Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Վարչական գործ թիվ ՎԴ/3126/05/09
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը հետևյալ կազմով`
04.11.2009թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
քարտուղարությամբ` Զ. ՄԱԿԱՐՅԱՆԻ
հայցվոր` ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ/ներկայացուցիչ` Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ/
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
Պատասխանող` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ "Ավան" Տ/Ս /ներկայացուցիչ` Լ.ՎԱՐՊԵՏՅԱՆԻ/

2009թ. հոկտեմբերի 21-ին, դռնբաց դատական նիստում, քննելով վարչական գործն ըստ հայցի Հուսիկ Հայրապետյանի ընդդեմ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի "Ավան" տարածքային ստորաբաժանման` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի "Ավան" տարածքային ստորաբաժանման կողմից 11.06.2009թ. տրված մերժումը (գրությունը) (ՍՂ ԵԼՔ-1220-ա) վերացնելու (անվավեր ճանաչելու) և Երևանի քաղաքապետի 04.04.2008թ. թիվ 1595-Ա որոշման հիմքով Երևան քաղաքի Դեկաբրիստների (Ռուբինյանց) փողոցի 27/4 տան զբաղեցրած 530.25քմ մակերեսի հողամասի նկատմամբ Հուսիկ Հայրապետյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով հայցվոր Հուսիկ Հայրապետյանը խնդրել է վերացնել (անվավեր ճանաչել) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի "Ավան" տարածքային ստորաբաժանման կողմից 11.06.2009թ. տրված մերժումը (գրությունը) (ՍՂ ԵԼՔ-1220-ա) և պատասխանողին պարտավորեցնել կատարելու Երևանի քաղաքապետի 04.04.2008թ. թիվ 1595-Ա որոշման հիմքով Երևան քաղաքի Դեկաբրիստների (Ռուբինյանց) փողոցի 27/4 տան զբաղեցրած 530.25քմ մակերեսի հողամասի նկատմամբ Հուսիկ Հայրապետյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում: 18.07.2009թ. ՀՀ վարչական դատարան է մուտքագրվել հայցադիմումի պատասխանը: Հրավիրվել են նախնական դատական նիստեր, որտեղ պարզաբանվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցերը, սահմանվել է ապացուցում պահանջվող փաստերի շրջանակը և կողմերի միջև բաշխվել է ապացուցման բեռը, որը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն դրվել է պատասխանող կողմի վրա: Դատարանի 21.10.2009թ. որոշմամբ սույն գործը նշանակվել է դատաքըննության: Դատաքննությունը հայտարարվել է ավարտված 21.10.2009թ.-ին:

 

1. Հայցվորի ներկայացրած փաստերը, հիմնավորումները.

ՀՀ ԿԱ ԱԳ ԿՊԿ տարածքային ստորաբաժանում 11.06.2009թ. մուտքագրվել է դիմում` Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 27/4 հասցեում (նոր փոստային հասցեն` ք.Երևան, Ռուբինյանց փողոց, թիվ 27/18) գտնվող անշարժ գույքի նկատմամբ Երևանի քաղաքապետի 04.04.2008թ. թիվ 1595-Ա որոշումից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու խնդրանքով: Նշված դիմումը պատասխանողի կողմից մերժվել է, պատճառաբանելով, որ Երևանի քաղաքապետի 04.04.2008թ. թիվ 1595-Ա որոշման հիման վրա վերականգնվել է վերոնշյալ հասցեի բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը, սակայն համաձայն գույքի ձեռքբերման փաստաթղթերի (պետ. նոտարի 18.12.1996թ. թիվ 2-7191 շինության առ ու ծախի պայմանագիր) այն հանդիսացել է ՀՀ ՊՄՏԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հրաձգարան, և վերոնշյալ անշարժ գույքը հանդիսանում է հասարակական նշանակության շինություն: Մինչդեռ, պատասխանողի նման գործողությունն անհիմն է, քանի որ վերջինս պետական գրանցում իրականացնող մարմին է, և պարտավոր է ղեկավարել միմիայն ՀՀ օրենսդրության պահանջներով: Վկայակոչելով վերը նշված առ ու ծախի պայմանագիրը` պատասխանողն անտեսել է այն, որ նույն այդ պայմանագրում նշված է` "…վաճառում եմ ՀՀ քաղաքացի Հ. Վ. Հայրապետյանին Երևան մանկապատանեկան հրաձգային դպրոցի 10մ-ոց հրաձգարանը բնակելի տարածք կառուցելու համար": Անշարժ գույքի սեփականության վկայականում էլ "գույքի անվանումը նշված է "տարածք": Դեռ ավելին, Երևանի քաղաքապետի 04.04.2008թ. թիվ 1595-Ա որոշմամբ հստակ նշվել է` "…1. Վերականգնել Դեկաբրիստների (Ռուբինյանց) փողոցի հ. 27/4 բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 530.25քմ մակերեսի չափով: 2. Հողամասի սահմանները որոշում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով: Ընդունել ի գիտություն, ՀՀ հողային օրենսգըրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` Դեկաբրիստների (Ռուբինյանց) փողոցի հ. 27/4 բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 530.25քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է Հուսիկ Հայրապետյանին: 4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի լիազորված մարմնում:…": Պատասխանողի կողմից խախտվել են ՀՀ օրենսդրության պահանջները, որով պաշտպանվում են իր սեփականատիրական իրավունքները, քանի որ Երևանի քաղաքապետի վերը նշված որոշմամբ` օրենքի ուժով սեփականության իրավունքով հիշյալ հասցեում գտնվող գույքը` տան զբաղեցրած 530.25քմ մակերեսով հաղամասը, փոխանցվում է Հուսիկ Հայրապետյանին: Պատասխանողի գործողությունների արդյունքում խախտվել են ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքները, որոնք էլ հանդիսանում են սույն հայցապահանջի իրավական հիմքը: Մասնավորապես, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի` սեփականության իրավունքը սուբյեկտի օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Ավելին, ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: Համաձայն "Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի "ա" կետի` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով: Այնքանով, որքանով վերը նշված պատճառաբանություններով հիմնավորում է խախտումը: Նույն մասի "բ" կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում: "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` պետական մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած իրավական ակտերի պահանջները` անկախ այն հանգամանքից, թե այդ իրավական ակտը նրանք պաշտոնապես կամ ընդհանուր կարգով են ստացել, ինչպես նաև դրանց ընդունման կամ ուժի մեջ մտնելու մասին նրանք իրազեկվել կամ տեղյակ են եղել, թե ոչ, եթե օրենքով կամ տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Պատասխանողը խախտել է նաև "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջները, քանի որ հիշյալ իրավական նորմի հիմքով օրենսդիրը հստակ սահմանել է այն դեպքերը, որոնց հիման վրա պետական գրանցում իրականացնող մարմինը իրավասու է մերժել սեփականության իրավունքի պետական գրանցումը: Մասնավորապես, այդ իրավական նորմով սահմանվել է, որ պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, այսինքն`

1. չեն համապատատասխանում օրենսդրությանը, կամ դրանցով խախտվել են օրենսդրության պահանջները, կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան,

2. բացակայում է պետական գրանցման վճարի անդորրագիրը,

3. ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր: Տվյալ պարագայում, հիշատակված դեպքերից զատ, պետական մարմինը իրավասու չէ մերժել պետական գրանցումը, քանի որ, նույն այդ իրավական նորմով, օրենսդիրը սահմանել է նաև, որ արգելվում է այլ պատճառներով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ: Նույն իրավանորմով սահմանվել է նաև այն, որ գրանցումը մերժելու դեպքում դիմողին հնգօրյա ժամկետում գրավոր տեղյակ է պահվում մերժման պատճառների մասին` օրենքի կամ նորմատիվային ակտի խախտման պարտադիր նշումներով: Մինչդեռ, պատասխանողի կողմից տրված մերժման մեջ որևէ օրենքի կամ նորմատիվային ակտի խախտման նշում առկա չէ: Վերոգրյալ հիմանվորումներով հայցվորը խնդրել է վերացնել (անվավեր ճանաչել) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի "Ավան> տարածքային ստորաբաժանման կողմից 11.06.2009թ. տրված մերժումը (գրությունը) (ՍՂ ԵԼՔ1220-ա) և պատասխանողին պարտավորեցնել կատարելու Երևանի քաղաքապետի 04.04.2008թ. թիվ 1595-Ա որոշման հիմքով Երևան քաղաքի Դեկաբրիստների (Ռուբինյանց) փողոցի 27/4 տան զբաղեցրած 530.25քմ մակերեսի հողամասի նկատմամբ Հուսիկ Հայրապետյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում: Դատաքննության ընթացքում վերը շարադրված փաստարկներն ամբողջությամբ պնդելով` հայցվորի ներկայացուցիչը խնդրեց հայցը բավարարել:

 

2. Պատասխանողի ներկայացուցչի ներկայացրած փաստերը, հիմնավորումները.

Գտնում են, որ հայցն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ: Երևան քաղաքի Դեկաբրիստների փողոցի թիվ 27/4 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի ուսումնասիրումից պարզվել է, որ վերոնշյալ հասցեի անշարժ գույքը (391.15 քմ ընդհ. մակերեսով շինություն) ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական ընկերության կենտրոնական խորհըրդի 04.12.1996թ. թիվ 02/216 տեղեկանքի, արձանագրության, հաշվարկային փաստաթղթի, 19.06.1996թ. թիվ 8 որոշման և Պետ. նոտարի 18.12.1996թ. թիվ 2-7191 շինության առ ու ծախի պայմանագրի հիման վրա սեփականության իրավունքով հաշվառվել է Հուսիկ Վալոդյայի Հայրապետյանի անվամբ և ՇՇԱԳՎ վարչության կողմից 23.12.1996թ. տրվել է թիվ 2267 սեփականության վկայական: 27.05.2009թ. անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի "Ավան> տարածքային ստորաբաժանում է դիմել Հուսիկ Վալոդյայի Հայրապետյանը, խնդրելով կատարել իրավունքների պետական գրանցում վիճելի հասցեի անշաժ գույքի նկատմամբ` ներկայացնելով Երևան քաղաքի Դեկաբրիստների (Ռուբինյանց փողոցի) Հ. 27/4 հասցեում Հուսիկ Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու և հողօգտագործման իրավունքը ձևակերպելկու մասին 04.04.2008թ. թիվ 1595-Ա որոշում, 10.04.2008թ. թողարկված թիվ 946-2008 հողամասի գլխավոր հատակագիծ, Երևան քաղաքում անշարժ գույքի հասցեներ տրամադրելու մասին 29.04.2008թ. թիվ 1970-Ա որոշում, և խնդրել է կատարել պետական գրանցում, սակայն պետական գրանցման դիմումը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ. "Երևանի քաղաքապետի 04.04.2008թ. թիվ 1595-Ա որոշման հիման վրա վերականգնվել է վերոնշյալ հասցեի տան զբաղեցրած հողհատկացման հիմքերը, սակայն համաձայն գույքի ձեռքբերման փաստաթղթերի /Պետ.նոտարի 18.12.1996թ. թիվ 2-7191 շինության առ ու ծախի պայմանագրի/ այն հանդիսացել է ՀՀ ՊՄՏԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հրաձգարան և վերոնշյալ անշարժ գույքը հանդիսանում է հասարակական նշանակության շինություն": Երևանի քաղաքապետի 04.04.2008թ. թիվ 1595-Ա որոշման առաջին պարբերությունում նշված է, որ Հուսիկ Հայրապետյանը դիմել է Երևանի քաղաքապետարան Դեկաբրիստների (Ռուբինյանց փողոցի) Հ.27/4 հասցեում իրեն սեփականության իրավունքով /սեփականության 23.12.1996թ. հ.2267 վկայական/ պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու և հողօգտագործման իրավունքը ձևակերպելու խնդրանքով, սակայն վիճելի անշարժ գույքը ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական ընկերության կենտրոնական խորհրդի 04.12.1996թ. թիվ 02/216 տեղեկանքի արձանագրության, հաշվարկային փաստաթղթի, 19.06.1996թ. թիվ 8 որոշման և Պետ. նոտարի 18.12.1996թ. թիվ 2-7191 շինության առ ու ծախի պայմանագրի համաձայն հանդիսացել է հրաձգարան` այսինքն հասարակական նշանակության շինություն և չէր կարող հանդիսանալ բնակելի տուն: Ուստի հայցի դեմ առարկում են, գտնում են, որ այն եթակա է մերժման: Պատասխանելով դատարանի հարցերին պատասխանողի ներկայացուցիչը հայտնեց, որ Երևանի քաղաքապետի թիվ 1595-Ա որոշումը դիտվել է օրենսդրությանը չհամապատասխանող փաստաթուղթ, ինչն էլ հիմք ընդունելով մերժվել է հայցվորի իրավունքների պետական գրանցումը: Պատասխանողի ներկայացուցիչն ընդունեց, որ Երևանի քաղաքապետի թիվ 1595-Ա որոշումն անվավեր կամ առոչինչ ճանաչված չի եղել: Առաջնորդվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածում ամրագրված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքով, լսելով կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, հետազոտելով գործում առկա գրավոր ապացույցները, և դրանցից յուրաքանչյուրը գնահատելով բոլոր բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը եզրակացրեց, որ հայցվորի պահանջը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ:

 

3. Դատաքննությամբ պարզված հանգամանքները.

