2013թ. հուլիսի 11-ին դռնբաց դատական նիստում քննելով վարչական գործն ըստ հայցի «Էյ-էս-բի Սոֆթ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ գյուղնախարարության «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի, երրորդ անձ` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն` ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կողմից 02.11.2011թ. կատարված գործողությունը՝ 02.11.2011թ. կազմված թիվ 2017 փորձարկման արձանագրությունը, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ վարչական դատարանի 02.03.2012թ. որոշմամբ վարույթ է ընդունվել «Էյ-էս-բի Սոֆթ» ՍՊԸ-ի հայցադիմումն ընդդեմ ՀՀ գյուղնախարարության «ՀԱՍԲՍԼԾԿ» ՊՈԱԿ-ի` վերջինիս կողմից 02.11.2011թ. կատարված գործողությունը՝ 02.11.2011թ. կազմված թիվ 2017 փորձարկման արձանագրությունը, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։
Պատասխանողը 06.04.2012թ. ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմումի պատասխան։
Հրավիրված նախնական դատական նիստերի ընթացքում պարզաբանվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցերը։ Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով՝ դատարանը 25.07.2012թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից պահանջել է դատարան ներկայացնել տեղեկություններ «ՀԱՍԲՍԼԾԿ» ՊՈԱԿ-ի ստեղծման, նրա կարգավիճակի, կազմակերպաիրավական ձևի վերաբերյալ։
Ի պատասխան վերը նշված գրության ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 15.08.2012թ. թիվ ԿՄ/07.2/4243-12 գրությամբ ՀՀ վարչական դատարանին հայտնել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգում գործել է «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 05-ի թիվ 631-Ն որոշման համաձայն վերանվանվել է «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և հանդիսանում է ՀՀ կառավարության 2010թ. դեկտերմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ ստեղծված ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի ենթակայությամբ գործող կազմակերպություն։ Դատարանի 22.11.2012թ. որոշմամբ սույն գործով որպես երրորդ անձ է ներգրավվել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։ Սահմանվել է ապացուցում պահանջվող փաստերի շրջանակը և կողմերի միջև բաշխվել է ապացուցման բեռը։
Դատարանի 29.04.2013թ. որոշմամբ սույն գործը նշանակվել է դատաքննության։ Վարչական գործի դատաքննությունն ավարտվել 11.07.2013թ-ին և դատական ակտի հրապարակման օր հայտարարվել 30.07.2013թ.։
Հայցվորի ներկայացրած փաստերը, հիմնավորումները.
2011թ. նոյեմբերի 3-ին հեռուստատեսության տարբեր ալիքներով ՀՀ գյուղնախարարության համապատասխան ստորաբաժանման անունից հանրությունը տեղեկացվել է, իբր քաղաքացու կողմից իրենց ներկայացված, խանութից գնված կաթի մեջ հայտնաբերվել է «ստաֆիլոկոկ» բակտերիա, որը պատկանում է «Արմֆուդ» ֆիրմային անվանումը կրող «Էյ-էս-բի Սոֆթ» ընկերությանը։ Այդ հայտարարությունից անմիջապես հետո նույն փորձարարական լաբորատորիային, ինչպես նաև այլ լաբորատորիաներն է ուղարկվել «Արմֆուդ»-ի կաթի նմուշները, ինչպես հում, այնպես էլ պաստելիրազացված վիճակում, որի հիման վրա տրամադրվել են փորձարկման արձանագրություններ, համաձայն որի` կաթի մեջ բացակայում է «ստաֆիլոկոկ» բակտերիան։ Ավելին 11.11.2011թ-ին անասնաբուժական ծառայության կողմից տրվել է գրավոր փաստաթուղթ, որ ընկերության բոլոր կենդանիները գտնվում են առողջ վիճակում։ Նոյեմբերի 3-ի հայտարարությունը հեռուստատեսությամբ, որ իբր «Արմֆուդ»-ի կաթի մեջ առկա է «ստաֆիլոկոկ» բակտերիա, իսկ խանութների վաճառասեղաններից հանվել է ֆիրմային կաթն ու մածունը, հատկապես 02.11.2011թ.-ին ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կողմից տրված թիվ 2017 փորձարկման արձանագրությունը հանդիսանում են ոչ իրավաչափ գործողություններ, որից ելնելով տուժել է ընկերության գործարար համբավը և ընկերությանը պատճառվել է նյութական մեծ վնաս։
Իրենք գտնում են, որ հրապարակայնորեն մեղադրել ընկերությանը «ստաֆիլոկոկ» բակտերիայով կաթ արտադրելու մեջ և տալ փորձարկման արձանագրություն, անհիմն է և ոչ իրավաչափ, քանի որ ընկերությանը պատկանող արտադրանքում բացակայում է «ստաֆիլոկոկ» վիրուսը, իսկ հանրությանն էլ դրա մասին տեղեկացնելն անհասկանալի է դառնում։
Ընկերության տնօրենի կողմից 28.11.2011թ. գրություն է ուղարկվել ՀՀ գյուղնախարարության «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ին՝ խնդրելով տրամադրել փորձարկման արձանագրությունը և դրա հետ կապված բոլոր ակտերը, ինչպես նաև քաղաքացու հայտարարության պատճեն, քանի որ ընկերությունը տեղեկացված չի եղել կատարվող փորձաքննության մասին, որն էլ տվյալ մարմնի կողմից փոստային առաքման միջոցով ստացվել է և դրա հիման վրա նշված կազմակերպությունը տրամադրել է 02.11.2011թ.-ին ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կողմից կազմված թիվ 2017 փորձարկման արձանագրությունը։
