Դռնբաց դատական նիստում, Երևան քաղաքում, 2008 թվականի հունիսի 10-ին քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի Էդիտա Հովիկի Սիմոնյանի /անձնագիր` ..../, Էդուարդ Արթուրի Պետրոսյանի, Էդմոնդ Արթուրի Պետրոսյանի /այնուհետ` հայցվորներ/ ընդդեմ "Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական ոչ առևտրային կազմակերպության /այսուհետ` պատասխանող, ՀՎՀՀ` 02558204, պետական գրանցման համարը չի պարզվել/` փոխհատուցման գումար վճարելուն պարտավորեցնելու և այդ գումարին վճարման ենթակա տոկոսների բռնագանձման պահանջի մասին
1. Գործի դտավարական նախապատմությունը:
1/ Էդիտա Հովիկի Սիմոնյանը, իր և իր անչափահաս երեխաներ Էդուարդ Արթուրի Պետրոսյանի, Էդմոն Արթուրի Պետրոսյանի անունից 15.04.2008թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ "Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական ոչ առևտրային կազմակերպության` փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջի մասին: Հայցադիմումը 16.04.2008թ. ընդունվել է վարույթ: 23.04.2008թ. հայցվորների ներկայացուցիչը ներկայացրել է նաև դիմում-հաշվարկ:
2/ Պատասխանողը 08.05.2008թ. ներկայացրել է հայցադիմումի պատասխան: 3/ 23.05.2008 նախնական դատական նիստում հայցվորների ներկայացուցիչը պակասեցրել է հայցապահանջը` հրաժարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի կարգով վճարման ենթակա տոկոսների գումարի բռնագանձման պահանջից:
2. Հայցվորի իրավական դիրքորոշումը:
Հայցվորի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը դատաքննության ընթացքում հայցը պնդեց, հայտնելով հետևյալը: 23.02.2004թ. "Հյուսիսային պողոտա և կասկադ" ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՈԱԿ-ի և Հովիկ Սիմոնյանի միջև կնքվել է Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման և բարեկարգման ծրագրով նախետեսված աշխատանքներն իրականացնելու նպատակով համապատասխան դրամական փոխհատուցման դիմաց անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
Նշված պայմանագրի առարկա է հանդիսացել Երևան քաղաքի Լալայանց 25 հասցեում գտնվող 42.5 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը և 89.8քմ մակերեսով հողամասը, որի ընդհանուր արժեքը կազմել է 49.858.38 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Պայմանագրի առարկա հանդիսացող վերը նշված բնակելի տանը հաշվառված են եղել հայցվորները, որոնք, համաձայն "Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին" ՀՀ օրենքի պահանջների, իրավունք են ունեցել 23.02.2004թ. կնքված պայմանագրի առարկա հանդիսացող գույքի օտարման դեպքում, որպես գույքային իրավունք ունեցողներ /հաշվառվածներ/, ստանալ դրամական փոխհատուցում, որն էլ պատասխանողի կողմից չի կատարվել: "Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին" ՀՀ օրենքների պահանջների կատարման համար համապատասխան դրամական փոխհատուցում վճարելու վերաբերյալ Հովիկ Սիմոնյանի կողմից Երևանի քաղաքապետարան դիմումներ է ներկայացվել նշված հարցի կարգավորման խնդրանքով, որին ի պատասխան` պատասխանողի կողմից 23.01.2007թ. թիվ 38/01-Ս-2 գրությամբ խնդրանքը մերժվել է: Հարցի կարգավորման նպատակով 22.01.2008թ.