գ Հուսիկ Հայրապետյանը 11.06.2009թ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ "Ավան" տարածքային ստորաբաժանում ներկայացրած դիմումով խնդրել է կատարել Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 27/4 հասցեում (նոր փոստային հասցեն` ք. Երևան, Ռուբինյանց փողոց, թիվ 27/18) գտնվող անշարժ գույքի նկատմամբ Երևանի քաղաքապետի 04.04.2008թ. թիվ 1595-Ա որոշումից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցում. գ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ "Ավան" տարածքային ստորաբաժանումը 11.06.2009թ. մերժել է իրավունքի գրանցումը, որպես հիմնավորում նշելով հետևյալը. "…Ձեր դիմումը մերժվում է, քանի որ Երևանի քաղաքապետի 04.04.2008թ. թիվ 1595-Ա որոշման հիման վրա վերականգնվել է վերոնշյալ հասցեի բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը, սակայն համաձայն գույքի ձեռքբերման փաստաթղթերի (պետ. նոտարի 18.12.1996թ. թիվ 2-7191 շինության առ ու ծախի պայմանագիր) այն հանդիսացել է ՀՀ ՊՄՏԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հրաձգարան, և վերոնշյալ անշարժ գույքը հանդիսանում է հասարակական նշանակության շինություն":

 

4. Սույն վեճի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը.

գ Իրավաչա՞փ է արդյոք Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 27/4 հասցեում (նոր փոստային հասցեն` ք. Երևան, Ռուբինյանց փողոց, թիվ 27/18) գտնվող անշարժ գույքի նկատմամբ Երևանի քաղաքապետի 04.04.2008թ. թիվ 1595-Ա որոշումից ծագող սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելու մասին ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ "Ավան" տարածքային ստորաբաժանումը 11.06.2009թ. Հուսիկ Հայրապետյանի դիմումի մերժումը, արդյոք բխո՞ւմ է այն "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" ՀՀ օրենքի և "Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի պահանջներից, թե` ոչ:

 

5. ՀՀ վարչական դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

"Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը: Վերը նշված իրավանորմի վերլուծությամբ ՀՀ վարչական դատարանը եզրակացրեց, որ իրավունքները գրանցելու մասին Հուսիկ Հայրապետյանի դիմումի ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ "Ավան" տարածքային ստորաբաժանման 11.06.2009թ մերժումը հանդիսանում է միջամտող վարչական ակտ: "Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի համաձայն` գրավոր վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում: Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ վարչական ակտը պետք է պարունակի` ակտով լուծվող հարցի նկարագրությունը (նկարագրական մաս), ակտի ընդունման հիմնավորումը (պատճառաբանական մաս), ակտն ընդունված վարչական մարմնի պաշտոնական կնիքը: "Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը: "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը սահմանում է. "Պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, այսինքն`

ա) չեն համապատասխանում օրենսդրությանը, կամ դրանցով խախտվել են օրենսդրության պահանջները, կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան.

բ) բացակայում է պետական գրանցման վճարի անդորրագիրը.