Արձանագրության համաձայն տվյալ մարմինը կատարել է այծի կաթի փորձարկում առանց ընկերության համապատասխան ներկայացուցչի ներգրավման, որի արդյունքում, ըստ արձանագրության գրառումների, հայտնաբերվել է վերը նշված վիրուսը։ Այդ փորձարկման իրականացման հիմք է հանդիսացել սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցչի կողմից ներկայացված նմուշը։ Ավելին, որ ընկերության կամ ընկերության արտադրանքի նկատմամբ կատարվում են որոշակի գործողություններ, ընկերությունը ընդհանրապես տեղեկացված չի եղել և որևէ պետական մարմնի կողմից այդ մասին երբևէ պատշաճ տեղեկացում չի իրականացվել։ Մինչդեռ, ինչպես վերը նշվեց, նման գործողություններն ակնհայտ կերպով վնասել են ընկերությանը և առաջացրել բացասական հետևանքներ ընկերության համար, ինչն անթույլատրելի է։ Պատասխանող կազմակերպությունն այծի կաթի փորձաքննություն կատարելու համար հիմք է ընդունել ընկերության համար անհայտ աղբյուրի կողմից տրված նմուշը, որի հիմքով իրենք գտնում են, որ կատարվել է միակողմանի և ոչ օբյեկտիվ գործողություն, այն է` փորձաքննություն, քանի որ դրանից հետո ընկերության նկատմամբ համապատասխան պետական մարմնի կողմից կատարվել են որոշ գործողություններ։ Մինչդեռ, եթե առկա էին որոշակի հիմքեր ընկերության արտադրանքը փորձաքննության ենթարկելու համար, իրենք գտնում են, որ պատասխանող կազմակերպությունն առաջնահերթ պետք է փորձանմուշ վերցներ ընկերությունից, որպեսզի պահպաներ գործի համար օբյեկտիվ մոտեցում և վստահ լիներ, որ վերջինս ստուգում է հենց կոնկրետ ընկերության արտադրանքը` պահպանելով անմեղության կանխավարկածը։ Նման մոտեցումն էլ հնարավորություն կընձեռեր ճիշտ և հավաստի արդյունք ստանալ։ Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասը, 70-րդ հոդվածները՝ հայցվոր խնդրել է ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 02.11.2011թ. կատարված գործողությունը՝ 02.11.2011թ. կազմված թիվ 2017 փորձարկման արձանագրությունը ճանաչել ոչ իրավաչափ։ Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը հայցադիմումով ներկայացված փաստական հանգամանքներն ու իրավական դիրքորոշումը պնդեց` խնդրելով հայցը բավարարել։
Հայցվորի ներկայացուցիչ Բորիս Սողոմոնյանը հայտնեց, որ իրենց արտադրանքի վրայի պիտակը պարունակում է ընկերությանը պատկանող ապրանքանիշը` «Արմֆուդ», իսկ ընկերության անվանումը` «Էյ-էս-բի Սոֆթ» ՍՊԸ-ի շատ փոքր տառերով է գրված։ Առաջին հերթին տեսանելի է «Արմֆուդ»-ը, իսկ ընկերության անունը այդքան տեսանելի չէ։ Ընկերության անունը, ինչպես նաև այլ ռեկվիզիտները, գրվում են պիտակի ներքևի հատվածում և ոչ այդքան մեծ տառերով։ Պատասխանողի ներկայացրած փաստերը, հիմնավորումները. Իրենք հայցի դեմ առարկում են ամբողջությամբ հետևյալ պատճառաբանությամբ և հիմնավորումներով։ 2011թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցչի կողմից «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ փորձաքննության է ներկայացվել այծի կաթի նմուշ։ Կազմակերպության կողմից իրականացվել է փորձաքննություն, որի արդյունքում պարզվել է, որ փորձարկման նմուշը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1925-Ն որոշման, 2006թ. դեկտեմբերի 14-ի «Կենդանական ու բուսական ծագում ունեցող սննդամթերքում պեստիցիդների և նիտրատների առավելագույն մնացորդային քանակը հաստատելու մասին» թիվ 1904-Ն որոշման պահանջներին։ Փորձաքննության արդյունքների հիման վրա 02.11.2011թ. կազմվել է թիվ 2017 փորձարկման արձանագրությունը և ներկայացվել պատվիրատուին։ Հայցվորի այն պնդումները, որ հեռուստատեսությամբ հնչած հայտարարությունից անմիջապես հետո կազմակերպության փորձարարական լաբորատորիա, ինչպես նաև այլ լաբորատորիաների է ուղարկվել իր ապրանքանիշի՝ «Արմֆուդ»-ի կաթի նմուշները, որի հիման վրա տրամադրվել են փորձարկման արձանագրություններ, համաձայն որի` կաթի մեջ բացակայել է մանրէաբանական ST.aureus «ստաֆիլոկոկ» ցուցանիշը, չի կարող հանդիսանալ 02.11.2011թ. թիվ 2017 փորձարկման արձանագրության ոչ իրավաչափ լինելու հիմք կամ ապացույց, քանի որ հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց, որ տվյալ փորձարկման նմուշը վերցվել է հենց այն նույն խմբաքանակից, որի արդյունքում կազմվել է թիվ 2017 փորձարկման արձանագրությունը։ Կազմակերպությունը թիվ 2017 փորձարկման արձանագրությունից հետո 02.11.2011թ, 04.11.2011թ., 07.11.2011թ. և 14.11.2011 ստացել է նույն ընկերության կաթի նմուշներ, որոնք սակայն չեն պատկանել կաթի այն նույն խմբաքանակին, որի նմուշառումից կատարվել է առաջին փորձաքննությունը։ Վկայակոչելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը` պատասխանողը պնդել է, որ հայցվորը ոչ մի ապացույց չի ներկայացրել, որ հաջորդ փորձարկումների համար ներկայացված կաթը եղել է հենց այն նույն խմբաքանակից, որից վերցված նմուշի հիման վրա կատարվել և տրվել է թիվ 2017 փորձարկման արձանագրությունը։
Բնութագրելով «ստաֆիլոկոկ» բակտերիան, պատասխանողը նշել է, որ հայցվորի կողմից հայցադիմումում ներկայացված այն փաստարկը, որ ընկերության բոլոր կենդանիները գտնվում են առողջ վիճակում, չի կարող հիմք հանդիսանալ թիվ 2017 փորձարկման արձանագրությունը ոչ իրավաչափ ճանաչելու համար, քանի որ բակտերիան միայն կենդանու միջոցով չի հայտնվում կաթի մեջ։ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը պետության կողմից հավատարմագրված լաբորատորիա է, որը գործում է ՀՀ գործող օրենքների և հավատարմագրման ոլորտի համաձայն։ Վկայակոչելով ՀՀ կառավարության 19.04.2007թ. թիվ 598-Ն որոշման 7-րդ կետը` պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է, որ ընտրանքի ծավալը կազմող յուրաքանչյուր նմուշին տրվում է ծածկագիր, որը փակցվում կամ կցվում է