ԻՄ ԲԱԼԵՔԻՆ ԻՆՉՊԵՍ ԴԱՏԻ ՏԱՄ Օրերս ընկերության գրասենյակ էր եկել ութսունամյա մի կին, որը բողոքում էր, որ պետության տված թոշակով անգամ չի կարողանում կոմունալ վճարները վճարել, իսկ երեխաների կողմից (ունի երեք տղա, մեկ աղջիկ) չի ստանում համապատասխան օժանդակություն, քանի որ յուրաքանչյուր երեխան պայման է դրել օգնել միայն այն դեպքում, եթե սեփականության իրավունքով իրեն պատկանող տունը նվիրատվություն արվի ամբողջն իրեն, իսկ ծեր կինը ցանկանում էր, որպեսզի իր մահից հետո յուրաքանչյուրը հավասար բաժիններով ստանա: Արդյունքում հայտնվել էր ծայրահեղ վիճակում և խորհուրդ էր ցանկանում լսել, թե ինչպես վարվի: Երբ կնոջը բացատրվեց, որ իրավունք ունի դատական կարգով պահանջել երեխաներից, որպեսզի հոգան իր ապրուստը, հրաժարվեց` ասելով. ՙԻմ բալեքին ինչպես դատի տամ՚: Մի կողմ թողնելով սահմանադրական այն նորմը, որ յուրաքանչյուր ոք ունի իր համար բավարար կենսամակարդակի իրավունք, իսկ պետությունն էլ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար, ստորեւ ներկայացնում եմ այն իրավանորմը, համաձայն որի աշխատունակ չափահաս զավակները պարտավոր են հոգ տանել իրենց ծնողներին: Մասնավորապես, օրենսդիրը պարտադիր պայման է դիտում, որ աշխատունակ չափահաս զավակները պարտավոր են պահել իրենց անաշխատունակ եւ օգնության կարիք ունեցող ծնողներին և հոգ տանել նրանց մասին: Ավելին, եթե ծնողի և չափահաս երեխայի միջև ապրուստի միջոցը վճարելու վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվում, այն բռնագանձվում է դատական կարգով: Ելնելով ծնողների եւ զավակների գույքային և ընտանեկան դրությունից` այն որոշվում է դատական կարգով եւ ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս: Չափահաս զավակներից յուրաքանչյուրի առնչությամբ ալիմենտի չափը որոշելիս դատարանը կարող է հաշվի առնել ծնողի չափահաս աշխատունակ բոլոր զավակներին, անկախ նրանից, թե պահանջը ներկայացվել է նրանցից մեկի, թե բոլորի դեմ: Այն դեպքում, երբ ծնողները զրկված են եղել ծնողական իրավունքից, օրենքի ուժով զավակներն ազատվում են ծնողին ապրուստի միջոց վճարելու պարտավորությունից:
|