գ) ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր: Արգելվում է այլ պատճառներով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ: Գրանցումը մերժելու դեպքում հնգօրյա ժամկետում գրավոր տեղյակ է պահվում մերժման պատճառների մասին, օրենքի կամ նորմատիվային ակտի խախտման պարտադիր նշումներով, առնձեռն հանձնելու կամ փոստով առաքելու միջոցով": Տվյալ դեպքում վիճարկվող գրության մեջ չի պահպանվել վերը նշված իրավական ակտի պահանջը և չի նշվել, թե քաղաքացու իրավունքը կոնկրետ որ օրենքի կամ նորմատիվային ակտի խախտման պատճառով է մերժվել: Թեև, ինչպես վերը նշված վիճարկվող գրությունը նշում չի պարունակում խախտված օրենքի կամ նորմատիվային ակտի մասին, այնուհանդերձ դատաքննությամբ` պատասխանողի ներկայացուցչի բացատրությամբ պարզվեց, որ հայցվորի իրավունքների պետական գրանցումը մերժվել է, քանի որ Երևանի քաղաքապետի թիվ 1595-Ա որոշումը դիտվել է օրենսդրությանը չհամապատասխանող փաստաթուղթ: "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` պետական մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած իրավական ակտերի պահանջները` անկախ այն հանգամանքից, թե այդ իրավական ակտերը նրանք պաշտոնապես կամ ընդհանուր կարգով են ստացել, ինչպես նաև դրանց ընդումնման կամ ուժի մեջ մտնելու մասին նրանք իրազեկվել կամ տեղյակ են եղել, թե ոչ, եթե օրենքով կամ տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Երևանի քաղաքապետի թիվ 1595-Ա որոշումն անվավեր կամ առոչինչ ճանաչված չի եղել, ինչն ընդունեց նաև պատասխանողի ներկայացուցիչը, հետևաբար այդ որոշման պահանջները, համաձայն "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ կետի, ենթակա էր կատարման ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի "Ավան" տարածքային ստորաբաժանման կողմից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը (պաշտոնատար անձը), որն ընդունել է վիճարկվող իրավական ակտը կամ կատարել է վիճարկվող գործողությունը կամ չի կատարել որևէ հայցվող գործողություն, սակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր այն կատարել, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը: Պատասխանողի ներակայացուցիչը չհիմանվորեց սույն գուրծով վիճարկվող ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ "Ավան" տարածքային ստորաբաժանման 11.06.2009թ. ակտի ընդունման համար հիմք ծառայած փաստական հանգամանքները, մասնավորապես չապացուցեց Հուսիկ Հայրապետյանի կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունման, այն է` իրավունքների պետական գրանցման կատարման մերժման իրավաչափությունը: Միչդեռ դատաքննությամբ հիմնավորվեց, որ սույն գործով վիճարկվող ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ "Ավան" տարածքային ստորաբաժանման 11.06.2009թ. ակտը (Ս/Ղ ԵԼՔ-1220-ա) չի համապատասխանում դրա ընդունման համար "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված պահանջներին, մասնավորապես բացակայում է օրենքի կամ նորմատիվային ակտի խախտման մասին նշումը, ինչն իմպերատիվ կերպով սահմանված է օրենքով, ինչպես նաև նկարագրական և պատճառաբանական մասերը, կադաստրի պաշտոնական կնիքը, համապատասխան հիմնավորում` փաստական և իրավական հիմքերի նշումով: Վերը նշված իրավական ակտերով նման պարտավորության սահմանումն ուղղակիորեն բխում է "Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի 4-րդ և ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածներով ամրագրված վարչարարության օրինականության և իրավական պետության սկզբունքներից, ինչպես նաև վերջինիցս ածանցվող ՀՀ Սահմանդրության 5-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթից, համաձայն որի` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: ՀՀ վարչական դատարանի գնահատմամբ պետական գրանցումը մերժելու մասին ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի ակտում օրենքի կամ նորմատիվային ակտի խախտման մասին պարտադիր նշում կատարելու "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված պահանջը պահպանված լինելու պարագայում միայն հնարավոր կլինի հաստատված համարել, որ պետական մարմնի կամ նրա պաշտոնատար անձի գործողությունները բխել են օրենքից: "Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհամարվող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով. բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում: ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերցնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը: Նույն օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել: Այսպիսով, ՀՀ վարչական դատարանը եզրակացրեց, որ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ "Ավան" տարածքային ստորաբաժանման 11.06.2009թ. իրավունքի գրանցումը մերժելու ակտը հակասում է վերը նշված օրենքներին, ինչը "Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի 63րդ հոդվածով նախատեսված հիմք է այն անվավեր ճանաչելու և Երևանի քաղաքապետի 04.04.2008թ. թիվ 1595-Ա որոշման հիմքով Երևանի քաղաքի Դեկաբրիստների (Ռուբինյանց) փողոցի 27/4 տան զբաղեցրած 530.25քմ մակերեսի հողամասի նկատմամբ Հուսիկ Հայրապետյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջը բավարարելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 112-115-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիկան դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ կետով, դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

 

Հուսիկ Հայրապետյանի հայցը բավարարել` վերացնել (անվավեր ճանաչել) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի "Ավան" տարածքային ստորաբաժանման կողմից 11.06.2009թ. տրված մերժումը (գրությունը) (ՍՂ ԵԼՔ-1220-ա) և պատասխանողին պարտավորեցնել կատարելու Երևանի քաղաքապետի 04.04.2008թ. թիվ 1595-Ա որոշման հիմքով Երևան քաղաքի Դեկաբրիստների (Ռուբինյանց) փողոցի 27/4 տան զբաղեցրած 530.25քմ մակերեսի հողամասի նկատմամբ Հուսիկ Հայրապետյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում: ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի "Ավան" տարածքային ստորաբաժանումից հօգուտ Հուսիկ Հայրապետյանի բռնագանձել 8.000 դրամ, որպես վերջինիս կրած դատական ծախսի փոխհատուցում:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` ՀՀ վճռաբեկ դատարան: Օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամովին չկատարելու դեպքում վճիռը կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ` Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