2008թ. ապրիլի 3-ին Վեդի քաղաքում դռնբաց դատական նիստում քննեց գործն ըստ հայցի "Ավազահատիկ" ՍՊ ընկերության ընդդեմ Արարատի մարզի Նորամարգ գյուղական համայնքի` ՀՀ Արարատի մարզի Նորամարգ գյուղական համայնքի ղեկավարի 26.11.2007թ. թիվ 81 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին
Հայցի առարկան և հիմքերը, ներկայացված դիմումներն ու միջնորդությունները.
Հայցի առարկան կազմող պահանջները.
Անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի Նորամարգ գյուղական համայնքի ղեկավարի 26.11.2007թ. թիվ 81 որոշումը: Հայցվորը միջնորդել է նաև պատասխանողին և այլ անձանց արգելել 16.07.2003թ. կնքված հողի վարձակալության պայմանագրի և նշված պայմանագրով հողատարածքի ընդերքի` ավազի հանույթի կատարման նկատմամբ որոշակի գործողություններ կատարելուն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը:
Հայցի հիմքը կազմող հանգամանքները.
Պատասխանողն իրավունք ունի 16.07.2003թ. կնքված հողի վարձակալության պայմանագիրը լուծելու պահանջ ներկայացնել դատարան, այն էլ պայմանագրի պայմանների էական խախտումների դեպքում, որն էլ պատասխանողի կողմից չի կատարվել և միակողմանի իր որոշմամբ լուծել է հողի օգտագործման պայմանագիրը, որի արդյունքում վտանգի տակ է դրել ընկերության տնտեսական գործունեությունը: Պատասխանողը, մինչև հողի օգտագործման պայմանագիրը լուծելը, պարտավոր էր պայմանագրի լուծման գրավոր առաջարկ ներկայացնել, ինչն էլ չի կատարել: Հայցի առարկայի օրինական լինելու համար հայցվորի կողմից վկայակոչված նյութաիրավական և դատավարական իրավական ակտերի դրույթները.
1. ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդված
2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, 466-րդ, 468-րդ հոդվածներ
3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդված: Հայցադիմումի պատասխանի համառոտ բովանդակությունը. Պատասխանողի կողմից օրենքով սահմանված ժամկետում դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել: Դատաքննության ընթացքում ներկայացված բացման խոսքերը, դիմումները, միջնորդությունները և հետազոտված ապացույցները.
1. Հայցվոր կողմի բացման խոսքի համառոտ բովանդակությունը
Հայցվորի ներկայացուցիչ Լ. Բաղդասարյանը նշեց, որ վիճարկվող գյուղապետի որոշումն անօրինական է, քանի որ նման որոշում կայացնելով պատասխանողի կողմից խախտվել են ՀՀ օրենսդրության պահանջները, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1ին և 2-րդ կետերը: Պատասխանողը մինչև պայմանագիրը լուծելը պարտավոր էր գրավոր առարկություն ներկայացնել, ինչը որ չի կատարվել: Իր գործունեությամբ պատասխանողն ուղղակի միջամտություն է ցույց տվել ընկերության գործերին, որն արգելված է ՀՀ օրենսդրությամբ: Պատասխանողի գործողություններով խախտվել է ՀՀ հիմնական օրենքի 8-րդ հոդվածի պահանջը, այն է` ՀՀ-ում երաշխավորվում է տնտեսական գործունեությունը: Իր վստահորդը տնտեսական գործունեությամբ սկսել է զբաղվել մոտ 7 տարի առաջ և այդ տարիների ընթացքում երբևիցե գրավոր կամ բանավոր պահանջ չի ներկայացվել պայմանագրով նախատեսված պարտականությունների անպատշաճ կատարելու հետ կապված և նա այդ տարիների ընթացքում իր գործունեությունը կատարել է հենց այդ տարածքում:
2. Պատասխանող կողմի բացման խոսքի համառոտ բովանդակությունը.
Պատասխանողը, պատշաճ կերպով ծանուցված լինելով դատական նիստի վայրի և ժամանակի մասին, չէր ներկայացել դատական նիստին և չէր միջնորդել գործն իր բացակայությամբ քննելու մասին, ուստի դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի պահանջներով, որոշեց գործը քննել պատասխանողի բացակայությամբ /գ.թ.97,104/:
3. Գրավոր ապացույցները.
Գործում առկա գրավոր ապացույցները հրապարակվեցին և հետազոտվեցին:
4. Կողմերի ամփոփիչ ճառերը.
Հայցվորի ներկայացուցիչը հրաժարվեց հանդես գալ ամփոփիչ ճառով:
Դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները.
