"ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄԵՂՔՈՎ ՄԵՌՆԵԼՈՒՑ ՊՐԾԱ, ՍԱԿԱՅՆ ԴԱՐՁԱ ՀԱՇՄԱՆԴԱՄ"
- Տարիներ առաջ գործատուի մեղքով մեռնելուց պրծա, սակայն դարձա անաշխատունակ հաշմանդամ: Այդ հիմքով գործատուն գրավոր պարտավորություն է ստանձնել` մինչեւ իմ կյանքի վերջն ամսական վճարել 30.000 դրամ: Օրեր առաջ դիմեցի նրանց` խնդրելով, որպեսզի գումարը բարձրացնի, մերժեցին: Ապրուստը դժվարացել է, ինչպե՞ս վարվեմ: Գեղամ, ք.Երեւան Օրենքի ուժով Դուք պաշտպանված եք, որի հիմքով պետք է իմանաք Ձեր իրավունքները եւ կատարեք հետեւյալ գործողությունները. 1. Սկսեք նրանից, որ գրավոր դիմեք գործատուին, որպեսզի վերանայի իր կողմից սահմանված 30.000 դրամ գումարը: Անգամ, եթե Դուք տվել եք Ձեր համաձայնությունը` ստանալու 30.000 դրամ գումար, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079 հոդվածի ուժով, օրենսդիրը ոչ թե իրավունք է սահմանում առողջությանը պատճառած վնասի հետեւանքով կորցրած եկամտի չափը որոշելը պայմանական իքս դրամով, այլ պարտավորություն է դնում իմպերատիվ կերպով այն որոշել տվյալ անձի միջին եկամտի չափով, ընդ որում, եկամտի բոլոր տեսակները պետք է հաշվվեն մինչեւ հարկային պահումները եղած չափով: 2. Կյանքի թանկացման դեպքում, իսկ որ կյանքը Հայաստանում թանկացել է, դա հանրահայտ փաստ է եւ առկա է պաշտոնական տեղեկատվություն դրա վերաբերյալ, ամսական վճարվող գումարներն օրենքի ուժով ենթակա են ինդեքսավորման: Ավելին, նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելիս, կրկին, օրենքի ուժով, պարտավոր են համամասնորեն բարձրացնել նաեւ Ձեր գումարի չափը:
Օրենքի ուժով Դուք վաստակել եք ստանալու Ձեր ամսական միջին աշխատավարձի չափով գումար, ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձի փոփոխության հետ կապված այն ենթակա է համամասնորեն փոփոխության: Եթե Ձեր ամսական միջին աշխատավարձն ավելի բարձր է եղել, քան թե Ձեզ տրվող 30.000 դրամը, իսկ նվազագույն աշխատավարձի բարձրացումից հետո գումարի փոփոխություն տեղի չի ունեցել, ինչպես նաեւ փոփոխություն տեղի չի ունեցել կյանքի թանկացման հետ կապված, կատարեք համապատասխան հաշվարկներ եւ գրավոր պահանջ ներկայացրեք տվյալ իրավաբանական անձին` ստանալու Ձեր հասանելիք գումարը: Մերժման դեպքում պատրաստակամ եմ այն վիճարկելու դատական կարգով` գործատուի վրա դնելով նաեւ դատական ծախսերը:
"Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ
|