Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԵՇԴ/1230/02/12

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով `

13.05.2013թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր`

Ն.Հովսեփյանս

քարտուղարությամբ` Ս.Նալբանդյան
Հայցվորների ներկայացուցիչ` Լևոն Բաղդասարյանի /"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
Պատասխանողի ներկայացուցիչներ`

Գ.Սահակյան 
Գ.Մարուքյան

2013թվ. մայիսի 13-ին Երևանում, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում

Դռնբաց դատական նիստում քննեց քաղ.գործն ըստ հայցի Լաուրա Սուքիասյանի ընդդեմ ՀՀ ԿԳՆ ՙԵրևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ՚ ՊՈԱԿ-ի տնօրենի կարգապահական տույժ նշանակելու մասին 05.11.2012թվ. թիվ 184ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին


Հայցվոր Լաուրա Սուքիասյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը/ փաստաբանական գործունեության թիվ 88 արտոնագիր/ հայտնեց դատարանին, որ Լաուրա Սուքիասյանը 1980 թվականից առ այսօր որպես պատմության ուսուցիչ աշխատում է ՀՀ ԿԳՆ ՙԵրևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ՚ ՊՈԱԿ-ում և աշխատանքային գործունեության 30 տարիների ընթացքում դրսևորելով պարտաճանաչություն, հմտություն, բանիմացություն, նախաձեռնություն, հոգատարություն, կոլեկտիվի որոշմամբ 1990թվականին ընտրվել է արհկոմի նախագահ և 2003թվականին արհմիութենական աշխատանքներում ցուցաբերած բարեխղճության և պարտաճանաչության համար պարգևատրվել Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպություններ ճյուղային հանրապետական միության պատվոգրով:Վերջինը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 05.11.2012թվ. թիվ 184ա հրամանով անօրինական տնտեսական գործունեություն իրականացնելու` գրենական պիտույքներ վաճառելու համար, ենթարկվել է խիստ նկատողության:

ՀՀ Աշխատանքային օր-ի 215, 216, 218, 222 հոդվածների համաձայն աշխատողն աշխատավայրում պարտավոր է պահպանել աշխատանքային ներքին կարգուկանոնը և այն խախտողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական ներգործության միջոցներ, միայն աշխատանքային կարգապահական կանոնները խախտած աշխատողը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության:

Վիճարկվող դեպքում հայցվորը նման արարք թույլ չի տվել, ավելին, անօրինական տնտեսական գործունեությամբ զբաղվելը չի համարվում աշխատանքային կարգապահության խախտում, հետևաբար նրա արարքի համար օրենքը որևէ տույժ չի սահմանում, ավելին, պատասխանողի կողմից խախտվել է ՀՀ աշխատանքային օր-ի 226 հոդվածի պահանջը` մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջի և միայն առանց հարգելի պատճառների բացատրություն չներկայացնելու դեպքում կարող է կիրառվել կարգապահական տույժ, մինչդեռ պատասխանողի հրամանին չի նախորդել որևէ գործողություն, որն ուղղված կլիներ վերոնշյալ նորմի պահմանմանը, որով հայցվորը զրկվել է օրենսդրությամբ սահմանված իր ոտնահարված իրավունքը պաշտպանելու հնարավորությունից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ.դատ.օր-ի 3, 87 և ՀՀ Աշխատանքային օր-ի 228 հոդվածների պահանջներով խնդրում է դատարանին անվավեր ճանաչել ՀՀ ԿԳՆ ՙԵրևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ՚ ՊՈԱկ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակարի 05.11.2012թվ. թիվ 184ահրամանը Լաուրա Սուքիասյանին խիստ նկատողություն հայտարարելու մասին:

Պատասխանողի ներկայացուցիչներ Գարիկ Սահակյանն / անձն. ԱՖ 0488338, տրվ. 10.05.2002թվ. 008-ի կողմից/ ու Գայանե Մարուքյանը /անձն. ԱՄ 0400523, տրվ. 02.08.2011թվ. 006-ի կողմից/ առարկեցին հայցի դեմ, հայտնելով դատարանին, որ հայցվորը ՀՀ Աշխատանքային օր-ի 216 հոդվածի և 01.09.2007թվ աշխատանքային պայմանագրի 2.1.4 կետի համաձայն որպես աշխատող պարտավորվել է բարեխղճորեն վերաբերվել գործատուի գույքին, պահպանել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել ներքին կարգապահությունը, սակայն ՀՀ ԿԳՆ աուդիտորական աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հայցվորի արհկոմի նախագահ աշխատելու ժամանակահատվածում` 2012-2013 թ.թ. ուս.տարվա առաջին կիսամյակի ընթացքում, ուսանողների կրթաթոշակներից անհիմն կարգով պահվել է 169.000 դրամի չափով արհմիության անդամավճար և հայցվորն անօրինական ձևով վաճառել է գրենական պիտույքներ, նշված փաստը հիմնավորվել է ՙFacebook՚ սոց. ցանցում 14.11.2012թվ. Գոգա Բաբայանի կողմից կատարված գրառմամբ:Հիշյալը վկայում է, որ հայցվորն իր գործողություններով վնաս է պատճառել պատասխանողի գույքին, պատասխանողը նշված խախտման համար նախազգուշացրել է հայցվորին և վերջինն էլ 09.11.2012թվ. մանկխորհի նիստում ասել է, որ դիտողությունից հետո նշված գործունեությամբ չի զբաղվում:
Ելնելով վերոգրյալից պատասխանողի ներկայացուցիչները խնդրեցին դատարանին Լաուրա Սուքիասյանի հայցը մերժել:

Դատարանը լսելով կողմերի ներկայացուցիչներին, ուսումնասիրելով քաղ.գործի նյութերը, պարզեց, որ հայցը հիմնավորված է և ենթակա բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
Հայցվորի, պատասխանողի ներկայացուցիչների կողմից տրված բացատրությունների, ՀԿԳ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 22.04.2013թվ. բնութագրի, 09.11.2012թվ. մանկավարժական խորհրդի թիվ 1 նիստի արձանագրության, հրամանագրքի, 01.09.2007թվ. աշխատանքային պայմանագրի, 25.12.2008թվ., 25.08.2009թվ. համաձայնագրերի,18.11.2012թվ. արձանագրության, ՀՀ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների գնահատման, խրախուսման կամ պատասխանատվության ենթարկելու մասին ուղեցույցի, 05.11.2012թ. հրամանի համաձայն Լաուրա Սուքիասյանը 1980թվականից առ այսօր աշխատում է ՀՀ ԿԳՆ ՙԵրևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ՚ ՊՈԱԿ-ում որպես պատմության ուսուցիչ, 1990թվ, ընտրվել է Արհմիության նախագահ և 2003թվականին որպես բարեխիղճ և պարտաճանաչ աշխատող պարգևատրվել Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության պատվոգրով:

ՀՀ Աշխ.օր-ի 3 հոդվածի համաձայն աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից է աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարությունը, 37 հոդվածի համաձայն գործատուները, աշխատողները և նրանց ներկայացուցիչները իրենց իրավունքներն
իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ և ողջամիտ, 5-րդ հոդվածի համաձայն աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հրամանն անհատական իրավական ակտ է և Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն ընդունվում է միայն նորմատիվ իրավական ակտի համաձայն և դրա սահմանած շրջանակում:Վիճարկվող դեպքում, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանում իրավական նորմին հղում կատարելու բացակայությունը վկայում է հրամանի ոչ օրինական լինելու մասին:Վերջինը նշված պատճառաբանությամբ չի համապատասխանում նաև իրավունքի նույն աղբյուրի այն պահանջին, որի համաձայն անհատական իրավական ակտը պետք է լինի կուռ` տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված: Վերջինը նշված օրենքի 2-րդ հոդվածին չհամապատասխանելու հիմքով իրավունքի նույն աղբյուրի 74 հոդվածի համաձայն ենթակա է անվավեր ճանաչման: Վիճելի անհատական իրավական ակտը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից ընդունվել է նաև ՀՀ Աշխ. օր-ի 226 հոդվածի խախտմամբ` աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելու բացակայությամբ:Պատասխանողի ներկայացուցիչների այն պատճառաբանությունն, որ պատասխանողը հայցվորից պահանջել է նշված բացատրությունը, պատասխանողի կողմից ապացույց չներկայացնելու հիմքով դատաքննությամբ չհիմնավորվեց, վերջինների այն պատճառաբանությունն, որ վիճելի փաստը հիմնավորվում է ՊՈԱԿ-ի մանկխորհի 09.11.2012թվ. նիստի արձանագրությամբ, որում հայցվորը դիմելով պատասխանողին, ասել է, որ ՙդուք ասել եք, որ անօրինական է , ես էլ դադարեցրել եմ այդ օրվանից՚, նույնպես անհիմն է, քանի որ վերջինում առկա չէ պահանջ` բացատրություն ներկայացնելու մասին:

Դատարանն արձանագրելով, որ նշված հրամանը կայացվել է ՀՀ Սահմանադրության 5, 6 հոդվածների և վերը հիշատակված իրավանորմերի պահանջների խախտմամբ, գտնում է, որ նշված հիմքերով վերջինի անվավեր ճանաչելն օրինական է և հիմնավորված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ.դատ.օր-ի 130-132 հ.հ դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց


Հայցը բավարարել: Անվավեր ճանաչել ՀՀ ԿԳՆ ՙԵրևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ՚ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Աննա Մնացականյանի քոլեջի պատմության դասատու Լաուրա Սուքիասյանին խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ 05.11.2012թվ. թիվ 184ա հրամանը:Պատասխանողից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4000 ՀՀ դրամ որպես չվճարված պետական տուրքի գումար:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով պարտապանի հաշվին:

Վճիռն ենթակա է բողոքարկման հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանին:


ԴԱՏԱՎՈՐ` Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