նմուշին, իսկ նմուշները կապարակնքվում կամ դրոշմակնքվում են, հետևաբար փորձաքննության համար տեսչական նամակով ներկայացվող նմուշները կազմակերպության կողմից ստացվում են առաջնորդվելով գաղտնիության սկզբունքով` նմուշները փաթեթավորված են լինում այնպես, որ հնարավոր չէ պարզել արտադրողին։ փաթեթավորման ընթացքում նմուշի ամբողջականությունը և ապրանքային փաթեթավորումը ոչ մի դեպքում չեն խախտվում։ Ավելին տեսչական նամակով նմուներն առաքվում են դիմազրկված և կոդավորված։ Փորձաքննություն կատարելուց հետո կազմվում է համապատասխան արձանագրություն և տրվում պատվիրատուին։ Կազմակերպությունն ընդամենը պատասխանատու է առաքված նմուշի փորձաքննության պատշաճ ընթացքի և արդյունքի համար։ Համաձայն ՀՀ կառավարության 19.04.2007թ. թիվ 598-Ն որոշման 26-րդ կետի` լաբորատորիան հնգօրյա ժամկետում վերցված նմուշների փորձարկման արդյունքների մասին կազմում է փորձարկման արձանագրություն երեք օրինակից, որից երկու օրինակն ուղարկում է պետական վերահսկողության մարմին, իսկ երրորդ օրինակը մնում է լաբորատորիայում։ Կազմակերպությունն այծի կաթի փորձաքննության համար հիմք է ընդունել ոչ թե անհայտ աղբյուրի կողմից տրված նմուշը, այլ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցչի կողմից պատշաճ կարգով փորձաքննության ներկայացված նմուշը։ Փորձաքննությունը կատարվել է կաթի համար նախատեսված ՀՀ-ում գործող ստանդարտների և չափորոշիչների համապատասխան։ Որևէ իրավական ակտով սահմանված չէ, որ կազմակերպությունը պարտավորվում է նմուշը փորձաքննության ենթարկելու համար արտադրողին տեղեկացնել այդ մասին։ Վերոգրյալ հիմնավորումներով պատասխանողի ներկայացուցիչը խնդրեց հայցն ամբողջությամբ մերժել։
Պատասխանելով դատարանի և հայցվորի ներկայացուցչի հարցերին` պատասխանողը հայտնեց, որ ինքը չի կարող ասել, թե ինչպես եղավ, որ վկայի ներկայացրած կաթի քանակը աճեց և իրենց ներկայացված փորձանմուշ կաթի քանակը տարբեր են։ Կաթը փորձաքննության է ներկայացվել տեսուչ Վարժապետյանի կողմից, իսկ վերջինից կաթը վերցրել է տիկին Նունեն` նմուշառման կետից, որը գտնվում է առաջին հարկում։ Կաթի նմուշն իրենց է հանձնվել 28.10.2011թ., սակայն ուղեկցող նամակը բերվել է 02.11.2011թ.։ Պատասխանողի ներկայացուցիչն ընդունեց, որ անհամապատասխանություն է առկա ուղեկցող նամակի և կաթի ստացման ամսաթվի մեջ, սակայն իր կարծիքով դա տեսուչի սխալն է, վերջինս ուշ է բերել ուղեկցող նամակը։ Փորձաքննության ժամանակ իրենք չեն տեսել, թե ինչ ապրանք է, քանի որ այն եղել է դիմազրկված։
Երրորդ անձի ներկայացրած փաստերը, հիմնավորումները. Թիվ 2017 փորձարկման արձանագրության մեջ նշված այծի կաթը փորձարկման է ներկայացվել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի նախկին աշխատակից Ա.Վարժապետյանի կողմից։ Նշված կաթը (1 լիտր ծավալով արտադրողի կողմից փաթեթավորված տարայով), ինչպես նաև բողոք պարունակող դիմումը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը փոխանցվել է 2011թ. հոկտեմբերի 28-ին Երևան քաղաքի Օհանովի 16շ, 36 բն. բնակչուհի Դոնարա Ալեքսանյանի միջոցով։
Նշված կաթը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում չի պահվել և Ա.Վարժապետյանի կողմից անմիջապես ներկայացվել է փորձարկման՝ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ։
Հայցվորը չի ներկայացնում իր կարծիքը հիմնավորող որևէ փաստարկ, անգամ չնշելով, թե «ոչ իրավաչափ» գործողությամբ պատասխանողն իրավունքի որ նորմն է խախտել, իսկ ՊՈԱԿ-ը գործել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների և իր կանոնադրության շրջանակներում։
«ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կողմից 2011թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում իրականացվել են հայցվոր ընկերության կողմից արտադրված ապրանքների մի շարք փորձաքննություններ, որոնց արդյունքում կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Թիվ 2017 արձանագրության համաձայն փորձարկման նմուշ այծի կաթը չի համապատասխանում ՀՀ կառավարության 21.12.2006թ. թիվ 1525-Ն և ՀՀ կառավարության 14.12.2006թ. թիվ 1904-Ն որոշումներին։ Մնացած արձանագրություններով արվել են տարբեր հետևություններ, այդ թվում այն մասին, որ ներկայացված փորձարկման նմուշը համապատասխանում է ստանդարտներին։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ փորձաքննության արդյունքներում հայցվոր ընկերության կողմից արտադրված ապրանքների որոշ նմուշներում չէին հայտնաբերվել ստաֆիլակոկի մանրէներ, ապա դա բացատրվում է այն պարզ հանգամանքով, որ նշված մանրէները կարող էին ներթափանցել սննդամթերք, ինչպես հիվանդ կենդանուց, այնպես էլ արտադրամասում տվյալ խմբաքանակի արտադրման տեխնոլոգիական գործընթացների ընթացքում` սկսած տարրաների ոչ պատշաճ մշակման և վերջացրած աշխատակիցների կամ արտադրամաս մուտք գործած այլ անձանց կողմից ստաֆիլակոկի մանրէակիր լինելու հանգամանքների հետևանքով։ Նշված դեպքերում հնարավոր է, որ ստաֆիլակոկի մանէներ չհայտնաբերվեն, ոչ միայն տարբեր խմբաքանակի նմուշներում, այլ անգամ նույն խմբաքանակի, օրինակ` տարբեր ժամերին կամ տարբեր հոսքագծերում փաթեթավորված, սակայն նույն խմբաքանակից նմուշառված նմուշներում։ Վերոգրյալ հիմնավորումներով երրորդ անձի ներկայացուցիչը պնդել է, որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման։
Վկայի ցուցմունքը.
