Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

"ԴԱՀԿ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՏՈՒՆՍ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵԼ"

 

- Գումարի բռնագանձման վճիռ կա իմ դեմ 800.000 դրամի չափով: Գործը գտնվում է ԴԱՀԿ ծառայությունում, որը ցանկանում է տունս աճուրդով վաճառել: Պարտատիրոջ հետ ընդհանուր հայտարարի ենք եկել, որպեսզի ամսական 100$ չափով վճարեմ: Ի՞նչ անենք, որպեսզի տունս աճուրդի չգնա:
ՍԵՐՈԲ, ք. Երեւան

Օրենսդիրը հնարավորություն է տալիս կողմերին հաշտության համաձայնություն կնքել նաեւ օրինական ուժ ստացած դատական ակտն ի կատար ածելու, այն է. դատարանի վճռի հարկադիր կատարման փուլում:

Դրա համար անհրաժեշտ է հաշտության համաձայնությունը պատրաստել գրավոր, ստորագրել եւ ներկայացնել հարկադիր կատարողին, որը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը եւ դիմել կատարողական թերթ տված դատարան: Հարկադիր կատարողի դիմումը հիմք է, որպեսզի դատարանն արագացված դատաքննության կարգով վերանայի նախկինում կայացրած վճիռը եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204 հոդվածի ուժով կայացնի նոր դատական ակտ, որտեղ օրենսդիրը պարտադիր պայման է դիտում շարադրել կողմերի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը:

ՔԱՆԻ՞ ԱՄՍՈՒՄ Է ՎՃՌԱԲԵԿ

ԴԱՏԱՐԱՆԸ ԼՍՈՒՄ ԲՈՂՈՔՆԵՐԸ

- Վճռաբեկ բողոք եմ ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի անօրինական, ես կասեի խայտառակ որոշման դեմ, որն առանց հիմնավոր պատճառի բեկանեց եւ փոխեց վարչական դատարանի դատական ակտը: Քանի՞ ամսում է Վճռաբեկ դատարանը լսելու իմ վճռաբեկ բողոքը:

ՀԱԿՈԲ
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 165 հոդվածի. Վճռաբեկ դատարանը գործը քննում եւ որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում: Ողջամիտ ժամկետի տակ պետք է հասկանալ 1-3 ամսյա ժամկետ, որոշ առանձնահատուկ գործերով` մինչեւ վեց ամիս, իսկ բացառիկ դեպքերում նաեւ` ավելի:
Ըստ իս` "ողջամիտ" բառն անտեղի է ներմուծվել քաղաքացիական եւ վարչական դատավարություն: Անհրաժեշտ է օրենքի մեջ կատարել փոփոխություն` նշելով հստակ ժամկետ:


ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎՈՂ ՎԿԱՅԻՆ

ԴԱՏԻՑ ՉԵՆ ՀԵՌԱՑՆՈՒՄ


- Դատական նիստերից մեկի ժամանակ, որտեղ հանդես եմ գալիս որպես տուժող, վկան, որը ցուցմունք էր տալիս, սկսեց վիրավորական արտահայտություններ անել իմ հասցեին, ինչը նիստը նախագահողի կողմից կամ անտեսվում էր, կամ էլ միայն նախազգուշացնում էր վկային: Միջնորդություն արեցի, որպեսզի վկային նիստերի դահլիճից հեռացնեն իր պահվածքի համար, դատավորը մերժեց: Ճի՞շտ է վարվել:
ՎԱՆԻԿ, ք. Վանաձոր

Այո, ճիշտ է վարվել: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115 հոդվածի 4-րդ կետի հիմքով. Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ:

Ավելին, օրենքի ուժով դատարանի կողմից կիրառվող սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը եւ նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը:


ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

"Լեւ գրուպ" փաստաբանական

գրասենյակի հիմնադիր նախագահ