ՄԵՐ ՏԱՆ ՊԱՏԻՎԸ Գարնան զարթոնքի հետ սկսվել է տունը, բակը, քաղաքը, երկիրն աղբից ու կեղտից մաքրելու միամսյակ: Ըստ պաշտոնական լրատվության` տնկվել ու տնկվելու են տասնյակ հազարավոր ծառ ու թուփ: Դա լավ է, առավել եւս, երբ այն դրված է պետական մակարդակի վրա: Հայն, ըստ էության, ոչ միայն աշխատասեր է, այլեւ մաքրասեր, և յուրաքանչյուր հայ մարդու տուն փայլում է մաքրությամբ և կոկիկությամբ: Ցավոք, մեր մաքրությունն ու հազարամյա մշակույթն ավարտվում է մեր տան մուտքի մոտ: Դրա վառ ապացույցն են կեղտի մեջ կորած շենքերի բակերը, մուտքերն ու աստիճանավանդակները, սակայն բավական է մտնել նույն շենքի բնակարան և ականատես լինել հակառակ պատկերին:
Լոս Անջելեսի տարածքը, ասում են, զբաղեցնում է մոտավորապես այնքան տարածություն, ինչքան Հայաստանի Հանրապետությունն է: Այդտեղ դուք կարող եք օրերով չնախատեսված վայրերում սիգարետի կամ թղթի կտոր փնտրել, սակայն ի պատիվ այդ երկրի քաղաքացիների (տերերի), չգտնել: Ես մեքենայով անցել եմ Կալիֆորնիա նահանգից մինչև Նևադա նահանգ (մոտ 7-8 ժամ ճանապարհ) և չեմ տեսել գոնե մեկ հատ պոլիէթիլենային տոպրակ ընկած ճանապարհին: Մի պահ պատկերացնենք, որ գտնվում ենք Երևան-Գյումրի, կամ Հայաստանի ցանկացած մայրուղու վրա: Կարող եք ասել, թե քանի հազար պոլիէթիլենային իրեր և այլ օտար առարկաներ են թափված մայր հողի վրա: Օտարամոլության կամ օտարապաշտության բարդույթ չունեմ, առավել ևս վստահ եմ, որ մեր պոտենցիալն ու դաստիարակությունն ավելի բարձր է` ունենալու համար մաքուր տուն, մաքուր քաղաք, մաքուր երկիր, այսինքն` մաքուր հայրենիք: Այդ ունենալու համար անհրաժեշտ է պատասխանել մեկ հարցի` ՙցանկանում ենք մեր տունը տեսնել մաքուր՚: Ավելի քան վստահ եմ, որ ցանկանում ենք: Այդ դեպքում պետք է փնտրենք պատճառները եւ վերացնենք: Ըստ իս, պատճառները հինգն են: ա) Հասարակության գերակշիռ մասն իր տնից դուրս չի զգում իրեն տերն իր երկրի, ուստի ոչ միայն չի բռնում զանցառուի ձեռքը, ով այն կեղտոտում է, այլ նաև ինքն է իր տնից հանած աղբը նետում գետնին, կամ մեքենայից ընթացքի ժամանակ այն նետում է փողոց: բ) Հասարակության գերակշիռ մասը չգիտի, որ օրենքով իր շենքի նկուղը, ձեղնահարկը, աստիճանավանդակը, վերելակը, ինչու չէ, նաև շենքի բակը ևս իր սեփականությունն են, հակառակ դեպքում այդտեղ աղբ չի թափի և չի միզի: գ) Հասարակության գերակշիռ մասը չի գիտակցում, որ եթե շենքի արտաքին տեսքը, մուտքը, վերելակը, բակը բարեկարգված են, ապա իր տան շուկայական գինն ավելի բարձր կլինի: դ) Բացակայում են լուրջ իրավական սանկցիաներ, ինչպես նաև կոնկրետ կիրառողներ` չնախատեսված վայրում աղբ թափելու կամ կեղտոտելու համար ենթարկելու վարչական պատասխանատվության: Օրինակ, Կալիֆորնիա նահանգում կոնֆետի թղթիկ թափելու համար կարող են տուգանել մինչև 1500 ԱՄՆ դոլարի չափով, կամ մի քանի օր շարունակ զանցառուն պետք է ավլի մայրուղիները: ե) Թեպետ օրենքով կարգավորվում են ՀՀ տարածքներն իրենց վարչական միավորներով` համատիրություն, համայնք, վարչական շրջան, մարզ և այլ պետական լիազոր մարմիններ, որոնք օրենքով ունեն լայն իրավասություններ` պատասխանատվության ենթարկելու օրինազանցներին, սակայն տիրում է անձնական և տնավարի հարաբերություններ: Օրինակ, ինչ-որ վթար վերացնելու համար քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է քանդել քաղաքի կենտրոնական փողոցի կամ բակի մի հատված: Այնուհետև, լավագույն դեպքում ծածկել հողով, վատագույն դեպքում` տեղում փոսը թողնել և գնալ: Ահա այստեղ է, որ տվյալ համայնքի կամ մարզի իշխանությունը պետք է գործի օրենքի ողջ խստությամբ և պատժի տվյալ քաղաքացուն կամ իրավաբանական անձին: Վերջերս հանրությանը հայտնի մի քաղաքացի իր շենքի վերելակում նկատողություն էր արել այդ շենքում վարձով ապրող մի այլ քաղաքացու, որը վերելակ էր մտել վառվող գլանակը ձեռքին: Հետևանքը եղել էր այն, որ իրավապահ մարմինները սկսեցին ուսումնասիրել... դիտողություն արած քաղաքացու գործողությունները` տեսնելու համար, թե նրա վարքագծում հանցակազմ կա, թե` ոչ, անգամ հարուցվեց քրեական գործ: Այնինչ զանցառուն պետք է ենթարկվեր օրենքով նախատեսված ամենախիստ վարչական պատասխանատվության վերելակում ծխելու համար, իսկ նկատողություն անողին պետք է տալ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում` արարքում հանցակազմ փնտրելու փոխարեն: Վստահ եղեք, որ դրանից հետո զանցառուների եւ դիտողություն անողների թիվը կլիներ հակադարձ համեմատական, իսկ վաղը նույն զանցառուն ոչ միայն չէր ծխի վերելակում, այլ նաեւ դիտողություն կաներ մեկ ուրիշի` վերելակում ծխելու համար:
|