Դռնբաց դատական նիստում Երևան քաղաքում 2007թ. դեկտեմբերի 19-ին քննեց գործն ըստ հայցի Օլյա Սարգսյանի, Լիլյա Հարությունյանի, Հասմիկ Ալեքսանյանի, Ռոզա Հարությունյանի, Ելենա Սարգսյանի, Հակոբ Հայրապետյանի, Դավիթ Հայրապետյանի, Հովիկ Սարգսյանի, Անուշ Թամրազյանի, Նարինե Սարգսյանի, Նոնա Սարգսյանի, Սիլվա Մանուկյանի, Պավել Մուրադյանի, Քնարիկ Հակոբյանի, Սևակ Պետրոսյանի, Մայիս Պետրոսյանի, Իշխան Պետրոսյանի, Գայանե Գալստյանի ընդդեմ "Սահակյան Մարիամ և եղբայրներ" ՍՊ ընկերության, Երևանի քաղաքապետարանի, "Արայ" համատիրության` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը, 01.08.2007թ. տրված թիվ 18-12672-769 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին
Հայցվորների ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը դատարանին հայտնեց, որ 17.05.2006թ. պատասխանող "Սահակյան Մարիամ և եղբայրներ" ՍՊ ընկերության անվամբ կատարվել է Երևան քաղաքի Գ. Նժդեհի 16 շենքի 7-րդ և 8-րդ մուտքերի միջև ընկած առաջին հարկում գտնվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և տրվել է թիվ 2023779 անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական: 01.08.2007թ. Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է թիվ 18-12672-769 շինարարության թույլտվություն, համաձայն որի ընկերությանը թույլատրվել է Երևան քաղաքի Գ. Նժդեհի թիվ 16 շենքի տարածքում /միջսյունային տարածքի պարփակման/ կատարել ընդլայնում: Հայտնեց նաև, որ ինչպես իր վստահորդները, այնպես էլ մյուս համահայցվորները, որպես բազմաբնակարան շենքի սեփականատերեր, որևէ համաձայնություն չեն տվել տարածքը սեփականաշնորհելու և շինարարություն կատարելու համար, իսկ վերը նշված տարածքի սեփականաշընորհմամբ և շինարարության թույլտվությամբ, որի հիման վրա կատարվել են շինարարական աշխատանքները, խախտվել է իր վստահորդների և մյուս հայցվորների, որպես բազմաբնակարան շենքի սեփականատերերի, իրավունքները: Դատարանից խնդրեց անվավեր ճանաչել 17.05.2006թ. "Սահակյան Մարիամ և եղբայրներ" ՍՊ ընկերության անվամբ գրանցված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը և 09.07.2007թ. տրված հ18-07/2-10683-571 ճարտարապետահատակագծային առաջադրանքն ու 01.08.2007թ. Երևանի քաղաքապետարանի կողմից տրված թիվ 18-12672-769 շինարարության թույլտվությունը, ինչպես նաև կիրառել անվավերության հետևանքները: Նույնաբովանդակ բացատրություններ տվեցին նաև հայցվորներ Օլյա Սարգսյանը /անձնագիր ..../ և Հասմիկ Ալեքսանյանը /անձնագիր ..../: Հայցվորներ Իշխան Պետրոսյանը, Մայիս Պետրոսյանը, Սևակ Պետրոսյանը, Քնարիկ Հակոբյանը, Հակոբ Հայրապետյանը, Ռոզա Հարությունյանը և Լիլյա Հարությունյանը պնդել են հայցապահանջը և ՀՀ քաղ. օր-ի 118 հոդվածի 1-ին մասով խնդրել են գործը քննել իրենց բացակայությամբ: Պատասխանող "Սահակյան Մարիամ և եղբայրներ" ՍՊ ընկերության ներկայացուցիչ Սարգիս Հովհաննիսյանը /անձնագիր ..../ հայցի դեմ առարկեց և դատարանին հայտնեց, որ 1997թ. մարտ ամսին Գարեգին Նժդեհի փողոցի 16 շենքի առաջին հարկի արտադրական տարածքը 179.97քմ սեփականության իրավունքով տրվել է "Մարիամ" անհատական ձեռնարկությանը, հետագայում հիմնադիրների համաձայնությամբ այդ տարածքը բաժանվել է հիմնադիրների միջև: 2006թ. մայիսի 17-ին ստեղծվել է "Սահակյան Մարիամ և եղբայրներ" ՍՊ ընկերությունը, որին սեփականության իրավունքով անցել է նշված 179.97քմ արտադրական տարածքի 129.3քմ մակերեսը: Նույն օրն էլ ընկերությունը ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Էրեբունի տարածքային ստորաբաժանումում գրանցել է իր սեփականության իրավունքը և ստացել է թիվ 2023779 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական: 2007թ. հուլիսին "Սահակյան Մարիամ և եղբայրներ" ՍՊ ընկերությունը հայտ է ներկայացրել քաղաքապետարան ընդլայման աշխատանքներ կատարելու համար և 09.07.2007թ. ստացել է հ1807/2-10683-571 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, կազմվել է տարածքի ընդլայնման նախագիծ, իսկ 01.08.2007թ. տրվել է թիվ 18-12672-769 շինարարության թույլտվությունը: Դատարանից խնդրեց հայցը մերժել անհիմն լինելու