-ին կրկին պատասխանողին դիմում է ներկայացվել` խնդրելով Երևան քաղաքի Լալայանց 25 հասցեում հաշվառված Էդիտա Սիմոնյանին և նրա անչափահաս երեխաներին` Էդուարդ Արթուրի Պետրոսյանին և Էդմոնդ Արթուրի Պետրոսյանին, որպես գույքային իրավունք ունեցող անձանց, վճարել օրենքով նախատեսված դրամական փոխհատուցում, որին 04.02.2008թ. թիվ 38/01-57 գրությամբ տեղեկացվել է հետևյալը. "Ի պատասխան Ձեր` "Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ" ՊՈԱԿ-ին ուղղված 22.01.08թ. դիմումի հայտնում եմ, որ 2004թ. փետրվարի 23-ին կնքված պայմանգրով Լալայանց 25 հասցեում գտնվող գույքը օտարվել է և դրա դիմաց տրվել է փոխհատուցում: Այդ հասցեում հաշվառված Էդիտա Սիմոնյանին և նրա երեխաներին Էդուարդ և Էդմոնդ Պետրոսյաններին փոխհատուցում չի տրվել, քանի որ նրանք ժամանակին չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթեր: Հյուսիսային պողոտայի իրացման աշխատանքները արդեն ավարտվել են և իրացված տարածքները հանձնվել են կառուցապատողներին, այդ պատճառով նրանց փոխհատուցում տալ հանարավոր չէ: Ինչ վերաբերվում է Ձեր վկայակոչած "Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին" ՀՀ օրենքին, ապա այն ընդունվել է 2006թ. նոյեմբերին և հետադարձ ուժ չունի":
Պատասխանողի կողմից վերը նշված դիրքորոշման արդյունքում գտնում է, որ խախտվում են հայցվորների` որպես գույքային իրավունք ունեցողների /հաշվառվածների/` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դրամական փոխհատուցում ստանալու իրավունքները:
Պատասխանողի կողմից 23.02.2004թ. կնքված պայմանագրով Երևան քաղաքի Լալայանց փողոցի 25 հասցեում գտնվող անշարժ գույքի ձեռք բերման ընթացքում որպես այդ գույքի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց փոխհատուցում չվճարելով խախտվել են "Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին" ՀՀ օրենքի պահանջները, մասնավորապես. համաձայն 8-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջի` "ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրողները պարտավոր են` ուսումնասիրությունը սկսելուց առաջ ուսումնասիրվող օբյեկտի սեփականատիրոջը, տիրապետողին, օգտագործողին լիարժեք տեղեկություն տրամադրել իրենց գործողությունների իմաստի և նշանակության, այդ գործողությունների իրավական հետևանքների մասին", որի հիման վրա ուսումնասիրողները պարտավոր էին տեղեկացնել գույքային իրավունք ունեցողներին դրամական փոխհատուցում ստանալու նրանց իրավունքի մասին: Ավելին, համաձայն նույն օրենքի 10 հոդվածի 1-ին կետի պահանջի` "ձեռք բերողը պարտավոր է մինչև բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետից օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատշաճ ձևով ուղարկել սեփականության օտարման պայմանագրի /այսուհետ` օտարման պայմանագրի/ նախագիծը", որն էլ պատասխանողի կողմից չի կատարվել, և հայցվորները զրկվել են գույքի օտարման պայմանագրի վերաբերյալ գրավոր առարկություններ կամ առաջարկություններ ներկայացնելու իրավունքից: Նույն հոդվածի 3 կետի համաձայն` "օտարվող սեփականության սեփականատերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներն իրավունք ունեն պատշաճ ձևով գրավոր առարկություններ կամ առաջարկություններ ներկայացնելու օտարման պայմանագրի նախագծի վերաբերյալ": Պատասխանողի կողմից խախտվել է նաև վերը նշված օրենքի 10 հոդվածի 4-րդ կետի պահանջը, այն է` "եթե օտարվող սեփականության նկատմամբ կան ձեռքբերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողներ, ապա օտարման պայմանագրի կողմ պետք է հանդիսանան նաև օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները", որի հիման վրա պատասխանողը պարտավոր էր որպես պայմանագրի կողմ ներգրավել Երևանի Լալայանց 25 հասցեում գտնվող բնակելի տանը հաշվառված անձանց, որն էլ չի կատարվել: Այն, որ Էդիտա Սիմոնյանը և իր անչափահաս երեխաները հաշվառված են եղել վերը նշված հասցեում, հաստատվում է պատասխանողի կողմից տրված 23.01.2007թ. թիվ 38/01-Ս-2 և 26.04.2007թ. թիվ 38/01-Ս-4 գրություններով: Ավելին, պատասխանողը խախտել է նաև հիշատակված օրենքի 12 հոդվածի 1-ին կետի պահանջը` "եթե օտարման պայմանագրի նախագիծն օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին ուղարկելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օտարման պայմանագիրը չի կնքվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում սեփականության օտարման դիմաց ոչ պակաս, քան սույն օրենքով սահմանված կարգով որոշված փոխհատուցման ենթակա գումարը հանձնել դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշիվ /այսուհետ` դեպոզիտ/` այդ մասին եռօրյա ժամկետում պատշաճ ձևով տեղեկացնելով օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողներին…", որի համաձայն գույքային իրավունք ունեցող անձանց հասանելիք փոխհատուցման գումարը պատասխանողը պարտավոր էր հանձնել դեպոզիտ: Համաձայն նույն հոդվածի 2-րդ կետի պահանջի` ձեռքբերողը փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելիս պարտավոր է նշել իրեն հայտնի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող բոլոր սեփականատերերի և բոլոր գույքային իրավունքներ ունեցողների մասին: Ձեռքբերողի կողմից սույն պահանջի խախտման հետևանքով սեփականատիրոջը կամ գույքային իրավունք ունեցողին պատճառված վնասը հատուցում է ձեռքբերողը: Այն, որ անշարժ գույքի ձեռքբերողին հայտնի է եղել գույքային իրավունքներ ունեցող անձանց մասին, հաստատվում է արդեն իսկ նշված Երևանի քաղաքապետարանի գրություններով, ինչպես նաև 23.02.2004թ. կնքված պայմանագրի 3.2 կետով: Համաձայն նույն օրենքի 16 հոդվածի 1-ին կետի` եթե ձեռքբերողը սույն օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում օտարվող սեփականության սեփականատիրոջը և գույքային իրավունք ունեցողին չի ուղարկում օտարման պայմանագրի նախագիծը կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում դեպոզիտ հաշվին չի հանձնում փոխհատուցման գումարը…, ապա համարվում է, որ ձեռքբերողը հրաժարվում է տվյալ սեփականությունը ձեռք բերելուց, և տվյալ սեփականության մասով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերը համարվում են անվավեր: Պատասխանողի կողմից խախտվել են նաև նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը` հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական պայմաններն են` օտարումը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով: Տվյալ դեպքում վերը նշված օրենքի պահանջների խախտումների հետևանքով հայցվորներին պատճառվել է զգալի նյութական վնաս: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի պահանջի` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան: Համաձայն նույն օրենսգրքի 1058 հոդվածի 1-ին կետի պահանջի` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Ինչ վերաբերում է պատասխանողի 04.02.2008թ. թիվ 38/01-57 գրությանը, որով պատճառաբանվել է, որ "Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին" ՀՀ օրենքն ընդունվել է 2006թ. նոյեմբերին և հետադարձ ուժ չունի, գտնում է, որ այդ պատճառաբանությունն անհիմն է և չէր կարող դիմումը մերժելու հիմք հանդիսանալ, քանի որ օրենքի 18-րդ հոդվածի /անցումային դրույթներ/ 1-ին կետի պահանջի համաձայն` "Հասարակության և պետության կարիքների համար օտարման ենթակա բնակարանի կամ բնակելի տան նկատմամբ մինչև 2007 թվականի հունվարի 1-ը գույքային իրավունքներ են համարվում նաև բնակարանի կամ բնակելի տան նկատմամբ դատարանի վճռով բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձինք, ինչպես նաև տվյալ բնակարանում կամ բնակելի տանը մինչև 1999 թվականի հունվարի 1-ը հաշվառված անձինք": Այն, որ հայցվորները հաշվառված են եղել վերը նշված հասցեում, հաստատվում է պատասխանողի կողմից տրված 23.01.2007թ. թիվ 38/01-Ս-2 և թիվ 38/01-Ս-4 գրություններով, ինչպես նաև 04.02.2008թ. թիվ 38/01-57 գրությամբ, որոնց համաձայն պատասխանողն ուղղակիորեն ընդունել