Գործով վկա Դոնարա Ալեքսանյանն իր ցուցմունքում հայտնեց« որ 2011թ. հոկտեմբերի 27-ին իր մեծ աղջիկը այծի կաթ է գնել «Երևան-Սիթի» խանութից։ Իրենք փորձել են կաթը և զգալով դառնահամ« հասկացել են« որ վտանգավոր է և չեն խմել։ Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան ինքը գնացել է «Երևան-Սիթի»« գնել 1 շիշ այծի կաթ՝ փակ վիճակում« ոչ բաց, ինչպես գնել է, կտրոնի հետ նստել է տաքսի, գնացել ուղիղ տեսչություն։ Ինքը տեսչություն է գնացել ժամը տասին։ Սկզբից գնացել է լաբորատորիայի վարիչ Գևորգյանի մոտ, որպեսզի ճշտի արդյոք վճարում պետք է անի, թե ոչ։ Գևորգյանն ասաց, որ վճարում չի արվելու, եթե ինքը դիմում է գրելու։ Գևորգյանի հետ միասին գնացել են Բախչագուլյանի մոտ։ Վերջինս իրեն լսել է, հետո իրեն թուղթ ու գրիչ են տվել, ինքն էլ դիմում է գրել ու դուրս եկել։ Դիմումի մեջ ինքը չի նշել այծի կաթի անվանումը« տարողությունը։ Կաթն ինքը հանել է պայուսակից և դրել սեղանի վրա։ Եթե չի սխալվում կանչեցին լաբորատորիայի աշխատող մի տիկնոջ, ասացին. «Խնդրում ենք կաթը տարեք ստուգման, դիմումն արդեն գրվել է»։ Այդ կինը եկել է և կաթը տարել։
Պատասխանելով հայցվորի ներկայացուցչի հարցերին` վկան հայտնեց, որ Օհանովի փողոցի վրա «Երևան-Սիթի» խանութ կա։ Կաթը փոքրիկ պլաստմասայի շշով էր։ Կաթը գնելուց հետո ինքն այն չի փորձել։ Փորձել է միայն իր աղջկա կողմից գնված կաթը ու դրա համի մասին է նշել, թե այն դառնահամ ունի։ Իր գնած կաթի համը ինքը չի փորձել, սակայն համոզված է, որ առավոտյան նոր կաթ ստացած չէին լինի։ Դատարանի այն հարցին, թե վկայի այդպիսի համոզմունքն ինչ հիմք ունի, վերջինս պատասխանեց, թե այդ մասին իմացել է մենեջերից, թեև դատարանին չկարողացավ հայտնել նրա տվյալները։
Իր տեղեկություններով ՀՀ-ում գործող կոդերը սկսվում են 48-ով է, սակայն չի հիշում, թե այծի կաթի շշի վրա ինչ կոդ է եղել։ Հիշում է, որ այդ կոդը 48-ով չէր։ Խանութից դուրս գալուց հետո մինչև Գևորգյանի մոտ հասնելը տևել է մոտավորապես 30 րոպե, որից հետո մոտ 15 րոպե ինքը զրուցել է Գևորգյանի հետ։ Մինչև կաթը լաբորատորիայի աշխատակից կնոջ կողմից տանելը, այսինքն` մոտ 45-ից 50 րոպե, կաթը գտնվել է իր պայուսակում։
Կաթը «Էյ Էս բի սոֆտ» ընկերության արտադրանք էր։ Ինքը ուշադիր զննել է թե' աղջկա կողմից գնված կաթի և թե' իր կողմից գնված կաթի պիտակները և հիշում է, որ պիտակի վրա մեծ տառերով գրված էր «Էյ Էս բի սոֆտ»։ Հայցվորի ներկայացուցչի պարզաբանումից հետո, թե ինչ տեսք ունի իրենց արտադրության պիտակը, վկան հիշեց, որ պիտակի վրա «Արմֆուդ» էր նշված, իսկ դրանից ավելի փոքր տառերով նշված էր «Էյ-էս-բի Սոֆթ» ընկերության անունը։ Երբ լաբորատորիայի աշխատակիցը կաթը տարել է, որևէ արձանագրություն այդ մասին չի կազմվել։ Կաթը 0,33լ տարողությամբ էր։ Ինքը չի կարող բացատրել, թե ինչպես է կաթը դարձել 1լիտր։
Իր գնած այծի կաթը 27-ի արտադրանք էր և ժամկետի մեջ էր։ Պիտանիության ժամկետը 6 օր էր։
Դատաքննությամբ պարզված և հաստատված հանգամանքները. գ 2011թ. հոկտեմբերի 28-ին Երևան քաղաքի Օհանովի 16շ, 36 բն. բնակչուհի Դոնարա Ալեքսանյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի ծառայության պետ Ա.Բախչագուլյանին հետևյալ բովանդակությամբ. «Սույն թվականի հոկտեմբերի 28-ին Երևան Սիթի խանութից գնել եմ այծի կաթ։ Օգտագործման ընթացքում զգալով դառնահամ, ավելի ուշադիր նայեցի շշին և տեսա կոդ, որը ՀՀ-ում գոյություն չունի։ Խնդրում եմ Ձեզ տալ համապատասխան ընթացք և հասկանալ, թե ինչպես կարող է այդ ապրանքը հայտնվել և իրացվել խանութում»։
գ Երևան-Սիթի խանութից ձեռք բերված BG0001408352 դրամարկղային կտրոնում որպես գնված ապրանքի բնութագրիչներ նշված են. 1 հատ այծի կաթ «Արմֆուդ» 2%-անոց, 0.33լ.
