ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՄ ՄԵՐ ԴԱՏԱԿԱՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ Ես հիասթափված եմ մեր դատական համակարգի անարդարություններից: 2005թ.-ին մեկ տարի ժամանակով պարտքով 5000 դոլար գումար եմ տվել հարեւանիս տղային: Ժամկետը լրանալուց հետո տարբեր պատճառաբանություններով չտվեց գումարս: Ստիպված դիմեցի դատարան: Այնտեղ էլ դատարանի տուրք ուզեցին 100 դոլարի չափով, որից հետո գործս քննեցին և մերժեցին` պատճառաբանելով, որ պարտքս ժամկետանց է:
Խ. Ստամբոլցյան, Երեւան: Հարգելի պարոն Ստամբոլցյան: Դատական համակարգի անարդարություններից խոսելուց առաջ հարկավոր է, որպեսզի գործարք կնքելուց առաջ լավ իմանաք Ձեր իրավունք-պարտականությունների մասին: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 21-րդ գլուխն ամբողջությամբ վերաբերում է հայցային վաղեմությանը: Դա իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածն է: Օրենսդիրը պահանջների որոշ տեսակների համար սահմանում է տարբեր ժամկետներ: Կոնկրետ դիմումատուի գումարի պահանջի հետ կապված այն սահմանված է երեք տարի, ինչը, ենթադրվում է, վիճող կողմի կամ ներկայացուցչի դիմումի հիման վրա կիրառվել է դատարանի կողմից եւ իրավաչափ վճիռ է կայացվել: Այսինքն` հայցային վաղեմությունը բաց թողնելու պատճառաբանությամբ դիմումատուի հայցը մերժվել է: Հարկավոր է իմանալ, որ օրենսդիրը որոշ պահանջների վրա հայցային վաղեմություն չի տարածում: Մասնավորապես. ա) Ավանդները վերադարձնելու վերաբերյալ ավանդատուների կողմից բանկին ներկայացվող պահանջների վրա, բ) Սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, գ) օրենքով նախատեսված այլ դեպքերում, որի ոչ լրիվ ցանկը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344 հոդվածով:
|