է այն փաստը, որ հայցվորները հաշվառված են եղել Լալայանց 25 հասցեում: Հետևաբար հայցվորները "Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին" ՀՀ օրենքի պահանջների համաձայն ձեռք են բերել փոխհատուցման գումար վճարելուն պարտավորեցնելու մասին պահանջ ներկայացնելու իրավունք: Ավելին, համաձայն "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի` իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում: Համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի պահանջի` անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Դատարանին խնդրեց պատասխանողին պարտավորեցնել ՀՀ Կառավարության 05.10.2001թ. N 950 որոշման 8-րդ կետի 1-ին մասի համաձայն հայցվորներից յուրաքանչյուրին որպես աջակցություն վճարել 2.000.000 ՀՀ դրամ, իսկ նույն կետի 3-րդ մասի համաձայն` որպես խրախուսման միջոց, նրանցից յուրաքանչյուրին վճարել 1.000.000 դրամ:
3. Պատասխանողի իրավական դիրքորոշումը:
Պատասխանող "Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական ոչ առևտրային կազմակերպությունը ներկայացրել է հայցադիմումի պատասխան, իսկ վերջինիս ներկայացուցիչ Գեղամ Թադևոսյանը դատաքննության ընթացքում հայցի դեմ առարկեց, հայցադիմումի պատասխանը պնդեց, հայտնելով հետևյալը: Հայցադիմումի հիմքում դրվել է "Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին" ՀՀ օրենքը, որն ընդունվել է 27.11.2006թ., իսկ վիճելի իրավահարաբերությունը ծագել է և դրա վերաբերյալ գործարքը, որի կատարմամբ այն դադարել է, կնքվել է, 23.02.2004թ.: Այսինքն` գործարքի կնքման պահին հայցվորի վկայակոչած օրենքը գոյություն չի ունեցել, և նշված հարցը կարգավորվել է ՀՀ Կառավարության 05.10.2001թ. թիվ 950 որոշմամբ: Վերը նշված կարգի 7-րդ կետի <Գ> ենթակետի համաձայն` "Մինչև պետության կարիքների համար հողամասը վերցնելու մասին լիազորություն ունեցող պետական մարմնի որոշման հիման վրա պետական գրանցում ստանալու պահը /2001թ. օգոստոսի 28-ը/, այդ թվում` ինքնակամ կառույցներում հաշվառված, գրանցված անձանց և նրանց անչափահաս երեխաներին տրամադրվում է աջակցություն յուրաքանչյուր անձին 2000 ԱՄՆ-ի դոլար դրամի չափով` հիմք ընդունելով հաշվառման փաստը հաստատող փաստաթուղթը /անձնագիր, ծննդյան վկայական կամ հաշվառումը վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանք/": Այսինքն` վերը նշված անձանց նկատմամբ պետությունը ոչ թե ստանձնում է փոխհատուցում տրամադրելու պարտավորություն, այլ զուտ տրամադրում է /և ոչ թե պարտավոր է տրամադրել/ սոցիալական օգնություն` աջակցության ձևով, համապատասխան փաստաթղթերի հիման վրա, որոնք հայցվորի կողմից ժամանակին չեն ներկայացվել: Ուստի այս պարագայում հայցվորի պահանջն անհիմն է: Ինչ վերաբերում է հայցվորի այն պնդմանը, որ "Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին" ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տվյալ իրավահարաբերության նկատմամբ օրենքն ունի հետադարձ ուժ, ապա այդ դրույթը վերաբերվում է մինչև 1999թ. հաշվառված կամ դատարանի վճռով բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձանց, և տարածվում է վերը նշված օրենքի գործողության ընթացքում ծագած հարաբերությունների վրա: Այդ նորմով օրենքին հետադարձ ուժ չի տրվել, այլ ընդամենը սահմանվել է, թե ըստ "Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին" ՀՀ օրենքի ովքեր են համարվում գույքային իրավունքներ ունեցողներ: Ավելին, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` "եթե մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական կարիքների համար սեփականությունը վերցնելու մասին Կառավարությունը որոշումն ընդունվելուց հետո տվյալ հողամասը վերցնելու կամ այդ հողամասի մասով հողահատկացում կատարելու մասին կայացվել է որոշում և օտարվող սեփականատերն ընդունել է Կառավարության սահմանված կարգով տրված գնային առաջարկը կամ կնքել է տվյալ սեփականության մասին պայմանագիր, ապա տվյալ սեփականության օտարման դիմաց փոխհատուցումը կատարվում է Կառավարության սահմանված փոխհատուցման կարգով կամ կնքված սեփականության օտարման մասին պայմանագրին համապատասխան": ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 950 որոշման (փոփոխություններով` կատարված 2004թ. հունվարի 29-ին և 2005թ. մայիսի 19-ին) 8-րդ կետը, որը հստակ սահմանում է փոխհատուցման ենթակա անձանց աջակցության գումարի տրամադրման կարգն ու պայմանները, և նույն կետի հաջորդ պարբերությունը, սահմանում է այն անձանց ցանկը, որոնց աջակցության գումար չի տրամադրվում` աջակցության գումար չի տրամադրվում սեփականատերերին և նրանց ընտանիքի անդամներին (ամուսնուն, անչափահաս և չափահաս սակայն իրենց ընտանիքը չկազմած երեխաներին), չամուսնացած սեփականատիրոջ ծնողներին: Այսինքն, հայցվորները հանդիսանում են սեփականատիրոջ` Հովիկ Սիմոնյանի ընտանիքի անդամ, հետևաբար, հայցվորը և նրա անչափահաս երեխաները նույնպես չեն կարող դիտվել որպես աջակցության գումար ստացող անձինք, ուստի հայցվորների կողմից ներկայացված դիմում-հաշվարկը ևս անհիմն է:
4. Գործի լուծման էական նշանակություն ունեցող փաստերը և դրանք հաստատող ապացույցները:
1/ Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման և բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու նպատակով "Հյուսիսային պողոտա և կասկադ" ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՈԱԿ-ի և Հովիկ Սիմոնյանի միջև 23.02.2004թ. կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որով վերջինս իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Լալայանց 25 հասցեում գտնվող 42.5քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը և 89.8քմ մակերեսով հողամասը ընդհանուր 49.858.38 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով փոխհատուցման դիմաց որպես սեփականություն հանձնել է Հայաստանի Հանրապետությանը:
2/ Հայցվոր Էդիտա Սիմոնյանը, որը սեփականատեր Հովիկ Սիմոնյանի ամուսնացած դուստրն է, իր երկու երեխաների հետ հաշվառված է եղել Երևանի Լալայանց փողոցի թիվ 25 տանը. այդ հանգամանքը հաստատված է պատասխանողի 23.01.2007թ., 26.04.2007թ. և 04.02.2008թ. գրություններով:
3/ Պատասխանող "Երևանի կռաուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական ոչ առևտրային կազմակերպության 23.01.2007թ. թիվ 38/01-Ս-2, 26.04.2007թ. թիվ 38/01-Ս-4, 04.02.2008թ. թիվ 38/01-57 գրություններով պատասխանողն ընդունել է այն փաստը, որ հայցվորները հաշվառված են եղել Երևան քաղաքի Լալայանց 25 հասցեում, սակայն մերժել է փոխհատուցման գումար տրամադրելու խնդրանքը` ժամանակին համապատասխան փաստաթղթեր չներկայացնելու պատճառով:
5. Դատարանի իրավական վերլուծությունները:
Լսելով կողմերի ներկայացուցիչներին, ուսումնասիրելով հայցադիմումի պատասխանն ու գործի մյուս նյութերը, դատարանը գտնում է, որ հայցը հիմանվոր է, բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 950 որոշման պահանջներից և ենթակա է բավարարման հետևյալ պատճառներով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան: ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 950 որոշմամբ հաստատված Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը վերացնելու, փոխհատուցելու, գնային առաջարկը ձևավորելու և իրացնելու կարգի 4-րդ մասի համաձայն` Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու, գնային առաջարկները կազմակերպելու, փոխհատուցելու և իրացնելու հետ կապված