պատճառով: Պատասխանող Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Հրանուշ Ներսիսյանը /անձնագիր ..../ հայցի դեմ առարկեց և դատարանին հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությունը կատարել է հարցումներ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին և ստացել է գրավոր պատասխաններ: Աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 31.10.2007թ. թիվ 19/7-19930 գրությամբ հայտնվել է, որ Գ. Նժդեհի փողոցի 16 շենքի 7-րդ և 8-րդ մուտքերի միջև ընկած առաջին հարկի տարածքը կառուցապատելու նպատակով "Սահակյան Մարիամ և եղբայրներ" ՍՊ ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցրել է թիվ 02/18-05/1-12668-773 նախագիծը և Երևանի քաղաքապետարանի կողմից նշված ընկերությանը տրվել է 01.08.2007թ. թիվ 18-12672-769 շինարարության թույլտվությունը: Մինչև ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցումը Երևանի քաղաքապետարանի կողմից նշված ընկերությանը տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք: Համաձայն ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ: Երևանի քաղաքապետարանի` վերը նշված քաղաքաշինական փաստաթղթերը տալու լիազորությունները բխում են Հայաստանի Հանրապետության հետևյալ իրավական ակտերից: Համաձայն "Քաղաքաշինության մասին" ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի` ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը, Երևանում` Երևանի քաղաքապետը` ՀՀ Կառավարության սահմանած կարգով: Համաձայն ՀՀ Կառավարության 29.08.2002թ. "Ճարտարապետահատակագծային առաջադըրանք տալու կարգը հաստատելու մասին" Հ. 1473-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի` ճարտարապետահատակագծային առաջադրանքը փաստաթուղթ է, որը ՀՀ իրավական ակտերով, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությամբ, ինչպես նաև քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի պաշպանության և այլ նորմատիվ պահանջներին համապատասխան սահմանում է տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեության օբյեկտի նախագծման և շինարարության պարտադիր պայմաններն ու սահմանափակումները: Համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի` համայնքի վարչական սահմաններում ճարտարապետահատակագծային առաջադրանքը կառուցապատողին տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը, Երևանում` Երևանի քաղաքապետը: Համաձայն ՀՀ կառավարության 02.03.2003թ. "Կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին" հ.608Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի` պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունը ստանալուց հետո համայնքի վարչական սահմաններում իրականացվող կառուցապատման նախագիծը ներկայացնում է համայնքի ղեկավարին /Երևանի քաղաքապետին/, իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս` մարզպետին` համաձայնեցման: Համաձայն "Քաղաքաշինության մասին" ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի` շինարարության թույլտըվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում: Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը, Երևանում` Երևանի քաղաքապետը` ՀՀ կառավարության սահմանած կարգով: Շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը ՀՀ կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց և կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո: Երևանի քաղաքապետի կողմից օրենքով սահմանված կարգով "Սահակյան Մարիամ և եղբայրներ" ՍՊԸ-ին Շենգավիթ համայնքի Գ. Նժդեհի հ. 16 շենքի տարածքի ընդլայնման /միջսյունային տարածքի պարփակման/ աշխատանքների իրականացման համար 09.07.2007թ. տրվել է հ. 18-07/2-106883-571 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, որի տրամադրման համար հիմք է հանդիսացել հետևյալ փաստաթղթերը. 1. կառուցողի հայտը, 2. "Արայ" համատիրության 14.06.2007թ. տեղեկանքը, 3. անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման հ.2023779 վկայականը` տրված 2006թ. մայիսի 17-ին, 4. նախագծի էսքիզային առաջարկը: Ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագծվող հողամասի բնութագիրը բաժնում հողամասի առկա վիճակը բնորոշված է որպես բնակելի շենքի 1-ին հարկում գտնվող 129.3քմ արտադրական տարածք և նշված է, որ հողամասը գտնվում է բնակելի հասարակական կառուցապատման գոտում, միաժամանակ նախատեսվել է ապահովել կից շինությունների շահագործման պայմանները: Կառուցապատման նախագծի համաձայնեցումից հետո Երևանի քաղաքապետի կողմից Գ. Նժդեհի հ. 16 շենքի տարածքի ընդլայման /միջսյունային տարածքի պարփակման/ աշխատանքների կատարման համար "Սահակյան Մարիամ և եղբայրներ" ՍՊԸ-ին 01.08.2007թ. տրվել է հ1812672-769 շինարարության թույլտվությունը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 31.10.2007թ. հ.18-08/2-19930 գրությամբ հայտնվել է, որ Գ. Նժդեհի փող. հ.16 շենքի 1ին հարկի միջսյունային տարածքի պարփակման թույլտվությունը տրվել է հիմք ընդունելով կառուցապատման համար անհրաժեշտ սահմանված փաստաթղթերը, այդ թվում "Արայ" համատիրության 14.06.2007թ. տեղեկանքը: Համաձայն "Համատիրության մասին" ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի` համատիրության կառավարման մարմիններն են ընդհանուր ժողովը, վարչությունը, նախագահը, կառավարիչը: Այսպիսով, "Արայ" համատիրության կողմից 2007թ. հունիսի 14-ին տրվել է տեղեկանք այն մասին, որ Գ. Նժդեհի 16 շենքի բնակիչները չեն առարկում, որ "Սահակյան Մարիամ և եղբայրներ" ՍՊԸ-ն Գ. Նժդեհի 16 շենքի տարածքի ետնամասում կատարի շինարարություն: Սույն տեղեկանքը կնքված է համատիրության կնիքով և ստորագրված է համատիրության նախագահի կողմից և հիմք է ընդունվել հ. 18-07/2-10683-571 ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելիս: Դատարանից խնդրեց հայցը մերժել այն անհիմն լինելու պատճառով: Երրորդ անձ "Արայ" համատիրությունը պատշաճ կարգով ծանուցվել է դատական նիստի օրվա և վայրի մասին, սակայն ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ուստի դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 118 հոդվածի 2-րդ մասով, գործը քննեց "Արայ" համատիրության ներկայացուցչի բացակայությամբ: Լսելով կողմերին և ուսումնասիրելով գործի նյութերը` դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի: Դատաքննությամբ հիմնավորվեց, որ իրոք դեռևս 1997թ. մարտ ամսին Գարեգին Նժդեհի փողոցի 16 շենքի առաջին հարկի արտադրական տարածքը 179.97քմ մակերեսով սեփականության իրավունքով տրվել է "Մարիամ" անհատական ձեռնարկությանը, հետագայում հիմնադիրների համաձայնությամբ այդ տարածքը բաժանվել է հիմնադիրների միջև: 2006թ. մայիսի 17-ին ստեղծվել է "Սահակյան Մարիամ և եղբայրներ" ՍՊ ընկերությունը, որին սեփականության իրավունքով անցել է նշված 179.97քմ արտադրական տարածքի 129.3քմ, որն էլ ընկերությունը օրենքով սահմանված կարգով գրանցել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի "Էրեբունի" տարածքային ստորաբաժանումում և ստացել է թիվ 2023779 անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականը: Հետագայում` 2007թ. հուլիսին "Սահակյան Մարիամ և եղբայրներ" ՍՊ ընկերությունը հայտ է ներկայացրել քաղաքապետարան և ընդլայնման աշխատանքներ կատարելու համար ստացել է հ. 18-07/2-10683-571 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, կազմվել է տարածքի ընդլայնման նախագիծ և տրվել է շին. թույլտվություն: Դատաքննությամբ հիմնավորվել է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տալու համար հիմք է հանդիսացել կառուցապատողի հայտը, "Արայ" համատիրության նախագահ Մանուկյանի 2007թ. հունիսի 14-ի տեղեկանքը, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման հ. 2023779 վկայականը և նախագծի էսքիզային առաջարկը: "Արայ" համատիրության նախագահ Մանուկյանի կողմից տեղեկանք է տրվել "Սահակյան Մարիամ և եղբայրներ" ՍՊ ընկերությանն այն մասին, թե իբրև Գարեգին Նժդեհի 16 շենքի բնակիչները չեն առարկում, որ "Սահակյան Մարիամ և եղբայրաներ" ՍՊ ընկերությունը շենքի ետնամասում կատարի շիանարարություն: Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 224 հոդվածի 1-ին մասի` բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառույցները, շենքի