Լսելով կողմին, հետազոտելով վարչական գործում առկա ապացույցները` ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ հայցը հիմնավոր է և ենթակա բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
1.Դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները և ապացույցները, որոնց վրա հիմնըվում են դատարանի հետևությունները. 1/ 16.07.2003թ. ՀՀ Արարատի մարզի Նորամարգ գյուղական համայնքի ղեկավար Ս.Գալստյանի և հայցվոր "Ավազահատիկ" ՍՊԸ-ի տնօրեն Լ.Միքայելյանի միջև կնքվել է հողի վարձակալության պայմանագիր /գ.թ. 6-7/, որի հիման վրա Նորամարգ համայնքում գտնվող 5 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը 10 տարի ժամկետով օգտագործման է տրամադրվել հայցվորին` համապատասխան ՀՀ հողային օրենսգրքի 48 հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ըստ որի վարձակալության կարող են հանձնվել պետության և համայնքի, իրավաբանական անձանց ու քաղաքացիների սեփականության ներքո գտնվող հողամասերը: Թեև ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արտաշատի ՏՍ-ն իր 30.01.2008թ. թիվ 172 գրությամբ դատարանին հայտնել է, որ հայցվորի անվամբ անշարժ գույք գրանցված չէ /գ.թ. 65/, այնուամենայնիվ, հայցվորի կողմից դատարան ներկայացվել է 05.08.2003թ. թիվ 0073510 վարձակալության իրավունքի վկայականի պատճենը /գ.թ. 85/, որով հաստատվում է հայցվորի վարձակալության իրավունքի պետական գրանցում ստանալու փաստը:
2/ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից 30.06.2004թ. թիվ ՀԱ-Լ14/223 հանքարդյունահանման հատուկ լիցենզիայով /գ.թ. 9/ և 09.03.2005թ. կնքված հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման թիվ 058 լիցենզային պայմանագրով /գ.թ. 10-26/ հայցվորին թույլատրվել է օգտագործել Արարատի մարզի Նորամարգի ավազի հանքավայրը, որը գտնվում է վիճելի հողամասի տարածքում:
3/ ՀՀ կառավարության 16.10.2003թ. "ՀՀ Արարատի մարզի Նորամարգ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին" թիվ 1327-Ն որոշման 1ին կետի ուժով /ուժի մեջ է մտել 20.11.2003թ./ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորամարգ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1558.88 հեկտար հողամասերից 1372.62 հեկտարը, որից գյուղատնտեսական նշանակության 1269.67 հեկտար, բնակավայրերի հողերի` 47.89 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակություն ունեցող օբյեկտներ` 35.48 հեկտար, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 3.48 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 3.68 հեկտար, ջրային հողերի` 12.4 հեկտար, անհատույց սե փականության իրավունքով փոխանցել են Նորամարգ գյուղական համայնքին ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների: Ըստ նույն որոշման 2-րդ կետի "բ" ենթակետի սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորամարգ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 186.26 հեկտարը համարվում է պետական սեփականություն ` համաձայն N 5 հավելվածի: Նորամարգ համայնքի ղեկավարի կողմից 15.07.2003թ. հաստատված իրադրության հատակագծով /գ.թ. 8/ 5 հա մակերեսով վիճելի հողատարածքը 15.07.2003թ. դրությամբ հանդիսացել է պետական սեփականություն, ինչը համապատասխանում է "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին: Համապատասխան ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` հողային հարաբերություների կարգավորման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները սահմանված կարգով ու բնակավայրերի գլխավոր հատակագծերին, համայնքների վարչական սահմաններում ներառված հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներին համապատասխան տրամադրում ու հետ են վերցնում համայնքին և պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերը: Ավելին, համաձայն "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի` համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները` համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներին, գոտիավորման այլ փաստաթղթերին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան` օրենքով սահմանված դեպքերում ու կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սե փականություն համարվող հողամասերը: Այսպիսով, Վարչական դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ պատասխանողը 16.07.2003թ. կնքված գործարքով ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ է տրամադրել հայցվորին պետական սեփականություն հանդիսացող վիճելի հողամասը` օգտագործման իրավունքով:
4/ Բացի այդ, "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` պետական սեփականություն համարվող հողերը համայնքներին որպես սեփականություն փոխանցելուց հետո ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ սահմանված կարգով կնքված և պետական գրանցում ստացած վարձակալության /օգտագործման և տիրապետման/ պայմանագրերը պահպանում են իրենց իրավական ուժը: Համայնքներն այդ պայմանագրերի մասով դառնում են պետության իրավահաջորդը: Այսինքն`16.07.2003թ. կնքված վարձակալության պայմանագիրը հողերը համայնքին անհատույց փոխանցելուց հետո շարունակել է գործել, իսկ համայնքը վարձակալության տվյալ իրավահարաբերությունում դարձել է պետության իրավահաջորդը:
5/ Համաձայն ՀՀ Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` համայնքի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում հողամասերին ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ: Ավելին, "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն` համայնքի ղեկավարը հողօգտագործման բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները` օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդը րության պահանջների պահպանման նկատմամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները: Ըստ որում, 16.07.2003թ. կնքված վարձակալության պայմանագրի 20.2-րդ կետի ուժով /գ.թ. 7/ պատասխանողը կամ վարձատուն կարող է պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծել, եթե վարձակալի հողամասն օգտագործվում է ոչ նպատակային, խախտվում են օգտագործման պայմանները: Իսկ պատասխանողի 26.11.2007թ. թիվ 81 վիճելի որոշումը բխել է 16.07.2003թ. կնքված վարձակալության պայմանագրի 20.2-րդ կետի պահանջներից, ինչը հաստատվում է որոշման մեջ առկա ուղղակի հղումով: Նորամարգ համայնքի ղեկավարի կողմից 15.07.2003թ. հաստատված իրադրության հատակագծով /գ.թ. 8/ վիճելի 5 հա մակերեսով հողատարածքը նախատեսված է գյուղատնտեսական նշա նակության համար` որպես 5-րդ կարգի արոտ: Նորամարգ գյուղական համայնքի ղեկավարի 26.11.2007թ. "Ավազահատիկ" ՍՊ ընկերության և Նորամարգ համայնքի ղեկավարի միջև 16.07.2003թ. "Հողի վարձակալության մասին կնքված պայմանագրի վաղաժամկետ լուծարման մասին" թիվ 81 վիճելի որոշման հիմք է ծառայել հայցվորի կողմից վարձակալած 5 հեկտար գյուղատընտեսական նշանակության հողի ոչ նպատակային նշանակությամբ օգտագործումը և հողի օգտա գործման պայմանների խախտումը /կատարվել է ավազի հանույթ/ : Տվյալ պարագայում պատասխանողն իրականացրել է ՀՀ Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի և "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի վերը նշված դրույթներով իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես. վերահսկել է հողի նպատակային նշանակությամբ օգտագործումը: Սակայն խախտում հայտնաբերելու դեպքում պատասխանողը պարտավոր էր վերացնել ապօրինի հողօգտագործումը բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով : Վերը նշված դեպքերն ու կարգը նախատեսված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 622-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, 468-րդ հոդվածով: Այսպես, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ կետի` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցո ղությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով: Նույն օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին /իմպերատիվ նորմե րին/: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի` պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ , եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Պայմանագիրը կողմերից մեկի պահանջով կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: Նույնը նախատեսված է նաև 622-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում, ըստ որոնց վարձատուի պահանջով վարձակալության պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել , եթե վարձակալը` 1/ գույքն օգտագործել է պայմանագրի պայմանների կամ գույքի նշանակության էական կամ բազմակի խախտումներով, 2/ էականորեն վատթարացրել է գույքի վիճակը: Համաձայն նույն օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ կետի` կողմը կարող է պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին պահանջը դատարան ներկայացնել միայն պայմանագրի փոփոխ ման կամ լուծման մասին առաջարկի վերաբերյալ մյուս կողմի մերժումը ստանալուց կամ այդ առա ջարկում նշված ժամկետում պատասխանը չստանալուց հետո, իսկ դրա բացակայության դեպքում` երեսնօրյա ժամկետում: Սույն վարչական գործով դատարանը գտնում է, որ պատասխանողի կողմից խախտվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերը նշված նորմերի պահանջները, մասնավորապես` հայցվորին պայմանագրի լուծման մասին առաջարկի փոխարեն և այնուհետև առանց դատարան համապա տասխան հայց ներկայացնելու` պատասխանողը, առաջնորդվելով 16.07.2003թ. կնքված վարձակալության պայմանագրի 20.2-րդ կետով, իր վիճելի որոշմամբ միակողմանի վաղաժամկետ լուծել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը` դադարեցնելով ավազի հանույթը մինչև հողի նպատակային նշանակության փոփոխելը: Ինչ վերաբերում է 16.07.2003թ. կնքված վարձակալության պայմանագրի 20.2-րդ կետին, ապա Վարչական դատարանը գտնում է, որ այն չի համապատասխանում այն պահին գործող օրենքով սահմանված կողմերի համար պարտադիր կանոններին /իմպերատիվ նորմերին/, մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 468-րդ հոդվածի 2-րդ կետի և 622-րդ հոդվածի պահանջներին: Ավելին, 26.11.2007թ. թիվ 81 վիճելի որոշումը չի կարող համարվել պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին առաջարկ, քանի որ իմպերատիվ կարգով որոշում է միակողմանի լուծել այն և չի պարունակում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված առաջարկի ու պատասխան ստանալու ժամկետի մասին որևէ հիշատակում: Ըստ որում, պատասխանողը, որպես հետևանք, նույն որոշմամբ միակողմանի դադարեցրել է նաև ավազի հանույթը` մինչև հողի նպատակային նշանակության փոփոխելը: Բացի այդ, պատասխանողն օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, ինչը նրա պարտականությունն է, և գումարված թվով չորս դատական նիստերից ներկայացել է ընդամենը 25.02.2008թ. առաջին նախնական նիստին: Այս կապակցությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում: Տվյալ պարագայում դատարանը պատասխանողի կողմից սահմանված ժամկետում պատասխան չներկայացնելը և դրսևորած դատավարական անգործությունը գնահատում է որպես հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Այսպիսով, Վարչական դատարանը գտնում է, որ 26.11.2007թ. թիվ 81 որոշումն ընդունվել է վերը նշված իրավական նորմերի պահանջների խախտմամբ, ինչը "Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի "ա" կետի /օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով ընդունված ոչ իրավաչափ վարչական ակտի անվավերության/ ուժով հանգեցնում է դրա ոչ իրավաչափության /անվավերության/:
2. Դատարանի կողմից չպարզված գործի հանգամանքները. Դատարանի կողմից չպարզված հանգամանքներ առկա չեն:
3. Ապացույցները մերժելու փաստարկները.
Պատասխանողի կողմից դատարան է ներկայացվել ՀՀ Հարավային քաղաքացիական դատարանի 18.03.2008թ. թիվ ՀՔԴ2/0365/02/08 քաղաքացիական գործով` ըստ հայցի ՀՀ Արարատի մարզի Նորամարգ գյուղական համայնքի ղեկավար Ս.Գալստյանի ընդդեմ "Ավազահատիկ" ՍՊ ընկերության` պայմանագիրը լուծելու պահանջի մասին կայացրած և օրինական ուժի մեջ չմտած վճիռը /գ. թ. 100-103/: Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները /այդ թվում` օրենքի մեկնաբանությունները/: Տվյալ պարագայում Վարչական դատարանը գտնում է, որ 18.03.2008թ. օրինական ուժի մեջ չմտած վճիռը չի կարող մատնանշվել սույն վարչական գործով, ուստի պատասխանողի կողմից խախտվել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: Ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասին, ըստ որի նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն, ապա սույն գործով կրկին առկա է օրինական ուժի մեջ չմտած վճիռը: Ավելին, 18.03.2008թ. վճռից կարելի է պարզել, որ Նորամարգ համայնքի ղեկավարը, դիմելով ՀՀ Հարավային քաղաքացիական դատարան, հայցադիմումում նշել է, որ ինքը "վաղաժամկետ լուծել է պայմանագիրը` այդ մասին ծանուցելով պատասխանողին: 29.11.2007թ. պատասխանողը, ստանալով այդ որոշումը, առարկել է…": Փաստորեն, գյուղապետն իր իսկ հայցադիմումով ընդունել է իր կողմից պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծելու փաստը:
4. Գործով կիրառման ենթակա իրավական ակտերը.
1. ՀՀ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մաս,
2. ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետեր, 48-րդ հոդվածի 2-րդ մաս,
3. "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 38-րդ հոդված, 84-րդ հոդվածի 8-րդ մաս,
4. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ կետ, 438-րդ 1-ին կետ, 466-րդ և 622րդ հոդվածների 1-ին և 2-րդ կետեր, 468-րդ հոդված,
5. "Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի "ա" կետ,
6. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ, 83-րդ հոդվածի 8-րդ մասեր: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-115րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ, 229-րդ հոդվածների պահանջներով` դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Հայցը բավարարել ամբողջությամբ` անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի Նորամարգ գյուղական համայնքի ղեկավարի 26.11.2007թ. "Ավազահատիկ" ՍՊ ընկերության և Նորամարգ համայնքի ղեկավարի միջև 16.07.2003թ. հողի վարձակալության մասին կնքված պայմանագրի վաղաժամկետ լուծարման մասին" թիվ 81 որոշումը:
Սույն վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված: Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան` օրինական ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ ` Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
|