աշխատանքներն իրականացնում է Երևանի քաղաքապետը` "Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով: Նույն կարգի 7-րդ կետի երկրորդ պարբերության համաձայն` անշարժ գույքի իրացման աշխատանքները սեղմ ժամկետներում կատարելու նպատակով կիրառվում են ֆինանսական խրախուսումներ` պայմանով, որ սեփականատերերը գնային առաջարկ ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կտան համաձայնություն մեկամսյա ժամկետում քանդման նպատակով տարածքն ազատելու մասին: Նույն կարգի 8-րդ կետի համաձայն` իրացվող տարածքում հաշվառված (գրանցված) անձանց, նրանց` անձնագրային տարիքի չհասած երեխաներին (անկախ ծննդյան տարեթվից և անկախ այն հանգամանքից, թե ծնեղներից միայն մեկն է հաշվառված (գրանցված) իրացվող հասցեում, թե երկուսն էլ) տրամադրվում է աջակցության` առանձին 2.0 մլն Հայաստանի Հանրապետության դրամի չափով` հիմք ընդունելով հաշվառման փաստը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, ծննդյան վկայական, հաշվառումը վարող լիազոր մարմնի տված տեղեկանք): Աջակցության գումար չի տրամադրվում սեփականատերերին և նրանց ընտանիքի անդամներին (ամուսնուն, անչափահաս և չափահաս, սակայն իրենց ընտանիքը չկազմած երեխաներին), չամուսնացած սեփականատիրոջ ծնողներին: Առաջարկը ստանալուց հետո պայմանագիր կնքելու և տարածքն ազատելու մասին սույն կարգի 7-րդ կետի պահանջը կատարած լինելու դեպքում սույն կետով նշված քաղաքացիների նկատմամբ ևս կիրառվում են խրախուսման միջոցներ յուրաքանչյուր անձի համար մեկ մլն Հայաստանի Հանրապետության դրամի չափով: Տվյալ դեպքում 23.02.2004թ. պայմանագրով անշարժ գույքը օտարելու պահին հայցվորները, հաշվառված լինելով Երևան քաղաքի Լալայանց 25 հասցեում, Կառավարության նշված որոշման ուժով ձեռք են բերել փոխհատուցում ստանալու իրավունք` ինչպես աջակցության, այնպես էլ խրախուսման ձևով: Դատարանն անհիմն է համարում պատասխանողի ներկայացուցչի այն պատճառաբանությունը, որ պետությունն իրացման գոտում գտնվող հասցեում հաշվառված անձանց փոխհատուցում տրամադրելու պարտավորություն չունի: ՀՀ Կառավարության 05.10.2001թ. թիվ 950 որոշման 8-րդ կետում գործածված "տրամադրվում է աջակցություն" արտահայտությունը պարունակում է իմպերատիվ պահանջ և նշանակում է, որ աջակցությունը չի կարող չտրամադրվել, իսկ մեկ կողմի` աջակցությունը տրամադրելու պարտականությանը համապատասխանում է մյուս կողմի` այդ աջակցությունը պահանջելու իրավունքը: Որոշման նշված կետը չի նախատեսում աջակցության գումարը վճարելու պետական մարմնի հայեցողական լիազորություն: Անհիմն է և հայցը մերժելու հիմք չի կարող հանդիսանալ նաև պատասխանողի ներկայացուցչի մյուս պատճառաբանությունը, որ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսանալու պատճառով հայցվորներին աջակցության գումար չի կարող տրամադրվել: ՀՀ Կառավարության նշված որոշման 8-րդ կետով հստակ սահմանվել է այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող աջակցություն ստանալ` սեփականատերերը և նրանց ընտանիքի անդամները /ամուսինը, անչափահաս և չափահաս, սակայն իրենց ընտանիքը չկազմած երեխաները/: Տվյալ դեպքում հայցվոր Էդիտա Սիմոնյանը սեփականատիրոջ` ընտանիք կազմած չափահաս երեխան է, իսկ նրա անչափահաս երեխաները` սեփականատիրոջ ընտանիքի անդամ ընդանրապես չեն հանդիսանում: Հայցը մերժելու հիմք չի կարող հանդիսանալ նաև պատասխանողի ներկայացուցչի այն պատճառաբանությունը, թե հայցվորները ժամանակին չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթեր` իրացվող հասցեում հաշվառված լինելու մասին: ՀՀ Կառավարության 05.10.2001թ. թիվ 950 որոշման 4-րդ կետի համաձայն` Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող` ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու, գնային առաջարկները կազմակերպելու և իրացնելու հետ կապված աշխատանքներն իրականացնում է Երևանի քաղաքապետը` "Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով: Նույն որոշման 5-րդ կետի համաձայն` իրացնողը սույն կարգի համաձայն պարտավոր է անշարժ գույքը և հողամասը տիրապետող անձանց հետ կնքել պայմանագիր իրացվող անշարժ գույքը վերցնելու, փոխհատուցելու և դրանց դիմաց հատուցման պայմանների ու իրացման աշխատանքների իրականացման ժամկետների մասին: Դա նշանակում է, որ գույքը տիրապետող անձանց փոխհատուցման պայմանները պարտավոր էր ճշտել պատասխանողը: Դատարանը հիմնավոր է համարում պատասխանողի ներկայացուցչի պատճառաբանությունն այն մասին, որ սույն իրավահարաբերության նկատմամբ "Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին" ՀՀ օրենքը կիրառելի չէ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական օրենսդրության ակտերը և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն ու կիրառվում են ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: Տվյալ դեպքում կողմերի մեջև իրավահարաբերությունը ծագել է 2004 թվականին, իսկ նշված օրենքն ընդունվել է 2006թ. նոյեմբերի 27-ին: Ինչպես ՀՀ Սահմանադրության 42 հոդվածը, այնպես էլ "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 78 հոդվածը սահմանում են, որ քաղաքացու իրավական վիճակը բերելավող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն միայն այդ ակտերով հատկապես նախատեսված դեպքերում, իսկ "Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին" ՀՀ օրենքի 18-րդ կամ այլ հոդվածներում օրենքի հետադարձ ուժ ունենալու մասին որևէ դրույթ չկա: Այդ կապակցությամբ անհիմն է հայցվորների ներկայացուցչի փաստարկը` օրենքի հետադարձ ուժ ունենալու վերաբերյալ, հատկանշական է, որ, պնդելով, թե սույն վեճի նկատմամբ կիրառման է ենթակա վերոհիշյալ օրենքը, հայցվորների ներկայացուցիչը փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկը կատարել է` ելնելով ՀՀ կառավարության 05.10.2001թ. թիվ 950 որոշմամբ սահմանված փոխհատուցման չափերից: Նման պայմաններում դատարանը գտնում է, որ պատասխանողը պարտավոր է հայցվորներից յուրաքանչյուրներին վճարել ՀՀ կառավարության 05.10.2001թ. թիվ 950 որոշմամբ սահմանված 2.0 մլն դրամ աջակցության և 1 մլն դրամ խրախուսման գումարները: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդվածի 6-րդ կետով, 110, 130-132, 1493, 1494 հոդվածներով, դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Հայցը բավարարել:
Պատասխանող "Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական ոչ առևտրային կազմակերպությանը պարտավորեցնել հայցվոր Էդիտա Հովիկի Սիմոնյանին, նրա և նրա անչափահաս երեխաներ Էդուարդ Արթուրի Պետրոսյանի և Էդմոնդ Արթուրի Պետրոսյանի համար վճարել` յուրաքանչյուրի համար 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ` որպես իրացված Երևան քաղաքի Լալայանց 25 հասցեում հաշվառված անձանց տրամադրվող աջակցության գումար, ինչպես նաև յուրաքանչյուրի համար վճարել 1.000.000. (մեկ միլիոն) դրամ` որպես խրախուսման գումար: Քաղաքացիական գործի վարույթը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսների գումար բռնագանձելու պահանջի մասին, կարճել` հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով: Պետական տուրքի հարցը համարվել լուծված: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Սույն վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ` Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Վճիռը 11.07.2008թ. մտել է օրինական ուժի մեջ:
ԴԱՏԱՎՈՐ` Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
|