գ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 02.11.2011թ. թիվ Բ-2 նմուշների ուղեկցող նամակի համաձայն «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ին փորձաքննության է ներկայացվել 1լ այծի կաթ.
գ 02.11.2011թ. ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կողմից կազմվել է թիվ 2017 փորձարկման արձանագրությունը, համաձայն որի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչ Ա.Վարժապետյանի կողմից 28.10.2011թ. փորձաքննության ներկայացված 1 լիտր այծի կաթը չի համապատասխանել ՀՀ կառավարության 21.12.2006թ. թիվ 1925-Ն և ՀՀ կառավարության 14.12.2006թ. թիվ 1904-Ն որոշումների պահանջներին, նշված այծի կաթի մեջ հայտնաբերվել է «ստաֆիլակոկ» բակտերիա։
Սույն վեճի լուծման համար նշանակություն ունեցող պարզման ենթակա հարցը. գ առկա՞ է արդյոք ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի գործողությունը, այն է` 02.11.2011թ. կազմված թիվ 2017 փորձարկման արձանագրությունը, ոչ իրավաչափ ճանաչելու իրավական հիմք։
Առաջնորդվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածում ամրագրված` գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքով, հաշվի առնելով դատավարության մասնակիցների և նրանց ներկայացուցիչների ներկայացրած փաստարկներն ու իրավական դիրքորոշումները, հետազոտելով գործում առկա գրավոր ապացույցները, վկայի ցուցմունքը, տեսաերիզը և դրանցից յուրաքանչյուրը գնահատելով բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը եզրակացրեց, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ։ ՀՀ վարչական դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանվել է. «Սույն oրենքում oգտագործվող հիմնական հաuկացություններն ունեն հետևյալ իմաuտները.
1) վարչական մարմիններ` Հայաuտանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, ինչպեu նաև տեղական ինքնակառավարման մարմիններ`
2) ա) Հայաuտանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ` Հայաuտանի Հանրապետության նախարարություններ և Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ. ... Եթե վերը թվարկված մարմիններից բացի, վարչարարություն են իրականացնում պետական այլ մարմիններ, ապա uույն oրենքի իմաuտով` դրանք նույնպեu համարվում են վարչական մարմիններ։ ... 2) վարչարարություն` վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպեu նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաuտական հետևանքներ»։ ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը վարչապետի ներկայացմամբ uահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով։ ՀՀ Նախագահի 18.07.2007թ. թիվ ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատվել է «Հայաuտանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը», որի 13-րդ կետով սահմանվել է, որ նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, oգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, տարածքային uտորաբաժանումներից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպեu նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից։ Թեև ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը (գլուխ 5, հոդվածներ 122-127) պարունակում է ոչ առևտրային կազմակերպությունների մասին դրույթներ, որտեղ դրանք ներկայացված են որպես իրավաբանական անձի մի տեսակ, այդուհանդերձ պետական ոչ առևտրային կազմակերպությունները դրանց թվին չեն դասվում, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում հիշատակված չեն։ Իսկ ոչ առևտրային կազմակերպությունների թվին ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը դասում է բացառապես հասարակական միավորումները, հիմնադրամները և հասարակական միավորումները, ուստի պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության ոլորտը միայն հանրային իրավունքում է։
3) Սույն գործով հայցադիմումը ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության դեմ` խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել վերջինիս կողմից կատարված գործողությունը։
Վարչական մարմինների իրականացրած գործողություններն իրենցից ներկայացնում են վարչարարություն, սակայն դրանցից վարչարարություն են հանդիսանում միայն այն գործողությունը կամ անգործությունը, որն անձանց համար առաջացնում է փաuտական հետևանքներ։ Այդ գործողությունը կամ անգործությունը` որպես վարչական մարմինների դրսևորած արտաքին ներգործություն ունեցող վարքագիծ, հանդիսանում է ռեալ ակտ։ Ռեալ ակտը չունի իրավակարգավորիչ բովանդակություն, այլ արտահայտվում է վարչական մարմինների կողմից իրավիճակի վրա ներազդելու փաստացի եղանակների գործողության կամ անգործության ձևով։ Ռեալ ակտերը պետք է համապատասխանեն գործող իրավունքին, իսկ հակասության դեպքում դրանք կարող են վիճարկվել։ Որպես կանոն ռեալ ակտով ավարտվում են վարչական մարմինների իրավական պարտականությունների իրականացումը։ Օրինակ` տրամադրվում են տեղեկանքներ, նախազգուշացումներ և այլն։ Վերոգրյալի հաշվառմամբ դատարանը հանգում է այն եզրակացության, որ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող գործողությունները ևս հանդիսանում են վարչարարություն, քանի որ վարչական մարմնի դրսևորած արտաքին ներգործություն ունեցող վարքագծի, այն է՝ կոնկրետ գործողության արդյունքում կազմվում են փորձարկման արձանագրություններ, որոնք անձանց համար առաջացնում են փաuտական հետևանքներ` միջամտելով նրանց իրավունքներին և օրինական շահերին, հետևաբար այդօրինակ գործողությունները ենթակա են վիճարկման վարչական դատավարության կարգով։ Տվյալ դեպքում, գտնելով, որ «Էյ-էս-բի Սոֆթ» ընկերության ներկայացուցչի բացակայությամբ ընկերության կողմից արտադրվող այծի կաթի վերաբերյալ պատասխանողի իրականացրած գործողությունը, այն է` փորձարկման արձանագրություն կազմելը ոչ իրավաչափ է և խախտում է «Էյ-էս-բի Սոֆթ» ընկերության իրավունքները, այն է` տուժել է ընկերության գործարար համբավը և ընկերությանը պատճառվել է նյութական մեծ վնաս` հայցվորի ներկայացուցիչը խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել պատասխանողի 02.11.2011թ. կատարված գործողությունը` 02.11.2011թ. կազմված թիվ 2017 փորձարկման արձանագրությունը։
Սննդամթերքի, անաuնակերի, uննդային և կերային հավելումների անվտանգության պետական վերահuկողության իրականացման ընթացքում uննդամթերքի, անաuնակերի, uննդային և կերային հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում փորձաքննության համար նմուշառման կարգը, ինչպեu նաև նմուշների հաշվառմանը և պահմանը ներկայացվող պահանջները uահմանվել են ՀՀ կառավարության 19.04.2007թ. թիվ 598-Ն որոշմամբ հաստատված կարգով (այսուհետ` Կարգ)։ Կարգի 3-րդ գլխի 4-րդ կետի համաձայն` նախքան նմուշառումը պետական վերահսկողության մարմնի տեսուչի կողմից տնտեսավարողին տեղեկացվում է փորձաքննության համար նմուշների ընտրության կարգի« նմուշների քանակի« պահեստային նմուշ ստանալու իրավունքի« նորմատիվ փաստաթղթերի« որոնց հիման վրա կատարվում է նմուշառումը« ինչպես նաև լաբորատոր փորձաքննության գործընթացում նմուշների հետ վարվելու կարգի ու փորձարկումների կատարման պայմանների մասին։ Գործում առկա նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում« որ «Էյ-էս-բի Սոֆթ» ՍՊԸ-ն տեղեկացված չի եղել փորձաքննության մասին« ինչը նշանակում է, որ պատասխանողը խախտել է վերը նշված իրավանորմի պահանջը։ Կարգի 3-րդ գլխի 6-րդ կետի համաձայն` նմուշառման տարաները և դրանց կափարիչները, ինչպեu նաև կապարակնքման նպատակով oգտագործվող փաթեթավորող նյութերը պետք է պատրաuտված լինեն պահման ու փոխադրման ժամանակ նմուշները փոփոխություններից պաշտպանող նյութերից, որոնք կարող են ազդել հետազոտությունների արդյունքների վրա։ Դրանք պետք է պատրաuտված լինեն uննդամթերքի հետ շփման համար` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով թույլատրված նյութերից, 7-րդ կետի համաձայն` ընտրանքի ծավալը կազմող յուրաքանչյուր նմուշին տրվում է ծածկագիր, որը փակցվում կամ կցվում է նմուշին, իuկ նմուշները կապարակնքվում կամ դրոշմակնքվում են, իսկ 8-րդ կետի համաձայն` փորձաքննության համար նմուշառումը, նմուշների ծածկագրումը, կապարակնքումը կամ դրոշմակնքումը և նմուշառման ակտի ձևակերպումն իրականացնում է պետական վերահuկողության մարմնի տեuուչը` uննդամթերքի, անաuնակերի, uննդային և կերային հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող` տնտեuավարող uուբյեկտի լիազոր ներկայացուցչի մաuնակցությամբ։
Կարգի 3-րդ գլխի 10-րդ կետի համաձայն` սննդամթերքի« անասնակերի« սննդային կամ կերային հավելումների նմուշները պետք է պահել և փոխադրել կոնկրետ սննդամթերքի կամ սննդային հավելումների տեխնիկական կանոնակարգերով« այլ իրավական ակտերով կամ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով նախատեսված պայմաններում։ Կարգի 4-րդ գլխի 18-րդ կետի համաձայն` փորձանմուշներն ընդունում է լաբորատորիայի ներկայացուցիչը, որն uտուգում է`
1) ուղեկցող նամակի առկայությունը,
2) փաթեթավորման պահպանվածությունը,
3) ծածկագրի և կապարակնիքի կամ դրոշմակնիքի առկայությունը, 4) ընտրված նմուշների քանակի համապատաuխանությունն արտադրանքի և նմուշառման նորմատիվ փաuտաթղթերի պահանջներին։
Նույն գլխի 19-րդ կետի համաձայն` եթե լաբորատորիայի ներկայացուցիչը հայտնաբերում է, որ նմուշառումը կատարվել է uույն կարգի 18-րդ կետի պահանջների խախտմամբ, ապա նմուշները չեն ընդունվում և վերադարձվում են` գրավոր հիմնավորմամբ։
Կարգի 6-րդ գլխի 26-րդ կետով սահմանված է. «Լաբորատորիան 5-oրյա ժամկետում վերցված նմուշների փորձարկման արդյունքների մաuին կազմում է փորձարկման արձանագրություն (N 6 ձև)` երեք oրինակից, որից երկու oրինակն ուղարկվում է պետական վերահuկողության մարմին, իuկ երրորդ oրինակը մնում է լաբորատորիայում։
Սույն գործով վիճարկվող գործողությունը կատարելիս պատասխանողի կողմից չի պահպանվել վերը հիշատակված իրավանորմերի պահանջներից և ոչ մեկը։
Նախ` ըստ 02.11.2011թ. թիվ 2017 փորձարկման արձանագրության փորձարկվող նմուշը հանդիսացել է 1 լիտր այծի կաթը, որը 28.10.2011թ. ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ին է ներկայացրել Սննդամթերքի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ա.Վարժապետ- յանը։ Իսկ թե ինչ կերպ, մասնավորապես երբ, որտեղից, ինչ կարգով է փորձարկման ներկայացված այծի կաթը հայտնվել Ա.Վարժապետյանի մոտ, բացարձակապես անհասկանալի է և անորոշ։
