Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԵՐԿՐԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ ԿԱՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔՆ Է

 

2003թ.-ին ամուսնացել եմ: Ամուսնանալուց հետո ապրել ենք ամուսնուս ծնողների տանը: 2004թ.-ին ծնվեց աղջիկս` Անին: Երեխայի ծնունդից հետո կարծում էի, որ ամուսինս ավելի ամուր կկապվի ընտանիքին, սակայն... 2006թ.-ին ամուսնալուծվեցինք, տեղափոխվեցի ծնողներիս տուն: Ամուսինս սկզբնական շրջանում մի քանի անգամ զանգահարեց, իբր երեխային էր կարոտել, այնուհետեւ զանգերը դադարեցին: Վերջերս երեխայիս հետ ցանկանում էինք ժամանակավորապես բացակայել հանրապետությունից, անձնագրային բաժնից ասացին, որ անհրաժեշտ է երեխայի հոր գրավոր համաձայնությունը: Փորձեցի նախկին ամուսնուս գտնել, պարզվեց, որ շուրջ երեք տարի է` բացակայում է հանրապետությունից եւ հայտնի չէ, թե որտեղ է գտնվում: Ինչքանով է մեղավոր մեր երեխան, որ հոր պատճառով իրավունք չունի բացակայելու հանրապետությունից: Ես գիտեմ, որ Սահմանադրությամբ իմ երեխան ազատ տեղաշարժվելու իրավունք ունի, ինչպես վարվեմ:

 

Սոնա Հ. ք. Երևան.

Հարգելի Սոնա, իհարկե` Ձեր երեխան մեղավոր չէ, որ Դուք եւ Ձեր ամուսինը բաժանվել եք: Ձեր երեխան մեղավոր չէ, որ իր հայրը` Ձեր նախկին ամուսինը, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներից ելնելով բացակայում է հանրապետությունից: Մեղավոր փնտրեք Ձեր եւ Ձեր ամուսնու մեջ, որ այսօր Ձեր բալիկն անհայր է մեծանում: Հոմերոս անունով մի փիլիսոփա ժամանակին ասել է. ՙԽելացի է լինում այն երեխան, ով ճանաչում է հորը՚: Կիլիկյան Հայաստանի օրենքներով արգելվում էր ամուսիններին բաժանվել, բացառությամբ որոշ դեպքերի, մասնավորապես, երբ ամուսիններից մեկը դավաճանում էր, իսկ մյուսը չէր ներում դավաճանությունը, կամ երբ ամուսինը կամ կինը ամուսնության ընթացքում հոգեկան խանգարում էին ստանում, իսկ ամուսինը կամ կինը ցանկանում էին բաժանվել, պայմանով, որ ցմահ պետք է հոգային հիվանդի հոգսերը: Նախկին ԽՍՀՄ օրենքներով բարդացված էր ամուսնանալու ընթացակարգը, կրկնակի բարդացված էր ամուսնալուծվելու ընթացակարգը եւ թույլատրվում էր միայն այն դեպքում, երբ ընտանիքի հետագա պահպանումը դառնում էր անհնարին, իսկ ամուսիններն ունենում էին որոշակի բարդություններ աշխատանքում, կոլեկտիվում: Այսինքն` պետական մակարդակով արվում էր ամեն ինչ, որպեսզի ընտանիքի քայքայումը հասնի նվազագույնի: Զարմանալի է, բայց փաստ, որ աթեիստական գաղափարների վրա ստեղծված գերհզոր երկրում այս դրվագով, կարծում եմ, իշխում էին աստվածաշնչյան կանոնները: Այսօր ներպետական օրենսդրությունը տվել է լայն հնարավորություններ ինչպես օրենքով սահմանված կարգով արագ ամուսնանալու, այնպես էլ, ցանկության դեպքում, արագ ամուսնալուծվելու: Այսինքն` այդ գործարքի ողջ ազատությունն ու պատասխանատվությունը դրվել է կողմերի վրա` տալով կողմին մաքսիմալ ազատություն, իսկ թե հետագայում այդ ամուսնության եւ ամուսնալուծության հետեւանքներն ինչպես կանդրադառնան նույն կողմերի, անհայր կամ անմայր մեծացող երեխայի վրա, որը դառնալու է հասարակության մասնիկը` բխող բոլոր հետևանքներով, դժբախտաբար մղվել է երկրորդ պլան: Իսկ ինչ վերաբերում է հոր բացակայությամբ երեխայի` երկրից դուրս գալու իրավունքին, ապա օրենքով սահմանված կարգով կարող եք դիմել ընդհանուր իրավասության դատարան` նախկին ամուսնուն անհայտ բացակայող ճանաչելու պահանջով, իսկ վճռի առկայության եւ օրինական ուժ ստանալուց հետո այն կներկայացնեք պետական լիազոր մարմնին, եւ երեխան կունենա թույլտվություն ծնողի համաձայնության բացակայությամբ երկրից բացակայելու: