ԳՐԱՎԸ ԾԱԳՈՒՄ Է ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺՈՎ
Փոխառության պայմանագիր ունեմ` կնքված մեկ տարի առաջ երեք տարով: Այժմ ինձ փող տվողը ստիպում է, որպեսզի տունս գրավ դնեմ, պատճառաբանելով, որ եթե կամավոր չանեմ, դատական կարգով կպարտավորեցնի: Ճի՞շտ է ասում: Սաքո, ք. Երևան Պատասխան Ոչ, ճիշտ չի ասում: Այնքանով, որքանով մեկ տարի առաջ կնքած փոխառության պայմանագրում չի ներառվել գրավի առարկայի մասին պարտավորություն, մեկ տարի անց, առանց Ձեր համաձայնության, չի կարող այն միակողմանի, անգամ դատական կարգով, դառնալ քննարկման առարկա, առավել ևս` ստանալ պայմանագրի ուժ:
Տեղեկացնում եմ նաև, որ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 277 հոդվածի. գրավը ծագում է պայմանագրի ուժով: Այն կարող է ծագել նաև օրենքի հիման վրա: Հասարակության մեջ թյուր կարծիք է ձևավորված, որ գրավի առարկա կարող է լինել միայն անշարժ գույք կամ մեքենա: Օրենքի ուժով, իսկ դա ՀՀ քաղ.օր-ի 230 հոդվածն է. գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք, բացառությամբ պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների, ինչպես նաև այնպիսի իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով: Օրենսդիրն արգելում է նաև գրավի առարկա սարքել շրջանառությունից հանված գույքը: Ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը կարող է գրավ դրվել միայն բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությամբ, իսկ բաժնային սեփականության դեպքում տվյալ մասնակիցը կարող է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում իր բաժինը գրավ դնել առանց մյուս սեփականատերերի համաձայնության, սակայն հետագայում այդ բաժնի վրա բռնագանձում տարածելու դեպքում այն վաճառելիս մյուս բաժնային սեփականատերն օրենքի ուժով պետք է ձեռք բերեն գնելու նախապատվության իրավունք: Այսօր Հայաստանում և օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով հաճախացել են հաջորդող գրավի գործարքները, որը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 236 հոդվածի ուժով և թույլատրելի է, եթե այն արգելված չէ դրան նախորդած գրավի պայմանագրով:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ "Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ
|