննիչ դատարանը`
Վ Ճ Ռ Ե Ց
Հայցը բավարարել: Անվավեր ճանաչել Մնացական Սուքիասյանի կողմից 2004թ. հոկտեմբերի 19-ին տրված հայտարարությունը` 14.10.2004թ. կտակն անվավեր համարելու և վերացնելու վերաբերյալ: Պետական տուրքի հարցը համարել լուծված: Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան
Դատավոր` Տ. Սահակյան
Դատավոր` Ա. Թումանյան
|