Երկրորդ` Օհանովի 16 շենքի 36 բնակարանի բնակչուհի, սույն գործով վկա Դոնարա Արեստակի Ալեքսանյանը ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին հասցեագրած դիմումով վերջինիս հանձնել է այծի կաթ։ Դիմումը, սակայն, որևէ նշում չի պարունակում ոչ կաթ արտադրողի, ոչ անվանման, ոչ քաշի և ոչ էլ կաթը նույնականացնելու հնարավորություն ընձեռող որևէ տեղեկության մասին։ Դիմումից բացի, քաղաքացուց կաթի նմուշը վերցնելու վերաբերյալ որևէ այլ փաստաթուղթ, այդ թվում նաև արձանագրություն չի կազմվել, չի նկարագրվել, թե ինչ կաթ է վերցվում, ինչ կարգով և ում կողմից է այն վերցվում, ինչպես նաև որտեղ և ինչ պայմաններում է այն պահվում, հետևաբար անթույլատրելի կլինի հաստատված համարել, որ փորձաքննության ենթարկված կաթը հենց Դոնարա Արեստակի Ալեքսանյանի կողմից ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին ներկայացված կաթն է եղել։ Երրորդ` այծի կաթը Կարգով սահմանված նմուշառման տարաներով վերցնելու, նմուշին ծածկագիր տալու և այն դրան փակցնելու կամ կցելու, նմուշները կապարակնքված կամ դրոշմակնքված լինելու, փորձաքննության համար նմուշառումը, նմուշների ծածկագրումը, կապարակնքումը կամ դրոշմակնքումը և նմուշառման ակտի ձևակերպումը տնտեuավարող uուբյեկտի լիազոր ներկայացուցչի մաuնակցությամբ իրականացված լինելու, կոնկրետ սննդամթերքի կամ սննդային հավելումների տեխնիկական կանոնակարգերով« այլ իրավական ակտերով կամ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով նախատեսված պայմաններում նմուշը պահելու և փոխադրելու փաստերը դատաքննությամբ չհաստատվեցին։ ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացրած նյութերում առկա չէր որևէ ապացույց, որով կհիմնավորվեր Կարգի պահանջների պահպանմամբ նմուշը վերցնելու, պահպանելու և փորձարկելու փաստը։
Փոխարենը վկայի ցուցմունքով հաստատվեց, որ վերջինս այծի կաթը գնել է «Երևան-Սիթի» խանութից, որտեղից դուրս գալուց հետո անմիջապես ուղևորվել է ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, այնտեղ է հասել կաթը գնելուց հետո մոտ 50 րոպե անց, սկզբում գնացել է լաբորատորիա, որտեղ զրուցել է լաբորատորիայի աշխատակցի հետ, հետո գնացել է ծառայության պետի սենյակ, զրուցել է վերջինիս հետ, հետո պետի աշխատասենյակ է եկել աշխատակիցը և տարել կաթը։ Վկայի ցուցմունքով հաստատվեց նաև, որ այծի կաթը խանութից գնելուց հետո ինքը չի փորձել, իսկ դիմումում նշված դառնահամը վերաբերել է նախորդ երեկոյան իր աղջկա կողմից գնված կաթին։ Մինչդեռ ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին հասցեագրած դիմումով Դոնարա Արեստակի Ալեքսանյանի հայտնած տեղեկությունները հակասում են սույն գործի քննության ընթցքում հայտնած տեղեկություններին։ Այսպես. 2011թ. հոկտեմբերի 28-ին «Երևան-Սիթի» խանութից գնել է այծի կաթ, օգտագործման ընթացքում զգացել է դառնահամ։
Չորրորդ`՝ վկայի ցուցմունքով, ինչպես նաև ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացրած նյութերում առկա «Երևան-սիթի» խանութների ցանցի դրամարկղային կտրոնով հաստատվեց, որ 28.10.2011թ. առավոտյան ժամը 09։57 այդ խանութից գնվել է 0,33լիտրը այծի կաթ, հետևաբար անհասկանալի է, թե ինչ հրաշքով 0,33լիտրը փորձաքննության ժամանակ հանկարծ դարձել է 1 լիտր, եթե նույնիսկ պայմանականորեն ընդունվի, որ փորձաքննության է ներկայացվել հենց Դոնարա Ալեքսանյանի ներկայացրած կաթը։ Հինգերերդ՝ Դոնարա Ալեքսանյանի ցուցմունքի համաձայն Բախչագուլյանի սենյակում ինքը հանել է այծի կաթն իր պայուսակից և դրել սեղանին, որից հետո այն տարել է լաբորատորիայի աշխատակից կինը։ Իսկ թե ինչ է եղել դրանից հետո, ինչ պայմաններում է մինչև փորձաքննությունը պահվել այդ կաթը, դատաքննությամբ պարզել չհաջողվեց` այծի կաթը վկայի մատնանշած աշխատակցի կողմից տանելուց հետո կատարված գործողությունների վերաբերյալ ապացույցների բացակայության պատճառով։ Վեցերրորդ` ըստ թիվ 2017 փորձարկման արձանագրության 1 լիտր այծի կաթը փորձաքննության է ներկայացրել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչ Ա.Վարժապետյանը, սակայն այդ 1 լիտր կաթը Վարժապետյանի տիրապետության տակ հայտնվելու ժամանակը, վայրը, եղանակն ու պայմանները հաստատող որևէ ապացուց վարույթի նյութերում առկա չէ, հետևաբար հաստատված չի կարող համարվել այն փաստը, որ փորձանմուշը վերցվել ու փորձաքննության է ներկայացվել Կարգի պահանջների պահպանմամբ։