միջհարկային ծածկերը /առաստաղները, հատակները/, նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճաները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտըրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն: Իսկ համաձայն "Բազմաբընակարան շենքերի կառավարման մասին" օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ կետի` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մի մասի առանձնացման, դրա օտարման, գրավադրման հարցերով որոշումները պետք է ընդունվեն բոլոր սեփականատերերի կողմից միաձայն: Այն հանգամանքը, որ Գ. Նժդեհի թիվ 16 շենքի բնակիչներից դիմել են դատարան և վիճարկում են ընկերությանը շին. թույլտվության հարցը, խոսում է այն մասին, որ նրանք համաձայնություն չեն տվել "Սահակյան Մարիամ և եղբայրներ" ՍՊ ընկերության կողմից բազմաբնակարան շենքի սպասարկման տարածքից 23.03քմ սեփականացնելու և դրա վրա շինարարություն կատարելու վերաբերյալ: Դատարանին, ինչպես պատասխանողների կողմից, այնպես էլ երրորդ անձի կողմից բնակիչների միաձայն համաձայնության վերաբերյալ որևէ ապացույց չներկայացվեց: Դատարանը ցանկանում է արձանագրել նաև այն փաստը, որ Երևանի քաղաքապետարանի կողմից "Սահակյան Մարիամ և եղբայրներ" ՍՊ ընկերությանը ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելիս հիմք է հանդիսացել նաև ընկերությանը պատկանող հ.2023779 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը, տրված 2006թ. մայիսի 17-ին, սակայն նշված վկայականում վիճելի տարածքը` 23.03քմ որպես ընկերության սեփականություն գրանցված չէ և չէր էլ կարող գրանցվել, քանի որ այդ տարածքը "Սահակյան Մարիամ և եղբայրներ" ՍՊ ընկերության սեփականությունը չի հանդիսացել, որպեսզի հանգամանքը ընդունվեց նաև ընկերության ներկայացուցչի կողմից, այդ տարածքը հանդիսացել է այդ շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը: Այսպիսով դատարանը գտնում է, որ "Սահակյան Մարիամ և եղբայրներ" ՍՊ ընկերությանը Գ. Նժդեհի 16 շենքի 7-րդ և 8-րդ մուտքերի միջև ընկած առաջին հարկի կառուցապատելու նպատակով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը և շին. թույլտվությունը տրվել է օրենքի խախտմամբ, այն է` չի պահպանվել "Բազմաբնակարան շենքի կառավարման մասին" ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջները, բացի այդ ճարտարապետահատակագծային առաջադրանքը և շին. թույլտվությունը տրվել է բազմաբնակարան շենքի բնակիչներին բաժնային սեփականության իրավունքով պատկանող 23.03քմ հողամասում շինարարություն կատարելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է Գ. Նժդեհի 16 շենքում "Սահակյան Մարիամ և եղբայրներ" ՍՊ ընկերությանը հ. 2023779 անշարժ գույքի սեփականության վկայականով պատկանող 129.3քմ արտադրական տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցվորների պահանջին, ապա դատարանը գտնում է, որ պահանջն այդ մասով անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ "Սահակյան Մարիամ և եղբայրներ" ՍՊ ընկերությունը 129.3քմ արտադրական տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել օրենքով սահմանված կարգով և այն անվավեր ճանաչելու հիմքեր չկան: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 130-132, 138 հոդվածներով, դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Հայցը բավարարել մասնակի:
Անվավեր ճանաչել 09.07.2007թ. Երևանի քաղաքապետարանի կողմից տրված հ18-07/210683-571 ճարտարապետահատակագծային առաջադրանքը և 01.08.2007թ. տրված թիվ 18-12672769 շինարարության թույլտվությունը: Իսկ հայցվորների մյուս պահանջը "Սահակյան Մարիամ և եղբայրներ" ՍՊ ընկերության սեփականության իրավունքը Գ. Նժդեհի 16 շենքի 129.3քմ արտադրական տարածքի նկատմամբ և հ.2023779 նշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու վերաբերյալ` մերժել, անհիմն լինելու պառճառով: Պետական տուրքի հարցը համարել լուծված:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` 15 օրյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ ` Գ. ԽԱՆԴԱՆՅԱՆ
Ծանոթություն. Վճիռն օրինական ուժ է ստացել:
ԴԱՏԱՎՈՐ ` Գ. ԽԱՆԴԱՆՅԱՆ
|