Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՌԱՆՑ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԴԻՄԱՑԻՆԻՆ ՃՆՇԵԼՈՒ ԳՈՐԾԻՔ

 

Նկատե՞լ եք, թե ինչքան ուսանելի եւ իմաստուն են ժողովրդական հեքիաթները: Պատկերացնում եք, եթե «Մի կաթիլ մեղր» հեքիաթի վաճառողը եւ զըռ չոբանը լինեին մի փոքր հանդուրժող, երկու երկրների պատերազմ չէին հայտարարի, որ խաղաղություն հաստատելուց հետո էլ միմյանց հարցնեին՝ ինչի՞ համար: Ավելի առարկայական դրվագ. ո՞վ է տվել այն հարցի պատասխանը, թե ինչի համար սկսվեցին երկու համաշխարհային պատերազմները եւ արդյոք արդարացվա՞ծ էին դրանք, երբ արդյունքում ունեցանք տասնյակ միլիոնավոր զոհվածներ ու պատերազմի համատարած թշվառությունը:Հեքիաթի հայտնի հերոս Ձախորդ Փանոսը փախչում է իրականությունից, քանի որ չի մերվում այդ իրականությունում տիրող բարքերի հետ՝ դառնալով, իրավամբ, ձախորդ եւ օտարված… Իսկ մեր իրականությունում որքա՞ն նման ձախորդներ կան, որոնք, ինչպես մեզնից յուրաքանչյուրը, ստեղծվել են Աստծու կողմից մերկ եւ հավասար: Ահավասիկ ելման կետ, որտեղ յուրաքանչյուր ոք պետք է իմանա իր իրավունքների եւ պարտականությունների մասին, որն առանց բարոյականության դառնում է գործիք՝ դիմացինին ճնշելու, ստորացնելու եւ ոչնչացնելու համար:

Իսկ ո՞րն է բարոյականության սահմանումը, եւ որքանո՞վ է այն պարտադիր օրենքի կիրառման դաշտում: Եվ վերջապես կարո՞ղ է բարոյական արժեքներից զուրկ անձը լինել արդարադատ: Բարոյական բառի իմաստը շատ լավ արտացոլված է հայերենում, որտեղ բարի եւ բարոյական բառերը նույն արմատն ունեն:

 

Մինչդեռ առօրյայում հաճախ անգամ չեն տարբերում օրենքը՝ իրավունքից: Իսկ իրավունքը աստվածային իրավանորմ է՝ տրված մարդուն ազատ լինելու, մտածելու, արտահայտվելու, ընտանիք ունենալու, աշխատելու եւ սեփականություն ունենալու համար: Ուստի՝ իրավունքը պետք է ձուլվի բարոյականության մեջ: Օրենքը թղթի վրա գրված իրավանորմն է, որը գրելուց պետք է համաձայնեցվի իրավունքի հետ, որն էլ իր հերթին՝ ձուլվի բարոյականությանը: Ոչ թե իրավունքը պետք է ձգտի օրենքին, այլ օրենքը պետք է ձգտի եւ կլանվի իրավունքի մեջ: Հատկանշական է, որ մի շարք երկրների սահմանադրություններում, իրավունքը համարվում է գերակա օրենքից եւ իզուր չէ, որ օրենսգետների կողմից իրավունքը դիտվում է գիտություն՝ բարու եւ արդարի մասին: Կարծում եմ, սա է կանոնը բարոյականության, իրավունքի եւ գործող օրենքի միաձուլման մասին: 
Հատկանշական է, որ այդ երեքից մեկի խախտումը բավական է, որպեսզի խախտվի անձի իրավունքը: Ընդ որում, իրավունքի կամ օրենքի խախտման դեպքում դրանց հետ հավասար խախտվում է նաեւ բարոյականության նորմը, բացառությամբ այն մասնավոր դեպքերի, երբ օրենքը խախտվում է ոչ միտումնավոր: Պետք է փաստել, որ որքան բարձր է բարոյականության նիշը, այնքան բարձր է տվյալ հասարակության մեջ գործող իրավունքի պաշտպանությունն ու ներպետական օրենքները: Եթե անձը զուրկ է բարոյական կերպարից կամ ոսկու փայլը բարոյականությունը դարձնում է անտեսանելի, ի վիճակի է դիմացինին նաեւ օրենքով ունեզրկել, դատապարտել ընդհուպ ցմահ ազատազրկման եւ այլն: Արդյունքում՝ խախտվում է հասարակություն-պետություն-իշխանություն հավասարակշռությունը, իսկ այն տեւական լինելու պարագայում հասարակության մի հատված փորձում է հարմարվել այդ կացութաձեւին, մյուս հատվածը՝ ընդդիմանում, երրորդն էլ բռնում է արտագաղթի ճանապարհը: Մի այլ դեպքում անձը, անտեսելով բարոյականության նորմը, ուղղակի խախտում է օրենքը՝ կատարելով անօրինականություններ: Օրինակ, գյուղապետը վարում է հիսուն հազար դոլարանոց մեքենա, սակայն գյուղի կլուբն ու մանկապարտեզը քանդված են: Այստեղ եւս խախտվում է քաղաքացի-պետություն-հասարակություն հավասարակշռությունը, ընդ որում, կրկին հասարակության մի հատվածը հարմարվում է նման ապրելաձեւին, մյուս հատվածը՝ ընդդիմանում, երրորդ հատվածն էլ բռնում է արտագաղթի ճանապարհը: Բերված երկու օրինակներով էլ երեւում է, որ բարոյականության նորմի բացակայության պայմաններում, անկախ նրանից՝ անձը օրենքով է ղեկավարվում, թե խախտում է այն, երկու դեպքում էլ ակնհայտ է իրավունքի խախտումը:

 

Հատկանշական է, որ այս սկզբունքը գործում է նաեւ միջպետական հարաբերությունների ժամանակ: Ավելին, եթե աշխարհին հայտնի դեմոկրատական կոչվող երկրների ներպետական օրենքներով հասարակությունը եւ իշխանությունն ընդունում է իրավունքի գերակայությունը օրենքի հանդեպ՝ պարտադիր պայման դիտելով բարոյականության նորմը, ապա դրանից բավականին հեռու են միջպետական հարաբերությունների ժամանակ եւ որպես կանոն գործում են առանց բարոյականության սկզբունքների: Դրա լավագույն օրինակն է Եվրոպայի սրտում ծանր հանցագործություն կատարած անձին՝ Սաֆարովին Ադրբեջանի իշխանությանը հանձնելն է, որը հանցագործին անմիջապես, այն էլ՝ հրապարակայնորեն, ազատեց: Իսկ աշխարհը եղավ անտարբեր, որը հետագայում բերեց ավելի դաժան հանցագործությունների աճ հենց այդ երկրներում ¥տեռորիստական ակտեր եւ այլն:


ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Լեվ Գրուպ» փաստաբանական

գրասենյակի գլխավոր տնօրեն

ՀՀ փաստաբանների պալատաի անդամ