Ընդ որում սննդամթերքի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ա.Վարժապետյանի կողմից ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ին ներկայացված այծի կաթի փորձարկումը, ըստ թիվ 2017 փորձարկման արձանագրության, իրականացվել է 02.11.2011թ.։ Նույն ամսաթվով է թվագրված նաև նշված կաթի վերաբերյալ նմուշների ուղեկցող թիվ Բ-2 նամակը, հետևաբար անհասկանալի է, թե ինչ կերպ կարող էր Սննդամթերքի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ա.Վարժապետյանը այծի կաթը ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ին ներկայացներ 28.10.2011թ., այնինչ թիվ 2017 փորձարկման արձանագրության մեջ կատարված գրառման համաձայն այծի կաթը ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ին է ներկայացվել հենց նշված օրը։ Ակնհայտ է, որ Սննդամթերքի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ա.Վարժապետյանի կողմից այծի կաթը ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ին ներկայացնելու, այն է՝ 28.10.2011թ. դրությամբ նմուշների ուղեկցող թիվ Բ-2 նամակն առկա լինել չէր կարող, ինչը նշանակում է, որ լաբորատորիայի ներկայացուցչի կողմից փորձանմուշներն ընդունելու համար Կարգի 4-րդ գլխի 18-րդ կետով նախատեսված պարտադիր պայմաններից առնվազն մեկը բացակայել է, հետևաբար նմուշառումը չէր կարող համարվել Կարգի 18-րդ կետի պահանջների պահպանմամբ կատարված, որպիսի պարագայում լաբորատորիայի ներկայացուցիչը պարտավոր էր նմուշ չընդունել և վերադարձնել` գրավոր հիմնավորմամբ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը (պաշտոնատար անձը), որն ընդունել է վիճարկվող իրավական ակտը կամ կատարել է վիճարկվող գործողությունը կամ չի կատարել որևէ հայցվող գործողություն, uակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր այն կատարել, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաuտական հանգամանքների ապացուցման բեռը։ Սույն գործով ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը չապացուցեց, որ այծի կաթի փորձարկումը կատարվել է այդ փորձարկման համար սահմանված ՀՀ-ում գործող ստանդարտներին և չափորոշիչներին համապատասխան« իսկ փորձարկման արձանագրությունը կազմվել է իրավական ակտերի պահանջների պահպանմամբ։
Այսպիսով, դատարանը հաստատված է համարում, որ ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 02.11.2011թ. կատարած գործողությունը, այն է՝ 02.11.2011թ. թիվ 2017 փորձարկման արձանագրության կազմումը հակասում է վերը հիշատակված իրավական ակտի պահանջներին, ուստի չի կարող հանդիսանալ իրավաչափ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչելու այլևu իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ գործողությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այuինքն` 1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ. 2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնաuի հատուցում, կամ 3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Տվյալ դեպքում թիվ 2017 փորձարկման արձանագրության կազմելուն ուղղված գործողությունը ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կողմից կատարվել է 02.11.2011թ., այդ գործողությունը կատարված և ավարտված լինելու փաստով այլևս իրավաբանական ուժ չունի, ուստի դրա, որպես այլևս իրավաբանական ուժ չունեցող գործողության, իրավաչափությունը կարող է գնահատվել հենց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնակարգումների շրջանակներում։
Վերոգրյալ հիմնավորումներով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կողմից 02.11.2011թ. կատարված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, քանի որ հայցվորի կարծիքով ոչ միայն առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ գործողություն կրկին կատարելու վտանգ, այլ նաև հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնաuի հատուցում և դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի գործարար համբավը, դատարանը հանգում է այն եզրակացության, որ հայցը ենթակա է բավարարման։ Նշվածն ինքնին բավարար համարելով հայցը բավարարելու համար՝ դատարանը եզրակացրեց, որ դատավարության մասնակիցների ներկայացուցիչների ներկայացրած մյուս փաստարկները նշանակություն չունեն գործի լուծման համար, ուստի դրանց գնահատման անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ծախսերը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով քննարկելով դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցը` ՀՀ վարչական դատարանը եզրակացրեց, որ ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ից հօգուտ հայցվորի ենթակա է բռնագանձման 4.000 դրամ, որպես ոչ գույքային պահանջի համար վերջինիս կողմից կրած դատական ծախսի փոխհատուցում, քանի որ այդ ծախսն անհրաժեշտ է եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ« 112-115-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ կետով, դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
«Էյ-էս-բի Սոֆթ» ՍՊԸ-ի հայցը բավարարել` ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կողմից 02.11.2011թ. կատարված գործողությունը՝ 02.11.2011թ. կազմված թիվ 2017 փորձարկման արձանագրությունը։ ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ից հօգուտ հայցվորի բռնագանձել 4.000 դրամ, որպես ոչ գույքային պահանջի համար վերջինիս կողմից կրած դատական ծախսի փոխհատուցում։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարան։ Օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամովին չկատարելու դեպքում վճիռը կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ռ.ՀԱԿՈԲՅԱՆ
|