ՏՈՒՐԻՍՏԸ, ԱՂԲԸ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ
-Հարգելիներս, ամբողջ աշխարհը ման եկած եմ, չկա մի մայրցամաք, որտեղ ոտքս դրած չլինեմ: Այս տարի ընկերուհուս հետ քառասուն տարվա բացակայությունից հետո եկանք Հայաստան, որտեղ ծնված եմ, սակայն մանուկ հասակից տեղափոխված եմ Կանադա: Այն բնական հրաշալիքները, որ տեսա այստեղ, չեմ տեսել այլ տեղ: Աստված Հայաստանի բնաշխարհը, կարծում եմ, մեծ սիրով է արարել: Ձեր համար այն սովորական է դարձել, քանի որ ամեն օր արթնանում եւ տեսնում եք այս հրաշագեղ բնաշխարհը: Ափսոս, որ ամենն աղբի ու կեղտի մեջ է (նամանավանդ` Երեւանը) եւ վայել չէ ձեզ: Սակայն հարցս հետեւյալն է.
Ջերմուկ քաղաքի հյուրանոցի համարում (երեք օր ապրել եւ վայելել եմ այդ դրախտային բնությունը) առավոտ կանուխ` համարից դուրս գալուց առաջ, 23000 դրամի չափ մեր հետ վերցրեցինք, մնացած գումարը`160000 դրամը, թողեցինք համարում (այնտեղ փողերի պահարան չկար, դրա համար թողեցինք ուտելու սեղանի վրա, իսկ գումարը նախորդ օրն էինք այդ քաղաքի բանկից քաշել): Ճաշին, երբ վերադարձանք, պարզեցինք, որ գումարը չկա, մնացած իրերը ստուգեցինք. տեղում էին: Անմիջապես տեղեկացրեցինք հյուրանոցի մենեջերին, որն ասաց, որ իրենք այդ դրամի համար պատասխանատվություն չեն կրում, սակայն եթե ցանկանում ենք, կարող են իմ անունից զանգահարել եւ հրավիրել խուզարկուի, որը կզբաղվի այդ հարցով: Ես զանգահարեցի Կանադա` իմ փաստաբանին, խորհրդակցեցի: Հաշվի առնելով կորցրած գումարի չափը, այն անհանգստությունները, որ պետք է ինձ պատճառվեր` կապված այդ քննության հետ, ինչպես նաեւ փաստաբանիս հեռու գտնվելը, հրաժարվեցի: Այժմ կուզեմ իմանալ. իրավացի± էր հյուրանոցի մենեջերը, որ չվերականգնեց իմ կորուստը: Ես մասնագիտությամբ պետական գրասենյակի իրավաբան-փորձագետ եմ: Իմ ընկերը, որը հրեա է, Կանադայում ճանաչված մարդ է եւ իրար հետ կաշխատենք, Հայաստան գալուց առաջ ինձ տեղեկացրեց, որ հին գրվածքներով Հայաստանը համարվում է այն վայրը, որտեղ եղել է դրախտը: Հայաստանը տեսնելուց հետո ես դրանում համոզվեցի: Կանխավ շնորհակալ եմ, լավ հիշողություններով եմ հեռանալու եւ աղոթելու եմ Հայաստանի եւ Հայաստանցիների բարեկեցության համար:
ԷԴԳԱՐ ՍԱՊՕՆՋՅԱՆ
- Հարգելի Էդգար, ինչ վերաբերում է աղբին ու կեղտին, ապա քաղաքակիրթ երկրներում, այդ թվում նաեւ` Կանադայում, օրենքի ուժով լուծելի են դարձել բնակավայրերում մաքրության խնդիրները: Այնքանով, որքանով չնախատեսված վայրում աղբ թափողին տուգանում են խոշոր գումարով, իսկ չվճարելու դեպքում վերջինս մի քանի օր շարունակ աղբ է մաքրում փողոցում, որից հետո հետագայում չնախատեսված վայրում ոչ միայն աղբ չի թափում, այլ նաեւ բռնում է նրա ձեռքը, ով ցանկանում է կեղտոտել իր հարազատ քաղաքը: Հուսանք, որ սույն իրավանորմը շուտով կգործի նաեւ այստեղ:
Իսկ ահա դրամի կորստի հարցով հարկավոր է իմանալ. Հյուրանոցը, որպես պահառու, չնայած պատասխանատվություն է կրում ձեր գույքի նկատմամբ, սակայն դրա մեջ չի մտնում դրամը, արժեթղթերը, ինչպես նաեւ` թանկարժեք այլ իրեր: Հյուրանոցը ձեր դրամի կորստի համար օրենքի ուժով պատասխանատվություն կկրեր միայն այն դեպքում, երբ այն հյուրանոցի կողմից ի պահ կընդունվեր կամ Ձեր կողմից կտեղադրվեր հյուրանոցի կողմից Ձեզ տրամադրված անհատական պահատեղում (անկախ այն բանից, թե պահատեղը ձեր համարում է, թե համարից դուրս): Սույն իրավանորմը կիրառվում է նաեւ մոթելներում, հանգստյան տներում, պանսիոնատներում, առողջարաններում, բաղնիքներում:
|